Jump to content

Երկնքի յուշերից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԵՐԿՆՔԻ ՅՈՒՇԵՐԻՑ.



Երկրից ելած գոլորշին՝
Ծով-ովկեանի ջինջ փոշին
Մի օր սաստիկ վհատուած
Այցի ելաւ առ Աստուած:
-Տէ՜ր, յոգնել ենք վեր ու վար
Միշտ շրջելուց գերեվար.
Տո՛ւր արձակուրդ, վար իջնենք,
Մենք էլ մի քիչ օր տեսնենք:
«Իջէ՛ք...» ասաց միամիտ
Աստուած՝ դէմքին մի ժպիտ:
Եւ փաթիլներ ժըրաջան
Երգ ու պարով վար իջան:
Իշխեց պառաւ ցուրտ ձմեռ,
Դաշտը սգաց կիսամեռ,
Գետերն յստակ ու վճիտ
Հագան սառցէ քղտմիդ:
Պայթեց կռիւ զենիտում.
Աստղ ու լուսին խիստ տրտում
Դալուկ շղարշ քօղ հազած՝
կեցան անլոյս և հանգած.
Ոգիները օդային
Կպան Տիրոջ սուրբ գահին,
Էլ չուզեցին գիշերով
Թռչել գողտրիկ յուշերով:
Ցուրտը հարթեց իր ուղին,
Փռեց քամուց անկողին.
Նորա շնչից չքացան
Արծիւ, ծիծառ ցիր ու ցան:
Մինչդեռ երկրի գոլորշուց՝
Ծով-ովկեանի ջինջ փոշուց
Ո՛չ մի լուր կար, ոչ էլ ձայն—
Օրն ու ժամը դար դարձան:
Աստուած կանչեց արևին,
Սիրով ժպտաց բարևին,
Հրէ, բոսոր-լուսահեղ
Տուեց նրան նետ-աղեղ.
«Գնա՛, ով քաջ պտտանի,
Գտի՛ր փոշին օվկեանի,
Քեզ արշալոյս-վերջալոյս
Կը տամ ընծայ, աչքիս լոյս»:
Երկիր փախած գոլորշին՝
Ծով-ովկեանի ջինջ փոշին,
Որ սիրատարփ անուրջում
Իր սիրերգն էր մրմնջում,
Քընաթաթախ հառաչեց,
Հուր նետերից շուտ հալչեց,
Դեմքով տխուր, մեղապարտ
Ճոճուեց երկինք լուռ, հանդարտ:
Աստղ ու լուսին վեր թռան,
Սգի քօղը վար առան
Երկինք ուրախ, գոհ ժպտաց,
Ոգիք թռան գրկաբաց:
Այն օրուանից մինչ այսօր
Արփին հպարտ՝ հուր-բոսոր,
Երբ ծագում է, մայր մտնում
Հըրաշավառ զենիտում,
Երկրից ելած գոլորշին՝
Ծով-ովկեանի ջինջ փոշին
Հուր նետերի տարափից
Կարմըրում է ամօթից,
Որ յաղթուած արևից
Եւ ծաղրուած ամենից՝
Պիտի շրջէ վեր ու վար
Ըստրուկ ու խեղճ, գերեվար...