Jump to content

Զմարաղտա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ա

Երբոր կարգը իրեն եկավ բան մը պատմելու, բարեկամս Էլմասյան, հարուստ ու գեղեցիկ երիտասարդ մը, որուն սիրային արկածները շատ զրուցված են Փերայի մեջ, այսպես խոսեցավ։


Գեղջուկ սովորություն մըն էր այն հույն սպասուհիին աղվորությունը, որ անցյալ տարի մեր տունն էր։

Մեր փողոցին մեջ, ուր սպասուհիները կվխտան, մեկ հատիկ էր ինքը. բոլոր խոհարարներուն, ծառաներուն ու նպարավաճառի տղոց երազած աննման աղջիկը։

Անցորդները կկենային զինքը դիտելու համար, երբոր շաբաթ առ¬տուները, մերկոտն ու վար ծռած, դրան սեմի, քարերը մաքրելու կզբա¬ղեր՝ ինչպես որ սովորություն էր մեր տանը մեջ։

Այս շինականի ոտքերը պզտիկությամբ կամ փափկությամբ չէին կրնար պարծենալ հարկավ. բայց իրենց աշխատասեր բրտությանը մեջ աղվոր գիծերու ու վարդ գարշապարի մը շնորհը ունեին։

Այո դիրքով՝ արձակված ոսկի մազերուն հարուստ խուրձը, հրդեհի մը պես, իր պարանոցին ճերմակությունը կ΄այրեր ու երկու կողմեն վար կթափեր։

Խաժ աչքերը, հակառակ իր գեղացիի ամոթխած նայվածքին, կամ թերևս ատոր համար, թովիչ բան մը ունեին երբոր հառեին վրադ, սաստիկ, զգլխիչ բուրումի մը պես որ կփակչի քեզի և ուրկե չես կրնար և չես ուզեր փախչիլ։

Ամենքը կարծեցին, որ կրցա իր շնորհները վայելեր. սխալե¬ցան։

Զմարաղտան չհաճեցավ երեսս նայիլ. սակավախոս աղջիկ մըն էր, ինչպես կ΄ըլլան անոնք որոնց ույժը իրենց լռությանը մեջն է։

Օր մը սակայն վրա հասա երբոր կեսգիշերին, դրան մոտ կսիրա¬բաներ մեկու մը հետ. ուզեցի իմ բախտավոր ոսոխս ճանչնալ. այնպես մը շարժեցա որ չկրցավ անիկա խույս տալ, առանց դեմ դեմի գալու ինծի հետ. իմ ախոյանս պարզապես անկյունի մսավաճառի մանչն էր. քսան տարեկան անշահ տղա մը, աղտոտ, յուղոտ, միսի, ճարպի հո¬տերով ծեփված գանելիք մը։

Ինծի տեսնելուն՝ Զմարաղտան պահվըտեցավ, բայց միտքս դրի այս ախտավարակ հաճույքին գաղտնիքը հասկնա. գիտեք որ կանացի հոգեբանությունը իմ մեծագույն զվարճալիքս է. անծանոթ, անմատչելի բևեռն է ան, որ Հյուսիսինեն ա´լ ավելի համառությամբ կպահե իր թա¬քուն հրաշալիքները։

Հաջորդ օրը կանչեցի Զմարաղտան իմ սենյակս, կարծեց որ բան մը պիտի ապսպրեմ ու վազեց եկավ. այն ատեն նստեցուցի զինքը դե¬մս, բռնի, աթոռի մը վրա, հանցավորի մը պես՝ որուն դատավորը կ΄են¬թադրեի ինքզինքս այդ վայրկյանին։

Ապշությամբ երեսս կնայեր ու քիչ մըն ալ՝ կ΄ըմբռներ որ առջի գիշերվան հանդիպումը իմ հանդիսավոր ձևերուս հետ կապակցություն մը ունենալու էր։


Բ


Ու երբ տեսա զինքը այսպես մինակը.

- Աղջիկս,– ըսի անոր,– չեմ կրնար պահանջել որ զիլ, հաճելի գտնես անպատճառ. ճաշակները կտարբերին. բայը հետաքրքիր եմ քու ըմբռնումդ հասկնալու. դո´ւն, այդչափ շնորհալի մեկը, ի՞նչպես երեկ գիշերվան անշնորհք էակին սիրտ կու տաս։

Մտիկ ըրավ ինծի. իր դեմքին վրա գծագրված անձկությունը անհետացավ տակավ, և անփույթ, գրեթե անպատկառ ձևով մը պատասխանեց.

- Դուն,– ըսավ ինծի, – իրավ անկուշտ էակն ես եղեր. հարուստի, չտեսի, չհափրացողի տիպարն ես. ի՞նչ պետք ունիս հարցնելու իմ պատճառներս. անոնք չնչին ու անհասկնալի պիտի երևան քեզի. ինծի համար նվիրական են։

Ո՞վ ես դուն որ ինծի պես խեղճ ու աղքատ աղջիկ մը կհետապընդես. կպակսի՞ն քեզ սիրողներ. չե՞մ տեսներ ամեն օր սենյակիդ մեջ լուսանկարները բազմաթիվ սիրուհիներուդ, որոնք հոն իրար կգտնեն առանց իրար ճանչցած ըլլալու. տիկիններ ու վարձկաններ, ամեն տեստկեն ալ ունիս. ոչինչ կպակսի քեզի։

Բախտը քեզի ամեն վայելքը լիուլի շռայլեր է անիրավ առատաձեռնությամբը, և ատիկա՝ ուրիշներու զրկանքովը շինված է։

Այն հեք պատանին, որ իր աշկերտի աղտոտ ու բիրտ գրգլյակին վրա կպտտցնե խանութին բոլոր թանձրացած հոտերը, իբր թե իր դժ¬բախտ ճակատագիրը տաներ հետը ամեն տեղ, օրն ի բուն ամենեն նկուն աշխատության մը դատապարտյալն է. իր տաժանքին փոխարեն ստա¬ցած չնչին ու ողորմելի ամսական վարձքը, հայրենի´քը, հո´ն, հեռո´ւն,— այս բանը դուն չես գիտեր,— սպասող հոր մը, մոր մը վերջին տարիներու զրկանքը թեթևցնելու պիտի երթա. այդ ամսականը քու մեկ վայրկյա¬նի հաճույքիդ գինն է։ Հո´ս, իր երկրեն անջատված, նետված այդ տղան՝ ի՞նչ ունի զինքը շրջապատող այս մեծ մայրաքաղաքին ի հանդես բե¬րած վայելքներեն։ Անիկա զ´իս գտավ միայն վիճակակից մը իրեն, զիս որ իր ազատ տարիներուն տառապանքին գիտակիցն եմ. իր բա¬րեկամուհին եղա, չեմ պահեր քենե. այդ գեղջուկ տղան ձեր մայրաքաղաքեն բան մը չգողցավ, բան մը չպակսեցուց ձեր վայելքի իրա¬վունքն երեն. տիկինները ձերն են ու ձերը թող ըլլան, բայց գեղջուկ աղ¬ջիկը իրն է ու իրը պետք է որ մնա։


Գ


Հետզհետե, քանի որ կխոսեր, Զմարաղտային այտերը կարմրեր էին. վերջի բառերուն՝ ոտքի ելեր էր. իր սրտմտած աղվորությունը, սրտաբուխ պերճախոսությամբը բոլորովին հմայող բան մը դարձեր էր. վես ու ամբարտավան դիրքով մը կանգներ էր դեմս, ասպարեզ կարդալով կարծես ինծի՝ որ իր խոսքերուն ունկնդրելե ավելի լանջքին հարույցքը կդիտեի։ Եվ հաղթված ընկճված իր դեմը, հիմակ ա´լ ավելի զայրագին իղձով մը լեցվեր էի. հլու, քամակս ծռած իր դիմացը, և պաղատագին ձևով մը՝ իբր ճշմարիտ քաղաքացի, անմիտ ու թուլ արարած, փոխանակ վիճելու հետը՝ մոտենալ ուզեցի իրեն. բիրտ ույժով մը ետ հրեց իրեն կարկառվող ձեռքերս՝ աղտոտ ու գարշ բանի մը հպումը արգիլելու պես, և դուրս փախավ։

<1898>