Երկրից քո հավետ հեռու…
Արտաքին տեսք
* * *
Երկրից քո հավետ հեռու
Դեպի իմ աշխարհը սև
Գալիս ես, քնքուշ ուրու,
Թեթև միշտ, միշտ լուսաթե:
Պարզում ես ձեռքըդ բարակ,
Կանչում ես ինձ այստեղից,
Ու սիրտըս մի հին կըրակ
Այրում է, մի հին թախիծ:
Գրկում ես սիրով անհույս
Այնպես միշտ ջերմ ու համառ,
Որ սիրտըս համր ու անհույզ
Բացվում է սիրո համար:
Օրերը դառն ու տոկուն
Տարել են և սեր, և հուր.
Բայց կա դեռ, կա իմ հոգում
Բաղձանք մի՝ ջերմ ու մաքուր:
Ուզում եմ լինել քեզ հետ
Այնտեղ՝ քո անհայտ երկրում,
Կիզվել քո սիրով հավետ,
Այրվել միշտ քո սուրբ հրում…