Jump to content

Երբ մատներուս շրթներով...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երբ մատներուս շրթներով...



Երբ մատներուս շրթներով
Կըմպեի ես գիշերները վարսերուդ,
Ու գինով՝
Երբ կը զգայի կոկորդիս դեմ
Բարձրանալը խռովքի մը անանուն,
Շշնջացիր.
— Կը սիրեմ քեզ…
Օ, բառն այդ
Սրտաբուխը ամենեն
Խոսված բոլոր լեզուներու բառերուն,
Օվկիանոսին մեջ սիրտիս
Բարձրացուց
Կոհակ մը՝
Անեզրության ուղևոր…