Jump to content

Երիտասարդ Վերթերի տառապանքները/Գիրք երկրորդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երիտասարդ Վերթերի տառապանքները (Գիրք երկրորդ)
ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ

20 հոկտեմբերի 1771

Երեկ հասանք այստեղ։ Դեսպանորդը հիվանդ է և մի քանի օր տանն է մնալու։ Ամեն բան լավ կլիներ, եթե նա այդպիսի ճիվաղ չլիներ։ Ես զգում եմ, զգում, որ ճակատագիրն ինձ դաժան փորձությունների է ենթարկելու։ Ուրեմն, արդ՝ արիություն։ Անհոգ գլուխն ամեն բանի կդիմանա։ Անհոգ գլու՞խը; Նույնիսկ ծիծաղս եկավ, ինչպե՞ս նման բառեր դուրս թռան գրչածայրիցս։ Ավաղ, մի փոքր թեթևամտությունն ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը կդարձներ: Իսկապես, այնտեղ, ուր ոմանք իրենց չնչին կարողությամբ ու շնորհքով, ինքնագոհ հրճվանքով պոռոտախոսում են իմ առջև, ես կասկածամի՞տ լինեմ ուժերիս ու շնորհներիս նկատմամբ։ Ողորմած աստված, դա, որ այդքան շռայլորեն ես օժտել ինձ, ինչո՞ւ շնորհներիս կեսը ետ չես պահել ու փոխարենը ինքնավստահություն ու անխստապահանջություն տվել։

Համբերություն, համբերություն, ամեն բան լավ կլինի։ Դու միանգամայն իրավացի ես, սիրելիս։ Այն օրից, ինչ ողջ ժամանակս մարդկանց մեջ եմ անցկացնում ու տեսնում, թե նրանք ինչ են անում և ինչպես են իրենց պահում, շատ ավելի հանդուրժող եմ դառնում ինքս իմ նկատմամբ։ Անշուշտ, քանի որ մենք մի անգամ ընդմիշտ այնպես ենք ստեղծված, որ ամեն ինչ մեզ հետ և մեզ ամեն ինչի հետ ենք համեմատում, ապա թշվառությունն ու երջանկությունն էլ կախված են այն իրադրությունից, որով շրջապատված ենք մենք, և չկա ոչինչ, որ ավելի վտանգավոր լինի, քան մենակությունը։ Մեր երևակայությունը, որն իր բնույթով արդեն մշտապես ձգտում է վեր բարձրանալ իրականությունից, պոեզիայի ֆանտաստիկ պատկերներով սնվելով, մի ամբողջ շարք էակներ է ստեղծում, ուր մենք ամենաետիններն ենք, և բոլորը, մեզնից բացի, հրաշալի են երևում, նրանցից յուրաքանչյուրը մեզ կատարյալ թվում։ Եվ սա միանգամայն բնական է։ Մենք շատ հաճախ ենք զգում, թե որքան բան է մեզ պակասում, և հաճախ այն, ինչ պակասում է մեզ, տեսնում ենք ուրիշի մեջ, որին օժտում ենք հենց մեր ունեցածով, դրան ավելացնելով նաև հոգեկան մի իդեալական անխախտ հանգստություն։ Եվ մեր սեփական երևակայության երջանիկ ծնունդն ահա պատրաստ է։

Սակայն երբ մենք մեր ողջ տկարությամբ ու չարչարանքով, համառ աշխատելով, աոաջ ենք շարժվում, հաճախ տեսնում ենք, որ մեր դեգերումներով ու խուսանավելով, շա՜տ ավելի ճամփա ենք կտրել, քան մյուսներն իրենց մեծ նավարկումներով ու թիավարելով... և... հավասարվելով ուրիշներին, կամ նույնիսկ նրանցից աոաջ անցնելով, ինքնահաստատման ճշմարիտ մի զգացումով ենք համակվում։

26 նոյեմբերի 1771

Մի կերպ սկսում եմ համակերպվել տեղիս հետ: Լավագույնն այն է, որ գործս չի պակասում. բացի այդ, տեսակ-տեսակ մարդկանց, նորանոր տիպերի եմ հանդիպում, որոնք կարծես խայտաբղետ մի ներկայացում են խաղում իմ առջև։ Ծանոթացել եմ կոմս Կ-ի հետ, մի մարդու, որին օրըստօրե ավելի եմ հարգում. մի լայնախոհ, պայծառ, ուղեղ, որն ամենևին չի չորացել խոր գիտելիքներից, նրա վարվեցողությունից շարունակ սիրո և բարեկամության զգացմունք է շողշողում: Երբ պաշտոնական մի հանձնարարությամբ մոտն էի գնացել, նա իսկույն համակրանք ցուցաբերեց իմ նկատմամբ, առաջին խոսքից հենց նկատելով, որ մենք հասկանում ենք իրար և որ ամեն մեկի հետ չի կարող խոսել այնպես, ինչպես ինձ հետ է խոսում։ Սակայն խոսք չեմ գտնում նրա սրտաբաց վերաբերմունքն իմ նկատմամբ գովելու համար։ Արդարև, չկա աշխարհում ավելի ճշմարիտ, ավելի ջերմ ուրախություն, քան մեծ սիրտ տեսնելը, որն անկեղծորեն բացվում է քո առաջ։

24 դեկտեմբերի 1771

Դեսպանորդը շատ անախորժություններ է պատճառում ինձ, և ես այդ կանխատեսել էի։ Մի մանրախնդիր հիմար, որի նմանը չկա աշխարհում, հետևողական ու բծախնդիր պառաված աղջկա պես. մարդ, որը մշտապես դժգոհ է իրենից և որին ոչ ոք գոհացնել չի կարող։ Ես հեշտությամբ եմ աշխատում և գրածս գրած է. իսկ նա ընդունակ է շարադրանքս վերադարձնել ու ասել. «Լավ է, բայց մի անգամ էլ աչքի անցկացրեք, միշտ էլ կարելի է ավելի հաջող բառ կամ արտահայտություն գտնել։ Այստեղ է, որ կատաղությունս բռնում է։ Ոչ մի «և», ոչ մի «կապ» չի զիջում և անհաշտ թշնամի է բառերի շրջուն շարադասության, որ երբեմն սպրդում է գրչիս տակ. եթե պարբերությունը որոշակի եղանակով չկազմվի, նա ոչինչ չի հասկանա դրանից։ Կատարյալ տառապանք է նման մարդու հետ գործ ունենալը։

Միակ սփոփանքս կոմս ֆոն Կ-ի վստահությունն է։ Օրերս միանգամայն անկեղծորեն իր դժգոհությունը հայտնեց ինձ դեսպանորդիս դանդաղկոտությունից ու մանրախնդրությունից։ «Նման մարդիկ բարդացնում են թե իրենց, թե ուրիշների կյանքը,— ասաց նա,— սակայն ստիպված ենք համակերպվել, ինչպես այն ճանապարհորդը, որ լեռան վրայով պետք է անցնի. անշուշտ, եթե լեռն այդտեղ չլիներ, ճանապարհը շատ ավելի հարմար ու կարճ կլիներ, բայց քանի որ կա, պետք է վրայով անցնել»։

Ծերուկս զգում է, որ կոմսը նախապատվությունն իր նկատմամբ ինձ է շնորհում, դա զայրացնում է նրան, և նա իմ ներկայությամբ կոմսի մասին վատ խոսելու առիթր բաց չի թողնում. ես էլ, բնականաբար, հակառակորդին եմ պաշտպանում, և գործը դրանով ավելի է բարդանում։ Երեկ նա ինձ վերջնականապես բարկացրեց, որովհետև իմիջիայլոց նաև ինձ ակնարկեց. կոմսն, իբր, աշխարհիկ գործերում շատ հարմար է, հեշտությամբ է աշխատում ու գրչին վարժ տիրապետում, սակայն խոր գիտնականությունը պակասում է նրան, ինչպես բոլոր գեղագետներին։ Ըստ որում դեմքին մի այնպիսի արտահայտություն տվեց, կարծես ուզում էր ասել. «Խայթոցս զգացի՞ր»։ Սակայն դա ինձ վրա ամենևին չազդեց, ես արհամարհում եմ այն մարդկանց, որոնք կարող են այդպես մտածել և այդպես իրենց պահել։ Ես անդրդվելի մնացի ու բավական չոր պատասխան տվի։ Ասացի, թե կոմսը մի մարդ է, որն իր բնավորության ու գիտելիքների շնորհիվ ամենախոր ակնածանքի է արժանի։ Ես ոչ մի ուրիշ մարդ չեմ տեսել,— ասացի ես,— որն իր աշխարհայացքն այսպես լայնացնելու և այսքան բազմազան առարկաների վրա տարածելու բախտն ունենար ու միևնույն ժամանակ նույնքան գործունյա մնար առօրյա կյանքում»։ Բայց ասածս դեսպանորդի ուղեղի համար չինարեն էր, և ես շտապեցի հրաժեշտ տալ նրան, որպեսզի մի նոր անհեթեթությունից ավելի չբորբոքվեմ։

Եվ սրանում մեղավորը դուք բոլորդ եք, դուք այս լծի տակ քաշեցիք ինձ, շարունակ հորդորելով ու գործունեության մասին շաղակրատելով: Գործունեություն։ Եթե կարտոֆիլ ցանող և իր ցորենը վաճառելու համար քաղաք տանող երկրագործը շատ ավելի օգտակար գործ չի անում, քան ես, ապա համաձայն եմ տասը տարի էլ տաժանակիր աշխատել այս թիանավի վրա, որին գամված եմ այժմ։

Իսկ այս փայլուն աղքատամտությունը, իսկ այստեղ վխտացող նողկալի մարդկանց մեջ տիրող տաղտուկը, մանր փառամոլության ինչպիսի ձգտում, ինչպես են իրար հսկում, ինչպես հետամտում իրարից մի չնչին քայլ առաջ անցնելու համար, ողորմելի, խղճուկ կրքեր իրենց ամենաբացահայտ տեսքով։ Այստեղ մի կին կա, օրինակ, որ յուրաքանչյուրի մոտ այնպես է իր ազնվականությամբ ու կալվածքներով պարծենում, որ ամեն մի օտար մարդ պիտի մտածի. սա ուղղակի հիմար է, մի չնչին ազնվականությամբ ու կալվածքների հռչակով երևակայում է իրեն... Մինչդեռ վատթարագույնն այն է, որ այս կինը տեղիս գրագրի դուստրն է։ Հիրավի, չեմ կարող հասկանալ մարդկանց, որոնք այսքան գռեհիկ կերպով խայտառակվելու հիմարությունն են ունենում։

Թեև ես օրըստօրե ավելի ու ավելի եմ համոզվում, սիրելիս, որ ուրիշներին քեզնով դատելը հիմարություն է։ Առանց այն էլ ես այնքան փոթորկոտ սիրտ ունեմ և այնքան գլխացավանք ինքս ինձ հետ, որ գործ չունեմ ուրիշների հետ. թող նրանք իրենց ճամփով գնան, միայն թողնեն, որ ես էլ իմով գնամ։

Ինչն է ամենից շատ ինձ զայրացնում՝ հասարակական տհաճ հարաբերությունները։ Թեև ինքս էլ լավ գիտեմ, որքան կարևոր է դասերի զանազանությունը, որքան առավելություն է տալիս այն հենց ինձ. սակայն թող խոչընդոտ չհանդիսանան ճանապարհիս, երբ մի քիչ ուրախություն կամ երջանկության մի ցոլք կարող եմ վայելել այս աշխարհում։ Վերջերս զբոսանքի ժամանակ ծանոթացա մի ոմն օրիորդ ֆոն Բ-ի հետ, մի սքանչելի էակի, որը շատ բնականություն է պահպանել իր խստաբարո շրջանում։ Մենք զրույցի բռնվեցինք, դուր եկանք իրար, և բաժանվելիս նրան իր տանն այցելելու թույլտվություն խնդրեցի։ Նա այնպիսի անկեղծությամբ տվեց ինձ այդ թույլտվությունը, որ ես հազիվ սպասեցի նրան այցելելու պատշաճ առիթի։ Նա այստեղացի չէ և ապրում է իր հորաքրոջ տանը։ Հորաքրոջ դեմքն ինձ դուր չեկավ։ Ես նրա նկատմամբ շատ ուշադիր էի, խոսքս մեծ մասամբ նրան էի ուղղում և արդեն կես ժամ անց հասկացա այն, ինչը օրիորդը հետագայում հաստատեց անձամբ, որ սիրելի հորաքույրը իր առաջացած տարիքում չունենալով ոչ կարգին ունեցվածք, ոչ խելք, ոչ որևէ հենարան, բացի նախնիների պատկառելի շարքից, մի պաշտպանություն, բացի դիրքից, որով շրջապատված՝ ոչ մի ուրիշ հաճույք չունի, քան իր բարձունքից բյուրգերների գլուխների վրայով արհամարհական հայացքներ նետելը։ Երիտասարդ ժամանակ, հավանաբար, գեղեցիկ էր եղել ու բուռն կյանք վայելել, իր կամակորությամբ քանի-քանի խեղճ երիտասարդների տառապանքի պատճառ էր դարձել, իսկ հասուն տարիքում հլու-հնազանդ մտել էր մի ծեր սպայի լծի տակ, որն այս գնով ու տանելի ապրուստով նրա հետ իր պղնձյա դարն էր անցկացրել ու վախճանվել։ Այժմ իր երկաթյա դարում նա միայնակ էր, և, եթե եղբոր դուստրն այդքան սիրունատես չլիներ, նրա մենությունը երբեք ոչ ոք չէր խանգարելու։

8 հունվարի 1772

Ի՞նչ մարդիկ են նրանք, ում ողջ կյանքը միայն արարողությունների վրա է հիմնված և որոնց ուշքն ու միտքը տարիներ շարունակ միայն մի նպատակի է ուղղված, ինչպես սեղանի վերին գլխին մի աթոռ ձեռք բերեն։ Եվ ոչ թե որովհետև ուրիշ գործ չունեն, ընդհակառակը, գործերը շարունակ կուտակվում են հենց այն պատճառով, որ պաշտոնների փոփոխման ծանըր սրտնեղությունները խանգարում են մեծ գործերի կատարմանը։ Նախորդ շաբաթ սահնակ քշելիս վեճ տեղի ունեցավ, և մեր ամբողջ բավականությունը փչացավ։

Հիմարներ, որոնք չեն հասկանում, թե տեղն իսկապես ոչ մի նշանակություն չունի, և նա, ով աոաջին տեղն է գրավում, հազվադեպ է առաջին դերը խաղում։ Ինչպես որոշ թագավորների իրենց մինիստրներն են ղեկավարում, իսկ որոշ մինիստրների՝ իրենց քարտուղարները։ Եվ ո՞վ է սրանց մեջ առաջինը։ Կարծում եմ նա, ով մինչև աղն ու ծուծը ճանաչում է մյուսներին և այնքան ուժ կամ խորամանկություն անի, որ կարողանում է նրանց հզորությունն ու կրքերը իր ծրագրերի իրագործմանը ծառայեցնել։

20 հունվարի

Սիրելի Լոտտե, ստիպված եմ գրել ձեզ գյուղական մի խղճուկ իջևանատան խցիկից, ուր մտել եմ վատ եղանակից պատսպարվելու համար։ Այն օրից, ինչ դեգերում եմ այս տրտում Դ... խուլ քաղաքում, օտար, իմ սրտին խորապես օտար մարդկանց մեջ, ոչ մի, ոչ մի պահ չի եղել, որ սրտանց ուզենայի ձեզ նամակ գրել, իսկ այժմ այս մենության մեջ, այս հյուղակում փակված, երբ ձյունն ու կարկուտը մոլեգին հարվածում են իմ պատուհանին, դուք էիք իմ առաջին միտքը։ Ներս մտնելուն պես ձեր կերպարանքը կանգնեց իմ առջև, հիշողությունը ձեր մասին, օ, Լոտտե, այնքան սրբազան, այնքան ջերմագին ծայր առավ սրտումս: Ողորմած Աստված, առաջին երջանիկ պահն այս ընթացքում։

Եթե տեսնեիք ինձ, սիրելիս, զվարճալիքների այս հորձանուտում, ինչպես է չորանում հոգիս. սիրտս լցնող ոչ մի պահ, երանության ոչ մի ժամ, ոչինչ, ոչինչ։ Կարծես տիկնիկային թատրոնում եմ ու առջևս խռնվող մարդուկներ ու նժույգներ եմ տեսնում և հաճախ հարց եմ տալիս ինձ. արդյոք օպտիկական խաբկանք չէ՞ սա։ Ես էլ եմ խաղում այդ թատրոնում, ավելի ճիշտ՝ ինձնով, որպես մի խաղատիկնիկով, խաղում են ուրիշները, երբեմն բռնում եմ հարևանիս փայտյա ձեռքը և սարսռած ետ քաշվում։ Երեկոյան մտադրվում եմ արևի ծագումով հիանալ, բայց անկողնից վեր չեմ կենում, ցերեկը որոշում եմ լուսնի լույսով հրճվել, բայց մնում եմ իմ սենյակում։ Իսկապես չգիտեմ, ինչու՞ եմ վեր կենում, ինչու՞ եմ նորից պառկում քնելու:

Չկա կյանքս շարժման մեջ դնող թթխմորը, անհետացել է խոր գիշերներն ինձ անքուն պահող հրապույրը, կորել առավոտներն ինձ քնից արթնացնող գրգիռը։

Այստեղ միայն մի կին էակ գտա, որ արժանի է այդպես կոչվելու՝ օրիորդ ֆոն Բ-ին, նա ձեզ է նման, սիրելի Լոտտե, եթե միայն հնարավոր է ձեզ նման լինել։ «Օհո,— ասելու եք դուք,– սա նրբին հաճոյախոսել է սովորել»։ Եվ ինչ-որ չափով իրավացի կլինեք։ Արդեն բավական ժամանակ է, ինչ ես չափազանց սիրալիր եմ դարձել, քանի որ այլ կերպ լինել չեմ կարող, շատ սրամիտ եմ և տիկինների կարծիքով՝ ոչ ոք չի կարոդ այնքան նուրբ շողոքորթել, որքան ես («և ստել» կարող եք ավելացնել դուք, քանի որ առանց դրան բան դուրս չի գա, հասկանու՞մ եք)։ Սակայն ես օրիորդ Բ...ի մասին էի խոսում։ Նա շատ զգայուն հոգի ունի, որ լիուլի արտացոլվում է նրա կապուտակ աչքերում։ Նրա բարձր դիրքը միայն բեռ է իր համար, որ սրտի ոչ մի բաղձանքին բավարարություն չի տալիս։ Նա մշտապես ձգտում է հեռու լինել իր ունայն միջավայրից, և մենք ժամերով երազում ենք գյուղական վայրերի անխառն երջանկության մասին. ախ, նաև ձեր մասին։ Որքան հաճախ նա ստիպված է լինում մեծարել ձեզ, ոչ, ոչ թե ստիպված, այլ հոժարակամ մեծարում է ձեզ, սիրով լսում ձեր մասին, սիրում ձեզ...

Օ, երանի ձեր ոտքերի մոտ նստած լինեի ձեր մտերմիկ ու սիրուն սենյակում, և մեր սիրելի փոքրիկները պտույտ գային շուրջս ու եթե ձեզ թվար, թե շատ են աղմկում, սարսափազդու մի հեքիաթով հավաքեի շուրջս ու հանդարտեցնեի։

Արևը հոյակապ մայր է մտնում ձյունափայլ շրջակայքի վրա, փոթորիկն անցավ, և ես նորից պետք է փակվեմ իմ վանդակում։

Մնաք բարով։ Ալբերտը ձեզ մո՞տ է։ Եվ ի՞նչ... Թող աստված ների այս հարցիս համար։

8 փետրվարի

Արդեն ութ օր է, ինչ գարշելի եղանակ է մեզ մոտ, և դա ինձ ուրախացնում է։ Որովհետև այն օրից, ինչ ես այստեղ եմ, դեռ ոչ մի պայծառ օր չի եղել, որ որևէ մեկը չփչացնի կամ չթունավորի։ Իսկ հիմա, երբ անձրև է տեղում, ձյուն գալիս, բուք անում ու հալչում, ըհը, մտածում եմ ես, տանն ավելի վատ չի լինի, քան դուրսը և, ընդհակառակը, ավելի լավ եմ զգում ինձ։ Իսկ երբ արևը ծագում է առավոտյան ու պարզ օր խոստանում, երբեք չեմ կարողանում զսպել ինձ ու չգոչել. «Ահա մի նոր երկնային պարգև, որ մարդիկ պիտի աշխատեն հափշտակել իրարից»։ Եվ չկա աշխարհում ոչինչ, որ նրանք չհափշտակեն իրարից։ Առողջություն, բարի համբավ, ուրախություն, հանգիստ։ Եվ մեծ մասամբ տխմարությունից, բթությունից ու սահմանափակությունից, իսկ եթե իրենց լսես՝ լավագույն մտադրությունից դրդված։ Երբեմն ուզում եմ ծնկաչոք աղերսել նրանց, որ այդպիսի կատաղությամբ սեփական փորոտիքը չթափեն։

17 փետրվարի

Վախենում եմ, որ դեսպանորդս ու ես երկար չդիմանանք իրար։ Այս մարդն իսկապես անտանելի է։ Նրա աշխատանքի ձևը ու գործերը վարելու կերպը այնքան ծիծաղելի են, որ չես կարողանում ինձ զսպել, հակաճառում եմ նրան ու գործը հաճախ իմ խելքով ու իմ ձևով կատարում, որը և նրան, բնականաբար, դժգոհություն է պատճառում։ Այս առթիվ նա վերջերս բողոքել էր իմ դեմ արքունիքում, և մինիստրը հանդիմանել էր ինձ, թեև շատ մեղմ, բայց միևնույն է՝ հանդիմանել էր, և ես արդեն պատրաստվել էի հրաժարական տալ պաշտոնիցս, երբ մի անձնական նամակ ստացա նրանից, մի նամակ, որի ազնիվ, վեհ և իմաստուն բովանդակության առաջ խոնարհվում եմ։

Այս հարգարժան պարոնի նկատմամբ տածած պատկառանքից դրդված՝ վերոհիշյալ նամակը, ինչպես և մեկ ուրիշը, որի մասին կխոսվի հետագայում, հանված են այս ժողովածուից, քանի որ նման հանդգնությունը չի կարող ներվել նույնիսկ հասարակության ամենաջերմ շնորհակալությամբ:

Ինչպես է նա կշտամբում ինձ չափազանց դյուրագրգիռ լինելուս համար, ինչպես է իմ ծայրահեղ մտքերը օգտակար գործունեության, ուրիշների վրա ազդեցություն ունենալու, գործարքների մեջ թափանցելու մասին, որպես երիտասարդական ազնիվ եռանդ դիտելով, ոչ թե ուզում է արմատախիլ անել դրանք, այլ միայն մեղմել և այն ճանապարհով ուղղել, ուր նրանք իրենց իսկական դերը կկատարեն և արդյունավետ ներգործություն կունենան։ Այս նամակը ութ օր սիրտ տվեց ինձ ու խաղաղեցրեց։ Հոգու խաղաղությունը և ինքնագոհությունը հոյակապ բաներ են։ Եթե միայն այդ գոհարը նույնքան փխրուն չէ, որքան գեղեցիկ ու թանկարժեք, սիրելի բարեկամ։

20 փետրվարի

Աստված օրհնի ձեզ, սիրելիներս, և ինձնից խլած քաղցր օրերը թող ձեզ պարգևի։

Շնորհակալ եմ քեզ, Ալբերտ, որ խաբեցիր ինձ. ես լուրի էի սպասում ձեր հարսանիքի օրվա մասին և որոշել էի նույն օրը Լոտտեի ստվերանկարը հանդիսավոր կերպով պատից իջեցնել և ուրիշ թղթերի մեջ թաքցնել։ Այժմ դուք արդեն ամուսնական զույգ եք, իսկ նրա նկարը դեռ իր տեղում է: Եվ այդպես էլ պետք է մնա։ Եվ ինչու՞ չմնա։ Գիտեմ, ես էլ ձեզ հետ եմ, ձեզ հետ և առանց ձեզ խանգարելու Լոտտեի սրտում գրավում եմ, այո, գրավում եմ երկրորդ տեղը, ես ուզում եմ պահել և պետք է պահեմ այդ տեղը։ Օ, ես կխելագարվեմ, եթե նա մոռանա... Ալբերտ, այս մտքերս դժոխք են ինձ համար։ Մնաս բարով, Ալբերտ։ Մնաս բարով, երկնային հրեշտակ։ Մնաս բարով, Լոտտե։

15 մարտի

Ես մի անախորժություն ունեցա, որի պատճառով պետք է հեռանամ այստեղից։ Զայրույթից ատամներս եմ կրճտացնում։ Գրողը տանի։ Այս պատմությունը երբեք չի հարթվի, և դրանում էլ միմիայն դուք եք մեղավոր, քանի որ դուք էիք ինձ հրահրում, տանջում, ստիպում ստանձնել մի գործ, որն ամենևին իմ սրտովը չէր։ Հիմա ստացանք՝ և դուք, և ես։ Եվ որպեսզի, ինչպես միշտ, չասես, թե իմ բուռն բնավորությունն է ամեն բան փչացրել, խնդրեմ լսես, սիրելի պարոն, եղելությունը, որ պարզ ու հստակ պիտի նկարագրեմ տարեգրի պես։

Արդեն հայտնի է, ես էլ քեզ հարյուր անգամ ասած կլինեմ, որ կոմս ֆոն Կ...ն սիրում ու պատվում է ինձ։ Երեկ նրա տուն ճաշի էի հրավիրված, իսկ դա շաբաթվա հենց այն օրն է, որի երեկոները պարոնների ու տիկինների ազնվազարմ հասարակությունը նրան ատելության է գալիս. այդ հասարակության մասին ես չեմ էլ մտածել և այդ պատճառով մտքովս էլ չի անցել, որ մենք՝ ստորադասներս, այնտեղ գործ չունենք։ Շատ լավ: Ճաշեցի կոմսի մոտ, որից հետո ետ ու առաջ քսվեցինք մեծ դահլիճում, զրուցում էի կոմսի, գնդապետ Բ.–ի հետ, որը շուտով մեզ միացավ, այսպես հյուրերի գալու ժամը մոտեցավ։ Աստված վկա, մտքովս ոչինչ չէր անցնում։ Մեկ էլ ներս է մըտնում գերազնվագույն տիկին ֆոն Ս...ն իր ամուսնու և դստեր հետ, որը ձվից նոր ելած սագիկի պես մի աղջիկ է, տափակ կրծքով և սեղմ իրանով ձգված բարակ մեջքով, կողքիցս անցնում են իրենց ազնվազարմ աչքերը չռելով ու քթածակերն ուռցնելով, և, քանի որայս դասը խորապես ատելի է ինձ համար, իսկույն մեկնելու եմ պատրաստվում, միայն հրաժեշտ տալու համար եմ սպասում, որ կոմսը նրանց գարշելի շաղակրատանքից ազատվի, երբ դահլիճ է մտնում իմ օրիորդ Բ...ն։ Եվ որովհետև ամեն անգամ նրան տեսնելիս սիրտս մի քիչ բացվում է, ես չհեռացա, այլ գնացի ու նրա աթոռի ետևը կանգնեցի և միայն մի որոշ ժամանակ անց նկատեցի, որ նա մի տեսակ շփոթված, ավելի պակաս անբռնազբոս է խոսում ինձ հետ, քան սովորաբար։ Դա ինձ զարմացրեց։ «Մի՞թե սա էլ է նման բոլորին»,– մտածեցի ես վիրավորված և որոշեցի հեռանալ, բայց այնուամենայնիվ մնացի, որովհետև չէի ուզում դրան հավատալ, արդարացում էի փնտրում նրա համար և քաղցր մի խոսքի սպասում և... ո՞վ գիտե, թե էլ ինչու չհեռացա։ Այդ ընթացքում հյուրերն սկսեցին հավաքվել։ Բարոն Ֆ...ն Ֆրանց Աոաջինի թագավորության ժամանակների ողջ հանդերձանքով, հոֆրատ Ռ...ն, որին այստեղ պատիվ տալով, պարոն ֆոն Ռ... են անվանում, նրա խուլ տիկինը և ուրիշներ, չմոռանամ նաև ցնցոտիավոր Ի...ին, որն իր հին ֆրանկական հանդերձանքի ծակերին նորաձև կարկատաններ էր դրել, հյուրերը գնալով ավելի են խռնվում, ես փորձում եմ զրուցել ծանոթներիցս մի քանիսի հետ և տեսնում, որ բոլորն էլ չափազանց լակոնիկ են խոսում։ Ոչինչ չեմ հասկանում... և ուշադրությունս միայն իմ օրիորդ Բ...ն է գրավում։ Չեմ նկատում, որ դահլիճի մյուս ծայրում տիկինները փսփսում են իրար ականջի, որ սկսեցին փսփսալ նաև տղամարդիկ, որ տիկին ֆոն Ս...ն խոսում է կոմսի հետ (այս բոլորը օրիորդ Բ...ն հետագայում է պատմել ինձ), մինչև որ վերջապես կոմսն ինձ մոտեցավ ու պատուհանի մոտ տարավ: «Ձեզ հայտնի են մեր տարօրինակ հարաբերությունները,— ասաց նա,— նկատում եմ, որ հասարակությունը դժգոհ է ձեզ այստեղ տեսնելով։ Համենայն դեպս, ես չէի ցանկանա...»։ «Ջերդ գերազանցություն,– ընդհատեցի ես,— հազար ներողություն եմ խնդրում ձեզնից. ես ինքս վաղուց պետք է կռահեի, բայց գիտեմ, որ դուք կներեք այս անշրջահայացությանս համար. ես իսկույն էի ուզում հրաժեշտ տալ, բայց մի չար ոգի պահում էր ինձ»,— վրա բերեցի ես ժպտալով ու խոր գլուխ տվեցի։ Կոմսը ջերմագին սեղմեց ձեռքս, որով և ամեն բան ասվեց։ Ես աննկատ հեռացա ազնվագույն հասարակությունից, դուրս եկա, կառք նստեցի և գնացի Մ..., լեռան վրայից մայրամուտը դիտելու և իմ սիրելի Հոմերոսից այն սքանչելի երգը կարդալու, ուր Ուլիսը մի սրտաբաց խոզարածի մոտ է հյուրընկալվում։ Եվ ամեն բան հրաշալի է լինում։

Երեկոյան վերադառնում եմ ընթրիքի. իջևանատան հյուրասենյակում դեռ մի քանի հոգի կային, սրանք սփռոցը ետ գցած զառ էին խաղում սեղանի մի անկյունում։ Այդ պահին ներս է մտնում պատվական Ադելինը, տեսնելով ինձ, հանում է գլխարկը, մոտենում ինձ ու կամաց ասում. «Դու անախորժությու՞ն ես ունեցել»։ «Ե՞ս»,— հարցնում եմ ես։ «Կոմսը քեզ դուրս է արել իր տանից»։ «Գրողը դրանց տանի,– ասում եմ ես,– ես ինքս կամեցա մաքուր օդ դուրս գալ»։ «Լավ է, որ դու այդպես թեթևորեն ես ընդունում։ Միայն մի բան է տհաճ ինձ համար. այն, որ ամեն տեղ արդեն խոսում են այդ մասին»,— ասաց նա։ Այստեղ արդեն կրակ ընկավ սիրտս։ Ինձ թվում էր, թե սեղանի մոտ եկող ու ինձ նայող այցելուները հենց դրա համար են նայում ինձ: Եվ ես զայրանում էի։

Իսկ այսօր ուր գնացի, ինձ կարեկցեցին. նախանձողներս էլ, լսելովս, հրճվում են ու ասում. «Տեսեք, թե ուր է հասցնում ամբարտավանությունը, երբ մարդիկ պարծենում են իրենց չնչին խելքով և կարծում են, թե կարող են դրանով իրենց ամեն տեսակ մարդկային հարաբերություններից վեր դնել» և սրա նման այլ ստոր դատարկաբանություններ։ Այս բոլորից քիչ է մնում, որ մարդ դանակը սիրտը խրի. ինչ ուզում են թող ասեն ինքնավստահության մասին, բայց ես կուզենայի տեսնել այն մարդուն, որ կդիմանա իր մասին շաղակրատող ստահակներին, երբ սրանք առավելություն ունեն իր նկատմամբ, իսկ եթե այդ վայրահաչությունը անհիմն է, իհարկե, կարելի է այն արհամարհել։

16 մարտի

Բոլորը հալածում են ինձ։ Այսօր պուրակում օրիորդ Բ...ին հանդիպեցի, ինձ զսպել չկարողացա, որ չխոսեմ և, հենց որ մի փոքր հեռացանք հասարակությունից, այն օրվա իր վարքի կապակցությամբ վիրավորվածությունս հայտնեցի։ «Օ, Վերթեր,— սրտագին ձայնով ասաց նա,— մի՞թե կարելի է այդպիսի մեկնություն տալ իմ շփոթմունքին, երբ դուք ճանաչում եք իմ սիրտը։ Ինչ տառապանք կրեցի ձեր պատճառով, հենց այն պահից, որ դահլիճ մտա։ Ես ամեն բան կանխավ գուշակեցի և հարյուր անգամ փորձեցի ձեզ զգուշացնել։ Ես գիտեի, որ Ս... և Տ... տիկինները ավելի շուտ կգերադասեին իրենց ամուսինների հետ հեռանալ դահլիճից, քան ձեր ներկայությունը հանդուրժել, ես գիտեի, որ կոմսը չի կարող հարաբերությունները փչացնել նրանց հետ... հիմա էլ այս աղմուկը...»։ «Ի՞նչ աղմուկ, օրիորդ»,— թաքցնելով սարսափս, հարցրի ես, հիշեցի այն բոլորը, որ նախորդ օրը պատմել էր ինձ Ադելինը և այդ պահին թվաց, թե եռացրած ջուր է հոսում երակներովս: «Եվ ինչ նստեց այդ ինձ վրա,— արտասուքն աչքերում ասաց անուշ աղջիկը։ Ես այլևս ինձ չէի տիրապետում և պատրաստ էի ընկճել նրա ոտքերը։ «Պարզեք ձեր միտքը»,– բացականչեցի ես։ Արտասուքը հոսում էր նրա այտերով։ Ես կորցրել էի ինձ: Նա առանց թաքցնելու սրբում էր արտասուքը։ «Հորաքրոջս դուք ճանաչում եք,— սկսեց նա,— նա էլ այնտեղ էր և, օ, ինչ հայացքով էր դիտում կատարվածը։ Վերթեր, երեկ երեկոյան և այսօր առավոտյան վաղ ձեզ հետ ունեցածս ծանոթության համար ի՜նչ քարոզների ստիպված եղա դիմանալ, լսել ինչպես են ձեզ ստորացնում, նվաստացնում և միայն կիսով չափ կարողացա ձեզ պաշտպանել»։

Նրա արտասանած յուրաքանչյուր բառը սրի պես խրվում էր սիրտս: Նա չէր զգում, որքան ավելի գթասիրտ կլիներ, եթե այդ բոլորն ինձնից թաքցներ, և դեռ ավելացրեց, թե բամբասանքներն այլևս վերջ չեն ունենալու և որոշ տիպի մարդիկ չարախնդալու են ու հրճվելու։ Ինչպե՜ս պիտի մարդիկ այսուհետև ամբարտավանությանս և ուրիշներին արհամարհելու համար (որի պատճառով արդեն վաղուց են ինձ կշտամբում) կրածս պատժի վրա ծիծաղեն և ուրախանան։ Եվ այս բոլորը, Վիլհելմ, լսել նրանից ամենաանկեղծ կարեկցանքի ձայնով արտասանած... Ես ջախջախված էի, և մինչև այժմ կատաղած եմ։ Կուզենայի, որ մեկնումեկը համարձակվեր դեմ առ դեմ հանդիմանել ինձ, որպեսզի սուրս մինչև դաստակը մարմինը խրեի, արյուն տեսնելով միայն ես կհանդարտվեմ։ Ախ, հարյուր անգամ եմ դանակ վերցրել, որ այս ճնշված սրտիս ազատություն տամ։ Ասում են, որ մի ազնիվ ցեղի նժույգներ կան, որոնք չափազանց տաքացած ու հալածված ժամանակ բնազդորեն կծում են իրենց երակը, որպեսզի շունչ առնեն։ Ես էլ եմ հաճախ այդպես. ուզում եմ բանալ երակս, որպեսզի հավիտենական ազատություն ձեռք բերեմ։

24 մարտի

Հրաժարականով դիմեցի արքունիքին և հուսով եմ, որ կընդունվի, իսկ դուք ստիպված պիտի լինեք ներել ինձ, որ ձեզնից նախապես թույլտվություն չխնդրեցի։ Ես կտրականապես պետք է հեռանամ, և այն բոլորը, որ դուք ասելու եք ինձ այստեղ պահելու համար, նախապես գիտեմ, հետևապես... Ամենանուրբ ձևով հասկացրու մորս, որ ես ինքս ինձ չեմ կարողանում օգնել, ուրեմն պետք է համակերպվի, եթե իրեն էլ չեմ կարող օգնել։ Անշուշտ, որդու փայլուն առաջընթացը, որ նրան ուղիղ դեպի խորհրդականի կամ դեսպանորդի պաշտոնը պիտի տաներ, հանկարծ կտրուկ ընդհատված և հեծած նժույգը նորից ետ՝ ախոռը տարած տեսնելը նրան ցավ կպատճառի։ Բայց ինչ ուզում եք արեք, բոլոր հնարավոր պայմանները զուգորդեք ու հորինեք, թե որ դեպքում ես կարող էի ու պետք է մնայի իմ տեղում, միևնույն է, ես մեկնում եմ, իսկ որպեսզի իմանաք, թե ուր, հաղորդում եմ, որ այստեղ է գտնվում իշխան ***, որին շատ հաճելի է իմ ներկայությունը, լսելով մտադրությունս, նա ինձ հրավիրեց իր կալվածքը, մի գեղեցիկ գարուն իր հետ անցկացնելու։ Խոստացավ, որ ինձ միանգամայն ազատ է թողնելու և, որովհետև շատ հարցերում համամիտ ենք իրար, որոշեցի փորձել բախտս ու նրա հետ մեկնել։ Որպես տեղեկություն

19 ապրիլի

Շնորհակալ եմ զույգ նամակներիդ համար։ Ես քեզ չեմ պատասխանել ու նամակս չեմ ուղարկել մինչև հրաժարականիս պատասխանը ստանալը, վախենում էի, որ մայրիկս մինիստրին կդիմի և ծրագրերս կխանգարի։ Բայց հիմա ամեն բան ավարտված է, հրաժարականըս՝ ընդունված։ Չեմ ուզում պատմել, թե ինչ դժկամությամբ տրվեց ինձ այն, և թե ինչ է գրում ինձ մինիստրը... Գիտեմ, որ նորից պիտի սկսեք տրտնջալ։ Թագաժառանգը հրաժեշտի առթիվ ինձ քսանհինգ դուկատ է ուղարկել՝ հետն էլ մի երկտող, որ ինձ ծայր աստիճան հուզեց, այսպիսով այլևս կարիք չունեմ այն գումարի, որ օրերս խնդրել էի մայրիկից։

5 մայիսի

Վաղը ես հեռանում եմ այստեղից, բայց քանի որ ծննդավայրս բանուկ ճանապարհից ընդամենը վեց մղոնի վրա է գտնվում, ապա նորից կուզենայի տեսնել այդ վայրը և հեռավոր, երջանիկ ու երազկոտ օրերը հիշել։ Ես կմտնեմ այն նույն դարպասից, որից մայրս դուրս եկավ ինձ հետ, երբ հորս մահից հետո որոշեց լքել մեր սիրելի, հաճելի բնակավայրը, որպեսզի փակվի իր անտանելի քաղաքում։ Մնաս բարով, Վիլհելմ, ես քեզ կհաղորդեմ ճանապարհորդությանս մասին։

9 մայիսի

Ուխտագնացությունս դեպի ծննդավայրս մի իսկական ուխտավորի ջերմեռանդությամբ իրագործեցի, և ինձ ամենաանսպասելի զգացմունքներ համակեցին։ Քաղաքից քառորդ ժամվա հեռավորության վրա, դեպի Ս... տանող ճանապարհին, վիթխարի լորենու մոտ կառքը կանգնեցրի, ցած իջա ու կառապանին կարգադրեցի աոաջ շարժվել, որպեսզի, ոտքով քայլելով, վերստին սրտագին ու կենդանի հիշողություններս վայելեմ։ Ահա կանգնած եմ լորենու տակ, որը մանկությանս օրերի զբոսանքների նպատակակետն ու սահմանն էր։ Բայց ինչպես էր ամեն բան փոխվել։ Այն ժամանակ երջանիկ անգիտությամբ դեպի դուրս՝ անծանոթ աշխարհն էի ձգտում, հուսալով, որ այնտեղ այնքան սնունդ, այնքան վայելք կգտնեմ սրտիս համար, որ խռովահույզ ու ծարավի հոգիս կհագեցնեմ ու կխաղաղեցնեմ։ Իսկ այժմ, բարեկամս, վերադառնում եմ լայնարձակ աշխարհից տապալված ծրագրերիս ու կործանված հույսերիս կսկիծը սրտիս... Առջևս այն լեռներն եմ տեսնում, որոնք հազար-հազար անգամ տենչանքներիս առարկան են եղել։ Ժամեր շարունակ կարող էի այստեղ նստել, դիմացի լեռները անձկությամբ դիտել և ամբողջ հոգով դաշտ ու անտառին ձուլվել, որոնք իմ աչքին այդքան կիսախավար ու մտերմիկ էին պատկերվում. իսկ երբ գալիս էր տան վերադառնալու ժամը, ինչ դժկամությամբ էի թողնում սիրածս տեղը... Ես մոտենում էի քաղաքին, ողջունելով ինձ ծանոթ բոլոր պարտեզների մեջ թաղված տնակները, նորերը, ինչպես և այն ժամանակվանից տեղի ունեցած բոլոր այլ փոփոխությունները, զզվելի էին ինձ համար։ Ներս մտա դարպասից և իսկույն ինձ տանն զգացի։ Սիրելի բարեկամ, մանրամասնությունների մեջ չեմ ուզում մտնել. որքան սքանչելի էր այդ ինձ համար, նույնքան տաղտկալի կարող է թվալ քեզ պատմությանս մեջ։ Ես վճռեցի հրապարակում՝ մեր հին տան կողքին, բնակվել: Անցնելիս նկատեցի, որ այն դասասենյակը, ուր ազնիվ ծեր կինը հավաքում էր մեզ՝ դասը վարելու, մանրածախ ապրանքների կրպակի են վերածել։ Հիշեցի, թե որքան տագնապներ, արտասուք, թյուրիմացություն, սարսափներ եմ կրել ես այս բնում։ Ամեն քայլափոխիս մի նշանակալից բանի եմ հանդիպում։ Սրբազան վայրերն այցելող ուխտագնացը հազիվ թե այսքան սուրբ հիշատակների հանդիպի, և նրա հոգին այսպիսի երկյուղածությամբ լցվի։ Հազարից միայն մեկը պատմեմ։ Գետափով դեպի ցած իջա, մինչև հասա ծանոթ մի ագարակի. մի ժամանակ դա իմ սովորական ճանապարհն էր, սա էր այն վայրը, որտեղից մենք՝ տղաներս, մարզվում էինք տափակ քարերը ջրի մեջ այնպես նետելու մեջ, որ ցայթուքները շատ լինեն։ Ես աշխուժորեն մտաբերեցի, ինչպես երբեմն գետափին կանգնած ջրերին էի նայում ու ի՜նչ հրաշալի կռահումներով նրանց ընթացքին հետևում, ի՜նչ արկածային նրանց անցած երկրները պատկերացնում, և ինչպես, ի վերջո, երևակայությունս շուտով իր վախճանին էր հասնում, սակայն ես պետք է շարունակեի ճանապարհս, շարունակեի ,մինչև անտեսանելի հեռուների հայեցման մեջ ինքս լիովին ինձ կորցնեի։ Տեսնու՞մ ես, սիրելիս, այսպես էլ սահմանափակ ու երջանիկ են եղել մեր հոյակապ նախահայրերը. այսքան մանկամիտ նրանց զգացմունքներն ու ստեղծագործությունները։ Երբ Ուլիսը անսահման ծովի ու անծայրածիր երկրի մասին է խոսում, դա այնքան ճշմարտացի, մարդկային, անկեղծ, միամիտ ու խորհրդավոր է հնչում։ Իսկ ինձ ինչ օգուտ, եթե ես այժմ յուրաքանչյուր դպրոցականի հետ կարող եմ կրկնել, որ երկիրը կլոր է։ Մարդուն միայն մի փոքրիկ հողակտոր է պետք, բարեբախտ կյանք վարելու՝ և դրանից էլ քիչ, նրանում հանգիստ գտնելու համար։

Իսկ այժմ ես բնակվում եմ իշխանի որսորդական դղյակում։ Իշխանի հետ կարելի է հաշտ ու խաղաղ ապրել, քանի որ անկեղծ ու պարզ մարդ է։ Միայն տարօրինակ մարդիկ են նրան շրջապատում, որոնց հասկանալ չեմ կարողանում։ Հազիվ թե սրիկաներ լինեն, բայց պատվական մարդկանց էլ նման չեն։ Երբեմն ինձ ազնիվ են թվում, բայց վստահել նրանց չեմ կարող։ Ինձ ցավ է պատճառում նաև այն, որ իշխանը հաճախ խոսում է այն բաների մասին, որոնց մասին միայն լսել է կամ կարդացել և դատողություններ անում ուրիշների տեսակետ- ներից ելնելով։

Իմ մեջ էլ նա գնահատում է խելքս ու շնորհքներս շատ ավելի, քան սիրտս, որն իմ միակ հպարտությունն է և միակ աղբյուրը ողջ զորությանս, ողջ երանությանս ու ողջ թշվառությանս։ Ախ, այն, ինչ ես գիտեմ, բոլորն էլ կարող են իմանալ, բայց այսպիսի սիրտ միայն ես ունեմ։

25 մայիսի

Ես մի մտադրություն ունեի, որի մասին ձեզ ոչինչ չէի ուզում ասել մինչև իրագործելս. այժմ, երբ դրանից բան դուրս չեկավ, արդեն միևնույն է։ Ուզում էի պատերազմ գնալ, դա իմ վաղեմի ցանկությունն էր։ Հենց այդ նպատակով էլ, գլխավորապես, իշխանի հետ եկա այստեղ, քանի որ նա ***–ական ծառայության գեներալ է։ Մի զբոսանքի ժամանակ մտադրությունս հայտնեցի նրան, նա ինձ հակառակեց, և ես միայն այն դեպքում կարող էի հաշվի չառնել նրա բերած փաստարկները, եթե մտադրությունս կիրք լիներ և ոչ քմահաճ ցանկություն։

11 հունիսի

Ինչ ուզում ես ասա, բայց ես այլևս չեմ կարող այստեղ մնալ։ Ի՞նչ անեմ այստեղ։ Ձանձրանում եմ։ Իշխանն ինձ հետ այնքան լավ է վարվում, որքան որ հնարավոր է, և, այնուամենայնիվ, ես իմ տեղում չեմ։ Իսկապես ասած, մենք ոչ մի ընդհանուր բան չունենք։ Նա անշուշտ խելոք մարդ է, բայց սովորական իմաստով. նրա ներկայությունը հետաքրքրում է ինձ ոչ ավելի, քան ճարտար ձեռքով գրած գրքի ընթերցումը։ Ութ օր էլ կմնամ այստեղ ու նորից թափառական կյանքիս կվերադառնամ: Ամենալավ բանը, որ այստեղ արեցի, նկարչությունս էր։ Իշխանն արվեստ զգացող մարդ է, և շատ ավելի լավ կզգար, եթե նողկալի գիտական հասկացողությունների ու մաշված տերմինաբանության ոլորտով չսահմանափակվեր։ Երբեմն զայրույթից կրճտացնում եմ ատամներս, երբ ամենավառ երևակայությամբ բնության ու արվեստի խնդիրներն եմ լուսաբանում, իսկ նա, փայլելու նպատակով, հանկարծ արվեստի մի տափակ բառ է արտասանում։

16 հունիսի

Ճիշտ է, ես միայն մի թափառաշրջիկ եմ, մի պանդուխտ այս աշխարհում։ Բայց մի՞թե դուք ավելին եք։

18 հունիսի

Ու՞ր եմ ուզում գնալ։ Որպես գաղտնիք կարող եմ քեզ հայտնել։ Դեռ տասնչորս օր պետք է այստեղ մնամ, հետո ինքս ինձ խաբում եմ, իբր ուզում եմ ***–յան հանքերը տեսնել, սակայն իրականում նորից ուզում եմ Լոտտեին մոտ լինել, ահա բոլորը: Ծիծաղում եմ սեփական սրտիս վրա... ու նրա կամքը կատարում։

29 հուլիսի

Ոչ, այսպես լավ է, ամեն բան լավ է։ Եթե ես նրա ամուսինը լինեի՜։ Օ, տեր աստված, որ ստեղծել ես ինձ, եթե այդ երանությունն ինձ շնորհեիր, ողջ կյանքս մի անհատնում աղոթք էր լինելու։ Ես չեմ տրտնջում, ներիր ինձ այս արտասուքիս, ներիր ապարդյուն երազանքներիս համար։ Եթե նա իմ կի՜նը լիներ։ Եթե ես աշխարհիս ամենահրաշալի էակին գրկեի... Ողջ մարմնովս սարսուռ է անցնում, Վիլհելմ, երբ Ալբերտը գրկում է նրա քնքուշ մեջքը։

Եվ, ասե՞մ, արդյոք, ճշմարտությունը։ Ինչու չասեմ, Վիլհելմ։ Նա ինձ հետ շատ ավելի երջանիկ էր լինելու, քան Ալբերտի հետ։ Օ՜, նա այն մարդը չէ, որ այդ սրտի բոլոր իղձերը կատարի: Զգայունության մի թերություն ունի նա, մի թերություն... ինչպես կուզես հասկացիր, նրա սիրտը նույն համակիր զգացմունքով չի բռնվում, ասենք թե, սիրելի գրքի մի տեղում, ուր իմ ու Լոտտեի սրտերը համահնչուն են բաբախում. և հարյուրավոր այլ դեպքերում, երբ պատահում է, որ արտահայտում ենք մեր զգացմունքները մի երրորդի վարքի կապակցությամբ։ Դրա փոխարեն, սիրելի Վիլհելմ, նա սիրում է Լոտտեին ամբողջ հոգով, իսկ այդպիսի սերը ինչի՞ միայն արժանի չէ...

Մի անտանելի մարդ ընդհատեց ինձ։ Արտասուքս չորացավ։ Ցրվեցի։ Մնաս բարով, սիրելիս։

4 օգոստոսի

Միայն իմ բախտը չէ այսպես։ Բոլորի սպասելիքներն էլ ի դերև են ելնում, բոլորն էլ հուսախաբ լինում։ Ես այցելեցի իմ ծանոթ կնոջը լորենու ստվերի տակ գտնվող տնակում։ Ավագ որդին ինձ ընդառաջ վազեց, նրա ուրախացած կանչը տանից դուրս բերեց և մորը։ Նա չափազանց վհատված տեսք ուներ և նրա առաջին բառերն էին. «Ախ, բարի պարոն, Հանսս վախճանվեց»։ Հանսը նրա որդիներից ամենակրտսերն էր։ Ես լուռ էի։ «Իսկ ամուսինս,— շարունակեց նա,– դատարկաձեռն վերադարձավ Շվեյցարիայից և, եթե բարի մարդիկ չպատահեին, մուրացկանություն պիտի աներ ճանապարհներին։ Տենդով հիվանդ էլ վերադարձավ»։ Ոչ մի բառ չկարողացա արտասանել, միայն մի քիչ մանր դրամ տվեցի փոքրիկին, կինը խնդրեց ինձ մի քանի խնձոր վերցնել, ես վերցրի ու տխուր հիշատակների վայրից հեռացա։

21 օգոստոսի

Ամեն ակնթարթի հետ փոփոխվում եմ նաև ես։ Երբեմն կյանքի մի ուրախ նշույլ առկայծում է իմ հոգում, բայց, ավաղ, միայն մի ակնթարթ։ Երբ երազների մեջ եմ ընկղմվում, գլխումս անզուսպ մի միտք է ծագում, ինչ կլինի, եթե Ալբերտը մեռնի։ Ես կդառնամ... այո, նա կդառնա... և վազում եմ այս պատրանքի ետևից, մինչև այն ինձ անդունդի եզերքն է հասցնում, որտեղից սարսափահար ես ետ եմ նահանջում։

Իսկ երբ դուրս եմ գալիս քաղաքից այն ճանապարհով, որով առաջին անգամ Լոտտեին պարահանդես տարա, որքան ամեն բան փոխված եմ տեսնում։ Ամեն, ամեն բան անցած է արդեն։ Անցյալ աշխարհի և ոչ մի ակնարկ, այնօրյա զգացմանս և ոչ մի երակազարկ։ Ես ինձ այնպես եմ զգում, ինչպես կզգար իրեն հանգուցյալ իշխանի ոգին, վերադառնալով իր հրկիզված ու ավերված դղյակը, որը կառուցել էր իր տիրակալության ծաղկուն օրերին, ամենայն շքեղությամբ զարդարել և մեռնելիս՝ լիահույս սիրասուն որդուն ժառանգել։

3 սեպտեմբերի

Երբեմն չեմ հասկանում, ուրիշն ինչպե՞ս կարող է, ինչպե՞ս է հանդգնում սիրել նրան, երբ ես այսքան սրտագին, այսքան խոր և բացառապես միայն նրան եմ սիրում, ուրիշ ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ ճանաչում և չունեմ նրանից բացի։

4 սեպտեմբերի

Այդպես է, այո։ Ինչպես բնությունն է դեպի աշուն թեքվում, այդպես էլ իմ մեջ ու իմ շուրջն է աշուն։ Տերևներս սկսել են դեղնել, իսկ մոտակա ծառերի տերևներն արդեն սկսել են թափվել։ Կարծեմ, այստեղ գալուցս անմիջապես հետո գրել եմ քեզ մի գյուղացի տղայի մասին։ Այժմ ես նորից հետաքրքրվեցի նրանով Վալհայմում. ինձ ասացին, որ նրան դուրս են արել գործից, և այլևս ոչ ոք ոչինչ չգիտի նրա մասին։ Երեկ պատահաբար հանդիպեցի նրան մի այլ գյուղի ճանապարհի, խոսեցրի, և նա պատմեց ինձ իր պատմությունը, որն ինձ կրկնակի ու եռակի հուզեց, ինչպես դու հեշտությամբ կհասկանաս իմ վերապատմումից։ Ի դեպ, ինչի՞ համար, ինչու՞ սրտիս խորքում չեմ թաքցնում այն, ինչը անհանգստացնում ու վիրավորում է ինձ. ինչու՞ եմ վշտացնում նաև քեզ. ինչու՞ եմ շարունակ ինձ կարեկցելու և հանդիմանելու առիթ տալիս քեզ։ Բայց թող այդպես լինի, երևի սա էլ է իմ ճակատագիրը։

Սկզբում խաղաղ տխրությամբ, որում մի փոքր էլ վեհերոտություն էր նկատվում, տղան պատասխանում էր իմ հարցերին, սակայն շատ շուտով սիրտ առավ, կարծես միանգամից հիշեց մեր ծանոթությունը և խոստովանեց իր մեղքերն ու բողոքեց իր դժբախտությունից։ Երանի թե կարողանայի, բարեկամ, նրա յուրաքանչյուր բառը քո դատաստանին ներկայացնել։ Նա խոստովանեց, այո, կարծես երջանկությամբ փայփայելով իր հիշողությունները, պատմեց, որ իր տիրուհու նկատմամբ տածած կիրքը աճում էր օրեցօր, որ ի վերջո չգիտեր, թե ինչ է անում, և, ինչպես ինքն արտահայտվեց, չգիտեր՝ գլուխն առնի ո՞ւր կորչի։ Ոչ ուտել էր կարողանում, ոչ խմել, ոչ էլ քնել։ Կերածը կոկորդում էր մնում, նա անում էր այն, որ չպիտի աներ, իսկ այն, ինչ հանձնարարում էին, մոռանում էր անել, կարծես մի չար ոգի էր նրան հալածում, մինչև որ մի օր, իմանալով, որ տիրուհին վերին խուցն է բարձրացել, հետևել էր նրան կամ, ավելի ճիշտ, ներքին մի ուժ մղել էր նրան տիրուհու ետևից, և քանի որ տիրուհին նրա աղերսանքներին ականջ չէր դրել, որոշել էր բռնի ուժով տիրանալ նրան, նա չէր հիշում, թե ինչ էր պատահել իրեն և վկա էր կանչում աստծուն, որ իր մտադրությունները նրա նկատմամբ միշտ էլ ազնիվ են եղել և որ ոչինչ այնպիսի անձկությամբ չի տենչացել, ինչպես ամուսնանալ ու ողջ կյանքն ապրել նրա հետ։ Որոշ ժամանակ այսպես խոսելուց հետո, նա հանկարծ սկսեց կմկմալ, կարծես մի բան էլ ուներ ասելու, բայց չէր համարձակվում. ի վերջո նա, ամաչելով, ինձ հաղորդեց, որ տիրուհին թույլ էր տալիս իրեն որոշ ազատություններ և հանդուրժում էր որոշակի մտերմություն։ Նա մի երկու-երեք անգամ ընդհատեց խոսքը և նորից ու նորից երդվեց, որ այս բոլորն ասում է ո՛չ թե նրան սևացնելու համար, ինչպես ինքն արտահայտվեց, քանի որ առաջվա պես սիրում ու հարգում է նրան, որ նման բառեր երբեք դուրս չէին գա նրա բերանից, եթե միայն չուզենար ինձ ապացուցել, թե ինքը լիովին այլասերվածի ու հիմարի մեկը չէ։ Եվ այստեղ, սիրելի բարեկամ, ես նորից իմ հին երգն եմ սկսում, որ պիտի կրկնեմ հավիտյան. եթե կարողանայի նկարագրել այս մարդուն այնպես, ինչպես կանգնած էր և ինչպես դեռ մնում է կանգնած իմ առջև։ Եթե կարողանայի ճշտությամբ ամեն բան պատմել այնպես, որ դու զգայիր, թե ինչպես է հուզում ինձ և պետք է հուզի նրա ճակատագիրը։ Բայց բավական է, քանի որ դու իմ ճակատագիրն էլ գիտես, ինձ էլ գիտես, ապա լավ կիմանաս նաև, թե ինչն է ինձ դեպի բոլոր դժբախտները և հատկապես դեպի այս դժբախտը ձգում։

Վերընթերցելով նամակս, տեսա, որ մոռացել եմ պատմությանս վերջը հաղորդել, թեև դժվար չէ այն կռահել։ Տիրուհին դիմադրում է. վրա է հասնում եղբայրը, որը վաղուց է ատում իմ ծանոթին, վաղուց է ուզում դուրս քշել տնից, քանի որ վախենում էր, որ քրոջ նոր ամուսնությունն իր երեխաներին կզրկի ժառանգությունից, որի հետ քրոջ անզավակության պատճառով մեծ հույսեր են կապում այժմ, եղբայրն իսկույն հրմշտելով դուրս է անում սրան և այդ բանի շուրջն այնպիսի աղմուկ բարձրացնում, որ տիկինը, եթե ուզենար էլ, չէր կարողանա ետ ընդունել նրան։ Այժմ նա մի ուրիշ աշխատավոր է վարձել, որի պատճառով, ասում են, էլի գժտվում է եղբոր հետ, և բոլորը միաբերան պնդում են, թե տիկինը որոշել է ամուսնանալ նրա հետ, սակայն սա հաստատ վճռել է, որ երբեք այդ չի հանդուրժի։

Այն, ինչ քեզ պատմեցի, ամենևին ոչ չափազանցված է, ոչ էլ մեղմացված, ընդհակառակը, կարող եմ ազատ ասել, որ աղոտ, շատ աղոտ եմ պատմել և նույնիսկ գռեհկացրել, որովհետև մեր մեջ ընդունված բարոյական արտահայտություններն եմ հարմարեցրել։

Ուրեմն այսպիսի սերը, այսպիսի նվիրվածությունը, այսպիսի կիրքը ամենևին էլ պոետական հորինվածք չէ։ Այն գոյություն ունի, ապրում է իր անբիծ մաքրությամբ այն դասի մարդկանց մեջ, որոնց մենք անկիրթ ու գռեհիկ ենք անվանում։ Իսկ մենք՝ կրթվածներս, աղավաղվել, ոչինչ ենք դարձել։ Խնդրում եմ քեզ, երկյուղածությամբ կարդա այս պատմությունը: Այսօր, այս պատմությունը գրի առնելիս, ես շատ հանգիստ եմ. դու այդ տեսնում ես իմ ձեռագրից. ոչ խզբզում եմ, ոչ էլ թանաք կաթեցնում, ինչպես առաջներում։ Կարդա, սիրելիս, և մտածիր, որ սա նաև քո բարեկամի պատմությունն է։ Այո, ես այս նույն վիճակում եմ լինելու, թեև կիսով չափ անգամ չունեմ ոչ քաջությունը, ոչ էլ վճռականությունը այս թըշ- վառի, որի հետ նույնիսկ չեմ համարձակվում ինձ համեմատել։

5 սեպտեմբերի

Լոտտեն մի երկտող էր գրել ամուսնուն, որը գործով գյուղ էր գնացել։ Երկտողն սկսվում էր այսպես. «Սիրելիս, աննմանս, որքան կարող ես շուտ արի, անասելի հրճվանքով եմ քեզ սպասում»։ Մի բարեկամ, որ այդ պահին եկել էր գյուղից, հաղորդել էր, թե որոշակի պատճառներից դրդված Ալբերտն այդքան շուտ չի կարող վերադառնալ։ Երկտողը չէր ուղարկվել և երեկոյան ընկավ իմ ձեռքը։ Ես այն կարդացի ու ժպտացի. Լոտտեն հարցրեց, թե ինչու՞ եմ ժպտում։ «Իրոք որ երևակայությունը մի աստվածային պարգև է,— բացականչեցի ես,— մի պահ ես պատկերացրի, թե երկտողն ինձ է ուղղված»։ Նա ինձ ընդհատեց, ասածս, ըստ երևույթին, տհաճ էր իրեն, ես էլ պապանձվեցի։

6 սեպտեմբերի

Ինձ համար շատ դժվար էր վճիռ ընդունել և վրայիցս հանել այն պարզ կապույտ ֆրակը, որով առաջին անգամ պարել էի Լոտտեի հետ, սակայն, ի վերջո, այն բոլորովին անվայել էր դարձել։ Պատվիրեցի ճիշտ նույնպիսին, ինչպես նախորդը, նույնպիսի օձիքով ու թևածալերով և նույնպիսի դեղին ժիլետով ու տաբատով։

Բայց սիրտս դրան չկպավ։ Չգիտեմ... Թերևս ժամանակի ընթացքում դա էլ սիրելի դառնա ինձ։

12 սեպտեմբերի

Նա մի քանի օր բացակա էր, գնացել էր Ալբերտին բերելու։ Այսօր մտա նրա սենյակը, նա ինձ ընդառաջ եկավ, և ես սրտագին համբուրեցի նրա ձեռքը։

Մի դեղձանիկ թռավ հայելու վրայից ու նստեց նրա ուսին։ «Ահա մի նոր բարեկամ,— ասաց նա ու դեղձանիկին ձեռքն առավ,— փոքրիկներիս համար եմ բերել։ Տեսեք, ինչ սիրունիկն է։ Երբ հաց եմ տալիս, թափահարում է թևերն ու հնազանդ կտցում։ Եվ համբուրում է ինձ, տեսեք»։

Նա շրթունքները երկարեց թռչնակին, և սա այնքան քնքուշ հպվեց քաղցրիկ շրթունքներին, կարծես զգում էր իրեն տրված երանությունը։

«Թող ձեզ էլ համբուրի»,— ասաց նա ու թռչնակին ինձ մեկնեց։ Փոքրիկ կտուցը ճամփա կտրեց նրա բերանից դեպի իմ բերանը,– և նրա կտցով հպումը կարծես սիրառատ արբեցման մի շունչ, մի կանխազգացում լիներ ինձ համար։

«Բայց սրա համբույրը զուրկ չէ ընչաքաղցությունից,– ասացի ես,– սա սնունդ է փնտրում, և դատարկ փաղաքշանքը չի բավարարում իրեն»։

«Սա հենց իմ բերանից է ուտում»,– ասաց նա ու մի քանի փշուր մեկնեց թռչնակին, առնելով դրանք իր շրթունքներին, որոնց վրա անմեղ ու կարեկից սիրո ժպիտն էր թրթռում։ Ես դեմքս շրջեցի։ Նա այդ չպետք է անի։ Չպետք է երևակայությունս երկնային անմեղության ու երանության պատկերներով գրգռի, չպետք է արթնացնի սիրտս քնից, ուր երբեմն ընկղմում է նրան կյանքի նկատմամբ ունեցածս անտարբերությունը... Բայց ինչո՞ւ չանի... Քանի որ միանգամայն վստահ է ինձ վրա և քաջ գիտե, թե որքան եմ իրեն սիրում։

15 սեպտեմբերի

Ուղղակի կատաղում եմ, Վիլհելմ, որ կան մարդիկ, որոնք առանց խղճի ու զգացմունքի են վերաբերվում աշխարհում դեռ որևէ արժեք ունեցող փոքրաթիվ բաներին։ Դու, իհարկե, հիշում ես այն ընկուզենիները Շտ-ի պատվական երեցի բակում, որի ստվերում նստել ենք Լոտտեն ու ես, այն հոյակապ ընկուզենիները, որոնք, աստված վկա, ցնծությամբ էին լցնում իմ հոգին։ Ի՜նչ հաճելի, ի՜նչ զովաշունչ էին դարձնում եկեղեցու բակը և ի՜նչ ճղատարած էին դրանք, իսկ հիշողություններն այն պատվարժան հոգևորականների մասին, որոնք շատ տարիներ առաջ տնկել են ալդ ծառերը։ Ուսուցիչը հաճախ էր տալիս մի անուն, որն իր պապից էր լսել, ի՜նչ հոյակապ մարդ պիտի լիներ նա, և ես այդ ծառերի ստվերում նստած միշտ սրբությամբ եմ պահել նրա հիշատակը։ Եվ ինչ ես կարծում, երեկ, երբ մենք այդ մասին էինք խոսում, ուսուցիչը՝ արտասուքն աչքերում, ասաց, որ այդ ծառերը կտրել են... Կտրել։ Ես կխելագարվեմ, ես շան պես կսատկացնեմ այն մարդուն, որն առաջին հարվածն է հասցրել այդ ծառերին։ Ե՛ս, որ ծայր աստիճան կվշտանայի, եթե իմ բակում այդպիսի ծառեր աճեին, և նրանցից մեկը զառամությունից հանկարծ չորանար, ահա թե ինչին եմ ես ականատես։ Բայց մի սփոփիչ բան կա, անգին բարեկամ։ Դեռ գոյություն ունի մարդկային զգացմունքը։ Ամբողջ գյուղը փնթփնթում է, և ես հույս ունեմ, որ իրիցկինը կարագի, ձվի և այլ նվիրատվությունների վրա լավ կզգա, թե ինչ վիշտ է պատճառել իր համայնքին։ Քանի որ հենց ինքն է այդ անողը, նոր երեցի կինը (մեր ծերունին արդեն վախճանվել է), մի հիվանդոտ, նիհար արարած, որը շատ պատճառներ անի դժկամությամբ վերաբերվելու աշխարհին, քանի որ չկա մեկը, որ դժկամությամբ չվերաբերվի իրեն։ Նա մի հիմար է, որն իրեն ուսյալ է ներկայացնում, խառնվում եկեղեցական կանոնի ոաումնասիրությանը, չափազանց շատ տքնում քրիստոնեության բարոյա-քննադատական նորաձև ռեֆորմացիայի վրա, ուսերը թոթվում Լաֆատերի ցնորական վարդապետությունները լսելիս, իսկ իր առողջությունն այնպես է քայքայված, որ աստծո տված այս աշխարհում ոչ մի բան նրան չի ուրախացնում։ Միայն, նման արարածը կարող էր կտրել տալ մեր ընկուզենիները։ Մի տես, ոչ մի կերպ ուշքի չեմ գալիս։ Պատկերացնո՞ւմ ես, թափված տերևներից նրա բակը աղտոտվում է ու խոնավանում, ծառերը զրկում են իրեն արևի լույսից, իսկ երբ հասնում է ընկույզը, տղաները քար նետելով պոկում են պտուղները, և սա ազդում է նրա ջղերի վրա ու խանգարում խոր դատողություններին Քեննիկոտի, Զեմլերի ու Միխայելիսի համեմատական արժանիքները կշռելիս։ Տեսնելով գյուղի բնակիչների, հատկապես ծերերի, դժգոհությունը, հարցրի. «Իսկ ինչ՞ ւ հանդուրժեցիք»։ «Եթե գյուղապետը մի բան է ուզում, այստեղ նրա կամքին ոչ ոք չի հակառակում»,— պատասխանեցին նրանք։ Բայց միևնույն է, արդարությունն է հաղթանակում։ Գյուղապետն ու երեցը, որին կնոջ քմահաճություններից քիչ բաժին չէր հասնում և որը վճռել էր ստեղծված կացությունից մի օգուտ քաղել, խոսքները մեկ են անում և որոշում են կտրված ծառերից ըստացված արդյունքը իրար մեջ բաժանել, այս բանը հասնում է գերատեսչությանը, որը և հրամայում է. «Ետ կացեք»։ Եվ քանի որ հին ակնկալություններ ուներ եկեղեցու բակի այն մասի նկատմամբ, ուր ծառերն էին կանգնած, աճուրդի է հանում ու վաճառում դրանք։ Այժմ ծառերը մնում են գետնին տապալված։ Օ, եթե ես անկախ իշխան լինեի, ցույց կտայի այդ իրիցկնոջը, այդ գյուղապետին և այդ գերատեսչությանը... Անկախ իշխան... Այո... բայց եթե ես անկախ իշխան լինեի, մի՞թե կհետաքրքրվեի իմ երկրի ծառերով։

10 հոկտեմբերի

Բավական է միայն, որ նրա սևորակ աչքերը տեսնեմ, և արդեն գոհ եմ։ Եվ գիտե՞ս, ինչն է ինձ վրդովում, այն, որ Ալբերտն ամենևին էլ այնքան երջանիկ չի երևում, որքան... հույս աներ... իսկ ես, կարծում եմ, որ կլինեի... Եթե... Ես այնքան էլ չեմ սիրում այս բազմակետերը, բայց այստեղ այլ կերպ չեմ կարող արտահայտվել... կարծում եմ, որ բավական պարզ է։

12 հոկտեմբերի

Օսսիանը դուրս է մղել սրտիցս Հոմերոսին։ Ինչ հրաշալի աշխարհ է տանում ինձ այդ վսեմ քերթողը։ Կարծես թափառում եմ դաշտերում, ուր փոթորիկն է մոլեգնում ու մխացող մշուշի մեջ, լուսնի աղոտ լույսով նախահայրերի ոգիները հալածում։ Լեռնագագաթներից լսում եմ մութ քարայրերի ոգիների՝ անտառի հեղեղատի աղմուկից կիսով չափ խլացած հառաչը և ողբացող աղջկա օրհասական տրտունջն ու հեծեծանքը՝ չորս դալարածիլ ու մամռապատ քարի՝ հերոսաբար ընկած իր ազնիվ սիրահարի շիրիմի վրա։ Եվ ահա տեսնում եմ թափառական ալեհեր երգչին, որ լայնարձակ դաշտում նախահայրերի ոտնահետքերն է որոնում, բայց, ավաղ, նրանց գերեզմանները գտնում, ապա հայացքը ալեծուփ ծովում մայր մտնող իրիկնային թովիչ աստղին ուղղում և նրա հոգում անցած օրերն են կենդանանում, երբ նրա բարեհաճ ճառագայթը վտանգի մեջ գտնվող անվեհերներին էր լուսավորում, իսկ լուսինը նրանց հաղթանակով տուն դարձող պսակազարդ նավը քնքուշ լույսով ողողում։ Ես խոր թախիծ եմ նշմարում նրա ճակատին, տեսնում եմ, ինչպես մենության մեջ տառապող վերջին մեծ երգիչը ուժասպառ, անհաստատ քայլով դեպի գերեզման է թեքվում, ինչպես հարազատ ստվերների աննյութեղեն ներկայությունից շարունակ նոր տանջալից-այրող հրճվանքներ քաղում և, հայացքը սառը հողին ու օրորվող բարձր խոտերին հառելով, բացականչում. «Պիտի գա, պիտի գա պանդուխտը, որ տեսել է ինձ փառքիս օրերին ու պիտի հարցնի. «Ո՞ւր է երգիչը, ո՞ւր է Ֆինգալի փառահեղ որդին»։ Նա ոտքը կդնի իմ գերեզմանին ու այս աշխարհում ինձ ապարդյուն կփնտրի»։ Օ, բարեկամս, ուզում եմ ազնիվ զինվորի նման դուրս քաշել սուրս, դանդաղ հանգչող կյանքի տանջալից ցնցումներից տիրոջս ազատել և սեփական հոգիս ազատված կիսաստծո ետևից երկինք ուղարկել։

19 հոկտեմբերի

Ախ, այս դատարկությունը, այս սոսկալի դատարկությունը, որ զգում եմ իմ կրծքում... Ինձ հաճախ թվում է, որ եթե կարողանայի միայն մի անգամ, մի անգամ միայն սեղմել նրան կրծքիս, ողջ դատարկությունը իսկույն կլցվեր։

26 հոկտեմբերի

Այո, սիրելիս, ինձ համար պարզ է, և գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ մի արարածի լինել–չլինելը շատ չնչին նշանակու- թյուն ունի, շատ չնչին։ Լոտտեի մոտ իր ընկերուհիներից մեկը եկավ, իսկ ես գնացի հարևան սենյակը գիրք վերցնելու, բայց չկարողացա կարդալ և գրիչը ձեռքս առա, որ գրեմ։ Ես լսում էի նրանց ցածրաձայն խոսակցությունը. նրանք իրար աննշան բաներ էին պատմում, զանազան քաղաքային նորություններ, ինչպես մեկն ամուսնանում է, մյուսը հիվանդ է, շատ հիվանդ։ «Նա չոր հազից է տառապում, դեմքի ոսկորները ցցվել են, և հաճախ կորցնում է գիտակցությունը, կարծում եմ, նրա օրերը հաշվված են»,— ասաց ընկերուհին։ «N. N.–ի վիճակն էլ լավ չէ»,– ասաց Լոտտեն։ «Ամբողջ մարմինն ուռել է»,— վրա բերեց մյուսը։ Իմ հարուստ երևակայությունը փոխադրեց ինձ այս դժբախտների մահիճների մոտ. ես տեսա, թե ինչ դիմադրությամբ էին նրանք հեռանում կյանքից, ինչպես են... Օ, Վիլհելմ։ Իսկ իմ տիկինները այս մասին խոսում էին այնպես... ինչպես խոսում են մի օտարի մահվան մասին... Իսկ երբ ես նայում եմ շուրջս ու տեսնում այս սենյակը, շուրջս Լոտտեի զգեստները, Ալբերտի թղթերն ու իրերը, նույնիսկ այս թանաքամանը, որոնց ես այնպես վարժվել եմ, ինքս ինձ մտածում եմ: «Ի՞նչ արժեք ունես դու այս տան համար։ Լա՛վ մտածիր։ Ընկերներդ պատիվ են տալիս քեզ, դու հաճախ ես նրանց ուրախացնում և սրտով զգում ես, որ առանց նրանց չես կարող ապրել, և այնուամենայնիվ, եթե հեռանաս, լքես նրանց շրջանը, արդյո՞ք նրանք դատարկություն կզգան և եթե զգան, ապա որքա՞ն ժամանակ կզգան կորուստդ. որքա՞ն ժամանակ... Օ, ինչ անցավոր է մարդը, եթե նույնիսկ այնտեղ, ուր նա իսկապես հաստատում է իր գոյությունը, ուր միակ ճշմարիտ տպավորությունն է ստեղծվում նրա ներկայությունից՝ իր սիրելիների սրտում ու մտքում, պիտի մարի, անհետանա և այն էլ այդքան շուտ։

27 հոկտեմբերի

Երբեմն ուզում եմ պատռել կուրծքս ու ջախջախել գլուխս, որովհետև մարդիկ այսքան չնչին նշանակություն ունեն իրար համար։ Ավաղ, եթե իմ հոգում ոչ սեր կա, ոչ ուրախություն, ոչ ջերմություն, ոչ էլ բերկրանք, ուրիշն ինձ չի կարող տալ, և եթե սիրտս լեփ-լեցուն է երանությամբ, չեմ կարող երջանկացնել մի ուրիշի, որը կանգնած է իմ առջև անզոր ու անզգա։

27 հոկտեմբերի, երեկոյան

Ինձ շատ է տրված, բայց նրա նկատմամբ տածածս զգացմունքը կլանում է ամեն բան. ինձ շատ է տրված, բայց առանց նրա ամեն բան ոչինչ է ինձ համար։

30 հոկտեմբերի

Հարյուր անգամ պատրաստ եմ եղել նրա կրծքին փարվելու։ Միայն աստծուն է հայտնի, հե՞շտ է, արդյոք, այսքան արժանիքներ աչքի առաջ շարունակ տեսնել և ձեռք մեկնելու իրավունք չունենալ, չէ՞ որ ձեռք մեկնելը մարդու բնական մղումն է։ Իսկ երեխաները ձեռք չե՞ն մեկնում բոլոր այն բաներին, որոնք իրենց աչքով են ընկնում։ Իսկ ե՞ս։

3 նոյեմբերի

Աստված է վկա, որ հաճախ անկողին եմ մտնում նորից չարթնանալու ցանկությամբ, երբեմն էլ հույսով, իսկ առավոտյան բաց եմ անում աչքերս, նորից տեսնում արևը և ինձ թշվառ եմ զգում։ Օ, եթե քմահաճ բնավորություն ունենայի և կարողանայի մեղքը եղանակի, մի երրորդի, մի ձախողված ձեռնարկության վրա գցել, այն դեպքում դժգոհության անտանելի բեռը միայն կիսով չափ իմ ուսերին կլիներ։ Բայց, ավաղ, ես չափազանց լավ եմ տեսնում, որ ամբողջ մեղքը միմիայն իմն է... Բայց ի՞նչ մեղք։ Բավական է, որ բոլոր տառապանքներիս աղբյուրն իմ մեջ է, ինչպես մի ժամանակ բոլոր երանություններիս աղբյուրն էր իմ մեջ։ Մի՞թե ես նույն այն մարդը չեմ, որ առաջներում սավառնում էր զգացմունքներով առլեցուն, որի յուրաքանչյուր քայլափոխին դրախտ էր բացվում և որը մի սիրտ ուներ ողջ աշխարհը սիրով պարփակելու ընդունակ։ Եվ այդ սիրտն այժմ մեռած է, նրանից ոչ մի զմայլանք այլևս չի բխում, աչքերս չոր են, և միտքս, որ այլևս չի թարմանում զովացնող արտասուքով, տագնապալի խոժոռում է ճակատս։ Ես տառապում եմ չարաչար, քանի որ կորցրել եմ այն, ինչը կյանքիս միակ երանությունն էր կազմում՝ կենսունակության սրբազան զորությունս, որով աշխարհներ էի ստեղծում շուրջս, հենց սա է անհետացել... Երբ պատուհանից հեռավոր բլուրներին եմ նայում ու տեսնում ինչպես է վաղորդյան արևը նրանց վրա կախված մշուշը պատռում ու խաղաղ հովիտները լուսավորում, իսկ քնքուշ գետակը տերևաթափ ուռենիների միջով օձագալար դեպի ինձ հոսում... ավաղ, երբ այս սքանչելի բնությունը միայն որպես լաքապատ մի նկար է իմ առջև բևեռվում և ողջ այս հրաշալիքն ընդունակ չէ ոչ մի կաթիլ երանություն սրտիցս դեպի ուղեղս մղել՝ ես կանգնում եմ աստծո առջև որպես ցամաքած աղբյուր, որպես չորացած մի դույլ։ Քանի-քանի անգամ երեսնիվայր գետնին եմ ընկել և աստծուց արտասուք աղերսել, ինչպես երկրագործը անձրև է խնդրում, երբ դաժան երկինքը անձրև չի տեղում, իսկ հողը ծարավից պապակվում է։

Բայց, ավաղ, ես գիտեմ, որ աստված անձրևն ու արևը մեր մոլեռանդ աղոթքներով չի տալիս և իզուր չի տանջում ինձ այն երանելի օրերի հիշատակը, երբ ես համբերությամբ սպասում էի, որ նրա ոգին վրաս իջնի ու վերուստ թափված շնորհները շնորհակալ սրտով ընդունում էի։

8 նոյեմբերի

Անկարգությանս համար նա ինձ հանդիմանեց, բայց որպիսի սիրալիրությամբ։ Անկարգությունս կայանում էր նրանում, որ, երբեմն, մի բաժակ գինով գայթակղվելով, մի ամբողջ շիշ եմ խմում։

«Այդպես մի արեք,— ասաց նա։— Լոտտեի մասին մտածեք...»։ «Մտածեմ,— ասացի ես։— Կարիք կա՞, որ դուք այդ ինձ հրամայեք։ Մտածում եմ, թե չեմ մտածում, միևնույն է, դուք միշտ հոգուս աչքի առջև եք։ Այսօր ես նստած էի այնտեղ, որտեղ դուք վերջերս իջաք կառքից...»։ Նա խոսքը փոխեց, որպեսզի թույլ չտա ինձ խորանալ։ Ես կորած եմ, սիրելիս, նա ինձ հետ կարող է վարվել, ինչպես, ուզում է։

15 նոյեմբերի

Շնորհակալ եմ, Վիլհելմ, քո սրտագին կարեկցության, քո բարյացակամ խորհրդի համար և խնդրում եմ քեզ, մի անհանգստացիր։ Թող որ ինքս այս վիճակս հաղթահարեմ, որքան էլ տանջահար, բայց մեջս դեռ բավական ուժ կգտնեմ դիմանալու։ Ես հարգում եմ կրոնը, դու այդ գիտես, և հասկանում եմ, որ հոգով շատ ընկճվածների համար նա հենարան է հանդիսանում, և շատ հուսալքվածների համար՝ սփոփանք։ Միայն թե... կարո՞ղ է և պետք է արդյոք յուրաքանչյուրի համար այդպիսին լինի։ Նայիր աշխարհին և կտեսնես հազարավորների, որոնց համար այդպիսին չի եղել և

հազարավորների, որոնց համար այդպիսին չի լինելու, անկախ նրանից՝ բողոքական են նրանք, թե կաթոլիկ, ուրեմն ինչո՞ւ պիտի ինձ համար լինի։ Ձէ՞ որ հենց աստծո որդին է ասում, թե միայն նրանք կլինեն իր կողքին, ում հայրն է տվել իրեն։ Իսկ եթե ես տրված չեմ նրա՞ն, իսկ եթե ինձ, ինչպես սիրտս է գուշա–՝ կում, հայրը պահել է իր համա՞ր... Խնդրում եմ ասածս սխալ չմեկնաբանես և միամիտ խոսքերիս մեջ ծաղրական ոչինչ չնշմարես. ես ողջ հոգիս եմ բացում քո առջև. հակառակ դեպքում կգերադասեի լռել. քանի որ դժկամությամբ եմ խոսում այն բանի մասին, որ յուրաքանչյուր մարդ նույնքան քիչ գիտի, որքան ես։ Եվ մի՞թե սա չէ մարդու ճակատագիրը՝ բաժին ընկածի չափով տառապել և բաժակը մինչև մրուրը խմել... Եվ եթե երկնից իջած աստծո մարդկային շրթունքների համար բաժակը դառն է եղել, ինչո՞ւ պիտի ես գոռոզություն անեմ ու ձևանամ, թե ինձ համար այն քաղցր է։ Եվ ինչո՞ւ պիտի ամաչեմ այն սոսկալի պահին, երբ ողջ էությունս դողում է լինել-չլինելու միջև, երբ անցյալը կայծակի պես լուսավորում է ապագայի մռայլ անդունդը, շուրջս ամեն ինչ տապալվում է, և աշխարհը ինձ հետ միասին կործանվում... Մի՞թե սա դեպի անդունդը անկասելի գահավիժող հալածված և ուժասպառ էակի ձայնը չէ, որ ապարդյուն ջանացող ուժերի խորքից մռնչում է. «Աստված իմ, աստված, ինչո՞ւ լքեցիր ինձ»։ Եվ մի՞թե ես պետք է այս բացականչությունից ամաչեմ, ես պետք է այս պահից երկյուղեմ, երբ չխուսափեց դրանից նա, ով երկինքն էր մագաղաթի պես ոլորում։

21 նոյեմբերի

Նա չի տեսնում, չի զգում, թե թույն է պատրաստում, որ կործանելու է և իրեն, և ինձ. և ես արբեցած՝ կոնծում եմ բաժակը, որ դեպի խորտակում է ինձ տանում։ Ինչո՞ւ է հաճախ... հաճա՞խ, ոչ, հաճախ չէ, բայց երբեմն բարեհաճ հայացքով ինձ նայում, ինչո՞ւ է զգացմունքիս ակամա արտահայտությունն այդքան սիրալիր ընդունում, ինչո՞ւ է դեմքին իմ տառապանքների նկատմամբ կարեկցանք գծագրվում։

Երեկ, հրաժեշտ տալիս, նա ձեռքն ինձ մեկնեց ու արտասանեց. «Ցտեսություն, սիրելի Վերթեր»։ Սիրելի Վերթեր։ Սա առաջին անգամն էր, որ նա ինձ սիրելի անվանեց, և սիրտս թրթռաց։ Մտքումս հարյուր անգամ կրկնեցի այս բառերը և երեկոյան անկողին մտնելիս ու ինքս ինձ հետ շաղակրատելիս հանկարծ ասացի. «Բարի գիշեր, սիրելի Վերթեր», իսկ հետո ինքս ինձ վրա ծիծաղեցի։

Ես չեմ կարող աղերսել. «Ինձ թող նրան», թեև ինձ հաճախ է թվում, թե նա իմն է։ Ես չեմ կարող աղերսել. «Ինձ տուր նրան», քանի որ նա ուրիշին է պատկանում։ Ես սրամտում եմ իմ տառապանքների շուրջ, և եթե ինձ. չզսպեմ, ձանձրացնող դատողություններս վերջ չեն ունենա։

24 նոյեմբերի

Նա զգում է տառապանքս։ Այսօր նրա հայացքը մինչև սրտիս խորքը թափանցեց։ Ես նրան մենակ գտա. ոչ մի բառ չէի արտասանում, իսկ նա ինձ էր նայում։ Եվ ես այլևս չէի տեսնում ոչ նրա հմայիչ գեղեցկությունը, ոչ էլ պայծառ մտքի ճառագայթումը, դրանք բոլորն էլ չէին երևում իմ աչքին։ Որքան ավելի հրաշալի հայացքով էի ես հափշտակված, որը լի էր արտաքին կարեկցանքի ու նրբին վշտակցության արտահայտությամբ։ Ինչո՞ւ իրավունք չունեմ ընկնելու նրա ոտքերը, ինչո՞ւ իրավունք չունեմ փարվելու նրա կրծքին ու նրան բյուր համբույրներով պատասխանելու։ Նա դիմեց փախուստի և, ապաստան գտնելով դաշնամուրի մոտ, նվագակցելով, սկսեց ներդաշնակ՝

22 նոյեմբերի

մեղմ ու անուշ ձայնով երգել։ Երբեք այդքան հրապուրիչ չեմ տեսել նրա շուրթերը. թվում էր, թե բացվելով, ագահորեն կլանում են գործիքից բխող անուշ հնչյունները ու միայն դրանց նրբին արձագանքնեքն են դուրս թռչում նրա անաղարտ բերանից... Ախ, երանի թե կարողանայի բառերով այդ արտահայտել... Ես երկար չդիմացա, խոնարհվեցի ու երդում տվի. «Երբեք չեմ հանդգնի համբուրել ձեզ, օ, շուրթեր, որոնց վրա երկնային ոգին է թևածում»... Եվ այնուամենայնիվ... ուզում եմ... Ախ, հասկանո՞ւմ ես, պատնեշի պես հոգուս առջև կանգնած է... այս երանությունը... ճաշակեի ու, խորտակվելով, այս մեղքը քավեի... Բայց ինչո՞ւ մեղքը։

26 նոյեմբերի

Երբեմն ինքս ինձ ասում եմ. «Եզակի է ճակատագիրդ» և ուրիշներին երջանիկ եմ համարում... Այսպես ոչ ոք դեռ չի տառապել։ Հետո հին բանաստեղծին եմ կարդում և թվում է, թե սեփական սրտիս մեջ եմ թափանցում։ Չափազանց է տառապանքս։ Ախ, մի՞թե ինձնից առաջ էլ այսքան թշվառ են եղել մարդիկ։

30 նոյեմբերի

Երբեք, երբեք ես ուշքի չեմ գալու։ Ուր ոտք եմ դնում, այնպիսի երևույթների եմ հանդիպում, որ հանում են ինձ հավասարակշռությունից։ Այսօր էլ... օ, ճակատագիր... օ, մարդկություն։

Ես գնում էի գետափով, ճաշի ժամ էր, բայց ուտելու ցանկություն չունեի։ Շուրջս ամայի էր, սարերից իրիկնային խոնավ ու ցուրտ քամի էր փչում, և անձրևային գորշ ամպերը կախվել էին հովտի վրա։ Հեռվից մաշված կանաչ հագուստով մի մարդ տեսա, որը մագլցում էր լեռներն ի վեր և, ըստ երևույթին, խոտեր էր որոնում։ Երբ ես նրան մոտեցա, և նա, ոտնաձայներս լսելով, շրջվեց դեպի ինձ, բարեհամբույր ու պարզամիտ արտահայտությամբ մի հետաքրքիր դեմք տեսա, որի հիմնական հատկանիշը խաղաղ թախիծն էր. նրա սև մազերը երկու խոպոպ արված ու ծամկալով էին ամրացված, իսկ մնացածը հաստ հյուսի ձևով մեջքին էր կախված։ Հագուստով դատելով, նա պետք է որ ստորին դասի մարդ լիներ և ինձ թվաց, որ նա չի վիրավորվի, եթե ես իր զբաղմունքով հետաքրքրվեմ, այդ պատճառով էլ հարցրի նրան, թե ինչ է որոնում։ «Ծաղիկ եմ որոնում... բայց չեմ գտնում»,— պատասխանեց

նա, խոր հառաչանքով։ «Բայց ծաղկի ժամանակ չի,— ասացի ես ժպտալով։ «Ծաղիկ շատ կա,— ասաց նա, ինձ մոտ իջնելով։— Իմ պարտեզում վարդեր կան և երկու տեսակի պատուտակ. մեկն ինձ հայրս է տվել, սա մոլախոտի պես է աճում, արդեն երկու օր է փնտրում եմ ու չեմ կարողանում գտնել։ Այստեղ, դրսում, միշտ էլ ծաղիկ կա. և դեղին, և կապույտ, և կարմիր, իսկ վայրի մեխակներն ի՜նչ հրաշալի ծաղիկներ ունեն։ Բայց ոչ մի հատ չեմ կարողանում գտնել»։ Ես տագնապալի մի բան զգացի ու զգուշորեն հարցրի. «Իսկ ծաղիկները ձեր ինչի՞ն են պետք»։ Տարօրինակ, ցնցվող մի ժպիտ աղավաղեց նրա դեմքը։ «Միայն թե ինձ չմատնեք,— ասաց նա, մատը շրթունքներին դնելով,— սիրեցյալիս ծաղկեփունջ եմ խոստացել»: «Դա հրաշալի է»,— ասացի ես։ «Օ, նա առանց այն էլ շատ բան ունի, նա հարուստ է»,— ասաց նա։ «Եվ այնուամենայնիվ, ձեր ծաղկեփունջը նրա համար թանկ կլինի»,— վրա բերեցի ես։ «Օ,– շարունակեց նա,— նա շատ թանկարժեք քարեր և նույնիսկ մի թագ ունի»։ «Իսկ ի՞նչ է նրա անունը»; «Եթե նահանգների միությունն ինձ վճարեր,— խոսքը փոխեց նա,— ես ուրիշ մարդ կլինեի։ Այո, ես էլ լավ ժամանակներ եմ ունեցել: Իսկ հիմա ամեն բան անցած է։ Ես միայն...» Երկնքին ուղղված արտասվաթոր հայացքն ամեն բան ասաց։ «Ուրեմն առաջ դուք երջանի՞կ էիք»,– հարցրի ես։ «Ախ, երանի թե նորից առաջվանը լինեի,— ասաց նա։

— Ես ապրում էի, ինչպես ձուկը ջրում. թեթև, ազատ և ուրախ»։ «Հայնրիխ,— ձայն տվեց ճանապարհի վրա հայտնված մի պառավ կին,— ո՞ւր ես կորել, Հայնրիխ։ Մենք քեզ որտեղ ասես, որ չփնտրեցինք, եկ ճաշելու»։ «Սա ձեր որդի՞ն է»,– մոտենալով նրան, հարցրի ես «Այո, իմ թշվառ որդին է,— պատասխանեց նա։— Աստված ծանր խաչ է դրել իմ ուսերին»։ «Եվ վաղո՞ւց է այսպես»,— հարցրի ես։ «Այսպես հանդարտ,– ասաց նա,— մի կես տարի կլինի։ Փառք աստծո, որ հիմա այսպես է, սրանից առաջ մի ամբողջ տարի կատաղի խելագար էր, սրան գժանոցում կապած էին պահում։ Հիմա նա ոչ ոքի ոչ մի վնաս չի տալիս, միայն շարունակ թագավորներից ու կայսրներից է խոսում։ Իսկ մինչ այդ մի համեստ ու բարի մարդ էր, որն օգնում էր մեզ կերակրվել. գեղեցիկ ձեռագիր ուներ, դրանով էլ հաց էր վաստակում, բայց հանկարծ մելամաղձոտ դարձավ, սոսկալի տենդով՝ դրանից էլ կատաղությամբ բռնվեց, իսկ հիմա այսպես է, ինչպես տեսնում եք։ Եթե ձեզ պատմեմ, պարոն...»։ Նրա խոսքի հորձանքը ես ընդհատեցի հարցով. «Իսկ այդ ի՞նչ ժամանակներ է գովաբանում, երբ ինքը ազատ ու երջանիկ է եղել»։ «Անմիտ մարդ,— բացականչեց նա՝ կարեկցանքի ժպիտը դեմքին։— Նա միշտ գովաբանում է այն ժամանակները, երբ խելքը կորցրած ու ամեն ինչ մոռացած, գժանոցում էր նստած»։ Նրա ասածից շանթահարված՝ ես մի մետաղադրամ խոթեցի նրա բուռն ու արագ հեռացա։

«Ահա թե երբ ես երջանիկ եղել,— քայլերս փութկոտ դեպի քաղաք ուղղելով բացականչեցի ես,— ահա թե երբ ես ազատ, ինչպես ձուկը ջրում, ապրել... Տեր աստված, ուրեմն դու մարդկանց այնպիսի ճակատագիր ես տվել, որ կարող են երջանիկ լինել մեկ մինչև գիտակից դառնալը, մեկ էլ գիտակցությունը կորցնելուց հետո... Թշվառ, բայց ինչպես եմ նախանձում քեզ մելամաղձոտությանդ ու մտքիդ խանգարման համար, որով տառապում ես դու։ Հույսով լի դուրս ես գալիս տնից թագուհուդ համար ծաղիկ քաղելու... ձմռանը... ու տրտմում ես, որ չես գտնում և գլխի չես ընկնում, թե ինչու չես գտնում։ Իսկ ես... Ես առանց հույսի, առանց նպատակի դուրս եմ գալիս տնից և նույնքան ձեռնունայն տուն եմ վերադառնում։ Դու երևակայում ես, թե ինչ մարդ կլինեիր, եթե Նահանգների միությունը քեզ վարձատրեր։ Երանելի արարած, որ տարաբախտությանդ պատճառները երկրային խոչընդոտների կարող ես վերագրել։ Դու չես զգում, չես հասկանում, որ քո փշրված սրտում ու խանգարված ուղեղում է քո թշվառությունը և որ աշխարհի բոլոր թագավորները միասին չեն կարող փրկել քեզ դրանից։

Թող անիծվի նա, ով կծաղրի դեպի ամենահեռու աղբյուրը գնացող հիվանդին, նույնիսկ եթե նրա հիվանդությունը այն միայն կխորացնի, իսկ հոգեվարքը ավելի ցավոտ կդարձնի. ով սնապարծությամբ կլցվի այն դժբախտի նկատմամբ, որը խղճի խայթից ու հոգեկան տառապանքներից ազատվելու համար, որպես ուխտավոր, այցի է գնում սուրբ գերեզմանին։ Եվ ամեն մի քայլ, որ չտրորված ճանապարհներին վերք է բաց անում նրա ներբանին, վհատված հոգու ցավերն ամոքող մի սպեղանի է, ու տանջված սիրտը դժվար ճանապարհներին թոթափում է իր նեղությունները ամեն օրվա հետ... Իսկ դուք, փափուկ բարձերին հանգիստ վայելող դատարկաբաններ, համարձակվում եք ցնո՞րք անվանել սա... Ցնորք... Տեր աստված, տեսնում ես իմ արտասուքը: Մի՞թե պետք էր, որ մարդուն աղքատ ստեղծելով, նրան տայիր նաև եղբայրներ, որ նրանից հափշտակեին վերջին փշրանքներն ու ապավինելու այն վերջին հույսը, որ նա տածում է քո, քո նկատմամբ, օ ամենասեր։ Ապավինելով բուժիչ արմատին, որթատունկի զորավոր հյութին, քեզ ենք ապավինում մենք, քանի որ մեր շրջապատի ամեն բանի մեջ դու ապաքինող ու բարեբեր մի ուժ ես դրել, որի կարիքը զգում ենք ամեն ժամ։ Հայր իմ, որին չեմ տեսել երբեք։ Հայր, որ առաջներում լցնում էիր հոգիս, իսկ այժմ երես ես դարձրել ինձնից, կանչիր ինձ քեզ մոտ։ Այլևս մի լռիր։ Քո լռությունը ետ չի պահելու այս պապակ հոգին... Եվ մի՞թե մարդը, որ հայր է նաև, կարող է զայրանալ, եթե նրա անսպասելի վերադարձած որդին փարվի իր կրծքին ու բացականչի. «Ես նորից այստեղ եմ, հայր իմ։ Մի զայրանա, որ ընդհատել եմ դեգերումներս, որ ըստ քո կամքի ավելի երկար պիտի ձգեի։ Ամենուրեք նույնն է աշխարհը, տառապանք ու աշխատանք, վարձատրություն և ուրախություն, դրանք իմ ինչի՞ն են պետք։ Ինձ համար լավ է միայն այնտեղ, ուր դու կաս, քո ներկայությամբ եմ ուզում տառապել ու հրճվել... Օ, սիրելի երկնային իմ հայր, մի՞թե վանելու ես դու քո թշվառ որդուն»։

1 դեկտեմբերի

Վիլհելմ, այն մարդը, որի մասին գրել եմ քեզ, այն երջանիկ թշվառը, գրագիր է եղել Լոտտեի հոր մոտ և Լոտտեի նկատմամբ տածած սերը, որ նա թաքցրել է, ի վերջո չի կարողացել թաքցնել, և որի պատճառով վտարվել է ծառայությունից, պատճառ է դարձել նրա խելագարության։ Այս չոր բառերից զգա, թե ինչ խելացնոր հուզմունք ապրեցի, երբ Ալբերտը նույնպիսի անտարբերությամբ պատմեց ինձ սա, ինչպիսի անտարբերությամբ դու հավանաբար կարդացիր։

4 դեկտեմբերի

Խնդրում եմ քեզ... Հասկացիր, ես խորտակված եմ և այլևս չեմ կարող դիմանալ: Այսօր ես նստած էի նրա մոտ... Նստած էի, իսկ նա դաշնամուրի վրա զանազան եղանակներ էր նվագում, և բոլորը խորին զգացմունք էին արտահայտում, բոլորը... բոլորը... Չգիտեմ, ինչ ասեմ... Նրա փոքրիկ քույրիկը իմ ծնկին իր տիկնիկին էր զուգում։ Աչքերս արտասուքով լցվեցին։ Ես կռացա, աչքովս նրա ամուսնական մատանին ընկավ, արտասուքս այտերովս վար հոսեց... Նա իսկույն սկսեց այն երկնային քաղցրությամբ լի հրաշալի, հին եղանակը նվա- գել, սփոփիչ մի զգացմունք համակեց հոգիս, հիշեցի անցյալը՝ այն ժամանակները, երբ առաջին անգամ լսել էի այդ երգը, հետո հիշեցի թախծի, խորտակված հույսերի մռայլ շրջանը, իսկ հետո... Սկսեցի ետ ու առաջ քայլել սենյակում, շնչահեղձ էի լինում ինձ համակած զգացմունքներից։ «Աստված սիրեք,— ասացի ես բուռն պոռթկումով դեպի Լոտտեն նետվելով,— աստված սիրեք, դադարեցրեք»։ Նա կանգ առավ ու սևեռուն ինձ նայեց. «Վերթեր,— ասաց նա մի ժպիտով, որ մինչև հոգուս խորքը թափանցեց,— Վերթեր, դուք շատ հիվանդ եք, նույնիսկ ձեր ամենասիրելի կերակուրները զզվելի են ձեզ համար։ Գնացեք։ Խնդրում եմ, հանգստացեք»։ Ես հեռացա նրանից և... Աստված իմ, դու տեսնում ես թշվառությունս և վերջ կդնես սրան։

6 դեկտեմբերի

Նրա կերպարանքը հետապնդում է ինձ ամենուրեք։ Քնած թե արթուն, իմ ողջ հոգին նրանով է համակված։ Հենց որ փակում եմ աչքերս, ահա այստեղ, գանգիս մեջ, ուր ներքին տեսողությունն է կենտրոնացած, նրա սև աչքերն են հայտնվում իմ առաջ։ Այստեղ, ես այդ չեմ կարող քեզ բացատրել։ Բավական է, որ փակեմ աչքերս, նրանք արդեն այստեղ են։ Ծովի պես, անդունդի պես կանգնում են իմ առջև, իմ մեջ, լցնում են միտքս ու հոգիս։

Ի՞նչ է մարդը, այդ փառաբանված կիսաստվածը։ Արդյոք չե՞ն պակասում նրա ուժերը հենց այնտեղ, ուր նա ամենից ավելի դրանց կարիքն ունի։ Եվ երբ հրճվանքից թև է առնում կամ վշտի մեջ թաղվում, արդյո՞ք նրան մի բան չի կասեցնում ու բութ ու սառը գիտակցությանը վերադարձնում հենց այն պահին, երբ նա անհունի մեջ անէանալ էր երազում։

Հրատարակիչն ընթերցողին

Որքան կուզենայի, որ մեր բարեկամի վերջին նշանակալի օրերի մասին ավելի շատ սեփական ձեռքով գրված վկայություններ պահպանված լինեին, որպեսզի նրա թողած նամակները պատմություններով ընդհատելու կարիքը չունենայի։

Ես իմ պարտքը համարեցի տեղեկություններ հավաքել բոլոր այն մարդկանցից, որոնք քաջ տեղյակ էին նրա պատմությանը. այն շատ պարզ էր, և բոլորի պատմածները մինչև ամենաչնչին մանրամասը համընկնում էին իրար. կարծիքները տարբեր էին միայն գործող անձերի նկարագրերի հարցում և դատողություններում։

Էլ ի՞նչ է մնում մեզ, միայն այն, որ բարեխղճորեն պատմենք ջանասիրությամբ հավաքած տեղեկությունները, նրանց կցելով հանգուցյալի թողած նամակներն, անուշադրության չմատնելով ամենաչնչին երկտողն անգամ, մանավանդ որ, չափազանց դժվար է պարզել յուրաքանչյուր արարքի իսկական դրդապատճառը, եթե խոսքն արտասովոր մարդկանց է վերաբերում։

Անձուկն ու դժկամությունը գնալով ավելի խոր արմատներ էին գցում Վերթերի սրտում և, իրար ամուր միահյուսվելով, կամաց-կամաց նրա ողջ էությունը կլանում։ Վերջնականապես խախտվել էր նրա հոգեկան հավասարակշռությունը, ներքին տենդն ու դյուրագրգռությունը մաշել էին նրա օրգանիզմը և, կործանարար ազդեցություն ունենալով նրա վրա, լիակատար ուժասպառման հասցրել, որից դուրս գալու համար նա ավելի ուժգին էր պայքարում, քան մինչ այդ պայքարել էր իր բոլոր այլ դժբախտությունների դեմ։ Սրտի տագնապը հյուծել էր նրա մյուս հոգեկան ուժերը, աշխուժությունը, մտքի սրությունը, նա մի տրտում խոսակից էր դարձել՝ գնալով ավելի դժբախտ, և որքան դժբախտ, նույնքան ավելի անարդար։

Համենայն դեպս, այսպես են ասում Ալբերտի ընկերները, նրանք պնդում են, թե Վերթերը սխալ էր դատում այս պարզսիրտ ու հանդարտ մարդու մասին, որը ի վերջո հասել էր վաղուց երազած երջանկությանը և ուզում էր պահպանել այն նաև ապագայում, մինչդեռ Վերթերն ինքը կարծես մի օրում սպառում էր իր ողջ կարողությունը, որպեսզի երեկոյան ողբա ու տրտնջա։ Նրանք ասում են, որ Ալբերտն այս կարճ ժամանակվա ընթացքում ամենևին չէր փոխվել, նա նույնն էր, ինչպես նրան ամենա- սկզբից ճանաչել, գնահատել ու հարգել էր Վերթերը։ Աշխարհում ամենից ավելի նա սիրում էր Լոտտեին, հպարտանում նրանով և ուզում, որ բոլորը նրան որպես հոյակապ արարածի ճանաչեն։ Մի՞թե կարելի է դատապարտել նրան, եթե նա կասկածի ստվերն անգամ ուզում էր վանել և եթե իր անգին գանձը ոչ մի պահ ոչ ոքի հետ, նույնիսկ ամենաանմեղ իմաստով, չէր ուզում կիսել։ Նրանք հաստատում են, որ Ալբերտը հաճախ էր դուրս գալիս կնոջ սենյակից, երբ նրա մոտ էր լինում Վերթերը, բայց ոչ ատելությունից, ոչ էլ հակակրանքից իր բարեկամի նկատմամբ, այլ միայն որովհետև զգում էր, թե ինչպես է ճնշվում նա իր ներկայությունից։

Լոտտեի հայրը հիվանդացել էր, որի պատճառով դուրս չէր գալիս տնից, նա իր կառքը ուղարկել էր Լոտտեին բերելու, և Լոտտեն գնացել էր նրա մոտ։ Ձմեռային հրաշալի մի օր էր, առաջին ձյունն առատորեն թափվում էր ու ծածկում շրջակայքը։

Հետևյալ առավոտյան Վերթերը գնացել էր այնտեղ, որպեսզի Լոտտեին տուն ուղեկցի, եթե Ալբերտը չգար նրան բերելու։

Պարզ եղանակը չէր կարող լավ ազդել նրա մռայլ տրամադրության վրա, մի ծանր բան ճնշում էր նրա հոգին, սովորական դարձած տխուր պատկերներն ու ցավագին մտքերը փոխարինում էին մեկը մյուսին։

Մշտապես անհաշտ լինելով ինքն իր հետ, ուրիշների վիճակն էլ միայն տարակուսելի ու խառնաշփոթ էր տեսնում, նրան թվում էր, թե խանգարվել են Ալբերտի և նրա տիկնոջ գեղեցիկ հարաբերությունները, դրա համար իրեն էր հանդիմանում, բայց սրտի խորքում՝ ամուսնու դեմ տրամադրվում։

Ճանապարհին էլ նրա մտքերը անդրադարձան այս նյութին։ «Այո իհարկե,— թաքնված զայրույթով ասում էր նա մտքում,— սրանք մտերմակա՜ն, բարեկամակա՜ն, քնքու՜շ, ամենայն պարագայում կարեկից հարաբերություններ են. անխռով, հավիտենակա՜ն հավատարմություն։ Սա ուղղակի հագեցում է ու անտարբերություն, ահա թե ինչ։ Մի՞թե յուրաքանչյուր ողորմելի գործ ավելի չի ձգում նրան, քան իր անգնահատելի, թանկագին տիկինը։ Մի՞թե նա գնահատում է իր երջանկությունը։ Մի՞թե մեծարում է նրան, ինչպես որ նա արժանի է։ Նա նրան է պատկանում, իհարկե, նրան է պատկանում... Ես այդ գիտեմ, ինչպես և գիտեմ շատ ուրիշ բաներ, թեև կարծում եմ, որ վարժվել եմ այդ մտքին, բայց դա ինձ դեռ կխելագարեցնի, դեռ ինձ կկործանի.... Իսկ բարեկամությունն իմ նկատմամբ մի՞թե դիմացավ փորձության։ Արդյո՞ք Լոտտեի նկատմամբ ունեցածս նվիրվածության մեջ նա ոտնձգություն չի տեսնում իր իրավունքների դեմ, կամ ուշադրությանս մեջ անլուր հանդիմանություն։ Ես լավ գիտեմ, ես զգում եմ, որ տհաճությամբ է ինձ նայում, ուզում է, որ ես հեռանամ, իմ ներկայությունը ծանր է նրա համար»։

Մերթ նա դանդաղեցնում էր իր արագ քայլը, մերթ կարծես ետ դաոնալու ցանկությամբ կանգ առնում, բայց, այնուամենայնիվ, շարունակում էր առաջ գնալ և այսպես, մտորելով ու ինքն իր հետ խոսելով, կարծես հակառակ իր կամքին, ի վերջո, որսորդական տնակին հասավ։

Նա ներս մտավ, ծերունուն ու Լոտտեին հարցրեց և հուզմունք նկատեց տանը։ Տղաներից ավագն ասաց, թե դժբախտություն է պատահել Վալհայմում. սպանել են մի գյուղացու... Սա առանձնապես տպավորություն չթողեց նրա վրա... Նա սենյակ մտավ և տեսավ, որ Լոտտեն համոզում է հորը հրաժարվել իր մտադրությունից. ծերունին ուզում էր, արհամարհելով իր հիվանդությունը, հանցագործությունը տեղում հետաքննելու համար Վալհայմ գնալ։ Հանցագործը դեռ մնում էր անհայտ, սպանվածին առավոտյան էին գտել տան շեմին, կային որոշ կռահումներ, հանգուցյալը մի այրու մոտ որպես աշխատավոր էր ծառայում, որը սրանից առաջ մի ուրիշն էր ունեցել, իսկ սա այրուց անհաշտ էր հեռացեր

Այս լսելով Վերթերը տեղից վեր ցատկեց. «Դա հնարավոր է,— բացականչեց նա,— ես պետք է իսկույն այնտեղ գնամ, ես ոչ մի վայրկյան չեմ կարող հանգստանալ»։ Նա շտապեց դեպի Վալհայմ, հիշողությունները մեկը մյուսի ետևից արթնանում էին նրա մտքում, և նա այլևս ոչ մի վայրկյան չէր կասկածում, որ հենց այն մարդն է կատարել հանցանքը, որի հետ երբեմն զրուցում էր ինքը և որն այնքան մտերիմ էր դարձել իրեն։

Գինետանը հասնելու համար, ուր դիակն էր դրված, նա պետք է լորենիների տակով անցներ, և երբեմնի այնքան սիրելի վայրը սարսափեցրեց նրան։ Այն շեմը, որի վրա այնքան հաճախ հարևան երեխաներն էին խաղում, արյունով էր ողողված։ Մարդկային ամենագեղեցիկ զգացմունքները՝ սերն ու հավատարմությունը, բռնության ու սպանության էին վերափոխված։ Հսկա ծառերը սաղարթազուրկ ու եղյամածածկ էին կանգնած, մացառե փարթամ ցանկապատից, որ կամար էր կապել եկեղեցու բակը շրջապատող ցածրիկ պատի վրա, թափվել էին տերևները և բացված անցքերից ձյունածածկ գերեզմանաքարերն էին երևում։

Հազիվ էր հասել նա գինետանը, որի առջև ողջ գյուղն էր հավաքված, երբ միանգամից աղմուկ բարձրացավ։ Հեռվից զինված մարդկանց մի խումբ երևաց, և բոլորը սկսեցին բղավել, որ բերում են մարդասպանին։ Վերթերն այն կողմ նայեց, և նրա բոլոր կասկածները փարատվեցին։ Այո, սա հենց այն տղան էր, որ այնպես ուժգին սիրում էր իր տիրուհուն և որին զուսպ զայրույթով ու ծածուկ հուսահատությամբ լի թափառելիս էր հանդիպել վերջերս։

«Այդ ի՞նչ ես արել, թշվառական»,— դեպի բանտարկվածը նետվելով, բացականչեց Վերթերը։ Սա հանդարտ Վերթերին նայեց, մի պահ լուռ մնաց, հետո միանգամայն սառնասիրտ արտասանեց. «Նա ոչ ոքի չի պատկանելու, ոչ էլ որևէ մեկն՝ իրեն»։ Բանտարկվածին գինետուն տարան, և Վերթերը շտապեց հեռանալ։

Սոսկալի, զորեղ իրադարձությունը ցնցել էր նրան, համակել ողջ էությունը, մի ակնթարթում թոթափել նրա վրայից թախիծը, վհատությունը, անտարբեր հնազանդությունը, կարեկցությունը անհաղթահարելիորեն համակել էր, տղային փրկելու ջերմ փափագը տիրել նրան։ Նա այնպես էր զգում նրա դժբախտությունը, այնքան անմեղ համարում նրա հանցագործությունը, այնքան խոր թափանցում նրա դրության մեջ, որ հաստատ հույս ուներ, թե ուրիշներին էլ կկարողանա համոզել դրանում։ Նա արդեն երազում էր նրա օգտին խոսել, կրակոտ ճառերն արդեն ուզում էին դուրս թռչել նրա շուրթերից, նա դեպի որսորդական տնակն էր շտապում և ճանապարհին, իրեն զսպել չկարողանալով, կիսաձայն բոլոր այն փաստարկներն էր արտասանում, որ ուզում էր ներկայացնել ամտմանին։

Սենյակ մտնելով, նա տեսավ Ալբերտին, մի պահ կարկամեց, բայց շուտով նորից իրեն տիրապետեց ու բուռն կերպով սկսեց իր դատողությունները ամտմանին ներկայացնել: Սա տարուբերում էր գլուխը, և թեև Վերթերը մեծ կրքով, ջերմությամբ ու անկեղծությամբ էր այն բոլորը շարադրում, որ կարող է մարդը մարդու անմեղությունը պաշտպանելու համար ասել, ամտմանը, ինչպես դժվար չէ կռահել, դրանից ամենևին չէր զգացվում։ Ընդհակառակը, նա մեր բարեկամին թույլ չտվեց խոսքն ավարտել, եռանդուն նրան հակաճառեց ու հանդիմանեց, որ սա իր պաշտպանության տակ է առնում մարդասպանին, նա նշեց նաև, որ այս ձևով կարելի է չեղյալ համարել յուրաքանչյուր օրենք, կործանել պետության անվտանգությունը և ավելացրեց, որ ինքն առանց իրեն մեծագույն պատասխանատվության ենթարկելու, ոչինչ չի կարող անել այսպիսի մի գործում և պետք է նախատեսված, օրինական ընթացք տա դրան։

Բայց Վերթերը դեռ չէր հանձնվում, ընդհակառակը, խնդրում էր ամտմանին, որ նա մատների արանքով նայի, եթե բանտարկվածին օգնեն փախչել։ Ամտմանն այս խնդիրն էլ մերժեց։ Ալբերտը, որն ի վերջո խառնվեց խոսակցությանը, անցավ ծերունու կողմը. Վերթերը պարտված էր ձայների մեծամասնությամբ և այն բանից հետո, որ ամտմանը մի քանի անգամ կրկնեց. «Ոչ, նրան փրկություն չկա», խորապես ընկճված՝ բռնեց տան ճամփան։

Թե ինչպես պիտի ցնցված լիներ նա այս խոսքից, երևում է այն երկտողից, որը գտնվել է նրա թղթերի մեջ և, անշուշտ, նույն այս օրն է գրվել։

«Քեզ փրկություն չկա, թշվառական։ Տեսնում եմ, որ մեզ փրկություն չկա»։

Այն, ինչ Ալբերտը հետագայում խոսել էր բանտարկվածի գործի մասին ամտմանի ներկայությամբ, ծայր աստիճան զայրացրել էր Վերթերին. նրան թվացել էր, թե դրանում իր դեմ ուղղված մի անախորժ բան կա, բայց, թեև երկար կշռադատումներից հետո իր սուր մտքով ընկալել էր, թե երկու խոսակիցն էլ իրավացի են, այնուամենայնիվ, այնպես էր կարծում, թե իր ներքին էությունից պետք է հրաժարվի, եթե զիջի ու համաձայնի նրանց հետ։

Նրա թղթերի մեջ սրան վերաբերող մի երկտող գտանք, որը հավանաբար նրա Ալբերտի նկատմամբ ունեցած ողջ վերաբերմունքն է արտահայտում։

«Ինչ օգուտ, եթե ես շարունակ ինքս ինձ ասում եմ ու կրկնում, թե նա բարի է ու ազնիվ, միևնույն է, ներսս ամեն բան տակնուվրա է լինում. ես արդար լինելու ուժ չունեմ»...

Քանի որ մեղմ երեկո էր ու ձնհալ էր սկսվել, Լոտտեն ու Ալբերտը ոտքով ճամփա ընկան դեպի տուն։ Ճանապարհին, կարծես Վերթերի պակասն զգալով, Լոտտեն այսուայն կողմ էր նայում։ Ալբերտն սկսեց Վերթերի մասին խոսել, կշտամբանքի խոսք ուղղելով նրա հասցեին, թեև չէր ժխտում նաև նրա արժանիքները։ Հիշեց նաև նրա դժբախտ սերը և նկատեց, թե ցանկալի կլիներ նրան հեռացնել։ «Ես ուզում եմ այդ նաև մեզ համար,— ասաց նա,— և խնդրում եմ քեզ,— շարունակեց Ալբերտը,— մի այլ ուղղություն տուր նրա՝ քո նկատմամբ ունեցած վերաբերմունքին ու հաճախակի ատելությունները պակասեցրու։ Մարդիկ արդեն ուշադրություն են դարձնում, և ես գիտեմ, որ, սկսել են խոսել այդ մասին»։ Լոտտեն լուռ էր։ Ալբերտն, ըստ երևույթին, ազդվեց այդ լռությունից և, համենայն դեպս, այդ օրից Վերթերի անունն այլևս չէր տալիս Լոտտեի ներկայությամբ, իսկ եթե Լոտտեն էր տայիս, խոսակցությունն ընդհատում էր կամ նյութը փոխում։

Դժբախտին փրկելու Վերթերի ապարդյուն փորձը մարող կրակի վերջին բռնկումն էր. նա է՛լ ավելի խոր թախծի ու անգործության մատնվեց և սոսկալի զայրացավ, երբ լսեց, թե իրեն ուզում են վկա կանչել մեղադրյալի դեմ, որը հիմա որոշել էր ամեն բան ժխտել։

Նա մտքում տակնուվրա էր անում ծառայության ժամանակ իրեն պատահած բոլոր սրտնեղությունները, հիշեց նաև անախորժությունը դեսպանորդի մոտ աշխատելիս, հիշեց բոլոր այն դեպքերը, երբ ինքը ձախողվել էր կամ վիրավորվել։ Այս բոլորում նա իր անգործության արդարացումն էր տեսնում, իրեն ամեն տեսակ հեռանկարից զուրկ, կենսական առօրյա գործունեության որևէ միջոցի տիրապետելու անընդունակ համարում, և այսպես, տրվելով իր զարմանալի զգացմունքին, յուրօրինակ մտածելակերպին ու ամենակուլ կրքին, մշտական միօրինակ ու թախծալի շփման մեջ լինելով իր սիրելի անզուգական էակի հետ, խանգարելով նրա հանգիստը և քայքայելով սեփական ուժերը, աննպատակ ու անհեռանկար ծախսելով դրանք, ի վերջո, մոտենում էր ողբերգական վախճանին։

Նրա խռովքի, տառապանքի, հալածական անդադրում դեգերումների, կյանքից հոգնած լինելու մասին են պերճախոս վկայում նրանից հետո մնացած մի քանի նամակներ, որոնք ուզում ենք մեջբերել այստեղ։

12 դեկտեմբերի

Սիրելի Վիլհելմ, ես հիմա գտնվում եմ մի վիճակում, որում պետք է որ գտնվեն, այսպես ասած, չար ոգուց հալածվածները։ Երբեմն մի անհայտ զգացում է համակում ինձ. սա ոչ սարսափ է, ոչ կիրք, սա անծանոթ մի խռովք է, որ սպառնում է պատռել կուրծքս, խեղդել կոկորդըս։ Վայ ինձ, վայ։ Եվ այսպիսի պահերի ես թափառում եմ տարվա այս անհրապույր եղանակին գիշերային սոսկալի դաշտավայրում։

Երեկ երեկոյան մի ներքին ուժ դուրս էր մղում ինձ տնից։ Հանկարծ ձնհալ էր սկսվել, ինձ ասացին, որ գետը դուրս է եկել ափերից, բոլոր առվակները բարձրացել են ու Վալհայմից վար գտնվող իմ սիրելի հովիտը ողողել։ Գիշերը, տասնմեկից հետո, ես վազեցի այնտեղ։ Սոսկալի էր ժայռի կատարից տեսնել, թե ինչպես կատաղի հոսանքները լուսնի լույսով հորձանք են տալիս, ողողելով արտերը, մարգագետիններն ու մացառուտները, և ողջ լայնատարած հովիտը քամու մռնչյունի տակ ծփացող փոթորկալի մի ծովի վերածում։ Իսկ երբ լուսինը դուրս էր գալիս սև ամպերի տակից ու նրա սարսափազդու և վեհաշուք ցոլքի մեջ իմ առջև որոտում ու փոթորկում էր հորձանքը, սարսուռ էր պատում հոգիս ու առաջ նետվելու ձգտումն ինձ համակում։ Ախ, ես թևատարած կանգնած էի անդունդի եզերքին և շունչս ինձ դեպի վար, դեպի վար էր քաշում։ Ի՜նչ երանություն՝ տանջանքս ու տառապանքս ինձ հետ միասին դեպի վար նետել ու ալիքների հետ հեռուները լողալ։ Ավաղ, ոտքս գետնից կտրել ու վերջ դնել տառապանքներիս չէի կարողանում... Զգում եմ, որ ժամս դեռևս չի հասել։ Օ, Վիլհելմ, ես մեծ հաճույքով մարդկային գոյությունս կզիջեի, որ փոթորկոտ քամու հետ ամպերը պատռեմ, հորձանքը սանձեմ։ Հա, հա։ Բայց մի՞թե բանտարկյալին երբևէ բախտ կվիճակվի այդ երանությունը...

Ինչպիսի թախիծով ես վար նայեցի՝ գտնելու այն տեղը, ուր Լոտտեի հետ զբոսնելիս մի շոգ օր հանգստացել էինք ուռենու ստվերում... Այն էլ էր հեղեղված ջրով, և ես հազիվ ճանաչեցի ուռենին։ Վիլհելմ։ Իսկ նրանց մարգագետինները, որսորդական տան շրջակայքը,— մտածում էի ես,— ինչպես է այս սրընթաց հոսանքից այժմ տուժել մեր տաղավարը։ Եվ անցյալն արևի ճառագայթի պես սիրտս թափանցեց, ինչպես հոտերի, մարգագետինների ու պատվավոր պաշտոնների մասին երազները կարող են բանտարկյալի սիրտը թափանցել։ Եվ ես մնացել էի կանգնած... Բայց ես ինձ չեմ նախատում, քանի որ մեռնելու քաջություն ունեմ... Ավելի լավ կլիներ... Իսկ այժմ ես նստած եմ այստեղ մի մուրացկան պառավի պես, որը ցանկապատերի տակից փայտի կտորտանք է հավաքում ու դռներին հաց մուրում, որպեսզի մի ակնթարթով թեթևացնի ու երկարացնի իր թշվառ ու անուրախ գոյությունը։

14 դեկտեմբերի

Ի՞նչ է սա, սիրելիս։ Ես ինքս ինձնից վախենում եմ։ Մի՞թե նրա նկատմամբ տածած սերը ամենամաքուր, ամենասրբազան, ամենաեղբայրական սերը չէ։ Մի՞թե երբևէ հոգուս խորքում որևէ հանցավոր ցանկություն եմ ունեցել... Չեմ ուզում հավաստել... Միայն այն երազները... Օ, որքան իրավացի էին մարդիկ, որ ներքին հակասությունները օտարոտի ուժերի էին վերագրում։ Այս գիշեր (վախենում եմ խոստովանել) ես գրկել էի նրան, ամուր կրծքիս սեղմել ու նրա սիրո խոսքեր մրմնջացող շրթունքներին անվերջ համբույրներ էի դրոշմում, հայացքս կորչում էր նրա սիրուց արբեցած հայացքում։ Տեր աստված, մի՞թե հանցավոր եմ, եթե հիմա էլ այդ կրակոտ հրճվանքները սրտանց հիշելիս նորից երանություն եմ զգում։ Լոտտե, Լոտտե... Ինձ համար ամեն բան վերջացած է. միտքս խառնված է, ութ օր է, ինչ ինձ կորցրել եմ, աչքերս լի են արտասուքով։ Ոչ մի տեղ ինձ լավ չեմ զգում և ամենուրեք լավ եմ զգում։ Ես ոչինչ չեմ ուզում, ոչինչ չեմ պահանջում։ Ինձ համար ավելի լավ կլինի, եթե ես հեռանամ։

Աշխարհը լքելու վճիռը այս ժամանակ և այսպիսի իրադարձության մեջ Վերթերի սրտում գնալով ավելի հաստատուն տեղ էր բռնում։ Լոտտեի մոտ վերադառնալուց հետո սա նրա վերջին հույսն ու ապավենն էր. սակայն նա իրեն խոսք էր տվել, որ դա շտապողական, չմտածված արարք չի լինի, նա ամենախոր համոզմունքով, հնարավորին չափ հանգիստ վճռականությամբ կկատարի այդ քայլը։

Նրա տարակուսանքը, ներքին պայքարը երևան է հանում անթվակիր մի երկտող, որն, ըստ երևույթին, Վիլհելմին ուղղված մի նամակ է և գտնված է նրա թղթերի մեջ։

«Նրա ներկայությունը, նրա ճակատագիրը, նրա կարեկցանքը իմ նկատմամբ միայն կարող են վերջին արցունքները քամել իմ մոխրացած սրտից։ Ինձ միայն մնում է վարագույրը բարձրացնել ու նրա ետևն անցնել, ահա բոլորը: Էլ ինչու՞ վախենալ ու վարանել։ Որովհետև չգիտենք, թե ի՞նչ է վարագույրի ետևում, որովհետև վերադարձ չկա՞ այնտեղից։ Նաև որովհետև մեր մտքին հատուկ է քաոս ու խավար գուշակել այնտեղ, որտեղից ոչ մի հաստատ բան չգիտենք...»։

Ի վերջո նա աստիճանաբար հաշտվեց ու համակերպվեց տխուր մտքի հետ, նրա մտադրությունը անդարձ հաստատվեց, որի մասին է վկայում ընկերոջն ուղղված նրա երկիմաստ նամակը։

20 դեկտեմբերի

Շնորհակալ եմ, Վիլհելմ, քո սիրո համար, այն բանի համար, որ գրածս այդպես ես ընկալել։ Այո, դու իրավացի ես. ինձ համար ավելի լավ կլինի, եթե հեռանամ։ Ձեզ մոտ վերադառնալու առաջարկդ ինձ այնքան էլ դուր չի գալիս, համենայն դեպս սիրով մի շրջանց կկատարեմ, մանավանդ, որ տևական սառնամանիքների ու լավ ճանապարհների հույս ունենք։ Նույնքան հաճելի է ինձ, որ դու ուզում ես գալ ինձ տանելու, միայն մի տասնչորս օր էլ համբերիր և նամակիս սպասիր հետագա մտադրություններիս մասին: Չի կարելի քաղել պտուղը, քանի դեռ հասած չէ։ Իսկ տասնչորս օրում շատ բան կարող է որոշվել։ Մորս ասա, որ աղոթի իր որդու համար, ասա նաև, որ թողություն եմ խնդրում իրեն պատճառածս բոլոր անախորժությունների համար։ Սա էլ էր իմ ճակատագիրը. վշտացնել նրանց, ում պարտավոր էի ուրախություն պատճառել։ Մնաս բարով, անգին ընկեր։ Երկնային բոլոր օրհնանքներն անպակաս լինեն քեզանից: Մնաս բարով։

Թե ինչ էր կատարվում Լոտտեի սրտում այս ժամանակամիջոցում, ինչ զգացմունքներ էր տածում ամուսնու և իր դժբախտ բարեկամի նկատմամբ, հազիվ թե համարձակվենք բառերով արտահայտել, բայց ճանաչելով սրա բնավորությունը, կարող ենք որոշ գաղափար կազմել, իսկ կանացի քնքուշ սիրտը կարող է նրա սրտի մեջ թափանցել ու նրան սրտանց կարեկցել։

Հայտնի է միայն, որ նա մտքում հաստատ որոշել էր՝ ամեն բան անել Վերթերին հեռացնելու համար և եթե հապաղում էր, ապա այդ անում էր միայն սրտանց ու մտերմաբար խնայելով նրան, քանի որ գիտեր, թե որքան ծանր, համարյա անհնարին կլինի նրա համար։ Սակայն իրադրությունն այդ ժամանակ ստիպում էր նրան լուրջ քայլի դիմել, ճիշտ է, ամուսինն ամենևին չէր խոսում այս պարագայի մասին, ինչպես և ինքն էր շարունակ լռում, բայց առավել ևս անհրաժեշտ էր դառնում գործով ապացուցել ամուսնուն, որ իր մտադրությունները նույնն են, ինչ որ նրանը։

Այն նույն օրը, երբ Վերթերը գրել էր հենց նոր մեջբերված նամակն իր ընկերոջը, ծննդյան տոնին նախորդող կիրակի օրը երեկոյան նա այցելում է Լոտտեին ու նրան մենակ գտնում։ Լոտտեն զբաղված էր տոնի առթիվ իր կրտսեր եղբայրների ու քույրերի համար որպես նվեր պատրաստած խաղալիքները կարգի բերելով։ Վերթերը խոսում է այն հաճույքի մասին, որ ստանալու են երեխաները և հիշում այն ժամանակները, երբ դռների անսպասելի բացվելը, մոմերով, քաղցրավենիքով ու խնձորներով զարդարված ծառի երևալը դրախտային զմայլանք էին պատճառում իրեն։ «Դուք էլ նվեր կստանաք, եթե ձեզ խելոք պահեք,— շփոթությունը քնքուշ ժպիտով քողարկելով, ասաց Լոտտեն։— Մի սիրուն մոմ ու էլի մի բան»։ «Իսկ ի՞նչն եք դուք խելոք պահել անվանում,— բացականչեց Վերթերը։— Ինչպիսի՞ն պետք է լինեմ, ինչպե՞ս ինձ պահեմ, սիրելի Լոտտե»։ «Հինգշաբթի երեկոյան,— ասաց նա,– ծննդյան նախօրեն է, գալու են երեխաները, նաև հայրիկս, յուրաքանչյուրը կստանա իր հասանելիքը, դուք էլ այդ օրը եկեք, բայց ոչ ավելի շուտ»։ Վերթերը շվարեց։ «Խնդրում եմ ձեզ,– շարունակեց Լոտտեն,– մի անգամ արդեն այդպես է ստացվել, հանուն իմ խաղաղության, խնդրում եմ ձեզ, այսպես չի կարող, չի կարող շարունակվել»։ Վերթերը հայացքը փախցրեց Լոտտեից ու սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում, ատամների արանքից մրմնջալով. «Այսպես չի կարող շարունակվել»։ Զգալով, թե ինչ սոսկալի դրության մեջ գցեցին Վերթերին այս խոսքերը, Լոտտեն փորձում էր կողմնակի հարցերով նրա միտքը շեղել, սակայն ապարդյուն։ «Ոչ, Լոտտե,– բացականչեց նա,– ես այլևս ձեզ չեմ տեսնի»։ «Ինչո՞ւ, Վերթեր, դուք կարող եք, դուք պետք է մեզ հանդիպեք, միայն թե զսպեցեք ձեզ,— վրա բերեց Լոտտեն։— Ախ, ինչո՞ւ պիտի դուք այսպիսի պոռթկուն բնավորությամբ ծնվեիք, ինչո՞ւ պիտի այսպիսի անհաղթահարելի համառ կրքով կպչեիք ձեր ամեն մի ձեռնարկության։ Խնդրում եմ ձեզ,— շարունակեց նա, բռնելով Վերթերի ձեռքը,— զսպեցեք ձեզ։ Որքան բազմապիսի վայելքներ կարող են ձեզ պատճառել ձեր գիտելիքները, ձեր միտքը, քանքարները։ Տղամարդ եղեք, հրաժարվեք ձեր տարաբախտ նվիրվածությունից մի արարածի նկատմամբ, որը բացի ձեզ կարեկցելուց ոչինչ չի կարող անել»։ Վերթերը կրճտացնում էր ատամներն ու մռայլ հայացքով Լոտտեին նայում։ Լոտտեն բռնել էր նրա ձեռքը։ «Մի պահ միայն սթափվեցեք, Վերթեր։ Ասաց նա։– Մի՞թե չեք զգում, որ խաբում եք ձեզ և դիտավորյալ կորստյան մատնում։ Ինչո՞ւ հենց ինձ, Վերթեր, հենց ինձ, որ ուրիշին եմ պատկանում։ Ձեր ինչի՞ն է պետք դա։ Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ ինձ տիրանալու անհնարինությունն է ձեր ցանկությունն այդքան ուժգին դարձնում»։ Վերթերը ձեռքը դուրս քաշեց նրա ափի միջից ու զայրագին հայացքը նրան սևեռեց։ «Իմաստուն միտք է,— բացականչեց նա— չափազանց իմաստուն։ Հավանաբար դա Ալբերտի կարծի՞քն է: Նրբամիտ է, չափազանց նրբամիտ»։ «Ամեն մարդ կարող է այդպես մտածել,- վրա բերեց Լոտտեն։– Եվ մի՞թե աշխարհում ոչ մի աղջիկ չի ճարվի, որ դուր գա ձեր սրտին։ Հաղթահարեցեք ձեզ, փնտրեք, և երդվում եմ, որ կգտնեք, արդեն վաղուց է ինձ վախեցնում այն, որ դուք վերջերս սահմանափակվել եք մի նեղ շրջանում, և վախեցնում է թե ձեզ համար, թե մեզ։ Հաղթահարեք ձեզ։ Ճանապարհորդությունն, անշուշտ, պետք է որ ցրի ձեզ։ Փնտրեցեք և գտեք ձեր սիրուն արժանի առարկա, վերադարձեք այստեղ, և մենք միասին կվայելենք իսկական բարեկամության երանությունը»։

«Սա կարելի է տպագրել,— ասաց նա սառը քմծիծաղով,– և բոլոր վարժապետներին առաջարկել։ Սիրելի Լոտտե, մի քիչ էլ դիմացեք, և ամեն բան կկարգավորվի»։ «Միայն թե, Վերթեր, ծննդյան տոնից առաջ չգաք»։ Վերթերն ուզում էր պատասխանել, բայց այդ պահին ներս մտավ Ալբերտը։ Նրանք մի սառը «բարի երեկո» փոխանակեցին և սկսեցին սենյակում միասին ետ ու առաջ քայլել։ Վերթերն աննշան մի զրույց սկսեց, որը սակայն շուտով ընդհատվեց։ Ալբերտը նույն փորձը կատարեց, հետո կնոջը ինչ-որ հանձնարարությունների մասին հարցրեց, և, լսելով, որ դրանք դեռևս կատարված չեն, նրան մի քանի խոսք ասաց, որոնք Վերթերին սառը և նույնիսկ խիստ թվացին։ Վերթերն ուզում էր գնալ, բայց չէր կարողանում և տատանվելով մնաց մինչև ժամը ութը, մինչդեռ նրա դժկամությունն ու զայրույթը աճում էին աստիճանաբար, և երբ ընթրիքի սեղանը ծածկեցին, նա գլխարկն ու ձեռնափայտը ձեռքն առավ։ Ալբերտը նրան հրավիրեց մնալ ընթրիքին, բայց նա, որ դրանում միայն դատարկ հաճոյախոսություն նկատեց՝ սառը շնորհակալություն հայտնեց ու հեռացավ։

Նա տուն եկավ, ծառայի ձեռքից, որն ուզում էր նրան լուսավորել, վերցրեց մոմը և մենակ իր սենյակը մտավ, բարձրաձայն արտասվեց, հուզված ինքն իր հետ խոսեց, գրգռված ետ ու առաջ քայլեց և ի վերջո շորերով ընկավ իր մահճակալին, որտեղ և գտավ նրան ծառան, երբ ժամը տասնմեկին մոտ հանդգնեց ներս մտնել, որպեսզի հարցնի, արդյոք չհանի՞ պարոնի կոշիկները, սա այդ թույլ տվեց և ծառային արգելեց հաջորդ առավոտյան սենյակ մտնել մինչև որ ինքը չկանչի։

Երկուշաբթի՝ դեկտեմբերի քսանմեկի առավոտյան նա Լոտտեին հետևյալ նամակը գրեց, որ կնքված՝ նրա մահից հետո գրասեղանի վրա գտնվեց ու Լոտտեին հանձնվեց, և որը հատվածաբար զետեղում եմ այստեղ ճիշտ այնպես, ինչպես ելնելով իրադրությունից, ընդհատումներով էր գրվել իր ժամանակին։

«Վճռված է, Լոտտե, ես պետք է մեռնեմ և գրում եմ քեզ այս առանց ռոմանտիկ հուզականության, հանգիստ, այն օրվա առավոտյան, երբ վերջին անգամ տեսնելու եմ քեզ։ Երբ դու այս տողերը կարդալիս լինես, սիրելիս, սառը գերեզմանն արդեն կծածկի անզգայացած աճյունը խռովահույզ թշվառի, որն իր կյանքի վերջին վայրկյաններին ավելի մեծ ուրախություն չունի, քան քեզ հետ զրուցելը։ Ես մի սոսկալի և, ավա՜ղ, մի բարեբեր գիշեր անցկացրի։ Այդ գիշերը վճռեց ու հաստատեց իմ որոշումը, ես պետք է մեռնեմ։ Երեկ, երբ ես բաժանվեցի քեզնից, սոսկալի բորբոքված էին զգացմունքներս ու ճնշում էին սիրտս, և իմ անուրախ ու անհույս գոյությունը քո կողքին սարսափելի սառնությամբ էր համակում ինձ. հազիվ սենյակս հասա, ինձ կորցրած՝ ծնկներիս ընկա և, օ, աստված, դու ինձ դառն արտասուքի վերջին սփոփանքը շնորհեցիր։ Հազար հույս, հազար մտադրություն խառնվում էին իմ հոգում և, ի վերջո, անսասան ու կատարյալ վերջին, միակ միտքս հաստատվեց, ես պետք է մեռնեմ։ Ես պառկեցի քնելու, և առավոտյան զարթոնքի խաղաղության մեջ նորից նույն միտքն է հաստատ ու զորեղ ապրում իմ սրտում. ես պետք է մեռնեմ: Սա հուսահատություն չէ, սա համոզմունք է, որ ես արդեն տառապել եմ իմ բաժինը և զոհում եմ ինձ հանուն քո բարօրության: Այո, Լոտտե, ինչո՞ւ պիտի թաքցնեմ։ Երեքիցս մեկը պետք է հեռանա, և այդ մեկը ես եմ լինելու: Օ, սիրելիս, այս բըզ- կըտված սիրտը հաճախ էր մի մոլեգին միտք կրծում, սպանել ամուսնուդ... քեզ... ինձ... Բայց թող այսպես լինի... Երբ ամառային խաղաղ երեկոյին լեռան կատարը բարձրանաս, հիշիր ինձ, հիշիր որքան հաճախ էի հովիտն ի վեր բարձրանում, հետո հայացքդ դեպի վար ուղղիր՝ գերեզմանոցին, իմ գերեզմանին, ուր մայրամուտի շողերում քամին տարուբերում է բարձր խոտը... Ես հանգիստ էի, երբ նոր սկսեցի գրել, իսկ այժմ, երբ շուրջս ամեն բան կենդանացավ, այժմ լալիս եմ երեխայի պես...»։

Ժամը տասին մոտ Վերթերը կանչեց իր ծառային և հագնվելիս ասաց նրան, որ օրերս պատրաստվում է մեկնել, այդ պատճառով պետք է հագուստը մաքրել և հավաքվելու համար ամեն բան պատրաստել, կարգադրեց նաև առևտրական հաշիվները պահանջել, ուրիշներին տրված գրքերը հավաքել և աղքատներին, որոնց ամեն շաբաթ դրամական օգնություն էր բաժանում, երկու ամսվա հասանելիքը կանխավ վճարել։

Նա կարգադրեց ճաշն իր սենյակը բերել և ճաշից անմիջապես հետո ամտմանի մոտ շտապեց, սակայն չգտավ նրան տանը։ Մտազբաղ՝ նա ետ ու առաջ էր անում պարտեզում և թվում էր, թե ի վերջո ուզում է հիշողությունների տրտմության ողջ բեռն իր վրա առնել։

Երեխաները նրան երկար չթողին մենակ, նրանք վազում էին Վերթերի ետևից, թռչում էին ուսերին ու պատմում, թե երբ անցնի վաղը, վաղը չէ մյուս օրը և էլի մի օր, իրենք ծննդյան տոնի նվերներ կստանան Լոտտեից ու հրաշքներ էին պատմում, որ խոստանում է նրանց պարզ երևակայությունը «Վաղը,— բացականչեց Վերթերը,– վաղը չէ մյուս օրը և էլի մի օր»,— սրտանց համբուրեց բոլորին և արդեն ուզում էր հեռանալ, երբ ամենակրտսերը մի բան ուզեց ասել նրա ականջին։ Նա մատնեց գաղտնիքն, ասելով, որ ավագ եղբայրները նոր տարվա գեղեցիկ բարեմաղթություններ են գրել, այ այսքան մեծ, մեկը հայրիկի, մեկը Ալբերտի ու Լոտտեի, մեկն էլ պարոն Վերթերի համար, որոնք նոր տարվա առավոտյան պետք է ուղարկվեն։ Սա արդեն վեր էր նրա ուժերից, նա ամեն մեկին մի բան նվիրեց, նստեց իր ձին, խնդրեց ողջույն հաղորդել ծերունուն և արտասուքը աչքերին հեռացավ։

Ժամը հինգին մոտ նա տուն վերադարձավ, աղախնին կարգադրեց հոգ տանել, որ կրակը բուխարիում մինչև գիշեր թեժ մնա։ Ծառային ասաց, որ գրքերն ու սպիտակեղենը ճամպրուկի ամենատակը դնի, իսկ հագուստը շորի մեջ կարի։ Սրանից հետո է, հավանաբար, գրել Լոտտեին ուղղված վերջին նամակի հետևյալ հատվածը։

«Դու ինձ չես սպասում, կարծում ես կլսեմ և մինչև ծննդյան տոնը չեմ հանդիպի քեզ։ Օ, Լոտտե, այսօր կամ երբեք։ Ծննդյան տոնի, նախօրեին դու դողահար կբռնես այս նամակն ու կողողես այն քո անգին արտասուքով։ Այս է ցանկությունս և այսպես էլ կլինի։ Օ, ինչ հանգիստ եմ, որ վերջնական վճիռ եմ ընդունել»։

Մինչ այդ Լոտտեն մի տարօրինակ հոգեվիճակ էր ապրում։ Վերթերի հետ ունեցած վերջին խոսակցությունից հետո նա զգում էր, թե որքան ծանր կլինի իր համար բաժանվել նրանից և որքան տառապալի նրա համար՝ հեռանալ իրենից։

Մի անգամ Ալբերտի ներկայությամբ նա իմիջիայլոց ասաց, որ Վերթերը մինչև ծննդյան տոնը չի գալու, և Ալբերտը ձիով գնաց հարե- վան գյուղերից մեկը մի պաշտոնյայի մոտ, որի հետ գործ ուներ, ու մտադիր էր գիշերելու այնտեղ։

Այժմ Լոտտեն նստած էր մենակ (քույրերից ու եղբայրներից ոչ մեկը նրա մոտ չէր) ու խաղաղ տրտմությամբ իր վիճակի մասին էր մտածում։ Նա առհավետ կապված է մի մարդու հետ, որի սերն ու հավատարմությունը քաջ գիտե և որին ինքը նվիրված է հոգով ու սրտով, որի հավասարակշռությունն ու վստահությունը, կարծես, ի վերուստ հենց նրա համար են ստեղծված, որպեսզի լրջմիտ կինն իր կյանքի երջանկությունը նրանց վրա կառուցի, նա հասկանում էր, թե ինչ կլինի նա իր և իր երեխաների համար մշտապես։ Բայց մյուս կողմից Վերթերն այնքան թանկ էր դարձել նրա համար, իրենց ծանոթության հենց առաջին պահից այնքան պարզ էր երևացել նրանց հոգեհարազատությունը, իսկ երկարատև շփումը նրա հետ, ինչպես նաև միասին վերապրած շատ իրադարձություններ անջնջելի տպավորություն էին թողել նրա սրտում։ Այն ամենը, որ հուզում էր նրա զգացմունքներն ու միտքը, նա սովոր էր կիսել Վերթերի հետ, և նրա հեռանալը սպառնում էր իր ողջ էության մեջ մի դատարկություն բանալ, որը երբեք ոչնչով չէր կարող լցնել։ Ախ, երանի կարողանար նրան մի ակնթարթում եղբայր դարձնել, ինչ երջանկություն կլիներ... Ախ, երանի կարողանար նրան իր ընկերուհիներից մեկի հետ ամուսնացնել, երանի նրա ու Ալբերտի հարաբերությունները նորից վերականգնելու հույս ունենար։

Նա հերթով մտաբերեց բոլոր ընկերուհիներին և բոլորի մեջ էլ մի-մի պակասություն գտավ և նրանցից ոչ մեկին Վերթերին արժանի չհամարեց։

Այս բոլոր դատողություններից հետո նա եթե պարզորոշ չգիտակցեց, ապա առաջին անգամ խորապես զգաց, որ իր ամենանվիրական ու գաղտնի փափագն է նրան իր համար պահել, բայց դրա կողքին միաժամանակ ինքն իրեն ասում էր, որ իրավունք չունի, չի կարող պահել, նրա ազնիվ, պարզ հոգին, որը ոչինչ չէր մթագնում, այժմ թախիծ էր պատել, քանի որ դեպի երջանկություն տանող ճանապարհը փակ էր իր առջև։

Թախիծը ճնշում էր սիրտը, մռայլ ամպի պես մթագնում հայացքը։

Այսպես վեցն անց կեսը դարձավ, երբ Լոտտեն ոտնաձայն լսեց սանդուղքին և իսկույն ճանաչեց Վերթերի քայլվածքն ու ձայնը, որը նրա մասին էր հարցնում։ Լոտտեի սիրտն սկսեց ուժգին բաբախել, թերևս առաջին անգամ նրա հայտնվելիս։ Լոտտեն կգերադասեր ասել, որ տանը չէ, և երբ Վերթերը ներս մտավ, մի տեսակ պոռթկուն շփոթվածությամբ, բացականչեց. «Դուք ձեր խոստումը չկատարեցիք»։ «Ես ոչինչ չեմ խոստացել»,— եղավ նրա պատասխանը։ «Համենայն դեպս կարող էիք հաշվի առնել խնդիրս»,— վրա բերեց Լոտտեն։— Ես ձեզ խնդրում էի երկուսիս հանգստության համար»։

Նա լավ չէր հասկանում, թե ինչ է ասում, և էլ ավելի, թե ինչ է անում, երբ Վերթերի հետ մենակ չմնալու համար մարդ էր ուղարկում ընկերուհիներին կանչելու։ Վերթերը հետը բերած մի երկու գիրք դրեց սեղանին, հարցրեց մյուսների մասին, իսկ Լոտտեն երկակի մի զգացմունք էր ապրում, մեկ ուզում էր, որ ընկերուհիները գան, մեկ ուզում էր, որ չգան։ Աղախինը վերադարձավ և լուր բերեց, որ երկուսն էլ չեն կարող գալ։

Լոտտեն ուզում էր կարգադրել աղախնին, որ սա մի գործ ձեռքն առնի ու հարևան սենյակում նստի, բայց մտադրությունը փոխեց: Վերթերը ետ ու առաջ էր անում սենյակում, Լոտտեն մոտեցավ դաշնամուրին ու սկսեց մենուետ նվագել, սակայն բան չէր ստացվում։ Վերջապես նա իրեն տիրապետեց, երբ Վերթերն իր սովորական տեղը գրավեց բազմոցին, անհոգ տեսք ընդունեց ու նստեց նրա կողքին։

«Կարդալու բան չունե՞ք»,— հարցրեց Լոտտեն։ Վերթերը ոչինչ չուներ։ «Սեղանիս դարակում Օսսիանի երգերի ձեր կատարած թարգմանությունը կա,— ասաց Լոտտեն,— ես դեռ չեմ կարդացել, որովհետև միշտ հույս եմ ունեցել ձեզնից դրանք լսել, բայց մինչև օրս այդ չի հաջողվել։ Վերթերը ժպտաց, երգերը դարակից հանեց, բայց ձեռքն առնելուն պես մարմնով սարսուռ անցավ, իսկ երբ հայացք նետեց դրանց վրա, աչքերն արտասուքով լցվեցին։ Նա նստեց ու սկսեց կարդալ.

«Իրիկնային աղջամուղջի սիրուն աստղ, ակայծում ես արևմուտքում դու շքեղ, ճաճանչափայլ գլուխդ հանում ես դուրս ամպերից և վայելչատես դեպի բլուրներդ լողում։ Ի՞նչ ես փնտրում հարթավայրում ակնդետ։ Փոթորկածին քամիները հանդարտվել են արդեն, հեռվից հեղեղատի կարկաչն է լսվում, հեռավոր ժայռերի ստորոտներում ալիքներն են աղմկում ու դաշտերի վրա իրիկնային մժեղների տզզոցը տարածվում։ Ի՞նչ ես փնտրում, օ, հրաշալի լուսատու։ Բայց դու ժպտում ես ու հեռանում, շուրջդ ուրախ ալիքներ են հեգ ծփում ու փառահեղ քո ծամերը ողողում։ Գնաս բարով, մեղմ ու խաղաղ ճառագայթ։ Հայտնվիր դու, Օսսիանի ոգու վսեմ լույս։

Եվ հայտնվում է այն իր ողջ զորությամբ: Եվ տեսնում եմ ես կյանքից հեռացած իմ ընկերներին, որոնք ինչպես անցած օրերին հավաքվել են Լորայի վրա... Որպես խոնավ մշուշե մի սյուն Ֆինգալն է հայտնվում, իսկ նրա շուրջը՝ իր հերոսները և, ահա մի տես, երգասացության բանաստեղծները, ծերունազարդ Ուլլինը, վայելչատես Ռինոն, Ալպինը՝ հոյակապ երգիչ, և դու, քնքուշ ողբասաց Մինոնա։ Որքան եք փոխվել դուք, բարեկամներս, այն հեգ օրերից Սելմայի վրա, ուր, ընդօրինակելով բլրի վրայի մեղմ սվսվացող խոտը խոնարհող, գարնան հովերին, հանուն սեգ փառքի երգասացության՝ մրցակցում էինք մենք։

Եվ, փայլելով իր գեղեցկությամբ, ելավ Մինոնան, աչքերն՝ արցունքոտ, հայացքը՝ գետնին. սարերից փչող անհանգիստ քամուց ծանր ծփում էին վարսերը նրա... Եվ հենց որ հնչեց հոյակապ ձայնը, մռայլվեցին հերոսների ոգիները, որովհետև հաճախ էին տեսել Սալգարի շիրիմն ու ճերմակաթույր Կոլմայի՝ բլրի վրա լքված քաղցրաձայն Կոլմայի, տխուր կացարանը։ Սալգարը խոստացել էր գալ, բայց գիշեր էր վրա հասել։ Լսեցեք Կոլմայի ձայնը, որ բլրի վրա նստած է միայնակ։

ԿՈԼՄԱ

Գիշեր է: Ես փոթորկալի բլրի վրա եմ, մենակ ու մոռացված։ Քամին շառաչում է լեռներում, հեղեղատը, ոռնալով, ժայռից գահավիժում դեպի ցած։ Իսկ ինձ՝ փոթորկալի բլրի վրա լքվածիս, ոչինչ չի պատսպարում անձրևից։

Դուրս եկ ամպի տակից, օ, լուսին, հայտնվեցեք, գիշերային աստղեր։ Թող ձեր շողքը ճամփա ցույց տա ինձ այնտեղ, ուր իր մրափած շները շուրջը և թուլացրած աղեղը կողքին՝ որսորդության տքնությունից հանգստանում է իմ սիրելին։ Իսկ ես պետք է մնամ նստած այդ ժայռին, որի տակ շարունակ հորդացող հեղեղատն է ալեկոծվում։ Հեղեղատն աղմկում է, մրրիկը՝ ոռնում, և սիրելիիս ձայնը չեմ լսում։

Ինչո՞ւ է ուշանում իմ Սալգարը։ Մոռացել է իր խոստումը... Ահա ժայռը, ահա ծառը, ահա և աղմկալի հեղեղատը։ Դու խոստացել ես գիշերը վրա հասնելուն պես այստեղ լինել։ Ախ, մի՞թե մոլորվել է իմ Սալգարը: Ես ուզում էի լքել գոռոզ հորս ու եղբորս ու փախչել քեզ հետ։ Վաղուց են թշնամի մեր գերդաստանները, բայց մենք՝ մի՞թե կարող ենք թշնամի լինել, օ, Սալգար։

Լսիր մի պահ, օ, հողմ, հանդարտվիր մի պահ, օ, հորձանք, որ ձայնս լսվի այս հովտում, որ պանդուխտս ինձ լսի, այդ ես եմ քեզ կանչում, Սալգար։ Այստեղ է ծառը, այստեղ է ժայռը։ Այստեղ եմ ես, սիրելիդ իմ Սալգար, ինչո՞ւ ես ուշանում։

Լուսինը, տես, դուրս է եկել, հորձանքն է հովտում փայլում և գորշ ժայռերն են բլուրն ի վար երևում, բայց ես իմ Սալգարին չեմ տեսնում, նրա շները հաչոցով իր գալուստը չեն ազդարարում։ Եվ ես միայնակ եմ նստած այստեղ։

Բայց ո՞վ է պառկած այնտեղ՝ դաշտում... Սիրահա՞րս։ Եղբա՞յրս... Ձայն հանեք, սիրելիներս։ Նրանք ինձ չեն պատասխանում։ Սարսուռ է պատում հոգիս... Ավաղ, մեռած են նրանք։ Նրանց սրերն արյունոտված են մարտում։ Օ, եղբայր իմ, եղբայր, ինչու սպանեցիր սիրելիիս, օ, իմ Սալգար, ինչու սպանեցիր եղբորս։ Երկուսդ էլ այնքան սիրելի էիք ինձ։ Օ, դու ամենագեղեցիկն էիր բլրի մոտ հազարների մեջ։ Իսկ նա սոսկալի՝ ճակատամարտում։ Պատասխան տվեք, լսեք իմ ձայնը, սիրելիներս։ Ախ, սակայն մունջ են նրանք, մունջ են հավիտյան։ Ու հողի պես սառն են նրանց կրծքերը։

Օ, մեռածների անմահ ոգիներ, խոսեցեք բլրի ժայռոտ ելուստից, փոթորկոտ լեռան անհաս բարձունքից, պատասխան տվեք, ես չեմ սարսափի։ Ո՞ւր եք գնացել հանգիստ առնելու, ո՞ր խոռոչներում լեռնաշղթայի պիտի ձեզ գտնեմ... Ոչ մի շշնջյուն քամու ոռնոցում, ոչ մի պատասխան փոթորկոտ շնչում։

Ու ես վշտահար, ողբագին լալով, սպասում եմ վաղվան։ Գերեզման փորեք, օ, մեռածների դուք բարեկամներ, միայն մի ծածկեք՝ մինչև ես չգամ։ Կյանքս անցնում է որպես մի երազ, ես ինչպե՞ս մնամ։ Մտերիմներիս հետ ուզում եմ ապրել արձագանքաշատ ժայռի ծերպերում՝ հեղեղատի մոտ։ Երբ գիշեր կիջնի բլրի վրա ու դաշտի միջով կսուրա քամին, ոգիս քամու հետ դեպի վեր կհառնի ու մտերիմներիս մահը կսգա։ Զայնս կլսի իր տաղավարում նստած որսորդը և կսարսափի, բայց և կգերվի, քանի որ մտերիմներիս սգացող ձայնս քաղցր կլինի, նրանք երկուսն էլ սիրելի էին ինձ։

Սա էր քո երգը, օ, Մինոնա, Տորմանի քնքուշ, ամոթխած դուստր։ Մենք ողբում էինք Կոլմայի բախտը, և սրտերը մեր թախծով էին լցվում։

Տավիղը ձեռքին ելավ Ուլլինը և մեզ հաղորդեց Ալպինի երգը։ Ալպինի ձայնը՝ սիրառատ ու ջերմ, Ռինոյի ոգին՝ բոցեղեն մի ցոլք։ Բայց նրանք արդեն հանգիստ են առել նեղ մի շիրիմում, և ձայները նրանց սուզվել Սելմայում։ Մի անգամ Ուլլինը որսից էր դառնում, երբ հերոսները ողջ էին տակավին։ Նա լսեց նրանց երգի մրցումը բլրակի վրա։ Քնքուշ էին երգում, բայց և լալագին։ Նրանք ողբում էին Մորարի մահը, որն առաջինն էր հերոսների մեջ։ Նրա հոգին նման էր Ֆինգալի հոգուն, իսկ սարը՝ նման Օսկարի սրին... Բայց նա ընկել էր, և հեծեծում էր հայրը Մորարի, քրոջ աչքերը լի էին արցունքով, հզոր Մորարի Մինոնա քրոջ աչքերն էին արտասուքով լի։ Ուլլինի երգը սկսվելուն պես թաքնվեց Մինոնան, ինչպես արևմուտքում ամպրոպը կանխազգալով, լուսինն է թաքցնում սիրուն գլուխը ամպերի ետեվում։ Եվ Ուլլինի հետ՝ ես էլ զարկեցի տավղի լարերին ողբաձայն երգին ընկերակցելու:

ՌԻՆՈ

Քամին ու անձրևն անցան, պայծառ է օրը, երկնից չքացան մռայլ ամպերը։ Կերկերուն լույսով անհաստատ արևը ողողում է բլուրը։ Կարմրին տալով, հովիտն ի վար հորձանք է տալիս լեռնային գետը։ Քաղցր է կարկաչդ, գետակ. բայց քեզնից էլ քաղցր է ձայնը, որ լսում եմ ես։ Դա Ալպինի ձայնն է, որ սգում է մեռածներին։ Նրա գլուխը խոնարհվել է ծերությունից, իսկ աչքերը՝ արտասուքից կարմրել։ Օ, Ալպին, հրաշալի երգիչ, ինչո՞ւ ես մենակ այդ լուռ բլրակին։ Ինչո՞ւ ես հառաչում, ինչպես անտառում մի ուժգին քամի, կամ հզոր ալիք հեռու ծովեզրում։

ԱԼՊԻՆ

Ես ողբում եմ մեռածներին, Ռինո, և ձայնս շիրիմներում ապաստանածներին եմ հղում։ Դու վեհապանծ ես բլրի վրա, գեղեցիկներից գեղեցիկ ես դաշտում։ Բայց դու էլ կընկնես, ինչպես Մորարն ընկավ, և քո շիրիմի շուրջն էլ սգավորներ կհավաքվեն։ Բլուրները կմոռանան քեզ, և աղեղդ լարը թողած՝ քարանձավում կմնա։

Դու բլրի վրա վազող այծյամի պես արագաշարժ էիր ու գիշերային երկնքում ճայթող կայծակի պես սոսկալի։ Զայրույթդ փոթորկի էր նման, իսկ սուրդ՝ դաշտի վրա փայլատակող փայլակի պես կայծկլտում էր ճակատամարտում, իսկ ձայնդ անձրևից հետո անտառում հորձանք տվող հեղեղատի, հեռու բլուրների վրա գոռգոռացող որոտի էր նման։ Շատերն են ընկել քո սրից խողխողված, զայրույթիդ կրակից մոխրացած։ Բայց երբ դու վերադառնում էիր պատերազմից, ի՜նչ խաղաղություն էր իջնում ճակատիդ, դեմքդ նմանում էր ամպրոպից հետո շողացող արևին, լուռ գիշերում լույս սփռող լուսնին, իսկ սիրտդ հանգիստ, ինչպես քամու թափը կոտրվելուց հետո լճակի հայելին։

Այժմ շատ նեղ է քո կացարանը, խավար քո տեղը, և երեք քայլով կարող եմ չափել քո գերեզմանը, օ, դու, որ այնքան մեծ էիր անցյալում, միակ հիշատակդ է՝ չորս մամռապատ քար. մի տերևաթափ ծառ ու քամուց սվսվացող՝ բարձրացած խոտը ցույց կտան որսորդին հզոր Մորարի գերեզմանը։ Ոչ մահդ սգացող մայր ունես թշվառ, ոչ էլ սիրո արտասուք թափող սիրահար աղջիկ։ Չկա արդեն քեզ ծնող մայրը, մեռած է վաղուց Մորգլանի դուստրը։

Այն ո՞վ է հենված իր գավազանին։ Ով է այն մարդը ծերությունից ճերմակած գլխով ու արցունքներից կարմրած աչքերով։ Քո հայրն է, օ, Մորար, որ բացի քեզնից էլ որդի չունի։ Լսել է, ինչպես հռչակվել ես դու ճակատամարտում, լսել է նաև փախուստի դիմած թշնամու մասին ու փառքիդ մասին, բայց, ավա՜ղ, ոչինչ՝ վերքերիդ մասին։ Ողբա, հայր դու Մորարի, ողբա, բայց որդիդ, ավա՜ղ, ողբդ չի լսի։ Չափազանց խորն է մեռածի քունը, չափազանց ցածր՝ մոխրե բարձերը։ Նա երբեք– երբեք ձայնդ չի լսի, և կանչիցդ երբեք նա չի արթնանա։ Ախ, սակայն ե՞րբ է առավոտ գալու գերեզմաններում և ե՞րբ նիրհածին «արթնացիր քնիցդ» առաջարկվելու։

Մնաս բարով, օ, մարդկանց մեջ ազնվագույնդ, մարտի դաշտերում հաղթած դու զինվոր։ Այլևս երբեք մարտի դաշտը չես տեսնելու դու ու սրիդ փայլով խավար անտառը չես լուսավորելու։ Դու քեզնից հետո որդի չես թողել, բայց երգը անունդ պահպանելու է, և գալիք օրերը միշտ լսելու են քո՝ մարտի դաշտում ընկած Մորարի մասին։

Բարձրաձայն էր ողբն հերոսների, բայց ամենից բարձր Արմինի սրտաճաք հառաչն էր լսվում։ Նա մտաբերել էր իր որդու մահը, որ վախճանվել էր մատաղ հասակում։ Հերոսի կողքին Կարմորն էր նստած, աղմկալի Գալմալի տիրակալ իշխանը։ «Ինչո՞ւ է Արմինը դառը հեծկլտում,— հարցնում է նա,— բայց ի՞նչ կա լալու։ Մի՞թե երգերը նրա համար չեն, որ հուզեն և կամ զվարճացնեն մարդկանց սըրտերը։ Նրանք նման են քնքուշ մշուշի, որ լճակից դեպի վեր ելնելով, բարակ ցող են մաղում ծաղիկների վրա, բայց հենց որ արևը նորից հզորանա, մշուշն էլ իսկույն անհետ կցրվի։ Ինչո՞ւ ես այդքան վշտաբեկ լալիս, ալեծուփ Գորմայի տիրակալ՝ Արմին»։

«Այո, վշտաբեկ, հենց այդպես եմ ես, և փոքր չէ պատճառը իմ այս մեծ վշտի։ Դու, Կարմոր, չես կորցրել որդի և ոչ էլ դուստր ծաղկուն հասակում. ողջ է Կոլգարը խիզախ և օրիորդներից չքնաղագույնը՝ Աննիրան։ Քո տան ճյուղերը ծաղկում են շքեղ, օ, Կարմոր, իսկ Արմինը վերջին շառավիղն է իր գերդաստանի։ Մութն է մահիճդ, օ, իմ Դաուրա, և խեղդուկ քունդ քո գերեզմանում... Ե՞րբ կարթնանաս դու քո հրաշալի ձայնով ու երգերիդ հետ։ Փչեք, աշնանային քամիներ, փչեք, մոլեգնեք խավար դաշտերում։ Շառաչիր, անտառի հզոր հորձանուտ, ոռնա, փոթորիկ, կաղնիների կատարների մեջ։ Լողա պատառոտված ամպերի միջով, օ, լուսին, և ցույց տուր մերթ ընդ մերթ քո գունատ դեմքը։ Հիշեցրու ինձ այն սոսկալի գիշերը, երբ վախճանվեցին իմ որդիները. հզոր Արինդալն ընկավ, իսկ չքնաղ Դաուրան հանգավ։

Դաուրա, իմ չքնաղ դստրիկ, դու գեղեցիկ էիր, գեղեցիկ՝ ինչպես Ֆուրայի բլուրների վրա շողացող լուսինը, սպիտակ՝ ինչպես նոր եկած ձյունը, քաղցր՝ ինչպես հովերի շունչը։ Արինդալ, ձիգ էր աղեղդ, արագընթաց՝ նիզակդ դաշտում, հայացքդ՝ նման ծովի վրա կանգնած մշուշին, իսկ վահանդ՝ փայլակ ու կայծակ փոթորկի ժամին։

Արմարը, պատերազմում հռչակված մարտիկ, եկավ՝ Դաուրայի սիրուն հետամուտ, երկար չդիմադրեց Դաուրան, և ընկերները նրանց երջանկություն էին կանխագուշակում։

Սակայն Էրաթր Օդգալի որդին, սրտում ոխ ուներ Արմարի հանդեպ, նրա ձեռքով էր եղրայրր զոհվել։ Նա եկավ հագած նավորդի շորեր։ Ալիքների վրա սիրուն ճոճվում էր մակույկը նրա, մազէրր՝ ճերմակ, խիստ դեմքը՝ հանգիստ։ «Գեղեցկագույն կույս,— ասում է Էրաթը,— Արմինի չքնաղ, հրապուրիչ դուստր, այնտեղ՝ մայսի մոտ, ծովից ոչ հեռու, ուր ծառերի վրա պտուղները կարմրին են տալիս, Արմարն է սպասում իր Դաուրային. ես եկա այստեղ ալեծուփ ծովով նրա սիրելուն տանելու իր մոտ»։

Եվ Դաուրան հետևեց նրան, շարունակ կանչելով իր Արմարին. սակայն ժայռերի արձագանքն էր լոկ իր պատասխանը։ «Արմար, սիրելիս, Արմար, սիրելիս, ինչո՞ւ ես այդպես վախեցնում ինձ։ Լսիր, Արնարտի որդի, լսիր, Դաուրան է քեզ կանչում»։

Խարդախ Էրաթը, չար ծիծաղելով, փախուստի դիմեց դեպի ծովափը։ Դաուրան բարձրացրեց ձայնը և սկսեց կանչել հորն ու եղբորը։ «Արինդալ, Արմին, մի՞թե ոչ մեկդ չեք փրկելու ձեր Դաուրային»։

Ծովի վրայով ձայնը մեզ հասավ։ Արինդալ որդիս բլրից ցած նետվեց, որսի մոլուցքից խիստ դաժանացած, աղեղը ձեռքին, կապարճը կողքին, որ դղրդում էր նետերով լեցուն, և նրա շուրջն էին հինգ սևագորշ գամփռ: Ծովափին տեսավ հանդուգն Էրաթին, բռնեց ու կապեց մի կաղնի ծառից, ամուր սեղմելով նրա ազդրերը, և օդը թնդաց կապվածի դղորդ հառաչանքներից։

Արինդալն իր մակույկով ծովը մտավ Դաուրային բերելու։ Բայց այստեղ հայտնվեց Արմարը մոլեգնած և գորշ փետրավոր մի նետ արձակեց, զնգաց այդ նետը և, օ, Արինդալ, որդիս, սիրտդ մխրճվեց։ Եվ այսպես, խարդախ Էրաթի փոխարեն դու կործանվեցիր, մակույկդ հասավ ափի ժայռերին, դու ընկար այնտեղ ու վախճանվեցիր։ Ինչ մեծ էր վիշտդ, օ, իմ Դաուրա, երբ ոտքերիդ մոտ հարազատ եղբորդ արյունը հոսեց։

Ալիքները խորտակեցին մակույկը, Արմարը ծովը նետվեց իր Դաուրային փրկելու կամ նրա հետ մեռնելու համար։ Բլուրից փչեց մի զորեղ քամի, ծովն ալեկոծեց, Արմարը սուզվեց ու էլ չերևաց։

Իսկ ես միայնակ կանգնած էի ալեբախ ժայռի կատարին ու լսում էի թշվառ դստերս հառաչանքները։ Բարձր ու անդադար կանչում էր դուստրս, բայց հայրը նրան չէր կարող փրկել։ Ու ամբողջ գիշեր ծովափին կանգնած լուսնի մեղմ լույսով տեսնում էի նրան ու լսում նրա աղաղակները, ոռնում էր քամին ու անձրևն ուժգին տեղում ժայռերին։ Բայց ձայնը նրա արշալույսի հետ սկսեց նվաղել, ու հանգավ դուստրս, ինչպես իրիկնահովն է մարում ծերպերում աճած բարձր խոտի մեջ։ Ու վիշտը սրտին վախճանվեց դուստրս, թողնելով հորը՝ Արմինին, մենակ։ Կորավ հենարանս պատերազմներում, և պարծանք-դուստրս՝ աղջիկների մեջ։

Եվ երբ լեռներից մրրիկ է սուրում, ու ալիքները քամին հյուսիսի վեր բարձրացնում, նստում եմ մենակ ափին թնդագին ու այն սոսկալի ժայռերին նայում։ Մայր մտնող լուսնի քնքուշ շողերում տեսնում եմ հաճախ իմ զավակների ոգիները մեղմ, որ մի վշտաբեկ միաբանությամբ թափառում են դեռ կիսախավարում»։

Արտասուքը, որ ողողել էր Լոտտեի դեմքը ու ճնշված սրտին թեթևություն բերել, ընդհատեց Վերթերի ընթերցանությունը։ Նա մի կողմ նետեց թղթերը, բռնեց Լոտտեի ձեռքն ու դառնագին արտասվեց։ Լոտտեն հենվել էր մյուս ձեռքին ու թաշկինակը աչքերին սեղմել։ Երկուսն էլ սոսկալի հուզված էին։ Նրանք իրենց սեփական թշվառությունն էին զգում հերոսների ճակատագրերում, զգում էին միասին, և նրանց արտասուքը իրար էր միախառնվում։ Վերթերի շուրթերն ու աչքերը այրում էին

Լոտտեի ձեռքը. սարսուռ էր անցնում Լոտտեի մարմնով, նա ուզում էր հեռանալ, բայց ցավըն ու կարեկցանքը կապարի ծանրությամբ ճնշել ու կաշկանդել էին նրան։ Հանգստանալու համար նա խոր շունչ քաշեց և, հեկեկալով, մի կատարյալ երկնային ձայնով Վերթերին խնդրեց շարունակել։ Վերթերը ողջ մարմնով դողում էր, սիրտը՝ կտրատվում, նա վերցրեց թղթերն ու կիսով չափ փշրված ձայնով կարդաց.

«Ինչո՞ւ ես արթնացնում ինձ, օ, գարնանային շունչ։ Սիրաշահելով, ասում ես դու ինձ. «Ես քեզ կցողեմ երկնային ցողով»։ Բայց մոտ է արդեն թոշնելու պահը և մոտ մրրիկը, որ պոկելու է իմ տերևները։ Իսկ վաղը գալու է հենց այն պանդուխտը, որն ինձ տեսել է իմ փառք ու պատվում ու ամենուրեք փնտրելու է ինձ հայացքը նրա ու չի գտնելու...»։

Այս խոսքերն ուժգին ցնցեցին դժբախտ Վերթերին: Խորապես հուսահատված՝ նա ծունկի եկավ Լոտտեի առաջ, բռնեց նրա ձեռքերը, սեղմեց աչքերին, հետո ճակատին, և Լոտտեի սրտում մի կանխազգացում ծնվեց նրա սոսկալի վճռի մասին։ Միտքը մթագնեց, բռնեց Վերթերի ձեռքերը, սեղմեց իր կրծքին, նրա վրա խոնարհվեց թախծով համակված, ու նրանց այրվող այտերը հպվեցին իրար։ Նրանց համար աշխարհն այլևս գոյություն չուներ։ Վերթերը Լոտտեին առավ գրկի մեջ, սեղմեց իր կրծքին ու մոլեգին համբույրներ դրոշմեց նրա թրթռուն թոթովող շուրթերին։ «Վերթեր,— երեսը շրջելով նրանից, խեղդված ձայնով բացականչեց Լոտտեն,— Վերթեր,— մի թույլ շարժումով փորձեց իրենից ետ մղել նրան,— Վերթեր,— ազնիվ վճռականությամբ բացականչեց նա։ Վերթերը չդիմադրեց, բաց թողեց նրան և, իրեն կորցրած՝ չոքեց նրա առջև։ Լոտտեն զգաստացավ և, վախեցած ու շփոթված, սիրո ու զայրույթի միջև տատանվելով, արտասանեց. «Սա վերջին անգամն է, Վերթեր։ Դուք այլևս ինձ չեք տեսնի»։ Եվ սիրով լի հայացքը, դժբախտին ուղղելով, հարևան սենյակն շտապեց ու դուռն իր ետևից փակեց։ Վերթերը ձեռքերը պարզեց նրա ետևից, բայց նրան պահել չհամարձակվեց։ Նա, գլուխը բազմոցին հենած՝ պառկել էր հատակին և այդ դիրքում մնաց մոտ կես ժամ, մինչև մի խշխշոց ուշքի բերեց նրան։ Աղախինն էր, որ եկել էր սեղանը ծածկելու։ Վերթերը սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում, իսկ երբ վերստին մենակ մնաց, մոտեցավ առանձնասենյակի դռանն ու կամացուկ ձայն տվեց. «Լոտտե, Լոտտե, միայն մի բառ, հրաժեշտի մի խոսք»։ Լոտտեն լուռ էր։ Վերթերը լարված սպասում էր, հետո խնդրում ու վերստին սպասում, ի վերջո «Մնաս բարով, Լոտտե, հավիտյան մնաս բարով» բացականչեց ու դուրս նետվեց սենյակից։

Նա քաղաքի դարպասին հասավ։ Պահակները, որ վաղուց արդեն վարժվել էին Վերթերին, առանց այլևայլ խոսակցությունների դուրս թողին նրան։ Թաց ձյուն էր գալիս, իսկ նա միայն տասնմեկին մոտ նորից ծեծեց դարպասը։ Երբ Վերթերը տուն հասավ, ծառան նկատեց, որ իր պարոնը կորցրել է գլխարկը։ Բայց չհամարձակվեց որևէ բան ասել, միայն փոխեց ամբողջապես թաց շորերը։ Հետագայում գլխարկը գտել էին բլրի դեպի դաշտ նայող լանջի մի ժայռի վրա. միայն անըմբռնելի էր մնում, թե մի այսպիսի խավար ու անձրևոտ գիշեր ինչպե՞ս էր նա այդ ժայռը մագլցել ու ցած չէր գլորվել։

Նա անկողին մտավ ու երկար քնեց։ Մառան գտավ Վերթերին գրասեղանի մոտ՝ գրելիս, երբ հետևյալ առավոտյան նրա կանչով սուրճ մատուցեց նրան։ Ահա թե ինչ էր ավելացրել նա Լոտտեին ուղղված նամակին.

«Ուրեմն վերջին, վերջին անգամ եմ բացում այս աչքերը։ Ավաղ, նրանք այլևս չեն տեսնելու արևը, քանի որ մռայլ, մշուշոտ մի օր թաքցրել է նրան իր ետևում։ Ուրեմն, թախծիր, բնություն, քո որդին, քո բարեկամը, քո սիրահարը իր վախճանին է մոտենում։ Սա մի զգացում է, Լոտտե, որ իր նմանը չունի, և թերևս միայն խառը երազի հետ կարելի է համեմատել, երբ կարող ես քեզ ասել. սա վերջին առավոտդ է: Վերջին։ Ինձ համար անհասկանալի է այս բառը, Լոտտե. «վերջին»։ Այսօր կանգնած եմ իմ բոլոր ուժերով առլեցուն, իսկ վաղը անզգա տարածված կլինեմ գետնին։ Մեռնել։ Ի՞նչ է նշանակում, մեռնել։ Գիտե՞ս ինչ, մենք ցնորամտում ենք մահվան մասին խոսելիս։ Ես շատ եմ տեսել, թե ինչպես են մեռնում մարդիկ, բայց մարդն ի բնե այնքան սահմանափակ է, որ չի կարող ըմբռնել իր գոյության սկիզբն ու վախճանը։ Այժմ ես դեռ ինձ եմ պատկանում, քեզ եմ պատկանում։ Այո, քեզ, իմ սիրելիս։ Իսկ մի վայրկյան անց... անջատված, բաժանված... և երևի ընդմիշտ... Բայց ոչ, Լոտտե, ոչ... Ինչպե՞ս կարող եմ ես ոչնչանալ, ինչպե՞ս կարող ես դու ոչնչանալ։ ՉԷ՞ որ մենք կանք... Ոչնչանալ... Ի՞նչ է նշանակում ոչնչանալ։ Սա էլ միայն մի բառ է, դատարկ մի հնչյուն, որ երբեք ոչինչ չի ասում սրտիս... Մեռած, Լոտտե, ու թաղված հողում, նեղ ու խավարչտին... Ես մի ընկերուհի ունեի, որն ինձ համար ամեն ինչ էր պատանեկությանս համեստ օրերին, նա վախճանվել է. ես ուղեկցեցի նրա աճյունը և կանգնել էի գերեզմանի մոտ, երբ իջեցնում էին դագաղը նրա, և պարանները խշխշալով դուրս սողացին դագաղի տակից ու վեր բարձրացան, հետո թափվեցին հողակոշտերը առաջին բահից և ահավոր արկղը խուլ արձագանքեց, հետո գնալով ավելի ու ավելի խուլ՝ մինչև ի վերջո, լրիվ ծածկվեց։ Ես գետնին ընկա գերեզմանի մոտ... Ես ազդված էի, ճնշված, ահաբեկված, ցնցված մինչև հոգուս խորքը, բայց չէի հասկանում, թե ինչ է եղել ինձ... և ինչ է լինելու... մահ, գերեզման... ինձ համար այս բառերն անհասկանալի են։

Օ, ներիր ինձ, ներիր։ Երեկ։ Այն պահը, վերջինը պետք է լիներ իմ կյանքում։ Օ, հրեշտակ իմ, առաջին անգամ, առաջին անգամ, առանց ոչ մի վարանման երանելի միտքը կրակի պես անցավ իմ ողջ էությամբ, նա սիրում է ինձ, նա սիրում է ինձ։ Իմ շուրթերին դեռ այրվում է այն սրբազան կրակը, որ քո շուրթերից հորդեց դեպի ինձ. և նոր ջերմ երանությամբ լցրեց իմ հոգին։ Ներիր ինձ, ներիր ինձ։

Ախ, ես գիտեի, որ սիրում ես ինձ, գիտեի առաջին հոգեթով հայացքից, առաջին ձեռքի հպումից, և, այնուամենայնիվ, երբ ամեն անգամ ես հեռանում էի, իսկ Ալբերտը շարունակ մնում էր կողքիդ, վհատվում էի տանջող կասկածից։

Հիշո՞ւմ ես այն ծաղիկները, որ ուղարկել էիր ինձ, երբ այն գարշելի հասարակության մեջ չկարողացար մի բառ ասել, կամ ձեռքդ ինձ մեկնել։ Օ, ես գիշերվա կեսը ծնկաչոք նրանց առջև եմ անցկացրել, չէ՞ որ նրանք քո սիրո երաշխիքն էին։ Սակայն, ավաղ, բոլոր այդ տպավորությունները չքացան, ինչպես ամենազորի ողորմածության գիտակցությունն է հետզհետե մարում հավատացյալի հոգում, որ երկնային առատությամբ հղվել էր նրան սրբազան ու բացահայտ երևույթներով։

Ամեն բան անցողիկ է, բայց հավիտենականությունն անգամ չի կարող մարել այն կենսական հուրը, որ երեկ ըմպեցի ես քո շուրթերից և շարունակում եմ զգալ իմ մեջ. նա սիրում է ինձ։ Այս ձեռքը գրկել է նրան, այս շուրթերը սիրո խոսքեր շշնջալով, թրթռացել են նրա շուրթերին։ Նա իմն է, այո, դու իմն ես, Լոտտե, հավիտյան իմը։

Հետո՞ ինչ, որ Ալբերտը քո ամուսինն է։ Ամուսինը։ Նա միայն այս աշխարհում է քո ամուսինը, ուրեմն միայն այս աշխարհում է մեղք, որ ես սիրում եմ քեզ ու երազում եմ խլել նրա գրկից քեզ ու իմ կրծքին սեղմել։ Մե՞ղք։ Թող մեղք լինի, ես պատժում եմ ինձ այդ մեղքի համար ես այն ըմբոշխնել եմ նրա ողջ երկնային վայելքով և նրա հետ կենսական բալասան և ուժ ներծծել։ Այս վայրկյանից սկսած դու իմն ես, օ, Լոտտե, իմը։ Ես առաջինն եմ հեռանում, գնում եմ իմ երկնային հոր, քո երկնային հոր մոտ։ Նրա մոտ կողբամ իմ վիշտը, և նա կմխիթարի ինձ մինչև քո գալը, ես կթռչեմ քեզ ընդառաջ, կգրկեմ քեզ և այդ հավիտենական գրկախառնության մեջ կհարատևենք Ամենազորի մոտ։

Սա ոչ ցնորք է, ոչ էլ երազ։ Մահվան շեմին ինձ համար ամեն բան ավելի պարզ է դարձել։ Մենք լինելու ենք։ Մենք տեսնվելու ենք, տեսնելու ենք մորդ, ես տեսնելու եմ մորդ, ճանաչելու եմ նրան՝ քո մոր, քո կրկնօրինակի առջև սիրտս եմ բացելու»։

Ժամը տասնմեկին մոտ Վերթերը հարցրեց իր ծառային, վերադարձել է արդյոք Ալբերտը։ Ծառան պատասխանեց, որ վերադարձել է, նա տեսել էր, ինչպես են նրա ձիուն ման ածում։ Լսելով այս, Վերթերն իր ծառային մի բաց երկտող տվեց հետևյալ բովանդակությամբ.

«Արդյոք չէի՞ք տրամադրի ինձ ձեր ատրճանակները առաջիկա ճանապարհորդությանս համար։ Ամենայն բարեկեցություն եմ մաղթում ձեզ»։

Լոտտեն շատ վատ էր քնել վերջին գիշերը. այն, ինչից նա վախենում էր, վճռվեց և վճռվեց այնպես, որ նա ոչ նախատեսել կարող էր, ոչ էլ սպասել։ Նրա սովորաբար մաքուր ու հանդարտ հոսող արյունը խռովված էր տենդագին, հազար տեսակ զգացմունքներ տանջում էին նրա հոգին։ Բայց արդյո՞ք սա Վերթերի գրկի կրակը չէր, որ զգում էր նա իր կրծքում, թե՞ նրա հանդգնությունից ծագած դժգոհությունն էր. թերևս նա վրդովվում էր, համեմատելով իր ներկա վիճակը այն օրերի պարզամիտ ու անխռով անմեղության և անհոգ ինքնավստահությա՞ն հետ։ Ինչպե՞ս պիտի դիմավորի ամուսնուն, ինչպե՞ս պիտի խոստովանի նրան կատարվածը, թեև հրաշալի կարող էր խոստովանել և միևնույն ժամանակ չէր համարձակվում խոստովանել։ Նրանք երկուսն էլ այնքան երկար լռեցին, իսկ հիմա նա առաջի՞նը պետք է խախտի այդ լռությունը, այն էլ ամենաանհամապատասխան ժամանակ ամուսնուն այդպիսի մի խոստովանություն անելով։ Նա վախենում էր, որ Վերթերի այցելության լարն արդեն տհաճ տպավորություն է թողնելու նրա վրա, հիմա էլ այս անսպասելի աղետը։ Կարո՞ղ էր, արդյոք, հուսալ, որ ամուսինը միանգամայն ճշմարիտ լույսի տակ կտեսնի և առանց որևէ կանխակալ կարծիքի կընդունի կատարվածը, և կարո՞ղ է, արդյոք, ցանկանալ, որ ամուսինը թափանցի իր հոգին։ Եվ, միևնույն ժամանակ, կարո՞ղ է, արդյոք, խորամանկել մի մարդու հետ, որի առջև միշտ բյուրեղապակու պես պարզ ու մաքուր է եղել և որից երբեք իր զգացմունքները չի թաքցրել և չէր էլ կարող թաքցնել։ Այս հակասական զգացմունքները մտահոգում ու խռովում էին նրա հոգին, իսկ մտքերը շարունակ Վերթերին էին վերադառնում, որն այլևս կորսված էր իր համար։ Նա չէր կարող լքել Վերթերին և, ցավոք, ստիպված էր լքել, իսկ Վերթերը, կորցնելով Լոտտեին, ամեն բան էր կորցնում։

Թե որքան ծանր էր իր և ամուսնու միջև ստեղծված անջրպետը անդրադառնում իր վրա, Լոտտեն ինքն էլ չէր գիտակցում։ Հայտնի պատճառով տեղի ունեցած թաքուն պառակտումը սկսել էր նման ազնիվ ու խելացի մարդկանց միջև թերասության տեղիք տալ, նրանցից ամեն մեկը գնալով համոզվում էր իր իրավացիության և մյուսի անիրավացիության մեջ, և այսպիսով հարաբերությունները այնպես էին գրգռվում ու խճճվում, որ ճակատագրական պահին, որից ամեն բան էր կախված, հանգույցն արձակելն անհնարին էր դառնում։ Եթե երջանիկ անկեղծության մի պահի նրանց համերաշխությունը վերականգնվեր, եթե նրանց մեջ փոխադարձ սերն ու զիջողականությունը վերստեղծվեին, և նրանց փակված սրտերը մի պահ բացվեին, թերևս մեր բարեկամը փրկվեր։

Մի արտասովոր հանգամանք էլ էր խառնվում սրան։ Ինչպես գիտենք. Վերթերի նամակներից, նա երբեք չէր թաքցնում, որ ուզում է լքել այն աշխարհը։ Ալբերտը հաճախ էր վիճում նրա հետ սրա դեմ, և Լոտտեն ու ամուսինն էլ երբեմն անդրադառնում էին այս հարցին։ Ալբերտը, որ վճռական հակակրանք էր տածում նման արարքի նկատմամբ, իր բնավորությանը անհարիր գրգռվածությամբ պնդում էր հաճախ, թե նման մտադրության լրջաթյունը կասկածի տակ առնելու պատճառ ունի. նա նույնիսկ կատակներ էր անում այս կապակցությամբ և իր թերահավատությունը Լոտտեին էր ներշնչում։ Սա մի կողմից որոշ չափով հանգստացնում էր Լոտտեին, երբ նրա միտքը ողբերգական տեսարան էր պատկերում, մյուս կողմից՝ խանգարում էր նրան բաժանել ամուսնու հետ այն տագնապները, որ տանջում էին նրան այժմ։

Ալբերտը վերադարձավ, և Լոտտեն փութկոտ ու շփոթված նրան ընդառաջ գնաց, նա ուրախ չէր, գործը չէր հաջողվել, հարևան պաշտոնյան մի համառ, մանրախնդիր մարդ էր դուրս եկել։ Վատ ճանապարհը խորացրել էր նրա սրտնեղությունը։

Ալբերտը հարցրեց, արդյոք ոչինչ չի պատահել. և Լոտտեն փութկոտ պատասխանեց. Վերթերն երեկ երեկոյան այստեղ է եղել։ Ալբերտը հարցրեց, արդյոք նամակ չի ստացվել և պատասխան ստացավ, թե մի բաց նամակ և մի քանի ծրար նրա սենյակում են գտնվում։ Նա գնաց իր սենյակը, և Լոտտեն մենակ մնաց։ Ամուսնու ներկայությունը, որին նա սիրում էր ու հարգում, նոր զգացմունքով լցրեց նրա հոգին։ Միտքը ամուսնու ազնվության, նրա սիրո ու բարության մասին խաղաղեցրեց նրա սիրտը, և նա մի պահանջ զգաց նրան հետևելու, Լոտտեն վերցրեց իր աշխատանքն ու, ինչպես առաջներում, գնաց նրա առանձնասենյակը։ Նա ամուսնուն զբաղված գտավ. բաց էր անում ծրարներն ու կարդում։ Դրանցից մի քանիսն այնքան էլ հաճելի չէին թվում։ Լոտտեն մի քանի հարց տվեց նրան, որոնց նա կարճ պատասխաններ տվեց, հետո մոտեցավ գրակալին ու սկսեց գրել։

Այսպես, իրար կողքի նրանք մնացին մոտ մի ժամ։ Լոտտեի հոգին գնալով ավելի ու ավելի մռայլվեց։ Նա զգում էր, թե որքան դժվար կլիներ իր համար, նույնիսկ եթե ամուսինը ամենալավ տրամադրության լիներ, բաց անել նրա առջև այն, ինչ ծանրացել էր իր սրտին։ Նրան համակեց մի թախիծ, որ գնալով ավելի տանջալից էր դառնում, քանի որ աշխատում էր թաքցնել այն և զսպել արտասուքը։

Վերթերի ծառայի հայտնվելը ծայրաստիճան հուզեց նրան, ծառան Ալբերտին մեկնեց երկտողը, սա հանգիստ դարձավ կնոջն ու ասաց. «Ատրճանակները տուր իրեն։ Բարի ճանապարհ եմ մաղթում նրան»,– ասաց նա ծառային։ Դա որոտի պես պայթեց Լոտտեի գլխին, նա օրորվելով վեր կացավ տեղից, նա չգիտեր, ինչ պատահեց իրեն։ Դանդաղ մոտեցավ պատին, դողացող ձեռքով իջեցրեց զենքը, սրբեց փոշին, հապաղեց տալ և երևի երկար կվարաներ, եթե Ալբերտի հարցական հայացքը չշտապեցներ նրան։ Չկարողանալով բառ անգամ արտասանել, նա օրհասական զենքը մեկնեց ծառային, և երբ սա դուրս եկավ տնից, հավաքեց աշխատանքն ու անասելի տառապալից վիճակում դիմեց իր սենյակը։ Նրա սիրտը ամեն տեսակ սարսափներ էր կանխագուշակում։ Երբեմն նա պատրաստ էր ընկնել ամուսնու ոտքերը, ամեն բան խոստովանել, պատմել երեկ երեկոյան պատահածը, իր մեղքն ու իր կանխազգացումը։ Բայց իսկույն էլ տեսնում էր իր նախաձեռնության անիմաստությունը. նա չէր կարող ամենաչնչին հույսն անգամ ունենալ, որ կկարողանա համոզել ամուսնուն Վերթերի մոտ գնալ։ Սեղանը ծածկված էր, և մի լավ բարեկամուհի, որ եկել էր միայն մի բան հարցնելու և ուզում էր իսկույն հեռանալ... մնաց և սեղանի շուրջը տեղի ունեցող զրույցը տանելի դարձրեց, ակամա ստիպված էին ճիգ գործ դնել, խոսել, պատմել և մոռացության տրվել։

Ծառան ատրճանակները բերեց Վերթերին, նա ոգևորությամբ ընդունեց դրանք, երբ լսեց, որ Լոտտեն է տվել իրեն։ Նա կարգադրեց հաց ու գինի բերել, ծառային ճաշելու ուղարկեց և նստեց նամակ գրելու։

«Սրանք քո ձեռքով են անցել, դու մաքրել ես սրանց փոշին, ես հազար անգամ համբուրում եմ սրանք, դու դիպել ես սրանց, և դու, երկնային ոգի, հովանավորում ես իմ վճիռը, և դու, Լոտտե, զենք ես ինձ պարզում, դու, որի ձեռքից երազում էի ես մահս ընդունել, և ահա ընդունում եմ այն։ Օ, ես ամենայն մանրամասնությամբ հարց ու փորձ եմ արել ծառային։ Դու դողդողացել ես ատրճանակները նրան մեկնելիս, դու «գնաս բարով» չես ասել... Վայ ինձ, վայ. «գնաս բարով» չես ասել... Մի՞թե սիրտդ փակել ես ինձ համար միայն այն մի պահի պատճառով, որն առհավետ կապել է ինձ քեզ հետ։ Կանցնեն հազարամյակներ և չեն կարողանա ջնջել նրա հետքը իմ սրտից։ Եվ զգում եմ, որ դու չես կարող ատել նրան, ով այսպես այրվում է քեզ համար»։

Ճաշից հետո նա կարգադրեց ծառային ամեն բան վերջնականապես հավաքել, բազմաթիվ թղթեր պատառոտեց և տնից դուրս եկավ մանր պարտքերը մարելու։ Հետո վերադարձավ, նորից դուրս եկավ տնից և, չնայելով անձրևին, դուրս եկավ քաղաքից ու մտավ կոմսի զբոսայգին, թափառեց շրջակայքում և, երեկոյան դեմ վերադառնալով, նստեց գրելու։

«Վիլհելմ, վերջին անգամ տեսա դաշտը, անտառն ու երկինքը։ Մնաս բարով և դու։ Ներեցեք ինձ, սիրելի մայրիկ։ Սփոփիր նրան, Վիլհելմ։ Աստված օրհնի ձեզ։ Իմ բոլոր գործերը կանոնավոր են։ Մնաք բարով։ Մինչև նոր, ավելի ուրախ հանդիպում»։

«Ես քեզ վատ վարձահատույց եղա, Ալբերտ, բայց դու ինձ կներես։ Ես խաթարեցի քո տան խաղաղությունը, ես թերահավատություն սերմանեցի ձեր միջև։ Մնաս բարով։ Հիմա ես վերջ կդնեմ դրան։ Եվ թող իմ մահը երջանկություն բերի ձեզ։ Ալբերտ, երջանկացրու այդ հրեշտակին։ Եվ թող աստծո օրհնությունն անպակաս լինի քեզնից»։

Ամբողջ երեկո նա տակնուվրա էր անում իր թղթերը, նրանցից շատերը պատռում ու բուխարին նետում, մի քանի ծրար կնքեց ու վրաները Վիլհելմի հասցեն գրեց։ Դրանք փոքրիկ նշումներ, մտքի պատառիկներ էին պարունակում, որոնցից մի քանիսը ես տեսել եմ. ժամը տասին կարգադրեց փայտ նետել բուխարին, իրեն մի շիշ գինի բերել, հետո քնելու ուղարկեց ծառային, որի խուցը, ինչպես և տանտերերի ննջարանները ետին բակին էին նայում։ Ծառան շորերով պառկեց քնելու, որպեսզի առավոտյան վաղ պատրաստ լինի, պարոնն իրեն ասել էր, որ փոստային ձիերը ժամը վեցին դռան առաջ են լինելու։

«Ամեն ինչ այնքան խաղաղ է իմ շուրջը և հոգիս՝ այնքան հանդարտ։ Շնորհակալ եմ քեզ, տեր աստված, որ այս վերջին վայրկյաններին այս ջերմությունն ու ուժն ինձ շնորհեցիր։

Ես մոտենում եմ պատուհանին, սիրելիս, նայում եմ դուրս ու ահեղ, սրընթաց սլացող ամպերի միջից հավիտենական երկնքի թաքութաք աստղերը տեսնում։ Ոչ, դուք երբեք վար չեք ընկնի։ Ամենազորն իր կրծքին է պահում ձեզ ու ինձ։ Տեսնում եմ Մեծ արջի համաստեղությունը, որ ամենահաճելին է բոլոր համաստեղությունների մեջ։ Երեկոները, երբ

Տասնմեկից հետո վերադառնում էի քո մոտից, հենց որ դուրս էի գալիս դարպասից, աստղերի բույլը փայլում էր իմ դիմաց: Որքա՜ն արբեցած էի հաճախ դիտում այն, որքան հաճախ ձեռքերս պարզում դեպի այն, նրանում իմ ներկա երանության խորհրդանիշը, սրբազան հիշատակը տեսնելով։ Իսկ այն... Օ, Լոտտե, ի՞նչը այստեղ քեզ չի հիշեցնում, ե՞րբ քո շունչը ինձ չէ շրջապատում և երբ անկուշտ երեխայի պես ամեն մանրուք չէի հավաքում, որոնց քո սրբազան ձեռքն էր դիպել։

Իմ պաշտելի ստվերանկարդ։ Ես այն քեզ եմ կտակում, Լոտտե, և խնդրում եմ մեծարել այն։ Հազար–հազար համբույրներ եմ դրոշմել ես նրա վրա. հազար-հազար անգամ գլխի խոնարհումով ողջունել եմ տնից դուրս գալիս կամ տուն վերադառնալիս։

Հորդ մի երկտող եմ գրել, որով խնդրել եմ նրան հոգ տանել աճյունիս մասին։ Գերեզմանատան դաշտին հարող հեռավոր անկյունում երկու լորենի կա. այնտեղ եմ ուզում հանգչել։ Նա կարող է և կանի այդ իր բարեկամի համար։ Դու էլ խնդրիր նրան։ Ես չեմ ուզում բարեպաշտ քրիստոնյաներին խեղճ թշվառիս հարևանությամբ տհաճություն պատճառել։ Ախ, ես կուզեի, որ ինձ թաղեիք ճանապարհի եզրին կամ մենավոր մի հովտում, որպեսզի քարսիրտ լեվիտն ու քահանան, երեսները խաչակնքելով, անցնեին շիրմաքարիս կողքից, իսկ գթասիրտ սամարիացին արցունք թափեր ինձ վրա։

Արդ, Լոտտե, առանց սարսռելու ես վերցնում եմ սարսափելի, սառը գավաթը, որից խմելու եմ մահվան գինին։ Դու ես այն մեկնել ինձ, և ես չեմ վարանում։ Մինչև մրուրը, մինչև մրուրը։ Այսպես կատարվեցին կյանքիս բոլոր ցանկություններն ու հույսերը։ Այսքան սառն ու այսքան անզգա մահվան դաժան դուռն եմ ես բախում։

Օ, եթե ինձ բախտ վիճակված լիներ մեռնել հանուն քեզ, անձս զոհել քեզ համար, Լոտտե։ Ես կմեռնեի արիաբար և ուրախ, եթե կարողանայի վերականգնել կյանքիդ խաղաղությունն ու երջանկությունը։ Սակայն ավաղ, միայն հազվագյուտ ազնիվներին է տրված յուրայինների համար իրենց արյունը թափելու և իրենց մահով մտերիմներին մի նոր, հարյուրապատիկ կյանք ներշնչելու երջանկությունը։

Այս շորերով եմ ուզում, որ ինձ թաղեն, Լոտտե, դրանք սրբագործված են քո հպումով, այս նույնը ես հորդ էլ եմ խնդրել: Հոգիս արդեն սավառնում է դագաղի վրա։ Թող գրպաններս չստուգեն։ Այս բաց կարմիր ժապավենը քո կրծքին էր, երբ առաջին անգամ երեխաներով շրջապատված քեզ տեսա։ (Օ, հազար-հազար անգամ համբուրիր նրանց և պատմիր իրենց դժբախտ բարեկամի ճակատագրի մասին։ Սիրելիներս. նրանք հիմա էլ վխտում են իմ շուրջը։ Ախ, ինչպես միանգամից սիրտս կպավ քեզ և հենց առաջին պահից չկարողացա հեռանալ քեզնից...)։ Թող այս ժապավենը ինձ հետ թաղեն։ Դու այն ինձ ես նվիըել ծննդյանս օրը։ Ախ, ինչ ագահությամբ էի ըմբոշխնում այս բոլորը։ Եվ չէի մտածում, որ այստեղ է ինձ հասցնելու իմ ճամփան... Խաղաղվիր, խնդրում եմ քեզ, խաղաղվիր...

Սրանք արդեն լցրած են... Տասներկուսն է խփում։ Թող այսպես լինի... Լոտտե, Լոտտե, մնաս բարով, մնաս բարով»։

Հարևաններից մեկը տեսել էր վառոդի բռնկումը ու լսել կրակոցը, բայց քանի որ ամեն բան խաղաղ էր մնացել, այլևս ուշադրություն չէր դարձրել։

Առավոտյան ժամը վեցին ներս է մտնում ծառան մոմը ձեռքին։ Նա իր պարոնին տեսնում է հատակին, տեսնում է ատրճանակն ու արյունը։ Նա կանչում է, ձեռք տալիս պարոնին. ոչ մի պատասխան, միայն խզխզոց է լսվում։ Նա վազում է բժշկին, Ալբեըտին կանչելու։ Լոտտեն լսում է դռան զանգն ու ամբողջ մարմնով դողում։ Արթնացնում է ամուսնուն, երկուսն էլ հագնվում են, ծառան հեկեկալով ու կմկմալով հաղորդում է կատարվածը, Լոտտեն ուշաթափ ընկնում է Ալբերտի ոտքերի մոտ։

Գալով թշվառի մոտ, բժիշկը գտավ նրան հատակին, անհույս վիճակում, զարկերակը դեռ տրոփում էր, բայց ողջ մարմինն արդեն հաշմված էր։ Նա կրակել էր գլխին, աջ աչքից վեր, ուղեղը դուրս էր ցայտել։ Ձեռքի երակը բաց արին, արյունը հոսեց, նա դեռ շնչում էր։

Դատելով այն բանից, որ բազկաթոռի թիկնակին արյուն կար, կարելի էր եզրակացնել, որ նա կրակել է գրասեղանի մոտ նստած, հետո ցած է սահել և բազկաթոռի շուրջը ջղաձգորեն պտույտ գործել։ Նա ուժասպառ պառկած էր մեջքին, պատուհանի դիմաց, լիովին հագնված, երկայնաճիտ կոշիկներով, կապույտ ֆրակով ու դեղին ժիլետով։ Ողջ տունը, հարևանները, ողջ քաղաքը իրար էին անցել։ Եկավ Ալբերտը։ Վերթերին մահճակալին էին պառկեցրել, ճակատը կապել էին, դեմքն արդեն մեռածի դեմքի էր նման, նա ոչ մի շարժում չէր անում։ Թոքերից դեռ լսվում էր սոսկալի խզխըզոցը, մերթ թույլ, մերթ ավելի ուժեղ, վախճանը մոտ էր։

Գինուց նա միայն մի բաժակ էր խմել։ Գրակալի վրա բաց դրված էր «Էմիլիա Գալոտտին»։

Դժվարանում եմ պատմել Ալբերտի հուզմունքը, Լոտտեի վիշտը։

Ծեր ամտմանը, լսելով լուրը, շտապ եկավ ձիով, նա դառն արտասուք էր թափում ու համբուրում մեռնողին։ Նրանից անմիջապես հետո եկան նրա ավագ որդիները՝ ոտքով, անսահման վշտով նրանք ծունկի եկան մահճակալի մոտ. համբուրում էին Վերթերի ձեռքերն ու շուրթերը, իսկ ավագը, որը նրա ամենասիրելին էր, ի վերջո հպվեց շուրթերին և էլ չանջատվեց, մինչև Վերթերը, հոգին ավանդեց. միայն ուժով տղային կարողացան պոկել Վերթերից։ Նա վախճանվեց ցերեկվա ժամը տասներկուսին։ Ամտմանի ներկայությունն ու նրա ձեռք առած միջոցները խաղաղեցրին բազմությանը։ Նրա կարգադրությամբ Վերթերին թաղեցին գիշերը ժամը տասնմեկին մոտ, այն տեղում, որ ինքն էր ընտրել իր համար: Ծերունին ու նրա որդիները ուղեկցում էին աճյունը։ Ալբերտը ի վիճակի չէր այդ անել. Լոտտեի կյանքին վտանգ էր սպառնում։ Դագաղը արհեստավորներն էին տանում։ Ոչ մի հոգևորական չէր ուղեկցում նրան։