Jump to content

Երջանիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԵՐՋԱՆԻԿԸ.


Գիշերն իջաւ. ճամբայ ընկաւ
Մայր—լուսին,
Մի անտարբե՜ր, անհոգ ժպիտ
Երեսին...
Ամպիկները նրա ճամբին
Բոլորուած
Յետ-յետ փախած՝ կասես լոյսից
Մոլորուած:
Ո՞ւր էք փախչում, այ տխմարներ
Շող-լոյսից...
Շուրջը պատէ՛ք, շողեր առէ՛ք
Երեսից...»
Ամպիկները — տխո՜ւր, տրտո՜ւմ
—Լողալով...
Երգ երգեցին հեծկլտանքից
Դողալով.
—Աշխարհի մէջ տառապանքի
Մարդկութեան
Աղի-լեղի արցունքները
Մեզ ծնան.
Մենք վեր ելանք երկնից գութ, սէր
Հայցելու
Ժանտ գերութեան կսկիծներին
Վերջ տալու...
Լուսինն առա՜ղ, Տիրոջ առաջ
Բարեխօս
Չուզէ՛ լինել–անտարբեր է,
Լո՜ւռ, անխօ՜ս...
Յետ ենք փախչում, լուսնից խորշում
Մեր ցաւով՝
Երջանիկ է, սիրտը կարծր,
Անխռով:
Առաւօտ վաղ երկիր կ'իջնենք
Անխնդում,
Ծաղիկների նորաբողրոջ
Թերթերում
Կ'երգենք վիշտը տիեզերքին
Խեղճ մոլոր.
Միայն նա~ է վշտին ընկեր
Ու սովոր...
Ու լողացին ամպիկները
Երկնքում,
Երկրի վշտով, լուսնից յետ-յետ
Անլքում:
Առաջ լողաց արագ-արագ
Մայր—լուսին՝
Մի անտարեր, անհոդ ժպիտ
Երեսին: