Զոհակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զարթնել է առյուծը Զոհակ

Վրթանես Փափազյան

Ծով
[ 121 ]
ԶՈՀԱԿ
(Պարսկական լեգենդ)
1

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց — պատմում է պարսկական շատ հին զրույց – դարեր ու դարեր առաջ, Իրանի երկրին եկավ ու տիրեց մի աշխարհակալ: Բռնակալ էր նա՝ անգութ, չտեսնված, որ, լավ հայտնի չէ, անապատի՞ էր ծնունդ, թե՞ Ասորիքի բորբոսնած ճահճի։

Եկավ ու տիրեց։ Գահընկեց արավ Ջումշուդ արքային, ճնշեց ըմբոստների, արյան մեջ խեղդեց ձայնը բողոքների և գահը հաստատեց՝ օգնությամբ մի խումբ պնակալեզների։

Իրանն այնուհետև՝ դարձավ սոսկումների հսկա մի դժոխք։ Ծայրից ծայր՝ արյուն ու դիակ, ծովից ծով՝ ողբ ու աղաղակ:

Բռնակալն այլևս տեր երկրին, նրա ժողովրդին բացարձակ իշխան հռչակվեց կյանքի և մահվան։ Սահման չկար այլևս ո՛չ քմահաճույքի, ո՛չ էլ նախճիրային գարշ բնազդների։ Իրանն անտեր արտի պես տնկվեց ու կոխվեց, ավերակների կույտի փոխարկվեց:

Բայց ահա հետո ինչեր կատարվեց։

2

Չէր անցել դեռևս տիրապետության աոաջին տարին, որ բռնակալը հանկարծ հղիացավ, երկունքով բռնվեց և ուսագլխերից երկու վիշապ ծնեց։ Զզվելի օձեր էին դրանք, որոնք մեծանում էին րոպե աո րոպե՝ [ 122 ] բուսած բռնակալի թևերի վրա։ Մեծանում էին, հրեշների կերպարանք ստանում, ֆշշում էին, սուլում, ահ-սարսափ սփռում։

Բռնակալն այնուհետև դարձավ անձեռնմխելի։ Ուսագլխերին կանգուն երկու թիկնապահները հսկում էին միշտ նրա մեծ անձը։

Այլևս ո՛չ ոքից նա վախ չունեցավ, ո՛չ էլ կասկածեց, որ երբևիցե կարող են նրան տապալել և կամ հրամանը ոտնակոխ անել։

Եվ այդպես էլ էր: Եթե կային դեռ ըմբոստ ոգիներ, վիշապների ծնունդը համրացրեց նրանց: Եթե կար դեռ հույս՝ անարգ լուծը թոթափելու, թիկնապահների ահը ջնջեց նրան էլ: Թշվառ ժողովուրդը կծկվեց, գալարվեց, սկսեց վարժվել ու հնազանդվել…

Բռնակալի անունը — զրույցը չէ ասում ինչո՞ւ— Զոհակ կնքեցին. Աժդահա Զոհակ:

3

Ժամ առ ժամ, րոպե առ րոպե վիշապները մեծացան, ժայռանման գլխի տեր դարձան, բերան՝ անդնդաչափ, ժանիքները՝ սուր, երկար ա կտրիչ. մարմինը՝ դալարուն, ճկուն և, որը սոսկալին է, խոշոր, շա՛տ խոշոր, անհագ ստամոքս։

Եվ ահա պետք եղավ նրանց կերակրել, որովհետև սպառնում էին բռնակալին. հոշոտել, ողջ արքունիքն ու դրանիկներին պատռել–կլանել:

Փորձեցին ամեն կերակուր՝ թե բուսեղեն, թե կենդանական։ Վիշապները բոլորը մերժեցին և միմիայն ուղեղ, ուղե՛ղ պահանջեցին։

Ուղեղներ՝ մարդկային թարմ, դեռևս բարախուն ուղեղներ էր պետք նրանց։ Առանց այդ սննդի ապրել չէին կարող։ Ուրիշ ոչինչ չէին ուտում, միմիայն ուղեղներ։

Եվ եթե մի օր նրանք ուղեղ չուտեին, պիտի դառնային՝ իրար հոշոտեին, բռնակալության գահը կործանեին։

Դրա համար էր ահա, որ կոհակն ու դրանիկները ամեն օր ուղեղ գտնելու հոգսի մեջ էին։

Դժվար ոչինչ չկար։ Երկիրը բազմամարդ էր, երիտասարդներով, թարմ ուղեղներով առատ։ Բռնել էին տալիս տասնով, հարյուրով, վիշապների առաջ գլուխները ջարդում, ուղեղները հանում և անհագ ստամոքսները լցնում— կշտացնում։

Այդպես էին իշխում ահա երկրին՝ Զոհակ բռնակալը և գահը ամրապնդող երկու թիկունքները՝ ահեղ օձերը։

Ժողովուրդը վիշապներին էլ անուններ տվավ։ Աջ թևի վրա բուսածին Բյուր կոչեց, ձախին՝ Բուր։ Թե ի՞նչ լեզվով է այդ– զե՞նտ կամ փեհլևի- գնա ու գիտցիր…

՝ա ու գիտցիր… [ 123 ]
4

Եղավ՝ ինչ որ լինում է անխուսափելի։ Շուտով հրեշների շուրջը կազմվեց մի ամբողջ բանակ դրանիկների, ստվար արքունիք, մատակարարներ, գլուխ ջարդողներ, դժգոհ անձերի լացն արգելակողներ, բողոքողների լեզուն կտրողներ, թարմ ուղեղների վարպետ որսողներ։

Ապա, երկրի խորքերում հայտնվեցին կամ ուղարկվեցին ճարպիկ գործակալներ, որոնք օր ու գիշեր մտածում էին ուղեղ հասցնել ամենակարող Բյուրին, հաստափոր Բուրին։ Մտածում էին նրանց կերցնել–կշտացնել, քծնել–շողոքորթել, երկիրը տանջել և հրեշների շնորհիվ՝ իրենց ստամոքսն էլ լցնել-հափրացնել:

Այդպես է լինում միշտ։ Որտեղ ճահիճ կա, այնտեղ էլ գորտեր, անթիվ զեռուններ։

Ուղեղ ուտելն այնուհետև վարակիչ դարձավ, ուղեղը՝ համով կերակուր, միակ գիրացնող։ Ուղեղ գտնելը՝ երկրի թարմ գլուխն եր ջարդելը— միակ իդեալ, միակ զբաղմունք ողջ արքունիքի, պաշտոնեության, սպասավորների, արբանյակների…

Ոչ մի երիտասարդ այլևս այն լայնատարած, շքեղ Իրանում՝ ազատ չէր մնում։ Վաղ թե ուշ՝ պիտի վրա հասնեին, մեկ-մեկ բռնոտեին, գանգերից պիտի լեռներ կազմեին, իսկ ուղեղներից համովը՝ երկու վիշապին, փոքր պատառները՝ իրենց վիշապացած ստամոքսներին կերակուր տային… Ու դարձյալ գային, դարձյալ տանեին, անվերջ սպառեին…

Իրավ է, եղան հանդուգներ,— ասում է զրույցը,— եղան, որ փորձեցին Բյուրին կամ Բուրին անոթի թողնել, այդպիսով նրանց ուժը ջլատել։ Զարկին գործակալներին, զարկին, սպանեցին, սրան ոչնչացրին, նրան անհետացրին, բայց ոչ գործակալը պակսեց, ո՛չ էլ արբանյակներ: Սպանվածների տեղ նորերը ուղարկեցին՝ ավելի անգութ, շատ ավելի անհագ:

Հետո,— ասում է դարձյալ այդ նույն լեգենդը,- մեծ-մեծ ջանքերով, դավադրությունով՝ Բյուրին հարվածներ հասցրին, ուրին գանակոծեցին։ Բայց Բյուրը կատաղեց, կերած ուղեղների թիվը շատացրեց: Իսկ Բուրի՝ ծեծից ախորժակը գրգռվեց, և նա շատ ավելի թարմ ուղեղներ փնտրեց…

5

Այդպե՛ս, երկա՜ր տանջվեց անբախտ Իրանը, սնունդ դառնալով երկու օձերին, քմահաճույքի զոհ՝ հրեշ Զոհակին։

Աղի անապատից մինչև եզերքները Սպիտակ ծովի (պարսիկ անունն [ 124 ] էր դա Կասպից ծովի) տուն չկար, որ ազատ լիներ բռնակալների արնոտ ձեռքերից կամ վիշապների անարգ գործակալներից։

Իրանցու որդին ծնվելու օրից գիտության օղ ուներ վզին: Գիտեին արդեն, որ վաղը-մյուս օրը՝ նրա ուղեղը կեր պիտի դառնար Բյուրին կամ մեծափոր Բուրին։

Բայց ահա մի օր— հայտնի չէ, թե ե՞րբ, ինչպե՞ս— Ծայրագույն տանջանքը թեև խուլ, գաղտուկ, բայց հղիացած՝ Բողոքը ծնեցրեց։

Ոչխարը՝ առյուծ էր դառնում, ճիրաններ հանում, մռնչում ու երկիրը ցնցում։ Բռնակալության ծնած երկու վիշապների դեմ՝ տանջանքի ծնած Բողոքն էր գլուխ բարձրացնում։

Երկու ոսոխներ, որոնք անշուշտ շուտով միմյանց պիտի բախվեին։

Իրավ է, երկրի մի մասը լուռ, եղածն իբր ճակատագիր էր կարծել ու համակերպվել, մի մասն էլ, կինն ու որդին առած, փախել, թաքնվել, բայց լեռ ու անտառի մեջ կայծեր ցոլացին, միմյանց մոտենալու ձգտում ցույց տվին։

Եվ խուլ ու աճեցուն, վարակիչ թափով, կայծերն այն ցոլուն՝ ծայրից ծայր անցան, երկիրը գրավեցին։

Այստեղ՝ մի աղաղակ, այնտեղ՝ դառն գանգատ, բուռն դժգոհություն, ազատ լինելու վախկոտ գիտակցություն… և այդ բոլորը միմյանց ուժ տալով՝ սլանում էին այս-այն ուղղությամբ, զոհերի առաջ նոր հորիզոն գծում, տանջվող սրտերի մեջ հույզեր առաջ բերում, հույսեր զարթնեցնում։

Բայց ի՞նչ կարող են անել հատ ու կտոր կայծերը անկարգ, խառն նետված և այն էլ տարիներով արմատ բռնած, հաստ ու սուր փշերի դաշտին։

Խանձել սրա-նրա ծայրը, նույնիսկ հա-հհատ փուշ խլել ու վառել, դա փրկություն չէ։ Պետք է բոլոր կայծերը ի մի հավաքել, շանթող, մեկեն հարվածող մեծ խուրձեր կազմել, բուռն ու կատաղի, վսեմ թափերով փշի մեծ դաշտը կրակի առնել, խանձել-տոչորել ու մոխիր դարձնել։ Պետք է մեծ չարիքը արմատով պոկել, անհետ ոչնչացնել։

Բորբոսնած ճահիճը այդպես են չորցնում, գարշ զեռուններից ընդմիշտ ջուրը մաքրում։

Տատասկոտ արտը այդպես են այրում, բուսած փուշերը արմատների հետ՝ խլում-դեն ձգում։

Ստրկացած ժողովրդի շնորհիվ հղփացած բռնակալության այդպես են ջնջում, այդպես հարված հասցնում: [ 125 ]
6

Մինչ այդպես Իրանն ամբողջ տանջվում էր, հուզվում, մինչ մի կողմից արյունն էր հոսում, մյուս կողմից Բողոքը մեծանում, հեռու, ծովեզրյա անտառի խորքում, Զոհակի և երկու օձերի լուրը նոր էր դեռ հասնում։

Այնտեղ, այդ թավուտ, ծանր անտառի մեջ կար աշխատավորների փոքր մի ժողովուրդ։

Պղնձագործների, երկաթագործների, ածխագործների և դարբինների մի խումբ էր այդ, որոնց մեջ էր ապրում վաղուց ի վեր հռչակ ստացած դարբին Ֆրեյդունը։

Վարպետ Ֆրեյդունին Իրանի երկրի աշխատավորները լավ էին ճանաչում։ Թեև ծեր, վաղուցվա դարբին, բայց դեռևս առույգ էր նա, ուժեղ, ջլապինդ։

Նրա կռանի տակ սալն էր դղրդում, զորեղ հարվածներից անտառը թունդ ելնում։ Ե՛վ ճարպիկ վարպետ, և՛ ծեր-փորձառու, և՛ հսկա՜, ուժե՜ղ։

Վարպետ Ֆրեյդո՛ւնն էր աշխատավորների սիրած խորհրդատուն, նրանց առաջնորդը որևէ գործում։ Վարպետ Ֆրեյդունը պատգա՛մն էր նրանց, սիրված՝ իբրև հայր։

Իր դարբնոցի մեջ միշտ թևերը սոթտած, յոթ որդիներին շուրջը բոլորած, կռում–կոփում էր զվարթ երգը բերնին։ Երկրագործների՝ բահ էր մատակարարում, փայտահատների՝ հատու կացիններ և որսորդների՝ ծանր տապարներ, շամփրող սուր տեգեր։

Եվ երջանիկ էր նա իր հնոցի առաջ, կռանը ձեռքին, կտրիճ զավակների հետ։ Կտրիճներ, որոնք հոր պես՝ մի-մի հսկաներ, ջլապինդ բազուկներով պողպատն էին գալարում, երկաթը ծռում, աշխատավորների համար արոր, խոփ կռում ու կյանքին ժպտում։

Զոհակի ճանկը դեռ անտառ չէր մտել, աշխատավորների հանգիստը վրդովել։ Բյուրն ու Բուրը կարծես նրանց մասին ոչինչ չէին չսել։ Գոնե նրանց արբանյակներն ու գործակալները մինչ այդ՝ չէին երևացել ուղեղներ տարել։

Վարպետ Ֆրեյդունը լսել էր օձերի մասին։ Գիտեր նա նույնպես, որ Իրանը բռնակալի ձեռքին էր, և որ նրա ուսագլխերին բուսած երկու վիշապները երկրի մեջ եղած թարմ ուղեղների որսի էին ելել։

Լսել էր, գիտեր, բայց չէր հավատում, հեքիաթ էր կարծում, տգետ ու վախկոտ դաշտեցիների շինած մի զրույց, անմիտ ու անհամ։

Չէր կարծում երբեք, մտքովն իսկ չէր կարող անցնել, որ երբևիցե ինքը՝ վարպետը և կամ իրեն շրջապատող կտրիճ աշխատավորները մի [ 126 ] օր չէ՝ մի օր կարող էին լինել երկու օձերի և մի հրեշի ստրուկ-հպատակ:

Չէր իսկ մտածում, որ այսօր-վաղը հերթը իրենց էլ պիտի գար, սիրած զավակներին երկու վիշապների կեր պիտի տար, անտառը պիտի ողջ ամայանար, դարբնոցում կռանի ձայնը դադարեր, աշխատավորների զվարթ երգը լռեր և շուրջը ամբողջ ավեր, հրդեհ, աղեխարշ հառաչ սփռվեր, ստրկությունը գար-տիրապետեր։

Չէր իսկ մտածում, բայց Բյուր ու Բուրի գործակալների աչքից ոչինչ չէր վրիպում։ Հերթը անտառին էլ հասավ։ Ամառվա մի օր աղեղ որոնողների զինված մի մեծ խումբ անտառ մտավ և ամենից առաջ հենց Ֆրեյդունի դարբնոցի դիմաց կանգ առավ։


7

Ապշեց ծերունին, կռանը ցած նետեց, երբ Բյուրի և Բուրի պահանջը ասվեց, ահեղ Զոհակի հրամանը լսեց։

Հրամանը խիստ էր. խիստ էր և կտրուկ. Աշխատավորներն ևս իսկույն քսան մարդկային թարմ ուղեղ ունեցող գլուխ պիտի հանձնեին և ամենից առաջ իր՝ Ֆրեյդունի, անդրանիկ որդու գլուխը պիտի լիներ:

Կռանը ցած թողեց, գործակալների երեսին նայեց։

Ի՞նչ, ուրեմն ճի՞շտ էր։ Օձերն այն հրեշավոր՝ գոյությո՞ւն ունեին, երկիրն ուրեմն ամբողջ՝ թոհակ բռնակալի ճիրանի մե՞ջն էր և իր ու մյուսների որդիները պիտի տանեի՞ն, վիշապների առաջ նետեին, գանգե՞րը փշրեին, ուղեղներով նրանց ստամո՞քսը պարարտացնեին։

Գործակալները սակայն երկար չսպասեցին։ Ֆրեյդունի ավագ որդուն գետին տապալեցին ու շղթա զարկին։ Ապա դեսուդեն ընկան, ամենակտրիճ երիտասարդներից քսանը ընտրեցին, կապկպեցին. հետո, սուգ ու շիվանը հետքերի վրա՝ առին-գացին…

Առին-գնացին, բայց անտառի մեջ թե ի՞նչ թողեցին– դժվար չէ անշուշտ երևակայել։ Լաց, ողբ, աղաղակ, հուսահատություն հաջորդեց միմյանց: Այլևս չլսվեց մի զվարթ երգ այլևս ո՛չ մի կռանի հարվածին անտառը արձագանք չտվեց, կյանքը կանգ առավ: Մարդիկ միմյանց կորուստները նախ լացին, հետո Ֆրեյդունի շուրջը հավաքվեցին, խորհուրդներ հարցրին:

Բայց դարբինը վշտաբեկ, գլուխը խոնարհ, ապուշ հայացքով, բազուկները թույլ, ծնկները կթոտած՝ լուռ նստել էր իր հնոցի առաջ, մեծ սալի վրա։ Վեց որդիները ուժ չունեին ոչ արտասվելու, ոչ էլ կոծելու:

Փուքսը թոշնել էր, հնոցի մեջ կրակը հանգում, շեկ երկաթները սաոում-սևանում, այլևս ո՛չ մի կայծ այնտեղ չէր ցոլում, և մոխիրը նորակ ելնում էր, ելնում, կրակը ծածկում… [ 127 ] Մինչ այդպես էր ահա անտառի մեջ, այնտեղ ԶոՀակի պալատում տեղի էր ունենում հրճվալից խնջույք։ Անտառի խորքից բերած երիտասարդներին միմյանց հետևից գետին էին փռում, գանգերը ջարդում և ուղեղները Բյուր ու Բուրին կերակուր տալիս։

Թարմ ուղեղներ էին, բաբախուն, արնոտ: Երկու հրեշները սաստիկ գոհ էին, Վացուց էր, որ նրանք այդպես անուշ ուղեղ ո՛չ տեսել էին և ո՛չ էլ կերել։ Գործակալները վարձատրվում էին, արբանյակները՝ շքանշաններով կուրծքը զարդարում։

Բյուրը նոր ուղեղների համը այնքան հավանեց, որ հայտարարեց, թե այնուհետև իրեն պետք է միայն այդպես կերակուր:

Բուրը Ֆրեյդունի որդու ուղեղը այնքան սննդարար գտավ, որ կտրուկ հայտարարեց, թե ապրել կարող է միմիայն այդպիսի– աջխատավորներից հանած՝ անուշ պատառներով։

Եվ մյուս օրն իսկ, ուղեղ որոնողների խումբը դարձյալ անտառ մտավ և Ֆրեյդունի դարբնոցի առաջ կանգ առավ։ Երկար չխոսեցին։ Թշվաո ծերունու երկրորդ որդուն ևս գետին տապալեցին ու շղթա զարկին: Ապա դեսուդեն ընկան, քսան երիտասարդներ ընտրեցին, առան և սուգն ու շիվանը հետքերի վրա՝ շուտով հեռացան…

Առին-գնացին, բայց անտառի մեջ թե ի՞նչ թողեցին— դժվար չէ անշուշտ երևակայել։ Ճիչ ու աղաղակ, փախուստի միտք, ամայի տներ, ավեր գործարաններ…

Ծեր Ֆրեյդունը բեկված սրտով` դառնապես լացավ, բայց երբ որդեկորույս աշխատավորները նրան շուրջն առին ու խորհուրդ հարցրին, նա այսպես խոսեք,

- Իմ խե՜ղճ եղբայրներ, մենք մտածում էինք, որ մեր ծնածը մերն էր, վաստակածը՝ մերը։ Բայց ահա անարգ բռնակալությունը և նրա թիկունք երկու վիշապները խլեցին մեզնից մեր որդիները ու տեղը թողին ավեր, կոծ, վշտացած սրտեր, անզավակ մայրեր… Արդյոք այդքան զոհեր նրանց գոհացրի՞ն, թե՞ վաղն էլ գուցե դեռ գան, իմ երրորդ որդուն, ապա չորրորդին, ձեր որդիներից մինչև ետին՝ տանեն այնտեղ գլուխները ջարդեն, ուղեղներով իրենք գերանան, մեզ՝ զավակներից մշտապե՞ս զրկեն…

Ոչ ոք չգիտեր այդ։ Ամենքը պահ մի հուսացին իրավ, որ գուցե հրեշներին այդքանը հերիք լիներ, որ գուցե այլևս ազատ մնային, զոհեր չտային։

Այնպես չէ՞, որքա՜ն միամիտ էին։ Երևի Բյուրի, մանավանդ Բուրի ստամոքսների մասին թեթև գաղափար անգամ չունեին… [ 128 ]
9

Երրորդ որդուն ծեր Ֆրեյդունը երրորդ օրն իսկ ստիպվեց հանձնել: Անխնա կերպով նրան նույնպես գետին տապալեցին, առան-գնացին:

Դարբինը փորձեց բողոքել, կանչեց աղաղակեց— բալց իբր պատասխան՝ հափշտակողների ծիծաղը միայն շարժեց։

Ծիծաղ, հայհոյանք, մտրակի հարված… և վիշապների գործակալները, հետքերի վրա ճիչ ու աղաղակ, երիտասարդներին առան ու տարան։

Հետևյալ օրը հերթը հասավ նաև չորրորդին։ Ֆրեյդունը հուսահատորեն լացավ, փորձեց աղաչել, նրանց գութը շարժել… բայց գործակալները նրան ծեծեցին, ուշաթափ արած՝ վայր գլորեցին և հետզհետե, այնուհետև, ամեն օր գալով, տարան հինգերորդ, վեցերորդ որդուն։

Ֆրեյդունը գիտցավ, որ այլևս գութ չկար, ոչ էլ Բյուր և Բուրի ստամոքսներին՝ չափ։ Անտառի մեջ թարմ ուժերը սպառվում էին. կամ զոհ էին գնում, կամ փախնում-թաքնվում։ Արհեստանոցները փլատակ դարձան, մուրճերը կանգ առան, երգերը լռեցին, հնոցների կրակները՝ հանան– մարեցին…

Այդ սոսկումների մեջն էր ահա, որ Ծայրագույն Տանջանքը նորից հղիացավ և ծնեց այն ահեղ Որդին, որին վիճակված էր մեծ հարվածը տալ, բռնակալության գահը տապալել։

Երկրում ցոլացող կայծերը իրար գտան մեկեն, ի մի ձուլվեցին, խուրձեր կազմեցին ու սպառնագին անտառը դղրդացրին…

Այդ սոսկումների մեջն էր ահա, որ ծեր Ֆրեյդունի աչքերը ցամաքեցին, բոցեր արձակեցին։ Դարբնոցում նորից հնոցը վառվեց, վաղեմի վարպետը կաշվե գոգնոցը կապեց, կռանը ձեռքն առավ և սպառնագին՝ նոր երգ հնչեցրեց։

Ու խոր գիշերվա մեջ թունդ ելավ անտառը նրա գոռ կոչից.

— Ելե՜ք, դուք, բոլոր աշխատավորներ,— կանչեց նա ուժգին,– ճնշված— տանջվողներ, ելե՜ք։ հասել է ժամը, կամ ամենքս մեռնենք և կամ բռնակալության գահը տապալենք…

Ասաց ծեր բանվորը, բուռն շարժումով կորզեց իր գոգնոցը, փայտ ծայրը գցեց, դրոշակ շինեց, կռանը ձեռքն առավ ու առաջ ընկավ։

Ծայրից ծայր, ծովից ծով հնչեց իսկույն պատերազմական մեծ աղաղակը, կայծերը ժողովվեցին, աշխատավորները ելան թաքստոցներից, կաշվե գոգնոցի մոտ գումարվեցին, խրոխտ— սպառնագին մեծ խումբ կազմեցին, առաջին թափով իսկ՝ եկող գործակալներից մինչև ետինը կոտորեցին ու առաջ անցան։ [ 129 ] Ու ստվարացավ ստրկության խայտառակ օղր փշրող աշխատավորների կռվող բանակը ու մեծացավ հազար հազարներով…

Մի հեղեղ էր դա. հեղեղ սասնական, որ ամեն կողմից փլած ի մի հավաքվեց, թումբեր տապալեց, իր անցքի վրա՝ ամեն շղթա փշրեց-ոչնլացրեց, քայլեց ու գնաց հսկա քայլերով, բախեց բռնակալության արյունոտ կուրծքը, փոթորկի նման մռնչաց, ձյան հյուսի պես գլորվելոլ խոշորացավ, ոստնեց…

Կաշվե գոգնոցը եղավ այնուհետև երկրում, ծայրից ծայր ծածանվող դրոշը։ Նրա տակը հավաքվեցին բոլոր աշխատավորները, ճնշվող-տանջվողները…

Ու հարձակվեցին այն գերագույն և անդիմադրելի ահավոր ուժով, որ ունենում է ազատության շնչով տոգորված ամեն ժողովուրդ։ Ուժ, որին ոչինչ, ոչ մի բան արգելք չէ այլևս, որին ոչ մի զսպում, ոչ մի պատվար խոչընդոտ չէ այլևս։

Ընկավ Զոհակը. բռնակալության խայտառակ գահը երերաց, իսպառ ոչնչացավ։ Ընկան Բյուրն ու Բուրը, և այնուհետև, ծագող լույսի մեջ, Իրանը նորից կյանք առավ, գլուխ բարձրացրեց, նորից ազատության երգը հնչեցրեց։

Երգ, որ դարեր ու դարեր ապրում է, երգվում, կապրի ու կերգվի։


9

Սակայն զրույցն այստեղ դեռ չի վերջանում։ Ֆրեյդունը,— ասում է լեգենդը,– կաշվե գոգնոցը դրոշակ դարձրած, մի մեծ բանակի գլուխ անցած՝ մաքրեց երկիրը ավազակներից, հարստահարողներից, հալածեց Զոհակին և երկու օձին, քշեց ու տարավ, Դեմավենդ լեռը հանեց։

Այնտեղ նա բռնեց հրեշներին, շղթայի առավ և փակեց նրանց մի խոր քարայրի մեջ։

Զոհակն ու վիշապները,— ասում է զրույցը,— շատ կատաղեցին, լեռը դղրդացրին, կամեցան ելնել, նորից՝ նոր Իրանը մրկել ու վառել, բայց քարայրի բերանում տնկած կաշվե գոգնոցը և այնտեղ ցցված դարբին Ֆրեյդունի տեսքը՝ նրանց այնքա՛ն զսպեց, մինչև որ այլևս նրանց մի օր բռնեցին և եռուն ծծմբային հորի մեջ ձգելով՝ իսպառ անհետացրին…

Կաշվե գոգնոցի շուրջը ակներ շարեցին և նվիրական որպես մի դրոշ, թանգարան դրին, հաջորդ սերունդներին ավանդ կտակեցին…

1906