Jump to content

Երկու աքլոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկու աքլոր

Նանը ուներ երկու աքլոր,
Մի թուխսի ճուտ, իրար սովոր,
Կատարները կարմիր լալա,
Փետուրները բամբկի քուլա:
Մանգալները հպարտ, հպարտ,
Ապրում էին ուրախ, զվարթ,
Բակն իրանցն էր, տունը նանին,
Ամեն մինը իրա բանին.
Մի օր նանը հավաթառին
Կարմիր ներկեց աքլորներին.
Առավոտյան բարելուսին
Մի տեսնեիր դու երկուսին:
Անծանոթ են, իրար անտես
Երկու քաջեր, սրանց մի տես,
Ոնց են իրար գլուխ թակում
Իրանց տան մեջ, իրանց բակում:
Ու հենց էնպես, իրար օտար,
Արունլվա երես, կատար,
Ճղըրտալով,
Կռիվ-տալով,
Փետուրները ցրիվ տալով,
Եկան, եկան
Առուն ընկան,
Ջրում մի լավ տըտզկեցին
Ու էնտեղ էլ սպիտակեցին:
Ներկը գնաց փետուրներից,
Երբ որ նրանք ելան ջրից,
Ճանաչեցին նոր մեկ մեկու
Ու կանչեցին՝ կուկուլիկու:

Մեղավոր էր կարմիր ներկը,
Ա՜յ կոտրվեր նանի ձեռքը: