Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՐԳ ԵՎ ՄԵՏԱՂ
Երգիչը քեզ երգ նվիրեց,
Մեծատունը — յուր ոսկին.
Երգիչը քեզ «կյանք» անվանեց,
Մեծատունը — «սիրուն կին»…
«Տո՛ւր ինձ ձեռքըդ» — հարուստն ասաց —
«Իմ ողջ գանձըս քեզ պարգև».
Իսկ երգիչը սիրուց տանջված՝
Միայն ողբաց քո առջև…
Բայց դու, զավա՛կ փարթամ կյանքի.
Երգչի երգը մերժեցիր,
Եվ քո սիրտը ժանգ-մետաղի
Խավար փայլին զոհեցիր…
1889, 8 ապրիլի
|
|