Երկրի մշակներ
Երկրի մշակներ
Օ՜, ծանր հոգսերի խղճո՛ւկ զավակներ,
Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին.
Տանջվում եք անվերջ-օրեր, տարիներ.
Կարծես, տանջանքն է միայն ձեր բաժին․․․
Մանուկ օրերից ձեր մեջ ապրելով,
Վկա եմ եղել ձեր շա՜տ ցավերին.
Տեսել եմ, ինչպես տանջանքի գընով
Դուք հաց եք տալիս հայրենի երկրին:
Տեսել եմ, ինչպես հուսալից, զվարթ
Դուք մշակում եք անմշակ դաշտեր.
Ինչպես տանջանքում անլաց, անվհատ
Դուք երգ եք երգում ― վաստակի՜ երգեր:
Տեսել եմ, ինչպես ամառվա շոգին,
Երբ կրակ է թափում արևառ երկինք,
Ոսկեշող արտում, մանգաղը ձեռքին,
Դուք մեջք խոնարհած թափում եք քրտինք:
Տեսել եմ, ինչպես գունաթափ աշնան
Հայրենի երկրի կուրծքը պատռելով,
Այնտեղ թաղում եք, գանձերի նըման,
Ոսկի՜ հատիկներ, ոսկի՜ հույսերով․․․
Տեսել եմ գարնան սիրուն օրերին,
Պայծառ արևը դեռ նոր ծագելիս,
Կանաչ, ալեծուփ արտերի մոտին
Ձեզ ծունկ խոնարհած` ջերմ աղոթելիս:
Տեսել եմ, ինչպես և՛ ցուրտ, տաղտկալի
Ձմռան գիշերներ նստած խրճիթում,
Հոգնած ձեռքերիդ դադար չե՛ք տալի ―
Խոփն եք նորոգում, մանգաղը սըրում․․․
Եվ այդպես ազնիվ գործին անձնվեր
Ապրում, տանջվում եք անբավ հոգսերում,
Եվ ձեր տանջանքում, հերո՛ս-մշակներ,
Արդար վաստակն է ձեզ ոգևորում:
Օ՜, հայրենիքիս քըրտնաջա՛ն որդիք,
Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին,
Ձեզնո՛վ է միայն կանգուն հայրենիք.
Համբո՜ւյր ու օրհնա՜նք ձեր սուրբ վաստակին: