Jump to content

Երբ զիս կատե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Երբ զիս կատե


Երկար ատեն դիտեցի տառապիլը։ Կը սիրեր զիս՝ առանց հույսի, սիրտը լեցված մեծ տրտմությունով։ Մտիկ կ’ըներ դառն խոսքերուս և կարծես կ’օրհներ զիս․․․
Երկար ատեն դիտեցի տառապիլը։ Կ’ատեի այդ տգեղ գութը իր հոգվույն, երբ ինծի կ’երկարեր զայն, չորացած ծաղկի մը պես և առանց բանաստեղծության։
Ան տժգունեցավ՝ վարդի մը նման սպիտակ․․․
Երեկո մը, երբ նստած էինք քովե քով, նայվածքս տրտում՝ դատարկին հառած, հանկարծ ան մեծ ատելություն զգաց ինծի դեմ։ Նայեցավ մինչև խորերը հոգիիս և հպարտութենեն դողդոջուն ըսավ.
― Արժանի չե՛ս ինծի։ Այս երեկո միայն կը հասկնամ, թե ինչու չես կրնար սիրել անմեղությունը հոգիիս։ Գնա՜։ Մի՛ կորուստի մատներ զիս։ Այս աչքերը ա՛լ պիտի չվառին ցանկությունովը քեզ տեսնելու․․․
Ծովուն մոտն էինք։ Ինձ կը թվեր, թե իր անձը կ’ուգար փոթորկոտ խորունկներեն ծովուն։
Խենթ թևերով փարեցա իրեն ու նվազուն համբուրեցի աչքերը, որ ալ պիտի չվառեին ցանկությունովը ինձ տեսնելու․․․
Զինք տարի ամայի բլուրին՝ ուր գիշերը գեղեցիկ էր, բայց, ափսո՜ս, ա՛լ չէր կրնար զիս սիրել․․․
Ու գլուխես ծունկին՝ ես լացի երկա՜ր, երկա՜ր․․․