Jump to content

Երեք հանդիպում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

19. ԵՐԵՔ ՀԱՆԴԻՊՈԻՄ

Ստեփան Շահումյանին առաջին անգամ տեսել եմ ես փոքր ժամանակս Թիֆլիսում, սրանից քսան-քսաներկու տարի առաջ «Ծիածան» աշակերտական ընկերության ժողովներից մեկում։

Եվ կարծես դա երեկ էր — այնքան կենդանի՜, վա՜ռ, անաղոտ է մնացել իմ հիշողության մեջ այն գեղեցիկ, դուրեկան, կասեմ ուղղակի հմայիչ դեմքը։

Մանավանդ այն խելացի, արտահայտիչ, փափուկ, լուսեղեն, սքանչելի աչքերը — Շահումյանի աչքերը։

Ով որ մի անգամ տեսել է այդ դեմքը, նա երբեք չի կարող մոռանալ նրան։ Մի հազվագյուտ, հրաշալի ներդաշնակություն կար այդ մարդու հոգեկան հատկությունների և նրա նայվածքի, խոսվածքի, ձայնի, արտաքինի մեջ...

Ցանուցրիվ հուշերիս մեջ մնում է այն օրը, երբ մեծ եղբորս մոտ¹ հավաքված «ծիածանականները» կարդում էին ուսանող Ստեփան Շահումյանից ստացված նամակը։ Կարծեմ Ռիգայից էր ուղարկված այդ նամակը...

Եղբայրս ու իր ընկերները անվերջ կրկնում էին Շահումյանի անունը և խոսում այդ նամակի բովանդակության մասին, որը չեմ հիշում իհարկե, բայց որը՝ այդ լավ հիշում եմ՝ տարակուսանքի մեջ էր գցել «ծիածանականներին»։ Եթե չեմ սխալվում, խոսքն այն մասին էր, թե զետեղել արդյոք այդ նամակը ընկերս ձեռագիր թերթում, թե ոչ։ Եվ այժմ կարող եմ կռահել, թե ինչն էր ծիածանականների տարակուսանքի ու երկմտության պատճառը...

Շահումյանը ծիածանականներին փոխված էր երևում, և նրա նամակում արտահայտած մտքերն ըստ երևույթին չէին համապատասխանում պատասխանում ծիածանական շրջաններում տիրող մտայնության… Ես իհարկե չգիտեմ ի՞նչպես և ո՞ր աստիճան էր փոխվել Շահումյանը, բայը դժվար չէ այժմ կռահել, որ նա հեռացել էր նա¬ցիոնալիստական, մանրբուրժուական նախապաշարումներից—թևակոխել էր մտածության և զգացողության այլ հորիզոններ, և այդ հանգամանքն էր երևի, որ շփոթ ու վարանում էր առաջ բերել ծիածանական ազգասերների շրջանում…

Սակայն հիշում եմ, որ այդ նամակը տեսել եմ զետեղված «Ընկեր» թերթում «Ուսանող» ստորագրությամբ։

Ես լավ հիշում եմ, թե որպիսի հարգանքով ու համակրությամբ էին տալիս Շահումյանի անունը ծիածանականները։ Ըստ երևույթին այդ հատուկ հարգանքն ու համակրությունն էր, որ ստիպել էր նրանց զետեղել իրանց թերթում Շահումյանի նամակը, որի բովանդակությունն, ինչպես ասացի, չէր համապատասխանում «ծիածանականների» հայացքներին։

Այսպես է տպավորվել իմ հիշողության մեջ։

Գուցե ես որոշ բաներ շփոթում եմ, բայց գրի եմ առնում այս, որ մեր ընկերները, որոնք անշուշտ դեռ պիտի զբաղվեն ընկ. Շահումյանի կենսագրությամբ, ուշք դարձնեն նրա կյանքի այս շրջանի վրա, ուր գուցե առաջին անգամ նա հանդես է եկել ընդդեմ «տիրող հոսանքի» և խիզախ ու համարձակ դեն շպրտել նացիոնալիզմի ՛և քաղքենիության նեղ աշխարհայացքն ու մութ նախապաշարմունքները և յուրացրել է միջազգային մարտնչող պրոլետարիատի լայնմիտ ու լայնսիրտ իդեոլոգիան…

Ով որ ծանոթ է հայ իրականության, շատ լավ կիմանա, թե որքա՜ն բացառիկ ու դժվար բան պիտի (լիներ այդ սրանից քսան տարի առաջ, եթե մեր օրերում իսկ այդ քաղքենի մտածողության և նացիոնալիստական նախապաշարմունքների ծանր մշուշը սև ամպի նման նստած էր մեր ինտելիգենցիայի խոշոր մեծամասնության և մինչև անգամ պրլետարիատի բավական խոշոր մասի մտածողության ու զգացողության վրա։

Եվ այդ բանը պարզվում է ինձ համար ավելի ևս, երբ մտաբերում եմ իմ երկրորդ «հանդիպումը» Շահումյանին։ Դա 1905 թվին էր, Փամբակի Մեծ Ղարաքիլիսա գյուղաքաղաքում։

Բավական բազմամարդ ժողով էր, ուր հանդես էին եկել դաշնակցության «լավագույն» ուժերը, որոնց թվում հիշում եմ հանգուցյալ Խաժակին, որ անշուշտ Հռետորական ձիրքից զուրկ չէր, և որի պաթետիկ ու ըստ սովորականին դեմագոգիական ու մասամբ գռեհիկ ճառից հետո խոսք ուզեց Ատեփան Շահումյանը։

Պետք է իմանալ, թե որպիսի՜ անհամբերատար, ֆանատիկ, բուռն ատելություն էր տիրում դաշնակցական շրջաններում դեպի սոցիալ-դեմոկրատիան, պետք է իմանալ, թե ինչ եռանդագին մոլությամբ սերմանվում էր այդ ատելությունը ժողովրդի մեջ և ինչ գռեհիկ ձևերով էր պատկերացվում բանվորական կուսակցության աշխարհահայացքը այն ժամանակ իշխող դաշնակցականների կողմից և այն ժամանակ հասկանալի կլինի, թե ինչպես էր դիմավորում այն ժամանակ սոցիալ-դեմոկրատներին ազգամոլության թույնով վարակված այն սրահը։

Եվ չնայած այդ բանին, երբ որ բեմ բարձրացավ Շահումյանը, մի անսպասելի և տարօրինակ համբերատարություն էր ցույց տալիս այդ սովորաբար աղմկասեր, իր զգացմունքներն ու մտքերը բուռն կերպով արտահայտող ամբոխը, որ այդ անգամ չէր վարակվում անգամ իր դաշնակցական առաջնորդների մերթ ընդ մերթ բաց թողած անհամբեր դեմագոգիկ բացականչություններից ու նկատողություններից։

Կարծես հրաշալի գավազանի զորությամբ դյութված՝ լուռ ու հանգիստ լսում էր այդ ամբոխը Շահումյանի հանդարտ հոսող ճառը, այդ ամբոխը, որ սովոր էր բանվորական կուսակցության ներկայացուցիչներին աղմկալի ատելությամբ ու շվոցներով դիմավորելու և ճանապարհ դնելու...

Ես այն ժամանակ լի էի նացիոնալիստական ու մանրբուրժուական նախապաշարումներով, ենթակա նացիոնալիզմի թունալի հմայքին։

Բայց պարզ հիշում եմ, որ մի տարօրինակ ուժ գրավում էր ինձ դեպի այդ սքանչելի մարդը, որի մտածողությունն ու զգացողությունը իմից բոլորովին տարբեր էին։ Կար նրա կեցվածքում, ձայնում, շեշտում, վերջապես զարմանալի դեմքում անսահման մի գրավչություն, անդիմադրելի մի հմայք...

Լինելով անծանոթ նրա անձնավորության և օտար նրա աշխարահայացին տասնյակ տարիների ընթացքում երկու անգամ միայն, այն էլ թռուցիկ կերպով, տեսնելով այդ մարդուն՝ ես միշտ հիշել եմ նրան մի տարօրինակ համակրանքի զգացմունքով, միշտ զգացել եմ նրա հմայքի ուժը...

***

Նրան ծանոթանալու բախտին ես արժանացա միմիայն Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին, երբ նա Պետերբուրգ էր եկել «Դեմոկրատիկ համաժողովին» մասնակցելու, և երբ մենք հանդիպեցինք արդեն իբրև կուսակցական ընկերներ:

Եվ իմ հոգում կրկին, բայց ավելի բուռն, ավելի հզոր թափով արթնացան հիացմունքի և սիրո այն զգացմունքները դեպի այդ մարդը, որի սիրելի պատկերը տարօրինակ կերպով միշտ կենդանի և վառ էի պահում ես իմ հուշերում դեռ այն ժամանակ, երբ բնավ ծանոթ չէի և միայն հեռվից հեռու տեսել էի նրան մի երկու անգամ։

Եվ ինձ թվում է, որ մեր բոլոր ընկերներն էլ նույնն էին զգում Ս. Շահումյանի ներկայությամբ — նույն ոգևորումն ու խանդավառությունը, նույն հատուկ քնքշությունը դեպի նա և լավ լինելու ցանկությունը...

Եվ հիշում եմ, թե որպիսի սիրով ու եռանդով մենք գործի կպանք, երբ փոքրիկ խորհրդակցություններից հետո որոշվեց ձեռք զարկել մի շարք ադիտացիոն բրոշյուրների հրատարակության, և երբ նա խոսք առավ մեզնից, որ երեք օրվա ընթացքում մեզնից ամեն մինը մի փոքրիկ բրոշյուր դրի չարաբախտ Հիմնադիր Ժողովի նախընտրական ավիտացիայի համար։

Եվ որպիսի՜ հրճվանքով էի մտածում ես այն նախընտրական տուրնեի մասին, որն ըստ մեր պայմանի պիտի կատարեինք Կովկասի քաղաքներում՝ մենք մի քանի ընկերներս Ստեփան Շահումյանի հետ միասին...

Սակայն այդ բախտին ես չարժանացա...

Եվ այժմ ինձ այնպես է թվում, որ դեռ պիտի տեսնեմ նրան, այդ ազնիվ, սիրելի, լուսեղեն մարդուն, որի սքանչելի պատկերը միշտ անջինջ, միշտ կենդանի է իմ հոգում, որի հմայիչ պատկերը երբեք չի կարող մոռանալ, ով երբևիցե բախտ է ունեցել տեսնել ու ճանաչել նրան — Ստեփան Շահումյանին...