Երգն ու երկիրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Երկու խոսք (Իմ անգլերեն գրքի շնորհանդեսի առիթով) Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Երգն ու երկիրը

Վարդան Հակոբյան

Ամենայն հայոց եւ Աստծո սիրով

Անկեղծ ապրումի ու զգացողության հետաքրքիր պատկերներ է ստեղծում Երազիկ Հարությունյանը՝ թռչունները վերադարձնելով իր երգերին («Բոլոր թռչունները չվել են իմ երգերից»)։ Բառի մեջ ձգտում է իր նկարն ունենալ՝ աշխարհի իրարու չբերվող «դեկորների» անընդհատ ու շարունակական վերադասավորումներով՝ կարոտի միջից բարձրացող ծաղկի գոյությունը չհարցականելու համար։ Կա մի «մեղավոր» հեռու, որ չնայած Երազիկին «բաժանում» է Արցախից, բայց եւ դառնում է «մեղքի» քավություն, նրան նվիրելով տողեր, որ այլ պարագայում չէին ծնվի («Մայրիկիս»).
Քո ծաղկանկար գոգնոցը ծամող
Փոքրիկ հորթուկի
Բառաչի մեջ է աշխարհը պահված...
Երազիկը չի երգում, չի բառավորվում, նա պարզապես փորձում է Նահատակ սարի լռությունը լսելի դարձնել, տեղ-տեղ մանկանալով այնքան, որ ապրած գույն-գույն ծաղիկներն ինքն իր դեմքին ու ձեռքերին է սկսում նկարել արդեն, չանսալով «չի կարելի»-ին, եւ այդպես ինքն ավելի ինքն է դառնում։ Գույները վերածում է ներքին այրումի, տագնապների, սիրո, հիշողության, նրա տողերի մեջ շոշափվող զարկերակներ կան, որ լրում են պահը՝ սնվելով հայրենական տնից, մեր ազգային ցավից ու բանահյուսությունից եկող պաշարներով։ Հարուստ հոգի ունի Երազիկը, եւ ես կցանկանայի, որ նա չբացակայեր երբեք իր երգից ու երգերկրից։