Ետդարձի ճամփան ոտքիս մեջ փուշ է. -
Եվ թանձրանում է սեւը սեւի մեջ,
Եվ ջարդված խոտի ճիչ կա չլսվող,
Եվ լեռն ավազի քաշում է անվերջ,
Եվ ես, իսկապես, անտանելի եմ։
Մթնած բառի մեջ երկինքը շարժվեց. -
Հեռուն մարում է չոր լացի ներսում,
Ես հարվածի մեջ ապրում եմ քարը,
Ես վար եմ բերում ինձ նժարներից,
Ծխացող վերք են աչքերս դեմքիս։
Գալ, չգալ՝ մեկ է։ Անձրեւ է պղտոր. -
Անտառում հավքի որբացած բույն կա,
Ծառը լույսն ի վեր հոսում է անխոս,
Սայթաքված քայլը դաջվել է հոգուս,
Տարուբեր նավ է օրը տարաբախտ։
Փշրվեց լեռը արեւի վրա. -
Հավքին ուրացավ թեւը երկնքում,
Լույսից արագ է տարածվում ցավը,
Առուն ուրիշի գարնան մեջ մտավ,
Եվ կտցին սիրտ է բերել աղավնին։