Jump to content

Երկերի լիակատար ժողովածու (հատոր 3-ին, Խաչատուր Աբովյան)/Վերք Հայաստանի (վարիանտ)/Գլուխ երրորդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վերք Հայաստանի (վարիանտ) - Գլուխ Երրորդ
[ 328 ]
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Լսողը կամ կարթացողը կըլի որ չի՛ հավատա, թե մարդ էսքան անօրենություն, չարություն կարող է անիլ։ Թե Պարսիկք փոքր միջոցի էսքան զորություն ինչպես ստացան․ թե Հայք՝ որ ի բնե անտի[1] ամեն տեղ հայտնի են իրանց մարդասիրությամբը, աշխատասիրությամբը, երկրագործությամբ, հանդարտ բնությունովը, երկիր շինելու, քաղաք պայծառացնելու և ոչ քանդելու հոգս ունին, ինչպե՞ս տարան էսքան թշվառությունը, ինչպե՞ս հանկարծ էն հոգին ստացան, էն քաջությունները, էն տղամարդություններ արին՝ որ պատմության միջումը ոչի՛նչ տեղ, ոչինչ ազգի միջում էսպես օրինակ չկա, չկա։ Սաղ Պարսկաստան պոկ էր էկել, սաղ Կավկազ դոնմիշ էլել, Էրակլի որդի Ալեքսանդրեն՝ որ Վրաստան առնելուցը ետը փախել Պարսից ոտն էր ընկել, հարիր անգամ գրով, մարդով գլուխը քարեքար տվել՝ որ իրան աշխարհը էլի ձեռք բերի՝ էլ սար չէր մնացել, որ անց չկենա՝ էլ օր չէր մնացել որ Շահին չխնդրի, իր երկիրն ազատի ու սաղ Կավկազ ինչպես առաջ՝ իրան ճորտ շինի։ Լազգի, Չաչան, Չերքեզ, Ղազախ, Բոռչալու, Շամշադին, բոլոր Կասպից գավառները ձեռըները հինա էին դրել, թև էին առել որ թռչին, Հայ ազգին յա կրակ էին խոստանում, յա սուր, յա կոտորում, յա թալանում. ինչքան թույն ունեին, Հայի գլխին թափում, յա մեծություն, պատիվ, իշխանություն խոստանում, ֆարման ֆարմանի վրա էր Շահից, սարդարից Հայերի վրա գալիս, բայց նրանց արդար սիրտը, նրանց հաստատ սերն ու ջերմեռանդությունը որ Ռուսաց տերության հետ ունեին, էն ժամանակն էլ նրանց չթողեց, երբ թուրը գլխըներին խաղում, որդի ու զավակն դոշըներին, առաջներին սուրն էր քաշվում, յա կրակում, խորովում։

Թե մենք լսենք, թե բազի անաստված, անօրեն հոգի չուզելով որ Հայի աչքումը լիս ըլի, չամաչի էստեղ, էնտեղ գրքում կամ կազեթում, Հայի միսը ծամի, քարինք կաղաղակեն, սարերը կվկայեն, ու ամենաողորմած կայսեր հրովարտակներն ու շնորհակալությունն, խաչերն ու նշաններն, թոշակն (պենսիա) ու պարգևներն՝ որ շատ անգամ մինչև եդին գյուղացին էլ ստանում էր, թող սուր դառնան էնպես կույր աչքը մտնին՝ որ Հայի ղադրը լավ իմանա և մեր արածը մեր[2] տերության առաջին չսևացնի իր սև հոգովը, իր անհոգի շնչովը։ Թե մարդասեր, անաչառ և ո՛չ հայատյաց Եվրոպացի ոք ձեռք կտա Վրաստանու պատմությունը գրելու՝ որքան Ռուսի ձեռի տակն ա ընկել կարծեմ որ թղթի երես անց չկենա՝ որդեղ Հայի անունն ու քաջությունը, հավատարմությունը ու սերը արեգակի պես լիս չտա։ Հայք էրծաթի, ոսկու և հարստության հետ միայն [ 329 ] սեր չունեն, որ իրանք աշխարհ պայծառացնեն ու լուսավորեն։ Հայք թուրը ձեռն առածին պես՝ սար ըլի առաջին չի դիմանալ, քար ըլի, վաղուց կճաքի, ինչպես որ պատմությունը, անհավատարիմ պատմությունը՝ որ Հայի համար պապանձվել ա, մեկ օր կասի, ու թե նա չասի, ու էն ազգերին միայն գլուխ վեր բերի ու անարգաբար կեղծավորությամբ տակը մտնի[3], որ թագավորություն ունին ու պատմություն գրողին կամ պարգև, կամ պատիժ կտան, երկնային բեմը ցույց կտա Հայոց քաջ որդիքը՝ որ երկու հազար տարուց ավելի իրանց արնովն, իրանց թրի զոռովն, ու հավատովը իրանց գլուխը պահեցին. Ասորիք, Բաբելոնացիք, Պարթևք, Միդացիք, հարյուրավոր ազգ ջնջվեցին, Հայք իրանց գլուխը մինչև էս օր էլ պահեցին, բայց ափսո՛ս ընչի՞ չի աշխարհներ քանդեցին գազանի պես, որ պատմությունը լայաղ անի՝ նրան էլ իր դոշին կպցնի, նրանց էլ գրկի ու իր օթախը տանի։ Ոչի՛նչ ազգի սրտի միջում էնքան ցավեր կան, ոչի՛նչ ազգի առաջին չկա կանգնած Մասիսը, դրախտը, Քրիստոնեությունը, Հայն իրան աշխարհն է առաջինը համարում, իր լեզուն Ադամա լեզուն, իրան երկրումը եդեմական դրախտը, իրան առաջին Քրիստոնյայն, չունքի սուրբ Բարդուղիմեոս Քրիստոսի ձեռովը հավատ ընկալավ, ոչինչ երկրում էնքան մեծամեծ անցք, խռովություն չի պատահել, որքան Հայաստան, թե մեկ երկիր պատմությունը կլասիչեսկի է անվանում, այսինքն երևելի, արժանահիշատակ, էնդուր համար՝ որ մեծ մեծ բաներ ա անց կացել, էլ ի՞նչ տեղ աշխարքումս էնքան երևելի բաներ են անց կացել, որքան Հայաստան։ Պարսիկք, Հոնք, Մոնղոլք, Թուրքք, Հռովմայեցիք, Արաբացիք, ի՞նչ տեղ իրանց թուրը էնքան փորձեցին, սրեցին, որքան Հայաստան, ու դեռ էսօր էլ՝ վերին նախախնամությունը ու Հայոց սրտապնդությունը իրանց գլուխը պահեց, իրանց չկորցրեց։ Մեղավորը մենք ենք՝ որ մեր ազգի արածները չգրեցինք, քնեցինք, ուրիշ ազգեր էլ չիմացան, ու մեր անօրինակ հսկայից անվանքը, որ ամեն գեղում, ամեն պուճախում հարյուրավորը կային ու կան, էնպես անհայտ մնացին։ Թե սիրելի որդիքը պատմության նրանք են՝ որ շատ քաջություն արին,[4] ոչի՛նչ ազգ ուրեմն էնքան բրաբիոն, էնքան պսակ պետք է չստանար, որքան Հայք, բայց ի՞նչ անեմ՝ լեզուս կարճ ա, ձենս բարակ, երկինքը բարձր, երկիրը խոր, անտեր ազգին ո՞վ մտիկ անում, աշխարհս զոռովին ա գլուխ վեր բերում, ծունկը համբուրում՝[5] ու պատմագիրքն էլ ըստ մեծի մասի Եվրոպացի ըլելով, իրանց ազգերին են առաջ քաշում, մեր անունը թող երկնքումը գրվի, չունքի աշխարհ մեզ չի ուզում, չի սիրում,ի՞նչ անենք։ Թե մեկ կապից կտրած հարամի Չինգիզ խան, Թամուր Լանգ, Նադիր շահ և այլն, հազար աշխարհներ քանդելով անուն ճարեցին, ընչի պետք է ցավինք մեր Աննիբալ Վարդանը, մեր Լեոնիդ Վահանը, մեր Մելցիադ Սմբատ, մեր Նապալեոն Մատաթովը՝ աշխարհ շինեցին, մարդիկ նրանց չճանաչեն, Աստված նրանց անվանե գիտի, ու նրանց վարձն ու պսակը կտա, ի՞նչ ենք դարտ անում։ Թո՛ղ Հունաց ու Հռովմայեցվոց քաջերի անունը թեատրներումը երևին, մերերի անունը երկնքումը կտեսնին ու կիմանան պատվելի գիտունք՝ թե որ ազգ աշխարքումը իսկապես արժանի էր փառքի ու պսակի։ [ 330 ]

Էս մտքերն էր՝ որ Հայի սրտին էնքան ժամանակ ղվաթ տվեց՝ էս անուններն էին՝ որ նրանց գլխովը հրեշտակի պես պտիտ էին գալիս ու նրանց հոգին տեղը պահում, նրանց սրի ու հրի առաջին առյուծի հոգի տալիս, էս ցավերն էին՝ որ էս վերջին ժամանակն էլ հային թև տվին՝ յա իսպառ ջնջվի, իր բարերար տերության հողը թշնամուն տալ չտա։

Բայց ո՞ւմ ասես, որ բազի անաստված Եվրոպացու կտոր էստոնք բոլոր ոտի տակ է տալիս, տեսնելով, թե Հայը իրանից ավելի ա տերությանը հավատարիմ, աչքաբաց, բանագետ՝ իր երկրի տեսած երազները մեզ վրա է պատմում, իր երկրում քաշած թութունի ծլուլը՝ էս տեղ փռշտում ու ածում, բայց թողանք էս, ով աչք ունի, տեսնում ա, մեր ազգը միշտ աղու հացով ու մարդասիրությամբ ա ուրըշի աչքը հող ածել։

Ո՞վ չի գիտի որ էս հադաղին՝ ինչ ժամանակ Հասան խան Արևմտից, Աբաս Միրզեն Արևելքից էկան ավազակի պես ու[6] մեր սնըռը կոխեցին, մեր կողմը ամենևին խաբար չունեին։ Ո՞ւմ չի հայտնի՝ որ էն ժամանակը ոչինչ ազգ էն սրտովը, էն հավատարմությամբը դոշը բաց արեց մեր տերության համար, քամակը դեմ տվեց թշնամու սրին, ու միմիայն Հայք էին՝ որ ջան, հոգի տալով՝ Ռուսաց հզոր բայրաղը (դրոշակը) տանում, թշնամուն հետ էին ածում։ Միթե կարե մարդ էնքան անարգ լինել, որ Ներսես Եպիսկոպոսի, Գրիգոր եպիսկոպոսի, Մադաթովի, Բեհբուտովի արածը մոռանա։ Առաջինը խաչը ձեռին՝ հայոց քարոզում, զորք էր հավաքում, երկրորդը՝ Երմալովի խնդրանոքը եպիսկոպոսության շորը հանած, Չերքեզի շոր հաքած՝ յարադ, ասպաբ կապած՝ որ Թիֆլիզու ու Ղազախ, Բոռչալվի միջովը չէ՛ր անց կենում՝ հենց իմանում էին՝ թե Աստված է գալիս։ Էն ժամանակը որ Շամշադինի Մովրովը հարիր մարդով հենց հասավ Մատուշկի կարմունջը՝ սարսափելով էլ եդ դառավ, չկարաց առաջ գնալ, էս հսկա եպիսկոպոսը երկու մարդով հազար արինակեր հարամ ու գլուխ ջարդելով՝ Ղազախ, Բոռչալու անցկացավ, հասավ Շամշադին՝ իր հայրենիքը, իր ընտանյաց մեջը, Գրաֆ Սիմոնիչին՝ որ Գյանջուցը փախած գալիս էր, իր բոլոր զորքովը իրանց տանը երկար ժամանակ պահեց, Երմալովի թղթովը բոլոր կառավարությունը ստացավ, մինչև օգնություն գա Թիֆլիզուց․․․ Գեղը՝ որ յոթանասուն տանից ավելի էր, երբ որ Պարսիկք քանդեցին՝ գերի արին՝ երեսուն մարդով հինգ հազար մարդի մեջ մտավ, առյուծի պես իր ժողովուրդն ազատեց, նրանց եսիրը եդ բերեց։ Երմալովը որ հասավ՝ ու մեկ պաս օր խնդրեց՝ որ նա էլ ուտի՝ նա հսկայաբար պատասխան տվեց՝ թե Պարսից միս չկերած, պաս ե՞չբ կուտի։ Ու Ալեքսանդր Վալին ու Զոհրաբ խանը՝ երբ էկան Շամշադինը կոխեցին ու տակ ու գլուխ էին անում, իր ընտիր Հայերովը նրանց քամակը կտրեց, զորքը կոտրեց, Հինգ Պարսիկ իրան ձեռովը բերեց Երմալովին փեշքաշ արեց ու երբ Երմալովը՝ ճակատը համբուրեց, ու տասն անգամ խնդրեց՝ որ ասի՝ թե ինչ պարգև է ուզում թագավորիցը՝ նա՝ անմահ եպիսկոպոսը հենց էն խնդրեց որ իր մեծ պարգևն էն կըլի, որ Հայ ազգը Թուրքի իշխանության տակիցն ազատվի ու ազատվեցավ ու ինքն էլ արքայական պսակի ու թոշակի արժանացավ։ [ 331 ] Ո՞վ չի զարմանալ՝ որ նրա եղբայրԳալուստը՝ գերի ընկած Հասան Խ<անի> ձեռքը՝ երբ ուզում էին գլուխը տան՝ Նազի խանը միջնորդ էլավ՝ որ նրան արձակեն՝ Սարդարը նրան ֆարման տվեց՝ թե Ղազախ, Բոռչալվի ու Շամշադինու մեծությունը որդոց որդիս նրան է բաշխել, որ թե Հայերին դարձնի, ու չորս օրվան վրա՝ թե էս բանը գլուխ չգա, նրա գլուխը հազար կտոր կըլի՝ ու նա բոլոր թղթերը բերեց, Մադաթովին տվեց, ու գերօրինակ քաջությամբ հազար փորձանքից իրան թափեց, չունքի[7] Հ<ասան> Խ<անը> հազար ոսկի նրա գլուխը[8] երկու հազար, նրան սաղ բռնողին էր խոստացել ու Շամշադընու սարերումը[9] գիշեր ցերեկ հազար մարդ ման էին գալիս՝ որ նրան բռնեն, իրանց պարգևն առնեն։ Էս ահագին քաջության տեր եպիսկոպոսը որ իմ աչքովս եմ տեսել՝ որ երկու մարդի բոյ ու թիկունք ուներ, վաթսուն տարուց ավելի՝ էլի երեսը վարդի պես փայլում էր, է՛ն բարետեսիլ կերպարանքն ու հոգին ուներ՝ որ երեխի պես կնստեր, մեզ հետ կխաղար, շախա կաներ, ու մարդի հոգի կուզեր որ տեղիցը հանի. էնքան քաղցր էր նրա սիրտն ու բնությունը։ Բայց ի՞նչ հարկավոր ա սրանց[10] ու Մադաթովի անունն հիշել՝ որ կազեթ ու պատմություն աշխարքին նրանց արածը ցույց են տվել, ու որքան Կավկազ ամուր կա, Մադաթովի անունը, հազար բերան կհիշի, հազար լեզու կգովի՝ թե նա Վրաստան ազատեց։ Միթե Ներսես եպիսկոպոսը չէ՞ր՝ որ ընդ իշխանին Վարշավի և Գրաֆին Երևանի, մտավ Հայաստան, սար ու ձոր իր քարոզությունովը Ռուսաց ձեռի տակը բերեց․ Պարսկաստան, Բայազիդ, Ղարս, ու Արզրում դարդակել տվեց՝ ու Հայաստանի պանդխտացյալ որդիքը՝ էլ եդ իրանց հայրենիքը հավաքեց, որ էս օր սար ու ձոր շենացրել, իրանց աշխատասիրությունովը Վրաստան ամեն բարությունով լցրել են։ Ու՞ր թողանք էն մեր հոյակապ իշխանքը՝ Բարսեղ, Մանուկ, ու Մկրտիչ Աղեքն Բայազեդցի, աշխարհահռչակ տունն Տիգրանյան Ղարսցի, որ ինչպես հայր՝ իրանց բոլոր հարստությունը վատնեցին, փչացրին ու իրանց աղքատ ժողովրդյան պակասությունը հոգացին, ինչ ունեին, նրանց բաշխեցին՝ ու ջանները չխնայեցին՝ որ գան Ռուսի հողը, իրանց տեղը թողան։ Էսօր էլ սրանց անունը տալիս, բայազդցիք ու ղարսցիք ուզում են՝ թե երեսներին խաչ հանեն, էնքան անթիվ է նրանց հերությունը ու բարօրությունը իրանց ազգի վրա։

Միթե բայազդցիք չէին՝ որ երբ[11] մեր զորքը իրանց քաղաքը առավ, հանկարծ Վանու փաշեն անթիվ զորոք էկավ բերդը բռնեց՝ ու էս քաջ Հայերը՝ հոգին ատամների տակն առած՝ էն քաջությունը ցույց տվին՝ որ դեռ Երևան չէկած՝ շատը աստիճան (չին), մեդալ, մինչև չորս հարյուր մարդ խաչ ստացան, ու շատը էս օր էլ Թիֆլիզումը մշակություն անելիս, կամ բաղնսներումը ծառայելիս՝ խոսքը տեղն ընկած վախտը՝ իրանց կտրատված շորերիցը՝ իրանց քաջության գին խաչը՝ գոռոզությամբ հանում, պաչում ցույց են տալիս՝ թե նրանք ի՞նչ են արել տերության համար։ Կարելի է՝ թե անսիրտ պատմությունը արժան չհամարի իմանալ՝ բայց ազգասեր հայի զավակը, ինչպես պետք է մոռանա [ 332 ] Արծափեցի Մանուկ Աղայի գերօրինակ քաջությունը ու հսկայությունը՝ որ դեռ Բայազիդ չառած՝ առյուծի պես մեկ քառասուն իրան նման քաջ Հայազգի քամակին՝ Մասսա սարին նայելով՝ իր ազգի մեծությունը միտքը բերելով՝ Հայկի անունը պայծառացնելով՝ թև էր առել՝ սար ու ձոր ոտի տակ տալիս, ու բոլոր Բայազդու գավառը, փաշին՝ հրեշտակի պես պահպանում, Քրդերին քարեքար տվել, հալածական արել՝ ու տասը տարուց ավելի էսպես իր աշխարքին տերություն արել՝ վաթսուն մարդով՝ երկու իրեք հարիր մարդի ջարդել, կոտորել, ու երբ Պարսից կռիվը բաց էլավ, արծվի պես ընկել էր Մասսա էս կողմը ու Հ<ասան> Խ<անի> ղոնշունը հարիր տեղ ցրվել, ջնջել, էնպես որ Խ<անը> անճարացած՝ գրեց փաշին, թե Մանուկ Աղին չխեղդի, հինգ օրումը Բայազիդ տակ ու վեր կանի։ Հսկայն, բայց տարաբախտն Մանուկ Աղա էն օրը գալիս ա քաղաքը՝ որ բարութ առնի, փաշեն կանչում ու աղի արտասնքով խնդրում ա, որ անսաս գլուխն առնի, քաշվի, ասում նրան լալով՝ թե որդին մեռնի, էնքան ցավ չէր ըլիլ նրան, քանց թե նրա մահը՝ ամա հնար, դուռը չկա, չունքի ղզլբաշի էլչիքը էնդեղ էին, բայց Մանուկ Աղեն՝ իր տղամարդությանը ապավինելով՝ էլ եդ դուս ա գալիս քաղաքը ու տասը մարդ ղզլբաշից՝ որ թուրը հանում, նրան մեկ դուքանի առաջ կանգնած՝ զրից տալիս՝ տեղը հակարծ վրա են թափում, վեցը սպանում, եդո մյուսների ձեռքն ընկնում ու խաչվում։ Էս օր էլ ինչ Բայազդցի նրա անունը տալիս ա, ծուխը քթիցը դուս ա գալիս։ Սաղ քաղաքը ամսով հենց նրա սուգն ա անում ու մեր ողորմած տերությունը իմանալով նրա արածը՝ էս օր էլ նրա որդուն նշան տվել, ու թոշակ ա կարգել։ Լիս լինի գերեզմանդ ու հողդ՝ անպարտելի հսկա, քո հոգին գա հանգչի քո ագգի վրա՝ որ քեզ պես իրանց աշխարքին ու հայրենյացը տերություն անեն, քեզ պես արինը տան իրանց ազատողի համար։

Բաս Ղարաբաղցվոց ու Երևանցոց արածը ո՞ւր մնա, ո/ր քար ու հող ղզլբաշի[12] արնովը[13] լվացվել[14] չեն[15]։ Ա՜խ ո՞ւմ մտքից կերթա էն հսկա կերպարանքը, էն գեղեցիկ պատկերն ու անուշ լեզուն՝ էն անօրինակ ռաշդությունն ու սիրտը՝ որ Շուլավերցի Սոսի Աղեն ու Մելիք Հոհանջանն ունեին։ Հրեղեն վիշապի պես ընկել էին Քաշվեթու ու Բոլնիսի սարերը՝ որ թշնամու առաջը կտրեն, տեղ չտան ու ինչ ժամանակ խաբարը նրանց ա հասնում՝ թե նեմեցի կոլոնիեն տվին, քառասուն կտրիչ տղերք քամակին՝ իրանց Մովրովն էլ մեջըներումը էն տեղ են հասնում որ Օքյուզ աղեն՝ վաղուց կոլոնիեն քանդել՝ ու իրեք հազար մարդով, եսիրների կեսը կոտորել, կեսն առաջն արել, տանում ա։ Արինն աչքըներին առած՝ ընկնում են էս մեկ բոլոր զորքը էն անթիվ բազմության եդևիցը։ Քրդերն ու Ղարափափախը եսիրն տալիս են մեկ քանի մարդի ձեռք, իրանք եդ դառնում։ Էս միջոցումը Մովրովն Հայի ղոնշունը քամակն ա քցում, փախչում, Սոսին քաջ մեկ քարի տակի իրան կտրիչ ընկերի, Մելիք Հոհանջանի հետ ամրանում են ու մեկ մեկու ձեն տալիս. «նամարդությունն ու թուլությունը ամոթ ա, քաջությամբ մեռնինք, որ իմանան մեր երդիքը՝ մենք էլ ենք սիրտ [ 333 ] ունեցել ու երկրի թասիբը քաշել։ Էս մուռտառ արինը էլ ընչի ա պետքը, որ էսօր չի՛ թափիլ»։ Ճանանչ Թուրքեր ձեն են տալիս. «Սոսի աղա, քո աղու հացը շատ ենք կերել, գլուխդ մահու մի՛ տալ ե՛դ դարձի՛ր , մենք քեզ վնաս չենք տալ»։ Բայց հսկայն Սոսի՝ կասկած անելով՝ թե իրանց սաղ սաղ կըբռնեն, եսիր կանեն, չի՛ նայում նրանց խոսքին, լավ է համարում քաջությամբ մեռնի, քանց կենդանի՝ թշնամուն եսիր դառնա, առաջի թվանքը որ չի՛ քցում, Օքյուզ Աղի տղեն ձիու շլընքովն ա ընկնում, կատաղած հարամին ընչանք վրա կհասներ՝ մեկ տասնը հինգ մարդ էլ սպանում են էս հսկայքը ու թուրը հանած, երբ բարութները հատնում ա, ընկնում առյուծի պես գազանի բերանը, մինչև իրանց հոգին կտային, մեկ տասը հոգի էլ՝ թրի մատաղ անում ու իրանք Աստծուն մատաղ ըլում։ Հանգիստ քո սուրբ ոսկերացը՝ ո՜վ քաջ նահատակ։ Քո ջիվան ջանի արինն ա, որ էսպես սիրտս կրակում ա։ Ինչ Հայ ձեր անունը լսի, ու ձեր լիս գերեզմանին ողորմի չասի. ձեր հիշատակը իր սրտումը չգրի։ Մի՛ իմանաք՝ թե ձեր ազիզ արինը նհախ տեղը թափեցավ։ Էդ պատվական արինն էր՝ որ Աստծու սիրտը գութ քցեց, մեր աշխարհն ազատեց ու այժմ էն քո նահատակության քարի տակիցը ձեն ա տալիս. «Հա՛յք ինձ պես մեռեք, որ անուն ճարե՛ք»։−

Բարեխնամ կառավարությունը տեսնելով՝ թե աշխարքն էսպես ոտի տակ ընկավ, հրամայեց՝ որ Շորագյալ, Փամբակ քոչեն, գան Լոռի, որ իրանց պռծացնեն։ Աստված հեռու տանի, ինչ խալխի հալն էր։ Որի ախպերը չկար, որի հերը, որի որդիքը, որի մերը։ Ղարաքիլիսեն, ուր տեղ որ իշխանն Սավարզամիրզա կենում էր, դառել էր սքատուն ու գողադարան․ անօրեն Պարսիկքը, ձորից, սարից, օրը ճաշին մեր աչքի առաջին՝ մեկ թվանք Մանգզիլ տեղ՝ գալիս՝ տավար, մարդ, եսիր էին անում, տանում, կամ գլուխը կտրում։ Ո՛չ գիշերը քուն կար, ո՛չ ցերեկը ղարար։ Մեկ ոտի կամ թվանքի ձեն մեշիցը գալիս, հերը որդին ուրանում էր, աշխարքն աշխարքով դիպչում ու աչքը ջուր կտրած, շլինքը ծուռը մտիկ անում՝ թե հրես որդեղ որ ա, հարամին կգա ու մեզ սուրը կքաշի։ Մեկ ռոտ սալդաթ, ու մեկ քանի Ղազախ՝ որ գնացել էին ճամփեն բռնեն, էնպես ջարդված, յարալու, փարալու եդ էկան, որ տեսնողի գլխին կրակ էր վառվում։ Մեկ օր Նազի Խ<ան>-ը էնպես վրա տվեց, Ղշլաղ գեղն էրեց ու Ղարաքիլիսու վրեն էկավ՝ որ էլած-չելած գարնիզոն (պահապան) զորքը թոփն առած քաղաքի առաջը կտրեց, խալխն էլ տուն ու տեղ վեր ածած, իրանց էրեխեքանց ձեռը բռնած, գնացին թոփի տակը մտան՝ որ պռծան, ու Ռուսաց քաջ հոգին էր, որ մեզ ազատեց։ Վաղուց էինք սրբություն առել ու մեր սև օրին աչքը դրել։ Խալխը քոչիլ չէր ուզում, չունքի սրի ձեռիցը, սովի ձեռը պետք է ընկներ ու իր քաղցր հողիցը չէ՛ր ուզում ձեռք վերցնի։ Բայց մտքիցս չի գնալ էն դառն օրը՝ որ հրամանն եկավ, որ առանց այլևայլության նրանց քոչացնեն։ Ո՞վ կուզեր էն տունն էրել, որտեղ որ իր հերն ու մերը կացել, իրան կաթը տվել, պահել էին, էն իգին քանդել, կամ թողալ որ իրանց ձեռովը էն տեղն էին հասցրել։ Ամեն տան քսան, երեսուն հենց մեղրի փեթակ լիքը՝ դրած էր։ Հաջաթ, զարդ, տան կայինք՝ բոլոր բոլոր կրակ տվին՝ երբ Ռուսաց եկեղեցու մուխը տեսան՝ որ մեծավորը [ 334 ] իրան ձեռովը կրակ տվեց, ու սկսեցին լալով, սգով իրանց քաղցր, ազիզ սիրելյաց գերեզմանին[16] համբուրելով, բարով մնա ասելով՝ թոփի[17] մեջն ընկնի,— Դվալու սարն անց կենալ՝ էս կողմը։ Դեռ կիսաճամփի էինք՝ որ Նազի Խ<անը> իր ղոնշունովն էկավ Ղարաքիլիսեն մտավ ու սարի դոշիցը ամեն մարդ իր տան ծուխը տեսնելով՝ քթի ծուխը դուս գալիս, ու աչքը խփում էր՝ որ էս կսկիծն էլ ա չտեսնի։ Քոչվորի մեկ տուտը Ջալալօղլի էր հասել, մյուսը դեռ էն կողմն էր։ Թուրքերը ջամդաքակեր ագռավի պես գլխըներիս պտիտ էին գալիս ու սարից ձորից թվանքները կրակում։ Էն օրը գնա, ո՛չ ես գա, ինչ մեր հալն էր։ Լացի ու սգի ձեն անկաջ էր տանում։ Սաղ դաշտ ու ձոր լցվել, խալխը իրար վրա էր թափել, ո՛չ տուն կար, ո՛չ տեղ։ Ով բարեկամ կամ ծանոթ ուներ Լոռի, գնաց նրա մոտ, ով հարուստ էր, գլուխը պահում էր։ Ով մեկ Աստվածասերի ռաստ էր գալիս գեղարենքումը, իրան քյուլֆաթին մեկ տաք գոմ էլ ա ճարում էր. ով չէ՝ սարում, ձորում, էրում, քարափում բուն էր փորել ու իրանց գլուխն ու մեջքը քարին տվել։ Լոռվա ձորի մեջը, գետի ղրաղին՝ էս գլխիցը մինչև էն գլուխը խալխը էր՝ որ իրար վրա վեր էր թափել։ Շատը հողը ծակել էին, մեջը մտել, շատը փետեր իրար վրա տվել, տա կին կուչ էկել, բայց հաց որդիա՞նց ստանային։ Հացի կոտը դառավ օխտը, ութ մանեթ. բայց էնքան հաց ո՞վ կտար, էնքան փող ո՞վ։ Սարերումը էլ բանջար, խոտ չէր մնացել, քաղել, կերել էին։ Ձուկը բռնելով, ֆորս անելով ինչպես կարելի էր տուն պահել, որ քչիցը ամեն մեկը տասը ջան կըլեին, էլ սատկած տավար չէր մնացել՝ որ չեփեն, չուտեն։ Տավարն էլ ուտելիք չուներ։ Շատ հեր, ախպեր, հարիրավոր, հազարավոր՝ երեխի, քոռփի ձենին էլ չդիմանալով՝ գլխըները փեշըներն էին դնում, տասնով, քսանով էլ եդ թաքուն Փամբակ գնում՝ որ հաց բերեն, բայց ա՜խ՝ հազարիցը մեկը սաղ եդ չէր գալիս, ու եթիմները՝ թողում դուռն երեսին հետ արած։ Ձմեռն էլ էկավ, վրա հասավ։ Մարդ, տավար, անասուն սովի ձեռիցը ազար ընկավ ու Աստված հեռու տանի, ինչ էս անճարների հալն էր։ Քար էր՝ որ գերեզման էր դառնում, հող էր՝ որ ջիվան, ջիվան երեխեք իրեք, չորս օրով սոված, թաղաթը կտրած՝ տակովն անում։ Մեկ հացի ֆոտ դուս գալիս՝ հազար աղքատ շլինքը ծուռը դուռդ կտրում, չտայիր՝ սիրտդ էր էրվում, տայիր, երեխեքդ մնում սոված, կարոտ էինք մնացել՝ որ մեկ օր ցամաք հաց էլ ա ունենանք։ Ով ինչ զարդ, շոր, արծաթեղեն կամ մարգարտեղեն ուներ՝ որը՝ ծախեց, որը գրավ դրեց, շատը որդիքը տարան Շուլավեր, Բոռչալու եսիր տվին։ Իմ տան տերը դերձիկ ըլելով՝ որ գնում չէր, բանում ու մեկ երկու շաբթից ետո մեզ համար հաց բերում, հենց իմանում էինք թե հրեշտակ ա[18] երկնքիցը վեր գալիս։ Էսպես հազարավորք մեռան, սովամահ էլան ու շատ փայն էկան, ընկան Վրաստանու հողը ու գլխըները պռծացրին։ Էսպես ա հայն իր խեղճ օրը հազար տարի պահել, իրան էս տեղը հասցրել։ Մեկ թշնամի ոտը բարձրացնելիս նրա [ 335 ] գլուխն ա առաջ ջարդվել, էլ ի՞նչ անօրեն, անգութ մարդ[19] պետք է ըլի՝ որ հայի միսն ուտի ու չխղջա։−

Բայց ի՞նչ օգուտ, էսպես դառնություն, էսպես չարչարանք՝ տարի չի էլել՝ որ մեր խեղճ ազգը չտեսնի. էս տեղ որ էսպես էին, տե՛ս թե Բայազիդ ու Ղարս ի՞նչ կըլեր երևանցոց համար։ Երկիրը թշնամու, իրանք ղարիբ, աղքատ, օրվան հացին կարոտ։ Ամեն էսպես ղալաբանգլղի, քառասուն հազար տանիցը՝ հինգ հազարը եդ չէին գալիս։ Փառք՝ գոհություն Աստծո և մեր ողորմած տերությանը՝ որ այժմ անկաջներս դինջ ա, սիրտըներս ռըհաթ, հանդարտ։

Էս խառը ալեկոծյալ ժամանակին էր, որ մեր իգիթ Աղասին՝ հինգ տարի սարեսար, քարեքար ընկած,[20] հինգ ընկերիցը[21] երեքը կորցրած, երկուսը քամակին, մեկի անունը Կարո, մյուսինը Մուսա, մեկ տասը քսան Քրդստանցի Հայ էլ իր թրի տակն էր բերել, սար ու ձոր չափելով՝ ման էր գալիս։ [22]Մեկ Անի էր, մեկ Ղոշավանք, էստեղ, էնտեղ չափմիշ անելով, գլուխը պահում էր, որ յա իր ջիգրը հանի, յա մեկ հազար մարդ էլա սպանի, ու ետո հողը մանի, որ սրտումը դարտ չմնա։ Ավելի Անի էր նրա բնակության տեղը, որտեղ որ հարիրավոր ղզլբաշի գլուխ իր թրին մատաղ էր արել։ Էստեղանց էր, որ առյուծի պես վրա հասավ ու իր չար թշնամի Հ<ասան> Խ<անին> լավ ճանկեց, ամա ջահելությունն ու խաչապաշտությունը նրան գլխից հանեցին։

Մեր կարթացողների լավ մտքըներին կըլի, որ երբ նա Քանաքեռ Սարդարի ֆառաշներին սպանեց, ինքն էլ էնպես մնաց ազիզ Թագուհվո և իրան արածի վրա սառած, կանգնած,[23] ընկերներն էլ ժամանակ չկորցրին, գիտեին՝ որ բոլորի վերջը մահն ա, էլ ոչ հոր մտիկ արին, ոչ մոր Աղասուն չաթեցին ձիու վրա ու ընկան Աբարանու[24] սարը, որ կամ Փամբակ փախչին, կամ Ղարս, կամ Ախլցխա ու իրանց գլուխն ազատեն։ Բայց երկու սհաթից եդո, ի՛նչ Քանաքռու հալն էր, Աստված ո՛չ շհանց աա, էն օրը գնա, ո՛չ եդ գա։ Սուգ ու շիվանն ընկավ գեղը, տուն էր, որ քանդում էին, մարդ էր, որ փետ ու միս էին արել՝ փախածները պտրտում, նրանց հերնը մերը կապում, օղլուշաղը թրի տակ արած, մեկ սհաթի միիումն՝ որի շլնքին թոկ դրած, որի ձեռները եդևին կապած, ոչխարի պես առաջ արին՝ տանին Սարդարի դուռը։ Որդի էր առաջները գալիս՝ որ հոր ճտովն էլ ա ընկնի, վերջին բարովն առնի, աղչիկ էր մոր դոշին ընկնում, որ հոգին նրա ձեռին տա, հարսն էր մեջ ընկնում, փեսա էր ոտներովը փաթաթվում, որին թրով էին յարալու անում, որին թվանքի ոռքով ջարդում,[25] քար էր ընկնում ձեռըները, վրըներն էին քցում, փետ էր պատահում, գլխներին խփում․ շատին էլ տան սներիցը չիփ չիփլաղ կապել՝ էնպես էին ոտին գլխին վեր հատում, որ մեկ ձենը երկինքն էր հասել, մեկը գետինքը։ Սաղ գեղը պոկ էր էկել, որը գլխաբաց, որը բոբիկ ոտով, որը յարալու, որը կուռը կոտրած՝ արինաթաթախ, երեսը պռճոկելով, գլխին, դոշին տալով՝ որը ջուրն էր ուզում ընկնի, որը քարափնըվեր։ [ 336 ] Քեդխուդեքն էլ հո ձեռ ձեռի կապած էնքան ոտի ու թվանքի տակ էին ընկել, որ ջաններումը էլ սաղ տեղ չկար։ Էս հալին մտան Երևան, տարան բերդը, կնանոցը քարով, փետով դեն արին, մարդքերանցը ներս քաշեցին ու վիշապ Երևանի բերդը սկսեց ատամները սրիլ, որ նոր էկած ղոնաղներին լավ տեղ տա փորումը, էնպես տեղ՝ որ էլ դուս չգան հարգիզ։ Երկար ժամանակ դեռ նրանց ձենը բերդիցը, կնանոցը դրսիցը իրար հասնում էին, իրար գլուխ լալիս։ Մինչև քամին բոլորի ձենն էլ կտրեց, աշխարք դինջացավ, դահիճք կատաղեցան։ Էս միջոցին խաբար<ը> Սահակ աղին հասավ։ Էս Երևանի հայերի փրկիչը՝ որ ազգով, պապով էնքան մարդ, տուն են ազատել, բանդից, մահից, սրից, թրից՝ որ թիվ ու համար չի կա։ Ձին թամքած տանը հազիր էր, թռավ ձիու քամակը ու նոքար-բեքար առաջն արած, էն սհաթին հասավ բերդի դուռը, որ կնիկ, օղլուշաղ ուզում էին քար ու հող պոկեն, գլխըներին տան, բայց քարը պոկ չէր գալիս, ֆառաշների թուրն էր հրաշք գործում։ Ձին որ չքշեց մեկի վրա ու ղամշով գլխին տրաքացրուց, ֆառաշը տասը տեղ գունդ ու կծիկ անելով՝[26] մնաց քամակի վրա ընկած։ «Հենց էս սհաթին փորդ վեր կածեմ, սատկած շուն, քո ի՞նչ հադդնա, որ կնիկ արմատի վրա ձեռք վեր բերես։ Կապեցե՛ք էդ շներին, դրանց թոզը էս սհաթին քամուն տալ տամ, դրանց սոյին նալաթ»։ Նոքարները վրա թափեցին, հենց էն ա էստեղ էնդեղ շատին բողմիշարել, ուզում էին՝ որ ձեռն ու ոտը կապեն, Սվանղուլի խանը բերդիցը դուս էկավ։ Բոլոր թուրքերի միջին կարելի է թե մեկն էլ ա էնքան Հայի թասիբը չէ՛ր քաշում, ինչպես էս պատվական Խ<անը>։ Նրան էն դհիցն էլ որ տեսան, թուրք, Հայ մնացին փետացած՝ կանգնած։ Բայց ո՞վ[27] կարեր էս սհաթին էն ջրատար եսրների օղլուշաղի ոտն ու ձեռը կապիլ, հայ տալով ընկան ձիու ոտը, «Խա՛ն բաշնդա գոնիմ (գլխովդ պտիտ գամ), ոտիդ հող դառնամ, ոտիդ ղուրբան, Խան՝ մեր ձեռն ա քո փեշը, վերևումն Աստված, ներքևը դու, մեզ տա՛ր, ջուրն ածա՛, մեզ էստեղ սպանիր, ձիուդ ոտի տակին ղուրբան արա՛, մեզ մի ճար արա՛։ Պատվելի Խ<անը> ձին եդ քաշեց, ֆառաշների գլխին ղամշելով՝ դեն արեց, որին իսկույն վեր քցիլ,[28] բերանը հող ածիլ տվեց, որի ատամին ու գլխին՝ մաշկի նալչով տրորիլ տվեց, որին ուզեցավ, որ հենց էն սհաթը տանին՝ բերդը թոփխանեն, ու ինքը աղլուխն աչքին դրած սկսեց ձեռը մելիք Սհակի գոտիկը քցել, «ախ՝ ճամփեն քանդվեր էս Ղաջարի՝ որ մեր հողը չմտներ, աշխարքը քանդեցին, ապականեցին, Աստված մեկ քար էլ չի քցում գլխներին, որ սատկին–գյոռբեգյոռ ըլին, էս ի՛նչ ա էս խեղճ խալխի հալը․ մեկ աղչկա խաթեր, էսքան տուն քանդիլ, Աստված ինչպես ղաբուլ կանի։ Աստված մեր թուրը մեկ օր մեր սրտումը կցցի։ Էս զուլումին քարը չի դիմանալ, ո՞ւր մնա մարդը։ Գնանք՝ Մալիք, գնանք, կես սհաթ որ եդի վրա հասնինք, էն խեղճ ռըհաթի տունը կքանդեն, յա աչքըները կհանեն, յա՛ գլխըները կկտրեն։ Աֆարիմ Աղասի՝ էս սհաթն էս տեղ ըլի, Թուրք եմ, ամա աչքին պաչ կանեմ։ Ինչ անես՝ որ անօրենի ձեռ ենք մնացել։ Գնանք, վախտ չի պետք է կորցրած»։ [ 337 ]

Էսպես խոսեց էս արժանահիշատակ Թուրքը, որ ամենայն սհաթի Հայերի համար[29] գլուխը եդ էր դրած ու որդին ուզեին, կտար, նրանց թասիբը չէր թողալ։ Շատ անգամ Սարդարին իր գլուխն էր դեմ անում, որ կտրեն ու Հայի վնաս չտան։ Թաքուն տեղը պատահելիս հո՝ տասը Թուրքի մեկ Հայի ղուրբան էր անում, յա սպանում, յա աչքները հանում, յա անկաջները կտրիլ տալիս։ Նոքարներին հրամայեց՝ որ կնանոցն ու Թագուհուն վերցնեն, իր տունը տանեն, մինչև ինքը գա, ու ինքը Սահակ Աղի հետ մտավ բերդը։ Ղարավուլները փետացած մնացին կանգնած, երբ որ սրանք ներս մտան, Երևանու բնիկ Թուրքերը՝ որ Հայի հետ ախպոր պես էին վարվում, Սարդարին, Հ<ասան> Խ<անին> անիծելով, թքելով, ղզլբաշի վրա ատամները ղրճտացնելով՝ քիչ քիչ քաշվեցին ու դեմը գնում էին, դեմը ասում, ե՞րբ կըլի, որ Աստծո ողորմության դուռը մի բացվի, ու ղզլբաշի ձեռիցն ազատվին, չունքի սրանք երլու ըլելով մեկ օր չէին ուզում, որ նրանց ղուլուզ անեն, շատ անգամ Հայերի հետ միացել, նրանց քշել էին, բայց թրի զոռը շատ ա, էլի էկել էին նրանք, բուն դրել։

«Սարդար՝ բանշնդա ղուրբան» ասացին Ս<վան> ղ<ուլի> Խ<անը> ու Ս<ահակ> Ա<ղան> ու ձեռ ձեռի տված ընկան դիվանխանեն՝ հենց էն սհաթին՝ որ խեղճերի կռներն ու աչքերը կապել, չոքացրել էին՝ որ գլխըները տան, ու դահիճները թուրըները վեր քաշած՝ գլխըներին կանգնել էին։ «Սարդար՝ մեր գլուխն էլ սրանցի հետ տո՛ւր», ասեցին ու չոքեցին, ու իրանց ձեռով աչքըները կապեցին։ «Տուն, մալ, օջախ, օղլուշաղ, զովում, ղարդաշ գլխիդ եսիր ըլին։ Ձեռըներիցը բռնի՛, ջուրն ածա՛․ մեր հոգին ա՛ռ, ու էս անմեղ խալխին սուրը մի քաշիլ։ Սարը քո առաջին գլուխ չի բարձրացնիլ, ծովը քեզ տեսնելիս՝ բերանը կփակի․ ոտդ թափ տաս, երկիրը թև կառնի, կթռչի, արարած աշխարհ՝ քո թրի առաջին ղուլ ա դարձել, անումդ երկնքումն ա ձեն տալիս, ոտդ որ տեղ դնես, ծաղիկ ա դուս գալիս, աչքդ որ տեղ քցես, արեգակ բաց ըլում․ ինչպես էս մեկ անպիտան աղչկա խաթեր, մեկ երկու նոքարի խոսքով՝ էսքան տուն քանդում։ Բաս ո՞ւր մնա քո ռահմը, որ բոլոր աշխարք տեսել ու զարմացել ա։ Ինչպես ես էդ հալալ բերնիդ լայեղ տեսնում, որ սրանց արինը վեր ածիլ տաս։ Քո քոշկ ու սարեն ողորմության դուռն ա, ընչի՞ ես շինում արնի տեղ։ Սրանց ծեր հասակին, սրանց խեղճ եթըմներին խեղճ արի՛․ սրանք ի՞նչ են արել, որ մեկ աղի, մեկ թուլու գլխին ղուրբան ես անում։ Երկինքն էլ քոնը, ի՛նչ թե երկիրս։ Արարած աշխարհ քեզ ա երկրպագություն տալիս, մեկ աղջիկն ի՞նչ ա, որ նրա խաթեր քո խալխի տունը քանդում ես։ Աղջիկ ես ուզում, հազարը կա։ Մեր ջանն ուզի, որ քեզ տանք, աղջիկն ո՞ւմ շունն ա։ Դու չե՛ս որ ամեն օր հալալ բերնովդ ասում ես՝ թե քո աջու ձեռը Հայերն են․ քո երկիրը շենացնողը, քո խազինեն լցնողը, քո թուրը կտրուկ,[30] քո երեսը պարզ անողը նրանք են։ Ի՞նչ կըլի որ էս սհաթին քո ցասումը մեզ վրա թափես, սրանց խեղճ գաս։ Ասլանին ի՞նչ փառք, գառի գլուխը ջարդի։ Չէ՛, սրանք քո չրաղն են, քո ըմբրիդ ղվաչին (աղոթարար)։ Ընչի՞ էս սրանց կորցնում։ Անողը պետք է բռնած, սրանք ի՞նչ մեխք ունին։ Ում ձեռն արնոտ [ 338 ] ա, նրա աչքը պետք է հանած, սրանք ի՞նչ են արել։ Սարդար՝ երկնքի ու երկրի տեր՝ Սարդար, դու չես մեր շլինքը տալ, մենք մեր թուրը մեր սիրտը կխրենք, թե մեր արինը քեզ համար թանկ ա, սրանց գլուխը մեզ բաշխի։ Քո դռան շունն ենք, մեզ կորցնիլ մի[31]։

Էսպես չոքըչոք տարան Սարդարի առաջին դրին, ոտի տակն ու փեշը համբուրեցին, երեսներին քսեցին ու գլխըները գետնին դրին, որ թե տեսնեն, Աստված ի՞նչ ա պատրաստել նրանց համար։

«Ձեոներս կապում էք՝ խան՝ Մելիք՝ ի՞նչ անեմ, ինչ կըլեր՝ որ մի քիչ եդի էիք էկել։ Ինչքան բարկացած էլ ըլիմ, թուրը ձեռիս ձեռս թուլանում ա, որ ձեզ տեսնում եմ։ Մինչև երբ էս կրակը մեր երկիրն էրի, Հայ ազգը ո՛չ էրից ա վախում, ո՛չ թվանքից, ո՛չ թոփից։ Կրակն ես քցում, էլի իր հավատն ա պաշտում, ծառին ես կախ [տալիս], միսը պոկում բերանը տալիս, էլի իր խաչն ա պաշտում, իր Քրիստոսի անունը տալիս։ Էս մեկ կտոր փետն ի՞նչ ա ախր, որ սրանք էսպես ապավինել են,[32] որդին էս քաշում, ինքն ա կրակն ընկնում, իրան ես բռնում, որդին ա իրան մահու տալիս։ Սրանց մեկ կնիկ են տալիս, մենք՝ քանի որ քեֆդ ուզի։ Ռահաթություն են անում, բուրդ հաքնում, ցամաք հացի կարոտ, մենք սրանց խանություն, աշխարհ, պատիվ, դոլվաթ, խազինա ենք տալիս, ախր ինչի համար չեն խելքի գալիս, մեր մասարին հավանում, ղուլուղ անում։ Բոլոր ջնջես, դու կմնաս սոված, աշխարդ կքանդվի. սրանք են մեզ հաց տալիս, պահում։ Արևի, անձրևի, կոռի բեգյարի տակին չորացել, չոփ են դառել, էլի որ մեկ մազին դիպչում ես՝ ասլան են դառնում, մարդի ձիուց վեր բերում։ Էսքան մեր ազգը սրանց կոտորեց, ջարդեց, եսիր տարավ, երկիրը ձեռիցն առավ, աշխարքը քանդեց, ավերեց, իրանց հողի հավասար արեց, շահություն էլ որ խոստանում ես, էլի սրանք իրանց գլուխն են դեմ անում, ախր ի՞նչ կա սրանց հավատումը։ Մեկ մարդ փլավի տեղ բանջար, խոտ ուտի, ամսըներով պաս պահի, ցամաք հացի ապով ըլի, ախր էն գլխումն էլ խե՞լք կըլի։ Ջնջի՛ր, ջարդի՛ր, սպանիր, կրակ տո՛ւր տուն ու տեղը, ձեն չեն հանում, հենց հավատին որ ձեռն ես տալիս, ամեն մեկը մեկ աժդահա են դառնում, ու կնանիքն էլ են ուզում, որ մարդի գլուխ ուտեն, ատամով միսը վեր բերում. ախր սրա չարին ի՞նչ կըլի․ ի՞նչ սատանա ա սրանց մտել. սրանց ճամփից հանում։ Մեկ Քրիստոս ունին մեր Մահմեդի ղունգը չաժի, մերն ասում ա, թշնամուդ աչքը հանի՛ր, սրանցն ասում ա, քո աչքդ դուշմանիդ հանիլ տո՛ւր, էլածդ նրան տուր, նրան օրհնիր, էս խե՞լք ա․ հավն էլ իր ճուտը ուրուրին չի տալիս, սրանք ոնց են իր որդիքը իրանց ձեռովը մատաղ անում։ Մեկ սիրտ անեն, մեր հավատն ընդունեն, տեսնեն թե մեր Շահը ի՞նչ փառքի սրանց կըհասցնի։ Ջաֆար խանին թո՛ղ մտիկ անեն։ Մեկ ղարաբաղցի հոդաղի տղա էր, որ եսիր արի. հմիկ աշխարքի տեր ա դառել։ Խոսրով խ<անը> ո՞վ էր, ո՞ւմ որդի. Աղալո խանը նմանապես, հմիկ սաղ Իրանը զավթել են; Շահն էլ նրանք են, Շահզադեն էլ։ Շահի հոգին նրանց ձեռին ա, ասեն, նստի, կնստի, վե՛ր կաց, վեր կկենա։ Ինձ նման հարիր Սարդար, խան, շահզադեքն էլ նրանց ձեռին են մտիկ տալիս։ Ստամբոլ են գնում, վեզիր դառնում, Թեհրան են ընկնում՝ նազիր։ [ 339 ] Սրանից ավելի էլ ի՞նչ կըլի, որ էսպես քարացել են, ոտները դեմ տվել։ Մեր կուռը բեզարեց սրանց կոտորելով, մեր թուրը գլացավ, սրանց սպանելով։ Սրանք էլ էնպես գիտես՝ թե խիարի սերմ ըլին, մեկ ղրաղիցը կտրում ես, մյուս ղրաղիցը դուս են գալիս, էլի հասնում, էլի կտրած տեղը բռնում։ Մարդ կուզի օր քաշի, կյանք վայելի, սրանք իրանց կյանքը՝ իրանք են մահու տալիս, իրանց օրը խավարացնում։ Մեռնին իրանց հավատովը դժոխքը պետք է գնան, սատանի ձեռքը՝ մեկ ուշունց տալու համար, մեկ կտոր պանիր, յա թան ուտելու խաթեր, պետք է դևի փայ ըլին, մեր հավատովն՝ կե՛ր, քանդի՛, սպանի՛, քեֆ արա՛։ Կնիկդ փիս ա, դուս արա՛, նոր մեկն ա՛ռ, ո՛չ պաս պահի, ո՛չ ծում․ աչքդ ինչ սիրի է՛ն կեր, հաքիր, մաշիր․ մեկ չոռ ասողի աղիքը վեր ածա, աշխարք քեզ եսիր շինիր, ծուռը մտիկ անողի աչքը հանի՛ր, էլի որ մեռնիս, հազար աղջիկ ու մոյդա առաջիդ պար կգան, քեզ քուն կդնեն, ծոցդ կմտնին, քեզ սեր նշանց կտան, քեզ հով կտան, վարդի ջուրն երեսիդ կթափի, ոսկեջուրն տակովդ կերթա․ էլ սրանից ավելի փառք կըլի։ Ո՛չ մոլլի խոսք ա մտնում անկաջները, ո՛չ ղուռանի, մեր թուրն ա, դրանց գլուխն ու շլինքը։ Մինչև ե՞րբ պետք է դրանք քոռ մնան, լիս չտեսնեն։ Ու տեղն ընկած վախտը մեկը մեր տասնիս հերիք ա, սաղ սաղ ուտում են։ Զոռ ասես դրանցում ա, ղվաթ ասես՝ դրանց կռնումը։ Ո՛չ սրից են վախում, ո՛չ փառքից խաբվում, ծծկեր երեխեն էլ Թուրքի անուն տալիս, ուզում ա՝ թե մարդի կտրատի։ Ախր ինչպե՞ս համբերես, համբերությունը մեկ օր կըլի, երկու օր։ Սաղ Իրան հարիր անգամ սրանց գլխին փուլ էկավ, էլի տակիցը դուս էկան, շունչ առան, հմիկ էլ մեկ գյադա իմ ղլերն ա սպանել, ախր ի՞նչ անեմ, սիրտս բերնովս ա գալիս․ ինչպես չի սրանց զիմա զիմա անես, ախր էն էս օձերի ճուտն են, ընչանք հորը չսպանես, ճուտը ի՞նչպես ձեռք կընկնի։ Ես եմ ասել, թե մեկ Թուրք դրանց դիպչի, գլուխը կտրեն, ամա իմ հրամանն էլ են ոտի տակ տալիս, ախր ի՞նչպես տանեմ, սար ըլի կըհալչի։

Խա՛ն՝ Մալի՛ք դուք գիտեք՝ որ սիրտս ուզեք, կհանեմ, կտամ, սրանց գլուխը ձեր արևին սադաղ, թող բխով [քցեն] ոտն ու շլինքը՝ բերդումը, զնդանումը ընչանք մնան, մինչև սուչլուն ինքն իրան եդ գա։ Հորնը մոր արինը քաղցր ա, վաթանի հողն ազիզ։ Թող սրանք գրեն իրանց տղերքանցը, խրատեն, որ եդ դառնան։ Կուզեմ որ է՛ն, է՛ն, է՛ն, բեդոլվաթ Աղասուն մեկ էլ տեսնիմ, մեկ էլ նրա բոյին նայիմ, եդո նրա միսը բերանը տամ, որ սրտումս դարդ չմնա․ նա ինձ դաղ շատ ա քաշել։ Թող նա էլ, ուրիշներն էլ լավ իմանան, թե Սարդարի հրամանը ջուրը չպտի քցած՝ սրբության պես պաշտած, որ մեկն էլ ա չի համարձակի, էսպես բան անել։ Թե չէ հայերը գել կդառնան, մեզ կուտեն, էլ էս երկրումը խեր չենք ունենալ։ Ասում եմ ձեզ՝ ա՜յ աղսաղկալուք (ծերունիք)․ Ղուռանի զորությունը գիտենա, թև առնին երկինքը թռչին, ես նրանց վեր կբերեմ։ Աշխարքի տակը գնան, կհանեմ, թիքա թիքա կանեմ, նրանց խաթեր սաղ Հայ ազգը թոփի բերնին կդնեմ, կքցեմ, թե խելք ունեն՝ ձեզ խեղջ գան, եդ դառնան։ Հազար ձիավոր սար ու ձոր ոտի տակ են տալիս, Ղազախ, Ղարափափախ նրանց արինը խմում, թե մեկ ձեռս են ընկել, մեծ թիքեն անկաջը կմնա․ ձիու պոչից կկապեմ, քաշ կտամ․ խելք ունեն ձեզ խաթր անեն, եդ գան, թե [ 340 ] չէ որ ես բերիլ տվի, ո՛չ դուք կպրծնիք, ո՛չ նրանք, քյաբ ու ղոռանով, Շահի գլխովը օրթում եմ ուտում։ Գնացե՛ք, էսօր կգան, ազատ էք, էգուց կգան, նմանապես։ Ձեր ու ձեր խալխի կյանքը նրանցից ա կախ։ Թե գան, բալքի թե սիրտս ռահմ ընկնի, բարկությունս անցկացած ըլի, նրանց չսպանեմ, միմիայն պատժեմ, որ ուրշներին խրատ ըլի։ Սար ու ձոր առաջիս դողում են, նրանք պետք է ինձ դեմ կենան, երես եդ դարձնեն։ Գնացե՛ք, ձեր գլուխը լաց էլե՛ք»։ Խ<անը> Ս<ահակ> Ա<ղեն> վեր կացան, աթոռի ոտը համբուրեցին, ու հազար անգամ գլուխ տալով դուս գնացին։

Բանդը բաց արին ու մեր խեղճ քեդխուդեքը մտան ներս,դգուռը փակեցին, աչքըները բաց արին։ Թագուհին էլ էնքան գլխին, ոտին տվել, երեսը չանգռել էր՝ որ Սարդարի մոտ չկարացին բերել, Սվանղուլի Խ<անը> տարավ իրան տունը, որ նրա հոքսն էլ քաշի։

Բայց ինչ մեր Աղասու հալն էր, Աստված ո՛չ շհանց տա։ Ձեռք ու ոտք կապած, դժոխքը փորումը, սադայելյան չար հրեշտակները գլխովը պտիտ տալով՝[33] Զանգվի վրովն անցկացրին և հենց բռնես սար ու ձոր բերանները բաց արած՝ նրանց ըլին կուլ տալիս, էնպես փախցրին նրան ընկերքը։ Շատ տեղ թուլանում, ձիուց քիչ էր մնում վեր ընկնի, էլի ընկերքը հասնում, երեսին ջուր էին ածում, անկաջները քաշում, եդ էին բերում, էլի նրա սիրտը գնում, ձիու գլխովն էր ուզում ընկնի։ Բազի վախտ որ բիրադի ձեն չէ՛ր տալիս «Թա՛գուհի, նա՛նի, բա՛բի, Նազլո՛ւ»՝ քար ու հող ուզում էին կրակվին։ Մութը գետինը առավ թե չէ, նրանք նի մտան Աբարանռւ քանդված եկեղեցին, չունքի օրն էլ կարճ էր, արեգակը քիչ էր մնացել մեր մտնի, որ նրանք գեղիցը դուս էկան։ Ձիանը որ շունչ չէին քաշում, աչքըներիցը արին էր քցում, քթըներիցը ու բերաններիցը՝ կրակ։ Ամեն մեկ շունչ քաշելիս՝ փոր ու աղիք իրար էին կպչում։ Վաթոն սկսեց ձիանը ման ածիլ, Կարոն՝ սար ու ձոր աչքի տակ առնիլ ու դես ու դեն մտիկ անիլ, ղարավուլ քաշիլ։ Մուսեն Աղասուն ուսին դրած՝ ներս տանիլ, գլուխը գոգը դնիլ, ձեռն երեսին՝ երկինքը քցիլ՝ որ իմանա՝ թե աստղերն ինչ են ասում։ Մյուսներն ընկան դես ու դեն՝ որ ձիանոնց համար մի քիչ եմ ճարեն, բայց էն վախտին չոլումն ի՞նչ կըլեր։ Խոտի չոփերն էին մնացել էստեղ էնտեղ ցից ցից կանգնած։ Երկինքը աչք ու ունք կիտած՝ իր չարխը պտտում էր հանդարտ։ Լուսինը ամպերի տակիցը մեկ երեսը շհանց էր տալիս, մեկ էլ ծածկվում ու գլուխն առնում, կորչում։ Գերեզմանատունն էնքան սարսափելի չէին ըլիլ, որքան էս չոլը։ Ամեն մեկ արանքից կամ քարի տակից դժոխքի ձեն էր դուս գալիս։ Գել, չախալ, արջ, մեկ կողմից, դառնաշունչ բորյազը՝ որ էստեղ օրը ճաշին մարդ ա խեղդում, մյուս կողմից, սանդարամետը բաց էին արել ու սար ու ձոր իրար գլխով տալիս։ Ամեն մեկ քար, ամեն մեկ թուփ նրանց աչքին դև էր դառել, ու մեկ ձին ոտը խփելիս, կամ փռնչալիս, քարերն ուզում էին ճաքին, ձորերը տրաքին։ Աղասին նաֆասը փորն ընկած՝ որ բազի անգամ ա՜խ չէր քաշում ու ոտին գլխին անում, գետինն ուզում էր պատռվի, նրանց վեր տանի։ [ 341 ] Նրա հավատարիմ շունը գլուխը ոտի տակին դրած՝ մնացել էր փետացած։ Ձին էլ բերին գլխավերևը կապեցին՝ որ բալքի նրա շունչը Աղասուն մեկ ճար անի։ «Ջանիդ ղուրբան՝ Աղասի, էս ի՞նչ օրն էս ընկել, վա՜յ մեր աչքը դուս պտեր գալ, քեզ էսպես չտեսնիլ․ էս ի՞նչ ա քո հալը», ասում էր ջիվան Մուսեն ու գլխին վեր հատում, երեսն երեսին դնում, ձեռը դոշին,[34] տամարի տալն ու ջանի տաքությունը որ չէ՛ր տեսնում, գլխին կրակ էր վառվում։

Մյուս տղերքն էլ ձիանոնց ջուր տվին, ձեռըները քամակներին քսեցին, էլ եդ թամքեցին, թվանքների, փշտովների ոտը քաշեցին, նոր էլ աղզոթին թազացրին, ու ամեն մարդ իր ձիու լկամը ձեռին՝ էկան Աղասու չորս կողմը կտրեցին։ Աչքըներիցը արտասունքը գետի պես վեր էր թափում․ հորնը մոր դարդը մեկ կողմից, իրանց սև օրը մյուսից․ իրանց սիրելուն էլ էս հալին տեսնելիս, ուզում էին, թե սար ու ձոր պոկեն, գլխներին տան։ Մեկ սա էր ընկնում Աղասու վրա, մեկ նա, որը նրա ձեռն էր բերնին դնում, որը գլուխը նրա դոշին դնում։ «Յարաղանիդ ղուրբան՝ Աստված՝ փառքդ շատ ըլի՝ էս առավոտ հենց՝ ամեն աչք մեզ էր էրնակ տալիս, ինչ արինք, որ մեզ էսպես պատմեցիր։ Վայ մեր սև օրին ու ըմբրին, այ խեղճ հերնը մեր, յարաբ սա՞ղ էք, թե թրի տակին մնացիք․ յա՞րաբ թոփ ձեզ գետնին խփեց, թե զնդան ձեզ մեջ առավ։ Յարաբ մեր ցա՞վն էք քաշում, թե ձեր օրը լաց ըլում։ Տե՛ր աստված, տե՛ր Աստված՝ մեղա քեզ՝ ո՞ւմ մեկ չոռ ասեցինք, որ մեր առաջն էկավ։ Ո՞ւմ մեկ թեք աչքով նայեցինք, որ էսպես մեր գլխին բարկացար։ Արյան ծովն էկել ա չորս կողմերս բռնել, որ կողմն էլ որ ձեռք ենք ածում, կրակ ա ընկնում ձեռըներս։ Է՞ս տեղ մեր թագավորները քեֆ անում, ամառն անց կացնում, որտեղ որ հմիկ մենք կրակումն էրվում ենք։ Էս ժամումն էին նրանք կանգնում, աղոթք անում, որտեղ որ մենք մեր հոգին ուզում ենք տալ։ Էս ի՞նչ չար լեզու մեզ անիծեց։ Ո՜վ սուրբ Սարգիս, ո՜վ սուրբ Գևորգ՝ էլ որ օրը պետք է մեր հավարին հասնիք։ Դժոխքումն էրվում, տապակվում ենք, ախր ի՞նչ կըլի, օր մեզ մի չարա անեք։ Աղասի ջան, Աղասի՝ ի՞նչ կըլի, որ բոլորս[35] էլ քո ուղուրին մատաղ ըլինք․ ախպե՛ր ջան, ազիզ ջան, ջա՛նմ ջան։ Արին կապեցիր խալխի սիրտը, կրակ վառեցիր երկրի գլխին՝ այ աշխարքի աչք՝ Աղասի։ Տո մեկ ճանճ էլ ա նհախ տեղը չե՛ս սպանել, մեկին մեկ թթու խոսք չե՛ս ասել՝ ա՜յ Աստծո գառն ախպե՛ր՝ ախր Աստված ընչի պետք է քեզ էս օրին հասցներ։ Ո՞ւր գնանք, ո՞ւր․ մեր սև օրը ո՞ր քարի տակին լաց ըլինք, ո՞ր ջուրն ընկնինք, խեղդվինք, որ պռծնինք։ Տո մեկ բերանդ էլ ա բաց արա՛, գլխիդ մեռնիմ. ախր ընչի ես էսպես մեզ էրում, փոթոթում։ Տո էդ սիրուն աչքդ էլ ա մի՛ խփիր՝ անումիդ ղուրբան՝ ախր մենք քեզ ի՞նչ արինք․ ախր դու որ չըլիս, մեր ճարն ի՞նչ կըլի։ Էլ աշխարքը աչքըներս չի՛ գալիս, մեկ չոր գլխըներս մնաց, էն էլ քեզ ղուրբան։ Ամենս էլ առաջ մեր արինը կթափենք, մեր շունչը կտանք, եդո, ախ՝ եդո, քունն էլ Աստված։ Կաթն ու ծիծ միասին կերանք, որ քեզանից ձե՞ռք քաշենք։ Բախտ ու լավ օր միասին վայելեցինք, որ քեզ նեղ օրը աչքից քցե՞նք։ Որիս ուզում ես, վեր [ 342 ] կաց քո ձեռովդ մատաղ արա՛, ով երեսը եդ թեքի, շլինքը տո՛ւր, քո ձեռին ղուրբան՝ ախր մեկ խոսաս, ի՞նչ կըլի։

Էս խոսքին մեկ ձիու ոտքի շբլթոց էկավ։ Երկինք, գետինք գլխըներին սևացավ, հենց իմացան մեկ ամպ տրաքեց, մեկ սար փուլ էկավ։ Յարաղ ասպապ առան ուսըները, ամեն <մեկը> մեկ բուռը հող բերանները քցեցին՝ սրբության տեղ՝ ամենը մեկ քարի առաջին չոքեցին՝ մեղքըները ասեցին, մեկ քանի ծունր դրին, երեսներին խաչ հանեցին, ժամի քարերը պաչեցին, ձիանոնց աչքերը ճմբռեցին, սղալեցին՝ որ անկաջները սրել, խլշացրել՝ մտիկ էին <անում> ու իրանց տիրոնց դարդը իմանում, շունը մեկ ղրաղ քշեցին՝ մատով, ձեռով արին՝ որ ձեն չհանի, մեկը հենց թվանքը բերնին էր դրել, որ չհաչի, ու իրանք թուր ու թվանք հազրած, ձիու ջիլավը քցած՝ սկսեցին պատի արանքիցը անսաս անկաջ անիլ։ Տամարներն ուզում էր տրաքի։ Ոտըների տակին կրակ էր վառվել։ Անիծած բուքն ու քամին հյուսիսիցն էր գալիս։ Ուզում էին իրանց կտրատեն՝ որ չէ՛ր թողում պարզ իմանալ՝ թե ի՞նչ խաբար ա։

Կես սհաթ քիմի էսպես մնացին փետացած։ Աստված, սուրբ, հրեշտակ մոռացան, ու դժոխքն իրան չար հոգիքը սկսեց նրանց գլխին թափել։ Էլ սիրտ չէին անում, որ իրար ծպտոն տան, յա իրար երեսի մտիկ անեն։ Մեկը ոտը փոխելիս, կամ շունչը քաշելիս, մյուսներն ուզում էին իրանք իրանց կտրատեն։ Սիրտներն էկել բերնըներին դեմ էին առել։ Էս սհաթին որ մեկ գիլի ձեն չէկավ, հենց իմացան՝ թե գետինը պատռեցավ ու իրանք անդունդը հասան։ Ուզում էին խաչ հանեն երեսներին, ձեռըները չէր գալիս։ Շատ մտիկ արին, էլ ձեն չէկավ․ հենց էն էին ուզում՝ որ էլի առաջի պես տեղըները նստին, հենց էն ա թվանքները ուզում էին ուսըներին քցեն ու իրար ղնամիշ էին անում, որ էնպես շուտով սիրտըները կորցրին, ու ուզում էին ձիանը եդ քաշեն, էս ճամփի ղարավուլը՝ տեղըներին չի մտիկ արին, տեղներիցը չշարժեցին։ «Տղե՛րք ինչ ըլի ըլի, էս տղամարդություն չի. սիրտըներս ղայիմ բռնենք, կմեռնենք, մեր վերջն ա, կապրինք, մեզ անուն․ դուք գիտեք՝ որ մեր Հայի մեկը տասը Թուրքի բարեբար ա, սուրբ Սարքսի անունն հիշենք, նա մեզ ղվաթ կտա։ Բեղաֆիլ բանը մարդի կշշկլացնի։ Երևում ա, եդևներիցս մարդ են ուղարկել։ Թո՛ղ գան, նրանց փիրն իրանց խռով։ Բոլորին յա կջարդենք, յա կջարդվինք։ Քամակ քամակի տա՛նք, նամարդի մուհդաջ չըլինք»։ Հենց ասեց Կարոն թե չէ երկու գազ ծուլ էլավ։ Ուզում էր թուրը հանի դուս պռծնի, ընկերքը ձեռըները բերնըներին դրին, որ անսաս տեղը մնա, չունքի ձիանոնց ոտի թրխկոցն ու փռնչոցն էնպես մոտացավ՝ որ հենց բռնես՝ անկաջների տակին ըլի, բայց ընկերքը լավ գիտեին՝ որ գիշերը ձենը շատ շուտով տեղ կհասնի, ու չուզեցան՝ որ իրանք իրանց տեղը իմաց անեն, որ նրանք հազրվին ու էնպես գան։ Քիչ քիչ խոսակցությունն էլ էին լավ պարզ ջոկում, չունքի պարզիկա գիշերը էնպես լուռը տեղը քարերն էլ են խաբար բերում։

«Լավ հարաքյաթ են արել, աֆարիմ տղերք՝ ասեց մեկը․ լավ սար ու ձոր ոտի տակ են տվել։ Էս անիծած բորյանն էլ էկել՝ իզը ծածկել ա. գիշեր էլ ա, թե մարդ տեսնի։ Բայց ո՞ւր պտի կորչին։ Երկնքումը ըլին, վեր [ 343 ] կբերենք, հլա քշենք էս սարերումը չէին մնալ»։ «Աչք ա, որ էքուց առավոտ լաց կըլի, յա կծիծաղի, Սարդարին էլ ընչո՞վ իմ հունարը ցույց տամ, որ սաղ սաղ չկալնիմ ու տանիմ փեշքաշ», ասում էր մյուսը։ «Ախպեր՝ ինչ առնինք ճոթ անինք․ Աղասուն թե կարանք սաղ բռնենք, ոտ ու ձեռ կապենք, ու ձիու առաջ արած, յա կոխքիցը կապած՝ տանինք՝ որ պատիվն ստանա, չունքի կտրիչ ա։ Էն մյուսներին սպանենք էլ, ի՞նչ հաջաթ»։ «Կտրի՞չ․ էս թուրս նրան էս օր կտրչություն կսովորցնի, հլա իրան ա տեսել, մեկ մեյդան դուս գա, տեսնի՝ թե ում մերը լաց կըլի»։ «Տո բերանդ քեզ արա՛ Մամա՛դ՝ մենք գիտենք՝ թե դու ի՞նչ պտուղ ես, նրան առյուծ ըլի, չի՛ հաղթիլ, քանի՞ մեզ նման գյադի տասնով, քսանով առաջն ա արել ու մեն մենակ քշել։ Բանն արա՛, եդո պարծեցիր»։ Էս խոսքը մեր տղերքանցը մի քիչ ղվաթ տվեց, որ իմացան՝ թե նրանք էլ ահ ունին։ «Թուր, թվանք հազիր արեք, էլի ասաց մեկը՝ սատանին նալաթ՝ կըլի որ հենց էս քարերի տակին տափ ըլին կացել, ասածներս լսում ու բիրադի էնպես վրա թափին, որ էլ չկարենանք, ձեռըներս գլխըներս տանիլ։ Սրան Աբարան կասեն՝ Աղասու պես ասլանը էսպես տեղը մենակ քսան ձիավորի չի՛ ասիլ՝ թե Աստված ա ստեղծել»։ «Տո քիչ գովիր էդ մուռտառ Հայի կտորին, չէ՛, չէ՛, մեզ սաղ սաղ կուտի։ Հայն ի՞նչ ա, որ ի՞նչ ջան ունենա։ Մեռնիմ ո՛չ, ընչանք մի աչքս նրան հասնի, կտեսնիք՝ թե ինչպես ճուտ կդառնա առաջիս»։

Էս ասացին թե չէ՝ մեկը ձեն տվեց․ «ա՜յ գյադա, ա՜յ գյադա, ա՜յ գյադա, էս ժամիցը հեռու կենանք լավ ա, չունքի ասում են՝ թե ֆլան թարեղին՝ մեկ խան էկավ, քանդի, հանկարծ միջիցը կանաչ ու կարմիր ձիավորներ էնքան դուս էկան, որ սար ու ձոր բռնեցին, խանի ղոնշունը կոտորեցին իրանք գյում էլան։ Սրա միջումը ասում են՝ թե սուրբ Մողնու մասունք կա թաղած, ու դուք գիտեք, որ էս սրբի հետ կռիվ տալ չի ըլիլ․ մարդի շլինքը մնում ա ծռված։ Հազար էդպես բան իմ աչքովն եմ տեսել, Հայ, Թուրք նրա ղուլն են»։ «Բերնիցդ Հայի հոտ ա գալիս՝ Մաշադի՝ ամոթ էդ միրքիդ։ Տո Հայն ի՞նչ ա, որ իր փիրն ի՞նչ ըլի․ լեզուդ քեզ քաշիր․ էդ փափախիցդ էլ ա ամաչի՛ր։ Ես քո ջիգրու էս գիշեր սրա միջումը քյաբաբ չանեմ, ձիս միջին չկապեմ, չապականեմ, բաս շան որթի ըլիմ։ Քանի՜ էդպես եկեղեցու պատ իմ ձեռովս եմ քանդել, քանի՜ սրբերի աչք իմ մատովս փորել, դու հմիկ պառավի նա՜ղլ ես անում։ Քյաբդ քեղ խռով, էլ նամազ ո՞ւր ես անում, թե էդ սիրտն ունիս։ Քշի՛, քշի՛ գնանք՝ քյաբաբի կեսն էլ քեզ կուտացնենք»։ Ասիլն, յա սուրբ Սարքիս ձեն տալը ու թվանքների տրաքոցը մեկ էլավ։

«Տղերք՝ ձեր ջանին մեռնիմ՝ էլ մտիկ միք անիլ։ Մեր թուրը նրանց գլուխը, էլ ո՞ր օրվա համար ենք սրանց կոխքընեըիցս քաշ արել, ձեն տվեց աժդհա Կարոն, իրեքի գլուխը գնաց», «չորսինն էլ իմ թրիս մատաղ արի», էն կողմիցը գոռաց Վաթոն։ «[36]Երկուսին սպանեցի, մնի գլուխն էլ հրես ոտիս տակին ա, ասեց Հաճին (Հովհաննես)։ Տղերք՝ փախան, ձին նի էլեք, սրանց էկած ճամփեն քոռանա, սովորել են՝ գեղերումը [ 344 ] հավի գլուխ կտրելով ման գան ու Հայերի արինը խմե՞ն»։ «Տղե՛րք՝ երըմիշ էլեք, սուրբ Սարքսի ջանին մեռնիմ, մեյդանը մերն ա»։ Ասեցին ու վիշապի պես ընկան հարամու քամակիցը, որին ինչ տեղ հասցրին, էնտեղ փառչամիշ արին։

Բայց ա՜խ՝ արինը աչքըներն առած՝ հենց քշեցին, էլ չի միտը արին, թե Աղասին ի՞նչ նեղ սհաթի միջում ընկեր ա կանչում, ընկեր չի՛ կա,[37] ախ ա քաշում, ձենը լսող չկա։ Թվանքները որ բիրադի բաց չէլան, հենց իմանաս՝ թե հոգին եդ էկավ տեղը։ Վրա թռավ, ձիու քամակն ընկավ ու խելագարի պես, էլ չիմացավ՝ թե ո՞ւր ա գնում։ Թուրը որ մեկի քյալլին չխփեց, հետը երկու կտոր էլավ. ընչանք ղամեն կհաներ, յա փշտովը,[38] պարանն ընկավ ճտովը, շատ էլ ուզեց, որ ձին քշի, չէլավ, ձին տակիցը դուս թռավ, ինքը[39] գետնին դիպավ ու չորս աժդահա տղամարդ վրա թափեցին։ Շունը վաղուց էին ուզում սպանել որ ձեն չհանի, բայց շունը, շունը էս հավատարիմ կենդանին տեսնելով, թե էլ տիրոնչը խեր չանի, ընկավ ձիանոնց եդևիցը։ Աղասու ձեռները կապեցին, բերանը բամբակով լցրին, աղլխով ղայիմ հուփ տվին, ու բարին տեսնի. մյուս օրը թոփն էր, Աղասու ջանը։

Շատ ու քիչն Աստված գիտի՝ թե ուր հասան, տղերքը եդ դառան թե չէ՝ գլխըներին կրակ վառվեց՝ երբ Աղասու շունը տեսան։ «Վայ մեր տունը քանդվեց՝ տղերք, էս ի՞նչ արինք, հասնենք, էլ ի՞նչ ենք անում մեր գլուխը՝ որ Աղասուն կտանին»։ Բայց ո՞ւր Աղասի, ո՞ր քարի տակի, ո՞ր չոլում, Աստված գիտի։ Մեկն էս սարն ընկավ, մեկն էն. քարը լեզու չուներ՝ որ ասեր, ձին ձեռը չուներ, որ ցույց տար։ Շունն էլ առաջներիցը վաղուց կորել էր։ Ո՞ւր գնային, ո՞ւր կորչեին։ Գետինը պատռվեր, ներս կերթային՝ որ նրան հանեն։ Լիսնակ գիշեր շատ որ դես ու դեն ընկան, զատ չքթան, է՛լ եդ հավաքվեցան մեկ տեղ ու միտք արին, սուգ ու շիվան անելու վախտը չէ՛ր։ Նրանք լավ գիտեին՝ որ Աղասին պետք էր զարթնած ըլեր, փորձանքի մեջ ընկած՝ որ շունը նրան թողել էր ու էն հայվան տեղովը նրանց եդևիցը վազել՝ որ օգնության հասնին։ Իրանք էին լսել, որ նրան ուզում էին սաղ սաղ տանիլ, մեռնելու ահ չկար սրտըներումը։ Գիտում էին լավ, որ նրա բռնողները մեկ տեղ պետք է տափ արած, թախ կացած ըլին, որ ոտը խաղաղվի, ու եդո գնան իրանց ճամփեն։ Ի՞նչ անեն, մնացել էին մոլորված։ «Տղերք մնանք էստեղ՝ Աղասու շունը իմաստուն ա, կորել ա, չե՞ք տեսնում. թե նրան ճար կա, էս շանիցը պետք է ըլի էսօր․ էս խոսքին շունը լեզուն հանած լիս ընկավ։ Շունը վազեց, նրանք եդևիցը․ հենց մի խելի տեղ գնացին, շունը կանգնեց։ Շատ էլ զոռ արին՝ որ տեղիցը եռա, չէլավ։ Իսկույն իմացան իմաստուն հայվանի միտքը։ Ձիանոցիցը վեր էկան, մեկին տվին ու Կարոն առաջները ընկած կամաց կամաց եռացին։ Մեկ թափի մոտացան թե չէ, էլի շունը կանգնեց։ Թվանքները առան ձեռըները։ Աստծո ողորմությունը հասավ՝[40] նրանք էն կողմիցը գնացին, որ թափի շվաքը մնաց առաջներին։ Քարերի տակերովը, փորըսող էնքան արին՝ որ մտան մեկ[41] քանդված փոսի մեջ, ջուր չկար, բան չկար. [ 345 ] անձրևի քանդած էր։ Թափի շվաքը մեկ հինգ գազ էն կողմն էր ընկել նրանց գլխի վրովը։ Էսպես խանդակի միջովն էնպես ուսուլով,[42] կռացած էկան՝ որ հարամին մնաց դեմ ու դեմ։ Լիսնակն հենց ընկավ ճակատներին, տեսան, որ Աղասին միջըներումը չի, սիրտըները տեղն ընկավ, ու ամեն մեկը մեկի ճակատին նշանիլը, թվանքների տրաքալը ու հարամիքանց բանհոգի ըլիլը մեկ էլավ։ Ա՜խ, ո՞վ կարե նրանց ուրախությունն ու արտասունքը էս սհաթին պատմիլ, իրանց հոգին երկնքիցը եդ բերին՝ էլ նրանց բերանը երբ խոսք կգար։ Որ էլ վախտ չկորցնեն, վերցրին իրանց կորցրած գանձը, հանեցին թշնամու յարաղ ասպաբը, շորերը բարձեցին իրանց ձիանոնց վրա ու երըմիշ էլան։ Թե Աղասին իր շան աչքը, գլուխը հազար անգամ պաչեց ու ախպոր պես դոշին կպցրեց, ո՞վ կզարմանա։ Ո՞ւմ պատահի, որ չանի։ Շուտով եդ դարձան․ վարավուրդով մինչև տասնըհինգ մարդ սպանել էին։ Յարաղ ասպաբ, շոր հավաքեցին, մեկ քանի շոր, մեկ քանի շահի փող էլ դրին եկեղեցու սեղանի վրա, որ անց կենողն վերցնի՝ թե Հայ է իրանց օրհնի ու ուրախանա, որ էնպես տղամարդություն են արել, թե Թուրք՝ աչքը դուս գա՝ որ իր չափը չի ճանաչում, չոքեցին, աղոթք արին ու ճամփու ընկան։

Լիսադեմը կարմրին էր տալիս, աղոթարանը քիչ էր մնացել՝[43] բաց ըլի, որ մեր ճամփորթքը մտան Ռսի հողը ու թուշ քշեցին Պարնի գեղի վրա։ Աղասին չէ՛ր ուզում՝ որ հեչ մարդամեջ մտնի, ուզում էր սարե սար ման գա, որտեղ իր ճակատին գրած ա, էնտեղ հոգին տա։ Նրա համար աշխարքը մեռած էր, ինքն էլ չէր ուզում՝ որ աչքը ուրախ օր տեսնի, բայց ձմեռվան եղանակը, դաշտերի ցուրտն ու չորությունը ու ողորմելի ձիանոնց սովածությունը ոչինչ կերպով հաղթել չէ՛ր կարելի։ «Էս վախտին, էս հալին՝ աջաբ աջաբ՝ Աղասի՛ ջան, խեր ըլի», ձեն տվեց Աղա Ն․ որ տարով միասին աղ ու հաց էին կերել, ու ուրախ ուրախ դուռը բաց արեց, ձիանը ներս քաշել տվեց ու ղոնաղների ձեռիցը բռնեց տարավ սաքուն։ Գոմի երկենությունը մեկ չարեք վերստ կըլեր՝ գոմեշ, ձի, եզը, տավար, ոչխար՝ էլ ո՛չ տուտ ուներ, ո՛չ տակ։ Իսկույն շոր փռիլ տվեց, բուխարին վառիլ տվեց, հարսներն էկան հարգևոր հարգևոր քիթ ու պռունկ կալած՝ նրանց ոտները քաշեցին, ջուր բերին, գլուխ ու ոտ լվացին, ղոնաղները երկու <կարգ> նստեցին, Աղա Ն․ նրանց ներքևը, մեկ ութ ինն էլ մեծ, պստիկ, ղոչաղ տղերք, անլվա անլվա, որը մեկ կտոր հաց ձեռին կրծելով, որը մեկ փետ, որը ղամեն կոխքին կախ արած, որը գլխաբաց, որը փորաբաց շապկանց, անփոխան, էկան, անկաջները խլշացրած սաքվի չորս կողմը բռնեցին ու աչքըները ղոնաղների երեսին կթեցին։ Հերը ծեծում էլ էր, դուս չէին գնում։ Դեռ բարիկենդանի մազեն, սուջուխի (չուչխելա), ալանի, փշատ, չիր, տանձ, խնձոր ջիբըներումն ունեին մեր տղերքը, հանեցին, երեխեքանցը բաժանեցին. աչքըները մնաց բաց, չունքի նրանց երկրումը էնպես արմաղան բաներ չկա։ «Մեր կաղնին ու ֆոնն էլ էս համը չունին» մեկզմեկու ասում էին։ «Էնքան մածուն, եղ, կարաք, սեր ու մեղր ենք կերել՝ որ բերան ու փոր հոտել են։ Աշխարհ, աշխարք, էս պետք [ 346 ] է ըլի։ Մեր հավերիցն ու գոմշիցը էսպես բան հո չի դուս գալ»։ Ասացին ու ուրախ ուրախ դուրս թռան՝ որ գնան իրանց հարևանների երեխեքանցը իրենց նուբարը ցույց տան։ Ընչանք ծիտը ջուր կխմեր, գոմը երեխեքանցով լցվեց․ մինը մնին բոթում էր՝ որ առաջ գնա, ուզի։ Ղոնաղների մեկը որ ձեռը չէր շարժում, հազար տեղ գունդ ու կծիկ էին ըլում։ Տանուտերը քանի ուզեցավ բան հարցնի, նրանք մատըները բերնըներին դրին սուս արին։ Իմացան՝ որ սրանում մի բան կա։ Մեկ քանի սհաթ անցկացավ թե չէ՝ սաղ գեղն էկավ, հավաքվեցավ նրանց գլխին։ Ով գալիս էր, գտակը գլխին, յափունջին կամ վրեն, չիբուխը բերնին կամ ձեռին, թութունի քիսեն ու ղամեն գոտկիցը քաշ արած, քոբաչի չուխեն հաքին․[44] շալվարի ծերերը պաճուճումը ղայիմացրած, տրխըները կուփ կուփ հաքած, ամեն մեկը մեկ սարի ղդար՝ էլ մեծ պստիկ չէին հարցնում, գլուխ տալը հո ըսկի ադաթ չի։ Որն էկավ՝ մեկ բարի լիս կամ ողորմի Աստված ասեց ու նստեց։ Ջահել, քսան, երեսուն տարեկան տղերքն էլ՝ որը սնըդուս, որը պատնըդուս շարվեցին ու իրար անկաջումփսփսալով՝ յա ղոնաղների բերնին էին մտիկ անում, յա յարաղ ասպաբին, յա մեկ ուզելիս՝ հազարը իրար գլխով էին դիպչում, որ իրանց պարոնների ասածը կատարեն։ Տանու տղեքն էլ էկան՝ որը գոմն էր սրբում, որը ձիանը թիմարում, որը խոտ, դարման բերում, որը մալը ջուրը տանում, որը չիբուխին կրակ դնում, ամենն էլ ուրախ էին՝ որ մեկ բան անեն[45] մեծերի ու ղոնաղնների սիրտը շահեն, որ յարաղ ասպապ հանել, պատիցը կախ էին արել ու ծալապատիկ նստած՝ զրից էին տալիս։ Իրենց ձիանոնց համար ամոթ էր հարցնիլ, նրանք լավ գիտեին, որ իրենց ուլախին շատ պատիվ կտան, քանց իրանց։

Օրն էն ա մի քիչ եդ բացվեց։ Շատը հանդիցն էր էկել, ձինն աչքն առել ու գոմն էլ մութն ըլելով, հենց մեկ փոքր էրթիկ ունենալով,[46] երկար վախտ դեռ չէին իմանում՝ թե եկողներն ի՞նչ մարդ են։ Ով ըլին չըլին, թաքլին ոտըները խեր ըլի։ Նրանց աչքի վրա, գլխի վրա, տարով կպահեն, ընչանք ըլի, որ մեկ վնաս չի դուս գա։ Լիսը որ եդ բացվեց, որ չտեսան, ովքեր են, շատի աչքը նոր բաց էլավ․ «բարո՛վ, բարո՛վ, մեր Աղասին՝ բարո՛վ՝ մեր աչքի վրա, մեր գլխի վրա, ասացին ու վրա թափեցին պաչպչորեցին․ էդպես ա, յա՛ ձմեռվան հոսանը ձեզ մեզ մոտ կբերի, յա ամառվան շոքը։ Խանի խարաբներ՝ հա՛ մտիկ արա, հա՛ մտիկ արա՛․ չքել մտիկ արինք, հլե աչքըներս տրաքեց։ Մեկ ղուշ, որ գլխըներովս թռչում ա, հազար անգամ հլե փափախով ենք անում, որ ձեզանից մեկ խաբար իմանանք։ Մեր սարերը խոմ ձեզ համար գել չդառան, որ ձեզ ուտեն, ի՞նչ կըլի՝ ախպեր՝ որ մեկ օր էլ ճամփեն մեր դհովը ծռեք։ Բաղ, բաղաթ չունինք, գինի ու մազա չենք կարալ թավազա անիլ, մեր եղ ու կարաքին ու մեղրին էլ ա խեղճ էկեք․ փառք Աստծո, տուններս լիքը, գոմներս լիքը՝ ցամաք հացով ճամփու կքցենք․ մարդի սիրտն ա բանը, թե չէ՝ էս օր ղաբլու փլավ էլ ուտես, էքուց փորդ էլ իր ուզածը կուզի։ Աղ ու հաց, սիրտը բաց։ Տանուտիրոչը՝ տեր ողորմյա չի ըլիլ։ Քաղաքը գնում [ 347 ] եք, սար ու ձոր ոտի տակ եք տալիս, հենց մեր կուռն ա, որ ձեր աչքին փուշ ա դառել։ Ձեր հախը չի՞, որ ոտըներդ կապենք էս սհաթին, մեկ լավ քոթակենք, ունիք չունիք, խլենք, ու ձեզ էլ դարդակ ճամփու քցենք։ Էդենց եք անում, որ մենք էլ ձե՞ր դուռը չի գանք, ձեր հացը չուտե՞նք։ Հա՜յ նամարդներ՝ չե՛ք գիտում, որ մեկ օր էս սարերումը ձեզ թե ճանկեցինք, էլ հազար տարի որ կուչ ու ձիգ անեք, ձեզ բաց չենք թողալ։

Ի՞նչ ա ձեր թունդրի ու քուրսու ղրաղը կտրել ձեր կնկա առին նստում էք, էլ միտք չէ՛ք անում՝ թե գնանք մեր դոսթ ու բարեկամին էլ տեսնինք, հալըներն իմանանք, քանի մեռել չեն՝ մեկ բարով էլ ա տանք, որ մեզ կարոտ հողը չմտնի։ Քար ա ձեր սիրտը, քար, ձեզ հո մեր չբերել։ Բիր գյորանդա[47] յոլղարդաշ, իքի գյորանդա ղարդաշ (մեկ տեսնելիս ընկեր, երկու տեսնելիս ախպեր)․ տո ձեր տունը չծակվի․ էլա մուսուրման օլուբոզ քի աթան խաչի թանըմիրսզ (էնպես Թուրք էք դառել, որ ձեր հոր խաչն էլ չէ՛ք ճանաչում)։ Քրիստոսի երկիրը մերը․ մենք ձեր ազգը, ձեր բարեկամը, ի՞նչ էք էդ շան երկրումը կենում, ի՞նչ համ էք առնում, որ էդպես ծանր ծանր նստել էք, տարենը մի անգամ մեզ չեք էլ ա հանդիպում։ Ձմեռը հո բան չունիք. վախիլ մե՛ք ձեզ չենք ուտիլ, ձի չունիք, ձի կտանք, կով չունիք, կովըներս տարեք, կուզեք մեր երեխեքանց անկաջներիցը բռնեցե՛ք, տարեք, ծախեցեք, ով ձեն տա, պարտական ըլի։ Չունքի էդպես ա, Քյոխվա՝ սրանց պատժենք, հազիր բարիկենդանն էլ ա, էս շաբաթ սրանց էլ տո՛ւր չտանք, աչքըները հանենք, էնքան ուտացնենք, խմացնենք, որ էլ ճամփեն չքթնեն։ Սրանց հախն ա, ով տարենը մի անգամ կգա մեր աունը, բոլոր տարվան պարտքը պտի վճարի, քնի, էլ պտի ուտի, զարթնի էլ նմանապես։ Հաց ենք դատում, որ հենց մենակ մենք ուտենք, ու չորս պատերը տեսնեն, էսպես հացը հարամ ըլի․ մեկ թիքեդ, որ հազար կտոր չանես, հազար ղուրդ ու ղշի չուտացնես, ինչպե՞ս կուլ կերթա, յա՛ կմարսե՞ս։ Էստուր համար ենք, արևի, անձրևի տակին, սարում, չոլում ջանըհան ըլում, որ մեզ մի բարի լիս ասող չըլի, մեր ննջ<եց>ելոց ողորմաթասը խմող չըլի։ Ի՞նչ տուն, որ օրը տասը աղքատ ու ճամփորդ չկշտացնի, էլ էն տանը բարաքյաթ կըլի՞, էլ էն դաշտը պտուղ կտա՞։ Չե՛ Քյոխվա, էս օր ամենն քո ղոնաղն ենք, էքուց իմը, էլօր սրա․ էսպես մեկ լավ քեֆ անենք ու մեծ պասին սրանց ճամփու քցենք։ Չեն ուզիլ մնալ, ոտըները կկապենք, մինչև զատիկն ու համբարցումը էստեղ ղութսաղ կանենք։ Ի՞նչ կասեք։ «Լա՛վ, լա՛վ, բերանդ ապրի, երկնքիցն ես խոսում, էդուր ո՞վ ինչ կասի։ Մեր սրտի ուզածն էլ հենց էդ ա։ Դե տղերք՝ գնացեք, աշղին ասացեք, որ էս օր մեր տունը գա, ասեց Քյոխվեն ուրախ ուրախ՝ մենծ աչառը մորթեցեք, ղավուրմա տվեք. մեկ ոչխար էլ հետը ու կակող տեդը, բուդն ու սուկին բերեք՝ էստեղ մենք մեր ձեռով խորոված կանենք։ Զուռնաչուն էլ կանչեցեք, տերտերին համեցեք արեք։ Գինին դուքանումն ա, փողը ջիբումս՝ ջամըհաթն ըլին սաղ․ եղ ու կարաքն, սեր ու մեղր ու պանիր կճճներով տանը, ամպարս ու հորս լիքը, շահն էլ մեր քեֆը չունի, ուտենք, խմենք, քեֆ անենք։ Աստծուն փառք [ 348 ] տանք, մեր մեռելներին հիշենք, մեր ղոնաղների սիրտը շահենք, որ ասեն՝ թե սարի մարդն էլ սիրտ ունի, քար չի։ Հերն անիծած, թե խունդկյարն էլ մեր հատն ըլի. թագավորություն տան, ի՞նչ եմ անում։ Նրա գլուխը կտրում են, եդևիցը ուշունց տալիս, ինձ սաղիքյան սիրում են, գլխովս պտիտ գալիս, մեռնելիս էլ ողորմի տալիս, սրանից ավելի աշխարքումն էլ ի՞նչ կուզի մարդ։ Ի՞նչ կանեմ էն գանձն ու դոլվաթը՝ որ սիրտս արնով լցված կըլի, յա արինս կխմեն։ Աստված Ռուս թագավորի թախտը հաստատ անի, ղուշը գլխըներովս չի կարում անց կենալ, նրա դոլվաթիցը ի՞նչ ասես ունենք, էլ ի՞նչ պետք է ուզենք, նստենք, քեֆ անենք»։

Էս խոսքումը՝ Աղասին բեզարած՝ ցուրտն էլ թմրացրել էր, շոքն էլ մեկ կողմիցը իր հարաբաթը նշանց տվեց, գլուխը պատին ցից մնացել էր քնած։ Բոլռր նստողներն էլ վարավուրդ էին անում, որ նրա երեսը հեչ ծիծաղ չեկավ, ինչ ասեցին էլ։ Աջու կուռը մնացել էր գոգումը, ձախունը էնպես թուլ գետնի վրա ընկել։ Շատը կարծում էին, թե ճամփի յա ցրտի հարաբաթն ա։ Շոր չէր հարկավոր՝ որ ծածկեն, չունքի գոմը համամից տաք էր։ Ղոնաղները չէին վարավուրդ արել, որ գեղըցի Թուրքերիցն մեկ քանիսը խալխի հետ ներս էին մտել, քիչ ու շատ հայերեն էլ հասկանում էին՝ ու էստեղ էնդեղ գողի պես նստել, աչքըները ղոնաղների թուր ու թվանքին էին քցում, ատամները ղրճտացնում՝ թե ընչի՞ չի մեկ չոլում նրանց ռաստ բերին։ Աղասու երեսին քափ ու քրտինքն էկել՝ ամպի պես կիտվել էին. աչք ու ունքի վրա էնպես գիտես՝ թե կարկուտ ա կիտած։ Երեսի ռանգ մռանգը թռել, գոմի բուղն ու ծուխն էլ՝ որ չէր էկել, բռնել, հենց իմանում էին՝ թե մարդ չի, մեկ դև ա իրանց մեջը մտել։ Աղասին գլուխը շլքնի վրա ծռել, խռռացնում էր. բազի վախտ բեղաֆիլ ձեռը բարձրացնում, որպես թե մեկ բան ուզում էր ասի, յա անի, էլ եդ թրխկացնելով վեր էր քցում։ Երեսի ռանգը, ամեն րոպեի փոխվում էր։ Փրփուրն էկել՝ բերնի վրա կիտվել էր։ Նա էսքան զըրցի մեկն էլ ա չէ՛ր իմացել, ընկերքն մի քիչ օյաղ էին՝ իրանք էլ ասում էին՝ թե սաղ գիշերը ճամփա են էկել՝ էնդուց ա։ Խալխի սիրտը մի քիչ կասկած ընկավ, տեսնում էին, որ իրանք վեց են, ու քսան ավելի հոգու յարաղ ասպաբ էր պատերից կախ արած։ Հենց իմանում էին՝ թե ուրիշ ընկերներ էլ ունին։ Էսպես սիրտըները նիգյարան, սարից, չոլից խոսալիս՝ հանկարծ Աղասին որ ձեն չի՛ տվեց. «Ձեռդ քեզ քաշի՛ր, դժոխքի պահապան, շլինքդ մեկնիր։ Ափու ջան՝ էդ ո՞ւր են տանում քեզ, նանի ջան՝ թող ի՛նձ սպանեն, Նազլու ջան՝ հլա թուրը դու խրի սիրտս», ու վեր չի թռավ, թրին վրա վազեց, սար ու ձոր դղրդաց։ Գեղըցիք՝ իրար ջարդելով՝ դուս թռան, որն երեսին էր խաչ հանում, որն տեր ողորմյա ասում։ Խելիմ ժամանակ դռնից անկաջ դրին, տեսան, որ ձենը կտրվեց, էլ եդ ուսուլով ներս էկան, վախ վախելով նըստեցին ու էլ հմիկ ով կարեր նրանց բերանին փակ դնել, բոլորն էլ ուզում էին, որ իմանան՝ թե ի՞նչ ա անց կացել։ Աղասու ընկերքն էլ ի՞նչ կարեին անել, բանը որ սկսեցին պատմել, քանի գլուխն էր, ոչի՛նչ, էնպես բան շատ էին լսել, երբ խոսքը իրանց վրա էկավ, թե ինչպես կոտորեցին, փախան, քիչ էր մնացել՝ որ Աղասուն ու նրանց սաղ սաղ ուտեն։ «Ջանմ սան. ջանմ, Աղասի։ Ապովենց օջախի ծուխն անպակաս ըլի, որ էդպես որդի [ 349 ] ա բերել։ Բարիկենդան, բարիկենդան էս ա, դե տղերք էլ մեք մտիկ անիլ։ Հացը բանը հազրեցե՛ք, սուփրեն քաշեցե՛ք, Աբրահամի հրեշտակն ա էկել մեր տունը։ Էսպես իգիթ աղի գլխին ղուրբան ըլիմ։ Մաշալա, բարաքյալլա տղերք, դուշմանի աչքն էդպես պետք է հանած։ Տեսնո՞ւմ եք ա՛յ լագոտներ՝ ռաշիդ տղեն սրանց նման կըլի ա՜յ․ ուտում էք, նստում։ Աֆարիմ տղերք՝ որ ձեր մեծին էդպես պահել էք, շունն էլ էստե՞ղ ա։

Երեխեքը մեկ կողմից, մեծ մարդիք մյուսիցը վրա թափեցին՝ որ Աղասու ձեռին, ճակատին, թրին պաչ անեն՝ Քյոխվեն չթողաց, որ քնհարամ չըլի։ Նրա տեղը մյուսներին սաղ սաղ կերան, էնքան բերնըներին, ու դոշըներին կպցրին նրանց։ «Օրհնվի էն կաթը, որ դուք կերել էք, էն հողը՝ որ ձեզ ծնել ա, տղեն էդպես կըլի, թե չէ՝ քանի որ լեզուդ կարճացնես, գլուխդ դեմ անես, դոշիդ կնստին, միրուքդ կպոկեն, սիրտդ ու ջիգյարդ վեր կածեն»։

Սազ ու զուռնի ձեն՝ որ վեր չէլավ գեջդանգեջ՝ Աղասին աչքը բաց արեց ու էնպես էր դես ու դեն մտիկ տալիս, որպես թե երկնքիցն ըլի վեր էկել․ ուզում էր, որ էլ եդ աչքը խփի, ամա էնպես վրա թափեց խալխը գլխին, որ քիչ էր մնացել նրան ոտնատակ տային․ փեշերն էլ էին համբուրում, որը ձեռին կամ երեսին չէր հասնում։ Մինչև իրիգնապահ ժամերի վախտը էսպես նստած՝ քեֆ էին անում։ Ռուսաց ազգին օրհնում, ղզլբաշին հայհոյում, Աղասուն ու իր ընկերներին կյանք ու արև խնդրում։ Ձենն ընկավ գեղըցոնց անկաջը, ով ասես՝ գալիս էր, էնպես գիտես՝ ուխտ էին գալիս։ Տանուտերը Ղարաքիլիսա մարդ ուղարկեց կնյազին բանի ահվալն իմացում տվեց ու հրաման էկավ՝ որ մեկ քանի օրից եդո Աղասուն վերցնեն, կնյազի մոտ գնան, մինչև էն օրը նրան լավ քեֆ նշանց տան ու միամիտ կենանԼ Աստված օրհնի՛ Ռսի հողն ու ջուրը։ Փամբակու Թուրքերը տխրել, Հայերը թև էին առել, ուզում էին թռչեն։ Բարիկենդանն անց կացավ, մեծ պասն էկավ, Աղասին քսան ձիավոր հետը Ղարաքիլիսա որ չմտավ, աշխարք ամեն առաջն էր էկել՝ որ ձիու ոտին էլ ա պաչ անի։ Հազար բերնից աֆարիմն, ու բարաքյալլեն կարկտի պես էր թափում, բայց նրա անկաջի ղրաղովը քամու պես էր[48] տալիս անց կենում։ Կնյազը շատ ումուդ, ղաֆաղաթ տվեց ու խոստացավ՝ որ բալքի թե էլ չի ուղարկի, Սարդարի սիրտն առնի, չունքի շատ բարեկամ էին, որ բալքի Աղասու ու նրա ընկերների հորնըմորն էլ ազատի, ու նրանց էլ ինչ որ հարկավոր էր, հրամայեց՝ որ տան, ու լավ մուղայիթ <կենան>, որ գլխին մեկ բան չգա։ Փամբակու Հայերը մեռել էի՞ն՝ որ նրանց գլխին վնաս գար։ Էսպես սաղ ձմեռը քսան, երեսուն ձիավորով, տնետուն, գեղեգեղ էնքան ման էին ածել նրանց ու օրով, շաբթով պահել, որ իրանք էլ էին բեզարել։ Ցավն էս ա՝ որ Լոռցիք էլ էին ուզում նրան տեսնին ու պատիվ տան։ Մեկ երկու շաբաթ էլ էնդեղ մնաց։ Խալխի պարզ սիրտը, ջիգյարը ու սերը, տեղի անուշ հավեն ու ջուրը, կնյազի տված ումուդը Աղասուն մի քիչ եդ բերին, սիրտը բաց արին։ Ասում, խոսում, լսում էր, ամա նրա երեսին ու աչքերի չորս կողմը տխրությունն սև ամպի <պես> կալել, բռնել էր։ Շատ անգամ, որ [ 350 ] ախ չէր քաշում, քար ու հող լաց էին ըլում։ [49]Ծիծաղելիս, բերնի ու պռոշի չորս կողմը էնպես գիտես թոռոմած վարդի տերև ըլի՝ որ շաղը տալիս մի քիչ ուշն ա գալիս, էլ եդ ճլորում։

Շատ անգամ մեկ քարի ծերի նստած, կամ մեկ քարափի գլխի թինկը տված, աչքը ձորին, գետին քցած, ձեռը չանի տակին, կամ մեկ աղբրի ղրաղի՝ կոխքի վրա ընկած՝ թփերի, խոտի, ծաղկի, ջրի հետ խաղալիս, լաց ըլելիս, սրտին, դոշին խփելիս էին նրան ռաստ բերում ու տուն տանում։ [50]Բազի վախտ որ Նազլու չէ՛ր ձեն տալիս, յա հորն ու մոր անունը տալիս, ու ախ քաշում, սար ու ձոր հետը ձեն էին տալիս, ու ղուշն իր թևովը, մարալն իր ոտովը սարերում, մեշեքում, քարանում, կանգնում՝ նրա հետ սուգ անում։ Ով ասես՝ որ չէր ուզում՝ իր կյանքը նրան ղուրբան անի, ամա նրա կյանքը որ էնպես դառն էր, սիրտը արնով լցված, ի՞նչը նրա աչքը ծիծաղ կբերեր։ Էնպես գիտում էր, թե մարդիկ, որ իրան տեսնելիս ծիծաղում, խնդում էին, որ նրա սիրտը բաց անեն, սիրտ չունեին, նրա ցավը չէին իմանում, որ էնպես քեֆ էին անում։ Ուզում էր, որ նրանք էլ հետը լաց ըլին։ Էստուր համար էր նա սար ու ձոր ընկնում, որ[51] էս քարափներին իր սրտի դարդն ասի։ Մեկ երեխա՝ որ չէր տեսնում մոր գոգին խաղալիս, մեկ աղչիկ՝ որ աչքը չէր ընկնում ջուրը գնալիս, մեկ[52] տղա որ չէր տեսնում հորնըմոր,[53] ախպոր ու իր սրտի սիրեկան նշանածի <մոտ> նստած՝ զրից տալիս, յա սեր վայելելիս՝ գլխին կրակ էր վառվում, ուզում էր՝ որ քարափնըվեր ընկնի հենց էն սհաթին, յա գետն ընկնի, խեղդվի, յա մեշումը կորչի՝ ջանավարի փայ ըլի, յա ինքն իր թուրը իր սիրտը ցցի, մեռնի, էս փուչ աշխարքիցը պռծնի։ Հորնըմոր կարոտը, նշանածի հասրաթը, քիր ու ախպոր սերը սար ու ձոր նրա աչքին փուշ էին շինել ու դանակ։[54] Ծաղկի վրա էլ, որ ոտը դնում էր, հենց իմանում էր՝ սուր մտավ ջիգյարը, սարին, ձորին էր մտիկ տալիս՝ հենց իմանում էր՝ վիշապ են՝ իրան ուզում են կուլ տան, ջրին որ մտիկ էր տալիս՝ էնպես էր կարծում, թե կրակ ա, իրան պետք է էրի։ Քնում էր, իր սիրելիքն էին իր աչքի առաջին, որ յա խտտում էին նրան, յա համբուրում, յա սուգ անում, իրանց կտրատում, կրակի միջիցը ձեռները, քցում, որ նրան մի տեսնին, մի համբուրեն, մի նրա երեսը իրանց դոշին կպցնեն, ու[55] եդո հոգին տան, արթնում էր՝ էստոնք բոլոր չկար, ուրիշ հող, ուրիշ ջուր, ուրիշ մարդիկ էին նրա առաջին։ [56]Ամեն քուն մտնելիս՝ էն էր նրա աղոթքը որ մեկ իր սիրելյացը երազումն էլ ա տեսնի, մեկ երազում էլ ա նրանց ճտովն ընկնի, նրանց գրկի, մուրազն առնի, հետո հոգին տա՝ էլ եդ վեր չի կենա, մեկ ծուխն էլ ա աչքովը չէ՛ր ընկնում, մեկ սար էլ ա Երևանիցը չէր երևում աչքին, որ սիրտը մի քիչ հովանա, որ էս կրակիցը ողորմելին մեկ օր պրծնի։

Էս ժամանակն էր, որ մեկ օր ընկերներին գլխին առավ, ֆորս դուրս գնաց, Համզաչիման ու Չիբխլու անց կացավ ու Ղաոնի յարաղը հասավ, հենց Մասիս տեսավ, ընկերներին ձեռով արեց՝ որ մի քիչ հեռանան, [ 351 ] ինքը նստեց մեկ[57] տակի, գլուխը դրեց քարին ու աչք ու բերան արտասունքով ու ծխով լիքը՝ էս երգն (բայաթին) ասաց։71)

[58]Ամեն մարդ էլ գիտի,[59] որ մարդի սիրտը լցվելի, ո՛չ սուրն էնքան քյար կանի, ո՛չ քուն, ո՛չ դեղ, ինչքան խոսքն, բառն ու լեզուն. էստուր համար նրանք էլ հեռացան, ամենը մեկ մեկ տեղ տափ կացան՝ որ Աստված մի արասցե, թե մեկ բան ըլի՝ նրա գլխին մեկ փորձանք չգա, չունքի սար ու ձոր նրա արինն էր խմում, ու իրանք էլ հետը լաց ըլելով, էնքան անկաջ դրին՝ որ ձենը կտրեց, քունը տարավ․ եդո էկան, վրա թափեցին, մեջըներն առան, էլ եդ Ղարաքիլիսա տարան։ Մեկ օր էլ էլի էս հալին դռանը մեկ քարի վա նստած էր, որ մեկ ղարիբ մարդ կանգնեց, կանգնեց մտիկ արեց ու հենց էն էր ուզում Աղասին որ նրանից հեռանա, որ իր լացն օքմին չտեսնի, ղարիբը դոշը բաց արեց, վրա թռավ խտտեց ու հենց «Աղասի ջան»՝ ասեց, պապանձվեց, լեզուն փորն ընկավ ու մնաց նրա յարալու, փարալու դոշի վրա փետացած՝ կպած։ Աղասու ուշ ու խելքը թռավ, գեջդանգեջ որ աչքը բաց չարեց՝ Աստված ո՞վ կարեր նրա արտասունքը բռնել, նրա սրտին մեկ ճար անել՝ «Ամու ջան, Ավետիք ամու ջան, դու ես, ասեց ու իրանից գնաց։ Էս դհից, էն դհից տեսնողները վրա թափեցին, երկուսին էլ էնպես մեռած, ընկած տուն տարան, ջրով, բանով եդ բերին։ Հենց աչքըները բաց էին անում, իրար երես տեսնում, էլ դուբարա իրար ճտով էին ընկնում, նա նրա անունը տալի, նա նրանը ու էլ եդ գնում էն դինեն, եդ գալիս, էլ աչք աչքի, դոշ դոշի դիպչելիս՝ իրար վրա ընկնում, հոգիքը տալիս։ Մոտ ըլողների աչքերիցը արտասունքը գետի պես էր վեր թափում։ Ճարըները կտրվեց՝ տերտեր կանչեցին, ավետարան կարդացին, խաչ ու մասունք գլխըների վրա դրին, որ անջախ մի անջախ ուշըներն էկան։

Էս եկող ղարիբը սիրելի կարթացող՝ Աղասու հորախպերն էր, որ գլուխը փեշն էր դրել,[60] էկել էր որ իր ազիզ կորածին քթնի, տեսնի, մուրազն առնի, էնպես մեռնի։ Դու ըլեիր էսպես չէ՞իր անիլ։ Սիրտըները որ մի քիչ դինջացավ, ջանները հովացավ, Ավետիքը գտակի ծալիցը մեկ թուղթ հանեց, Աղասուն տվեց ու ինքը մահանա արեց, ուսուլով դուս գնաց, որ նրա աչքի արտասունքը չտեսնի, չէրվի։ [61]Երկու թուղթ էր,[62] մեկն Աղասու[63] մերն էր գրել, մեկը նշանածը։ Երանի էն աչքին՝ որ էսպես թուղթն իր օրումը ո՛չ տեսել ա, ո՛չ կտեսնի։ Էլի Աղասին էր որ դիմացավ, բայց վա՜յ էն դիմանալուն, հարիր անգամ թուլացավ, նվաղեց, թուղթը դրեց երեսին, աչքերը խփեց, էլ եդ ջուր ածեցին, եդ բերին, էլ եդ մեռավ, ու ամեն մեկ գրին մտիկ անելիս՝ արտասունքը կրակի պես թուղթը ծակում էին ու տեսնողի սիրտը շամփրում, կտրատում։ Մոր գրած թուղթն էս ա։

«Աղասի ջան՝ Աղասի՝ գլխովդ փարվան ըլիմ՝ Աղասի։ Ընչի՞ չեմ էս սհաթին կրակ դառնում, ինձ էրում, ընչի՞ չի լեզուս չորանում, աչքս խավարում, ընչի՞ չեմ թոզ դառնում, որ բալքի թե քամին բերի ու ոտիդ տակին գամ ցրվիմ,[64] սարե սար ընկնիմ՝ որ ի՛մ երեսը կոխես, որտեղ որ ման [ 352 ] գաս, որ իմ աչքը հանես՝ որ տեղ որ նստիս, որ ինձ վրա գլուխդ դնես, որտեղ որ քուն մտնիս՝ նանն ըմբրիդ մեռնի՝ իմ թագավոր, իմ աղա Աղասի։ Տնկած ծառերդ փուշ են դառել, ինձ սպանում,[65] պահած ծաղկըերդ կրակ են դառել՝ ինձ էրում, խորովում, ման էկած տեղերդ աչքիս լսումը[66] մզրախի պես ցցվում, սիրտս դուս ճոթռում։ Ո՞ւր կորչիմ, որ ձենս օքմին չիմանա, ո՞ւր գնամ, որ էլ աչքս քո տեսած բաները չտեսնի, անկաջս քո ասած խոսքերը չլսի, միտքս քարանա, որ էլ անունդ չհիշեմ, սիրտս ջուր կտրի, որ էլ քո սերը չիմանամ, ջանս դուս գա, ումբրս փչանա, օրս խավարի, որ երկնքի տակին էլ չասեմ՝ թե ես էլ եմ մեր, ես էլ որդի բերի, ինձ էլ աչքալիս տվին, ես էլ մեկ օր որդու, զավակի արևի ձենը պետք է ածեի․ ես էլ որ աչքս խփեի, մեկ բուռը հող դու պետք է երեսիս քցեիր, դու իմ նաշը ուսիդ դնեիր, դու իմ լաշը հողը դնեիր։ Դու վրես սուգ անեիր, դու գլխիս վրա կանգնեիր ու էդ ազիզ սուրբ բերնովդ ասեիր․ «Հոգիդ լիս դառնա՝ ա՜յ իմ մեր, ա՜յ իմ մեր.[67] ի՞նչ կըլեր, որ մեկ էլ աչքս աչքիդ, բերանս բերանիդ առներ ու ետո Աստված հոգիս ուզեր»։

«Հոգիս խոր ա՝ թե հանեմ,[68] Աստծուն տամ, սիրտս[69] ձեռիս չի՝ թե կրակը քցեմ, էրեմ, երկնքին ձեռս չի՛ հասնում, ձենս անկաջդ չի ընկնում, ղուշ ա գլխովս թռչում, քո անունն եմ տալիս, շունչս ա բերնիցս դուս գալիս, քո կրակը[70] ջիգյարս ընկնում, աչքիս եմ հուփ տալիս, սիրտս ա տրաքում, բերանս եմ կալնում, միտքս ա[71] ցնորվում։ Տուն եմ մտնում՝ պատերն են ինձ դժոխք դառել,[72] դուս եմ գալիս, սարեր, ձորեր սև օրս լաց ըլում, երկնքին եմ նայում՝ մեկ ձեն չի գալիս, երկրին եմ մտիկ տալիս՝ մեկ խաբար չիմանում։ Բարձին եմ դնում գլուխս, շունչս ա ինձ[73] բոցի պես խորովում, երեսս եմ բանում, աստղերն են սրտումս ցցվում։ Արտասունքս ծով ա դառել՝ Աղասի ջան, ախ ու ոխ քաշելուցը՝ շունչս կտրվել, գլխիս էլ մազ չմնացել՝ որ քամուն չտամ, երեսիս էլ տեղ չմնացել, որ չկտրատեմ, տան ու դռան էլ քար չմնացել, որ դոշիս չխփեմ, էլ հող չմնացել, որ գլխիս չթափեմ, գլխիս տալուցը ձեռներս բեզարեց, էնքան լաց եմ էլել, որ աչքս խավարեց,[74] բայց ա՜խ, ա՜խ՝ իմ տվածը չի՛ հոգիս, որ ասեմ դուս գա, իմ ձեռին չի շունչս՝ որ ասեմ եդ գնա. թե սաղ սաղ էլ գերեզմանը մտնիմ, ո՞ւմ ձենը լսեմ, ո՞ւմ երեսը տեսնիմ, ո՞ւմ հոգիս տամ, ո՞ւմ ոտի տակին գլուխս դնեմ, ո՞ւմ էս[75] փետացած ձեռներովը խտտեմ, ո՞ւմ էս չորացած լեզվովն ասեմ. «Մեռնիմ էլ՝ Աղասի ջան՝ հոգիս գլխովդ պտիտ կգա. ապրեմ էլ՝ որդի ջան, ջանս քո ուղուրիդ դրած ա։ Հոգիս երկընքումն ըլի, մարմինս ա առաջիդ փիանդա. շունչս վրես ըլի, դու ես իմ սրտի մուրազն։ Հող կդառնամ, հողս քեզ պտուղ կտա, ջուր կկտրվիմ, քո դաշտի, ծաղկի վրա կթափեմ, դրախտումն ըլիմ, քո ծառի ճխկների վրա բլբյուլի պես կկանգնիմ, քեզ անուշ քուն կդնեմ, աշխարքումս ապրեմ՝ ջանս քեզ ղուրբան կտամ, թաքըլի դու ծաղկիս, ծլիս, զորանաս,[76] անումիդ մեռնիմ»։

«Անումիդ մեռնիմ, արևի՛դ մեռնիմ՝ Աղասի ջան։ Մոր ազիզ պահած՝ [ 353 ] որդի ջան․ հոր[77] աչքի լիս՝ քեզ ղուրբան՝ ալամ աշխարքի գոված. Աստծու դիրեկան, մարդի սիրեկան, ջանս քեզ մատաղ, Աղասի ջան։ Փուշ էիր տընկում, վարդ էր քեզ դառնում, քարին էիր ձեռը տալիս, քարը հոգի առնում։ Մեկ հոգի ունեիր, հազար աղքատի սրտում, մեկ շունչ ունեիր, հազար հիվանդի բերնում։ Մեկ անուն ունեիր, արարած աշխարքում․ երկու ձեռն ունեիր, մեկը ողորմություն տալիս, մեկը աչք սրբում։ Ա՜խ՝ ո՞ւմ մեկ թթու խոսք ասեցիր, որ[78] ինձ անիծեց, ո՞ւմ վրա դուռը հետ արիր, որ ինձ վա՜յ տվեց։ Ո՞ւմ վեր ընկած տեսար, անցկացար, որ մորդ գլուխը լաց էլավ։ Ո՞ւմ կաթը կերար, որ քեզ լեղի դառավ․ ո՞ւմ ձեռին մեծացար, որ գիշեր, ցերեկ քեզ չօրհնեց, ո՞ւմ ծնկան վրա քնեցիր, որ[79] երեսիդ քրտինքը տեսնելիս, հազար անգամ աչքը երկինքը չքցեց,[80] արտա–սունքն երեսիդ չթափեց ու մեղավոր բերնովը չասեց։ Աստված փառքդ շատ ըլի․ դու տվիր, դու պահի՛ր․ իմ կյանքս ա՛ռ, սրա վրա դի՛ր, սրան մեկ փորձանք գալիս, իմ աչքը հանիր։ Ինչ սրան անելու ես, ինձ արա՛․ թուր պետք է սրան դիպչի․ առաջ իմ սրտումս ցցվի․ կրակ պետք է սրան էրի, սֆթա ինձ փոթոթի, սրա աչքը ցավելիս, իմ աչքը դուս գա՛, սրա ցավն ու չոռը իմ գլխիս թող գա։ Ո՜վ երկնային թագավոր, Աստված՝ թաքըլի սա զորանա, մենձանա, հաց չունենամ, գոնե դուռը կընգնիմ, սրան կպահեմ, գլուխս կծախեմ, սրան կհասցնեմ․ քար կկրեմ, սրան չեմ ասիլ տալ՝ թե մուխը դիպա քեզ՝ որ թաքըլի սա իմ երեսիս հող քցի, սա իմ աչքս խփի, սա իմ գերեզմանս օրհնի․ իմ օջախիս սին ու ճրագը սա դառնա, որ իմ հիշատակս աշխարքի երեսիցը չկտրվի, իմ տան ծուխը չպակսի։

«Աղասի ջան՝ ծուխս հատավ, կտրվեցավ, տունս քանդվեց, հիշատակս քոռ էլավ, հիմքս բրիշակ, աստղս խավարեց․ իմ փայ արեգակը վաղուց մեր մտավ, իմ փայ երկինքը վաղուց փուլ էկավ։ Ինձ համար էլ լիս չի բացվում․ ինձ համար էլ աղոթարանը չի՛ ծագում․ օրն ինձ համար գիշեր, գիշերն ինձ համար տարտարոս, դժոխք։ Վաղուց եմ գերեզմանիս ղրաղին կանգնել, հորը փորել, հազար անգամ մեջը մտել, դուս եմ էկել, բայց հողն ինձ տե՞ղ կանի, որ քեզ չեմ տեսել, աչքս կկպչի՞, որ քեզ չեմ նայել, գերեզմանումը կդինջանա՞մ, որ դեռ բերանս բերնիդ չառել, լեզուս լեզվիդ, աչքս աչքիդ, դոշս դոշիդ՝ էդ ազիզ ջանիդ ղուրբան Աղասի։ Հրեշտակը սիրտ կա՞նի, որ ինձ մոտանա, էն ձեռը չի՞ չորանալ, որ ինձ լվանա․ էն լեզուն չի՞ փետանալ, որ իմ սուգն անի․ էն բեմը չի՞ քանդվիլ, որ իմ[81] նաշը տեսնի, էն բաժակը կրակ չի՞ դառնա, որ հոգուս համար պտի խմեն, էն խունկը չի՞ բոց դառնալ, որ ինձ վրա պտի ծխեն։ Որ որդին մոր գլխին կանգնած չըլի՛, էն մորը ո՞նց պետք է թաղեն, որ որդին մոր սուգը չանի՝ էն ծնողը ո՞նց պետք է հողը դնեն։ Որ որդին մոր գերեզմանը չօրհնիլ տա, էն քարը ո՞նց պետք է քցեն»։

«Աղասի ջան, Աղասի, երեսս ոտիդ տակն՝ Աղասի։ Ի՞նչ կըլի մեկ շվաքդ էլ ա տեսնիմ,[82] եդո հոգիս տամ, մեկ ձենդ էլ ա լսեմ, եդո աչքս խփեմ, մեկ ձեռդ բերանս առնիմ, եդո շունչս կտրեմ։ Էն ի՞նչ օր էր, որ գլուխդ գոգումս, ձեռներդ դոշիս՝ ջուրն էի գնում, քամակիս կապում, հանդն էի [ 354 ] գնում,[83] ուսիս քեզ դնում։ Մեկ ձեռս բերնումս, մյուսովն քեզ բռնում, խոտ էի հնձում, քեզ ճոճումը դնում, հետդ խաղ ասում, ու քեզ օրորում, պտուղ հավաքում, քեզ մեջքիցս կապում, հացը իմ բերնիցս հանում քեզ տալիս, պտուղը ծառիցը պոկում, դեմ անում․ հազար անգամ[84] մեկ գիշեր վեր կենում, ծածկում քեզ, պահում,[85] ջան, ղուրբան ասում, արտասունքդ սրբում, երեսդ համբուրում,[86] վրեդ խաչակնքում, ու աղոթք անում, կամ քեզ գիրկս առնում, հետդ քուն մտնում։

«Հերդ զրնդանում, ոտները բխովում, Նազլուն կիսաջան մահի հետ կռվում, հենց ես եմ[87] մենակ չոր գլուխս պահում, որ մեկ շունչդ քաշեմ ու քո սուրբ գոգումն՝ գլուխս դնեմ, բարով մնա՛ ասեմ։ Բարով մնա ասեմ, ու աչքս խփեմ, որ քո արտասունքը ես հեչ չտեսնեմ, Աղասի ջան, ախ՝ անուիդ մեռնիմ։ Բաս քո խեղճ մորը հեչ միտք չես բերում․ բաս քո ջրատար հոր հալը չե՞ս հարցնում։ Բաս[88] ջիվան Նազլուդ, որ քեզ ա ուզում, անունդ ա տալիս՝ թե աչքն ա բանում, քո սիրով էրվում՝ թե քեզ ա հիշում, շունչը բերնումը՝ հրեշտակն առաջին, ոտը հողումը,[89] խաչն գլխատակին, պատանը ծալած, խունկն, մոմն հազրած, աչքը խոր գնացած, բերանը փակված, լեզուն չի բռնում, որ անունդ տա, ա՜խ քաշելու տեղ՝ նա Ա՜ղ․․․ է ասում․ ո՜խ ասելու փոխ նա սի՜․․․ հանում։ Արտասունք չունի, սիրտը հովացնի, էլ թաղաթ չունի, որ ինձ էլ չէրի։ Ոտդ ինչպես ա քարերին բռնում, աչքդ ինչպես քուն գալիս, մտնում, գլուխդ էդտեղ լվա՛, էստեղ չորացրո՛ւ․ հենց մեկ սհաթ թռի՛, արի՛, հողին տո՛ւր մորդ աչքը խփի, Նազլուդ հետդ տար․ գնա՛, արևիդ մեռնիմ Աղասի. ինձ թաղիր, բայց Նազլվիդ մի՛ թողար․ քեզանից ավել սա էլ ով ունի, քեզ ապավինեց, արի՛ սրան հասի, քանի շունչ ունի, տար, որ չտեսնիմ․ հենց քեզ տեսա թե չէ հոգիս ձեզ կտամ, ես հողը կմտնեմ, ձեզ բարով կտամ, եկե՛ք, թաղեցե՛ք, փախե՛ք գնացե՛ք, էս դառն աշխարքիցս ոտներդ քաշեցե՛ք, ու ձեր ջրատար մոր հոգին հիշեցեք»։

Էս թուղթը հենց կարթալիս, հարիր անգամ իրանից գնաց, եդ էկավ, էլ եդ սկսեց կարդալ, էլ եդ գնաց։ Վերջը թուղթը ծալեց ծոցը դրեց, գլուխը քարին։ Իրիգնահովն ընկել էր որ աչքը բաց արեց, ձեռը ծոցը տարավ որ մոր գիրը մին էլ կարդա, իր սիրելունն ընկավ ձեռը, իր Նազլվինը, շշկլած, շշմած սկսեց կարդալ։ Նրա թղթի միտքն էլ էս էր։

Թուղթ Նազլվի առ Աղասին։72)

Երա՛բ՝ որ սիրտս հանեմ էս թղթումը դնեմ, երա՜բ որ բաց անես ու հազար թուր միջումը[90] ցցված տեսնիս, կիմանա՜ս էն ժամանակը՝ թե Նազլուդ, քո ջրատար Նազլուդ ի՞նչ ցավ ա քաշում, ի՞նչ օրումն ա, ի՞նչ հալում, իմ գլխի տե՛ր, իմ ըմբրի թագավոր՝ Աղասի։ Ո՞ր սարերն են առաջիդ դեմ էլել, ո՞ր գետ ա ճամփեդ կտրում, ո՞ր ձեռն ա թևիցդ բռնում, քեզ եդ քաշում, ա՜յ իմ թագ ու պարծանք՝ որ էսպես ինձ կրակում թողել ես, ինձ դժոխքը ղրկում, դու արքայությունումը քեֆ անում, ինձ [ 355 ] սուրը քաշում, դու ձեռներդ լվանում, ինձ դիվանոնցը տալիս, դու հրեշտակների միջին արևիդ ձենն ածում, ու լիս երեսդ եդ դարձնում, որ ինձ հողն էլ ա դնես։ Աղասի, Աղասի, ջանիդ ղուրբան, Աղասի, երաբ սիրտդ քա՞ր ա դառել, երաբ աչքդ ծաղիկ ու թուփ չի՞ տեսնում, երաբ երեսդ երկնքին չի՞ առնում, որ տեսնիս՝ թե ի՞նչ մրրած ամպեր են առաջիդ կանգնած, ի՞նչ կրակ է երկնքիցը վեր գալիս, չես իմանում՝ անիրավ՝ անջիգյար՝ թե էս կրակն, էս բոցը, էս ծուխն ու էս ամպը՝ իմ բերնիցն են[91] դուս գալիս, սիրտս ա քուլա քուլա հանում, վերևը աստղերը խավարակնում, բռնում, կսկծացնում, ներքևը սար ու ձոր չորացնում,[92] պապանձացնում, անձող շինում։

«Հարիր անգամ գերեզմանի դուռը հասա էլ եդ էկա, հարիր անգամ արեգակը որ մեր մտավ, ես էլ իմ հոգիս ճամփու քցեցի, ու ա՜խ՝ էլի[93] ծեգը բացվելիս[94], հենց իմանում էի՝ թե հողումն եմ, չէի ուզում շունչ քաշիլ, հենց իմանում, թե մեռելների կոխկին քնած եմ, չէի ուզում գլուխս բարձրացնեմ, ու էլի մորդ, ա՜խ քո ումբրը խավարած մորդ՝ որ ձենն անկաջս էր ընկնում,[95] էլ եդ աչքս բաց[96] էի անում, մազերս նրա ոտի տակին փռում,[97] որ յա ինձ սպանի, յա թե չէ՛ մահի[98] ձեռիցը ինձ չխլի, ինձ սաղ սաղ էսպես չէրի, չխորովի՝ ամա՝ էլի որ նրա էն խավարած աչքերը, էն չորացած մազ դառած ջանը որ տեսնում էի,[99] որ իմանում էի[100] թե նա էլ քո ցավն ա քաշում, քո դարտովն ա էնպես փոթոթվում, քո, քո գլխովդ ման տամ, միտք էի անում,[101] որ թե մեռնիմ, էլ նրան աշխարքումը պահող չի ըլիլ, որ ինձ թաղեն,[102] ինքն էլ հետս սաղ սաղ հողը կմտնի, որ ինձ նաշը դնեն, ինքն առաջ կվազի, գերեզմանը կընկնի, յա ջրումը կխեղդվի, որ միտք էի անում, թե նրա խորոված սիրտը ինձանով ա մի քիչ հովություն գտնում, քո կարոտը, քո անոշ հոտը, համը քիչ թե շատ՝ ինձանից ա նա առնում, ինձ որ չունենա, յա սովը պետք է նրան սպանի, յա քարեքար պետք է ընկնի, որ ղուրդ ու ղուշ նրա ջանը քրքրեն ու մեկ հողի,[103] մեկ օրհնած տեղի էլ ա հասրաթ մնա, ի՞նչ պետք է անեի, ո՞ր ջուրն ընկնեի, հոգիս իմը չէր, որ հանեի նրան տայի, որ բալքի նա ապրեր, քեզ տեսներ, քո սուրբ ձեռը բռներ՝ գար գերեզմանատունն ու գլխիս կանգներ ասեր․ «Աղասի ջան՝ էս ա Նազլվիդ հանգստարանը, էս հողին նա իր ջանը ղուրբան տվեց։ Հետս խոսում չէր՝ որ դարտն իմանայի, ես էլ չոփ էի դառել, աշխարքն աչքս չէր գալիս, որ մեկ մոտին, նստեի, քրտինքը սրբեի, յա մեկ սառը ջուր տայի։ Ես իմ տեղումն էի կրակի միջումն էրվում, սա իր բարձի վրա, ես իմ գլուխս էի բարձրացնում, որ հոգիս տամ, սրա հրեշտակն էի տեսնում՝ գլխին ման գալիս, ես ա՜խ էի քաշում, որ ձենս քո անկաջն ընկնի, սրա անկաջն էր ընկնում, սրան էրում, մաշում։ Ա՜խ՝[104] հինգ ամիս էսպես չարչարվեց, էս խեղճ ջրատարը, ո՛չ դեղ կարաց սրան եդ բերիլ, ո՛չ դեղապետ, ո՛չ տերտեր, ո՛չ հսկումն, ո՛չ աղոթք, ո՛չ սրբություն, մեկ առավոտ էլ՝ ա՜խ՝ էն սհաթը գնա, ո՛չ եդ գա։ Աչքս բաց արի՝ որ վեր կենամ՝ յա երեսը ծածկեմ, յա տեղը փոխեմ, տունը [ 356 ] գլխիս փուլ էկավ։ Աչքերը երկինքն էր քցել, երեսն աղոթարանը՝ ձեռները ու դոշը բաց էր արել՝ հենց իմանաս էն եդին սհաթին էլ իր հրեշտակին ուզեցել էր՝ որ խնդրի, մի քիչ համբերի, որ բալքի թե էս սհաթին էլ ա մեկ դուռը բաց էիր արել, մեկ քեզ տեսել էր, մեկ հասրաթդ առել էր, ու ետո հոգին տվել, բայց դու չէիր էկել, հրեշտակն էլ չէ՛ր համբերել․ իմ տունը քանդել, իմ աչքը հանել, հոգին երկինքը տարել՝ փետացած մարմինը աչքիս առաջին թողել՝ որ քանի միտս ա ընկնում, ուզում եմ հոգիս տամ, նրան եդ բերեմ, բայց ախ՝ հրեշտակի սրին, Աստծո[105] հրամանին ով դեմ կկենա։ Ընկի՛ր գերեզմանի վրա՝ Աղասի ջան՝ էս գերեզմանը քո արնի գինն ա։ Քո աչքի լիսն ա էստեղ թաղած, երեսդ հողին տո՛ւր՝ որ բալքի հողն էլ ա նրա մուրազը տա, բալքի հողիցն[106] գալդ իմանա ու գերեզմանումն էլ ա դինջանա։ Ա՜խ՝ ի՞նչ կըլեր՝ որ էնքան ցավը քաշեց, մեկ օր մեկ ձենն էլ ա իմանայի, մեկ օր մեկ խոսք էլ ա ասեր, որ սրտումս դարդ չմնար, ինձ էսպես չէրեր, չխորովեր։ Ախ էլ որ քաշում էր՝ էն կրակ դառած շունչն էր երեսիս դիպչում, լաց էլ որ ըլում էր՝ էն քուլա քուլա արտասունքն էի տեսնում, մեկ աչքն էլ ա չէր բանում, յա գլուխը բարձրացնում, որ բալքի երեսն երեսիս առներ, աչքը աչքիս, որ մեկ սիրտս հովանար, մեկ լացը սրբեի, իմ աչքը իրան տայի, որ ինչ արտասունք ուներ, ինձ տար, գետնին վեր չածեր, իմ սիրտը հանեի, իրան տայի՝ որ ինչ ցավ ուներ, բոլոր թափեր, ինձ պահ տար, որ ես էլ պահեի, էսօր քեզ թափշմիշ անեի, որ քանի տեսնիս, իմանաս՝ թե քո խեղճ ջիվանդ Նազլուդ՝ քո սիրովը մեռավ, քո կարոտով գետինը մտավ, որ քանի նրա անունը տաս,[107] հրեշտակ էլ որ ըլի, թամահ չանես, էլ էն բարձի վրա ուրիշ գլուխ չդնես, որի վրա քո սիրելիդ, քո Նազլուդ հոգին տվեց, որ էդ դոշդ էլ ուրիշի դեմ չանես՝ որ Նազլվի ջանը հանեց։ Էդ լեզուդ էլ ուրըշի ջան չասի՝ որ Նազլվին կրակ դառավ, էրեց»։

«Չէ՛, Աղասի ջան՝ թե քո մերն եմ՝ ասածս արա՛, քանի Նազլվիդ գերեզմանը աչքովդ ընկնի, քանի քնից վեր կենաս, երեսդ երկինքը քցես, կամ բաղը մտնես՝ ծաղկըներդ ջրես՝ յա պտուղը քաղես՝ դոշդ բաց արա, նրա անունը տուր, նրա գլուխը լաց ի՛լ․ թուփ չի կա՝ որ նրա արտասունքը տեսած չըլի, քար չըկա՝ որ նրա դոշին չըլի դիպել, ծաղիկ ու խոտ չկա, որ նրա գլուխը չըլի խտտել, լացը տեսել, հետը լաց էլել, նրա քթի ծուխը իր մեջը քաշել, ու ախ քաշել, որ թառամի, չորանա ու նրա կսկիծը չտեսնի, նրա ձենը չլսի։ Թե իմ կաթն ես կերել՝ Աղասի ջան՝ թե իմ ձեռին մենձացել, քանի շունչդ բերնումդ ա, քո ոտդ վրեդ, արի՛, արի՛ էս սուրբ հողի վրա կանգնիր, ինձ էլ սրա հետ թաղիր ու եդո Աստված քեզ հետ։ Քանի որ սաղ եմ, թուր կխրեմ սիրտս, աչքս կհանեմ, ես ուրըշին հարս չեմ ասիլ, ուրիշին էլ մեր չեմ դառնալ, ուրըշին էլ գլուխ չեմ տալ, ինձ էլ աչքալիս չի՛ հարկավոր, չի՛ հարկավոր. իմ աչքիս լիս սա էր՝ որ հողը մտավ, իմ օրս ու ումբրս սա էր, որ փչացավ, սրա կոխած տեղը՝ թե ուրըշի ոտ կոխել ա, հոգիս կտամ, թե սրա տեղումն ուրիշ էլ քնել ա, ջուրը կընգնիմ։ Սրանից եդը՝ որ աշխարքս ջավահիր դառնա, էլ ինձ չի՛ [ 357 ] հարկավոր, չի՛ հարկավոր։ Մեռնելիս էլ՝ անկաջումն էն եմ ասել՝ գնա՝ իմ ջանի հանող, քանի շունչս վրես ա, Աղասին էլ կարմիր չի կապիլ, էլ ձեռները հինա չի դնիլ, նրա հինեն վաղուց քամուն տվի։ Մեկ բարձի գլուխ դրիք, մեկ հողում պետք է քնիք, ինձ էլ մեջըներդ առեք, որ ձեր սերը գերեզմանումն էլ տեսնիմ, երկնքումն էլ վայելեմ, ձեզ օրհնեմ, ձեզ որդի ասեմ, Աստծուն՝ ինչպես առա, էնպես ամանաթ տամ»։

«Գերեզմանի ղրաղին կանգնել եմ, քե՛զ եմ կանչում՝ Աղասի ջան․ ձեռս ու դոշս բաց եմ արել, քեզ եմ ուզում, ջանիդ ղուրբան, հողն իմ ձեռովս եմ առել՝ որ երեսիս քցեմ, քո մատաղդ գնամ, պատանս ես եմ կարել, որ մեջը մտնիմ, խունկս ու մոմս ու ժամոցս իմ ձեռովն եմ տվել, անումիդ մեռնիմ։ Էլ ժամ, պատարագ, էլ տերտեր, բաժակ ինձ չի հարկավոր՝ երեսս ոտիդ տակը․ հազար անգամ հրեշտակիս ոտն եմ ընկել, եդ դարձել՝ որ մեկ ձենդ լսեմ՝ էս քառացած անկաջովս՝ մեկ երեսդ տեսնիմ, էս խավարած աչքովս մեկ է՛դ սուրբ ձեռդ էս քարացած դոշին դնեմ, մեկ էդ ազիզ երեսդ էս հող դառած երեսիս դնեմ ու էս էրված խորովված, քրքրված հոգիս ու շունչս քեզ տամ։ Աղասի՛ ջան՝ բաս սիրտդ էնպես մեռել, փետացել ա, որ էլ ինձ չե՛ս սիրում, էլ չե՛ս անունս տալիս, էլ չե՛ս ուզում որ էն բարձումն ու էն տեղումն՝ որ մեր արևը մտավ, դնես ինձ ու տանես հողը քցես՝ որ էս փուչ աշխարքիցը մի պրծնեմ, մի պրծնեմ»։

Ողորմելի աղչիկը էլ չէր կարացել սրտին հուփ տալ, ոտ ու ձեռ դող էր ընկել, մնացել վեր ընկած։ Կեսուրն էկել էր տուն տարել, ու թուղթը ղրկելիս՝ ընկավ Աղասու հորախպոր ոտները՝ որ էս բայաթին թղթումը գրիլ տա, ու հետը տանի, որ ինքն առաջուց շինած, բերան գիտեր։

Գարունքը բացվել ա, դաշտերը կանաչել,
Ծառերը ծաղկել, սարերը զարդարվել․
Բլբյուլն իր վարդի սիրովն կշտացել.
Հենց ես[108] քո սերին[109] հասրաթ մնացել։ Ա՜խ հասրաթ։

Ինչ քար տեսնում եմ, դու ես առաջիս,
Ինչ խոտ կոխում եմ, դու միտքս գալիս․
Թե ջուրն եմ խմում, քո համն ա տալիս,
Ծաղիկ եմ քաղում, քո հոտն ինձ տալիս։ Ա՜խ, քո հոտն։

Լալով աչքերիս լիսը խավարեցավ․
Ա՜խ, ո՜խ քաշելով լերդս չորացավ.
Ո՞ւմ սիրտս բանամ, ո՞ւմ ասեմ իմ ցավն․
Ասեմ էլ դարդս ո՞ւմ սրտին կտա ցավ։

Չեմ ուզում աչքս երկինքը քցեմ,
Լիսնյակն, արեգակն ինձ հավար կանչեմ,
Նրանք ի՞նչ սիրտ ունեն, որ նրանց դարդս ասեմ․
Արի՛ արեգակ իմ, քեզ[110] հասրաթ եմ։

[ 358 ]

Երաբ քո սիրտն էլ իմ հետս ցավում ա,
Երաբ իմ անունս միտքդ գալիս ա.
Թե անբան քարեր ձենս ու սուգս լսում,
Ո՛չ հետս խոսում, ո՛չ սիրտս առնում։

Էդ սուրբ երեսդ թո՛ղ մեկ էլ տեսնիմ,
Մեկ էլ մոտիդ նստիմ, մեկ էլ ճտովդ ընկնիմ,
Թող էն ժամանակն ես տամ իմ հոգին,
Մեռնիմ արևիդ[111] ա՜խ՝ ոտիդ տակին։

Նազլվիդ աչքը ճամփին մի՛ թողար,
Նազլվիդ մի սպանիր, Նազլուդ ջրատար
Քեզ ղուրբան ըլի, հասի՛ր նրան հավար,
Հասի՛ր հողը դի՛ր,[112] գնա քո աշխար։

Ա՜խ՝ այ իմ աստվածասեր կարթացող՝ քար որ լսի էս խոսքերը, կպատռի, բաս Աղասին ինչպե՞ս պետք է դիմանար։ Բայց ա՜խ՝ մարդիս հոգին խոր ա, ջիլը կակող․ լեն օրին չի՛ դիմանում, թե չէ նեղ օրին քանի կենում ա, սովորում ա։ Շատ անգամ փամբակեցի հայ ռաշիդ տղերքը խոսքը արին, որ գնան՝ նրա մորն ու կնկանը փախցնեն, բայց խելոք մարդիկ չթողին, չունքի հորը բանդումը թիքա թիքա կանեին։ Շատ օր վարավուրդ արին, որ Աղասին ձին թամքել ա տալիս, որ փախչի, գնա հորն ու մոր հետ յա մեռնի, յա նրանց ազատի, իսկույն ձեռն ու ոտն էին ընկնում, նրան եդ բերում։ Էս հալին էնքան տանջվեցավ, որ գարունքը բացվեց, սար ու ձոր նոր ի նորոգ զարդարվեցավ։ Թուրք ու Հայ քիչ քիչ դաշտերից սկսեցին քոչիլ ու յայլաղ գնալ, Աղասուն էլ հետըները տարան։ Աղբրների գլխին, ծաղկների վրա օբեքը (վրանը) տվին խալխը ու առավոտը որ վեր էիր կենում, հազար սարի ծերից ծուխն ու ամպը երկինքն էին վեր անում, շաղն ու ցողը, անձրևի հետ նրանց շորերի երեսի վրա դնում։ Կթի տավար րիգուն առավոտ կնանիքը կթում, կաթը հավաքում, եղ էին հանում, կամ պանիր շինում, մարդիքը որը մալը սարնըվեր էր տանում, որը եղ, բուրդ, պանիր, քաղաքն էր տանում, ծախում, շորի տալիս, բրինձ կամ եմիշ առնում, բերում, իրանց խիզանոցը ուրախացնում։ Բազին էլ վախտ վախտ գնում էին էլ եդ դաշտը որ մասիլը բաղերը ջրեն, հացը քաղեն, կասեն, խոտ հնձեն, որ ձմեռը ապրուստ ունենան։ Բազի վախտ չարչի էր գալիս միջները, ու կնանոնց, օղլուշաղի հետ իխտիլաթ անելով, եղ ու պանիր կամ բուրդեր հավաքում ու տեղը ճոթ, խուրդավաթ տալիս։ Ամեն գեղի օբա իրան համար ջոկ էր։ Մալը կթելուց, եղը հարելուց եդը կնանիքը սկսում էին ջահրա մանիլ, շալ կամ խալըչա կամ գյուլբա գործել, կամ մանել, կարել։ Էստեղ էլ տունը չէր, որ հարսն ու աղչիկ պուճախը մտնեն, թախ կենան։ Որ օբեն մտնեիր, բոլոր օղլուշաղն առաջիդ էր, տղերքը հանդումը, աչքդ քցելիս, հազար թուշ կարմրում էր, հազար աչք գետնին կպչում ու էնպես ամոթու կրակված՝ որ ունքերի [ 359 ] տակիցը հազարից մեկ անգամ աչքիդ չէ՛ր ընկնում, էնպես իմանում էիր՝ թե երկինքը բաց էլավ, ուզում էիր երեսիդ խեչ հանես, ծունր դնես, երեսդ հողին կպցնես, որ ամենաբարի Արարիչն մարդի փոքր երեսին էլ էնպես արեգակ ա ստեղծել, որ նրա լիսը երկնային արեգակիցն ավելի ա սիրտ էրում, վառում, էլ ամոթխածության կարմրատակ ամպի պես, հորնը մոր աչքի սաստը սև մառախուղի պես էլ եդ բռնում, էլ եդ սիրտդ մթնացնում էին։ Աչքդ որ չէիր բաց անում առավոտը ու ձորերին քցում, հազար տեղից, ճեղքից, ձորից, արանքից, մեշից ամպը քուլա քուլա որ չէր բարձրանում, իրար ծոց անում կամ էլ եդ սարերի գլուխը խտտում, կամ ծառերի, ծաղիկների դոշին խաղ անում ու արեգակի շողքը հազար գունով, հազար տեղից՝ իրանց բերանը քաշում, նրա լիսը ծծում, հենց իմանում էիր՝ երկիրը երկինք ա դարձել սար ու ձոր՝ լիս, քո օբեն եդեմական դրախտը, անմահական ջուր ու ծաղիկ կոխքիդ ու Ադամն իր քեֆին էր ման գալիս, Եվեն իր։ Ու մյուս աղջիկ ու տղա հրեշտակի պես առաջիդ խաում էին, քեզ էիր միայն համարում մեղավոր, ու սիրտ չէիր անում, որ նրանց մոտանաս։ Գիշերվան մութը բռնած վախտը որ տավար, ոչխար, իլխի՝ կթելուց եդը չէին հավաքում օբի չորս կողմը ու օբումը կրակի չորս կողմը նստում, որը գողից պատմում, որը կովից, որը թվանքը լցնում, որը թուրն ու ղամեն հազրում, որը դուս գնում, մեկ թվանք քցում, ձեն տալիս, էլ եդ ներս գալիս՝ որը գող չի գա, կամ գել չմոտանա, ու էս կողմիցը գիլանը, էն կողմից առջ ու[113] չախալը, օբիցը շները, սարիցը ջանավարները ձեն ձենի չէին տալիս ու ղշղրու քցում, ու բազի վախտ ամպ, կայծակը երկինք ու գետինք իրարոցով տալիս, հենց իմանում էիր՝ թե մահվան հրեշտակն առաջիդ կանգնած՝ հոգիդ ուզում ա։ Բայց սարի խալխը սովոր էին։ Նրանց քունն էլ էր անոշ, նրանց հացն էլ։ Ոչ ամպից էին վախում, ոչ գելից, ո՛չ գողից․[114] շատ վախտ որ թվանք չէ՛ր տրաքում, կնանիքն էլ էին ծիծաղելով ասում․ «Հա, լավ արին, աչքը հանեցին, տեսնես, որ հարամզադեն գողությունի գնաց, տվին, սպանեցին․ կամ արջի, գիլի հոգին հանեցին»։ Շատ անգամ մարդիքը հենց իրանք՝ իրեք չորս օրով՝ թվանքներն ուսըներին մեն մենակ ընկնում էին սար ու ձոր, որ էսպես մեկ քաջություն գործեն, շատ անգամ բերում էլ էին, կամ ֆորս էին վեր քցում,[115] բերում խորովում, գեղովի ուտում, քեֆ անում։ Բայց օղլուշաղը մեն մենակ օբումը սատանից էլ չէր վախում։ Ինչ ունեին՝ էստեղ էր․ երեխի օրորոցը, կամ ճոճը, հավ, ճուտ, պղինձ, աման, տեղաշոր ու գիշեր ցերեկ էնպես բաց վեր ընկած էր ըլում, ո՛չ վերցնող կար, ո՛չ տանող։ Ինչ տեղ խոտը հատնում էր, քոչում էին մյուս սարը։ Եզ, ձի, կով, գոմեշ, աչառ, էշ բոլոր բարձած առաջ անում, կնանիք, օղլուշաղ վրեն նստացնում, հավ, ճիվ, կախ տալիս ու բայաթի ասելով երըմիշ ըլում։ Մեկ ձիու վրա շատ անգամ երեք հոգի են[116] ըլում նստած։ Կերածները եղ, կարաք, սեր, մածուն, խմածները անմահական աղբրների ջուրը, դոշակ յորղան ծաղիկ ու թուփ։ Ո՜վ ըլի, որ էսպես տեղը սիրտը վարդի պես չբացվի, [ 360 ] երեսը արեգակի պես չփայլի, հոգին[117] հայլու պես թամուզ չըլի։ Աղբրների քչքչոցը,[118], ջրերի խշշոցը, ծառերի սլսլոցը, ղշերի ծլվլոցը, չոբանի թութակը, գառան, ոչխարի, կովի ու ֆորթի բղղոցը, բառանչալը՝ ուզում էին մարդի սիրտ կրակեն ու ասեն. «թե ուզում ես դրախտ, էստեղ կաց, էսպես կաց, սիրտդ անմեղ պահիր, միտքդ թամուզ։

Չեմ կարող ասիլ, թե էս տեղի փոփոխությունը Աղասու սիրտը բաց չի արեց, քար ըլեր, կկակղեր, կրակ ըլեր, կհանգչեր, ուր մնա նրա սիրտը։ Բայց Աղասու գլխին դեռ չար հրեշտակ էր պտտում ու ինքը ողորմելին չէր իմանում։ Շատ անգամ սարից որ օբեն չէր մտնում, հազար աչք մնում էին վրեն հայիլ մայիլ, իլահիմ որ իմացան նրա պատմությունը․ ամեն աչք ուզում էր նրա համար բացվի, ամեն բերան նրան իր շունչը տա։ Ում որ մեկ ծաղիկ չէր թավազա անում, աչքը արտասնքով լիքը ուզում էր ձեռի տեղակ սիրտը դեմ անի, քթի տեղը, հոգումը դնի նրա տված ծաղիկը։ Ով մեկ անուշ թիքա ուներ, նրա համար էր[119] պահում, մեկը սերն էր նրա առաջին դնում, մեկը ձվաձեղ, մեկը գառան միս, մեկը պախրի խորոված։ Շատը նրան կանչելիս, գառն, ոչխար էին մորթում, որ նրա սիրտն առնեն։ Նրա տխուր բայաթու ձենը, նրա աղիողորմ սուգը կամ արտասունքը՝ որ չէին տեսնում, մեծ, պստիկ ուզում էին նրան մատաղ գնան։ Աղչկերքը որ չէին դաստա դաստա սարի դոշին ման գալիս, ծաղիկ քաղում, գլուխ ու դոշ զարդարում, սիրտն ուզում էր թե տրաքի՝ որ իր Նազլուն էստեղ չէ՛ր։ Բայց Մուսեն, ջիվան Մուսեն՝ ոչ Նազլու ուներ, որ դարդ անի, ոչ հեր, որ բանդումը տանջվի, մեկ[120] ջահել մեր ուներ, էն էլ էսօր էքուց էր ընկել՝ որ մեկ քիր կամ ախպեր նրա համար բերի։ Բոյն էկել շիշակացել էր, չինարի դառել, բեղերն նոր էր բերնի վրա ծաղկել, թուխ թուխ ճալվերը շարմաղ երեսին հովին անելիս՝ հենց իմանաս՝ հրեշտակ ըլի թևով խփուժ։ Տասն վեց տարին անց էր կացել՝ դեռ նա թեք աչքով մեկի երեսի չէր մտիկ արել։ Բազի վախտ մեկ քող կամ սիպտակ լաչակ տեսնելիս՝ ղորդ ա, խելքը գլխիցը գնում, սիրտը կրակով լցվում, աչքերը արտասունքը կոխում, ուզում էր, սար ու ձոր ընկնի, գլուխն առնի կորչի։ Ամա մեկ քանի օր որ անց էր կենում, աչքը էլ որ չէ՛ր տեսնում, սիրտն էլ հովանում էր։ Բազի վախտ էնպես գիտես՝ թե նրան վեր ըլին քաշում։ Հովը տալիս, ծառը ծաղկելիս, ջուրը քչքչալիս, հենց գիտես՝ թե մեկ աներևույթ ձեն նրան ասում ըլի, Մուսա ջան, քնի՛, ես աչքդ կկապեմ, երազումդ հետդ կխոսեմ, որ զարթնես գյում կըլեմ, չունքի վախտը չի հասել՝ որ դու քո նասիբը քթնես, ինչ որ ճակտիդ գրած ա, էն պետք է ըլի։ Քնից որ վեր էր կենում, հենց իմանում էր թե հրեշտակները մոտիցը նոր թռան, նա չէր իմանում՝ թե սերն ա էս, որ քիչ քիչ նրա սրտումը տեղ էր պատրաստում։

Մեկ օր էլ էսպես, մեկ ծառի տակին քնած տեղը, երազում մեկ թաս գինի բերին դեմ արին, ու մեկ հրեշտակի պատկեր նրան՝ թևերն երեսին փռած կամաց ձեն տվեց․ «Մուսա ջան՝ յա խմիր էս թասը՝ յա ինձ սպանիր, իմ կյանքս քո ձեռին ա։ Հերնը մեր չունիմ, ընկել եմ մեկ [ 361 ] անօրեն տաճկի ճանկ, Ղարսա սարումն ա մեր օբեն, թե սիրտ ունես, թե Աստծուդ սիրում ես, արի՛ ինձ ազատի, չե՛ս ազատիլ, քո օրումդ դու չես տեսնիլ։ Մուսա ջան՝ գնում եմ, դու գիտես։ Արի՛, թե չէ էս ա քսան օր ա ինձ տանջում են՝ որ թուրքանամ, չեմ թուրքանում, քեզ եմ սպասում։ Ինձ երազումս ասացին, թե դո՛ւ ես իմ ազատողը»։

Աչքը որ բաց արեց, հենց իմացավ՝ թե ծառ, խոտ, ծաղիկ անմահական հոտով լցված ըլին․ ու արեգակի շողքը երեսը սղալելով՝ ուսուլով սարի քամակը <անցավ>։ Ուզում էր խոսա, ձենը չէր դուս գալիս, ուզում էր վեր կենա, ոտն ու ձեռը չէին զորում։ Թութակի, ու շվու ձեն էլ՝ որ անկաջը չինկավ՝ էլ եդ աչքը խփեց՝ ա՜խ ի՞նչ կըլեր ջահելությունը նրան չէր էսքան հաղթել, սերը չէ՛ր էսքան նրան թմբրացրել։ Մութը գետինն առավ, մատդ որ կոխեիր մարդի աչք, չէր տեսնիլ։ Ամպերը սարերիցը[121] գլխըները բարձրացրին, ոտները կտրեցին, չանկ ու դուման սար ու ձոր բռնեց, հենց գիտես հազար վիշապ բերանները բաց արած՝ գալիս են՝ որ սար ու ձոր կուլ տան։ Կայծակը էստեղ էնդեղ, որ չախմախին չտվեց, սարըցիք իմացան՝ թե ի՞նչ խաբար ա, տավար, ոչխար աղալի մեջն արին, թվանքներն առան, շները բաց թողին, չունքի լավ գիտեին, որ գողի, հարամու, ջանավարի ղզղուն վախտը հենց էս ա։ Ամպերը որ թոփ ու թոփխանեն չսարքեցին, ով ոտ ուներ, փախավ, ով աչք ուներ, փակեց, օղլուշաղը ալաչղի տակն, ճրագ կրակ հանքցրեց, որ աչքը մի քիչ էլ ա բան տեսնի, ու հենց ոտի վրա, ամենը մի կտոր հաց առան, էն էլ գոտիկը դրին, չկերան, որ տեսնին, վերջըները ի՞նչ կըլի, ինչպե՞ս կլուսանա։ Մեկ բարակ կարկուտ անձրևի հետ խառը էկավ, վրըներովն անց կացավ։ Երկինք, գետինք, սկսեց կրակվիլ, կայծակը որ չէր ղամշում սարի գլխին, ուզում էին՝ թե հազար գազ խոր գնան։ Ամպը որ չէր թոփի բերանը բաց անում, գետինն ուզում էր հազար կտոր ըլի, ու հոգին տա։ Ճրագ չկար, որ մարդ տեսնի, ձեն մարդի անկաջ չէր հասնում, Աղասին պատռեց գոռալով․ Մուսի անունը տալով՝ բայց ջուրը տանի նրա մորը, նա ի՞նչ տեղ էր, որ խոսք իմանա, ինչ նեղ սհաթի, որ գլուխ առնի, փախչի։ Աղասու ընկերքը ամեն մեկը մեկ սար ընկավ, գլուխը մահու տվեց, հարիր տեղ թվանք քցեցին, ու որքա՜ն էր նրանց ահն ու երկյուղը, երբ՝ որ իմացան, թե նրա թվանքն էլ վրեն չի։ Աղասին մահվան դուռը գնաց։ Ամպն էլ եդ առավ, կայծակն էլ, բայց գիշեր էր, ի՞նչ տեղ պետք է նրան քթնեին։ Ընչանք ծեքը բացվեց, օձերը ծնեցին, ու ով նրանց հալը կարա պատմի, երբ էկան տեսան՝ որ ջիվան Մուսեն արնի միջումը շաղաղված, չորս կողմի խոտն ու թուփը պոկած, մեկ ահագին քավթառ նրա դոշին նստած. Մուսի ձախու ձեռը բերնումը, քիչ մնաց՝ որ թուրն իրանց սիրտը կոխեն՝ որ ձեն չտվին ու վա՜յ տվին՝ Հսկայն Մուսա աչքը բաց արեց, ընկերներին որ տեսավ, գլուխը ժաժ տվեց ու ժպտելով ասեց․ «Աֆարիմ, լավ վախտի էք գալիս, էկեք կուռս հանեցեք, ղամեն շատ խորն ա գնացել, ձեռս էլ հետը, ինձանում էլ թաղաթ չկա, որ հանեմ»։ Ո՞ւմ աչքը էն ուրախությունը կտեսնի, ինչ նրա ընկերների աչքը տեսավ։ Վրա թռան, քավթառին դեն քցեցին, ու [ 362 ] Մուսեն՝ որ կուռը չհանեց, կեսը հենց բռնի՛ր, ծամած էր։ Մեկ սաղ սհաթ Աղասին նրա դոշիցը չէ՛ր պոկ գալիս։ Էնպես գիտում էր՝ թե էն կյանքիցն ա վեր էկել։ Սարըցիք էլ՝ էս ջիվան իգիթի սիրտը տեսնելով, մնացել էին զարմացած, ու սաղ շաբաթը հենց էն էին խոսում։

Բայց Մուսի աչքիցը քունն էր փախել, սրտիցը զարարը։ Արեգակն էր դուս գալիս, նրա օրը մեր էր մտնում, օրն էր մեր մտնում, նրա ցավերըն էին նոր ի նորո բացվում։ Սար ու ձոր նրա համար դժոխք էր դառել։ Գիշեր, ցերեկ նրա կերած հացը, նրա խմած ջուրը, նրա տեսած լիսն ու երազը՝ էն սքանչելի պատկերն էր, որ իրան կանչել էր։ Ծառերն էին սլսլում, թե ջուրը քչքչում, քամին էր փչում, թե հովը հնչում, նա ոչի՛նչ ձեն չէր իմանում, ոչի՛նչ չէր տեսնում, եթե ոչ իր սիրեկանի երկնային դեմքը։ Հսկայն Աղասին՝ որ իր վերջին օրումն էլ չէ՛ր ուզում, որ իր ընկերների մեկի մազն էլ ա թեքվի, վաղուց էր վարավուրդ արել սրա էս նեղությունը՝ վաղուց էր իմացել, որ իր սիրեկանի սիրտը, ուշ ու միտքը թռել ա, էլ վրեն չի, ամա չէր իմանում, թե պատճառն ի՞նչ ա։ Գիտեր, որ նրան աչքի լսի պես էր մինչև էն օրը պահել, բայց թե ի՞նչն էր նրան էսպես էրում, խորովում, չէ՛ր կարում հասկանալ։ Նա տեսնում էր, որ ջիվան Մուսին մեկ աղչկա ձեն լսելիս, մեկ աղչկա պատկեր տեսնելիս, իրանից գնում, խելքամաղ էր ըլում, ամա էնպես կարծում էր, թե էս էն առաջին կրակն ա՝ որ ամեն ջահել մարդի սիրտ վառում, բորբոքում ա, երբ ինքն իրան ճանաչում ա, երբ արինը եռ ա ընկնում ու սար ու ձոր մարդիս աչքին յա սազ ու քյամանչա են դառնում, ուշ ու միտքը տանում, յա թուր ու դանակ են դառնում, սրտումը ցցվում։ Շատ որ ճտովն էր ընկնում լալիս ու աղաչանք անում, որ իր դարդն ասի, արտասունքից ավելի ոչի՛նչ չէր տեսնում, լացից ավելի ոչի՛նչ չէր լսում։ Շատ անգամ, սիրտը բերանն էր գալիս՝ որ իր ցավերն ասի, ամա լեզուն չորանում էր պապանձում, երեսը կարմրատակում, չէ՛ր գիտում թե ինչ ջուղաբ տա, դողդողալով սարերն ու ծառերն էր նշանց տալիս։ Ընկերքն էլ էին մնացել մաթալ, թե որ մի ֆռսանդ էր ճարում, էլ հաց ու ջուր միտքը չէր բերում, գլուխն առնում, կորչում էր, սար ու ձոր պետք էր ոտնատակ տված, որ նրան մեկ տեղ քնած քթել էին։

Մեկ օր էլ էլի էսպես Մուսին ման էին գալիս, որ մեկ քարափի տակից էնպես մեկ ձեն էկավ, որ մարդ լսելիս՝ ջանը վրեն սրսռում էր։ Քամին ձենը ձորն էր քցել, ու քարերն էին էս խոսքերը եդ ասում։


ԲԱՅԱԹՈԻ ԳՈԻՆՈՎ

«Հրեշտակ էիր, որ ինձ երևեցար, ա՜խ, ինձ երև<եցար>․
Երկրումն ես ծնվել՝ թե երկնքիցն եկար․
Մեկ ջան ունեի, էն էլ դու տարար․
Ա՜յ իմ սուրբ պատկեր, արի՜, հոգիս ա՜ռ, ա՜խ, հոգիս ա՛ռ։

Մեռնիմ չես տեսնիլ[122], կորչիմ[123] չես ման գալ․
Սուր[124] կոխեմ սիրտս, դու չես իմանալ.

[ 363 ]

Ո՞ւր կորչեմ, որ էս անողորմ չանգալն
Սիրտս չխրվի, չթողա ինձ լալ, ա՜խ չթողա։

Երա՜զ թե քուն ինձ ա՜խ՝ մահ են դառել․
Իմ սև օրս գիշեր[125], կյանքս խավարել,
Ի՞նչ պետք է անեմ[126], ո՞ւր եմ ապրում էլ․
[127]Թե ոտիդ տակին[128] մատաղ չեմ ըլիլ․ ա՜խ, մատաղ։

Ամպին եմ սրտիս դարդերը պատմում.
[129]Ցրվում, գալիս չի՛, ու քեզ եդ ասում․
Քար ու սար աչքիս աղի արտասունքն
Էլ եդ սիրտս ածում, էլ եդ ինձ էրում, ա՜խ, ինձ էրում։

Քանդեցիր անմեղ իմ հանդարտ հոգին․
Կրակ քցեցիր[130] ջիգյարս՝[131] իմ ջանն ու մարմին
Թե հրեշտակ էիր,[132] ո՞ւր են սուրն, էն կրակն
[133]Խրի՛ր իմ սիրտս, թափի՛ր իմ գլխին, ա՜խ, թա<փիր>։

Կգամ՝ հոգի ջան՝ կգամ քո ոտքը,
Քեզ մոտ ա[134] սիրտս, քեզ[135] հետ իմ միտքը․
Բայց ի՞նչ տեղ ես քո աննման դեմքը
Տեսնիմ,[136] կատարեմ իմ տված խոսքը․ ա՜խ, իմ խոսքը։

[137]Որ ընկերքս էլ[138] ինձ ա՜խ՝ քոմակ չըլին․
Երես դարձնեն[139] ու չըլին խոսքը մին․
Կընգնիմ[140] սարե սար ու քո հավարին
Կհասնիմ՝[141] դարդ չանես՝ քեզ մատաղ ըլիմ․ ա՜խ, ես մատաղ։

Թո՛ղ մեկ էլ տեսնիմ քո սուրբ պատկերը․ քո սուրբ պատկերը․
Թող մեկ էլ տա ինձ բաժակ քո ձեռը․
Մեկ շունչդ առնիմ, ընկնիմ սարերը․
Քեզ մատաղ անեմ իմ գլուխս, իմ օրը․ ա՜խ, իմ գլուխս։

Ասեց ողորմելի պատանին ու սկսեց գլուխը քարին դնել։ Արեգակն ուզում էր մեր մտնի։ Աղասին՝ որ թաքան եդևիցը դուս էր էկել ու մեկ թփի տակից անկաջ անում սիրտը էրվում, չուզեց ողորմելու քունը խառնի, մնաց քարի վրա նստած՝ ու աչքը իր ազիզ ընկերի աչքին քցած, սկսեց իր դարդերը միտքը բերիլ՝ իր ջահելությունը ֆիքր անիլ ու մըտքումն ասիլ․ «Ա՜յ, ջիվան, ջիվա տղա։ Լավ իմանում եմ՝ ի՞նչ թուր ա էկել, սրտիդ դեմ առել, ի՞նչ կրակ ա ընկել[142] լերդդ ու էրում, բայց ի՞նչ անեմ, ընչի՞ չես սիրտդ եդ բանում, որ մեկ քո ցավդ իմանամ ու էլած կյանքս էլ քո ուղուրիդ մատաղ անեմ։ Ա՜խ, լավ եմ իմանում՝ ազիզ [ 364 ] ջան՝ որ[143] սիրո թևը երեսիդ դիպել ա, սիրո նետը քեզ էլ ա դիպել, բայց ընչի՞ չես պարզ ասում, որ գլուխս եդ դնեմ, սիրածդ գետնի տակին էլ որ ըլի՝ հանեմ, ձեր մուրազին հասցնեմ, ու ես ձեր ոտի տակին հոգիս տամ։ Մեր ու նշանած գլխիս կրակ են ածում, սար ու ձոր ինձ քիչ ա մնում, ուտեն[144] մեկ քար չունինք՝ որ գլխներս դնենք վրեն, էլի դու՝ ո՜վ սեր, ո՜վ բնություն, ուզում ես ցույց տալ քո զորությունը։ Ա՜խ, ո՞ւր կորչի մարդ, որ քո ձեռիցը պռծնի, քո ցավը չտեսնի։ Առաջ վառում, բորբոքում ես մեր սիրտը, եդո էրում, խորովում. առաջ վարդի հոտով գալիս, մեր սիրտը մտնում, եդո փուշ ու սուր դառնում, մեզ կտրատում»։

Էս խոսքերը միտք անելիս բիրադի անկաջն ընկավ։ «Հա Հռիփսիմե ջան՝ քո ջանին ղուրբան, քո սրբի անունը կտամ, ու էքուց, էքուց, Ղարսա սարերումն ինձ կտեսնիս»։ Աղասու էրված սիրտն էլ հենց էս էր ուզում իմանա․ էնքան կացավ, որ սիրելին քնից կշտացավ ու իրան իրան որ աչքը չի բաց արեց Մուսեն, վրա թռավ, ճտովն ընկավ,[145] կպցրեց նրան դոշին ու լալով ասեց։ «Ա՜խ՝ աչքի լիս՝ որ սրտումդ էդպես դարդ ունիս, հենց իմանում ես՝ քա՞ր եմ, որ ինձ<անից> բան ես թաքցնում։ Չլիմ էնպես ես կարծում՝ թե էս իմ խորոված ջիգյարը, որ էլ սաղ տեղ չունի, քո դարտի համար էլ տեղ չի քթնիլ, քո ցավը չի քաշիլ՝ էլած շունչս ու ումբրս քեզ չեմ տալ։ Հենց իմանում էի, Աստվածանից դու բան կթաքցընես, ինձանից չես թաքցնիլ։ Է՞դ ա քո սերդ ու սիրտդ։ Հենց իմանում էիր՝ թե Աղասին էնպես մեռել ա, որ քեզ համար մեկ ախ էլ ա չի քաշիլ, քեզ համար մեկ կաթ արտասունք էլ ա չունի։ Հերնը մերս ղորդ ա մահվան դուռն են հասել, նշանածս ո՞վ ա գիտում, հողի տակին ա, թե երեսին, ամա քանի նրանց ձեռս չի հասել,[146] երբ կթողամ ձեր մեկի աչքը ցավի, ձեր մեկի մազը թեքվի։ Մինչև ես մեռնիմ ո՛չ, մինչև ինձ թիքա թիքա չանեն, ձեզ կթողա՞մ որ մեկ ղուշ անց կենա գլխըներիդ վրա։ Վե՛ր կաց, երեսդ սրփի՛ր, ինձ ուղիղ ասա, էդ քո ջանը հանող Հռիփսիմեն, էդ հրեշտակեն ո՞վ ա, որ քեզ երևել ա, քեզ տանջում, մաշում, ու դու մեզ բան չես ասում։ Հազար սար ու ձով մեր մեջն ըլի, էլի կթռչեմ, նրան կհանեմ, կբերեմ. թաքըլի դու դարտ չանես երեսիդ մեռնիմ։ Ասում ես Ղարս ա։ Էդ հո երկու ոտը տեղ ա, դրա համար էդքան պետք է էրված։ Վե՛ր կաց, դեռ երեխա ես, դեռ գլխիդ բաներ չի անց կացել շատ, որ մարդ ճանաչես։ Վե՛ր կաց էլ ամաչելու գլուխը կախելու վախտը չի»։

Մուսի աչք ու երես կրակ էր դառել ամոթու, չէ՛ր իմանում՝ թե իր մեծահոգի բարեկամի ոտներն ընկնի, թե ձեռը համբուրի։ Արտասունքն ու դամարի սաստիկ խփիլը ցույց էին տալիս՝ որ[147] Մուսեն ուզում էր ասի, լեզուն չէ՛ր բռնում, բերանը փակվում էր, պապանձվում՝ որ ձեն տա։ «Աղասի ջան՝ յա մորթիր ինձ, յա սպանիր էստեղ, յա ասածս արա, իմ մուրազին հասցրու։ Հռիփսիմեն որ չըլի, էլ ինձ ո՛չ կյանք ա հարկավոր, ո՛չ օր, նրա շունչը որ չառնիմ, ես ինքս իմ շունչս բերանիցս կհանեմ, կկտրեմ։ Նրա աչքը որ աչքիս չառնի, աչքս կփորեմ, դեն կքցեմ։ Դու ես իմ տերը, իմ Աստվածը, իմ ձեռս քո փեշն եմ քցել, յա ձեռս կտրիր, [ 365 ] յա՛ գլուխս, յա իմ մուրազը անկատար պետք է չթողաս, պետք է ինձ սաղ սաղ չէրես, չփոթոթես»։

Էսպես որ ձեռք ձեռի եդ էին դարձել, գալիս էին, Աղասին իր սիրելու գլուխը դոշին կպցրած՝ քաշում էր նրան, քանց թե բերում, մյուս ընկերքն էլ որ սաղ գիշերը չէին քնել դարդու՝ ուրախ ուրախ վազեցին առաջ, հենց իմացան՝ արեգակը նոր ա բացվում, էկան երկուսին էլ մեջ արին, ու չադիրը գնացին։ Սարըցիք էլ ուզում էին՝ որ ուրախությունիցը հոգիները տան։ Աղասին մտածման մեջ ընկած, աչք ու ունք կիտած, չադիրը մտավ թե չէ, տղերքանցը իշարաթ արեց՝ որ ձիանը հավաքեն, յարաղ ասպապ հազիր անեն՝ որ էն գիշեր դուս պետք է գնան։ Չէր ուզում, որ մարդ իմանա․ վախում էր թե իրան բռնեն, չթողան։ Էն րիգունը բոլոր սարըցոնցը գլխին հավաքեց, նրանց խոսքով արեց, որ կասկած չտանին․ հազար բերնով իր շնորհակալությունը էնպես էր ուզում, ցույց տա՝ որ նրանք ոչ նրա միտքը իմանան ու թե փախած ըլի, չասեն՝ թե ինչ վատ մարդ էր նա, որ մեկ դարդակ շնորհակալություն էլ նրանց չասեց։ Էնքան աղ ու հացըները կերավ, բոլոր ոտի տակ տվեց ու վեր կացավ, փախավ։ Շատ էին նրան աղաչել ու լալով ասել․ թե նա նրանց միջումը մնա,[148] իրանք իրանց կերթան կնյազին կխնդրեն՝ որ իրանց ուզբաշին, իրանց կառավարիչը նա ըլի ու ասում էին, մենք գիտենք՝ թե ինչպես հոգի կտանք քեզ, որ արարած աշխարհ իմանա՝ թե Հայի ազգումն էլ սիրտ կա, Հայումն էլ ռաշիդ տղամարդին Աստծու տեղ պաշտիլ գիտեն։

Էս րիգուն էլ գլխին ժողոված՝ մեծ ու պստիկ էլի են ասում ու վրա բերում, թե որ նա իրանց միջիցը հեռանա, աշխարք նրանց համար քանդված ա,[149] ու նրանց աչքն էլ արեգակին ուղիղ չի մտիկ տալ, նրանց սիրտն էլ լավ օր չի քաշիլ։ Քանի նրա ասած խոսքերը, նրա տեհած բաները տեսնին, կուզեն որ էրթան ջուրը թափին, նրանց օրն ու ումբրը կսևանա։ Ամեն էսպես խոսք լսելիս՝ ինչ Աղասու բերնիցն էր դուս գալիս, լեզու պետք է ըլի, որ պատմի, սիրտ պետք է ըլի՝ որ իմանա։ Տեսավ որ անմեղ սարըցիք՝ հենց նրա բերնին են կարոտ, ուզում են՝ որ սաղ գիշերը նրա կշտիցը չհեռանան, նրա մոտին նստեն, հա՝ շատն էլ էկել, գլուխը նրա գոգին էր դրել ու երեսին մտիկ անում, ասածն իմանում, աղչիկ ու հարսն էլ չադրի դուռն ու ղրաղն էին կտրել ու ախ քաշում, տղերքանցն իշարաթ արեց՝ որ ձիանները հազրեն, առավոտը ֆորս պետք էր գնար, գան քիչ քնեն, դինջանան, ամեն բան հազիր ունենան, ու ինքն էլ գլուխը թեքեց՝ որ սաքի թե աչքը կպցնի, խալխը քաշվեցին, բարի գիշեր ասեցին ու ամեն մարդ իր չադիրը գնաց։

Հենց աղոթարանը կարմրատակեց ու ամպերն սկսեցին գլխըները քիչ քիչ սարերիցը բարձրացնիլ, տղերքը ձիանը թամքեցին, յարաղ ասպապ քցին, էկան չադրի դռանը կանգնեցին։ Աղասու ձին ոտին գլխին էր անում։ Սարերի ծաղկըները ու ջուրը նրա միսը անկաջովն էին դուս բերել, էնքան չաղացել էր։ Ընչանք սարըցիք վեր կըկենային՝ որ իրանց կով ու ոչխար կթեն, նրանց ղոնաղները մնաք բարով ասացին ու ձիանոնց գլուխը [ 366 ] ծռեցին ու թռան։ Աչք էր, որ եդևներիցը մայիլ էր մնացել, սիրտ էր՝ որ ասում էր իր միջումն՝ երանի նրան՝ որ էսպես զավակ, էսպես փեսեք կունենա։ Սարը բարձրացան թե չէ՝ Աղասին՝ որ ման էկած սարերին ու ձորերին իր տեսած ծաղկներին ու աղբրներին, իրան սրբի պես պաշտող անմեղ սարըցոնց օբեքանցը որ մտիկ չարեց, խելքը թռավ, աչքերը լցվեց ու սկսեց բարակ ձենով էս բայաթին ասել։

Բարով մնաք, բարով՝ սարեր ու ձորեր.
Ալվան ծաղկըներ, սիրուն աղբրներ,
Որ ինձ պահեցիք դուք էսքան օրեր.
Այ անմեղ Հայեր, սիրուն աղչըկներ։
Աղասին բալքի ձեզ էլ չտեսնի,
Աղասին ձեզ վրա կըլի էլ չքնի․
Ձեր հոտը չառնի, ձեր կշտովն չանցնի.
Ձեր ձենը չլսի, ձեզ կարոտ մեռնի։
Հալալ արեք նրան ձեր աղ ու հացը,
Քանի նա ձեզ մոտ կանգնած իր լացը
Ծոցն ա հավաքում, որ քանի աչքը բաց
Ձեզ միտքը բերի, օրհնի ձեր[150] արածը[151]։
Ախ՝ ի՞նչ կըլեր ոտս կոտրեր, էստեղ չգար․
Ձեր ազիզ երեսն չտեսներ, էսպես չլար․
Ի՞նչ կըլեր Աստված ամեն մարդի տար
Ձեր անմեղությունը, ձեր հալալ պաշարն։
Երաբ յարալու սրտիս ասածը
Կպահե՞ք ձեր մտքումն ա՜յ թփեր բաց էլած․
Ձեզ վրա ման գալիս՝ ձեռ ձեռի տված
Աղչիկ ու հարսներ, ձեր մոտին նստած,
Սիրուն աղբրներ, լաջվարթ ծաղկըներ,
Երաբ որ նրանք ձեզ քաղեն ծոցերն
Լցնեն ու հոտ քաշեն, զարդարեն դոշերն,
Իրար տան[152] կապեն փունջ ու պսակներ,
Մեկ մեկու ասեն, մեզ չմոռանաք․
Պահիր էս ծաղիկն քեզ մոտ հիշատակ,
Երա՞բ իմ լացս էլ դուք չե՛ք մոռանալ,
Ու ձեր հոտի հետ իմ սուգս նրանց տալ.
Նրանց իմ օրհնությունն, իմ խնդիրն ասել,
Որ[153] ինչքան շունչս կա ու չեմ մեռնիլ,
Նրանց սերը կհիշեմ, նրանց կուզեմ պաշտիլ,
Ինձ չի մոռանան, ես նրանց չե՛մ քցիլ
Մտքիցս ու նրանց սերն սրտումս կպահեմ․
Հետս ման կածեմ, հողը կտանեմ,
Աստված թո՛ղ ձեզ տա ինչ որ ես կուզեմ,
Մնաք բարով սարեր՝ էլ ձեզ տեսնիլ չեմ,

[ 367 ]

Մեկ տափարակ դուզ[154] տեղ բաց ա ըլում հանկարծ տեսնողի առաջին՝ մեկ մեծ դաշտ. չորս սարերով պատած, աջ ու ձախ սևին տալիս ու քանի գնում ա մարդ, ամպ ու դուման քաշվում, պարզվում են ու հենց իմանում ես՝ թե առաջիդ մեկ էնպես քաղաք ա բաց ըլում, որ հազար հազար բնակող միջումն ունի․ ու ցրտի յա շոքի ձեռից բեզարած՝ ուզում ես՝ որ շտապես, գնաս մեկ աստվածասերի դռան վեր գաս, դինջանաս, էլ եդ ճամփեդ բռնես, գնաս։ Մեկ տեղից ահագին բերդի պարիսպն ա քեզ խաբում, մեկ տեղից զարմանալի եկնղեցքանց գմբեթներն ու մեծությունը. մյուս տեղից բարձր մինարեթքը ու քոշք ու սարայի գլխըները։ Մտքումդ ասում ես՝ թե էս տեսածդ[155] մեկ մեծ, զորեղ թագավորի թախտ պետք է ըլի․ էստեղ օսկին ու արծաթն ախպի հետ պետք է խառը ընկած[156]։ Էստեղ օրը հարիր քարվան[157], ներս մտնի[158], հարիրը դուս գա։ Հենց իմանում ես՝ թե ցերեկը թոզն ու դումանն ա աչքդ բռնում, գիշերը մութն ու խավարն ա քեզ խաբում, որ ինս, ջինս, մարդ, անասուն չես տեսնում,[159] հենց ջամդաքակեր ագռավներն են աչքիդ սևին տալիս։ Մարդ չի կա մոտիդ, որ հարցնես, գիր չես կարթացել՝ որ իմանաս, մտքիդ հետ ընկած, տեսածդ հրաշք կարծելով, յա աչքակապություն, որ հանկարծ գլուխդ չես բարձրացնում, ա՜խ՝ սիրելի իմ Հայազգի՝ ջանդ դող ա ընկնում, կռներդ թուլանում, հենց իմանում ես՝ թե[160] մեկ վիշաբ, յա մեկ հարամի հենց էս սհաթին ա մտել ու բոլոր կենացողները յա կուլ տվել, յա սուրը քաշել, յա գերի արել, ինքն էլ փախել, ուզում ես, որ աչքդ խփես, եդ դառնաս։ Ախ չէ, չէ, եդ մի դառնալ, էստեղանց ծուխը հազար տարուց ավելի ա՝ կտրվել ա, կա՛ց, մի՛ վախենալ, անշունչ քարերը ու եկեղեցիքը մարդակեր չեն։ Աչքդ բաց արա, սիրտդ քեզ հավաքիր ու գլխիդ վայ տուր, էս սրբատաշ տաճարները, էս ահագին բերդը, էս քարերը քեզ կասեն՝ թե սա է գոռոզն Անի, քո թագավորների հզոր մայրաքաղաքը, որ էնքան էր իր հարստությունովը, իր փառքովը փարթամացել, ճոխացել, մեծամտել՝ որ չոբանն էլ եկեղեցի էր շինում, ոչխարարածն էլ արծաթե նալնած սաղրի քոշերով ման գալիս, ուզվորն էլ հացի տեղակ փլավ, ղանդ ու շաքար, սև փողի տեղակ՝ արծաթ ու ոսկի էր պահանջում, որ եկեղեցին մտած ժամանակն էլ էնքան Աստված էին նրանք մոռացել, որ կարճ վարդապետ գալիս, բարձր գրքակալ էին դնում, բարձր եպիսկոպոս ըլելիս՝ ցած գրքակալ դուս բերում, որ յա ձգվին, յա կռանան, յա չոքին, յա գիրքը չտեսնին, ու իրանք ծիծաղին, Աստծո տաճարումը քեֆ անեն։ Բայց սուրբն Հովհան Երզնկացին հանաք չվերցնելով, մեկ օր օրհնած բերանը բաց արեց, երկիրը տրաքեցավ, տակը վեր էլավ, խալխը ցրվեցին, փախան՝ որը Ղրիմ, որը Պոլշա, էս անշունչ քարերը մնացին ցից ցից, հազար եկեղեցուցը հինգը մնացին շեն, տաճարք, ապարանք, գանձ, հարստություն անեծքի փայ էլավ։ հողը մտավ Հայոց ազգի մնացած փառքն էլ ու մինչև էսօր էլ երկրի ձենը [ 368 ] գալիս ա,[161] գող, ավազակ են միջումը բուն դնում, նրանց բանն Աստված հաջողում ա, նրանք չեն տակով ըլում, ու Աստված էնքան իր գութը Հայերիցը պակսացրեց, որ էնքան անմեղ հոգիք, էնքան միլիոնավոր մարդիկ մեկ սհաթումը մեկ սևագլխի խոսքով, ջնջեց, Հայոց տունը քանդեց, էլած փառքն էլ ձեռիցը խլեց, որ գնա էսպես երերյալ, տատանյալ մնա աշխարքիս երեսին։

«Լա՛ց գլուխդ՝ անցավոր, տես թե Աստծու դատաստանն ինչպես արդար է, կարգավոր տեսածին պես՝ ոտները ջուր արա, խմիր, որ էսպես քաղաքը անեծքով քանդեցին, ու էսօր էլ քանդողին եկեղեցումը տոնում են, դու չե՛ս իմանում, որ նրա անունը տաս, սուրբ աղոթքն ու բարեխոսությունն հիշես, որ քեզ էլ չանիծի, քո որդիքը պահի մեծացնի։ Նրա տոնի օրը լավ մտքումդ տպավորի, ի՞նչ կանես Անի քաղաքի անունը։ Նա քանդվեց պրծավ, ամա սրբությունը քեզ միշտ օգնական ու բարեխոս կըլի»։ Ղրաղին կանգնել ես, ձեռդ ծոցդ դրել, խելքդ ցնորվել, լեզուդ պապանձվել։ Ո՞վ էսքան հրաշք տեսավ, վայելեց, երազ է, քնած եմ, աչքս ինձ խաբեց, ասում ես մտքումդ, ուշագնա ըլում, հո նոր են սրանք, բաս սրանց միջումն՝ ընչի՞ չկա ձեն, ընչի՞ են լռվել։ Ա՜խ՝ թշնամյաց սուրն ա նրանց վերջացրել։ Հմիկ հավատում ես, ա՜յ իմ խեղճ ազգ՝ թե քո երկրումն բյուր էսպես քաղաք կամ կրակով փչացան, կամ սուրը քաշվեցին ու քեզ չոր քարեր մենակ թողեցին, որ տեսնիս ու լաս, տաս քո գլխիդ վայ․ խելքդ ժողովես, լինիս կտրիչ Հայ։ Ռուսաց հզոր քաջ ձեռի տակին փոքր դինջանաս ու քո աշխարքին մուղայիթ կենաս, արյունդ թափես, քո ազգը պահես, քեզ անուն ճարես։

Հանգստարանի ձեն էր գալիս, որ մեր ճամփորթքը գիշերվան կեսին էստեղ հասան։ Լավ կտրիչ[162] մարդ պետք է ըլի, որ էս ժամանակին էսպես չոլ յաբանի տեղը սիրտ անի, մտնի։ Կարելի է թե մեր բեզարած ճամփորթքն էլ էս տեղ չէին հասել, թե գիշերվան լիսնյակի լիսը, էս տաճարների, բրջերի գլուխը ու իրանց տգիտությունը նրանց չէին խաբել, էս տարտարոսը քցել։ Անու քաղաքի անունն էլ չէին լսել, ո՞ւր մնաց իմանային, թե նրա խարաբեքը դեռ աշխարքումս կան։ Հեռվանց՝ որ ցից ցից տների գլուխը չտեսան, Ռսի հողիցն էլ դուս էին էկել, հարամու հողը էլ եդ մտել, ղորդ ա, աքլորի[163] ձեն չէր գալիս, ամա սարերի չոբանի շների ձենը լսելով էլ մտիկ չարին, զու քաշեցին ու քու դուշմանիդ գլուխը չի գա՝ որ չմտան էս լուռ, տխուր պարսպների մեջը, հենց իմացան՝ թե մեկ մեռլատուն կամ գերեզմանատուն ընկան ու ամեն մեկ ձիու ոտի շփլթոցը, յա իրանց քաշած շունչը, սար ու ձոր կատաղացնում ա։

Ամեն մարդ փորձած կըլի, որ մութը ժամանակի մարդ որ մեկ գերեզմանատան, կամ մեկ քանդված եկեղեցու ղրաղով էլ ա անց կենում, սիրտը թուլանում ա, ջանը զարզանդում, հազար միտք հոգին կտրատում, քարերն էլ դև համարում, ու հարամի՝ որ իրան կամենում են ուտիլ, շատ անգամ ուշագնա էլ ա ըլում, սրա պատճառը բոլոր էս ա, որ մարդ սովոր ա, ինչ տեղ տուն ա տեսնում, յա շինություն, կարծելով՝ թե մարդ էլ կըլի, [ 369 ] ու ետո՝ որ ձեն չի լսում, էնպես կարծում ա՝ թե անպատճառ չար հոգիք են էնդեղ բնակում։ Թե չէ մեռելի չոր մարմինը, յա խարաբա պատերը ի՞նչ զորություն ունի<ն>, որ մեզ ի՞նչ անին։ Էլ ո՞վ սիրտ կաներ ապա կամ եկեղեցու մոտանա, յա մեկ բուրջ մտնի, էն էլ էն երկրումը՝ որ ամեն քարի տակի հարիր գլուխ էր կտրվում, ամեն մեկ ձորում, հազար լաշ հոգին զոռով տալիս։ «Տղե՛րք, չար սատանի թուրը գլխըներիս խաղում ա, ձեն տվեց պինդ սրտով քաջն Աղասի, տղամարդությունն էսպես տեղը մալում կանի, յարաղ ասպաբ հազրեցե՛ք, ձիանոնցը դինջացրե՛ք, որ թե Աստված տա, մինչև առավոտը գլխըներս վրըներս ըլի, տեսնինք՝ թե էս որ գեդարգյալմազն ընկանք։ Նամարդաթյունը էլ ձեռք չի տալ, ձիանները ջրեցեք, քաշեցեք մեկ պատի տակ, ես մեկ շունս առնեմ, յավաշ յավաշ մեկ աչք ածեմ,[164] տեսնիմ՝ թե տեղըներս ռահա՞թ ա, թե էլի սրով, ու արնով պետք է, յա գլուխ պահենք, յա գլուխ կտրենք»։ Շատ էլ խնդրեցին ընկերքը՝ որ չանի, անկաջ չարեց, թվանքն ուսին դրեց, փշտոբերը հազրեց, սուրբ Սարքսի անունը տվեց ու ոտը փոխեց։ Գիժ կըլի էն տղամարդը՝ որ իր գլուխը մահու կտա, ամա Աղասին իր գլխիցը վաղուց էր ձեռք վեր առել։ Հավատարիմ շունը գլուխը նրա ոտիցը չէր հեռացնում, մեկ հոտ առնելիս, յա շփլթու իմանալիս, կանգնում էր, եդի ոտների մինն էլ ցցում, երկար վախտ անկաջ դնում, ետո երըմիշ ըլում։

Հենց մի քիչ հեռացան՝ թե չէ, մեկ եկեղեցու դռնից կրակի լիսն ընկավ Աղասու աչքը, արինն աչքն առած էլ միտք չի արեց՝ թե էսպես տեղը գողից հարամուց ավելի ուրիշ օքմին չի ըլիլ, թուշ կրակի վրա գնաց, Աստված հեռու տանի, ինչ նա տեսավ, տասը քուրդ եկեղեցու մեջտեղումը կրակ էին արել, չորս կողմը նստել, խորոված էին անում, շամփըրներով բերանները քաշում, ուտում, խնդում, ու աչքները օյաղ որսկանի շան պես՝ յա դուռը քցում, յա պուճախը։ Հարամին ինչքան գազան էլ ըլի, շատ անգամ իր շվաքիցն էլ կվախենա։ Ընչանք նրանք կրակի մոտիցը՝ ձեռները աչքըներին կըդնեին ու դռան ղարալթուն կտեսնեին, Աղասին յավաշ, յավաշ ներս մտավ, ծանր դիմոք առանց բարով[165] տալու կրակին մոտացավ, ու ձեռը մեկնեց, որ մեկ խորովածի շամփուր էլ ինքը քաշի։ Նրա դեղնած, մեռելի պատկերը, նրա անահ շարժմունքն ու էնպես անժամանակ վախտը ներս գալը, որ չտեսան Քրդերը, հենց իմացան՝ թե նա էն աշխարքիցն ա վեր էկել, լեզվըները չորացան, ձեռըները թուլացավ․ ի՞նչ կկարծեին, թե էն հադաղին[166] իսանաորդի մեն մենակ սիրտ կաներ՝ էն ավազականոցը մտներ, որ ցերեկն էլ հարիր մարդ զարզանդում էին մոտովն անց կենան, որ հազար տարուց ավելի՝ էլ ինսանորդի սիրտ չէր անում որ գա էն հազիր շինած տներումը կենա։ Հենց գիտես թե մարդիկ չըլին առաջին, աչքը խոժոռած, մեկ դես քցեց, մեկ դեն, քրդերեն էլ չգիտեր, որ մեկ բառ էլ ա խոսի, բայց էս էր, որ նրան պրծացրուց, չունքի թե խոսացել էր, կիմանային՝ որ մարդ ա, դև չի, թիքա թիքա կանեին, մեկ շամփուր խորովածի որը կերավ որն էլ եդ կրակը քցեց, տաճարի հիանալի շինվածքին ու գեղեցկությանը մտիկ արեց, ու գլուխը ժաժ տվեց, Քրդերը փեդացած, [ 370 ] մնացել էին նստած, որ հանկարծ նրանց վրա չխոժոռեց, ամեն մեկը տեղն ու տեղը ուզեցավ՝ որ հալչի, էնքան էսպես նրանց աչքը մոխիր ածեց, որ ընկերների ոտի շփլթուն իմացավ, ու շունը ուրախ ուրախ ներս ընկավ, ոտներովը փաթաթվեցավ։ Հենց շունը տեսան հարամիքը թե չէ աչքըների փառը վեր ընկավ՝ ամեն մարդ թրին վրա վազեց, որ նրան փառչալամիշ անի. առաջի թուր վրա բերողի գլուխը կես էլավ,[167] փշտովների երկուսն էլ իրանց ֆորսը ճարեցին ու ղամեն ձեռն առած՝ որ գոռաց ո՛չ. «Տղե՛րք՝ ձեր արևին ղուրբան՝ Աստված մեր կողմն ա, դուռը կտրեցեք, որ սրանց մատաղն էս գիշեր անենք»։ [168]Հայի լեզուն որ բաց չէլավ, հենց բռնես պատերը լեզու առան. «Աման ձեր էկած հողին ղուրբան, ճար ունեք տեսե՛ք, մեզ ազատեցեք, տնով, տեղով ձեզ եսիր կդառնանք», տասը տասնը<հինգ> քրդստանցի Հայ էլ որ էս կողմից, էն կողմից գլուխ չի բարձրացրին, ու Քրդերի մնացած թրերն ու[169] մզրախները ձեռք առան, Քրդերի աստղը թեքվեցավ, ութը կոտորվել էին, երկուսը մնացել յարալու ընկած։ Սրանց էլ կապեցին մեկ ձիու բհրի վրա, ու աչքդ բարին տեսնի, ոչինչ սհաթի մարդին քաջությունը էն բարերարությունը չի արել, ինչպես հիմիկ։ Աղջիկ ասես, տղա, հարսը, երեխա, ծծկեր հազար չվանով չաթած տուն էին արել, Ղարսա գեղերիցը եսիր բերել, որ տանին, յա Սարդարին փեշքաշ անեն, յա Ախլցխա ծախեն։ Ո՞ւմ էսպես սհաթին մարդ ձեռք, կյանք տա, որ նրա առաջին ծունր չդնեն, երկրպագություն չանեն։ Բայց հսկայն Աղասին ինքն էր ընկնում նրանց ճտովը, ինքը նրանց կապը եդ անում, ինքը երեխին ջոկ, մորը ջոկ, սիրում, գուրգուրում՝ որ Աստծուն փառք տան, սուրբ Սարքսին խունկ ու մոմ վառեն, թե չէ, էս նրա հունարը չէ՛ր։ Ոչինչ գիշեր էն լիսը, էն կյանքը չի տեսել, չի քաշել, ինչպես էս ազատվողք թե ազատողք, իրար տեսնելիս՝ հենց իմանում էին՝ թե երկընքումն են, ու ոչ երկրումս։

Փոքր ինչ որ դինջացան, աչքդ բարին տեսնի։ Քրդերի շորերն, ասպաբն, ձի, ռախտը ու խուրջինները որ բաց չարին, հազար արնի գին կար մեջըներումը, ամեն մեկի վրա հարիր թումանի զինքս,[170] արծաթ ու ոսկի, թող նաղդ փողը։ Աղասին ո՛չ մեկին էլ ա մտիկ չարեց, ղրկեց ձիանը բերիլ տվեց, ներս քաշեց, ու քրդստանցի Հայերին հարցրեց՝ որ իրան միամըտացնեն՝ թե էն գիշերը կարող են էնդեդ ռհաթ մնալ, թե ո՛չ։ «Աղա, գըլխուդ, արևուդ ղուրբան՝ վալլա խա չընք գինա, թե էս շան լաջերիցն էլ կան, թե չէ,[171] ամա օյաղությունն աղեկ է։ Սրանց չանդիցը շունը չի խլսի, մարդն իմա՞լ կխլսի։ Մգա[172] Աստծուն փառք, խազար էնպես ջանավար մեր առաջը գան, զէնոնց խերն անիծեմ, մեկ թուր տո՛ւր մեր ձեռը, մենք գինանք թե իմա՞լ քո ճակատը պարզ կէնենք։ Մեր ամեն մեկը սուրբ Կարապետ գինա, էսոնց[173] տասնին խավի պես կծալի, տակը կքաշի։ Դու դարդ մի՛ արա։ Ռահաթ պարկի, մեր[ջանը քո] երեսը ոտացդ հողն ըլի։ Էսոնց քոքը կտրվի, քանց շուն շատ են, քանց գել առավել։ Թե մեզ կխարցնես, մենք էմլա խեյրաթ կտեսնինք,[174] որ մեր կես[175] պարկի, կես ղարավուլ քաշի։ Էս ձորեր խամա լիքն են»։ [ 371 ]

Հենց էս մասըլհաթ ին էին, մեկ էլ էն տեսան՝ որ ձիավորի ոտի ձեն ա գալիս։ Արիասիրտն Աղասին միտք արեց՝ որ սրանք նրանց ընկերները պետք է ըլին, ական թոթափել, երեխա, օղլուշաղ ղրաղ քաշեց, հազար անգամ ձեռն էստուր բերնին դրեց, որ ձեն չհանեն, երկու Քրդին էլ բերանդ ձեռ, ոտք դհա ղայիմ կապեց՝[176] ու մեկ իգիթ քրդստանցու թուրը հանած վրըները կաղնացրուց, մյուս քրդստանցոցը կրակի չորս կողմը նստացրուց՝ որ կարծիք չընկնին, ու ինքն իր ռաշիդ տղերքանցովը եկեղեցու դռան աջ ու ձախ կողմը կտրեցին, թուրները հանած պատնըդուս ցցվեցին ու թշնամուն ճամփա տվին։

Լոլո ձեն տալով քսանից ավելի ձիավոր ժամի դռանը վեր էկան։ Բալուլ տվին մեկ երկուսի ձեռքը որ ման ածեն։ Հայ երեխեքանց ու կնանոնց սուգ ու շիվանի ձենը՝ որ ժամը չէր ընկնում, պատերն էլ սուգ էին անում, բայց խեղճերը չէին իմանում՝ թե ինչ բարի հրեշտակ ա Աստված նրանց համար ուղարկել։

Հենց գյուռ արած՝ որ ղալմաղալ անելով ներս չընկան, էլ չիմացան՝ թե մարդ ա որ իրանց գլուխը կտրում ա, դև կարծեցին, կամ սուրբ՝ էլ թրի, մզրախի, յա ղալխանի վախտ չէ՛ր։ Քրդստանցի Հայերը մաջալ էլ չտվին աջամի Հայերին, շատին հենց կրակի շամփուրն կամ թերէրեցն էին բերանը կոխում, գլխին, դոշին քարով, փետով ծեծում, որ շուտ չմեռնին, ու տանջվին։ Էլի Աղասին էր՝ որ էս կատաղությանը չափ դրեց, սպանածներին դուս ածիլ տվեց, ու որը սաղ էինք յա յարալու, ձեռ ու ոտք կապել տվեց ու ղրաղ քաշիլ տվեց։

«Աղա` մեր տուն քագող էսոնք են, էսոնց խոր տունը քագվի․ էսոնք մեր ճիժը ու մանչ խտտացրին․ թո՛րկ, թո՛րկ, էսոնց սատանի կեր անենք։ Էսոնց խոր գաղտը գյոռբեգյոռ ըլի»։

Թո՛ղ կարթացողը ինքը միտք անի՝ թե էս գիշեր ի՞նչ գիշեր կըլեր էս ջրատար եսրների համար՝ որ ամեն մեկ ոտք փոխելիս՝ իրանց մահն էին տեսել, իրանց մահին էին սպասում, ի՞նչ սրտով նրանք աղոթք կանեին, ի՞նչ հոգով իրար կնայեին ու Աստծուն փառք կտային։ Հենց էն կոտորելու ժամանակին էր Աղասին դուս թռել, էն դռան երկու Քրդի մընին էլ սպանել, մյուսը փախցրել ու խեղճ Հայի երեխեքանց աչքերի ու ձեռների կապը իրան ձեռովն եդ արել, իրան ուսին ներս տարել։ Զարմացած, մահի դուռը գնացած, ու եդ էկած Հայերը որ աչքըները բաց չարին, իրանց ազատողին տեսան, ուզում էին ոտները արտասնքով լվանան, բայց համեստ պատանին՝ հենց էն էր խնդրում՝ թե Աստծուն փառք տան, սուրբ Սարգսի անունն հիշեն։ Տեսնելով՝ որ Քրդստանցիք սուրբ Կարապետին ավելի են ճանաչում, ասեց՝ «թող էդպես ըլի, սուրբ Կարապետին հիշեցե՛ք։ Սրբերը չեն խռովիլ, յա նախանձ պահիլ։ Ով ըլի, նրա զորությունն ու բարեխոսությունն շատ ա»։ Աղասու սիրտը վկայում էր՝ թե էն գիշերը էլ փորձանք չի կա, բոլորին էլ խնդրեց, որ չոքին, աղոթք անեն։ Նրանց բախտիցը եսրների միջումը տերտեր էլ կար, տիրացու էլ․[177] սրանք սկսեցին առավոտվան ժամը ու Անի քաղաքը հազար տարուց ավելի որ ո՛չ ժամ [ 372 ] էր տեսել, ո՛չ աղոթքի ձեն լսել, էս գիշեր[178] հենց իմացավ՝ թե էն իրան երևելի շքեղ թագավորազունքը կրկին վեր են կացել, իրան[179] հողն օրհնում, իրան ջուրն գովաբանում, որ Հայ ազգն էլ չհավատա՝ թե իրան Աստված էնպես ա անիծել, որ էլ մարդ չի կարող նրա[180] միջումը կենալ։ Ո՛չ երկիրը քանդվեցավ, ո՛չ երկինքը փուլ էկավ։ Քրդստանցիք իրանք էլ էին մնացել զարմացած, թե էն ի՞նչ անճոռնի ասություն պետք է ըլեր, որ մինչև էն օրը սրտըներումը հաստատ տպավորել էին։

Առավոտը որ լուսացավ, Աղասու աչքը մնացել էր սառած, չէ՛ր իմանում[181] աչքին հավատա, թե ո՛չ։ Եկեղեցի, պարիսպ, բերդ, մինարեթ էնքան նոր, էնքան պայծառաշեն, ու անբնակ։ Կարթալ չէր գիտում,[182] որ միտքը բերի, թե էս ի՞նչ քաղաք պետք է ըլի, տերտերին որ չի կանչեց ու պատմությունն իմացավ, խելքը գլխիցը թռավ։ «Վա՜յ իմ օրին, արևին, մեր ազգն էսպես քաղաքներ ա ունեցել, էսպես մեծություն, ու հմիկ ամենն էլ կորցրել, հարամու ձեռին գերի ա մնացել» ասեց հսկայն լալով։ «Չէ՛, տեր հայր, մեզ Աստված ա բերել էստեղ, Աստված մեր թրին, մեր կռանը ղվաթ տվեց, որ մեկ գիշեր էսքան բաներ արինք, էն Աստվածն էլ էնքան կարողություն ունի, որ մեզ միշտ հաջողի, հարամություն հո չենք անում, որ նա բարկանա, հարամու ոտք ենք կտրում, Աստծո ստեղծվածը ազատում։ Մնանք էս սուրբ հողումը, մեր սուրբ թագավորաց գերեզմանը, մեր սուրբ եկեղեցիքը ազատենք գողի, ավազակի ոտքից։ Հարըրից ավել ենք հիմիկ։ Ի՛նչ ձեռք ենք քցել ձեզ ըլի։ Մնա՛նք էստեղ, յա մենք էլ մեր արինը մեր սուրբ թագավորաց հողի վրա թափենք, յա քիչ քիչ նրանց քաղաքը էլ եդ պայծառացնենք։ Տուն կա, ջուրը բոլ, հանդը, դաշտը մեծ, մեկի տեղակ հինգ զարմանալի եկեղեցիք, քարի տակիցը ռզզ կըհանեմ, ձեզ կպահեմ։

Բայց թե քարին ասած, թե մեր քրդստանցի հայերին։ Կռվում ղորդ ա, ամեն մեկը մեկ աժդհա, բայց ինչ գրումը գրած ա, նրա շլինքը տուր, նրան ուրիշ բան մի ասիլ։ Մեռնիս էլ, նա իր ասածը կանի, էնքան կոխքը հաստ ա։ «Իմա՞լ կեղևի, անիծած խողում ո՞վ կմնա։ Հայսմավուրքն սուտ իմա՞լ կխոսի։ Մեր վիզը զարկես, մեր ջանը խանես, վալլախա էս չոլում կեցող հմլա մեկն էլա չէղնի, չէղնի։ Խազար տարի, խա ասա՛, խա գլուխդ ի քարին զարկի։ Մենք չընք կենա, չընք գինա։ Ինչ կասես, ասա՛։ Մենք մեր խողը չընք թողա»։

«Չե՛ք թողալ՝ Աստված ձեզ հետ։ Մեր աստղը մեկ անգամ ծռվել ա։ Մարդ ինքն իր գլուխը որ թրի տակը դնի, էլ ո՞ւմ բանն ա կտրվել, նրան քոմակ անի։ Էսպես արինք, որ մեր տունը քանդվեց է՜։ Գնացե՜ք, Աստված բարի ճանապարհ տա, ու ձեր սիրտը մեկ լիս քցի, որ ձեր խերն ու շառն իմանաք։ Ես իմ տղերքանցովն էստեղանց էլ դուս գալու չեմ։ Թե ձեզանից էլ ուզող կըլի՝ որ ինձ հետ միանա[183], իմ ախպերն ա, իմ աչքի լիսը։ Մեկ թիքա ունենամ, կեսը նրան կտամ՝ ինձ համար աշխարքն յա ըլի, յա չըլի»։ Ասեց ու հրամայեց, որ ինչ ճարել են հավասար ճոթ անեն։ Ինքը մատն էլ ա մի բանի վրա չդրեց, բայց թուր ու ասպաբ հրամայեց, որ վերցնեն, բոլոր ընկերներին մեկ մեկ ձեռք Քրդի շոր հաքցրեց, որ շուտով չճանաչեն. [ 373 ] ամեն մեկին մեկ ձի էլ բաշխեց։ Էս որ տեսան, քսանից ավելի ջահել, կտրիչ տղերք կանգնեցին՝ խնդրեցին՝ որ իրանց էլ ընկեր շինի։ Նրանց էլ գլխին հավաքեց, սրբություն առավ ու մյուսներին լալով խելիմ տեղ էլ տարավ ճամփու քցեց, ու ինքն իր ընկերտանցովը եդ դառավ, փոքր հաց կերան, պարիսպ եկեղեցի բոլոր ման էկան, ու հարավային քարափի գլխի իստակիլ տվեց, մեկ երկու հոգի Շորագյալ ուղարկեց, որ գնան, հաց առնին ու ինքը սիրտն ու թոքը էրված պատանին ընկավ քաղաքի ամեն ճամփեն ու խոռը, ամեն քունջ ու պուճախն աչքի տակ առավ, տեղի ղայիմությունը[184], վտանգավոր կողմը լավ վարավուրդ արեց ու բեզարած ջարդված էլ եդ վեր էլավ, ձորիցը դուս էկավ, ղրաղ քաշվեց, մեկ բրջի վրա նստեց, Արփաչային ու արեգակի մտնելուն նայեց աղլուխը ձեռն առավ ու էս բայաթին ասեց։

Ա՜խ՝ վաթան, վաթան քո հողին ղուրբանդ
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան։
[185]Է՞ս փառքն ունեիր, է՞ս պատիվն առաջ,
Որ հմիկ ավերվել[186], մնացել ես անջան։
Ե՞րբ միտք կանեի, թե էս հողերը
Էս դաշտն ու սարեր, էս սուրբ ձորերը
Էնպես մեծություն, էնպես լավ օրեր
Քաշել են, մնացել ախ՝ հիմիկ անտեր։
Ո՞ւր ձեր տերերը, թագավորները,
[187]Ձեր պահողները, ձեր իշխանները.
Ընչի՞ մեզ թողին իրանց որբերը
Ու ձեռք վերցրին, թողին էս քարերը։
Ձեր գերեզմանը, ախ ձեր լիս հողը
Որ հմիկ չի[188] տեսնում, ձեր կորած թոռը
Կրակ է ընկնում ջանն ու ոսկերքը
Ուզում ա ձեզ հետ պարզի իր ոտքը։
Ընչի՞ ձեր վախտը աչքս բաց չարի,
Մարմինս հողին, ջանս ձեզ չտվի,
Որ հմիկ էսպես չթռչեի, չգայի,
Ձեր հողը չտեսնեի, ձեր վրա չլայի։
Հող ունինք, խլած, կյանք ունինք, մեռած,
Ա՜խ, թրի, կրակին մենք եսիր դառած,
Ո՛չ երկինքն տեսնի, մեր սուգն ու լացն,
Ո՛չ երկիրն պատռվի, մեզ տանի ցած։
Ի՞նչ կըլի մեկ էլ գլուխ բարձրացնեք,
Ձեր որդիքը տեսնեք, նրանց ցավը քաշեք,
Ձեր արինախառն աշխարհն ազատեք,
Յա մեզ էլ ձեզ հետ հողը տանիք, պահեք։

[ 374 ]

Աչքս բաց արի, խարաբա տեսա,
Ա՜խ, ո՞վ գիտեր թե մեր ազգի վրա
Սարեր են էլել, հիմիկ բրիշակ,
Մեզ տակով չարել, որ էլ խեղճ չմնանք։
Ա՜խ, մեր սիրտն էսպես ընչի՞ հովացել,
Արինը ցամաքել, մեր կուռը թուլացել․
Երա՞բ կտեսնեմ, ա՜խ[189] մեկ օր էլ
[190]Մեր սուրբ երկիրը թշնամուցն ազատիլ։
Էն ի՞նչ[191] շունչ կըլի, որ էս նոր հոգին
[192]Փչի, վեր կացնի քնից մեր ազգին․
Էն ի՞նչ ձեռք կըլի՝ որ մեր աշխարքին
Էլ եդ սիրտ տա ու կանգնացնի կրկին։
Ա՜խ՝ ես էն ձեռին կյանքս ղուրբան կանեմ,
Էն[193] կոխած հողին երեսս կքսեմ,
Ապրիմ, իմ արինս նրան մատաղ կանեմ․
Մեռնիմ, հողիցն էլ ես նրան միշտ կօրհնեմ։
Կանգնել ես էդպես գլուխդ ամպին խփած,
Ա՜յ խեղճ հալևոր երեսդ փակած,
Ի՞նչ կըլեր Մասիս՝ ախ՝ դեռ աչքդ բաց,
Սրի չտայիր, քո որդիքն էրված։

Արեգակն սկսել էր՝ որ մեր մտնի։ [194]Մութն էն ա գետինը առավ։

Էսպես նստած սուգ էր անում, մեր տարագիր Աղասին[195] իր ու մեր սև օրը լաց ըլում, որ հանկարծ աչքը ձորին ընկավ, աչքը սևացավ։ Հինգ հարիր ձիավորից ավելի՝ Թարաքյամա, Քուրդ Ղարսա դըզիցը,[196] հազարից ավելի, քյուլֆաթ, մալ, իլխի, ոչխար առաջ էին արել ու վեր հատելով՝ սարիցը ձորն արին՝ որ տանեն Երևան, յա սպանեն, յա ծախեն, յա թուրքացնեն։ Շատին էնքան թագել, հետ էին ածել, որ ջանումն էլ թաղաթ չէր մնացել։ Ամեն մեկ ձիավոր մեկ ջահել տղա, կամ աղչիկ գավակն էր առել[197] ձեռն ու ոտ հազրել՝ որ էն գիշերը յա նրանց անմեղ հոգին ապականի, յա սրի, կրակի ղուրբան անի։ Հենց նստած տեղիցը ընկերներին ուսուլով ձեռով արեց, որ տեղըներիցը չշարժին, ինքն էլ քարափնըվեր կուզը կուզ նրանց մոտ հասավ, որ հարամին չտեսնի, իր պատրաստությունը[198] չանի։ Էնքան կացան, որ թշնամիքն էկան, գետի ղրաղին վեր էկան, թրըները, երեսները լվացին, նամազներն արին,[199] ու իրանց Սադայելի նոքարներին հրամայեցին՝ որ ինչ բեզարած հալևոր, պառավ մարդ ու կին կա, աչք ու ձեռք կապեն, բերեն իրանց առաջին կարգավ չոքացնեն, որ իրիգնահացն ուտեն, պրծնին ու նրանց անմեղ գլուխը իրանց մուռտառ սրտին մատաղ անեն։

Էլ չթողին էլ ա որ հեր ու որդի, յա մեր ու աղչիկ իրանց եդին բարովն[200] ասեն, իրար մի համբուրեն մի օրհնեն իրար մի փարվեն․ թրի ոռքով վեր հատելով հրամանը կատարեցին ու բերին ողորմելիքը իրար [ 375 ] մոտ չոքացրին։ Աստված ոչ շհանց տա, ինչ նրանց քոռփա էրեխեքն անում էին, ջուրն էին ուզում ընկնիլ, քարերը պոկում գլխըներին էին տալիս, բողազները թրին դեմ էին անում, որ մեկ թողան էլ ա, իրանց հորնը մոր երեսը, յա ձեռը համբուրեն, բայց շատի թևից որ չէին վեր քաշում, գետնին խփում, հենց էն սհաթը հոգին հետը յա դուս էր գալիս, յա էնպես բանհոգի[201] մնում վեր ընկած, գետնին կպած։ Ողորմելի ծնողքն էն հալին՝ էլի էն ասում, աղաչանք անում, որ որդիքը մեռնին, սրին, կրակին տան իրանց գլուխը ու իրանց հավատը չուրանան, էսպես հեռըվանց խոսալիս էլ՝ էնպես էին խփում գլխըներին, որ աչքների լսին կրակ էր տալիս։

[202]Ընչանք նրանք մեկ քանի ոչխար կմորթեին, կքերթեին ու կրակը չաղ կըլեր, սար ու ձոր մութն առավ, մեր քաջ Հայերը թուր ու թվանք հազիր արին, չոքեցին, աղի արտասնքով[203], իրանց աղոթքն արին, վեր կացան, իրար ճտովն ընկան, իրար եդին բարով ասացին, ձիանները թամքած մեկին պահ տվին ու իրանք Աստծու անունը տվին ճամփու ընկան, ամա էնպես ճամփով, էնպես տեղով՝ որ ղուշը չէր իմանալ։ Հինգը մեկ կողմից գնաց, հինգը մյուսից, էն մնացած տասը հոգին էլ էնպես պետք է գային, որ բոլոր մեջ անեինք թրի առաջը ընկածը կոտորեին, սաղ բռնածը եսիր անեին, ու որքան կարելի ա, Հայերին արձակեին, որ քոմակ անեն, իրանց թուր ու թվանք տային, չունքի ամեն մեկը ամեն[204] յարաղիցն էլ ջուխտ ջուխտ ունեին։ Չորս Քուրդ էլ՝ որ բռնել էին Աղասին ինքը վերցրեց, չունքի նրանք օրթում էին կերել մինչև մահը նրա ձեռի տակիցը չհեռանան, ու նրանց միջումը օրթումը սուրբ ա։ Էսպես բոլորը քսանչորս մարդ պետք է հինգ հարիր մարդի հախիցը գային։ Լսողը չի զարմանա թե ինչպես ա կարելի։ Քաջությունն սրտիցն ա կախված․ մեկ էլ որ ինչ կուզե թշնամին շատ ըլի, հանկարծ վրա տալիս՝ էն էլ գիշերը, ի՞նչ ա իմանում[205] դիմացի կռվողի շատությունն ու քչությունն։ Սրանից գյուման՝ Աղասին պատվեր էր տվել, որ Հայերեն յա Թուրքերեն հեչ չխոսան, Քրդերեն հարայ տան, հավար կանչեն ու էնքան եսիր արած Հայի միջումն ինչպես կըլեր, որ մեկ երկու հարիր տղամարդ չըլեր, որ սուր չունեին, էնդուր համար էին խղճացել։

Հենց էն սուփրի ու խորովածի չաղ ժամանակը, էն վախտը, որ ամեն մարդ յարաղ ասպաբ վեր քցած՝ իր ֆորսի եդևիցն էր ընկել, որ նրան ձեռք քցի, թվանքների տրաքիլը տասնը հինգ, քսան հարամու հոգին տալը, ձիանոնց խառնվիլը ու հարամու փախչիլը մեկ էլավ։ Աղասին իր ընկերների կեսը վրեն ձորի ճամփեն էր կտրել, մյուս կեսը հարիրից ավելի Հայ բաց արած՝ քամակներին քցած, ձորի եդևը։ Մեկ քսան, երեսուն մարդ էլ վրա թռան, էն խեղճ չոքածների աչք ու ձեռներ եդ արին, ու էս հալևոր աժդհեքը՝ որ կռվումն էր մազըները սիպտակել, թուր որ չտեսան ձեռըներին, ասլան դառան, որը միջիցը, որը ձորի քամակիցն ու եդևիցն էն կարկուտն ածեցին թշնամու գլխին, որ Աստված ոչ շհանց տա։ Ղարսցի Հայերը էս ձորերի քարերն էլ ունեին համարած․ ինչ տեղ փշտով, թվանք էր [ 376 ] տրաքում, յա թուր խաղում, առանց դոշի ու գլխի չէր անց կենում։ Մենակ Նազի խ<անն> ու Օքյուզ աղեն, ինչպես որ էլավ, գլխըները թափեցին, ձիանները ձեռք քցեցին ու[206] մեկ քանի մարդով դուս փախան։ Մնացածը ինչ կոտորվել էին, կոտորվել, ինչ չէ, մնացել ձորի միջումն ոչխարի պես չոբանը կորցրած, կանգնած։ Ընչանք էսպես պահեցին մեր տղերքը մինչև ծեքը բացվեց ու աչքդ բարին տեսնի։ Տասնըհինգ Թուրքի մենակ էն չորս Քրդերն էին սպանել, տասից ավելի ղուղ մենակ Աղասին էր ցրվել[207] ու փոր վեր ածել։ Լսողը կարելի ա զարմանա, թե ինչպես էսքան բաներ մեկ օր ու գիշեր անց կացան, էնդուր համար, որ Ղզլբաշը էս միջոցումը Ղարսա վրա կռիվ էր դուս գնացել, ու ասածս քսան ու մեկ թվին էր, որ սար ու ձոր մանավանդ Անի հարամի ու յաղի[208] էր դառել։

Առավոտը լուսացավ․ էն առավոտը երանի ամեն խղճի ու տառապելո ռաստ գա։ Հինգ հարիր հոգուցը վաթսուն հոգի չէր մնացել, էն էլ ոչխարի պես մեջ արած, շատը անյարաղ ասպաբ։ Ձիուն, շորին[209], ասպաբին թիվ ու համար չկար։ Լեզու պետք է ըլի՝ որ պատմի էն փարվիլը, էն ուրախության արտասուքը, որ էս օր Անի տեսավ։ Ղարսըցի Հայք դեռ չէին հավատում իրանց աչքին՝ թե ղորդ թշնամու ձեռից ազատված՝ էլ եդ իրանց աշխարը պետք է գնային։ Էնքան շշկլել էին, որ չէին էլ ա միտք անում, որ մեկ հարցնեն՝ թե ո՞վ էր նրանց ազատողը։ Գեջդանգեջ՝ որ Աղասու մարդիկը ձիանը չէին վեր բերում բերդիցը, աշխարհն իրարոցով դիպավ, հենց կարծեցին՝ թե թշնամի են, թվանք վեր առան, բայց Աղասին բոլորին էլ հանդարտացրուց ու հսկայական քայլիվ՝ որ առաջ չի գնաց փոքր ու իր ընկերներին կանչեց, ամենի աչքն էլ մնաց նրա պարթև բոյի, նրա ազնիվ շարժվածքի վրա հիացած։ Էլ էնքան նրանց փարվելուն ու օրհնելուն չըմտիկ արեց, երբ իմացավ, թե Հասան Խ<անը> ղոնշունով Ղարսից եդ ա գալիս (ղարսըցիք ասեցին նրան), շուտ ական թոթափել, մեկ երկու ձիավոր Գյումրի ղրկեց, մյուսներին հրաման արեց՝ որ էլ ժամանակ չկորցնեն, օղլուշաղն տանին բերդումը, յա ձորումը ամրացնեն, մալն ու ոչխարը ձորնըդուս քշեն Շորագյալու հանդը տանին ու ինքը, ինչքան թվանք թուր բռնող տղամարդ կային, գլխին հավաքեց ու սարնըդուս վեր էլավ։ Տասը, տասնըհինգ տարեկան տղերքն էլ ասլան էին դառել, ուզում էին իրանց արընի ջիգրը հանեն։ Գերի արած Թուրք ու Քրդերիցն էլ յարաբ ասաբ եդ արին, իրար կապեցին ու բերդը տարան։ Աղասին չէր էլել, ղարսըցիք ուզում էին նրանց քարով սպանեն յա ջուրն ածեն։

Հուլըսի 23-ին 1821 ին էր, որ Հայոց Հին քաղաքն Անի, իրեք հարրից[210] ավելի կտրիչ[211] զորք, թողունք ջահել տղերքը՝ զրահավորված, զարդարված աչքը բաց տեսավ, որ մտան ոչ, իրանց որբ մայրաքաղաքը — աչքները ծով դարձավ, մեկ սհաթ քիմի տաճարի միջումն ընկել երեսի վրա, գետնիցը պոկ չէին գալիս։

Բայց գլուխը պահելու ժամանակ էր, Աղասին խնդրեց՝ որ ինչ սրտըներումը ունին, ետո ասեն, ետո անեն, ու զորքը կես արեց, կեսը տվեց Կարոյի ձեռքը, որ էս կըռվըներումն եփվել հասել էր, կեսը ինքը ձեռի տակն առավ, ամեն մարդ ինչ ուտելու էր, ջեբը դրեց, երեսնաչափ մարդ էլ [ 377 ] օղլուշաղի հետ դրեց, բերդումը ղայիմացավ, Կարոն արևմտյան ձորումը, Մուսեն օղլուշաղի հետ։ Աստծո ողորմությունիցը բարութ գյուլլեն էլ լավ վախտին հասավ։ Էնպես էին պայման կապել իրար միջում, որ թե Հասան Խ<անը> ձորը մտնի, էնքան թողան, որ բոլոր ղոնշունի ոռքը կտրվի, եդո շենլիկ անեն[212] թուշ, բերդի վրա գա, էնքան դուս չի գան, մինչև բոլորը նրանց գլխին հավաքվին, ետո կեսը ձորի մեկ կողմիցը, մյուսիցը կռվի չաղ ժամանակը վրա տան, որ էնպես շշկլացնեն թշնամուն, որ փախչելուց գյուման էլ ուրիշ ճար չըքթնեն, ու թե Աստված էս հաջողությունը կտար, Մուսեն օղլուշաղը թողար մեկ ղայիմ տեղ, ու ձիանը դուս բերեր իր մարդքերանցովը, որ բալքի թե հնար լինի, բոլորին էլ ջարդեն։

Առավոտյան հովն անց էր կացել, որ ամեն մարդ հեռացավ ու իր տեղը քթավ։ Ճաշն էլ էկավ հասավ, էնքան շոքը չէր գետինն էրում, ինչքան քաջ Հայերի արինը իրանց սիրտն ու տամարները՝ որ իրանց ազգի իշխանաց, թագավորաց հողի վրա թափիլն ու քաջությամբ մեռնիլն էլ՝ իրանց հմար անմահություն էին համարում։ Արեգակը երկնքի միջիցը երկու գազաչափ թեքվել էր, որ բերդիցը մեկ թոզ տեսան, քիչ քիչ շատացավ ու ամպի պես Անու սաղ դուզը կոխեց։ Ձորիցն էլ էն էին տեսել ու իրանց տեղը անսասել։ Դամար էր որ ուզում էր տրաքի, սիրտ էր, որ ուզում էր պատռի, շատն ուզում էին բերդ ու ձոր թողան, մեյդան դուս գան, իրանց տղամարդությունը ցույց տան։ Աստծո ողորմությունիցը էնպես էր երևում, որ թշնամին բանից խաբար չի, ու հենց էնդուր համար ա էնպես ոտն առել, որ գան էնդեղ մի քիչ դինջանան ու ետո իրիգնահովին ճամփու ընկնին։ Հետըները ո՛չ թոփ էր երևում, ո՛չ բախանա, հենց սուբահ ձիավորներն էին առաջ ընկել, որ հասնին Երևան, ավետիք տան թե Ղարս առան, քանդեցին, բոլոր գեղարենքն էլ քոչացրել, թրի առաջ են արել, բերում են։ Էնպես մարդաշատ երկրները քանդող Հ<ասան> Խ<անը> էլ ի՞նչ կասկած կտաներ, թե մեկ խարաբա տեղում, ուր չոբաններն էին անց կենում,[213] ակռավները բուն դնում,[214] գլխին փորձանք պետք է գար։

Թոզ ու դումանի տուտը քաղաքը բռնեց, խարաբա պարիսպն ու բրջերն էլ՝ հենց գիտես՝ իրանց քանդողներին տեսնելով, աչքըները խփում էին, չէին ուզում թամաշ անիլ։ Աստծո աչքը որ քաղցր լինի, մատաղի գառն իրան ոտովը կգա դուռդ, ասած ա։ Հենց էս օրինակին բանը պատահեցավ, քաղաքը մտնիլն ու Հասան Խ<անի> ձիուց վեր գալը, չադիր խփիլը մեկ էլավ։ Ղզլբաշի սովորությունն ա, ձիուց վեր էկավ թե չէ՝ թվանք, ասպաբ, յափնջի կքցի թամքի ղաշը, ձիանը ման ածիլ կտա, չորս հինգ<ը> մեկ գյադի ձեռք տված, ինքը թե նամազի վախտ ա, նամազը կանի, թե հացի, ղայլանը կքաշի, ու հացի կնստի ծալապատակ։ Էս անգամ երկուսի վախտն էլ էր, ճամփից էկած, ջարդված,[215] քսանը մեկտեղ հարիրը մեկել, յափունջին փռեցին կոլոլ քարըները ու սանդրերը ծոցըներիցը,[216] թրերը բնիցը հանեցին առաջներին դրին ու հենց իմանաս՝ սև սև հոգիք են, լեզու բերան փակած բարձր ու ցած անում, երեսները դնում քարի, թրի վրա, փոքր ժամանակ մնում գետնին կպած, էլ եդ գլխըները [ 378 ] վեր քաշում, էլ եդ երեսի վրա ընկնում, գտակը գլխըներին, ետո բարձրանում, կիսով չափ գլխըները կախ քցում, աղոթքները մունջ քնթըների առաջին էնպես ասում, որ իրանց անկաջն էլ չէր իմանում, եդո ձեռները ծնկների վրա դնում, քարին, թրին[217] կռացած մտիկ տալիս, էլ եդ չոքում, գլխըները գետնին կպցընում։ Մահմեդականին նամազ անելիս, որ գլուխը կտրես, ամեն մարդ էլ գիտի, որ երեսը թեքիլ չի, էնքան իր աղոթքի զորությունն զգում ա, բայց մի բառ էլ ա, չի հասկանում, չունքի բոլոր աղոթքըները Արաբերեն ա։

Հենց առաջին չոքելումը ուզեցան մեր տղերքը, որ վրա տան, բայց քաջն Աղասի մատը բարձրացրեց՝ որ տեղըներիցը չեռան, Թուրքերն ուզում էին իրանց կտրատեն, որ իրանց հավատակցի հավարին չէին կարում հասնիլ։ Մեկ երկուսի փորը տեղն ու տեղը վեր ածեցին, որ էս բանը վարավուրդ արին, մյուսներն էլ շուն դառան, ձենըները փորըները քցեցին։ Աղասին ղզլբաշի միջումն մեծացած գիտեր լավ, որ նամազը ընչանք կես չըլի, վախտը <չի>։ Ձորի տղերքն էլ տեսնելով, որ թվանքի ձեն չէկավ, իմացան, որ գելը ինքն իրան ա ականաթի մեջն ընկել, էրերը թողին ու քարափե քարափ էկան քաղաքին մոտացան։ Շատը ղզլբաշի նոքարների աչքըներովն էլ ընկան, ամա ի՞նչ կարծիք կտանեին, իրանց մարդիքն էին կարծում, որ էնպես վախտին ֆորսի են ման գալիս, որ բերեն խաներին, բեկերին փեշքաշ անեն, խալաթ առնեն։ Նրանց շարժմունքը բերդըցիքն էլ էին տեսել ու ջանները դող ընկել. էլ վախտ կորցընիլ չէր հարկավոր, թե որ իմացել էին թշնամիքը, բանը խարաբ կըլեր։ Հեռըվանց էլ Երևանու կողմիցը մեկ երկու ձիավոր ձիանոնց անկաջը մտած, թոզին, փափախին անելով գալիս էին։ Թշնամին նամազ էր անում, ի՞նչ մտիկ կտար, թե աշխարքն էլ փուլ գար։ Հենց մեկ էլ ձեռներն անկաջներին դրին, չոքեցին ու գետին կպան, թվանքները բերդիցը ճռռացին, սար ու ձոր թնդացին, եկեղեցիքը գլուխ բարձրացրին, ձիանները թոք ու ղանթարղա կտրեցին երկու հազարից ավելի՝ յափունջի, թուր, թվանք գետնի վրա մնացին, ու ղզլբաշի շատը անգտակ, բոբիկ ընկավ ձորնըվեր, չունքի հրաշքից յա քաչքից ավելի ոչինչ չէին կարծում։ Ղոչաղ Հայի տղերքը քար ու ձոր բռնած՝ էլ էնքան թվանքին չէին զոռ տալիս, որքան թրին ու ղամին։ Գազան Հ<ասան> Խ<անի> լավ աջալն էկել հասել էր, ամա նրա բախտն էր՝ որ էն Երևանից էկած ձիավորները հենց էս սհաթին ձորաբաշը հասան, մինչև փիադա Հայի տղերքը նրան կըհասնեին, սրանք ներքև էկան, Հ<ասան> Խ<անին> ձիու վրա դրին ու թռցրին։ Ողորմելին ձորի էս կողմիցը որ աչքը չի քցեց ու իր ջրատար օրդուն տեսավ, երեսը կալավ ու ձիուն օրզանգվիլ տվեց։ Հազար մարդից ավելի հոգին տվել էին էս օր, մյուսքը որը քարափի, քարերի գլխով վեր ընկել, փառչա փառչա էլել, որը բանհոգի էլած՝ վեր ընկած մնացել, որն էլ քարի քոլի տակի տափ կացել, ճապաղել։ Շատին հենց էսպես տեղերից[218] հանեցին, կռները կապեցին ու դարիդուս տարան։ Թող նրանց ուրախությունը նա զգա, իմանա, ով սիրտ ու երևակայություն ունի։ Հարիր ավելի գերի էլ էս օր ձեռք բերին, փոքր ժամանակի Անի էն անունը հանեց, որ սաղ [ 379 ] Երևան դողում էր։ Էն ժամանակը ես ինքս Էջմիածին էի, որ Հ<ասան> Խ<անը> էնպես փախած էկավ անց կացավ։ Առաջուց մարդ էր ուղարկել, որ Էջմիածնա միաբանքը առաջը չգնան խաչ ու խաչվառով, ինչպես միշտ անում էին։ Բայց ձեն հանեցին՝ թե Քրդերը ճամփին վրա են տվել ու Ղարս ցավ էր ընկել։

Աչալուրջն Աղասի՝ երբ բոլոր խալխը էկան, հավաքվեցան, ամեն բանը թողաց, հրամայեց, գնացին[219] եկեղեցին, րիգնաժամն ասեցին, Աստծուն իրանց շնորհակալությունն արին, ու ժամը որ դուս էկավ, մարդ քցեց ամեն տեղ,[220] որ ղարավուլ քաշեն, տեսնին՝ թե հարամու ոտքը կտրվել ա, թե էլ ահ կա։ Գոհություն Աստծո, ոչի՛նչ չտեսան։ Եդ դառան։ Մեռած մարմինները որը քարափնըվեր ձորը շպռտեցին, որը հորերը, մնացած ձի, հարստություն ճոթ արին։ Շորին, ձիու, ասպաբի մտիկ անող չկար։ Մութը գետինը չառած, ամեն տեղ պահապան դրեց ու մնացած խալխը բերդը հավաքեց։ Րիգնահացը որ կերան, Աղասին սկսեց խորհուրդ անիլ՝ թե ի՞նչ ա նրանց միտքը, ո՞ւր են ուզում գնալ։ Նրա միտքն էն էր, որ բալքի սրանց էլ ա ճամփու բերի, մնան Անի, իրանց հին աթոռանիստ քաղաքը, ուրդեղ որ նրանց կյանքը ազատվել էր, կրկին շեն քցեն, գրեն՝ Գյումրի, Ռսի ռահաթ դառնան, ու էստով աշխարքումը հավիտենական անուն ճարեն։

Բայց սնապաշտությունն ու սուրբ Հովհան Երզեկացվո անեծքի սուրը էնպես էին նրանց սրտումը ցցվել, որ հազար քարոզ ու քյալփաթին ըլեր, չէր կարող հանել։ Աստված մի՛ արասցե՝ որ մարդի գլուխը մեկ անգամ ծռվի, էն ժամանակը հազար[221] կարգավոր ու բժիշկ էլ որ հավաքվին, խեր չի անիլ, քանի դզես, էլի կծռվի, ու վերջը թե զոռ արիր, իսպառ կկոտրվի։ Գիժն՝ ասած ա, մեկ քար քցեց ծովը, հազար խելոք վրա թափեցին, չկարացին հանիլ։ Աղասին տեսավ ասածը չվանի վրա չեն դնիլ, զուր տեղը անց կկենա, քաշվեց մեկ ղրաղ, աղլուխը դրեց աչքին ու բերանը բաց արավ։ «Փառքդ շատ ըլի՝ ո՜վ Արարիչ Աստված՝ էլ ո՞ւր ենք ասում, թե մարդ Քո սուրբ հոգին ունի, Քո պատկերն ա, որ քարից էլ շատ անգամ միտքը պինդ ա, գլուխը հաստ։ Գող ու ավազակ էստեղ տարերով բուն են դրել, էլի Քո երկիրը նրանց տակով չարել, վրեն պահել ա, հենց մեր ազգին ա Քո զուլումը հասել, որ չես թողում իրանց աշխարքը շեն անեն, քո սուրբ անունը փառաբանեն, կյանք ազատեն ու կյանք վայելեն։ Չէ՛, ամենակալ Արարիչ, դու Քո ստեղծվածը, Քո որդին էդքան չես անարգիլ, չես ոտնահարիլ. մարդս որ ծնվում ա, մեկ գունդ մսից ավելի էլ ոչինչ չենք տեսնում։ Տարիք են անց կենում, որ քիչ քիչ ոտին ա ըլում, քիչ քիչ լեզու, ուշ ու միտք գալիս, ձեռը բերանը՝ տանիլը[222] ու դարդակ հաց ուտիլն էլ ա, հաց դատիլը չեմ ասում, սովորում։ Բայց վա՜յ էն էրեխին, վա՜յ էն ազգին, որ աչքը էնպես գոգում բաց կանի, որ լսի տեղ, խավար կտեսնի։ Աչքը բաց՝ դուզ ճամփեն կթողա, քարեքար կընգնի։ Վա՜յ էն ազգին, որ բնական օրենքը կթողա, անբնականին կըհետևի, որ[223] էնպես խրատ տվող չի ունենալ, որ նրան հոգի տա, և ո՛չ հոգին էլ հանի։ Երաբ, որ լավ կարթացող էր[224] էլել, էրեխեքանց ջոկ, ժողովրդին ջոկ՝ գիշեր ցերեկ [ 380 ] խրատ էր[225]՝ տվել, կարդացրել, լուսավորել էր, հիմիկ մեր ազգը է՞ս հալին կըլեր։ Է՞ս տեղը կընգներ։ Սարի հայվանն էլ մեզանից լավ ապրում, հարամուց, ֆորսկանից յա փախչում, յա վրա թռչում, կտրատում, գլուխը պահում։ Ծտի բունն էլ որ քանդում ենք, ղժվժում, թևին, գլխին ա անում։ Մենք ծտի ղդտր էլ ա չկա՞նք, որ մեր բունը պահենք։ Ի՞նչ օգուտ էն գիրքն ու ավետարանը, էն խաչն ու երկրպագությունը, որ մենք չենք հասկանում։ Գետնի տակին էլ շատ գանձ կա, մեզ ի՞նչ։ Ախ մեր կարթացողներ, մեր կարթացողներ, ի՞նչ կըլի, որ ինչքան ժամանակ քնի, քեֆի հետ են անց կացնում, ավելի փողի թամահ անում, էսպես բանի թամահ անեն, մեզ լուսավորեն, իրանք էլ թշնամուց, հարամուց ազատվին, մեզ էլ ազատեն։ Մարդս մեկ անգամ ա աշխարք գալիս, էնպես պետք է անի, որ դուս գնալիս, էս դինումը անունը հիշվի։ տոնվի, էն դինումը հոգին փառավորվի, լսի փայ ըլի։ Բայց ի՞նչ օգուտ՝ որ ասածս քարերն են իմանում։ Ասենք թե տգետ խալխը էսպես բանը լսել, ասում ա, կարգավորին ի՞նչ ա էլել, որ նա էլ ա հաստատություն տալիս, թե էսպես հրաշալի քաղաքը անեծքով ա կործանվել։ Առաջինը սուրբ մարդի բերնից՝ անեծք, դառը խոսք չի պետք է դուս գա, դուս էլ էկավ, Արարիչ, երեսս ոտիդ տակը. դու պետք է մեկ մարդի խաթեր միլիոն հոգի կորցընե՞ս։ Թե պետք է կորցնեիր, ընչի՞ ստեղծեցիր։ Ա՜խ՝ հազար էսպես ցավեր կա սրտումս, ամա բերանս փակում են, չեմ կարում ասիլ»։

Էս մտատանջության միջումն էր, որ աչքը հանկարծ որ չի բարձրացրեց, Անու բոլոր դուզը կրակ էր դառել։ Նա իմացել էր, որ՝ Ղարսա էլիգը Հ<ասան> Խ<անը> քոչացրել, ուզում էր՝ որ բերի Երևան ածի։ Լավ իմանում էր, որ սրանց վրա թե ղոնշուն էլ ըլին, էնպես մարդիկ չեն ըլիլ, որ իրան դեմ կենան։ Հ<ասան> Խ<անին> որ կոտրեց, ի՞նչը նրան կդիմանար։ Նրա համար կռվիլը խաղալիք էր դառել, մինչև առավոտն սպասիլ չէր ուզում, կասկածում էր, թե նրանց գլխին էլ էն բերեն, ինչպես մյուս Հայերի ու ծեր ու պառավ սուրը քաշեն։ Երկու հարրաչափ ընտիր ձիավոր քամակը քցած ընկավ դուզը։ Էն հադաղին վրա հասավ, որ[226] նոր էկել վեր էին էկել, ու շունը տեր չէ՛ր ճանաչում, քոչ քոչ<ի> վրա վեր էին թափել, ամեն մարդ իր գլխի ցավն էր քաշում։ Թշնամին էնպես ցըրվեց, տաղըթմիշ էլավ, որ մեկը չմնաց, Հայերին որ չարձակեցին ու մեկ տեղ հավաքեցին, նրանք իրանց դարդը մոռացած՝ ձեն տվին էկողներին՝ որ թոփ ու ջաբախանեն ձեռք քցեն ու սարվազներին հետ ածեն։ Երկու հազարից ավելի սարվազ, որ Հ<ասան> խ<անը> թողել էր, որ էլիգը յավաշ բերեն, շատը Հայ, ղալմաղալը որ ընկավ, հենց իմացան թե էկողները Ռուս են, բոլորն էլ թոփ, թոփխանա թողին ու ձորը թափեցին։ Մեկ քանի երևանցի թոփչի ու սարվազ ձեռըներն ընկավ, էլ ի՞նչ էր պակաս, որ Անի քաղաքին հարամի մոտանա։ Ինչպես որ էր, գիշերն անց կացրին, առավոտը որ լուսացավ, Աստծո լիսն ընկավ Հայերի սիրտը։ Էնքան բարութ, թվանք, թոփ էին նրանք ճարել, որ սաղ աշխարքը պոկ գար, նրանց վնաս չէր ըլիլ։ Բայց ինչքան Աղասին խրատեց, ասեց, խնդրեց, չէլավ, չէլավ, Հայքը եդ չի դարձան, անիծած տեղը չուզեցան մտնիլ ու շատը երեսները էլ եդ [ 381 ] դեպի Ղարս շուռ տվին։ Աղասին շատ ուզեց, որ Ռսի հողն էլ ա գնան չէլավ, որը կամենում էր, որը չէ՛, ընչանք էսպես կղռվռային, Ղարսա փաշեն ղոնշուն հավաքած՝ գալիս էր՝ որ իր ռհաթը ետ դարձնի։ Պետք է ասած՝ որ, թե Ղարսա՝ թե Բայազդու փաշեն Հայերին իրանց որդու պես էին սիրում։

Փաշեն մնաց սառած, երազ էր կարծում աչքի տեսածը։ [227]Նա էնպես էր կարծում, թե իր գլուխն էլ սաղ չի դուս տանիլ էս ձորերիցը, բայց ինչքա՞ն զարմացավ, որ երբ կամենում էր վրա տալ, խալխը հազար տեղից ձեռըները բարձրացրին, անունը տվին ու խնդալով առաջը վազեցին։ Հոր պես որդվոց ազատությունը տեսնելով՝ սկսեց փառք տալ Աստծո, երեսը գետինը քսել ու դեռ բերանը չբաց արած՝ որ հարցնի՝ թե ախր էս հրաշքը ինչպես էր պատահել, Աղասուն ձեռըների վրա բռնած՝ առաջին կանգնացրին ու հազար բերան ձեն տվեց. «[228]Էսուր, էսուր մեզ, մեր որդիքը ղուրբան էրե՛, փաշա՝ գլխիդ ղուրբան։ Մեր ազատողը, մեր երկրորդ Աստվածը սա է»։ Ազնիվ երիտասարդը որ ամեն մեկ սրտի ցավը հազար[229] անգամ երեսի գունը էնքան փոխել, ներկել էին, էնքան աչք ու թուշ կարմրացրել, սպիտակացրել, որ շարմաղի պես մեկ ձեն անկաջն ընկնելիս, իսկույն աչքի աղբրները գետ էին դառնում, երեսի գունը՝ ղրմզ, ձեռը անլեզու երկինքը քցեց, ու առանց խոսալու ցույց տվեց, որ նրա հաջողողն ու զորություն տվողը երկինքն էր, և ո՛չ իր ձեռի հունարը։ Ազնիվ փաշեն առաջին անգամ իր կենաց միջումը մեկ Հայի տղի ճակատ էնպես համբուրեց, ինչպես իրան նամազի քարը, դոշին քաշեց, էլ եդ գլուխը ձեռն առավ, էլ եդ համբուրեց, ու իր քաջության բոլոր ըխաիարը նրան խոստացավ, որ հետը գնա Ղարս ու իր ձեռի տակին մնա։ Աղասին ընկավ փաշի ոտը, շնորհակալություն արեց, ու ասեց՝ որ աշխարքի թագավորությունն իրան տան, նա Անուցը ձեռք վերցնողը չի, նրա միտքն էն ա, որ Անի շինություն քցի։ Ի՞նչն էր փաշի ձեռին հեշտ, քանց էս, միմիայն խնդրեց, որ հմիկ հետը գնա Ղարս, ոտը խաղաղվի, էն ժամանակը նրա բոլոր մուրազը կկատարի, ինչքան[230] տուն, մալ, ապրանք ուզում ա, կտա ու ինքն էլ հետը քոմակ կանի։ Արտասունքն աչքերը լիքը կրկին ընկավ Աղասին փաշի ոտը․ «Էս գլուխը որ էլ պետք չի, էս դոշը որ հազար անգամ կրակում էրվել, խորովվել ա, էս ձեռը, որ հազար անգամ ուզել ա, իր թուրն իմ սիրտս խրի, բոլոր, բոլորը քեզ մատաղ՝ փաշա՝ յա էս սհաթին ինձ սպանիր, յա ասածդ արա, որ ես իմ ազգի մայրաքաղաքը էլի շեն տեսնիմ, եդո գետինը մտնիմ»։

«Անխավատ աջամ» Քրդստանցիք հազար տեղից ձեն տվին,[231] ծո ի՞նչ կզրուցե, ծո։ Գիր չգի՞նա, կարդալ չգի՜նա, փաշություն կտան,[232] հմլա էլ իր սազ կածե։ Ո՞վ է խելք, իման կորցրել, որ էմալ անիծած տեղ գա, բուն դնե։ Շիդակ աջամ, աջամի լաճ։ Ի/նչ կուզես, էրե՛, ագլոր մագլոր չի խարցնիլ, հմլա կբոռա, մեր ճետ խանչեց, մեր ճետ խանչեց» (մեր ագլորը կանչեց)։

Խնդալով, պար գալով ղարսըցիք էլ եդ իրանց հողը մտան, ա՜խ քաշելով, աչքը սրբելով՝ Աղասին Անի թողեց։ Փաշի կոխքին՝ հազար խոսք, գովասանություն անկաջն էր ընկնում, հենց գիտես՝ քառացել էր։ Հազար անգամ շուռ էկավ, էլի որ դեռ Անու պարիսպքը, եկեղեցիքը աչքին երևում էին, սիրտը մի քիչ հանդարտում էր, դոշին խփում էր, ախ քաշում, [ 382 ] կրակ վեր ածում։ Հենց սարի գլուխը վեր էլան, որ էն կողմն անցնեն ու Անին պետք է աներևութանար, էլ չկարաց իրան պահիլ, թուլացավ, ձիուց վեր ընկավ, չոքեց, ձեռները երկինքը քցեց, աչքերը Անու վրա ու գոռաց։

Յա ա՛ռ իմ սիրտս, յա տո՛ւր ինձ հունար,
Ո՜վ դու երկնային[233] ստեղծող բարերար,
Յա իմ հոգին էլ[234] հանիր քեզ մոտ տար,
Յա[235] քո երկնքիցդ արա[236] ինձ մեկ ճար։
Քանի շունչս վրես ա, քանի ձեռս գլուխս,
Կրակ էլ որ թափես,[237] խորովես իմ սիրտս,
Էլի իմ հոգիս ուրախ քեզ կտամ,
Թե Անու միջումն իմ մարմինս թողամ։
Աչքեր քոռացե՛ք, բալքի թե էլ բաց
Չտեսնիք դուք Անու[238] [239]լուսահողն օրհնած․
Բալքի թե մեռնիմ էս դարդովն էրված,
[240]Հողս էլ[241] հողին չմնա կորած։
Թո՛ղ հոգիս դժոխքը գնա,[242] խորովվի,
Իմ սուրբ նախնյաց տեղ, իմ ազիզ Անի,
Էլի որ մարմինս մեկ քարի տակի
Ըլի քո ծոցումն, ինձ դրախտ պետքը չի՛։
Թո՛ղ էն անեծքը, որ քեզ են տվել,
Բանան անդունդը, կուլ տան ինձ սաղ էլ․
Քո հողն երեսիս մտնիմ գետնի տակն էլ,
Երկնային լսին[243] էլ ես չեմ կարոտիլ։
Սուրբ Երզնգացի, սուրբ Երզնգացի՝
Պարծեցի՛ր թե ես չեմ շինել Անի,
Անեծքդ էն վախտը թրի կայծակի
Պես թող ինձ էրեն,[244] իմ հոգիս տանջվի։
Ջանս ձեզ ղուրբան, այ սուրբ քար հողեր,
Տաճարք, ապարանք,[245] պարիսպք, տապաններ.
Թե մուրազս սրտումս պետք է մեռնի, մնա
[246]Էս չոքած տեղս՝ թո՛ղ ջանս քարանա։
Քարացած տեղիցս կանգնիմ ու ասիմ.
Ամեն անցնողին[247] քեզնից կանչեմ
Քարացած լեզվով, վայ տամ,[248] աղաչեմ.
Ո՞ւր էք գնում, թողում, ձեր նախնյաց տեղն եմ։

Առավոտը էն ա լսին էր տալիս՝ որ իշխանն և քաջահաղթն գեներալ Մայոր Մատաթովն վեր կացավ ու Շամքոռա դզին մտիկ արեց, զորաց ինչ հրաման ուներ տվեց, ու ինքը արծվի աչքերովը Գրիգոր եպիսկոպոսը ու Հայերի իշխանները[249] քամակը քցած օրդվի չորս կողմովը պտիտ տալով՝ մտիկ էր անում սարերի գլխին, խոռ տեղերին դուրբընով,[250] որ թշնամին հանկարծ վրա չտա, ու իր պատրաստությունը տեսնում էր։ Զորքը ղորդ ա [ 383 ] շատ քիչ էր, ամա Մադաթովն էր նրանց գլխին, որ սար ու ձոր դողացնում էր, որ Աստծո տեղ պաշտում էին, որ Ղզլբաշի հոգին ջուր էր կտրվում,[251] անունը լսելիս, ու իր հավատարիմ ազգը՝ արինը աչքումը, շունչը բերնումը, գլուխը փեշումը հազիր վառված՝ քամակին որ տուն տեղ, որդի, օղլուշաղ, մալ, դոլվաթ թշնամուն յա գերի տան, յա Ռսի թուրը նրանց աչքը խրիլ տան։ Զոռը խփեցին, առավոտյան աղոթքն արին, բայց մեկն էլ ա դեռ չէր գիտում թե ո՞ր կողմովը գնան։ Ղզլբաշի զորքն Գյանջա, Ղարաբաղ էս կողմիցն էր առել, ոտնատակ տվել, Փամբակ, Շորագյալ էն։ Էս կողմիցն Աբաս Միրզեն, էն կողմիցը Հ<ասան> խ<անը> քանդելով, ավերելով էկել հասել էին, Թիֆլիզ՝ որ գնան Պետերբուրգ՝ ինչպես որ տեսանք սհաթե սհաթ աչքը կթած ուներ, թե Աղա Մամադ Խանի կրակը որդիանց որ ա, էլ կրկին իր գլխին կթափի։ Երմալովն ինչ հնար, ճարտարություն ուներ, գործ դրեց, Մատաթովը պետք էր Վրաստանու փրկիչը լիներ, ու ցույց տար աշխարքին, թե Հայոց հողումը[252] իրանց հին հսկայության կրակը, քաջության բոցը, հավատարմության խունկը դեռ կար[253] ու վաղուց մխում էր, որ մեկ հով դիպչի, հոտն աշխարք ընկնի, կրակն իրանց թշնամուն, իրանց աշխարքը քանդողին էրի, փոթոթի։

Պտտելով էլ եդ չադիրը մտավ զորապետը ու[254] միրզի մեկին կանչեց, որ ասածը գրի, Թուրքերին խափի՝ թե ֆլան գեներալը, ֆլան տեղիցը, ֆլանը ֆլան՝ անթիվ զորքով գալիս են՝ որ թշնամու գլուխը ջնջխեն, հանկարծ ղշղրուն ընկավ զորաց մեջը՝ կարաուլ ձեն տվին, թվանքները հազար դհից վրա բռնեցին, բայց «Քրիստյան, Արմյան» գոռալով, երեսին խաչակնքելով՝ մեկ աժդհա, որ ղոնշունի մեջը չընկավ, Մատաթովի չադիրը չտեսավ ու ձիուն եդին ղամշին տվեց, Մատաթովը ստոլի վրա մնաց փետացած, ընչանք մարդ կկանչեր,[255] անծանոթի ձին առաջի երկու ոտը չադըի առաջին փռեց, փռնչաց ու հոգին քթովն ու փորովը դուս փչեց։ Կտրիչ ձիավորը մզրախը գետնին ցցեց,[256] ղարավուլի բանի մտիկ չարեց ու Մատաթովի չադիրն ընկավ։ Քաջ գեներալը՝ թե Եվրոպացի էր էլել, հուշտ կըլեր, յա կզարմանար, ու էնպես[257] հանդգնությունը կարելի ա պատժեր, բայց նա մեր երկրի մարդի խասյաթը լավ գիտելով, տեղը մնաց կանգնած ու էլ էկողին ժամանակ չտվեց՝ որ խոսի, ինքը հարցրեց, թե ինչ խաբար ա։ Ձին որ էն հալն էր ընկել, նստողինն ի՞նչ կըլեր։ Երկար ժամանակ լեզուն խոսք չէր բռնում։ Գեջդանգեջ որ խելքը գլուխն էկավ, ձեն տվեց․ «Կնյազ՝ թադարեքդ տե՛ս՝ որ էս օր ա, ձեզ դաղըթմիշ կանեն, էս գիշեր ա, նմանապես»։ Ու պատմեց, թե[258] ինքն ով ա, Խլդարաքիլիսումն[259] արել, Անի ի՛նչ, Աբարան, Դիլիջան ի՞նչ ու քսան երեսուն ձիավորով, հազար հարամու աչք հանելով, էստեղ էնտեղ կոտորելով, ուզեցել էր հենց ինքը մեկ ֆռսանդ ճարի, ղզլբաշի օրդուն մեկ գիշեր կոխի, ամա բանը տեղը չէր էկել։ Էն օրն էլ Թարթառ գետի ղրաղիցն անց կենալիս[260] թշնամու աչքովն էր ընկել, սաղ օրդուն վրեն պոկ էկել, ընկերների մեկ երկուսն էլ բռնել, մյուսները սար ու ձոր ընկել, ինքը հազար [ 384 ] թվանքի գյուլլից պրծել, նրա անունը լսել, Ռսի հողն ընկել, որ գա Թիֆլիզ իմաց անի, բեղաֆիլ նրա օրդուն տեսել ու թուշ էնտեղ էկել։ «Ղզլբաշի շատը որ ինձ հետ էին ածում,[261] հենց նոր քամակիցս ռադ էլան, երբ ձեզ տեսան, փախան, հմիկ ի՞նչ գիտես, էնպես արա, գլուխս եդ եմ դրել՝ որ Ռսին ղուրբան անեմ։ Վաղուց էս մուրազս սրտումս կար, վախտ չէի ճարում։ Հույս ունիմ՝ որ մեկ քանի թշնամի էլ ես իմ թագավորի ուղուրին ղուրբան անեմ։ Էս կողմերի քարերն էլ համարած ունիմ, աչքս խուփ, մութը գիշերը ես ճամփեն կքթնիմ։ Ինչպես կամենաս, էնպես իմ ծառայությունը թագավորին հասկացրու։ Փաշություն էլ ինձ տվել են Օսմանլվումը չեմ ուզել, Քրդերն իրանք էին ուզում ինձ իրանց գլխավոր շինեն, հինգ տարի ա Բայազդու ու Ղարսու գլխու ղուշ չի անց կացել, սար ու ձոր ոտի տակ եմ տվել։ Միտքս էն էր, որ Անի քաղաքը շինեի, Հայերը, Հայերը, Աստված նրանց խեր տա, ո՛չ ինձ մտիկ արին, ո՛չ փաշի հրամանին, էնքան էսօր, էքուց քցեցին, մահանա արին, որ ղալաբանթլղը ընկավ։ Ճարս որ կտրեց, էլ ոչ փաշի մտիկ արի, ո՛չ փաշության, եդ էկա էլի Անուն ապավինեցի, լավ Աստված Հ<ասան> Խ<անին> ձեռս քցեց, ես ջահելություն արի, հոգին չհանեցի, ուզում էի նրան թաքուն չսպանեմ։ Ղզլբաշը որ եդ դառավ Փամբակից, ես էս սարի, էն սարի ծերին էնքան գլուխս պահեցի, որ էլի նրան մի ձեռք քցեմ, չէլավ, Աստված գըլխիս բարկացավ ու էս հալին ինձ քո ոտը բերեց, որ շատ չի հպարտանամ, շատ չի ամբարտավանում։ [262]Որքան բարութ ունեի, հատավ։ Ընկերքս էլ չկարացին դեմ կենալ, ամենը մեկ սար ընկան, ես էլ էս հալին առաջիդ կանգնած եմ, ինչ հրաման ունիս, ասա, մեկ գլուխ ունիմ, էն էլ Ռուս թագավորին ղուրբան։ Թաք ըլի մեր աշխարքը անօրենի ձեռիցն ազատվի, թո՛ղ մեր կերածը ցամաք հաց ըլի։ Երևան բոլոր քոչացրին, խեղճ խալխի տուտը Թավրեզ, Բայազիդ, Ղարս հասավ։ Մեկ ծեր հեր ունեմ, բանդումն ա փթում, մեկ պառավ մեր ունեի, ճամփին քոչելիս ա հոգին տվել, մեկ նշանած ունիմ, հազար կրակից, սրից, թշնամուց[263] սաղ ամառը տանջվեցա ու անջախ մի անջախ բերի Ռուսի հողը քցեցի, էլ ուրիշ բան չեմ ուզում, մեկ հորս էլ ազատեի, մեկ մեր ազգը, մեր երկիրը, մեր հավատը ազատ տեսնեի, ետո թող Աստված՝ ինչ իմ ճակատիս գրվածն ա, էն կատարի։

Էս խոսքումը էլ սիրտը չդիմացավ։ Ջիգյարի կրակը բերանը փակեցին, աչքի արտասունքը՝ տեսությունը։ Հսկայն Մատաթով՝ երկար ժամանակ մնացել էր զարմացած ազնիվ երիտասարդի էնպես ճարտար բերնի, էնպես քաջ սրտի վրա, էնպես հիանալի պարթև բոյի ու փափուկ ջիգյարի վրա։ Խնդրեց, որ քիչ մի հանգստանա, ու ինքը իրան թադարեքը տեսավ։ Ով էն ժամանակը[264] կար, տեսած կամ լսած կլինի, թե Մադաթով՝ ի՞նչ արեց։ Նհախ տեղը չի նրա անունը Հայի, Թուրքի, Ղզլբաշի բերնումը մնացել։ Աշխարք տակ ու վեր կըլի, բայց նրա հիշատակը անջնջելի կմնա մեր ազգի միջին ու մեր աշխարքումը։

Դեռ վարժատան աշակերտ էի ու ինչպես էս օր՝ կենդանի է մտքումս՝[265] Աղասին ինչպես մտավ Թիֆլիզ։ Երևելի իշխանի որդի չէր՝ որ նրան մեծ [ 385 ] փառքով ներս բերեին, բայց ով նրա արածը իմացել էր, ուզում էր ոտները ջուր անի, խմի։ Մեկ թղթի միջում ծալած՝ իրան ոսկոռները՝ քսան անգամ հենց ինձ ա ցույց տվել, որը որ զանազան տեղ կռվըներումը կոտրել, հանել էին։ Մեկ քանի ժամանակից ետո հայտնի ա ամենին, որ երբ Ղարաբաղու կողմն թշնամուց ազատվեցավ, Ապարան, Երևան դառան Ռուսաց քաջ սրտի մեծագործության ու տղամարդության ասպարեզը։ Նհախ տեղը չի Երևանու անունը էնպես անձին պատիվ տվել, որ Ռուսաց զենքը Ասիա ու Եվրոպա՝ երկինքը հասցրեց։ Ո՞ր Հայը իրան պարծանք չի համարիլ՝ որ Օսմանցվի, Ղզլբաշի ու Պոլշիո Աստվածը՝ էս օր իր կոմսության անունը Երևանու անունովն ա զարդարել։ Իշխանն Վարվաշի և կոմսն Երևանի՝ Ասիու միջումը Ալեքսանդրի ու Պոմպեոսի, Ջինգիզխանի ու Թամուրլանգի հիշատակը իսպառ ջնջեց ու Ռուսաց քաջության, մեծահոգության, բարեսրտության, մարդասիրության անունը աստղերի հետ դասեց։ Քանդելու միայն էին սովոր Ասիացիք, շինություն ու խաղաղություն տեսան։ Ուրիշ թշնամու առաջ իրանց արինն էին տալիս, ետո իրանց քաղաքն ու օղլուշաղը, Ռուսաց ընդհակառակն՝ բալանիքն էին ընծայում, ետո իրանց տունն ու ընտանիքը։ Գոռոզ կարծիքն Պարսից՝ թե խաչը միշտ պետք էր Ալու փանջին հնազանդեր՝ ցրվեցավ, ու իրանց անողորմության, անօրենության տեղակ, շնորհք, ողորմություն տեսան։ Հայոց արտասվալից աղոթքը՝ որ գիշեր ցերեկ անում էին՝ թե ե՞րբ մեկ Ռուսաց՝ իրանց հավատակցի երեսը տեսնին, ետո հողը մտնին՝ լսեց Աստված ու կատարեց։ Խաչի լիսը ու Ռուսաց մարդասիրության շնորհքը ապառաժն էլ կակղացրին ու Հայաստանի չոլ, ամայի դաշտերը, էս օր մարդաբնակ են դառել ու Ռուսաց ազգի խնամքը վայելում, իրանց սուրբ աշխարքը կրկին շենացնում։ Հայոց ազգի կարոտ աչքը վաղուց էլ արտասունք չի տեսնիլ, իրան հայրենիքը կտեսնի, նրա ծոցումը կմեծանա, նրա սերը կվայելի, ու քոռ նախանձոտ մարդին գործքով ցույց կտա, թե Հայ ազգը ոչ թե փողի կամ շահի խաթեր ա Ռուսի տերության անունը պաշտում, այլ թե իր սրտի ուխտն ա ուզում կատարի՝ որ իրան հավատն ու ազգը պահողին՝ արինը, կյանքը, որդին չխնայի։ Հայ ազգը՝ որ ո՛չ թե թուլ էր, յա քաջություն չուներ, որ իր երկիրը պահել էր, ո՛չ։ Երկիրն ինքն էր պարտական։ Աշխարքուն ով ոտը բարձրացրեց, Հայաստանու վրովը պետք էր լոք տար, Հայոց ազգին պետք էր ոտնատակ տար, ձեռք քցեր, որ իր թշնամու հախիցը կարենար գալ։ Ո՛չ Ասորիք, ո՛չ Պարսիկք, ո՛չ Մակեդոնացին, ո՛չ Հռովմայեցիք, ո՛չ Պարթևք, ո՛չ Մոնղոլք, ո՛չ Օսմանցիք չէին կարող էն զորությունն ստանալ, եթե հայոց ազգը մեկի դեհը չէ՛ր պահել։ Դեհը պահելով ղորդ ա՝ իր տունը քանդեց, չունքի իր բարեկամը վեր ընկնելուց ետո, իր թշնամին ավելի ևս իր չարությունը գործում, իր ինադը (ջիգրը) հանում էր, բայց էստով Հայոց ազգը արարած աշխարքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ի՞նչքան հոգի ուներ, ի՞նչքան կամաց զորություն, սրտի հաստատություն, որ իրան չորս կողմի էն հզոր ազգերը՝ կորան, փչացան, անունները չկա, Հայոց ազգը անուն էլ ունի, ու իրան հավատն ու լեզուն մինչև էս օր՝ իր արնի գնովը պահեց, հասցրեց, որ մեկ ազգ էլ ա, էսպես օրինակ չունի։ [ 386 ]

Երևան թևին տվեց, երբ Ռուսաց զորքը իր մեջը մտան։ Էջմիածնի խնկի, մոմի հոտը ու զանգակների ձենը երկինքը հասավ։ Քաջահաղթ հըսկայն, կոմսն Երևանի Տոբիթա հրեշտակ Ներսես Արքեպիսկոպոսի ձեռիցը բռնած՝ մտավ Վաղարշապատ՝ որ Եփրեմ կաթողիկոսի սուրբ աչքին լիս տա ու առողջություն։ Էն ժամանակվան խաղերը՝ որ հանել ասում էին՝ հավիտյանս հավիտենից կարող են աշխարքին վկայություն տալ՝ թե Թուրք ու Հայ հենց իմացան՝ թե Աստված վեր էկավ իրանց համար։ Հարիր տեսակ խաղ Հայերեն[266], Թուրքերեն Երևանու բաղերն ու ձորերը լսում էին ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր ուրախ վախտը ձեռը ձեռը բերնին ա դնում ու ասում։ Որ ասածիս ամեն մարդ հավատա, էն խաղերիցը մեկը թո՛ղ օրինակի խաթեր գրվի էստեղ։

«Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան,
Պասքովիչ Սարդարի[267] ոտի տակն ընկան,
Մեր Մասիսն[268], Ալագյազն փիանդազ էլան,
Անիրավ՝ էս բաղին բաղմանչի ունի։
Անիրավ՝ էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու[269] սրտիս [270]էդ քարը[271] մի՛ քցի։

Մադաթովն Ղարաբաղ առավ, ազատեց.
Կրասովսկին Աբարան ոտնատակ տվեց։
Սաղ Իրանն Պասկովչին չոքեց, ծունր դրեց,
Ղզլբաշն մուկ դառած՝ գլխին վայ տվեց։
Բեկենդորֆն[272] Սարդարին ջախըփուրթ արեց,
Ասլանի գլուխն արծվին Ռուսն մատաղ արեց
Անիրավ՝ Հայերի արինն մի խմի,
Միտք արա՝ էս բաղին բաղմանչի ունի։ Անիրավ և այլն։

Սրբազան Ներսեսի Խաչին ղուրբան գնամ,
Եփրեմի հոգևոր տիրոչն[273] ղուլ դառնամ։
Սուրբ Գեղարդն, մեռոնի զորքն մալում էլան.
Թշնամին քոռացավ, Հայքն ուրախացան։
Հայ ազգի աղոթքը երկինքը հասան,
Անաստված՝ Հայիցը ձեռք քաշի[274], կորի,
Անիրավ՝ Հայերի արինն մի՛ խմի։ Միտք արա՛ և այլն։

Մենք քամակ քամակի կտանք, վեր կկենանք,
Ռսին մեր աշխարքը, կյանքն ղուրբան կտանք։
Հասան խանն կատվի պես քարեքար ընկավ,
Շահզադի[275] զոնշունը ցիր ու ցան էլավ։
Մեր խաչին անհավատ՝[276] արի՛, ճանաչի՛,
Անաստված՝ Հայիցը ձեռք քաշի՛, կորի՛,
Անիրավ՝ Հայերի արինն մի՛ խմի։ Միտք արա՛ և այլն։

[ 387 ]

Էջմիածին, Թավրիզ, Աբասաբաթ, Սարդարաբադ Ռուսաց օրհնյալ ոտի հողին արժանացան, բայց դեռ Երևան իր անճար գլուխը դեմ էր տվել ու ետին շունչն ընկած, ուզում էր, որ դեռ մեկ քանի սհաթ էլ իր ջրատար որդվոց գլուխը լա, նրանց սև երեսը մեկ էլ տեսնի, որ փրկիչն Հայաստանի, կոմսն Երևանի, իշխանն Վարշավի էկավ՝ էնտեղանց բանդում, զընդանում մաշված Հայերին էլ մեկ օգնություն անի, ազատի։

Ամսի<հինգ> էր, որ Երևանու բերդը ծխումը կորավ։ Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին, թոփի, թոփխանի գյուլլեն՝ ջոկ։ <Հինգ> օր <հինգ> գիշեր սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր։ Հենց գիտես Սոդոմ Գոմորի քուքուրթն ու կրակը էս օր ա վեր գալիս։ Երևանու բերդը ձեթը հատած պատրուգի պես՝ թե մեկ ճրթճրթում էլ էր, մեկ սհաթ քիմի էլ եդ հանգչում, խավարում էր, էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցըրել։ Սարդարը, Շահզադեն վաղուց էին իրանց սև օրը լաց ըլելով՝ Երևանու երկրիցը ձեռ քաշել, Իրան փախել։ Հասան խանն էր մնացել մենակ թոռումը, որ իր արած չարության պատուհասն առնի ու էն մարգարեական ձենը կատարվի, որ Աբարանումը նրա խուլ անկաջն ընկավ, բայց խելքը գլուխը չէկավ։ Նհախ, որքան բերնումը լիզու[277] ու ձեռին հունար կար, բանացրեց, որ իր ազգին սիրտ տա՝ իրանց գլուխը ձեռ չքցեն։ <Հինգ> օրվանից ետո խալխը որ տեսավ ճար չկա, իրանց միջի մեծամեծներիցը[278] մեկ քանի մարդ ընտրեց, ու հենց էն ա վերջին սհաթն էր մնացել, որ բերդը հոգին տա, կենողները իրանք իրանց դուս էկան բրջերի գլուխն ու բալանըքները ձեռըներին բռնած՝ ռայի էկան։ Քանի որ Երևան բինա էր ընկել, կարելի ա, թե է՛ն օրը, է՛ն տեսարանը, է՛ն անունը չէ՛ր տեսել, չէ՛ր ճարել, որ էս օր տեսավ ու իմացավ։ Կարելի <ա> աշխարք աշխարքով դիպչի, ազգեր գան ու էլ եդ ոչնչանան, բայց քանի որ Հայի շունչն ու լեզուն կա, ե՞րբ նրանց մտքիցը կերթա էն ավետալից սհաթը, որ իշխանն Վարշավի, Գեներալն Գրասովսկի մեր անմահ Ներսեսին հետըները՝ խաչ, ավետարան ձեռին՝ մտան բերդը, որ Հայոց աշխարքի ազատության տոնը կատարեն։ Պետք է աշխարքումն էլ Հայի հոգի չըլի, որ[279], Պասքովիչի անմահ հիշատակը արտասնքով ու լալով չզիջեն, իրանց աշխարքի հոր ու պահպանողի սուրբ անունը, որ Հյուսիսի բերնիցը սկսած նրանց հոգսը քաշել, նրանց իր թևի տակն էր ուզում բերի, սրբությունի պես չպաշտեն։ Կամիլլոս՝ ղորդ ա, Հռովմ ազատեց, Սցիպիոն Հռովմայեցվոց թուրը Աֆրիկումը[280] ցցեց, Կեսար Գալիա ու Բրիտանիա ոտի տակն առավ, Նապալեոն՝ Ւտալիո, Սպանիո ու Եգիպտոսին ազատություն էր խոստանում, բայց ե՞րբ Հռովմայեցիք, Գալլիացիք, Եգիպտացիք՝ է՛ն սրտովը, է՛ն սիրովը՝ իրանց ազատողներին կընդունեին, կպաշտեին, ինչպես Հայք, Հայք, որ առավոտն էին վեր կենում, է՛ն էին աղաչանք անում Աստվածանից, րիգունն էին քնում, է՛ն էր նրանց աչքի արտասունքը։ Մեծ էր հիրավի ու անմոռանալի Ռուսաց Փարեժ մտնիլը, բայց ե՞րբ Գաղղիացիք էն հոգվովը իրանց բախտավորությունը կվայելեին, ինչպես Հայք էս արժանահիշատակ օրը։

  1. [հանդ<արտ>]
  2. [կայ<սրությունը>]
  3. [իր]
  4. [ապա]
  5. [որ]
  6. [թե]
  7. հազար
  8. բերողին
  9. սարերը = սարերումը
  10. [անունը]
  11. [Ռուսը]
  12. [անունովը]
  13. արի<նովը> = արնովը
  14. լվացել = լվացվել
  15. էին = չեն
  16. [բա<րով>]
  17. [չորս]
  18. հրեշտակ է = հրեշտակ ա
  19. [չի]
  20. [չորս]
  21. [երկուսը]
  22. [Իմ կարթաց<ողների>]
  23. [հերն]
  24. [չո<լը>]
  25. [ու էսպես]
  26. [ընկավ]
  27. [էր]
  28. [տվեց]
  29. [կյանքը]
  30. [անո<ղը>]
  31. [Էսպես չոքըչոք]
  32. [ո՛չ]
  33. [Էր<ևանի>]
  34. [բայց]
  35. [ենք]
  36. [մե<կին>]
  37. [ձի]
  38. [ձեռ]
  39. [մնաց]
  40. [որ]
  41. [առվի]
  42. [ու փոր<սող>]
  43. [որ]
  44. [փոխ<անի>]
  45. [ու]
  46. [գեռ]
  47. [ղար<դաշ>]
  48. [դիպ<նում>]
  49. [Նրա]
  50. [Որ]
  51. [նրանց]
  52. [հեր]
  53. [մոտ]
  54. [Ուր]
  55. [յա]
  56. [Քանիցս]
  57. [քարի]
  58. [Տղերքը]
  59. գիտում էին = գիտի
  60. [որ]
  61. [Էս]
  62. [Աղ<ասու>]
  63. հ<երն>]
  64. [եդո]
  65. [ջրած]
  66. լսին = լսումը
  67. [ընչի]
  68. [դեն քցեմ]
  69. [ղայիմ]
  70. [ներս]
  71. [խավարում]
  72. [ուտում, հանդ
  73. [կր<ակ>]
  74. խավարել ա = խավարել
  75. [չորացած]
  76. [քո]
  77. [սիրելի]
  78. [քե<զ>]
  79. [քեզ]
  80. [ու]
  81. [լ<աշը]
  82. [մեկ]
  83. [դոշիս]
  84. [ամեն]
  85. [քեզ]
  86. [քեզ]
  87. [մնացել]
  88. [սիրուն]
  89. [խունկն]
  90. [խրած]
  91. բերնիցն ա = բերնիցն են
  92. [որ]
  93. [արեգա<կը>]
  94. ծեգելիս = բացվելիս
  95. ընկավ = ընկնում
  96. [արի]
  97. փռեցի = փռում
  98. մահիցը = մահի
  99. տեսա = տեսնում էի
  100. իմացա = իմանում էի
  101. արի = անում
  102. թաղի = թաղեն
  103. հողի էլա = հողի
  104. [մեկ]
  105. [խոսքին]
  106. [էլ ա]
  107. [էլ]
  108. [ա՜խ]
  109. սիրուցդ = սերին
  110. [ես]
  111. [ու]
  112. [ու]
  113. [ջանավար]
  114. [բազի]
  115. [բայց]
  116. էին = են
  117. [հրեշտակի]
  118. քչքչալը = քչքչոցը
  119. էին = էր
  120. [պառավ]
  121. [ոտները]
  122. [էրվիմ, չես զգալ]
  123. [դու]
  124. [խրեմ]
  125. [իմ]
  126. [ապրել չուզեմ էլ]
  127. [Բայց քո]
  128. [կամեմ]
  129. [Կըլի որ]
  130. [իմ]
  131. [բոցագին]
  132. [տուր ինձ ձեր միջին էն]
  133. [Ըլիմ պռծնիմ]
  134. [ջանս]
  135. [մոտ]
  136. [որ ազատեմ, պահեմ]
  137. [Թե]
  138. [հեչ]
  139. [ինձ հետ]
  140. [որ]
  141. [արևիդ քո]
  142. [սիր<տդ>]
  143. [էդ]
  144. [էլի]
  145. [ու լալով]
  146. քեզ
  147. [Աղ<ասի>]
  148. մնան = մնա
  149. [էլ]
  150. ձեզ = ձեր
  151. [տվածը]
  152. [ասեն]
  153. [որքան]
  154. [դաշտի վրա]
  155. [թէ]
  156. [ըլի]
  157. [պետք է]
  158. [օրը]
  159. [ու մեկ ա]
  160. [նոր]
  161. [ու]
  162. [սիրտ]
  163. [յա շան]
  164. [թե]
  165. [տվեց ու քիչ]
  166. [որ]
  167. [թուրը]
  168. [Հենց]
  169. [յարաղն]
  170. [ու]
  171. ոչ = չէ
  172. Մկա = Մգա
  173. սրանց = էսոնց
  174. կաշինք = կտեսնինք
  175. [քնի]
  176. [որ]
  177. [էն]
  178. [իրա<ն>]
  179. իրա = իրան
  180. իրան = նրա
  181. [թե]
  182. [թե]
  183. միաբ<անի> = միանա
  184. [յա]
  185. [Մկամ]
  186. [դառել]
  187. [որ]
  188. չեմ = չի
  189. [ես]
  190. [Որ]
  191. [ձեռք]
  192. [Բանա]
  193. Էս = Էն
  194. [Ձորերն]
  195. [ու]
  196. [մեկ]
  197. [ու]
  198. [չտ<եսնի>]
  199. [հաց]
  200. բարով մնաքն = բարովն
  201. [ընկած]
  202. [Հենց]
  203. [ու]
  204. [իր]
  205. [թե]
  206. [որ]
  207. [յա]
  208. [ձեռիցը]
  209. [ու]
  210. [մոտ]
  211. [տղերք]
  212. [դե<պի>]
  213. [յա]
  214. դրոլ = դնում
  215. [հինգ]
  216. [հանեցին]
  217. [մտ<իկ>]
  218. տեղից = տեղերից
  219. գնան = գնացին
  220. էստեղ = էնտեղ = ամեն տեղ
  221. [տերտեր]
  222. [սովորում]
  223. [լավ]
  224. կարթացող էի = կարթացող էր
  225. խրատ էի = խրատ էր
  226. [հացը]
  227. [Հենց գիդում]
  228. [Սրան]
  229. [տեղի]
  230. [խալխ]
  231. [տո]
  232. [էլ]
  233. [Աստված]
  234. [առ դու]
  235. [ինձ]
  236. [դու]
  237. [ու]
  238. Անի = Անու
  239. [նրա]
  240. [մա<հս>]
  241. [նրա]
  242. [ու]
  243. լիսն = լսին
  244. [ինձ]
  245. [ժամք]
  246. [ինձ էս սհաթին թող]
  247. [եդ կանգնացնեմ]
  248. [ու]
  249. [չորս կողմը]
  250. [մտիկ էր տալիս]
  251. [նրա]
  252. հողումն էլ = հողումը
  253. [և էլել ա միշտ]
  254. [գրիչ սեկրետարին]
  255. [ձին]
  256. [ու]
  257. [լիր<բ>]
  258. [ինչպես]
  259. Ղլղարաքիլիսումն = Խլղարաքիլիսուն
  260. [Ղզլբաշի]
  261. [էլ չկարացին հասնիլ]
  262. [Չունքի ես էի ուզում Երևան առնել, իմ անունը աշխարքումը թողալ]
  263. [երկու]
  264. [կենդանի էր]
  265. [թե]
  266. [ու]
  267. Սարդարին = Սարդարի
  268. [ու]
  269. յարալու եմ = յարալու
  270. [վրես]
  271. [էցիլ]
  272. Ասլ<ան>
  273. նա ես եսիր
  274. [դու]
  275. [զորքն]
  276. անհավատք = անհավատ
  277. լեզումը = լեզու
  278. մեծամեծներին = մեծամեծներիցը
  279. [մեր]
  280. [տնկեց]