Jump to content

Երազանքներս թախծում են գունատ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երազանքներս թախծում են գունատ

* * *


Երազանքներս թախծում են գունատ,
Գարնան երեկոն մարմրում է լուռ,
Լույսերն են շողում խաղաղ ու հանդարտ,
Ծաղկունքն են փակվում նազանքով տխուր
Հոգիս տխրում է գթությամբ վհատ...

Ես աղոթում եմ անձայն, լռելյայն...
Լույսերն են մեռնում խաղաղ ու հանդարտ,
Երգում են թովքով զանգերն իրիկվան,
Ցնորում են խոր ջրերը մարմանդ—
Հոգիս ծխում է բուրվառը ներման...

Իմ արցունքները անչար ու բարի...
Մեռնում են զվարթ զանգերն իրիկվան,
Մով հեռուները թևով մշուշի,
Գրկում են իրար կարոտով անձայն—
Հոգիս վառում է մոմեր վերհուշի...

1909