Երախտիք (Ատրպետ)
ԵՐԱԽՏԻՔ (Պատմած)
Ամբողջ Թավրիզը մեծ իրարանցումի մեջ էր, ամեն կողմից ժողովուրդը դիմում էր դեպի փողոց, որտեղից անց էին կացնելու դահիճները քյալբալա Ղասըմին և Թոփ֊Խանեի հրապարակն էին տանելու, որպեսզի մյուջթեհիդի վճիռը գործադրեին։ Էլ հասակավոր, երիտասարդ թե երեխա, կին, պառավ թե աղջիկ, ամենքը շտապ-շտապ Թավրիզի նեղ-նեղ փողոցներից անցնելով, դիմում էին մյուջթեհիդի բնակարանի շրջապատի նեղ-նեղ փողոցները և այդ նեղլիկ անցքերում, որոնց միջով չորս-հինգ մարդ կշտեկուշտ չէին քայլել, ամբոխի ահավոր բազմությունը ղժվրտում էր իր բազմազան դասերով և խայտաբղետ տարազներով։
Ժխորը այնպես էր տարածվել օդի մեջ, որ կողք-կողքի կանգնած մարդիկ իրար չէին կարողանում լսել․ երկու խոսք իմանալու համար ականջ խլացնելու աստիճանի պետք էր ճվալ։
Ամառային տաք օր էր, թեև մութ փողոցների թանձր կամարակապ ծածկույթներից արևի ճառագայթները չէին կարող ներս թափանցել, բայց աղբերով, կեղտոտություններով նեխված փողոցներում արդեն այնպիսի գարշահոտություն էր տիրում, օդն այնպես էր թանձրացրել և տոթը սաստկացել, որ ժողովուրդը, բավականություն չստանալով, ծանրությամբ էր շնչում։ Թեև ամեն կողմ բարձրահասակ, առույգ, առողջ ու պնդակազմ մարդիկ էին երևում, բայց այդ ապականված մթնոլորտում իրար հրելով, հրմշտելով այնպես էին կարմրել, որ կարծես այտերը, ճակատները բոցավառվում էին, քրտինքները անվերջ քունքերից, ծոծրակներից ու ճակատներից գլորվում էին, և գոլորշին աննկատ բարձրանում էր նրանց գլխից:
Հանկարծ մի սեիդ ձիավորված դուրս եկավ մյուջթեհիդի բնակարանից և սկսեց գոռալ. - Ճանապարհ բացե՛ք, բացվեցե՛ք, ճանապարհ տվեք։ - Ամբոխն սկսեց քամու թեքած ցորենի ցողունների նման պառկիլ՝ սեիդին հետևող ձիավորներին ճանապարհ տալու համար, իրար ետ-ետ էին վռնդում այնպես, որ կարծես ձիավորները շոգենավի նման ծովը ճեղքելով առաջ էին գնում, իսկ ամբոխը ետ-ետ տատանվելով ալիքների նման պատերին էր խփվում։
Այդ հրմշտկոցն ավելի սաստկացավ, իրար սղմրտելուց և կոխկրտելուց թեև վայնասունն ու ճիչերը է՛լ ավելի սաստկացրին ժխորը, բայց ժողովուրդը առանց ուշք դարձնելու այդ աղաղակներին, բոլորի աչքերը հառած էին մյուջթեհիդի բնակարանի դռանը և սպասում էին անհամբեր, որ տեսնեն ոճրագործ քյալբալա Ղասըմին դուրս գալիս։
Թեև երկու֊երեք խումբ ձիավորված սեիդներ դուրս եկան կրոնապետի ապարանքից, դիմեցին Թոփ-Խանե ու վերադարձան, բայց դեռ չարագործին դուրս չէին բերում իր որջից։ Թեև մի քանի անգամ նաիբ-յուլ-հաքիմից մարդ եկավ մյուջթեհիդից խնդրելու, որ չարագործին կառավարության հանձնեն, որ նա պատիժը գործադրել տա, բայց ձեռնունայն հեռացան. շերիաթի պաշտոնյան չէր զիջանում, որ գործին միջամտի դիվանը։ Երկինքը իր հայտնություններով հպատակների (իսլամ) դատն ու դատաստանը հանձնել էր կրոնի պաշտոնականին, որի արարքը չէր կարող աշխարհային որևէ վարչության կամայականության ենթարկվել։
- Ախար, ի՞նչ է պատահել,- հարցրեց մի ծերունի, խառնված բազմության մեջ, իրեն խոսակից մուսուլմանին,- ի՞նչ մեղք է գործել քյալբալա Ղասըմը, որ մյուջթեհիդի պատուհասին է արժանացել։
- Էլ ի՞նչ պիտի աներ,- պատասխանեց խոսակիցը, փողոցի մեջ լույս ցերեկով այնպես է ծեծել մի սեիդի, որ ոչ միայն փակեղն է գլորել գետին, երեսն արյունել, այլ մինչև անգամ վերարկուն է պատռել։
— Մի՞թե, մի՞թե…— ասաց ծերունին մտախոհ զարմանք արտահայտելով։ Ապա քիչ հետո կրկին հարցրեց.— Արդյոք ի՞նչն է ստիպել, որ քյալբալան այդ մարգարեի տոհմիկի վրա ձեռք է բարձրացրել։
— Պատճառը իսկապես հայտնի չէ, բայց ասում են, իբր թե սեիդը սուտ վկայություն է տվել Ղասըմի դեմ և ահագին տուգանքի ենթարկել։
— Եվ դրա համար ի՞նչ պատիժ է սահմանել մյուջթեհիդը:
— Դեռ որոշ հայտնի չէ, բայց ասում են թևն են կտրելու:
— Բայց եթե իսկապես սեիդն է մեղավորը,— սա հոգին սևացրել, կաշառվել և սուտ վկայություն է տվել,— մի՞թե անարդար չի լինիլ Ղասըմի պատիժը, մի՞թե ներողամտության չի արժանանալ…
— Ի՞նչ եք ասում, ապագադ բարի լինի, ծերուկ, աշխարհի չնչին բանի համար մի՞թե կարելի է մարգարեի տոհմիկների վրա ձեռք բարձրացնել։ Մի՞թե պետք չէ կտրել, դեն գցել այդպիսի կեղտոտ դաստակը։
— Ձեր ասածը զուտ ճշմարտություն է,— վրա բերեց ծերուկը կրոնամոլ ընդդիմախոսին հանդարտեցնելու համար,— բայց հակառակն եմ ասում, եթե իսկապես սեիդը սուտ է վկայել, որով տանջել, կրակի մեջ է գցել Ղասըմին, ի՞նչ պետք է անել։ Գուցե այդպիսի սուտ վկայողը երբեք չի կարող մարգարեի սերունդից լինել, նա կեղծ տոհմիկներից է, որոնք հազար սուտը մի բիստիով[1] են վկայում։
— Թե սուտ է վկայել սեիդը, այդ մեր գործը չէ, թող նա պատասխան տա երկնավոր թագավորին, իսկ եթե կեղծ տոհմիկ է, այդ մասին էլ թող նրա հոգին քաշե պատիժն ու տանջվի, ինձ ի՞նչ… Բայց լռիր, թո՛ղ, ինձ հանգիստ թո՛ղ, ահա դուրս են բերում չարագործին։
Այդ միջոցին քյալբալա Ղասըմին դուրս բերին մյուջթեհիդի տանից․ ոտքերը շղթայած, դաստակները թևակապում զետեղված։ Երկու անութների տակից մի հաստ պարանով նրան կապել էին, որի երկու ծայրերը երկու ձիավոր սեիդներ բռնած տանում էին երկու կողքից։ Հետևից, առջևից մի քանի տասնյակ հետի մոլեգնած սեիդներ և ախունդներ էին շրջապատել և ահագին աղմուկով առաջ էին գնում։ Ամբոխը իր նախատինքով, թքով ու կնճիռներով նրան ընդունեց և առաջնորդեց դեպի Թոփ-Խանե, իսկ Ղասըմը այդ սոսկալի դրությամբ, համր քայլերով առաջ էր գնում ժողովրդի միջով։ Դատապարտյալը վշտաբեկ առաջ գնալիս աչքերը վեր անգամ չէր կարողանում բարձրացնել, մռայլ դեմքով, գետնին նայելով, առանց ուշք դարձնելու իրեն դեմ տեղացող սոսկալի հայհոյանքներին, քայլերը փոխում էր առաջ ու առաջ։
Այդ պահուն ձիավորված և ծառաների ընկերակցությամբ կողքի փողոցից անցնում էր Թաջիր Միր-Մուրթուզան, որը Թավրիզի մեջ անվանի հարուստ վաճառական էր, անհամար գանձեր ուներ, մեծամեծ կալվածներ և անթիվ գյուղեր։ Սա իր բազմաթիվ ծանոթների, իր հարստության և գանձերի երկրպագուների շնորհիվ միշտ մտքից անցածը, ցանկացածը գլուխ էր բերել։ Միր-Մուրթուզան այնպիսի դիրք էր ստեղծել իր անբավ գանձերով, որ նրա խնդիրքը ինչպես շահի պալատում, այնպես էլ դենպետների դռներում երբեք չէր մերժվել։ Սա Ղասըմին շատ լավ էր ճանաչում․ այդ քանքան փորող արհեստավորը նրա համար շատ ջրանցքներ էր փորել, սարերի, ձորերից անցկացրել, նրա կալվածները, հանդերն ու այգեստանները ջրելու միջոց էր տվել և ամայի անապատները դրախտի վերածելու հնարներն էր գտել։ Շնորհիվ իր սրամտության, տաղանդի, կորովամտության և անխոնջ աշխատության, Միր-Մուրթուզայի կայքերի եկամուտները ոչ թե կրկնապատկվել, այլ քառապատկվել էին, իսկ Միր-Մուրթուզան դեռ շատ կարիք ուներ, Ղասըմը նրա համար հարկավոր մարդ էր։ Բայց որովհետև Միր-Մուրթուզան, ինչպես սովորաբար բոլոր հարուստները և կալվածատերերը, անչափ ագահ էր և սարսափելի ժլատ, միշտ խոստացածից շատ չնչին վարձով էր Ղասըմի հաշիվները փակել, ուստի Ղասըմը ոչ միայն նրան վիրավորելով հեռացել էր, այլ մինչև անգամ այս նեղ օրում էլ չէր դիմել մեծատան օգնությանը:
Այդ սոսկալի թափորը տեսնելուց հետո, Միր-Մուրթուզան գործի մանրամասնությունների մասին իր սպասավորներից կարևոր տեղեկություններ իմանալուց հետո մտածեց ինքն իրեն, թե Ղասըմը իրեն կարևոր անձ էր, դրան այնպիսի մի՝ փորձանքից, մի պատուհասից ազատելով, կարող էր ընդմիշտ ստրկացնել, ցմահ պարտավորեցնել և դրա ձեռքով իր կալվածները ծաղկեցնել։ Ուստի առանց ժամավաճառ լինելու, ձիու սանձը թեքեց, գլուխն ուղղեց մյուջթեհիդի տան կողմը և շտապեցրեց, որ կարողանա մտադրությունը կատարել։
Մյուջթեհիդը մի բարի մարդ էր, ամեն գործ ծանրությամբ ու մանրազննությամբ քննող։ Միանգամայն Միր-Մուրթուզային չհնազանդելու առիթ չուներ, քանի որ վերջինս էլ, ճշմարիտ հավատացյալների նման, ամեն տարի իր եկամուտների տասներորդը և աղքատների բաժինը այս դենպետի ձեռքով էր բաժանել տալիս կարոտյալներին։ Ինքն էլ ճշմարիտ հավատացյալի, ջերմեռանդ տոհմիկի և պարտաճանաչ մուսուլմանի համբավ ուներ, ուստի դենպետը հավատաց իր ծխական վաճառականի խոսքերին։
— Ղասըմը ազնիվ մարդ է, — ասում էր կալվածատերը, — իսկ նրա հակառակորդը՝ խաբեբա, կեղծավոր, խարդախ և սուտ վկա։ Մինչև անգամ բարիների մեջ են նրան տեսել քանի՜-քանի՜ անգամ իմ ծառաները։ Այդ փուչ խաբեբան, իսկապես, արժանի էր դրանից էլ սոսկալի անարգանքի ու ծեծի, քանի որ ես համոզված եմ և գիտեմ, որ նա պարզ ճշմարտության հակառակ էր վկայել, և Ղասըմը անճարացած ստիպվել էր այդ քայլն անելու…
Միր-Մուրթուզան այնպիսի ճարտարությամբ խոսեցավ, որ մյուջթեհիդը համոզվեց և իսկույն իր մերձավորներից մեկի ձեռքով մի հրաման գրեց, կնքեց, տվեց, որ գնա, անմիջապես հասնի և Ղասըմին ետ բերի իրեն բնակարանը, որպեսզի գործը կրկին քննելով, հաստատ համոզմունք կազմե, որ ապագայում պարտավոր չմնա խղճի դեմ։ Այսպես էլ եղավ։ Անմիջապես մյուշթեհիդի հրամանը Հասավ, և դահիճը, երբ արդեն կացինն էր սրում, որ բարձրացնե ու կտրե կոճղի վրա դրված-կապված Ղասըմի թեր, մյուջթեհիդի գործակալի ձայնը նրան կաշկանդեց և դատապարտյալին ետ տարան որտեղից որ բերել էին։ Միր-Մուրթուզան այնքան խոսեցավ և այնպիսի ցուցումներ տվեց, որ Ղասըմին մինչև հետը տանելու հրամանը չառավ, դուրս չեկավ մյուջթեհիդի ապարանքից։
Ղասըմը, որ մի այսպիսի բարեպատեհ պաշտպանության բոլորովին հույս չուներ, անչափ շնորհակալությամբ բաժանվեց Միր-Մուրթուզայից և դիմեց իր տունը, անհուն ուրախության մեջ զեղելով իր կնոջը, մորը, զավակներին և արյունակիցներին, որոնք սրա ձերբակալված օրից սուգի և թախիծի մեջ ընկած, ողբում էին իրենց սոսկալի վիճակը։
Բայց քյալբալա Ղասըմին, որը շատ լավ ուսումնասիրած էր հարուստ վաճառականի հոգեկան աշխարհը, անչափ տարօրինակ թվաց Միր-Մուրթուզայի վերաբերմունքը և նա խրվեց խոր մտածությունների մեջ, թե արդյոք ի՞նչ բանն ստիպեց կալվածատիրոջը՝ իրեն պաշտպան հանդիսանալ, նամանավանդ որ ինքը նրան վշտացնելով հեռացած էր։ Ղասըմը գիտեր, որ Միր-Մուրթուզան օգուտ չսպասած գործի համար չէր զիջանիլ այդպիսի նեղություն հանձն առնել և այնքան թախանձանքով ու երաշխավորությամբ իրեն փրկել։
Մի քանի օրից Ղասըմը կրկին կպավ իր գործին, սկսեց ման գալ կալվածատերերի դռները, որ գործ գտնի և քիչ թե շատ փող ձեռք գցե իր բազմաթիվ ընտանիքը կերակրելու համար։ նա, ինչպես ասացինք, հայտնի քանքան փորող էր և ազատ ժամանակ չուներ, իսկ այս գործի մեջ արդար դուրս գալով այնպես հռչակ ստացավ, որ մեծամեծները, կալվածատերերը իրենց բոլոր գործերը նրան էին հանձնում, այնպես որ, ինչպես ասում են, «էլ գլուխը քորելու ժամանակ չուներ», առավոտից մինչև իրիկուն, գիշերն անգամ գետն ի տակ, խլուրդի նման, փորում էր ու ծածկվում և սարերի լանջով ջուրը պտտեցնելով, ոլորելով հասցնում Էր այս ու այն խանի-խավանի կալվածները։ թայց շաբաթական մի կամ երկու անգամ անպատճառ նա այցելում էր իր բարերարին՝ նրա ապարանքում, այնպես որ աղոթատան նման էր դարձել Ղասըմի համար Միր-Մուրթուզայի թանաբին. ազատ ժամանակ գտնելուն պես գնում, չոքում էր նա բարերարի դիմաց, լսում նրա հրամանները կամ խրատները, պատմում էր նրան անկեղծությամբ իր գլխին պատահած առօրյա արկածները, մի խոսքով՝ սիրտը բացել դրել էր նրա ոտքերի տակ։ Դեռ այդ բավական չէ, Ղասըմը Միր-Մուրթուզայի կալվածների վերաբերյալ բոլոր խորհուրդները ոչ միայն առանց վարձի էր գնում, զննում ու տալիս, քանքանները համարյա թե առանց վարձի էր փորում, դեռ մշակներին տալիս էր սովորական վարձագնի կեսից էլ պակաս և ամեն կերպ աշխատում էր նրա շահերը կարելի եղածին չափ պաշտպանել, իրեն հանձնարարված գործերն ամենաբարեխղճաբար կատարել։
Բայց Միր-Մուրթուզան այս բոլորից չբավականանալով ամեն մի առիթը պատահած ժամանակ, առանձնակի, թե հասարակության առաջ, միշտ կրկնում էր.
— Ապերախտ մի լինիր, Ղասըմ, գիտես, որ եթե ես չլինեի, այդ դագող ձեռքդ կտրած էին, որի ցավից եթե չմեռնեիր, պատերի տակ նստկան մուրացկան պիտ դառնայիր։
- Անչափ շնորհապարտ եմ,— միշտ կրկնում էր վշտացած սրտով Ղասըմը,— քու հովանին միայն ինձ փրկեց, քո ողորմությամբ եմ միայն ապրում, ընտանիքս կերակրում։ Մինչ ի մահ քու երախտիքը ես չեմ կարող մոռանալ, դու միայն քեզ ու տոհմիդ հատուկ աղայությունով ինձ փրկեցիր, ինձ ազատեցիր սոսկալի վիճակից։
Բայց Միր-Մուրթուզան, իր հին սովորության համաձայն, երբեմն այնպիսի պարտավորություններ էր դնում Ղասըմի վզին, որ վերջինս, եթե գրաստ անգամ լիներ, դարձյալ կմտածեր, որ վաճառականը չարաչար հարստահարում էր իր երախտագիտությունը։ Բայց որովհետև միտքը դրել էր թևը կտրելուց ազատողին պարտավոր չմնալու, նրա անվերջ մուննաթներին վերջ տալու և բարիքը փոխարինելու համար կատարել նրա պահանջները, մինչև նրա ինքնաբերաբար բավականություն ստանալը, ուստի գլուխը կախ գցած իրեն և ընտանիքը զրկանքների ենթարկած, բոլոր ուժը կենտրոնացած, արյուն-քրտինքով տանջվում էր ու աշխատում Միր-Մուրթուզայի կալվածներում:
Մինչև անգամ այնքան անբարեխիղճ էր կալվածատերը, որ Ղասըմի ձեռքի տակ բանող գործավորներից ամենահետնյալ մշակի կեսի չափովն էլ չէր մտածում Ղասըմին բավականացնել, այնպես որ խղճալին պարտավորված էր լինում երբեմն-երբեմն կողմնակի կալվածատերերից Պարսկաստանին հատուկ քառասուն-հիսուն տոկոսով փող փոխ առնել ընտանիքը քաղցից փրկելու համար։ Եվ եթե այս պարտքի վճարման համար մի երկու օրով ուրիշի կալվածներն էր կարգի բերում, նրանց քանքաններն էր փորել տալիս, Միր-Մուրթուզան նրան կանչել տալով, ասում էր հանդիմանությամբ.
— Երախտամոռ, թողել իմ գործերս, ձգել ես երեսի վրա իմ կալվածներս, գնացել աշխատում ես այն մարդկանց գործերում, որոնք քեզանից երես թեքեցին, երբ դահիճը ձեռքդ էր կտրելու։
— Ախր, աղա ջան, ղուրբան,— ասում էր Ղասըմը հանգստությամբ,— ներեցեք համարձակությանս, մեր տանը ութ-տասը բերան կա, որ առավոտ-իրիկուն հաց են ուզում, դրանց մարմինները ծածկելու համար հագուստ է պետք։ Ես ձեր գործերը կարգի դրած միայն հեռանում եմ, այնպես որ իմ բացակայությանս առաջ են տանում գործը բանվորներս և եթե ինձ պետք են ունենում, կանչում են։ Իմ գնալովս ոչ միայն գործերիդ վնաս չի հասնում, այլ ես միջոց եմ գտնում ընտանիքիս կարիքները հոգալու և ձեզ այդ նեղությունից ազատելու։
— Է՛հ, մի՛ արդարանալ, պատճառաբանություններ մի՛ գտնիլ,— ասում էր ագահ կալվածատերը։— Վարձ չես ստանում, դրա համա՞ր ես փախչում։ Քանի-քանի անգամ առաջարկել եմ, որ վարձ չես առնում, խո ես մեղք չունի՛մ։ Լավ է, լավ, թող հավաքվի քո վարձը ինձ մոտ, միանգամից այնպես բան անեմ, որ դու մարդ դառնաս,— ասում էր Միր-Մուրթուզան, բան չհասկանալ ձևանալով և կարծում էր, որ իր տված հույսի քամիներով կարողանում էր խաբել Ղասըմին։ Իսկ Ղասըմը չարատանջ կյանքը մի կերպ քարշ էր տալիս, Միր֊Մուրթուզայի փրկած թևը չխնայելով նրա գործերում բանեցնելու։
Տարեցտարի ահագին հարստություն էր ձեռք բերում հարուստ վաճառականը և ձեռն անցած գումարով նորանոր գյուղեր էր գնում ու ընդարձակում իր կալվածները և Ղասըմի գործի ասպարեզը։ Միր֊Մուրթուզան քառասուն տարվա մեջ հորից ժառանգած չորս գյուղերի թիվը քառասուն անգամ բազմապատկել էր, այնպես որ հարյուր վաթսուն գյուղի մեջ ապրող այնքան հազարավոր շինականները, էրիկմարդ, կին, տղա, աղջիկ, բոլորը միասին աշխատում էին, տարվա չորս՝ եղանակներում տանջվում, երկիր մշակում, այգիները, պարտեզները և հանգերը պարարտացնում, խնամում, ջրում, ցանում ու աղում իրենց մշակած ահավոր հողերի բոլոր բերքը, կիսում կալվածատիրոջ հետ։
Անկուշտ կալվածատերը, որ հարյուր֊հազարավոր խալվարներով գարին ու ցորենր ամբարում ծախում էր, բրինձը շտեմարանում մաքրել տալիս և հեռու աշխարհներ ուղարկելով ահավոր գումարներ էր ստանում, չորացած միրգը, նուշը, չամիչը, ծիրանն ու սալորը Թավրիզի հայ վաճառականների վրա իր տեղում ծախում, ոսկին ու արծաթը քաշում էր իր սնդուկը, այդ անչափ գումարներով չկշտանալով, ոչ միայն կալվածների բարիքից ափերի ջրերը կարգի բերող մշակի՝ Ղասըմի տունը մի ջվալ ցորեն, մի բուռ բրինձ չէր ուղարկում կամ մի քանի շահի սև փող չէր տալիս, այլ իրաններին էլ չէր թողնում շռայլելու։ Խելք ու միտքը տվել էր կայքերը շատացնելուն, եկամուտները ամբողջապես նորանոր կալվածների էր հատկացնում և երազում էր ամբողջ Ատրպատականի գյուղերին տիրել և մի օր նրա տերը դառնալ։
Իսկ Ղասըմը առանց ծախվելու ստրկացել էր և գլուխը քաշ արած Միր֊Մուրթուզայի գնած նորանոր կալվածների քանքաններն էր կարգի բերում ոչ միայն առանց վարձի, այլ մինչև անգամ գոհունակության էլ չէր արժանանում։ Ղեռևս բարերար կալվածատերը տեղի անտեղի չէր մոռանում ամեն դեպքում նրան հիշեցնել, սիրտը ծակելով և կյանքը դառնացնելով, որ Ղասըմի մի թևը, հետևաբար և կյանքը ինքն էր փրկել, նա պարտական էր իրեն։
Ամբողջ տասը տարի Միր-Մուրթուզայի համար աշխատեց, հուսալով, որ վերջապես այդ անխիղճ արարածի սիրտը կհագեցնե և կբավականացնե, բայց զուր անցան Ղասըմի ջանքերը։ Սա ամեն տեսակ դառնություն, նախատինք, զրկանք սիրով տարավ, որ փոխարինե թևը կտրելուց ազատողի բարիքը, իսկ բարերարը փոխանակ բավարարվելու, օրեցօր գործերը ծանրացնում էր և ավելի պահանջող դառնում։
Միր-Մուրթուզան մի ընդարձակ կալվածք էր ձեռք բերել առնելիքի մեջ, որի անջրդի տափաստանները անապատի տեսք ունեին։ Շատ անգամ Ղասըմի հետ նրանք այդ կալվածքի համար հատուկ Թավրիզից երկու օրվա ճանապարհ էին գնացել, ամեն մի անգամին երեք-չորս օրով ման էին եկել այդ կալվածքի սահմանները, բայց ջուրը բերելու հնար չէին գտել։ Երևում էր, որ ժամանակին այդտեղ բնակություն եղել էր, հետևաբար պետք է որ ջուր էլ ունենար, բայց դարեր էին անցել, երկիրը անմարդացել, անապատ էր դարձել և ո՞վ կարող էր գուշակել, որ որտեղի՞ց էին ջուրը անցկացրել, տարել։ Բայց այնպես լավ հողեր ուներ այդ անապատը, այնպիսի դիրք, որ եթե հնարավոր լիներ ջրել, մի քանի հազար մարդու կերակրելուց ջոկ, տիրոջը ահագին գումար տալուց հետո, այնպիսի հազվագյուտ բերքեր կարելի էր առաջացնել այդտեղ, որ իսկապես անապատը կարելի էր դրախտի փոխարկել։ Այս պարագան կտրել էր Միր-Մուրթուզայի դադարումը, նա գիշեր-ցերեկ խելքը, միտքը կենտրոնացած մտածում էր այդ կալվածքի մասին։
Երկար խորհելուց հետո Ղասըմը կալվածատիրոջը խորհուրդ տվեց, որ սահմանակից լեռնային գյուղը գնե, որի սարերի լանջերում կարելի է ջուր գտնել և ցած բերելով անջրդի անապատը կենդանացնել։ Միր-Մուրթուզան հավանեց այդ խորհուրդը, լսեց Ղասըմին և գնեց սահմանակից լեռնային գյուղը։ Բայց այս գյուղի ջրերը հազիվ իր հողերին էին բավականություն տալիս, այնպես որ Ղասըմի անընդհատ ջանքերն ու աշխատությունները անպտուղ մնացին։ Ագահ կալվածատերը այնքան ման էր եկել Ղասըմի հետ, որ ինքն էլ արդեն քիչ թե շատ հասկանում էր․ նա նկատեց, որ վերջին անգամ գնած լեռնային գյուղի սահմանակից մի Շահզադի կալվածք շատ մեծ ջուր է պարունակում, որը գյուղացիների բոլոր մշակությունները ջրելուց հետո Շահզադի ահավոր այգեստաններին, մարդաստաններին և նոր տնկած անտառներին էլ բավականություն էր տալիս։ Այդ ջրերի ակունքներն այնքան մոտ էին Միր-Մուրթուզայի նոր գնած լեռնային գյուղին, որ եթե Ղասըմը ցանկանար, մի քանի գաղտնի քանքաններ փորեր, կարող էր Շահզադի կալվածքի ջրերը ակունքներից նրանց կեսը աննկատելի կերպով քաշել, դարձնել, իջեցնել դաշտը և իր բարերարի անապատը կենդանացնել։
Միր-Մուրթուզան, երբ երկար-բարակ քննեց և ըմբռնեց, որ կարելի է այդ կերպով իր ամայի երկիրը բնակության հարմարեցնել, սկսեց այլևայլ ձևերով, անուղղակի դարձվածներով հասկացնել Ղասըմին, որ սկսի այդ ջրերի՝ դեպ իր կալվածները դարձնելու հնարների մասին խորհել։ Իսկ Ղասըմը ցույց տալով, թե իբր չի ըմբռնում բարերարի խորհրդավոր ակնարկները, ասում էր․
— Աղա, քեզ մատաղ, ի՞նչ նշանակություն ունի քեզ համար փողը, տուր քսան հազար, քսանհինգ հազար թուման և գնիր Շահզադի կալվածքը․ արա՛, ինչպես որ կկամենաս։
Բայց Միր-Մուրթուզան արդեն վաղ էր փորձել․ Շահզադեն հիսուն հազար թումանով էլ չէր ծախի իր կայքը։ Նա հույս ուներ, թե նոր տնկած անտառը, որ արդեն տասը տարվան էր և հարյուր-հազարից ավելի բարդի էր բովանդակում, արդեն տասը տարուց հետո իրեն հարյուր հազար թումանից ավելի օգուտ կտար, էլ ինչի՞ էր ծախում։
Այս բոլորը աչքի առաջ բերելով, Միր-Մուրթուզան հաշվում էր, որ եթե հնար գտներ և իր կալվածքը կարողանար մի կերպ ջրել, նա տարեկան քսան-երեսուն հազար թումանից ավելի եկամուտ կունենար, ուստի վառված սրտով, առիթը պատահած ժամանակ, սուր-սուր սլաքներով խայթում էր Ղասըմի սիրտը, որ նրան ամաչեցնե, թուլացնե, ստիպե և պարտավորեցնե, որ նա սկսի դարանավոր քանքաններ փորելու, որով համոզված էր բարերարը, թե նպատակին կհասնի։ Իսկ Ղասըմը սաստիկ էր բորբոքվում ու կատաղում, երբ նկատում էր, թե հեռվից-հեռու, զարտուղի ճանապարհներով դեպի ուր էր մղում նրան իր ազատարարը։
Վերջապես համբերությունը կտրված, մի օր Միր-Մուրթուղան իր թանաբու մոտի սենյակը կանչել տվեց Ղասըմին, որոնք կես արշին բարձրությամբ պատուհաններով բաժանված էին իրարից։ Կալվածատիրոջ թանաբին լցված էր բազմությամբ, որոնք շատ ցածր ձայնով իրար հետ մեծ ակնածությամբ խոսակցում էին տանտիրոջ մասին։ Երբ Ղասըմը մոտեցավ այն պատուհանին, որտեղ նստած էր Միր-Մուրթուղան, վերջինս նշան արավ, որ չոքի, և երկուսը սկսեցին իրար ականջում պատուհանի միջով իրար հետ այնպես ցածր խոսել, որ հանդիսականներից մարդ բան չէր կարող լսել։ Երբ Ղասըմը մոտ հրավիրվեց, նա արդեն իսկույն ըմբռնեց, թե բարերարը մի ինչ-որ ծանր առաջարկություն էր անելու։ Թեև դժկամած, բայց անճարացած մոտեցել, չոքել էր նրա առաջ խոստովանորդու նման և լսում էր հրամանները։
− Ճար չկա,− ասաց Միր-Մուրթուզան Ղասըմին,− քանի մարդի մեջ գցեցի, որքան մեծ գումար խոստացա, հնար չգտա, Շահզադան չի ծախում կալվածքը, իսկ մեր հողերը այնպես անջրդի, անապատ թողնելը մեղք է։ Քեզանից է կախված ամեն բան, որ ուզենաս կկենդանացնես, դրախտի կվերածես մեր անապատը, այն ժամանակ գուցե Շահզադան էլ խոնարհի ու ծախե իր գյուղը, այդ մեր սահմանակից կալվածքը։
Ղասըմը այս առաջարկությունը լսելով, աչքերը չռեց, հառեց ազատչի աչքերին և այնպիսի դաժան հայացքով զննեց, որ նույնիսկ ագահի սրտի խորքերը թափանցեց, կարդաց. այնպես որ նա մոլորվեց, մի քանի վայրկյան անշարժ մնաց։ Բայց իր արհեստի մեջ տոկուն վաճառականը շուտով ուշքը հավաքեց ու ավելացրեց.
- Ի՞նչ ես աչքերիս մեջ նայում, ի՞նչ ես մտածում կամ ինչի՞ ես զարմանում։ Մի՞թե ես իրավունք չունիմ իմ կալվածներիս մեջ ջուր որոնելու, իմ հողերս բարեկարգելու, քանքաններ փորելու…
— Ունիս, քեզ մարդ ոչինչ չի ասում դրա համար, բայց քո բոլոր հողերդ այնպես ենք քննել ու քրքրել, որ դու էլ համոզված ես ինձ հետ, որ այնտեղ ջուր չկա։ Իսկ Շահզադի քանքանների հոսանքների հակառակ քանքան փորելիս ոչ թե նոր ջուր ենք գտնելու, այլ նրա ջուրը պիտի կիսենք-գողանանք…
— Մի՞թե մենք էլ նրա նման իրավունք չունինք սարի ջրից օգտվելու։
— Բայց մեր սահմանի սարերը ջուր չունին, նրա սարի կողքը որ փորես՝ մեր կողմը ջուր դարձյալ չի գալ։
— Եթե դու ուզենաս, կգա։
— Ուրեմն գողությո՞ւն անեմ. նրա աղբյուրների ջրերը կտրեմ, բերեմ քո կալվածները ջրեմ,— ասաց ձայնը բարձրացնելով Ղասըմը։
— Այդպե՞ս ես խոսում ազատարարիդ հետ, այդպե՞ս ես պատասխանում, ա՞յդ ձևով ես փոխարինում բարիքը, ապերախտ,— ասաց ձայնը նույնպես բարձրացնելով Միր-Մուրթուզան։
— Ինձ էլ պետք չէ քո ազատած թևը,— ասաց զայրացած Ղասըմը,— եթե նրան այնքան պարտավոր եմ ստորացնելու, որ քեզ համար գողություններ էլ անե, ես ինքս կկտրեմ, կկտրեմ այն թևը, որ դու ազատեցիր,— ասաց կատաղած Ղասըմը և ձախ թևը պատուհանի գոգը դնելով, ինչպես մի ժամանակ դահիճը կոճղին էր կապել, որ կտրե, հանեց աջ ձեռքով դաշույնը և մի հարվածով կտրեց, արյունլվա թաթը շպրտեց բարերարի երեսին ու շարունակեց.
«Այդ էլ ինձ պետք չէ, վե՛ր առ, ոչ էլ քո մուննաթը։ Երանի թե տասը տարի առաջ դահիճը կտրեր և այնքան ժամանակ պարտավորված չլինեի քեզ ծառայելու։ Մի՞թե պահելու համար ես այնքան էլ չեմ կարող ստորանալ, որ ուրիշի կալվածների ջրերը գողանամ, քո հողերդ իջեցնեմ, նրա այգիների և անտառների մատղաշ ծառերը չորացնեմ…
Արյունը սկսեց շատրվանի նման ցատկոտել և ներկել Միր-Մուրթուզայի դեմքը և մորուքը, ապարոշն ու շապիկը, թիկնոցն ու բազմոցը, բեհեզի և գորգի փռվածքը: Հանդիսականները ափիբերան պապանձվեցան, ոչ ոք սիրտ չարավ մի սրբիչ բերել և կապել կտրված թևը և արյան հոսման առաջն առնել:
1899 թ.
- ↑ Մի գրոշից էլ քիչ պակաս արժեք ունեցող պարսկական փող: