Հանելուկային մսեղեն մի ձայն
Իմ մարմնի խորքից դեռ դժկամորեն
Ինձ տագնապներ է առաքում հաճախ:
Ի՜նչ լավ է` դրանք միշտ անցողիկ են,
Կորչում են մտքիս անտես քաոսում:
Օրեր են լինում, որ չեմ դիմանում,
Որ պրծում չկա. դեռ էլի ինչ-որ
Տխեղծ ծակոցներ, ցավասարսուռներ
Տիրականորեն շամփրում են խորքից:
Եվ չեմ հասկանում` ինչո՞ւ են այդժամ
Զգայարաններս զուգահեռաբար
Ընդունելության դռները բացում
Ե՛վ ուրախության, և ուղեկորույս ախտերիս առջև: