Jump to content

Երկերի լիակատար ժողովածու (հատոր 3-ին, Խաչատուր Աբովյան)/Վերք Հայաստանի/Հավելված․ Զանգի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 212 ]

ՀԱՎԵԼՎԱԾ
ԶԱՆԳՎԻ60)

Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված՝ մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փնչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով — մեկ թևն իր[1] ծոցի, էն սև՛, մութն ու չանգը կոխած, խեվանդ, խեվանդ կտրատած փորն ու դոշը բաց արած, ծառով, թփով զարդարած՝ ձորի գլխովը քցած, մեկ թևն՝ էն նեղ, չոր, տխուր, Կաքավասարի տակիցը, որ ական թոթափել դուս չի պրծնում, վազում, ու հրո՛վ, սրո՛վ, բոցո՛վ, բրով, փռնչալով, մռնչալով, խռնչալով, քարի, քարափի գլուխ վեր հատելով, իր փորը խցկելով, վեմ, ապառաժ իրար ծեծելով, կայծակին տալով, ճչալով, ճռնչալով, թնդալով, դղրդալով, ցած ափները, սասանահար գետինը պոկելով, պռճոկելով, քրքրելով, քրքրվելով, կենդանի, անկենդան, իսան, հայվան գետնին զարկելով, բամբաչելով, խլացնելով, քառացնելով, սրթսրթացնելով, վրթվրթացնելով վառված, կրակված աչքերը արնով լիքը, յալը ցցած, ատամները ղրճտացնելով, կրճտացնելով, դաշտ ու տափ դրմբացնելով, դրնգացնելով, դմբդմբացնելով, դնգդնգացնելով, ու կայծակի թուրը բերնին բռնած, վրա պրծած որ չի գալիս ամեհի Զանգուն ու Ձորագեղ մահում, որ Հայաստանի սուրբ գետինը ոտնատակ տվողին, մեր նախնյաց մաքուր գերեզմանը քանդողին, կործանողին, մեր նահատակաց սուրբ, անմեղ, արդար արինը թափողին, կխչորողին, մեր աստվածաբնակ տաճարները, եկեղեցիքը ավերողին, ապականողին, մեր հոյակապ թախթերը, քաղաքները խլողին, փչացնողին, մեր անճար, օրվան հացին կարոտ, եթիմ, ցրված, սասանած, գերի ընկած, հարամու, թշնամու ձեռին կոտորված, երկրե երկիր կորած, փչացած, խեղճ, անտեր ազգի տունը քանդողին, հողի հետ հավասարողին ու մեր չար հարամու բունը, անօրեն թշնամու տունը, մեր արինը խմողի թախթը, մեր աշխարքը քանդողի ամարաթը, նրա արինաշաղախ բերդը, նրա ոսկոռաշեն բուրջը, նրա գողաբնակ տեղը, նրա գազանաբնակ հողը՝ քանդի, տապալի, փշրի, ավերի, տակ ու գլուխ, գլուխ ու տակ անի, քարեքար, պատեպատ տա, հիմնատակ, բրիշակ անի, կլանի, ու նրանց միջի ըլողներին, դրսի թաղածներին, գլխումը բուն դնողներին, տակումը քուն մտնողներին քշի,՛ տանի՛, սրբի՛, ողողի՛, թիքա, թիքա, փառչա, փառչա անի [ 213 ] ու մեր խեղճ աշխարքի, մեր ողորմելի ազգի՝ աղի արտասունքը սրբի, էրված, խորովված սիրտը հովացնի, զովացնի, մեր հազար տարվան, թունալից, անբժշկելի յարեն կտրի, վերջացնի՝ որ հազարների, բյուրավորների ցավամաշ հոգին ուտում, կեղեքում, մաշում, տոչորում, սաղ, սաղ, դալար ու զվարթ՝ էս անգութ ազգին, անողորմ գազանին՝ շատ տարի, շատ դար ղուբար էր տալիս, վերջացնում։

Գիշերվան մութը գետինն առած ժամանակին՝ որ մարդ իր շվաքիցն էլ սասանում, սարսափում ա, ու բազի դիվահալած, մահատագնապ անցավոր երեսին խաչ հանելով, հավատով խոստովանիմն ասելով, սրբոց, մարգարեից անունը տալով, որ Զանգվի կարմնջի վրովը չի կենում ու կոնդի չոր դարդուսը նի ըլում, սարսափը ջանն առած, լեզուն բերնումը սառած, աջու կողմն Երևանու զարհուրելի բերդն ու Թուրքի գյոռխանեքը (գերեզմանատուն), ձախու կողմն՝ դնգերը, ջաղացները որ չեն ձորումը թխթխկացնում, շխշխկացնում ու փոքր ինչ հեռու՝ չանգը կոխած, կամարակապ համամները ու տխուր Ձորագեղը՝ փոսումն ընկած, ձենըները փորըները քցած, առաջին Երևանու Շհարը՝ տրտում, դառնավարամ սքի քողն երեսին փռած՝ որ չե՛ն երևում,− հենց իմանաս՝ բոլորն անդունդն ա գնում բաթմիշ ըլում, քանի մարդ բարձրանում ա, վեր ըլում − ու հեռըվանց որ արթուն շները՝ տների կտրներիցը՝ չեն վնգվնգում, օռնում, հաչում, ղշզրու տալիս, էլի ձենները փորըները քցում, բարակ ձգում, զլում ու քթերիցը իրանց տխուր սարսափելի կոնգոռնալը դուս թողում, նվում, որ սուր սուր սարերի, թափեքանց գլխըներիցը, տակըներիցը սովամահ գիլանը՝ ֆորսի հոտն առած, փրփրած, անկուշտ բողազներն ու ռխըները չեն բան քցում, ոռնում, շան պես կոնձկոնձում, որ նրանց խաբեն, մոտ գան, ներս մտնին կամ իրանց գզգզեն, պատառեն, խեղդեն, գաղթմիշ անեն, կամ մեկ անմեղ գառն, մեկ կաթնակեր ճամփեն մոլորած, տունը կորցրած ֆորթ, կամ մեկ նախրիցը եդ ընկած, քուչում, կամ քարի տակի կուչ էկած՝ արդար կով, կամ առըխ յաբու, կամ ծնած ղսրաղ, կամ մեկ բեզարած՝ իրան համար հանգիստ, խաթրջամ նստած՝ արոճող ոչխար՝ գտնեն ու լափեն կամ մեկ շատ բանացրած, հալից ընկած, տիրոչիցը խռոված, տանից դուս արած, էստեղ, էնդեղ չոր չոփ, ծերը սուր փուշ կրծելով, ծամելով, զոթուր անկաջները թափեթափ տալով, իր սև օրիցը բեզարած, ձեռք վերցրած՝ անատամ, անպոչ, անլեզու հայվան՝ մեկ խղճալի էշ՝ պարապ ռաստ բերեն, հետը խաղան, ծլունգ ծլունգ ըլին, ջահելությունը միտքը քցեն, որ մեկ քեֆը բացվի, սազը քոքի ու ետո իրանք իրանց բանը տեսնեն, մաքրազարդեն։ Սրանց սոսկալի ձենի հետ էլ՝ որ ձորերի միջիցը, քարափների արանքիցը, ապառաժների գլխըներիցը, բաշերիցը, թփերի, քոլերի տակերիցը, դզերիցը, չոլերիցը, բներիցը՝ մեկ կատաղած արջ, կամ խորամանկ աղվես, կամ վախլուկ չախկալ, կամ մեկ ամեհի քաֆթառ, կամ գլխիցը ձեռք վերցրած ալապաստրակ, իրանց սոսկալի, զարզանդելի ձևներն իրար չեն խառնում, գոռում, մռռում, բռռում, մնկմնկում, ճնկճնկում, ճչում, խառանչում, բառանչում, բղղում, ճղղում − կամ անքուն աքլորները՝ իրանց տիրոջը կամենալով արթուն պահպանիլ, լեղապատառ, սասանահար[2] վախտ բեվախտ որ չեն թրպրտում, թևըները թափեթափ տալիս ու ճզլանի [ 214 ] ձենները նեղ բողազներիցը՝ մեկ խոր ձորից, մեկ փոսից, մեկ բաշից, յա կտրից հանում, կանչում, անկաջ դնում, էլ եդ ծղրտալով կանչում – կամ[3] հիմիկ Ռսի սալդաթը, էն ժամանակը Թուրքի ղարավուլ սարվազը՝ ինչպես գերեզմանիցը նոր դուս էկած, դիվանոնց ճանկն ընկած, ոտ ու ձեռը կապած, սուրն առաջին հանած, մահապարտ մեղավորի պես, որ ուզում ըլին՝ հոգին հանեն՝ թե բերանը բաց անի, յա ծպտա — սևամորթ փափախը խոր՝ քիթը քցած, աչք ու ունքը կալած, ծանր, կամաց, սուս, փուս՝ ոտները փոխելով, աչքերը տրորելով, քնահարամ արշտոտալով մեկ մութը պուճախից, կամ մեկ բուդկի տակից — որ գլուխը չի հանում ու խուլ, խոր, զարհուրելի, փորն ընկած ձենով՝ «սլո՜ւ-շա՜յ» կամ «խարա՜բ-դա՜ր-սա՜ր-հեսա՜ր» − գոռում, կանչում։

Որ քամին մեկ կողմից, բուքն ու բորյազը մյուս դեհից ինչպես կատաղած դահիճ՝ սրարձակ ղամշով, մաթրախով, թոփով, մզրախով սարերի գլխըներիցը, ձորերի միջիցն՝ թոզ, ա՛վազ, հո՛ղ, ա՛ղբ, զիբիլ առաջն արած՝ փոսերիցը հանում, պատեպատ չի տալիս, գետնիցը պոկում, քարափին խփում ու ծառերը ջարդելով, խոտերը ճոթռելով, գետինը ճղելով, մեկ ճուխկ մյուս ճխկի, մեկ պատ մյուս պատի, մեկ տախտակ մյուսին չի սաստիկ կպցնում, թրխկթրխկացնում, զրխկզրխկացնում, մեկ էս քարափին քարով բռնցկում, մեկ էն սարի գլխին դմբզում, բամբաչում, զրխկացնում, թըրխկացնում ու մեկ կիտուկ հող, ավազ, շունչդ քաշելիս, կամ աչքդ բանալիս՝ էրկու ձեռով բերանդ ու բաց քիթդ չի խցկում, լցնում, շունչդ կտրում, քիթդ կալնում, փակում, աչքերդ խավարացնում ու անկաջիդ տակին թոփի գյուլլի պես կամ սուր նետի նման՝ վզվզալով, դզդզալով՝ եդ դառնում շուտով, երեսիդ էնպես խփում, որ աչքերդ մթնած՝ կեծակին են տալիս, ու դու տեղնուտեղդ չե՛ս շշմում, շշկլում, թմբրում, սասանում, քար կտրած մնում ու սառած կանգնում ու աներևույթ թշնամիդ՝ էլ եդ ձին չափ քցած, էլ եդ հրեղեն բոցով որ չի սարերի, ձորերի ջանին դաստ անում, հասնում, թագում, մեյդանը բաց անում, ու թնդում, դղրդում, շաչում, շառաչում, ճայթում, կատաղում, փրփրում, խռնչում, դռնչում, գլուխը թափեթափ տալիս, նայում, ձենը կտրում։

Որ աչքդ կիրացած՝[4] ջանդ սասանահար՝ խելքդ թռած, հանկարծ ինչպես մեկ խռր քնից՝ գլուխդ՝ ահիվ, սասանմամբ չե՛ս բարձրացնում, առաջդ քցում ու ամեն մեկ խորից, փոսից, ամեն մեկ ճեղկից, մութը արանքից՝ էս կողմն, էն կողմն, հեռու տեղերից, ծառերի տակից, բաղերի միջից, սարերի գլխից, Զանգվի ղրաղներիցը՝ ծիրանի փետի չաղ ալավը, կրակի վառ բոցը, հրեղեն ձողու պես վռվռալով, խավար գիշերը թրի պես ճղելով, սև մութը, թանձրամած ծուխը, պեծն ու վառ կայծակը վերը վեր չե՛ն խփում. ձորերն ու երկինքը կրակում, ու խավարը կոխած, սև խոռոչների, բերանները բաց՝ էրերի, օձի պես ոլորված՝ ճեղկերի, քաչքի պես ճոլոլակ էլած, չանգըները դես ու դեն քցած, մազերը խճճված, ծամերը կախ ընկած, դոշ ու ծիծ եդ ճոթռած՝ բարձր ծառերի, դիվի պես երեսը դեմ տված, կանգնած, անահ, անվախ, սուր, ցից, իրար վրա թինկը տված, երես երեսի [ 217 ] դրած, բերան բերնի խփած՝ խավարադեմ ծոցըները բաց արած, ատամները սրած՝ զարհուրելի քարափների սոսկալի սֆաթները չե՛ն բաց անում, ու էլ եդ խփում ու էլի խելքը[5] ցնդած ընկնավորի (թուլացկոտ) պես՝ շատ թըպրտալուց, ծեծվելուց, դես ու դեն գլորվելուց, ղրճտացնելուց, դնջռտացնելուց հետո իրանց իրանց էլ եդ աչքըները չեն խփում, տազ անում, անշունչ, անսաս մնում, դադարում։

Ու է՛ս հադաղին, է՛ս սարսափելի սհաթին՝ որ բազի վախտ էլ երկինքը՝ իր ալեկոծությունը չի սկսում, սարերը ջարդում, ամպերը տրաքացնում, կեծակի լախտին[6] աշխարքի չորս կողմի գլխին վեր հատում, փշուր փշուր անում, ու Զանգին, սարսափելի Զանգին կլոր մեկ կողմից չի գոռում, մռնչում ու թուլ ձեռները, անկազմ ոտները քարեքար տալիս, թոզ, դուման անում, բառանչում ու քամու վզվզոցը, քարափի ճռճռոցը, սարերի դրմբդրմբոցը, ձորերի դրնգդրնգոցը, ծառերի խշխշոցը, էրերի խռնչոցը, դնգերի, ջաղացների թրխկթրխկոցը, գետնի զրզնդալը, տների թնդալը, պատերի տրաքտրաքոցը, շների, գիլանոնց, արջերի, ղարավուլների, աքլորների՝ ծղրտալը, ճչալը, ծվալը, բառանչիլը, խառանչիլը, վնգվնգոցը, կոնձկոնձալը, ճնկճնկալը իր ահագին ձենի հետ չի խառնում, ոլորում, փորը քաշում, էլ եդ մեկ րոպեից հետո հազար կողմերով՝[7] դուս փչում, ցանում ու սարերի, ձորերի, քարափների բերանը էլ եդ լեզու դնում, էլ եդ շունչ տալիս, որ իր քաղցր ձենը քաշեն, դամ անեն, իրանց դժոխային քեֆն արամիշ անեն, պար գան, ծափ, ծիկա տան, ծղրտան, ղիժինա քցեն, քեֆ անեն, խնդան, ցնծան։

Էս հադաղին՝ որ Աստված ոչ շհանց տա, մեկ անծանոթ անցավոր որ Կոնդի դուզը չի՛ նի ըլում, յա Ապրանքափոսիցը[8] վեր գալիս, որ Զանգվի [ 218 ] վրովն անց կենա, շաղվում ա, գլուխը շվարում ու հենց իմանում ա, թե մեկ ահագին սար հրեն փուլ էկավ։ Էլ ո՛չ առաջն ա տեսնում, ո՛չ եդևը։ Քարացած, փետացած, մնում ա տեղն ու տեղը սառած, ցցված։ Ինչպես երազում մեկ հեռու, խոր տեղից, մեկ խուլ դղրդոց անկաջդ ընկնի ու հենց իմանաս՝ թե երկինք, արեգակ, լուսին, աստղեր իրարոցով դիպան՝ փշրեցին, փշրվեցին, կոտրեցին, կոտրվեցին, ու գռգռալով, գոռգոռալով, պատռելով, պատռվելով, վեր թափեցին, ու անդունդ, դժոխք, արքայություն, տարտարոս, հրեշտակը, դիվանը, սերովբեք, քերովբեք, սադայել, սադանայել, սասանած, սփրթնած՝ հրեղեն սրով, բոցեղեն թրով, ամպով, կայծակով՝ թոթափում են, վեր ընկնում, որ աշխարս վերջացնեն ու հետին դատաստանի տեղը պատրաստեն, որ Աթոռ Աստվածությանը իջանի, բազմի ու անիրավ մարդիցը հեսաբ պահանջի, որ հենց իմանում ա, թե աշխարքն իրն ա, ինչ ուզենա, էն պետք է անի, էսպես ա ողորմելի անցավորի հոգին ու սիրտը խառնվում, երկրից երկինքը գնում, իր վախճանը տեսնում ու արյան քրտինքը երեսիցը, մեղա ասելով, իր մեխքն հիշելով, սրբում, երբ աչքի առաջին կամ Քանաքեռ բացվում, կամ Նորագեղի դուզը։

Էսպես մեկ սարսափելի գիշեր էր, որ Ապովենց Հարությունը, Քանաքռու ազնվական անձանց մեկը Ապրանքափոսիցը դուս էկավ, մտավ իրանց մենծ իգին, տեսավ կատեպանները (բաղմանչի) բոլոր քնած են, էլ ղիմիշ չարավ՝ որ նրանց վեր կացնի, ինքը քյահլան ձին տակին՝ ասեց մեկ Գորգոչանը դիպչի, յա բանդը գնա, տեսնի՝ թե ջուրն ընչի՞ չի գալիս։ Մութն էնպես էր գետինն առել, որ մատդ կոխեիր մարդի աչքը, չէ՛ր իմանալ։ Բայց բոլոր քարերն էլ՝ որ բերանները բաց անեին, նրան չէ՛ին կարող վախացնիլ, է՛ն աներկյուղ սիրտն ուներ մեր քաջ հայագգին։ Թուրք ու Հայ էս օր էլ կասեն՝ թե նրա ո՛չ սրտին, ո՛չ լեզվին սարն էլ չի դիմանալ։ Բաղերի գլխովը տվեց մեր սրտոտ իգիթն ու հասավ Գորգոչանի գլուխը․ ջրի բաժանվելու տեղն էս էր։ Տեսավ որ էստեղ էլ ա ջուրը պակաս։ Հենց վերի եկեղեցու գլխովը պտտեց, որ մեկ բանդին հասնի, ջուրը կապի,— աչքը որ եդևը չքցեց, մնաց տեղնուտեղը սառած։ Չէ՛ր գիդում, թե ի՛նչ տեղ ա։ Ուզում էր եդ դառնա, սիրտը չէ՛ր տալիս, ամոթ էր համարում իր գլխին․ ձիուն էր զոռ անում, ձին անկաջները խլշացնում, փնչացնում էր, եդ վազում։ Չորս կողմը բոլոր մութն ու խավարը կոխել էր, բայց եկեղեցու գլուխը արեգակի պես փայլում, ճաճանչում էր։ «Սո՛ւրբ Մարիամ Աստվածածին՝ քեզ եմ կանչել» ասեց բարեպաշտ Հայազգին, ձիուցը վեր էկավ, մեկ ղրաղ տեղ կապեց ու երեսին խաչակնքելով, մտավ գերեզմանատունը։ «Աստված ձեր հոգին լուսավորի, ա՛յ արդար ննջեցյալք» ասեց ու մտավ ժամի հայաթը։

Քանի Քանաքռու աստղը ծռվել, հազար հարուստ տանիցը, քառասուն տուն էին մնացել, ու էն էլ աղքատ, ողորմելի, օրեն հացին կարոտ, էս սուրբ եկեղեցին էլ մնացել էր ամայի։ Տարենը մի անգամ էին էնտեղ ժամ ասում, էն էլ սուրբ Աստվածածնի տոնին։ Էստուր համար դուռ ու հայաթ բաց էր մնացել։ Հենց մեկ քանի ծունր դրեց, էրեսին խաչ հանեց, ու ուզում էր, որ սեղանն էլ համբուրի, գնա իր բանը, էնպես գիտես՝ թե [ 219 ] թևիցը քաշեցին։ Էնպես որ սառած, կանգնած մնաց ո՛չ, հանկարծ մեկ երեխի ձեն ընկավ անկաջովը։ Կարծում էր՝ թե երազ ա տեսածը, յա միտքն ա իրան խաբում։ Մի քիչ էլ որ անկաջ դրեց, մեկ ուրիշ ձեն էլ ընկավ անկաջը ու պարզ լսում էր, որ մեկ երեխա ձենը փորն ընկած հեկեկում էր։ «Նա՛նի ջան՝ նա՛նի. ա՛խր մի աչքդ էլա բա՛ց, ա՜յ քո չարը տանիմ։ Մեզ ո՞ւր բերիր էստեղ՝ էս մեռելները հո մեզ կուտեն, մեր ճարն ո՞վ կըլի, որ դու էլ քնում ես, աչքդ չե՛ս բաց անում։ Վե՛ր կաց, գնա՛նք տուն, քանի լաց ըլիս՝ քանի՛, մեր ափուն հո կորել չի՛, էլ եդ կգա, ինչ ես էդքան սուք անում։ Մեզ թաղի՛ր՝ նա՛նի ջան, մեզ մորթի՛ր, ջուրն ածի՛ր, մեզ հարամին կգա, կտանի, մեզ ի՞նչ կանես էս չոլումը։ Նանի ջան, նանի՝ էդ սիրուն երեսիդ ղուրբան, ընչի չես մեկ խոսք էլա ասում, ա՜խր քո երեխեքը չե՞նք, ի՞նչ արինք, որ էդպես մեզանից նեղացար։ Էլ քո սիրտը չե՛նք կոտրիլ՝ քո հոգուն մատաղ՝ թաքըլի մեզ սիրես, մեզ պահես, մեզանից էլ չխռովիս»։

Ա՜խ՝ էնպես զարհուրելի սհաթին՝ ո՞ւմ անկաջն էս ձենն ընկնի, որ սիրտը չտրորվի, չխորովվի։ Նազլուն էր, այ իմ սիրելի կարդացող՝ էս մերը, որ երեխեքը սուք էին անում։ Թե դու էլ սիրտ ունիս, չե՛ս ասիլ՝ թե շինովի ա էս պատմությունը։ Սերը, սուրբ սերը՝ որ բալասամի պես կենդանացնում ա մարդի սիրտը, ու թրի պես կտրատում, սերը՝ ի՞նչ ասես՝ որ չանի։ Ի՞նչ կրակ կարա անսեր սիրտը տաքացնիլ, ի՞նչ ջուր կարա սիրով վառված հոգին դինջացնիլ, հանքցնիլ։ Սիրով վիրավորված սիրտը ոչ հողից կվախենա, ոչ գողից, ոչ ահ գիտե, ոչ վախ, ոչ սրից երեսը կդարձնի, ոչ ջրից։ Քանի շատ ա սերը, էնքան քաղցր ա տանջանքը։ Սերին ի՞նչ կդիմանա, որ մահից վախենա։ Սիրելուցդ զրկված վախտը՝ հողն էլ ա բերան առնում, քեզ ուտում, քարերն էլ են աչքումդ մզրախի պես ցցվում, քաշած շունչդ էլ ա քեզ կրակ դառնում, էրում, փոթոթում, քո մարմինը քեզ գերեզման դառնում, քո սիրտը՝ քեզ դժոխք, քո աչքը՝ քեզ արյան ծով, քո ձենը՝ քեզ ամպ ու որոտումն, մրրիկ, փոթորիկ։ Բաս Նազլուն կարող էր առանց Աղասուն կենալ, ասած խոսքը, նրա հետ կապած ուխտը չկատարի՛լ։ Ճշմարիտ սիրողւ մեծ մուրազն հենց էն ա, որ իր սիրելու խաթեր մեռնի, Նազլվի սիրելին էր հողումը, էն թագավոր տերը, է՛ն աշխարքի աչքի լիսը, բաս նա կարող է՞ր՝ առանց նրան՝ աչքը բաց ու խուփ անիլ, կամ մեռած, գնացած շունչը երկար քաշի՛լ։ Գլուխը դրել էր գերեզմանի վրա, երեխեքն առել դոշի տակը, լիսն էկել էր չորս կողմը բռնել, բայց ողորմած երկինքը դեռ չէր կամեցել, նրա սուրբ հոգին առնի, ընչանք էն անմեղ երեխեքանցը մեկ տեր լիս կընկներ։ Նա էլ հո գլխներին կանգնած էր։ Մեկ ա՜խից ավելի՝ էլ ո՛չինչ չիմացավ էս էկողը։ Երանի՜ էն գերեզմանին, որ էսպես կսիրեն։ Երանի՛ էն հողին՝ որ երկու սիրելու մարմինը՝ էսպես իստակ, անարատ կտանի, կպահի, որ Աստծո առաջին պարզերես դուս գան՝ մեր երկիրն էլ, որ երկնքի քիրն ա, մեր հոգին էլ, որ Աստծո սուրբ պատկերը։ Նազլուն էլ գնաց, Աղասին էլ, նրանց էրեխեքանց տերն էլ Աստված հասցրեց, Աստված կթողա՞՝ որ իր որդիքը կորչի՞ն․ մենք էլ մեկ օր կերթանք, մենք էլ, ա՛յ իմ սիրելի հայրենակիցք, ասա՛, որ Աղասու գերեզմանն էս օր քո աչքիդ առաջին էլ ըլի, դու չե՞ս ախ քաշիլ, ողորմի տալ ու մտքումդ ասիլ. «Ի՞նչ կըլեր, ես էլ քո ընկերների մեկն էի [ 220 ] էլել, իմ հայրենիքը սիրել, իմ ազգին լավություն արել, որ ինձ էլ էսպես սիրեին, իմ անունն էլ էսպես աշխարքի միջումը փայլեր։ Գանձ ու հարստություն, պատիվ ու նշան, իշխանություն ու մեծություն՝ մինչև գերեզմանի ղրաղն են մեզ հետ ընկեր և ո՛չ բարեկամ․ սառը պատանը երբ որ աչքդ փակեց՝ էդ հոգելից աչքին ղուրբան՝ ա՛յ իմ Հայկա ազնիվ զավակ, տխուր զանգակը՝ երբ որ քեզ ժամը տարավ, քո պայծառ երեսը՝ երբ որ մահվան դեղնությունն առավ, քո անոշ լեզուն՝ երբ որ փետացավ, սիրուն արևդ՝ երբ որ մեր մտավ[9], դագաղդ գերեզմանը, մարմինդ հողը, հոգիդ երկինքը գնացին, դինջացան, էն սքավորքն էլ կդինջանան, որ քո խաթեր իրանց սպանում էին ու նրանք էլ որ մեռնին, խունկն ու մոմն էլ վրիցդ կպակսի, ժամ, պատարագն էլ։ Կարելի ա՝ որ էն քո վրա անսիրտ, անջիգյար ման էկողների, խնդացողների շատը՝ նրանք են, որ հացդ ուտելիս, բարությունդ վայելելիս, քո սաղ վախտը ուզում էին ոտդ համբուրեն։ Աշխարքն էսպես ա։ Քո գո՛րծքը, քո գործքը, միայն քո անունը կպահեն։ Հայրենասիրությունը միայն քո հիշատակը կտոնի, ազգասիրությունը քո արածը՝ կենդանի կպահի, քեզ սրբի տեղ պաշտիլ կտա։ Հայրենյաց հողը քո անգին ոսկերքը, քո սուրբ գերեզմանը ամեն անցկենողի առաջին կկանգնացնի ու մատով ցույց կտա․ «թե ուզում ես, քեզ էլ էսպես սիրեմ, գգվեմ, դու էլ ինձ սիրի, ինձ պայծառացրու, ի՛մ սիրելի որդյակ»։ Աղասու սուքն արինք պրծանք․ ա՜խ նրա պես հայազգի հիշատակը, նրա պես աննման հսկայի պատմությունը՝ ե՛ս չպետք է գրեի։ Երանի՛ էն սհաթին, որ մեկ ազնիվ հայի ծնունդ, իմ անպիտան լեզվի վրա բարկանա, իմ անպիտան դրությունը դեն քցի ու ինքը նորեն էնպես գրի մեր քաջ Հայերի պատմությունը, որ լսող, կարդացող վառվի, բորբոքի, զարմանա, հիանա ու էն գրողի ղալամն ու գիրքը, ինչպես Պետրարքինը՝ մասունքի տեղ պաշտի, ծոցումը պահի։ Սերն էր, որ ինձ համարձակություն տվեց՝ որ կարդացողը պակասությունս երեսովս չտա։ Գնա՛նք մեկ Զանգվի ղրաղն էլ, մեկ մեր սուրբ Զանգին էլ տեսնինք, մեկ նրա ձորն էլ օրով տեսնինք, չունքի գիշեր էր, որ վրովն անցկացանք գիշերվան տեսածն ու ցերեկվանը մեկ չի՛ ըլիլ. մեկ էլ մեր սուրբ հայրենյաց հողը մտնինք, հետո ձեռ ձեռի տա՛նք, սիրտ սրտի, իրար գրկե՛նք, դոշ դոշի տանք, ու որ արտասունքը մեր աչքը կալնի, ցավն ու կսկիծը մեր բերանը փակի, սար ու ձոր մեր ձենը խլեն ու թե մեկսումեկս երկնքումն ըլի, մյուսը գետնքումը, ո՛ր լուսնի տակին որ կանգնի, ո՛ր աստղին որ նայի, ո՛ր ծովի ղրաղին նստի, ո՛ր սարի գլխով անց կենա, աչքը երկինքը քցի, ձենը փորը ու առաջին ա՜խը, առաջին կաթը՝ որ թափի, կամ բերնիցը դուս գա, է՛ն ըլի, որ ասի․ «Բա՛րեկամ, բա՛րեկամ, դու գնացիր, ես մնացի, ասած խոսքդ գետինը չի՛ քցեցի, Հայրենյաց սերը միշտ սրտումս ունիմ, Հայրենյաց ուղուրին կյանքս եդ եմ դրել։ Չի՛ դարդ անես, չի՛ ցավիս, ինձ հիշես, կարողություն խնդրես»։

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի։ Քո երկնանման երեսը տեսնելիս, քո տխուր ձենը լսելիս, քո սուրբ ջուրը բերան առնելիս, քո ծաղկազարդ ձորերի միջումն, քո զովարար ափների ղրաղին, քո սիպտակ, լուսաթաթախ [ 221 ] փրփրի տակին, քո պարկեշտ Մամբռու ափին, քո խնկահոտ ծառերի տակին, քո անմահական ծաղկների միջին, քո էդ տրտում, դառնավարան լացի, բոթի, սքի ձենն առնելիս, քո սիրուն աչքերի աղի արտասունքը տեսնելիս բաս ի՞նչ կըլեր, որ քո բախտավոր, վաղուց հեռացած, մեր գլխիցը պակսած-մեծազն, քաջազոր, աշխարհասասան, անհաղթելի, անպարտելի իշխանաց, աշխարհակառույց թագավորաց մեծազոր, քաջաբազուկ հսկայից, տարաբախտ, վատաբախտ, թշվառացյալ, գերեվարյալ, տատանյալ, տարտամյալ, զուրկ, թափուր, սրախողող, քարակոշկոճ, հայրենամերկ, կենսակորույս, տնանկ, սքավոր, աղքատ, չքավոր՝ որդիքը ու թոռունքը՝ մեկ միտք անեին, գլխըներին վա՜յ տային, իրանց սև օրը լաց ըլեին՝ թե ո՞վ քեզ առաջ՝ ուրախ[10] ձայնիվ, բարձրադիր ճակատով, երկնանման պատկերով, արծվահայաց աչոք, հսկայական դիմոք, քաղցրամոք ժպտիվ, ողջույն տվեց, քո համն առավ, քո ծաղկըներիցը՝ խնդալով, ցնծալով հոտ քաշեց, քո քաղցրահամ պտղըները ախորժանոք ճաշակեց, քո հով, զովարար ղրաղին էկավ, բազմեց, քո սուրբ անարատ գիրկը համբուրեց, քո անուշահոտ վարդը, քո պարկեշտ մանիշակը՝ ողջագուրելով, խանդաղատելով քաղեց ու պերճ դիմոք, վսեմ ծանրությամբ իր քաջ բազուկը վրեդ մեկնելով, տարածելով ու իշխանական զորությամբ, խորհրդածու ուշիմությամբ՝ էդ սուրբ ափներիդ, էդ ազնիվ ձորերիդ, էդ անդրդվելի քարափներիդ՝ սուր նայելով, էդ անահ, քաջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյացդ՝ երկար հիացյալ՝ ապշյալ մնալով, խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք, վճռահատ, ազդու բարբառով, երկնալից բերանով, քերովբեական լեզվավ գոչյաց. «Հրազդա՛ն՝[11] դու ես իմ այսուհետև նազելի բնակարան61)»։

«Այս քա՛ջ բազուկ, այս լայնալիճ աղե՛ղն, այս նետ երեքթևեան, այս կուրծ քաջակուռ, ամուր, այս աշխարհասասան, անընկճելի, անվանելի հսկայից սիրագումար դասք, քե՛զ լիցին յայսմհետէ պահապան, պաշտպան՝ սխրալի՛դ իմ Հրազդան»։ Ցնծա՛, զուարճացի՛ր, բերկրեա՛ց, փարթամացի՛ր. հրճուեա՛ց, զուարթացի՛ր՝ գեղեցի՛կդ իմ Հրազդան։ Թո՛ղ՝ ծոց քո ցնծալից, թո՛ղ՝ դաշտ քո զուարճալից՝ ուռճասցի՛ն՝ ծաղկեսցին, ընձիւղեսցե՛ն, բողբոջեսցե՛ն պտուղս հազարաւորս, սերմանիս բիւրաւորս՝ ի կերակուր՝ իմ սերնդոց, ի ցնծութիւն՝ իմ զաւակաց, ի վայելչութիւն՝ իմազանց դիւցազանց։ Իմ տո՛հմք ժառանգեսցեն յայսմհետէ զայս դաշտ երկնատիպ, իմ շառաւիղք եղիցին քեզ թշնամայա՛ղթ խնդակիցք։ Այս լերինք երկնամբարձք՝ եղիցին իմ պատուարք մշտահաստատք. այս դաշտավայր չքնաղադէմ՝ իմ քաղցր օթևան։ Քո ձո՛ր ծաղկածին՝ իմ նազելի զբօսարան։ Իմ անուն կընքեսցէ՛, դրոշմեսցէ՛ զայս մաքուր, վայելչագեղ սահման, զի ո՛չ գտի երբէք ի բոլոր ուղիս, յերկարատև չուս իմ բացական, սմա հանգունատիպ՝ տեղի յարանման, սա՛ կոչեսցի՛ այժմ և յայսմհետէ, մինչև ցօրն յաւիտենական − Հայաստա՛ն»...

Զանգի՛, Զանգի՛, անողոքելի իմ Զանգի՝ սիրտ իմ մորմոքի, աղիք իմ գալարին, ոսկերք իմ քստմնին, ուշ իմ աղմկի, հոգիս բորբոքի, տուայտիմ [ 222 ] ի ցաւս, վարանիմ ի ծուփս, հառաչեմ լալով, հայցեմ ողբալով, ա՛ռ զիմ արտասուս, տո՛ւր ինձ սփոփ, յոյս։ Քանի՞ցս, քանի՞ցս կանգնեալ ի վերայ ահեղատեսիլ քարաժայռից քոց, խայտալով ի ծաղկանկար, երփներանգ ծոց քո հրաշագեղ, մինչ տղայն էի, խնդայի, խաղայի, ցնծայի, զմայլեալ, ապշեալ, մերթ ևս զարհուրեալ, սասանեալ, յահեղ գեղեցիկ դէմս քո զայրագին, ահիւ, սարսափմամբ՝ կամ ի գիրկս ծնողաց վազէի, կամ խնդութեամբ, ցնծութեամբ յալիս քո կայտռէի − այժմ թանձր հառաչք և թախիծք կուտակեալք ի մրրկայոյզ, վարանեալ սրտէս՝ առ քե՛զ համբառնան, առ քե՛զ գոչեն, ի քեզ մեռանին, ի քե՛զ կարկամին։

Զանգի՛, Երա՛սխ, Հրազդա՛ն, Արա՛զ․ կաթնահամ ստինք մօր իմոյ սիրելւոյ և գորովագութ ծնողի՝ մեծինն Հայաստանի։ Ո՛ւր ձեր տիեզերատօն անո՛ւն, ո՞ւր այն ոսկեղէն դարք, ո՞ւր դիւցազանց բոյլք, ո՞ւր հսկայից կաճառք, ո՞ւր աթոռանիստք, ո՞ւր քաղաքք ամբարտակք, բրգունք, ապարանք, կրկէսք երկնահրոսք, տաճարք պանծալիք, շէնք զուարճալիքս, որք զձեօքն պնդագոյն զօդիւ, հզօր ձեռամբք, ամուր բազկօք[12], քնքուշ սրտիւ, խանդակաթ սիրով՝ գորովաժպիտ դիմօք՝ պաշարեալ, պատեալ − խանդաղատէինն, փարէինն, ողջագուրէինն, փաղաքշէինն և գիրկս արկեալ զանուշահամբ, երկնատիպ ձերովք լանջօք՝ համբուրէինն զնոսա ի համբոյր սրբութեան, ի նշան սիրոյ մշտական, ի ջերմեռանդն ուխտ մտերմութեան, հարազատութեան։

Զանգի՛ իմ, Երա՛սխ, Մա՛սիս, Ալագեա՛զ, դեռ կանգնիք անմռունչ, դեռ հայիք անշշունչ․ գնայք միամիտ, հոսէք ի մեր հովիտ․ սպառնայք ամպոց, խիզախէք ձորոց, վարսագեղ ալեօք, կատաղի դիմօք, ոմն ձիւնափայլ, ոմն արծաթափայլ, ոմն ի փողփողիւն, ամն ի փրփրիւն, ոմն վանէ զերկին, ոմն ճնշէ զգետին, ոմն ի ձիւնեայ պսակ, ոմն ի ծաղկանց թագ, յարշալուսին տես, լուսնին ի պայծառ, հեզ ողջունէք միմեանց՝ համբոյր տայք շրթանց ձեր սուրբ ստորոտաց[13] խնկածին դաշտաց Հայկազանց վայրեաց։ Երկիր աւերա՛կ, դաշտք մեր անբնակ, անսի՛րտք, անողո՛րմք, յի՞մ դուք եղէք վկայք կորստեան ազգի, աւերման դաշտի չքնաղ քաղաքաց, հզօր իշխանաց, որոց զարմ և ճիռ ի ձեռս թշնամեաց, ի բանդ, դառն յոճիր, անօրէն ազգաց զոհ եղէն ի սուր, մտին ի բոց, հուր, թողին զմեզ ի սուք, յարեան արտասուք, վտարիլ յայլ աշխարհ. զսուրբ Հայրենեաց վայր[14] սքալ, ողբերգել, կոծել, հեծեծել ի հեռուստ՝ աչօք արտասուօք մաշեալ, աղեկեզ սրտիւ, կարօտով մեռեալ։

Զանգի՛, Զանգի՛, քա՛ղցր իմ Զանգի, ի քոյդ հայեցեալ անյողդողդ ճակատ, վառէինն ի զէնս հսկայք քաջամարտ։ Հայկազեան տոհմի ընտիր պատանեակք զքո ալիս տեսեալ ահեղ — աղուորակ, մղէին ի մարտ, վանել քաջայաղթ, զինակուռ բազկաւ, տեգօք, ասպարաւ, աղեղամբք վառեալք, զրահիւք զարդարեալք՝ զԲելայն գունդ ահեղ սրոյ մատնեալ ի զոհ. ելին յասպարէզ, թշնամեաց ետուն գրոհ, ոսկեթել վարսիւք, դաբնեայ պսակօք, պսակեալ զիւրեանց գլուխ. անվախճան փառօք, ճեմեալ յերկնից խումբս, զվերինն վայելեն զկեանս անտրտում, յերկրի կանգնելով զանմահից անուն. ի դարըս անանց, անհոլով ամաց։ [ 223 ]

Զանգի՛, Զանգի՛, հրաշագե՛ղդ Զանգի։ Դու զքոյդ սուրբ նախանձ տակաւին տածես, դու ահեղ թնդմամբ տակաւին հերքես, դղրդաս յարձակմամբ, մեծաձայն գոչես․ «ելե՛ք Հայկազեան սերունդդ քաջագունդ, առէ՛ք զէն, զասպար զաւակդ բարեսնունդք, հարէ՛ք, փշրեցէ՛ք զթշնամեաց ձեր գունգ, տո՛ւք հոգի հոգւոյ, թիկն[15] ընդ թիկուն։ Ջախջախեսցի՛ թող գազանն նկուն, Ռուսեա հզոր բազուկ եղիցի ձեզ նիգն, նմա՛ զոհ լինիլ ձեր լիցի ձեր միշտ ճիգն։ Վօլգայ իմ մեծ քեռ, ես, իմ քոյր Երասխ՝ համբոյր մատուսցուք ի Կասպեան կոհակ։ Նա զիւր բարութիւն, ես զիմ խեռութիւն ի մի մեր մօր ընդ միմեանս խառնեսցուք։ Ես զիմ Սևանայ օրհնութեան մաղթանս, ես զիմ սուրբ Մասսայ ողջոյն հայրական տարայց, մատուցիր սիրելւոյն իմ քեռ, բերից ձեզ զողջոյն նրա աւետաբեր։

«Ո՛չ ես խղճալի օրիօրդս էի պարտ, զի չար թշնամին եմուտ ի մեր դաշտ, այլ քոյրս զառամեալ, հին աւուրցն Արազ թոյլ ետ նոցա գալ բռնի ինքնահաս։ Տեսեալ զծերունի սկսերայր իմ Մասիս՝ ծածկեմ զիմ գլուխ, փակեմ զերես, զի մի ալևորն աղու ձիւնահեր յալիս հասակի լիցի դառնավէր։ Թէ քոյր իմ Երասխ անհաշտ բռնութեամբ ո՛չ տայ խղճալւոյն հանգիստ և դադար, ճեղքէ, պատառէ զոտս նորա ցայտմամբ։ Ե՛ս պարտիմ զայս վէրս փարատել իսպառ։ Իմ չեն բայց այդ շնորհք, զի դաշտք, անդաստանք ետուն զիս կոչել Զանգի ոսկեհանք[16]․ այլ սուրբ Սևանայ, հօր Լուսաւորչի՝ որոյ արդար նշխարք աստ իմ առաջի կան և պահպանեն, օրհնեն, խնամեն զիմ անզօր ձեռաց զարդիւնս՝ որք աստ են։

Բացէ՛ք զճակատ ձեր, ցնծացէ՛ք յամայր, իմ քաղցր Վօլգայ քոյր հոգայ միշտ զձեր ճար։ Ես զի՛մ մտերմութիւն ցուցից նմա համակ, նա զիւր քաղցրութիւն տացէ՛ ձեզ՝ որդեակք։ Այս կապ անխզուն, այս սէր սրբազան մնասցէ՛ ի մեջ մեր ի կեանս յաւիտյան։ Դուք զօրացարո՛ւք՝ որդի՛ք Արամեան․ եղերուք ընդ միմեանս սիրով միաբան։ Սէր, խաղաղութիւն պահեն զամենայն զազգս և զազինս ի բարօրութեան։

  1. [ձորի]
  2. [որ չեն]
  3. [որ]
  4. [գլուխդ]
  5. Խելքըները = խելքը
  6. [էս]
  7. [չի]
  8. Ապրանքափոսն Ապովենց մենծ իգու տակին ա։ Քանաքռցիք պատմում են՝ մեկ չոբան էշը բարձած տուն գալիս, տեսնում ա, բիրադի իրան աղաքին մեկ դուռը բաց էլավ։ Մտնում ա ներս, աչքդ բարին տեսնի, ջավահիր, մարգարիտ, ոսկի՝ էնքան ա, որ էլ հեսաբ չի՛ կա. իշի բեռան մոխիրը դեն ա ածում մեր բախտավոր իշարածը ու խարաբները պրտեպրունգ ջավահրով լցնում, դուս գալիս։ Մի քիչ տեղ որ գնում ա, ձեռի փետը միտն ա ընկնում։ Աչքը չկշտացած՝ էն փետի խաթեր եդ ա դառնում, հենց ուզում ա, որ դուս գա, էլ դուռը չի՛ կա։ Նա էնտեղ ա իր սև օրը լաց ըլում ջավահրի միջում, իշարածի խաթունը տանը. չունքի անբան էշը ի՞նչ կիմանար, թե վրինը ջավահի՞ր ա, թե ախպ, տնքալով որ տուն չէկավ, դռանը անկաջները կախ արած կանգնեց, ազիզ խանումի լեղին պատռեցավ, որ տեսավ թե իր սիրելի մարդը չի՛ կա։ Քիչ էր մնացել՝ որ իր գրաստին էլ խռկի, բիրդանբիր մեկ զատ պսպղաց։ Էնպես իշին ուրիշ մարդ թագավորություն կտար, ամա մեր տան տիկինը չուներ։ Իր օրումը մարդին էլ չէ՛ր էնպես մուրազով, կուշտ փորով պաչ արել, ինչպես մեր էշ աղային ու նոխտիցը բռնեց, տուն հրավիրեց։ Էշն էս սիրովը զարմացած՝ լեզու էլավ, ու ինչ որ անց էր կացել, պատմեց։ Աստված իշարածի դատաստանը քաղցր անի. ու ամեն Քրիստոնեի էսպես մեկ իշարածի ռաստ բերի։
    Մեր գեղըցիք էս էլ են պատմում, թե էստեղ էր, որ մեկ րիգուն բազարիցը գալիս, տեսան որ իրանց Ապով պապը, որի լավությունը հազար բերան էս օր էլ պատմում ա, ետին շունչը հասած՝ վեր էր ընկել։ Որդու հարսանքավորը տունը լցվել էին, որ հոր մեյիդը ուսըներին դրած բերում են։ Հարսանիքը սուք ա դառնում։ Էնպես են ասում, թե դեղել են։
  9. [մեյիդդ]
  10. [ողջունիվ]
  11. Զանգի
  12. բազկանք = բազկօք
  13. [ծաղ<կածին>]
  14. [ողբալ]
  15. Թիկուն = թիկն
  16. Զանգի․ պարսկերէն նշանակէ հարուստ, ճոխ։