Jump to content

Երկու բանաստեղծ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկու բանաստեղծ
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 65-66
ծ. և տ. ― էջ 281
ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Նմանաթյուն



Блажен незлобивий поэт
В ком мало желчи, много чувства!..

Некрасов


Քաղցրախոս պովե՛տ, քու անուշ լեզուն,
Քընարդ ներդաշնակ, հոգիդ զգայուն—
Աշխարհ գրավեցին, դափնեզարդ գլխով
Դու շուռ ես գալի մարդկանց մեջ շքով։
5 Քեզ սիրեց աշխարհ— սիրեց սերտ սիրով,
Արահետ ուղիդ փռեց վարդերով,
Համբավըդ հեռու աշխարհներ հասցուց,
Քեզ արժանացուց դյուցազանց դասուց.
Ու դեռ քու հոգին չէ՛ր ելել մարմնից,
10 Նա քեզ արձաններ կանգնեց մետաղից։
Քեզ սիրեց աշխարհ և սիրեց—իրոք,
Զի անուշ լեզվեդ չի լսեց վատ խոսք.
Լարերիդ երբեք չի տվիր դադար,
Երբ որ գովելու ունեիր պատճառ։
15 Բայց երբ որ բասրել պետք լիներ չարին՝
Քընարդ իսկույն կախվում էր պատին։
Քու ասպարեզն էր գինառատ խընջույք,
Քեզ պատում էին կանանց, կուսից հույլք.
Վարդ էր տեսածդ վարդ էիր երգում,
20 Փըշից, տատասկից միշտ հեռի փախչում...



Ա՛յլ էր վիճակը մի այլ պովետին,
Անհաշտ թըշնամի կարծած ամենին,
Որին ըսկըսած փոքրից մինչի մեծ՝
Մարդկության ցեղի անվանեցին ցեց։
25 Դա՜ռն էր վիճակը, դա՜ռն էր կոչումը
Այդ տարաբախտին. դրսում՝ ոչ տունը
Ուներ նա հանգիստ, ծընընդյան օրից
Սիրո մի նշան չի տեսավ մինից։
Լեզուն—մահաթույն ասացին մարդիկ,
30 Ճարտար խոսվածքը—չարության գործիք,
Եվ այն հանճարը, որ նորա բաժին
Տվավ ի վերուստ,— մարդիկ ջանք արին
Թաղել ցեխի մեջ իրանց վատ կենաց,
Որի մեջ ինքյանք էին թաթախված։
35 Բայց նա միշտ հպարտ՝ մընաց հաստատուն,
Հանճարն էր նորա միակ ձեռնածուն,
Անդողդոջ ոտքով անցավ այս աշխարհ,
Հոգին անվրդով, ճակատը պայծառ.
Եվ մինչև վերջին րոպեն իր կենաց
40 Սըրտից չի հանեց հառաչանք, ո՛չ լաց։
Բայց երբ որ նորա անշնչցած մարմին
Զազրելի սողնոց եղավ լոկ բաժին,
Եվ երբ շատ դարեր գընացին, անցան,
Լո՛կ այն ժամանակ մարդիկ իմացան
45 Այն ազնիվ սերը սըրտի մեջ փակած,
Որ կույր աչքերուն երբե՛ք չերևաց.
Իմացան, որ կար նաև այնպե՛ս սեր,
Որ հաստ փաթաթով ծաղրի պատած էր.
Որ քարկոծ արին այն խեղճ բըժիշկը,
50 Որ ցավով՝ նոցա բըժշկեց վերքը։