Jump to content

Երգ (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Երգ


Իմաստության փափագ ունեցող անձը,
Հեզ ու խոնարհ, համեստ կատարյալ պետք է
Ճշմարտության զոհվել կամեցող անձը,
Ուղիղ, առաքինի առաքյալ պետք է։

Սուրբ է հարսը անմահական փեսային,
Է նման Մարիամին, ոչ թե Սառային,
Պինդ պահպանող հրամանը արքային,
Հարազատ ծառայող կուսակալ պետք է։

Բանիբուն լինողը չի ընկնիլ թակարդ,
Նա միշտ առողջ կյանքով կմնա զվարթ,
Աշխարհի մեջ ինչպես լինի, կապրի մարդ.
Վերջին պատասխանը ուղիղ տալ պետք է։

Ջիվան, բարությունը հաստատուն սեր է,
Աստըծուց եկածը հատուկ նվեր է:
Ծուլությունը աղքատություն կբերե,
Հաստատ գործի համար միշտ ման գալ պետք է: