Jump to content

Երկու գիշեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՐԿՈՒ ԳԻՇԵՐ

I

Այն գիշերը կախարդիչ էր,
Նվիրական իմ հոգուն.
Երգում էի ես վարդ ու սեր,
Օրհնում սիրո վարդ-գարուն.

Այն գիշերը գարնանային
Ինձ նոր կյանք էր ներշնչում,
Ինձ ժպտում էր սիրուն լուսին
Աստեղավառ երկնքում.

Եվ նազելիս անհագ սիրով
Հառած վրաս յուր աչեր,
Շշնջում էր մեղմիկ ձայնով.
«Սիրում եմ քեզ, իմ ընկե՛ր…»։


II

Տաղտկալի է այս գիշերը.
Ցուրտ է պատել իմ սրտին.
Ինձ չեն ժպտում էլ աստղերը,
Էլ չի շողում պարզ լուսին։

Օ՜հ, այս գիշերն աշնանային,
Որպես խորին տառապանք,
Պաշարել է իմ խեղճ հոգին,
Չկա՛ էլ սեր, սիրո կյանք…

Եվ ես մենակ թափառում եմ
Ավե՜ր, անշո՜ւք պարտիզում
Եվ վշտանում, տառապում եմ,
Սիրույս կորուստն եմ ողբում…
1890, 8 հուլիսի