Երբ ես տեսնում եմ Ձեզ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Երբ ես տեսնում եմ Ձեզ

Եղիշե Չարենց


Երբ ես տեսնում եմ Ձեզ


Երբ ես տեսնում եմ Ձեզ —
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել։
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՜ւց հանգած՝
Սպասում են լույսի։
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած։
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի[1] թերթեր —
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր։



  1. ֆոլիանտ — մեծ չափսի ստվարածավալ գիրք: