Երեք գույն կա երազային քո երկրում
Արտաքին տեսք
Երեք գույն կա երազային քո երկրում
Երեք գույն կա երազային քո երկրում —
Երեք գույն:
Թափանցիկ են այն գույները քո երկրում —
Քո հոգում:
Դու ժպտում ես. քո լուսավոր աչքերում —
Երեք փայլ.—
Ու բացվում է, կապո՜ւյտ աղջիկ, քո հեռուն
Լուսավառ:
Եվ տեսնում եմ դղյակներդ երկնահուպ,
Գմբեթներդ սեգ:
Եվ հիշում եմ ոսկեծաղիկ մի ասուպ,
Որ ընկավ երեկ:
Ու լսում եմ, որ իրիկվա մշուշում,
Անձրևից հետո,
Իրիկնային զանգակներն են կարկաչում
Ու կանչում են, գոհ:
Եվ տեսնում եմ, որ դաշտերիդ, լճերիդ,
Լո՛ւյս երկրիդ վրա —
Ահա իջել է անապակ ու վճիտ
Մի կապույտ հիմա:
Ու տեսնում եմ իրիկնային կապույտում
Բռնկված կրկին —
Գմբեթներիդ երկնասլաց ու ժպտուն
Խաչերի ոսկին...
Եվ երազի պես պարուրվում է հանկարծ
Երկիրդ իմ հոգում,
Ջինջ երկիրդ` աչքերիդ մեջ — միգամած
Իրիկուն...