Jump to content

Երկու խոսք մեր ընթերցող հասարակությանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Մտադրված լինելով նկարել Տաճկաստանի հայոց ներկա դրության և նրանց մոտավոր անցյալի ճիշտ պատկերը, վերջին քաղաքական անցքերի տպավորության ներքո ես ձեռնարկեցի գրել իմ «Կայծեր» անունով վեպը: Այս աշխատությունը բովանդակում էր իր մեջ այն բոլոր սարսափելիքը, որոնց ենթարկված է Տաճկաստանի հայը: Վեպը բաղկանում է երկու առանձին հատորներից, որոնց յուրաքանչյուրը կունենա մոտավորապես 400 տպագրված երեսներ: Գործողությունների կենտրոնը Վասպուրականի նահանգն է. տիպերը հեղափոխական բնավորություն ունեն a la «Djalaledine»: Իսկ անցքը վեր է առնված Վասպուրականում երեք քառորդ դար առաջ կատարված հայերի մի շարժումից, որի տխուր հիշատակները մինչև այսօր պահված են տեղային ժողովրդի մեջ:

Ի նկատի ունելով այն երևույթը, որ այսօր Տաճկաստանի հայերի խնդիրը գրավում է մեր բոլոր համազգիների բարի ուշադրությունը, ես շտապեցի որքան կարելի է շուտով տպագրել հիշյալ աշխատությունը, համոզված լինելով, որ դրանով կարող եմ մի փոքրիկ լույս ձգել Թուրքիայի հայոց խնդրի լուծման վրա, որը գուցե դեռևս երկար ուսումնասիրության պետք ունի:

Բայց տպագրության ծախսերի դժվարությունն ինձ ստիպեց դիմել մեր պատվելի ընթերցող հասարակությանը, խնդրելով նրա համակրությունը մի այսպիսի ձեռնարկության մասին, որը բարեմիտ անձանց օժանդակությանը կարոտ է: Եվ հուսով եմ, որ իմ ակնկալությունն անպտուղ չի մնա, և բաժանորդագրությամբ լույս կտեսնի «Կայծերը»: Երկու հատորի բաժանորդագինն է միասին 3 ռուբլի. գրքերը կտպագրվեն մինը մյուսից անմիջապես հետո, և ստորագրությունների համեմատ կուղարկվեն պ. պ. բաժանորդներին:

Տպագրությունը կսկսվի անհապաղ այն ժամանակ, երբ բաժանորդներից գոյացած գումարը կլրացնե տպագրության ծախսը: