Jump to content

Զուր հույսեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

X







ԶՈՒՐ ՀՈՒՅՍԵՐ

I

Թիֆլիսի ժողովարանի ամառային բնակարանում ընտանեկան երեկույթ էր։ Ուղիղ տասը ժամին, երբ այգին կիսով չափ լցվել էր երկու սեռի հանդիսականներով, ընդարձակ ճեմելիի ծայրում երևեցավ ամբողջ քաղաքին հայտնի Միքայել Հալաբյանը։

Նախ քան առաջ գալը, նա քանի մի վայրկյան կանգնեց դալար պատատուկով վարագուրված վանդակապատի մոտ, կուրծքը դուրս ցցեց, նայեց զբոսնող հասարակությանը։ Հետո նա աջ ձեռով ուղղեց սպիտակ մետաքսյա փողկապը, որի վրա պսպղում էր ադամանդյա խոշոր գնդասեղը, հարթեց ձյան պես ճերմակ ժիլետը, որի վրա փայլում էր ոսկե ժամացույցի բարակ ոսկե շղթան, շփեց a la Բուլանժե խուզած միրուքը և, գլուխը բարձր պահած, ծանր, հանդարտ և, կարծես, ակամա քայլերով առաջ ընթացավ։

Նա հասավ այգու միակ ավազանին, ուր ուղիղ գծով դեպի վեր խփող շատրվանից, մանր անձրևի պես, թափվում էր հստակ ջուրը։ Նա կանգնեց, մտիկ արավ շատրվանին, մտիկ արավ ջրի շողափայլ շիղերին, ավազանի մեջ սև ստվերների նման լող տվող ձկներին, գլուխը թախծությամբ շարժեց և երեսը հետ դարձրեց։ Երբեմն նա աջ կամ ձախ ուսի վրայով նայում էր անցուդարձողներին և պատասխանում յուր ծանոթների բարևներին, հազիվ արժանի համարելով շարժել սևագույն, ամուր գլխարկի եզրը։ Նա նույն ակամա քայլերով անցավ և մտավ ժողովարանի ռոտոնդան։

Երեկույթը հետզհետե այստեղ էր կենտրոնանում։ Շուտով պիտի սկսեին եվրոպական պարերը, առ ժամանակ նվագում էին ասիական երաժիշտները։ Մի սպա դեսուդեն վազվզելով, պարողներ էր հավաքում։ Օրիորդների մի մասը կավալերներ գրավել էր, շատերը դեռ սպասում էին։ Երեկույթը վերջինն էր ամառվա շրջանում, շուտով ժողովարանը պիտի տեղափոխվեր ձմեռային բնակարան. պետք էր վերջին անգամ եռանդով պարել, զվարճանալ։ Մայրերը շարեշար նստած էին դահլիճի աջ ու ձախ կողմերում և զգաստ աչքերով դիտում էին աղջկերանց, ստեպ-ստեպ ուղղելով իրանց Թասակրավը, այսինքն գլխի ապարոշները։ Ամեն մեկը հենված էր յուր փակ հովանիի կոթի վրա, ինչպես սովորաբար հենվում է ցուպի վրա յուր գառնուկներին արթուն աչքով հսկող հովիվը։

Հալաբյանը կանգնած էր արևելյան երաժշտության սիրահարների շարքում։ Նվագվում էր այն եղանակը և երգվում էր այն երգը, որ հատուկ սիրում էր Հալաբյանը։ Այս առանձին պատիվը նա վայելում էր իր իբրև ժողովարանի ինը վերակացուներից մեկը և, որ գլխավորն է, իբրև հարուստ, ամուրի, առատաձեռն Հալաբյանը։

Եվ որքան ոգևորված էր թուրք երգիչը։ Նրա սաթի պես սև աչքերը կարմրել էին, պսպղում էին, ինչպես վառված ածուխի կտորներ և կոկորդային ուժի ծայրահեղ լարվելուց վզի երակները կապտել էին, ուռել և դուրս ցցվել։ Ավարտելով պարսիկ բանաստեղծի խոսքը մերթ մեղմ, մերթ զիլ և առաձգական կլկլոցով, նա քանի մի ակնթարթ լռում էր, շունչը խանգարվում էր, կուրծքը ուժգին բարձրանում էր և նիհար կոկորդի չոր ոսկորը դողդողում։ Նա գլուխը դահիրեի հետևից վեր էր ցցում, զայն թաց արած թոքերը լցնում էր դահլիճի ծանր, սղմված օդով և ձայնը ավելի բարձրացնում։ Քեմանի և թառի լարերի հնչյունները ներդաշնակ հետևում էին նրա քմածին ձայնի անկանոն ելևէջներին։

— Աֆերի՜մ, աֆերի՜մ,— սովորաբար ասում էր Հալաբյանր, խրախուսելով մերթ երգչին, մերթ նվագողներին։ Բայց այս անգամ նա յուր գովասանքը չարտասանեց, մի քանի վայրկյան լսեց երգչին, ապա քայլերը ուղղեց դահլիճի խորքը, մի փոքրիկ սանդուղքով բարձրացավ վերև, դեպի աջ։

Այստեղ թղթասերները, չորս-չորս հոգի նստած կանաչ սեղանների շուրջը, խաղում էին, խորասուզված իրանց զբաղմունքի մեջ, ինչպես օրվա առևտուրը երեկոյան համարակալի վրա գումարող վաճառականներ։ Շատերը նրանցից լուռ էին, չէին նայում իրարու երեսին։ Երբեմն միայն հատ-հատ անհասկանալի բառեր էին արտասանում և, քաղցած գայլերի նման, խոժոռ հայացքներ ձգում մեկմեկու ձեռների վրա։ Կարծես, այդ մարդիկ անհաշտ թշնամիներ էին, չար ճակատագրի կամքով ասպարեզ էին դուրս եկել իրարուց վրեժ առնելու։ Գրեթե ամեն մի սեղանի մոտ կանգնած կամ նստած էին հետաքրքիր չեզոքներ, մարդիկ, որ միշտ սիրում են ուրիշների բախտի ընթացքին հետևել, գուցե սեփականը չունենալու պատճառով։

Հալաբյանը մոտեցավ այդ սեղաններից մեկին, աջ ձեոը դրեց չորս խաղացողներից մեկի ուսին, ձախը դրեց մյուսի ուսին։ Առաջինը հաստ ու սևամորթ պարանոցով, ճարպալի աչքերով, կոշտ շրթունքով, սև աչքունքով, ցցված փորով երեսուն ու հինգամյա զվարճասեր Ախշարամյանն էր։ Երկրորդը իշխանատոհմ Սրափիոն Սահարունին էր — ժողովարանի ուղն ու ծուծը կազմող վերակացուներից մեկը։ Մի մաքուր հագնված ջենտլմեն, կարճ միրուքով ու մազերով, կարմրադեմ, աչքերի տակի կաշին կուչկուչված։ Քինթը արծվանման, շրթունքը ջրալի, վարդագույն, ավելի գեր քան նիհար, մոտ հիսուն տարեկան մի տղամարդ, որի դեմքի վրա վաղուց շռայլ, անկանոն կյանքը դրոշմել էր յուր անջնջելի հետքը։

— Ուշացե՛լ ես,— ասաց իշխանատոհմ Սահարանին յուր խուլ, խզված ձայնով,— վեր կենա՞մ։

— Այսօր խաղալու ցանկություն չունիմ,— պատասխանեց Հալաբյանը և ձեոները վերցրեց բարեկամների ուսերից։

— Մոսիո Վախվախյա՜ն,— դարձավ նա հանկարծ իշխանի կողքին կանգնած մի մարդու, որ չէր մասնակցում թրղթախաղին։

Մոսիո Վախվախյանը, որ քառասուն տարեկան մի տղամարդ էր, մաքուր սափրած երեսով, լիք-լիք թշերով, արդեն գդակր վերցրած սպասում էր Հալաբյանի ուշադրությանը, կես-բարեկամական և կես-շողոքորթ մի ժպիտ երեսին։

— Ի՞նչպես է պարոնիս ամենաթանկագին առողջությունը,— մեջքից խոնարհ թեքվելով, կրկնեց նա միևնույն հարցը մի քանի տարբեր խոսքերով և, բավարար պատասխան ստանալով, շարունակեց։— Շատ ուրախ եմ, հիմա նորին պայծառափայլությունը ձեր մասին էր հարցնում, ասացի, երևի, կգա։

— Ինչո՞ւ տխուր ես,— հարցրեց Ախշարումյանը, նայելով Հալաբյանի երեսին։

— Ես... տխուր չեմ...— պատասխանեց Հալաբյանը, տատանվելով,— մոսիո Վախվախյան, գնանք այգի։

Մոսիո Վախվախյանը, ուրախ-ուրախ հետևեց նրան և դուրս եկավ ճեմելիի վրա։ Նա, անդադար պտույտ անելով Հալաբյանի շուրջը, մերթ անցնում էր աջ, մերթ ձախ կողմ, ինչպես հարմար էր վերջինին։

— Այն էլ լսած կլինեք, որ Ամբակումովը մեռել է ու ազգին երկու քսան Թուման, երկու շահի ու վեց կոպեկ է թողել,— խոսեց մոսիո Վախվախյանը, Հալաբյանին զվարճացնելու նպատակով,— կտակել է, որ այդ փողով երեք ուսումնարան բաց անեն ու տասներկու ստիպենդիանտ պահեն ազգի պայծառության համար։

Եվ նա մի քայլ առաջ գնալով, երեսը մի կողմ դարձրեց, քնթի տակ ծաղրեց ու հայհոյեց հանգուցյալին։

— Հին հեքիաթ ես ասում, մոսիո Վախվախյան,—ասաց Հալաբյանը,—ես քեզ ասել եմ, որ միշտ նոր-նոր լուրեր պատմես ինձ։

— Այ նոր լուր, ըհը՛մ, ա՛յն կողմ մտիկ արեք

Եվ այս ասելով, մոսիո Վախվախյանը ցույց տվեց մի գեղեցկադեմ շիկահեր կնոջ, որ մի տգեղ կնոջ թևից բռնած գալիս էր դեմուդեմ։

— Այդ էլ թող,— նկատեց Հալաբյանը, ուշադրություն չդարձնելով գեղեցկադեմ կնոջ վրա։ — Եթե կարող ես, զվարճացրու ինձ, մոսիո Վախվախյան, ես տխուր եմ։

— Տխո՞ւր,— կրկնեց մոսիո Վախվախյանը զարմացած,— դուք որ տխուր եք, ե՞ս պիտի ուրախ լինհմ։ Այ, այսպես է աշխարհիս բանը։ Ձեր ի՞նչն է պակաս, ասեք տեսնեմ, փող, խելք, առողջություն, ազատ ապրուստ, դո՞ւք էլ եք տխրում։ Բաս վա՛յ ինձ նմաններին,— ավելացրեց նա, խորին հառաչելով։

— Դու ամենաբախտավոր մարդն ես։

— Ե՞ս...

— Բախտավոր ես, որ հոգս ու ցավ չունես։ Ետ գնանք, այս մարդկանց երեսը հազար անգամ տեսել եմ և ձանձրացել։

Նրանք մտան դահլիճ։ Եվրոպական պարերը առ ժամանակ ընդհատվել էին։ Խուռն բազմությունը կազմել էր մի փոքրիկ շրջան, ուր ցանկացողները պիտի ասիական պարեր պարեին։

Երաժիշտները նվագում էին, թմբկահարը բարակ ձողերով ուժգին զարկում էր թմբուկի չորացած կաշվին, երգիչը — գահիրեին, հանդիսականները ծափահարում էին, ասպարեզում պարող չկար։

Հանկարծ խրոխտ քայլերով մեջ մտավ մի բարձրահասակ, գեղեցիկ կերպարանքով վրացի երիտասարդ իշխանազն յուր ազգային մետաքսյա բազմերանգ հագուստով։ Դա հայտնի էր Թիֆլիսում իբրև ամենալավ պարիչ։ Ծափերը ավելի սաստկացան։ Իշխանազնը յուր նուրբ, մետաքսից կարած, ծայրերը սուր և կրունկները բարձր մաշիկները դահլիճի ողորկ հատակին քսելով, սահեց առաջ։ Ամբոխը ետ ու ետ քաշվեց, ասպարեզը լայնացավ։ Իշխանազնը մի պտույտ գործեց, մոտեցավ, մեջքից թեքվեց և մորթե կարճլիկ գդակը ձեռին բռնած, գլուխ տվեց մի հայ օրիորդի։

— Բրա՛վո, բրա՛վո,— գոչեցին միաբերան այս ու այն կողմից, որոնց թվում ամենից բարձր մոսիո Վախվախյանը։

Օրիորդը գլխով բացասական նշան արավ։ Ցանկանում էր նա պարել, պետք է խնդրեին, և խնդրեցին, այսինքն մի քանի չափահաս տեղացի կանայք բոթեցին նրան և ուժով ներս մղեցին։

Քանի մի վայրկյան իշխանազնը և օրիորդը հուշիկ քայլերով պտտեցին այս կողմ, այն կողմ, առաջ եկան, ետ քաշվեցին, շուռ եկան դեպի հետ, սկսվեց Դաղստանի պարերից մեկը։ Մի պար, որ այնքան վայրենի է թվում եվրոպացուն և այնքան շարժում, դղրդում է ասիական մարդու սրտի զգայուն թելերը։

Մի պար, ուր զգացվում է կրակոտ լեռնականի արյան ուժգնությունը, սրտի կատաղի զարկը, հոգու անվեհերությունը, զգացողների սաստկությունը։

— Տա՜շ, տա՜շ, տա՜շ,— գոչում էին հանդիսականները։

— Տա՜շ, տա՜շ, տա՜շ,— գոռում էր մոսիո Վախվախյանը, ոգևորված ծափահարելով։

Շնորհալի թևերը մեղմիկ և քնքշաբար շարժելով, երբեմն աջ, երբեմն ձախ ձեռը կողքին դնելով, գլուխը հեզաբար ուսին թեքած, օրիորդը լողում էր շեղաձև, ինչպես մի թեթև մակույկ անդորր ծովի մակերևույթի վրա։ Նրա հետևից, մեջքը սակավ ինչ կորացրած, աչքերը վառ, սլանում էր իշխանազնը, որպես մի թևատարած բազե, որ ձգտում էր յուր մագիլներով որսալ անմեղ թռչնիկին։

Դահլիհը թնդում էր, դեմքերը ուրախ-ուրախ փայլում էին, ամբոխը խռնվում էր առաջ ու առաջ, շրջանր հետզհետե սղմվում էր, թմբուկի ձայնը ավելի ու ավելի սաստկանում էր։ Հանկարծ օրիորդը կանգնեց, ձեռները ցած գցեց, իշխանազնր սկսեց նրա դեմ կատաղի պտույտներ գործել։ Մի կետի վրա, նա կրունկները ուժգին թափով զարկում էր հատակին, ցրվում էր ոտների մատների վրա, քաշանում էր, բարձրանում, ժպտում էր օրիորդի երեսին և մի կրակոտ շարժում գործելով, կրկին սկսում էր շրջաններ անել, որպես մի մանկական պտուտակ։


— Դուք հավանո՞ւմ եք այդ աղջկա պարելը,— լսեց Հալաբյանր, որ ամբոխից քիչ հեռու մոսիո Վախվախյանի հետ կանգնած, անորոշ հայացքով նայում էր պարողներին։ Նա ետ մտիկ արավ, և երես առ երես հանդիպեց յուր ծանոթ տիկին Սոփիո և օրիորդ Նատալիա Սադափյաններին։

նա գդակը վերցնելով, սեղմեց տիկնոջ և նրա աղջկա ձեռը։

— Ատելով ատում եմ հավլաբարցիներին,— նկատեց օրիորդը արհամարհանքով ժպտալով,— մեջ են ընկնում պարելու, այն էլ ո՛՛ւմ, իշխան Մարգուլաձեի հետ։ Ա՜խ, ինչ գեղեցիկ տղամարդ է, ես սիրահարվեցի բոլորովին։ Այստեղ տոթ է, մամա, գնանք այգի, — դարձավ նա յուր մորը և, բռնելով վերջինի թևից, շարունակեց խոսել Հալաբյանի հետ։

Մոսիո Վախվախյանը, հեռվից բարևելով, չհամարձակի վեց մոտենալ և ակամա հեռացավ Հալաբյանից։ Ամուրին խուռն բազմության միջով հետևեց յուր ծանոթ դամերին և կրկին դուրս եկավ նրանց հետ այգի։

Տիկին Սոփիոն նիհար, դեմքի մանր գծերով, միջահասակ, եռանդուն բերանով, ալեխառն մազերով հիսուն տարեկան մի կին էր տեղական հագուստով։ Նրա քայլվածքր, ծանր շարժվածքը, արհամարհական հայացքը արտահայտում էին մի անընկճելի գոռոզություն։ Նույն գոռոզությունն երևում էր և նրա դստեր, Նատալիայի, դեմքի վրա, միայն ավելի մեղմ, շնորհիվ երիտասարդ տարիներին։ Այդ միջին հասակով, բարակ կազմվածքով, մոտ քսան և ութ տարեկան աղջիկը յուր մոր համապատկերն էր ներկայացնում։ Աչքերը փոքրիկ, կապուտակ, շրթունքը սեղմված, քինթը ուղղագիծ, սրածայր, ճակատը տափարակ, սև-սև խիտ հոնքերը քնթի արմատի մոտ միախառնված, կարմրախայտ այտերը նիհար, ծնոտը փոքր-ինչ դուրս ցցված, մազերը ագռավի փետուրի պես սիփ-սև — ահա Նատալիայի կերպարանքը։ Կորսեի մեջ ամուր սեղմված մեջքը այնչափ բարակ էր, որ, կարծես, կարելի էր երկու ձեռի մատների ծայրերով գոտևորել նրան։ Մուգ-կարմրագույն հագուստը ծայրե ի ծայր սքողված էր նուրբ ծաղկանկար մետաքսյա հյուսվածքով։ Մորենագույն թավշյա ուսնոցակը, թևավորելով կոները մինչև արմունկները, ծածկում էր նրա թիկունքը և կրծքի մի մասը։ Ահագին սպիտակ փետուրով զարդարված բաց-դեղնագույն գլխարկի լայն եզրը, աջ կողմից դեպի վեր ծռված, տեսանելի էր կացուցանում նրա գլխի մի մասը, նեղ ճակատը և հարթ ու տափարակ քոնքը։

— Շատերը ինձ նախատում են, թե ինչու շատ քիչ եմ գալիս ժողովարան,— խոսում էր նա Հալաբյանի հետ, — ասացեք խնդրեմ, ի՛նչ կա այստեղ։ Նայեցեք այս մեկի հագուստին, նայեցեք այն մյուսի գնացքին և, վերջապես, այդ դեմքերը… ֆի՜... ափսոս չէ «Կրուժոկի» հասարակությունը։ — Դիփ քարվանսարի բազազների աղջկերքն են ու կնիկները,— հարեց տիկին Սոփիոն, շրթունքը արհամարհանքով ծռելով։

— Ափսոս Մարոն այստեղ չի,— շարունակեց Նատալիան,— որ այդ անհայտ երիտասարդներից մեկի հետ երկար ու բարակ խոսեր։

Նա ցույց տվեց մի խումբ համալսարանական ուսանողների, որ նստած էին ճեմելիի նստարաններից մեկի վրա։ Մարո անունը, կարծես, սթափեցրեց Հալաբյանին, որ մինչև այդ վայրկյան լուռ լսում էր մոր և դստեր պարսավանքը հանդիսականներին։

— Օրիորդ Մարիա՞մը,— ասաց նա հետաքրքրված,— ե՞րբ կգա։

— Ով գիտե, նա Դիլիջանը խիստ է հավանել, կգա՜ շուտով, թե՜ չէ,— պատասխանեց Նատալիան, ըստ երևույթին ակամա։

— Ինչո՞ւ համար էիք հարցնում,— հարցրեց տիկին Սոփիոն Հալաբյանին։

— Հենց այնպես,— պատասխանեց Հալաբյանը, տեսնելով, որ յուր հարցը դուր չեկավ ո՛չ օրիորդին, ո՛չ տիկնոջը։ Նրանք կրկին վերադարձան ռոտոնդա, և այստեղ Հալաբյանը, ներում խնդրելով տիկնոջից և օրիորդից, հեռացավ։ Նա մոտեցավ մի վաճառականի, մի քանի վայրկյան խոսեց, հետո մոտեցավ մի իրավաբանի, հետո մի բժշկի։ Ոչ ոքի հետ նա երկար չէր խոսում։ Առհասարակ նրա տրամադրությունը սովորականը չէր։

— Ի՜նչ տխուր է այս երեկո,— ասաց նա, թախծությամբ լի հայացքով նայելով զբոսնող բազմությանը։

Տասն ու վեց տարի էր, որ Հալաբյանը այցելում էր այդ ժողովարանը, և այդ երկար տարիների րնթացքում հասարակական զվարճարանը քառասուն ու երեքամյա ամուրիի համար դարձել էր մի տեսակ ընտանիք։ Այստեղ էր նա, ցերեկվա աշխատանքից հետո, երեկոները հանգստություն վայելում։ Գալիս էր միևնույն ժամին, գնում էր միևնույն ժամին։ Ձմեռը ժողովարանի տան պայծառ լուսավորված րնդարձակ սենյակները, ամառը նրա այգու միակ ճեմելին, միևնույն հասարակությունը, կանաչ սեղանների մոտ նստած միևնույն քնահարբ դեմքերը, ուռած ալքերը, այս ու այն կողմ պտտող ծույլ և համառ սպասավորները, բոլորը, բոլորը նրան այնքան ծանոթ էին, որքան յուր բնակարանի կահ-կարասին, յուր վրայի հագուստը։ Տարբերությունն այն էր, որ կահ-կարասին և հագուստը հնանալիս նա փոխում էր, այնինչ ժողովարանը նրա աչքում մնում էր անփոփոխ։ Եվ եթե որևէ նորմուծություն լինում էր, եթե երևում էին նոր դեմքեր, շուտով ձուլվում ու միանում էին հների հետ, և նա դարձյալ տեսնում էր մի տաղտկալի ամբողջություն։ Տաղտկալի և միևնույն ժամանակ այնքան ընտանի մի շրջան, որից բաժանվելը նրա համար կնշանակեր բաժանվել յուր կյանքի մի բնական մասից, զրկվել գոյության մի անհրաժեշտ տարրից։

Բայց երբեք նա այնքան ձանձրացած չէր, որքան այդ երեկո։ Ի՞նչ էր պատճառը — ինքն էլ տակավին չէր կարողանում որոշել։ Մի բան պարզ էր, որ նրա տխրությունը սկսվեց ժողովարան գալուց մի քանի ժամ առաջ։ Իրիկնադեմ էր. նա կանգնած էր յուր տան առաջ, փողոցի անկյունում և խորհում էր, թե ուր և ինչպես անցկացնի երեկոն, որ ավելի զվարճալի լինի։ Այդ րոպեին հանկարծ նրա առաջով անցավ այն հասարակական կառքերից մինը, որ բանում են քաղաքի և մոտակա ամառանոցների միջև։ Կառքի մեջ նստած էր մի մարդ յուր կնոջ և բազմաթիվ երեխաների հետ, որ ամառանոցից վերադառնում էին քաղաք։ Հալաբյանը նայեց սլացող կառքին, լսեց երկու մանուկների և մի փոքրիկ աղջկա ուրախ քրքիջը, և հանկարծ մի անորոշ զգացում համակեց նրա սիրտը։ Նրան տիրեց մի թախծություն։ Օրը մթնեց, այս թախծությունն ավելի սաստկացավ, իսկ ականջում դեռ հնչում էր ուրախ ընտանիքի քրքիջը։

Եվ այս տրամադրությամբ նա եկավ ժողովարան։ Նա ախորժակ չուներ ոչ թուղթ խաղալու, ոչ ընթերցարան ում երգիծաբանական թերթերով յուր միտքը զբաղեցնելու և ոչ երաժշտությամբ զվարճանալու։ Նա այնքան տխուր էր, որ կամեցավ դուրս գալ ժողովարանից սովորական պահից երեք ժամ առաջ։ Նա արդեն քայլերը ուղղել էր դեպի դուրս, երբ նրա առաջը կտրեցին իշխան Սահարունին, Ախշարումյանր և մոսիո Վախվախյանր։

Նրան գրեթե ուժով նստեցրին ընթրելու այգու ծալերից մեկի տակ։ Ճեմելին հետզհետե դատարկվում էր, ընտանետեր հանդիսականները ցրվում էին, մնում էին պարողները, ընթրողները, ազատ ու ազափները ու մի քանի կանայք, որոնց ամուսինները դեռ չէին վերջացրել թղթախաղը կամ «նարդին»։ Այս կանանց թվումն էր և' մի առողջ կազմվածքով, կարմիր այտերով, գեղեցիկ և երիտասարդ կին, որ մի երիտասարդ պարոնի հետ նստած էր Հալաբյանի խմբից ոչ այնքան հեռու։

Իշխան Սահարունին յուր կրքոտ աչքերը հառեց առողջադեմ կնոջ վրա։

— Շարմա'նտ, ձերդ պայծառափայլություն,— դարձավ մոսիո Վախվախյանր իշխանին,— ճանաչո՞ւմ եք։

— Ո՞վ է, ո՞վ է,— հարցրեց հետաքրքրված հաստապարանոց Ախշարումյանր։

— Երեք քսան ու վեց տարեկան քավթառի մի անտիկա,— պատասխանեց մոսիո Վախվախյանր։— Ո՞նց եք, պարոն Ախշարումյան։

— Ե՜ս․․․ վը՞վվվ։— մռնչաց Ախշարումյանը, աչքերը պսպղացնելով և յուր խոշոր ու սպիտակ ատամների վերին շարքով սեղմելով ներքին սև շուրթը։

Այդ վայրկյանին նրա ամբողջ կերպարանքը ներկայացնում էր մի մարմնացած վավաշոտություն։

— Կեցցե՜ն տխմար ծերերը, կեցցե՜ն երիտասարդ կանայք,— գոչեց իշխան Սահարունին, գինու բաժակը դատարկելով։— Չեե՜կ,— դարձավ նա սպասավորին, որ որսային շան պես պտույտ-պտույտ էր անում ամուրիների սեղանի շուրջը,— գինին սեղանից պակաս չլինի։

Այս երկդիմի ակնարկների ժամանակ Հալաբյանը, երեսը հետ դարձրած, նայում էր մի ուրիշ կողմ։ Հարևան սեղանի մոտ նստած ընթրում էր երեսուն ու հինգ տարեկան մի տղամարդ յուր երիտասարդ կնոջ հետ։ Հալաբյանը ճանաչում էր այս ամուսիններին։ Մարդը քաղաքային վարչության մեջ մի հասարակ պաշտոնյա էր, երեք տարի առաջ պսակվել էր և յուր չափավոր ռոճիկով կառավարում էր ընտանիքը։ Ամեն երեքշաբթի երեկո մարդ ու կին գալիս էին ընտանեկան երեկույթ, զբոսնում էին իրանց փոքրաթիվ ծանոթների հետ, առանձին ընթրում և թև թևի գցած գնում։

Արմունկները սեղանին հենած, մարդը ծխելով զվարճախոսում էր․ կինը պաղպաղակ էր ուտում։ Ոչ ոքի վրա ուշադրություն չէին դարձնում, նրանց նայվածքը արտահայտում էր փոխադարձ սեր, հավատարմություն և փաղաքշանք։ Համակրելի էր թվում Հալաբյանին մանավանդ երիտասարդ կնոջ ժպիտը։ Այդ տեսակ քաղցր, գրավիչ երանություն արտահայտող մի ժպիտ նա յուր կյանքում չէր տեսել։ Բազմազգի, բազմալեզու ամբոխի մեջ այդ զույգը նրան թվում էր ամենից երջանիկը և անհոգը։

«Ի՜նչ է նրանց խոսակցության առարկան», մտածեց նա, հառաչելով։ Հանկարծ կինը քահ-քահ ծիծաղեց, ոտքի կանգնեց։ Մարդը վճարեց ընթրիքի համար, երկու անգամ համարեց սպասավորի հետ բերած փողը, խնամքով դրեց գրպանը, առավ կնոջ թևը և ուրախ-զվարթ խոսակցելով, դիմեցին դեպի դուրս։

«Կզարթնի կտեսնի ես մոտը չեմ, լաց կլինի... ա՜խ, հոգյակս Լևոն»։

Այս խոսքերը պարզ հասան Հալաբյանի ականջին, երբ զույգը անցնում էր նրա մոտով։

«Լևոնր նրանց երեխան է», մտածեց նա և այնքան նայեց հետևից, մինչև նա բոլորովին անհայտացավ։

— Չհաջողվե՜ց,— ձայն տվեցին միաբերան Իշխան Սահարունին և Ախշարումյանը։

Հալաբյանը վիրավորվեց, երկդիմի ակնարկությունը երջանիկ զույգին էր վերաբերվում։

— Զարմանալի է,— արտասանեց նա և դանակ-պատառաքաղը վերցրեց ընթրիքը շարունակելու։

—Ի՞նչն է զարմանալի,— ասաց իշխան Սահարունին,— զարմանալի է, որ նետդ քարի՞ն կպավ։

Հալաբյանր դադարեց ուտելուց և մի հանդիմանական հայացք ձգեց իշխանի երեսին։ — Գիտեք, պարոններ,— դարձավ նա յուր սեղանակիցներին լուրջ եղանակով,— եթե մի օրինավոր մարդ լսի մեր խոսածը, կզզվի։

Սեղանակիցները զարմացած նայեցին միմյանց երեսին․ ի՞նչ էր նշանակում հանկարծակի փոփոխությունը մի մարդու, որ երբեք ընկերական կատակների նկատմամբ բծախնդիր չէր եղել։

— Ներողություն,— գոչեց իշխան Սահարունին,— ես չիմացա, որ նրանք ազգականներդ են։

— Ոչ ազգականներս են, ոչ էլ ծանոթ եմ այդ զույգի հետ,— պատասխանեց Հալաբյանը,— ես ուզում էի նկատել, որ առհասարակ մենք… Բայց թողնենք, պարոններ… Այս երեկո իմ տրամադրությունս լավ չէ։

— Ոչ, պետք է ասելիքդ վերջացնես,— համառեց իշխան Սահարունին,— ի՞նչ էիր ուզում ասել, որ մենք… ի՞նչ։

—Որ մենք մեր լեզուն մաքուր չենք պահում, որ մենք բամբասում ենք, որ մենք զրպարտում ենք ուրիշներին, որ վերջապես, մենք ոտից մինչև գլուխ փչացել ենք…

Այս ասելիս Հալաբյանը այնքան հուզվեց, որ պատառաքաղը խփեց ափսեին։

— Օ՜օ, անմեղ գառն, о՜о, սուրբ ճգնավոր,— գոչեց իշխան Սահարունին ծաղրաբար,— արի փեշերդ համբուրեմ, արի՛։ Այդ ո՞ր բաղնիսում ես այսօր լվացվել, ո՞ր վարդապե¬ տից ես այդ քարոզը սովորել… Հա՛, հա՛, հա՛, հա… Մի՞թե, ճշմարիտ, դու էլ հավատում ես, թե Սահարունին այնքան ծեր է, որ պիտի պառավի պաս պահի։ Օծվի՛ր, վարդապետ, իսկ ե՞ս… ես փող, գինի ու կին, մանավանդ կին, ահա իմ հավատամքը։ Ատա՜նդե, ատա՜նդե, դու ուզում ես, որ Սահարունին չզվարճանա ահա այդ տեսարանով։ Նայի՛ր, նայեցե՛ք պարոններ։

Նա ձեռքով համարձակ ցույց տվեց մի ծերունի, որ անցնում էր սեղանի մոտով։ Առողջակազմ երիտասարդ կնոջ մարդն էր դա, «նարդին» վերջացրել էր և ձեռները մետաքսյա «արխալուղի» գրպանը դրած, գնում էր ամուսնու մոտ, որ դեռ միևնույն տեղում նստած սիրալիր խոսում էր յուր երիտասարդ կավալերի հետ։ — Ամոթ քեզ, ամոթ քեզ, Սահարունի, քնած ես, չես տեսնո՞ւմ նոր աքաղաղներին,— գոչեց իշխանը և կրծքի խորքից մի ա՜խ քաշելով, դարձավ մոսիո Վախվախյանին, — Սերգո, սազանդարներին կանչիր այստեղ։

Սերգոն վաղուց էր սպասում այդ պատվերին։ Նա վազեց դահլիճ։ Երեկույթը գրեթե վերջացել էր, պարողներ չկային, ասիական երաժիշտները ազատ էին, եկան, նստեցին ամուրիների սեղանի մոտ և մի նոր եռանդով սկսեցին նվագել իշխանի պատվիրած եղանակները։

Գիշերվա երկու ժամից անցել էր արդեն, երբ Հալաբյանը առաջինն ասաց, թե տուն գնալու ժամանակ է։ Նա վճարեց ընթրիքի փողը ամենի փոխարեն։ Իշխանը վիրավորվեց։

— Ձերդ պայծառափայլություն, մի՛ նեղանաք, ընկերություն է, այսօր մեկը, էգուց մյուսը,— միջամտեց մոսիո Վախվախյանր և իսկույն մտքումը ավելացրեց,— Սերգոն էլ մեջտեղ ձրի կուտի, ա՜յ քո տիրոջ նամուսը գետինը մտնի…

Քանի մի րոպե անցած մի կառք Հալաբյանին տեղափոխում էր յուր բնակարանը։ Թանձր փոշիով լի փողոցներով կառքը անցնում էր ահագին դղրդոցով և ծանրաքայլ։ Դա անիվները քայքայված, զսպանակները ժանգոտ, ծածկոցը գույնից զրկված այն կմախքներից մինն էր, որ փողոց են դուրս բերում միայն կեսգիշերից հետո։ Երկու նիհար ձիեր հազիվ կարողանում էին նրան քարշ տալ իրենց հետևից, տնքալով, հազալով և գլուխները վայր ու վեր շարժելով։ Երբեմն նրանք կանգնելու տրամադրություն էին ցույց տալիս։ Կառապանը ոտքի էր կանգնում և երկար մտրակով հարվածում դանդաղ կենդանիներին։

— Կա՛ց,— գոչեց Հալաբյանը բարկացած, երբ կառքը սկսեց արդեն չափից դուրս անխնա տրորել, ձգելով մի կողքից մյուսի վրա և մեջքը խփելով քարի պես ամուր կաշվե բարձին։

Նա ցած իջավ, վճարեց կառքի վարձը և մնացյալ ճանապարհը շարունակեց ոտով։ Երբեք նա այդ անախորժ տրամադրությամբ տուն վերադարձած չէր։ «Ի՜նչ կյանք է, ի՜նչ ապրուստ է, մտածում էր նա, օրինավոր մարդիկ իրանց գլուխը բարձին դրած հանգստանում են, ես քարշ եմ գալիս փողոցներում»։ Եվ քանի մոտենում էր բնակարանին, այնքան կատաղությունը սաստկանում էր: Նա նայում էր աջ ու ձախ Սոլոլակի տների մութ պատուհաններին, և գիշերային ընդհանուր լռությունն ու խավարը ավելի ճնշում էին նրա սիրտը։

Նա հասավ մի ուղիղ և բավական լայն փողոց, կանգնեց մի երկհարկանի տան առջև։ Նա մատը սեղմեց պատի մի կետին։ Փոքր անցած դռները կարծես ինքնըստինքյան բացվեցին, նա ընդարձակ մաքուր սանդուղքով բարձրացավ տան վերին հարկը։

Գավթի դռների մոտ նրան դիմավորեց մի կարճահասակ մարդ, որ շտապում էր բութ մատներով կապել յուր երկայն արխալուղի կոճակները։ Դա նրա վաղեմի ծառան էր, ղազախեցի Թաթոսը, նրա չորս սենյակից բաղկացած բնակարանի մի միակ շնչավորը, որ ամեն գիշեր պարտավոր էր յուր տիրոջ առաջը դուրս գալ, որքան ևս նա ուշ վերադառնար։

Հալաբյան լուռ թույլ տվեց Թաթոսին վերարկուն հանել, մտավ ներս — մի կես-եվրոպական և կես-ասիական ճաշակով կահավորված սենյակ։ Նա հոգնած, թուլացած, գլուխը խառնիխուռն մտքերով լի, նստեց տաճկական թախտի վրա մեջքը տվեց փափուկ բարձին։

Թաթոսը սենյակի մեջտեղում կանգնած, ձեռքերը կրծքին դրած, սպասում էր: Նա պետք է հաներ տիրոջ կոշիկները, հագցներ հողաթափները, երկար ծխաքարշը տար նրան, սպասեր մինչև ծխել վերջացնելը, ճանապարհ դներ ննջարան, և այնուհետև միայն ազատ էր։ Բայց, չտեսնված և անսպասելի բան, պարոնը փոխանակ յուր սովորական հրամանները տալու, մի բարկացկոտ հայացք նետեց Թաթոսի վրա և բարձրաձայն գոռաց.

— Կորի՛ր աչքիցս։

Ծառան մի քանի վայրկյան ապշած մնաց, մտիկ արավ չորս կողմ, հետ ու հետ քաշվեց և վախեցած դուրս եկավ։

— Հիմար, անմիտ, աննպատակ կյանք,— ասաց Հալաբյանը, մնալով միայնակ յուր ընդարձակ և լռիկ սենյակում։

II


Առավոտյան տասն ու մեկ ժամն էր։ Թաթոսը վաղուց սպասում էր յուր տիրոջ զարթնելուն։ Մի քանի անգամ նա զգաստ քայլերով մոտեցավ ննջարանի դռներին, ականջ դրեց, ձայն-ձուն չէր լսվում։ Մի անորոշ երկմտություն ծագեց նրա գլխում. ի՞նչ մի տարօրինակ փորձանք է պատահել պարոնին արդյոք, որ գիշերը այնքան բարկացած էր և մինչև այժմ դեռ չի զարթնել։

Նա կրկին մոտեցավ ննջարանի դռներին, և այս անգամ յուր կոլորակ, խիտ մազերով սև միրուքը ցցելով, սկսեց դռան բանալիի անցքով նայել դեպի ներս։ Նա կարողացավ տեսնել միայն յուր տիրոջ ամառային վերմակի սպիտակ ծայրը։

— Տեր աստված,— ասաց նա, վերջապես հուսահատվելով,— չլինի այդ մարդը անմաս մեռավ։

Նա վճռեց ներս մտնել, և հանկարծ լսեց յուր տիրոջ հազալու ձայնը։ Նա ներս շտապեց։ Հալաբյանը մի կռան արմունկը կարապի փետուրով լցրած սպիտակ բարձին հենած, ծխում էր։ Նրա թավամազ կուրծքը կիսով չափ բաց էր, աչքերի շրջանակները կարմրած, կոպերը մի քիչ ուռած։ Անկողնակալի մոտ գտնվող փոքրիկ, բոլորակ, սևագույն սեղանի վրա դեռ վառվում էր ննջարանի փոքրիկ ղամբարը։ Մոխրամանը լիքն էր ծխախոտի մնացորդներով, սենյակի մթնոլորտը տոգորված էր թանձր ծխով:

Այս բոլորը ցույց էին տալիս, որ Հալաբյանը կամ ուշ է քնել, կամ շատ վաղ է զարթնել։ Հատակի վրա դեսուդեն սփռված էին նրա շորերը ու կոշիկները։ Այս տեսակ անկարգություն Թաթոսր առաջին անգամն էր տեսնում յուր տասնամյա ծառայության ընթացքում։

— Քանի՞ ժամն է,— հարցրեց Հալաբյանը դանդաղ և խռպոտ ձայնով։

— Կեսօրին մոտ է։

— Հարցնող եղե՞լ է։

— Ոչ:

Հալաբյանր ծխախոտը հանգցրեց և կրկին գլուխը բարձին դնելով, վերմակը քաշեց կրծքին: — Ծառա եմ հրամանքիդ, սամովարը երեք անգամ կրակ եմ գցել,— համարձակվեց հայտնել Թաթոսը։

— Չորրորդ անգամ կրակ գցիր։

Թաթոսը ձեռները փորի վրա դարսեց, հետ քաշվեց և կանգնեց պատի տակ։ Մի րոպե չանցած, նա չկարողացավ զսպել յուր լեզուն։

— Լվացարարը այսօր առավոտյան շորերդ բերել է, կփոխե՞ք։

Հալաբյանը լուռ էր։ Նա, գլուխը կրծքին թեքած, նայում էր ձեռների մատներին։ Նրա ուռած կոպերը, թառամած այտերի գունատությունը, ճակատի խոշոր կնճիռները կրկին կասկածի մեջ ձգեցին Թաթոսին։ Եվ անհանգիստ ծառան կամեցավ անպատճառ իմանալ յուր տիրոջ տարադեպ տրամադրության հիմքը։

— Աղա,— ձայն տվեց Թաթոսը, մի քայլ առաջ գնաչով։ Աղան չպատասխանեց։

— Աղա,— կրկնեց Թաթոսը համառորեն և մի քայլ ևս առաջ դրեց,— աղա, ցավդ առնեմ, խոմ հիվանդ չե՞ք։

Հալաբյանը քնից հանկարծակի զարթնողի պես գլուխը բարձրացրեց ու ձեռը ուժգին անկողնակալի ծայրին խփելով, որոտաց.

— Կորի՛ր, անպիտան։

Թաթոսը երկյուղից ուսերը վեր քաշեց, ձեռները տարածեց աջ ու ձախ և հետ ու հետ քաշվելով, կամացուկ դուրս սլկվեց։ Նա մյուս սենյակումն էլ չմնաց, գնաց խոհանոց և նստեց սնդուկի վրա։

— Այդ մարդը կամ գժվել է,— ասաց նա, երկյուղածությամբ յուր սպրդնած երեսը խաչակնքելով,— կամ արևը մայր մտնելիս պիտի գժվի։

Հալաբյանը ոտքի կանգնեց և սկսեց հագնվել, առաջին անգամ առանց ծառայի օգնության։ Նա յուր գլուխը ծանրացած էր զգում, ոսկորները մի տեսակ թմրած։ Ամբողջ գիշերը նա համարյա չէր քնել։ Այն մտքերը, որ հղացել էին նրա գլխում նախընթաց օրը, խուլ գիշերին, միայնակ դրության մեջ, ավելի հուզեցին նրան։ Երկար ժամանակ նա շրջում էր ննջարանում, անդադար ծխելով և մերթ ընդ մերթ կրծքից արձակելով ծանր հառաչանքներ։

Մինչև ե՞րբ նա պիտի ամուրի մնա, ահա այն պարզ առանցքը, որի շուրջը պտտում էին նրա խառնիխուռն մտքերը։ Ինչո՞ւ համար է նա Հալաբյան անունը անհայտությունից հանել և դրել ամբողջ Թիֆլիսի բերանը. նա՛, որ մի աննշան վաճառականի որդի էր։ Մի՞թե նրա համար, որ այսօր կամ վաղը այդ ազգանունը ջնջվի աշխարհի երեսից առանց մի հետք թողնելու։ Իսկ նրա հարստությունը — ո՞վ պիտի ուտի նրա մահից հետո։ Նրա քրոջ շռայլ որդինե՞րը, ինչպես շատ այդպիսի շռայլներ ուտում են իրենց քեռու կամ հորեղբոր արյուն քրտինքով ձեռք բերած կարողությունը։ Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով։

«Քսան տարեկան հասակից սկսած ոսկոր կոտրեմ, ասում էր նա, հորս թողածը տասն անգամ ավելացնեմ, հավաքեմ, հավաքեմ, հանկարծ մի օր մեռնեմ, և շների ու գայլերի բաժին դառնա՞։ Ո՛չ, ամենևին։ Այդ իմ գերեզմանիս վրա էլ ասել չի լինիլ: Ոսկորներս էլ հողի տակ հանգիստ չեն մնալ։ Հալաբյանի հարստությունը պետք է Հալաբյանները ուտեն։ Իմ սերունդս պիտի շարունակվի որդուց որդի։ Որքան հիմար եմ եղել ես, որքան հիմար։ Ի՞նչ օգուտ իմ անցյալից, ո՞ւր են ծախսվել իմ հազարները... Շռայլ, անպիտան կյանք: Այն ուրախ քրքիջը, ծնողի այն քաղցր ժպիտը... որքան բախտավոր էին երևում նրանք,— կրկնեց ամուրին, մտաբերելով երեկվա յուր տեսած ընտանիքը, որ վերադառնում էր ամառանոցից, միթե ես չպիտի՞ վայելեմ այդ բախտը։ Իսկ այն համեստ զույգը, որ ամեն երեքշաբթի գալիս է ժողովարան։ Ահա երջանիկ մարդ, աղքատ և երջանիկ: Իսկ ե՞ս... մինչև ե՞րբ միայնակ բուի նման կյանք վարեմ... Բավական է... Թող իշխան Սահարունին ծիծաղի, թող շարունակի Աշխարումյանի հետ յուր... անառակ կյանքը... Զզվեցի... զզվեցի..»։

Եվ այս մտքերի ծանրությունից նրա հուզված նյարդներր չէին հանգստանում։ Երկար ժամանակ նրա մարմնի վիթխարի ստվերր սահում էր ննջարանի պատերի վրա, մերթ հասնելով առաստաղին և մերթ ընկնելով հատակի վրա։ Հանկարծ նրա ճակատի կնճիռները բացվեցին, դեմքը մի վայրկյան փայլեց։ Նա վերցրեց ննջարանի փոքրիկ ղամբարը, անցավ կես-ասիական և կես-եվրոպական ճաշակով կահավորված սենյակը, հանեց գրպանից բանալիների կապոցը և բացավ յուր գրասեղանի արկղիկը։ Այնտեղ մի թղթի մեջ փաթաթված էին մի խումբ լուսանկարներ։ Նա կանթեղը դրեց սեղանի վրա, բաց արավ փաթեթը, նայեց մեկին, մյուսին: Միմյանց հետևից զանազան անձանց պատկերները ընկնում էին նրա ձեռքից սեղանի վրա։ Վերջապես մեկը մնաց նրա մատների արանքում։ Նա սկսեց նայել, նայել երկար ժամանակ, խորասուզված դեմքով այդ փոքրիկ լուսանկարին։ Կարծես, այնտեղ նա ձգտում էր կարդալ յուր ապագան, յուր բախտը, վերջապես յուր ամբողջ ճակատագիրը։ Ի՞նչ էր այդ… Մի օրիորդ, որի հետ նա վաղուց ծանոթ էր, որին նա հավանում էր և բոլոր յուր ծանոթ օրիորդներից վեր էր դասում։ Նա լուսանկարը շուռ տվեց այս կողմ, այն կողմ, մոտեցրեց ղամբարի լույսին, և նրա շրթունքը երկու անգամ հազիվ լսելի շշուկով արտասանեցին.

«Մարիամ»:

Հետո նա լուսանկարը դրեց մի առանձին թղթի մեջ. սեղանի մի այլ արկղիկում թաքցրեց, հեռու մյուսներից։

Երբ նա անցավ ննջարան և պառկեց անկողին, արդեն լույսը սկսել էր բացվել։ Նա քնեց երկու ժամ միայն և զարթնեց յուր սովորական ժամին։ Այլևս նա չկարողացավ շարունակել քունը։ Նա զզվանքով հիշեց յուր առավոտյան մանր¬մունր սովորությունները, ծանր ու հանդարտ լվացվելը, հագնվելը, հայելու առաջ խնամքով սանրվելը, և նրա մարմնին տիրեց մի ծուլություն։ Նա կկամենար ամբողջ օրը անկողնից չվերկենալ։ Եվ հենց այդ ժամանակ ներս է մտնում անմիտ ծառան և հիշեցնում նրա ամուրի, միայնակ, աննպատակ կյանքը։

Դռների ձայնը ընդհատեց նրա մտքերը։ Նա հետ նայեց, և կրկին տեսավ ծառային զգաստորեն և երկյուղով ներս մտնելիս։

— Ի՞նչ ես ուզում,— կոշտ ձայնով հարցրեց նա, ժիլետի կոճակները կապելով։

Թաթոսը լուռ մոտեցավ և տվեց նրան մի այցետոմս։ Հալաբյանը նայեց այցետոմսին և իսկույն հրամայեց ծառային հյուրին ընդունել։

«Այդ մարդը նրա հորեղբայրն է, իմ բարեկամը, պետք է ավելի բարեկամանալ», ասաց նա և դուրս եկավ մյուս սենյակ:

Բազկաթոռի վրա նստած էր եվրոպական տարազով հագնված հիսուն ու հինգ տարեկան մի մարդ։ Մի թեթև ալեխառն մազերով, բայց շատ առույգ ծերունի, որի ամբողջ կերպարանքից բուրում էին եռանդ, համարձակություն, տոկունություն և հնարագետ խելք։ Նրա սափրած երեսը, թանձր ընչացքը, մեծ գլուխը, բարձր և լայն ճակատը, թավ հոնքերը, բերանի անկյուններում որոշ գծավորված խորշերը և վերջապես, սուր ու փայլուն աչքերը գործնական կյանքին անձնատուր մարդու ազդեցություն էին գործում։ Երբ Հալաբյանին տեսավ, նրա դեմքի վրա իսկույն երևան եկավ մի խորին բարեկամական ժպիտ։

Դա հայտնի կապալառու Նիկողայտս Սադափյանն էր։

— Ներեցեք, պարոն Միքայել, որ ձեզ նեղություն եմ տալիս, — ասաց նա, ոտքի կանգնելով քսան ու հինգ տարեկան երիտասարդի աշխուժությամբ։

— Խնդրեմ, խնդրեմ, ձեզ համար ես միշտ պատրաստ եմ, պարոն Նիկողայոս,— պատասխանեց Հալաբյանը և հարգանքով սեղմեց իրանից հասակով բարձր Սադափյանի մեծ ու փափուկ ձեռը։ — Նստեցեք, խնդրեմ։

Սադափյանր նստեց յուր տեղը և մի քանի սովորական հարցերից հետո, անմիջապես դիմեց յուր այցելության նպատակին։

— Ձեր օգնության կարոտ եմ, պարոն Միքայել,— ասաց նա ժպտալով։

— Պատրաստ եմ ծառայել, ինչքան կարող եմ, ծխեցեք, խնդրեմ,— առաջարկեց Հալաբյանը սիգարների արկղիկր որը բաց դրած էր սեղանի վրա։

— Ես երբեք փողի պակասություն չեմ քաշել,— շարունակեց Սադափյանր,— բայց գործերս այնքան մեծացրի, որ հիմա ստիպված եմ բարեկամներիս ձեռք մեկնել: Ինձ մի երեք օրից հետո վեց-յոթ հազար ռուբլի է հարկավոր. ունե՞ք ազատ փող։

Հալաբյանը բարեկամաբար ժպտաց և, մի վայրկյան մտածելուց հետո, պատասխանեց.

— Չունենամ էլ, ձեզ համար ուրիշից կվերցնեմ, պարոն Նիկողայոս, էէ, եթե ձեզ էլ փող չտամ, ո՞ւմ պիտի տամ։

Սադափյանը տեղից քիչ բարձրացավ և գլուխ տվեց Հալաբյանին։

— Տոկոսի մասին չեմ խոսում,— ասաց նա,— ինչքան կամքդ է նշանակիր վեց ամիս ժամանակով։

— Իսկ եթե առանց տոկոսի տա՞մ,— հարցրեց Հալաբյանը։

— Չեմ վերցնիլ,— պատասխանեց Սադափյանը,— բարեկամությունը իրան կարգին, գործն էլ իրան կարգին։ Ես առևտրական կանոններից չեմ կարող շեղվել։

Հալաբյանը ոչինչ չասաց։ Նա գիտեր, որ Սադափյանը կեղծում է, որ նա չէր հրաժարվիլ գուցե, եթե առանց տոկոսի փող տվող լիներ նրան։

Թաթոսը ներս բերեց արծաթյա սկուտեղի վրա դրած մի բաժակ չայ, կարագ, հաց, սեր և երկյուղով դրեց յուր տիրոջ առաջ։

— Ինչո՞ւ մեկն ես բերում,— հանդիմանեց Հալաբյանը,— չես տեսնում, որ հյուր կա։

— Հյուրը առավոտյան ութ ժամին է չայ խմում,— ասաց Սադափյանը,— շնորհակալ եմ, չի հարկավոր։

Ծառան դուրս եկավ։

— Այժմյան երիտասարդները,— շարունակեց Սադափյանր, վերջին բառը առանձին շեշտելով,— գիշերը ցերեկ են դարձրել, ցերեկը գիշեր։ Ութ ժամից սկսած ոտքի վրա եմ, պարոն Միքայել, ա՛յ, ինչ ասել է ընտանիքի տեր լինել:

Երիտասարդ բառը դուր եկավ Հալաբյանին և միևնույն վայրկյանին նա մի կողմնակի հայացք ձգեց դեմուդեմի պատին քարշ արած հայելու մեջ։

Խոսակցությունը շարունակվեց նույն եղանակով։ Սադափյանը սկսեց գանգատվել յուր դրության վրա։ Ծերության օրերում ինքն յուր գլուխը խառնեց մեծ գործերի մեջ, դարձյալ մի նոր կապալ է վերցրել, օգուտ շա՜ատ այդ տերունական կապալներից, բայց ի՛նչ անի, որ նեղություն էլ շատ կա։

— Մեկը անում եմ, մյուսը մոռանում,— հարեց նա,— մարդս առանց սրտացավ մարդու միձեռանի է։ Գործակատարներին հավատալ չի լինում, մեկ անում են, երկու գողանում։ Հավատացեք, պարոն Միքայել, եթե ես ձեզ պես մի ազնիվ ընկեր ունենայի, միլիոններ կարող էի աշխատել:

— Ինձ նման ծույլ ընկերը ձեզ միայն վնասել կարող է,— պատասխանեց Հալաբյանը,— մարդ պետք է մի գործ սիրի, որ կարողանա սրտով կպչել: Կապալների գործերը ինձ այնքան ձանձրացրին, որ ես վերջը թողի։ Ինչ որ ունիմ, այսուհետև այն էլ ինձ բավական է, պարոն Նիկողայոս։ Բայց ձեր ասածը ճշմարիտ է, որ մի լավ օգնական է հարկավոր ձեզ։

— Որ չունեմ սրտացավ մարդ, ի՛նչ անեմ,— գոչեց Սադափյանը, ձեռները ծնկներին խփելով։

— Ձեր եղբոր որդի՛ն, այ ձեզ սրտացավ մարդ։ Ինչո՞ւ նրան չեք խառնում ձեր գործերի մեջ։

— Ռուբենի՞ն,— արտասանեց Սադափյանը, հեգնաբար ժպտալով,— էէ, պարոն Միքայել, դուք նրան չեք ճանաչում։

— Ես նրան ճանաչում եմ, պատվական տղա է, պատասխանեց Հալաբյանը։

Սադափյանը գլուխը շարժեց աջ ու ձախ։

— Պարոն Միքայել,— ասաց նա, աջ ձեռքով շփելով աչքերը, ինչպես երբեմն անում է մարդ, որի ասածը լավ չէ հասկանում խոսակիցը,— ես, ճշմարիտ է, ծերացել եմ, բայց հին մարդ չեմ։ Հավանում եմ նոր ժամանակի խելոք երիտասարդներին. նրանք մեզանից գիտուն են, շատ բան են սովորում, նրանց իմացածի քառորդը ինձ նմանները չեն իմանում։ Բայց մի բան կա, որ ինձ դուր չի գալիս, որ ատում եմ, ինչ թաքցնեմ։ Ծույլ են մեր ուսումով երիտասարդները, պարոն Միքայել, աշխատանքից փախչող են։ Խոսք բացվեց, ասեմ: Այդ եղբորս որդին հենց որ Ռուսաստանից եկավ, ես նրա հետ խոսեցի։ Ասացի, ահա որդի, ուսումդ վերջացրիր, հիմա, իհարկե, մի գործ պետք է ճարես քեզ համար։ Չէ՞. լա՛վ։ Լսիր, ասացի, դու բժիշկ չես, որ քեզ համար պրակտիկա ձեռք բերեմ, ինժեներ չես, որ երկաթուղումը քեզ մի պաշտոն գտնեմ իմ ծանոթների միջոցով, է, իրավաբան էլ չես, որ գնաս սրան ու նրան Սիբիր ուղարկես։ Ի՞նչ ես։ Ֆիլոլոգ — իստորիկ, լեզվագետ եմ, էլ չգիտեմ, պատմաբան եմ, ասում է։ Ի՞նչ գործ կարող ես կատարել։ «Ես, ասում է, միտք չունիմ ծառայելու, ես պետք է գիտությամբ պարապվեմ։ Իսկ եթե, ասում է, ծառայելու լինեմ, միայն վարժապետ կարող եմ լինել»։ Վարժապե՞տ. ի՞նչ պիտի տան քեզ վարժապետության համար, ասացի, չե՞մ տեսնում, վարժապետները քաղցածությունից իրանց թևերն են կրծում։ Արի, ասացի, որդի, քեզ երեք անգամ ավելի ռոճիկ տամ, իմ գործերիս մեկ մասը վրադ առ։ Ես քո հայրը, դու իմ որդին։ Ի՞նչ կասեք, պարոն Միքայել, լավ հորեղբայրը դրանից ավելի՞ կաներ յուր եղբոր որդու համար։

— Չընդունե՞ց։

— Քինթը վեր քաշեց,— շարունակեց Սադափյանը միշտ հեգնական եղանակով։— Ես, ասում է, «անընդունակ եմ առևտրական գործերում, ես չեմ կարող վաճառական կամ կապալառու լինել»։ Տեսնո՞ւմ եք. քաղցած ապրել կարող է, սրան ու նրան գլուխ տալով ամսական հիսուն-վաթսուն մանեթի համար ծառայել կարող է, ազատ, ինքնագլուխ վաճառական լինել չի կարող։ Ահա, այս էլ մեր ժամանակի ուսում առած խելոք երիտասարդները։ Հիմա էլ կանգնել է. «ես ուզում եմ երկու տարով արտասահման գնալ, որ կատարելագործվեմ»։ Այս էլ իմ եղբոր որդին, որին դուք պատվական տղա եք համարում։ Չէ, պարոն Միքայել, ուսումն էլ առանց խելքի կոպեկ չարժե։ Մարդուն առաջարկում են հարստության ճանապարհ, փախչում է, թե, չգիտեմ, ես այդ չեմ հավանում, այն եմ հավանում: Կա՞ աշխարհիս երեսին մի բան, որ փողից ավելի հավանելի լինի, ասացե՛ք, կա՞։

— Նոր երիտասարդներից շատերի համար կա,— պատասխանեց Հալաբյանը։— Նրանք փառասեր են, անունը, հռչակը փողից բարձր են համարում։

— Անուն, հռչակ,— գոչեց Սադափյանը,— հավատացեք, ձեզ և ինձ այնպիսի գեներալներ ու իշխաններ են նախանձում, որ նրանց ոտի փոշիին չեմ հասնիլ ես։ Ինչո՞ւ. որովհետև անունը մարդուս փորը չի կշտացնում։

Միանգամայն համոզված, որ յուր ասածը զուտ ճշմարտություն է, Սադափյանը թիկն տվեց բազկաթոռին և յուր հայացքը ձգեց առաստաղին։ Մի քանի վայրկյանից հետո նա ավելացրեց.

— Բшյց թող ինչ ուզում է անի, ես իրավունք չունիմ այսուհետև նրա վրա։ Ես իմ պարտքս կատարեցի, պահեցի, մեծացրի, ուսում տվեցի, հիմա ազատ է։ Թող գնա, որտեղ ուզում է, թեկուզ քրոջն էլ տանի, ինչպես ասում էլ է, որ պիտի տանի հետը։

— Քրո՞ջը, օրիորդ Մարիամի՞ն,— գոչեց Հալաբյանր, չկարողանալով զսպել յուր զարմանքը և հետաքրքրությունը։

— Հապա՛,— պատասխանեց Սադափյանր, քմծիծաղ տալով, — իբր թե ստացած կրթությունը պակաս է։ Ասացեք, խնդրեմ, մեր ժամանակի օրիորդին ավելի ի՞նչ է հարկավոր, գիմնազիայում ուսումը ավարտել է, ֆրանսերեն գիտե, պարել, պիանինո ածել, մինչև անգամ երգել գիտե։ Խոմ չի՞ կարող գնալ ադվոկատ կամ ինժեներ դառնալ։ Բժի՞շկ պիտի դաոնա... ատելով ատում եմ բժիշկ կանանց։ Նրանք կանայք չեն, նրանք կես-տղամարդ են... էէ, խոսքով եղա ու ուշացա, — ավելացրեց նա հանկարծ, ժամացույցին նայելով, — մեկին կես է մնում։ Ներեցեք, պարոն Միքայել, ես մինչև ճաշ մի քանի տեղեր ունիմ գնալու։

Եվ նա բազմազբաղ մարդու դեմքով ոտքի կանգնեց ասելով.

— Ուրեմն հույս ունենա՞մ փողերի մասին։

— Համարեցեք, որ ձեր գրպանումն են,— միամտացրեց Հալաբյանը,— վաղը ուղարկեցեք ձեր գործակատարին, որ ստանա։

— Հա՛, կիրակի օրը կսպասեմ ձեզ ճաշին,— ասաց Սադափյանր,— կինս այսօր ասաց, որ երեկ ձեզ ժողովարանում տեսել է ու հանդիմանել։ Իրավունք ունի, պարոն Միքայել, շատ ուշ-ուշ եք գալիս մեր կողմերը։ Բարեկամությունը այդպես չի լինիլ, մի փոքր էլ մեզ վրա ուշադրություն դարձրեք։ Կիրակի օրը անպատճառ մեր տանն եք, խոսք տալի՞ս եք: — Ուրախությամբ, պատասխանեց Հալաբյանը, հարգանքով ճանապարհ դնելով յուր հյուրին մինչև նախագավիթ։

Նա վերադարձավ, և ձեռները վարտիկի գրպանը դնելով, սկսեց քայլել հետ ու աոաջ մտահույզ դեմքով։

«Աննման է. աննման է, չկա նրանից լավը ամբողջ Թիֆլիսում,— կրկնում էր նա յուր մտքում։— Ի՞նչ ասաց այդ մարդը, մի՞թե նա պիտի գնա արտասահման։ Մի՞թե ես պիտի թողնեմ, որ այդ բախտը փախչի իմ ձեռքից։ Հետո՞, ո՞վ կարող է նրա նման ինձ դուր գալ: Ոչ ոք։ Զարմանալի բան է, կարծես, որքան մտածում եմ այդ աղջկա մասին, այնքան ավելի եմ հավանում։ Ե՞ս, որ քառասուն ու երեք տարիս շուտով կլրանա…>»։

Բնազդմամբ նա մոտեցավ հայելուն և սկսեց զննել իրան ոտից մինչև գլուխ: Երբեք նա ինքն իրան այնքան ծեր, թառամած, տգեղ չէր երևացել, որքան այս անգամ պատկերացրեց անողոք հայելին։ Աչքերի տակ թառամած կաշին, բերանի անկյուններում որոշ գծավորված խորշերը, վերջապես, ճաղատ, փայլուն գլուխը, միրուքի սպիտակ թելերը, ծերության այս բոլոր անջնջելի նշանները վհատեցնելու չափ ազդում էին: Նա ինքն իրանից խորշելով, երեսը հետ դարձրեց հայելուց և հուզված սկսեց կրկին անցուդարձել։

Նախագավթից լսվեց մի ծանոթ ձայն, և նույն վայրկյանին դռները զգույշ բանալով, ներս մտավ մոսիո Վախվախյանը կամացուկ։

— Մի րոպե, միայն մի րոպե շնորհեցեք ինձ,— ասաց նա, կարմիր ձեռները միմյանց այնպես շփելով, որ կարծես ցրտից սառել էին։

Եվ սիրալիր ժպրտը երեսին, մեջքից խոնարհ թեքվեց, բռնեց Հալաբյանի աջը և սեղմելով յուր կրծքին, շարունակեց.

— Երեկ ժողովարանից շատ տխրած դուրս եկա: Բնությունս վատ է, պարոնս, շատ վատ է. հենց որ բարեկամներիցս մեկին մի քիչ տխուր եմ տեսնում, սիրտս, ասես, սև է կապում։ Կարելի՞ է հարցնել ձեր առողջության մասին։

— Առողջ եմ և ուրախ,— պատասխանեց Հալաբյանը հակիրճ։

— Օօ, փառք աստուծո, հհմա հանգստացա,— գոչեց մոսիո Վախվախյանը, ձեռը քսելով կրծքին։ — Ի՞նչ եք կամենում, ծառայի՞ն,— ավելացրեց նա, Հալաբյանի մի թեթև նշանից գուշակելով նրա միտքը,— այս վայրկյանիս։

Նա անմիջապես դույրս վազեց և ծառային կանչեց ներս։

— Դեհ, ցտեսություն, էլ գործ չունեմ,— ասաց նա վերին աստիճանի խեղճ եղանակով։

— Սպասիր, միասին դուրս կգանք,— պատվիրեց Հալաբյանը, և ծառայի հետ անցավ ննջարան։

Մնալով միայնակ, մոսիո Վախվախյանր դեսուդեն նայեց, վերցրեց սեղանի վրա դրած սիգարներից մեկը, խնամքով ծայրը կտրեց, վառեց, թիկն տվեց բազկաթոռին, ոտը ոտի վրա ձգեց և սկսեց ծխել: Նրա դեմքի քաղցր արտահայտությունից և աչքերի բիբերի ժպտուն փայլից կարելի էր գուշակել, թե որքան ախորժելի ազդեցություն է անում նրա շնչափողի վրա արտասահմանից հատկապես Հալաբյանի համար բերված հավանյան սիգարի ծուխը։ Մոսիո Վախվախյանր, իբրև նուրբ ախորժակի տեր, գիտեր հազվագյուտ բաների ճաշակը։ Թանձր ծուխը բերանից դեպի առաստաղը բաց թողնելով, նայում էր նրա օղաձև հոսանքին և հրճվում, ինչպես կարող է հրճվել բուն ճարտարագետը մի գեղեցիկ բանով։ Եվ այդ վայրկյանին նրա կոլորակ, մսալի գլուխը արտադրում էր հետևյալ գաղափարը. «ծխողն էլ ահա այս տեսակ պիտի ծխի, թե չէ գրպանիս դարմանը... Օօ'ֆ, մոխրին նայեցեք, բամբակ է»...

Հանկարծ նա մտատանջության մեջ ընկավ։ Իսկապես նրա այցելությունը մի շատ գործնական նպատակ ուներ։ Նա էր իմանալու, արդյոք Հալաբյանը մի որևէ ծանոթ ընտանիքի հրավիրված չէ՞ ճաշի։ Եթե ոչ, եղանակը հրաշալի է, կարելի է Միքայելյան փողոցի այգիներից մեկում, Հուռի ափում, մի լավ «սուկի» խորովել տալ։

Հալաբյանր դուրս եկավ մաքուր հագնված, մոտեցավ, որ հայելու առջև փողկապը ուղղի։

— Օրեց-օր բացվում եք վարդ ու մանիշակի պես,— գոչեց մոսիո Վախվախյանը, ոտքի թռչելով և իբրև հիացած նայելով ոտից մինչև գլուխ հարուստ ամուրիին։— Ա'յ, ինչու են կանայք սիրահարվում։ Երեկ ժողովարանում մի գեղեցիկ կնիկ իրան մարդուն հարցրեց ձեր մասին «ո՞վ է այդ համակրելի տղամարդը»։ Արևս վկա, ականջովս լսեցի։ Ասում եմ էլի, որ աստված տալիս է, ամեն կողմից է տալիս, հապա՜, ինչո՞ւ մի քոսոտն էլ ինձ համար չի ասում, թե «համակրելի» եմ։

Եվ տեսնելով, որ իր հաճոյախոսությունը մի ժպիտ շարժեց Հալաբյանի երեսի վրա, նա հանեց գրպանից մի արծաթյա տուփ և խուփը բանալով, պահեց նրա առաջ, ասելով.

— Գլխի ցավի համար խիստ լավ է։

— Վարպետ ես, Սերգո,— ասաց Հալաբյանը, ցուցամատի ու բութ մատի ծայրերով վերցրեց մի պտղունց քթախոտ, մեջքից թեքվեց, որ նոր կարված սև սյուրտուկը չապականվի, և ախորժակով քաշեց։

Քթախոտ քաշելը Հալաբյանի քմահաճություններից մեկն էր, որ սակայն մտաբերում էր շատ քիչ անգամ և այն էլ մոսիո Վախվախյանին տեսնելով։ Վերջինը միշտ յուր գրպանում պահում էր լիք տուփը հատուկ նրա համար։

— Այսօր միասին կճաշենք,— ասաց Հալաբյանը,— իսկ այժմ գնանք Կավկազ հյուրանոցում մի թեթև նախաճաշիկ անենք:

III

Մի ամպամած առավոտ Անդրկովկասի երկաթուղու կառախումբը կանգ առավ Թիֆլիսի կայարանում։ Երկրորդ դասի մի կառքից, շատ ճանապարհորդների թվում, դուրս եկավ և մի երիտասարդ, մի օրիորդի հետ թևակցած։ Բեռնակիր մշակներից մեկը դուրս բերեց նրանց ճանապարհի իրեղենները — երկու բարձ, մի կաշվե արկղ, մի պլեդ և մի կապ կազմած ու անկազմ գրքեր։

Օրիորդը ձեռում բռնած ուներ կիսաթառամ ծաղիկների մի փունջ, որից նա ստեպ-ստեպ հոտ էր քաշում։ Շտապ և ուրախ խոսակցելով, երիտասարդն ու օրիորդը պլատֆորմի վրա խռնված խիտ բազմության միջով անցան կայարանի մյուս կողմը։ Հետաքրքիր դիտողը, նայելով այդ թև թևի տված զույգ արարածներին, զննելով նրանց վարվելու ձևերը և մանավանդ կերպարանքը, կգուշակեր քույր ու եղբայր լինելը. այնքա՛ն հասարակ էին այդ ձևերը, այնչափ նման էին նրանք միմյանց։

Երեցը եղբայրն էր, կրտսերը քույրը — արագաշարժ և ճկուն, մոտ քսան ու երկու տարեկան մի օրիորդ: Նրա, երկար ու սև արտևանունքների մեջ պարփակված, պարզ գույնի խոշոր աչքերի մեջ վառվող երիտասարդական կենդանի հուրը մի գրավիչ զվարթություն էր տալիս սակավ ինչ արևակեզ երեսին։ Նա միջին հասակից քիչ բարձր էր, ոչ նիհար, ոչ գեր, համաչափ կազմվածքով։ Հագած էր նա համեստ մոխրագույն ասվյա զգեստ, նույն գույնի մահուդի կարճ վերարկու: Պանամի դեղնագույն գլխարկից քարշ ընկած թափանցիկ, սպիտակ շղարշը, քողավորելով նրա շագանակագույն պերճ մազերը, ընդգրկել էր նրա մեջքը օձապտույտ ձևերով։ Երիտասարդը բարձրահասակ էր, դեմքի մեղմ գծագրությամբ, բարեհամբույր, ավելի թուխ գույնով, կարճլիկ խուզված միրուքով ու մազերով։ Նա հագած էր մոխրագույն կարճ պիջակ, նույն գույնի վարտիկ, որի ծայրերը մտցրած էի ճանապարհային փայլուն կոշիկների երկար տնկարուրդի մեջ:

Նրանք նստեցին կայարանի առջև խմբված կառքերից մինը։ Երիտասարդը ասաց փողոցի անունը, կառքը սլացավ դեպի քաղաքի կենտրոնը։

— Դարձյալ Թիֆլիսումն ենք,— ասաց օրիորդը հառաչելով։

— Եվ այդքան ուշ,— հարեց երիտասարդը, անհանգիստ ձևով ուղղելով յուր ուսին գցած փոքրիկ պայուսակը։

— Իսկ իմ կարծիքով, վաղ,— հակասեց օրիորդը,— և ինչու՞ համար — չգիտեմ։ Ախ, ի՛նչ տեսարաններ, ի՛նչ անտառներ, ի՛նչ ձորեր, ի՛նչ հրաշալի լեռներ թողինք այնտեղ:

Այս ասելով, օրիորդը մի քանի անգամ արագ-արագ հոտ քաշեց յուր ձեռում բռնած փնջից։ Եվ նույն վայրկյանին մի դուրեկան պայծառ ժպիտ սահմանեց նրա քնքուշ շրթունքների վրա, գուցե երփներանգ ծաղիկների անուշ բուրման ազդեցությունից:

— Ուզում ես ինձ հավատացնել, որ քեզ ոգևորողը միայն տեսարաննե՞րն էին,— արտասանեց երիտասարդը, և նրա բարի աչքերի մեջ փայլեց եղբայրական անուշ հեգնությունը։ Օրիորդի արևակեզ այտերը ավելի շառագունեցին։ Նա հոնքերը սեղմեց, երեսը շուռ տվեց մյուս կողմ:

— Լավ, մի՛ ամաչիր, Մարո,— շտապեց ավելացնել երիտասարդը, ժպտալով։— Դու գիտես, որ Մելիք-Բարսեղյանը իմ լավ ընկերն է, ես նրան սիրում եմ։ Բայց մի' մեղադրիլ ինձ, որ քեզ այդպես շուտ բաժանեցի նրանից։ Ես ավելի չէի կարող մնալ Դիլիջանում։

— Ինչո՞ւ,— հարցրեց օրիորդը հետաքրքրված եղբոր վերջին խոսքերով։

— Ինչո՞ւ,— կրկնեց երիտասարդը,— միթե դեռ էլի չե՞ս հավատում իմ վճռին։ Ես պետք է պատրաստվեմ շուտով ուղևորվելու արտասահման։

— Դարձյա՛լ արտասահման,— ասաց օրիորդը թախծորեն,— Ռուբեն, թո՛ղ այդ մտադրությունդ։ Քո հեռանալդ ինձ վախեցնում է, մնացի՛ր Թիֆլիսում։

— Ի՞նչ, միթե դու ուզում ես, որ եղբայրդ թերու՞ս մնա։

— Թերո՞ւս,— գոչեց օրիորդը զարմացած։

— Այո, թերուս,— պատասխանեց երիտասարդը դրական եղանակով,— որովհետև գրպանում համալսարանի դիպլոմ ունենալը դեռ ուսումնական լինել չի նշանակում։ Դեռ շատ բան է մնում սովորելու, օօ, շատ բան։

Վերջին բառերը արտասանելիս երիտասարդի պայծառ դեմքը մթագնեց հոգսերի ստվերով։

— Դու կարելի է ճշմարիտ ես ասում,— խոսեց օրիորդը,— ես դեմ չեմ։ Կամենում եմ, որ դու կատարելագործվես, որքան կամքդ է։ Բայց քեզանից բաժանվելը, Ռուբեն, ես քանի անգամ քեզ ասել եմ արդեն, ծանր է ինձ համար, շատ ծանր։

— Քեզ առաջարկում եմ և խնդրում, որ հետս գաս, բայց դու համառություն ես անում։ Ինչո՞ւ— չեմ իմանում։ Հավատացիր, որ լավ կլիներ թե' ինձ համար և թե' քեզ համար։


— Շատ լավ կլիներ,— կրկնեց օրիորդը, հառաչելով,— կցանկանայի, հոգով կցանկանայի, բայց… — Դարձյալ բայց. — գոչեց երիտասարդը մի քիչ հուզված,— և երբեք չես ուզում հայտնել ինձ այդ պատճառը։

Այս ասելով, նա դժկամակությամբ նայեց քրոջը: Վերջինը լուռ էր:

— Չլինի թե,— շարունակեց երիտասարդը. ձայնը դարձյալ մեղմացնելով,— չլինի թե արդեն այնքան գրավել է քեզ նա, որ չես ուզում հեռանալ ն ր ա ն ի ց...

— Ռուբե՜ն,— արտասանեց օրիորդը խորին հանդիմանությամբ,— այդպիսի կատակ մի՛ անիլ հետս, նա... նա... չէ պատճառը, և չի էլ կարող չինել... Իմ պատճառը ավելի ծանր է, քան կարծում ես...

— Ի՛նչ է ուրեմն,— գոչեց Ռուբենը, աչքերը սևեռելով քրոջ երեսին։

Օրիորդը մի քանի վայրկյան լռելուց հետո, կրկին հառաչեց։

— Թողնենք այդ խոսակցությունը,— ասաց նա:— Ահա հասնում ենք տուն։ Աշխատի՜ր ուրախ հանդիպել մեր ազգականներին: Դե՛հ, դարձյալ թթվացրի՞ր աչքունքդ, դրա համա՞ր ես ուզում ինձ հետդ արտասահման տանել, որ միշտ տխրես, շնորհակալ եմ։

Ասաց օրիորդը և, վիրավորված ձևանալով, երեսը դարձրեց մի կողմ։

Կառքը Քուռ գետի աջ կողմի քաղաքամասը անցնելով, մտել էր արդեն կենտրոնական փողոցները։

Քույր և եղբայր լուռ էին։ Ռուբենը մի ծխախոտ վառեց և սկսեց ծխել, անորոշ հայացքով նայելով յուր երկար կոշիկների ծայրերին: Իսկ քույրը, փունջը ծնկների վրա դրած, մտիկ էր անում աջ ու ձախ տներին, որ միմյանց հետևից անցնում էին։ Ընդամենը երեք ու կես ամիս բացակա էր եղել Թիֆլիսից, և այժմ ամեն ինչ նրան փոխված էր երևում, թե՛ փողոցներն ու տները և թե՛ անցուդարձող մարդիկ: Նա, աշխատելով հաղթել յուր մեջ ծագած րոպեական թախիծը, աչքերով որոնում ՝էր ծանոթ դեմքեր։ Մինչդեռ եղբայրը գաղտուկ նայելով քրոջ կիսադեմքին, նկատեց նրա պայծառ ճակատի վրա այն տխուր ամպը, որ երբեմն հայտնվում էր, երբ նա փորձում էր խոսք բանալ իրանց դրության մասին։ Կառքը կանգնեց երեքհարկանի նորաշեն, մոխրագույն ներկած մաքուր տան աոաջ:

— Այս րոպեին ես կհամբուրեմ իմ սիրելի Լիզային ու Գաբոյին,— գոչեց օրիորդը և աշխույժ կերպով վայր ցատկեց կառքից։

Մինչ Ռուբենը կառապանի վարձը կտար ու իրեղեններր ցած կբերեր, նա փունջը ձեռին արագությամբ բարձրացավ երկրորդ հարկը: Մարմարոնյա լայն և փայլուն սանդուղքի վերևում օրիորդին դիմավորեց մի ութ տարեկան աղջիկ սև աչքունքով: Օրիորդը գրկեց նրան, համբուրեց մի քանի անգամ և, թևից բռնելով, շտապեց առաջ։

— Օրիորդ, եկա՞ք, վերջապես,— գոչեց դեմուդեմ վազելով, ռուս աղախինը, և ուրախ-ուրախ բարևեց։

Նախագավթում օրիորդի առաջը վազեց մի տասը տարեկան պատանի գիմնազիական համազգեստով։ Օրիորդը նրան էլ գրկեց, համբուրեց և տարավ ներս:

Մի քառակուսի, մաքուր պարկետով, գեղեցիկ ոսկենկար պաստառով զարդարված բավական մեծ սենյակի մեջտեղում, կոլորակ սեղանի շուրջը նստած թեյ էին խմում Նիկողայոս Սադափյանը, յուր կինը— տիկին Սոփիոն և աղջիկը— օրիորդ Նատալիան:

— Մարիա՜մ,— զոչեցին միաբերան վերջին երկուսը մի տեսակ անբնական ուրախությամբ։

Մարիամը հերթով փաթաթվեց կանանց պարանոցին և մի քանի անգամ ջերմաջերմ համբուրեց նրանց, մանավանդ Նատալիային:

— Հանդա՛րտ, մազերս քրքրեցիր,— ասաց Նատալիան, գլուխը հետ դարձնելով։

Մարիամը սեղմեց հորեղբոր ձեռը։ Հարց հարցի հետևից նա առաջարկում էր մերթ մեկին, մերթ մյուսին։ Կարծես, նա տարիներով չէր տեսել յուր ազգականներին, այնքան անկեղծ էր նրա ուրախությունը։

Ներս մտավ եղբայրը և տեսարանը մի քիչ փոխվեց։ Նա հանդարտ մոտեցավ, սառն և քաղաքավարի բարևեց։ Բոլորը առողջ էին։ Միայն օրիորդ Նատալիան հայտնեց, հառաչելով, թե գլուխը սաստիկ ցավում է։ — Դրա ճարը ես գիտեմ,— գոչեց Մարիամը, վերցնելով յուր փայփայած փունջը, որ համբուրվելու միջոցին դրել էր պատուհանի վրա։— Ահա, Նատո, թեև մի քիչ թառամել են, բայց հազվագյուտ ծաղիկներ են։ Իմ մորաքրոջ աղջկա, Մարգարիտի, վերջին նվերն է, յուր ձեռովն է քաղել իրանց պարտեզից։ Այնքան սիրեցի, որ Դիլիջանից մինչև այստեղ բերի:

— Կարծես, Թիֆլիսում քիչ կա,— ասաց օրիորդ Նատալիան մի տեսակ արհամարհանքով,— շնորհակալ եմ, դու շատ բարի ես, Մարո, դիր ահա այն բաժակի մեջ։

Մարիամը փունջը դրեց առաջվա տեղը և յուր դժկամակությունը թաքցնելու համար, կրկին թեքվեց և սկսեց խոսել յուր շուրջը պտույտ-պտույտ անող փոքրիկ աղջկա և պատանիի հետ։

— Ինչո՞ւ ինձ չես տալիս ծաղիկները, ես կպահեմ իմ սեղանիս վրա,— ասաց աղջիկը, Մարիամին գրկելով։

Մարիամը տվեց նրան փունջը։

— Մամա, թույլ տուր այսօր տանը մնամ,— ասաց պատանին։

— Ինչո՞ւ,— հարցրեց տիկին Սոփիոն։

— Ուզում եմ Մարոյին ու Ռուբենին տեսնել։

— Լռի՜ր,— գոչեց մայրը, աչքունքը խոժոռելով,— Մարոն ու Ռուբենը չեն փախչում, կարող ես հետո էլ տեսնել: Կանչի՛ր ծառային, որ քեզ տանի ուսումնարան։ Դու էլ,— դարձավ նա փոքրիկ Լիգային,— ծաղիկները դիր տեղը ու գնա դասդ սովորիր։

Պատանին և աղջիկը ակամա ու տխրադեմ հպատակվեցին իրանց մոր խստաձայն հրամանին, կրկին ու կրկին ընդունելով Մարիամի համբույրները և գգվանքը։

— Իմ սիրելիներս,— ասում էր օրիորդը, մերթ դառնալլով Գաբոյին, մերթ Լիզային,— ես ձեզ ամեն օր հիշում էի: Գնացե՛ք, գնացե՛ք, էլի ես ձերն եմ։

Վերջապես, նա նստեց թեյ խմելու և սկսեց պատմել, թե ինչպես է ժամանակ անցկացրել Դիլիջանում։ Նիկողայոսը հայտնելով, որ գործ ունե, շտապով դուրս եկավ։

— Գիտենք, գիտենք, շատ ուրախ են անցել օրերդ, առանց մեզ,— նկատեց Նատալիան Մարիամին մի երկդիմի եղանակով։

— Դու չես կարող երևակայել, Նատո,— շարունակեց Մարիամը ոգևորված,— թե ինչ ուրախ օրիորդ է մեր մորաքրոջ աղջիկը։ Գեղեցիկ, կրթված, համակրելի, նրա նմանը Թիֆլիսում ես չեմ տեսել։

— Իհարկե, Երևանում մայրաքաղաքի կրթություն ստացած կլինի,— ասաց օրիորդ Նատալիան ծաղրաբար։— Բայց սիրելիս, ինչո՞ւ միայն այդ աղջկան ես գովում, միթե ուրիշ գովելու մարդ չկա՞ր այնտեղ։ Իսկ այն երիտասարդ բժի՞շկը, որի հետ դու վաղուց, շատ վաղուց ծանոթ ես։

Մարիամը մի մեղմ հանդիմանական հայացք ձգեց Նատալիայի երեսին և ոչինչ չպատասխանեց։

— Ի՜նչ սևացել ես, Մարո,— փոխեց յուր խոսքը Նատալիան, ներքուստ նախանձելով Մարիամի դեմքի գրավչությանը,— մի բանի նման ես, բայց չգիտեմ ինչի։

— Գնչուհու,— հարեց Մարիամը անկեղծաբար։

— Լա՛վ, լավ, կեղծ համեստություն մի' անիլ,— գոչեց Նատալիան կծված ձայնով,— ինքդ շատ լավ իմանում ես, որ… գեղեցիկ ես, ինչ հարկավոր է կոտրատվել։ Ախ, տեր աստված, տրաքեց գլուխս, ների՜ր հոգիս, ես այլևս նստել չեմ կարող։

Ասաց Նատալիան և անմիջապես վեր կացավ գնաց յուր սենյակր։

— Գնա, օգնիր, որդի, նա հիվանդ է,— ասաց տիկին Սոփիոն Մարիամին:

Օրիորդը հետևեց Նատալիային։ Տիկինը մնաց Ռուբենի հետ։

— Հանգուցյալ մայրդ, միտս է, միշտ ասում էր. «Մարոս շատ կրակոտ աղջիկ է լինելու»,— խոսեց տիկինը,— այժմ կատարվում է նրա խոսքը։ Տեսնո՞ւմ ես, Ռուբեն, քույրդ ինչպես է թռչկոտում, այդ լավ բան չէ, լավ բան չէ։

— Երանի թե միշտ այդպես լիներ,— նկատեց Ռուբենը, որ մինչև այդ րոպե լուռ էր,— լավ է կրակոտ լինել, քան թմրած։ — Օ հո հո, որդի, մի՚ ասիլ,— գոչեց տիկին Սոփիոն,— աղջիկը պիտի մի քիլ էլ ամաչկոտ լինի։

— Ամաչկոտ,— կրկնեց Ռուբենր զարմացած,— ես կարծում եմ, որ Մարիամի պես ամաչկոտ աղջիկ շատ քիչ կա։

Տիկինը տարակուսաբար գլուխը շարժեց։

— Ես չեմ ասում, թե նա երեսբաց է,— արտասանեց նա խորհրդավոր ձայնով,— բայց է՛լի...

— Ասացեք, տիկին, եթե մի բան գիտեք,— հետաքրքրվեց Ռուբենը,— եթե մի պակասություն ունի Մարիամը, ես նրա եղբայրն եմ, պարտական եմ նրան հաղորղել, որ ուղղի իրան։

— Խոսքս այն երիտասարդի մասին է,— պատասխանեց տիկինը,— այն բժշկի, որին գարնանը մի քանի անգամ մեր տունը բերիք։ Մարիամը գրել էր Նատալիային, որ նա Դիլիջանումն է։ Ի՞նչ էր անում այնտեղ։

— Ոչինչ, եկել էր մի ամիս այնտեղ ապրելու:

— Նա էլ ձեզ հետ Թիֆլի՞ս եկավ:

— Ոչ, բայց շուտով կգա։

— Հը՜մ,— արտասանեց տիկինը, գլուխը երերելով,— նա այստե՞ղ է մնալու։

— Չգիտեմ, առայժմ նա Երևանումն է բժշկություն անում։ Բայց ի՞նչ էիք ուզում ասել Մարիամի մասին, այդ շատ հետաքրքրական է։

Տիկինը մի քանի վայրկյան լռելուց հետո, պատասխանեց.

— Այն էի ուզում ասել, որդի, որ լսել եմ, թե Մարիամը... էհ, ինչ թաքցնեմ... սիրում է այդ տղային ու...

— Ու՞...— արտասանեց Ռուբենը, մի անորոշ ցնցումն գործելով։

— Ու խոսք է տվել նրան գնալու։

Ռուբենը մի հոգոց հանեց կրծքից և ժպտաց։ Նա, կարծես, ավելի մի ծանր լուրի էր սպասում։

— Չափահաս աղջկա դրությունը, որդի, շատ դժվար է, — շարունակեց տիկինը գորովագութ մոր եղանակով,— չպետք է նրան մի րոպե աչքից հեռացնել, թե չէ ով գիտե... Ասելս այն է, որդի, եթե այն տղան լավ տղա է, բեր շուտ-շուտ մեր տուն, կարելի է մենք էլ հավանենք, Մարիամի համար փեսացու ընտրենք ու շուտով պսակենք։

— Այդ նպատակով, տիկին, ներեցեք ասել, ես ոչ մի ընկերոջս չեմ բերիլ այստեղ,— պատասխանեց Ռուբենը հաստատ ձայնով։— Փեսացու ընտրելու իրավունքը Մարիամինն է, ում կհավանի, նրան կուզի։

— Հաա՞,— արտասանեց տիկինը, շրթունքը սեղմելով, աչքերը լայն բանալով և գլուխը բարձրացնելով,— իմացա, ուրեմն ես ու հորեղբայրդ ոչի՞նչ, ուրեմն մենք իրավունք չունե՞նք այդ գործի մեջ խառնվելու։

Ռուբենը զգաց յուր խոսքերի խստությունը տիկնոջ համար։ Նա շտապեց մեղմել նրանց ազդեցությունը։

— Ձեր իրավունքը իմնից մեծ է, տիկին։ Բայց առայժմ ամուսնանալու հերթը Նատալիայինն է. պզտիկ քույրը մեծ քրոջից առաջ ընկնել չի կարող։

— Նատալիայի մասին ես հոգս չունեմ,— պատասխանեց տիկինը դեռ բավական կծված ձայնով,— նրա համար փեսացուներ միշտ կան, որին հավանեմ, նրան կտամ։ Է՛հ, թողնենք, դու, երևի, անքուն ես մնացել երեկ գիշեր,— ավելացրեց նա, հանկարծ ոտքի կանգնելով,— գնա', հանգստացիր ու շորերդ փոխիր, թե չէ մի մարդ ներս կմտնի, ամոթ է այդ կոշիկներով երևալ:

Ռուբենը, որ ինքն արդեն կամենում էր շուտով հեռանալ տիկնոջից, շտապեց յուր սենյակը և, դռները ծածկելով, առանձնացավ։

Նա փոխեց ճանապարհային հագուստը և, նստելով սեղանի մոտ, անձնատուր եղավ յուր մտածումներին։

Ութ տարի էր, որ նա յուր քրոջ հետ հորեղբոր հովանավորության ներքո էին։ Այսինքն այն օրից, երբ մեռավ նրանց հայրը։ Այն ժամանակ քույր և եղբայր դեռ գիմնազիոնումն էին։ Հազիվ նրանց փափուկ սիրտը ամոքվել էր մոր մահից հետո հինգ տարի անցած, ճակատագիրը երկրորդ հարվածը տվեց տասնույոթ տարեկան պատանուն և տասնուչորս տարեկան աղջկան։

Ամբողջ գիշեր նրանք ականատես էին իրանց հոր կյանքի վերջին խավար ժամերին։ Մահճակալի մի կողմում կանգնած էր Ռուբենը, մյուս կողմում Մարիամը և Նիկողայոսը։ Մի քանի անգամ մեռնողը այն օրվա ընթացքում, զգալով մահվան մերձավորությունը, կրտսեր եղբոր ներկայությամբ կրկնեց, թե յուր զավակների նյութական դրությանը համարյա միանգամայն ապահով է թողնում։

— Դու միամիտ կաց, որդի, հորեղբայրդ կկարգադրի ձեր գործերը.— ասաց նա Ռուբենին։

«Նիկողայոս, քեզ եմ հանձնում իմ զավակներին։ Սիրի՛ր և պահպանիր։»

Նիկողայոսը գլուխը կրծքին թեքեց և արտասուքը հազիվ զսպելով, պատասխանեց.

— «Ես նրանց չեմ բաժանիլ իմ ընտանիքից, կպահպանեմ մինչև իմ վերջին օրը»:

Այս էին այն խոսքերը, որ Ռուբենի ներկայությամբ, փոխանակեցին երկու եղբայրները։ Այն ժամանակ Ռուբենը չգիտեր այդ անորոշ խոսքերի բուն իմաստը, րոպեի դառն վիշտը պատանու ուշը ու միտքը մթնացրել էր։ Նա ողբում էր յուր ծնողին։ Հիշում է նա այժմ ևս, որ ձմեռն էր, որ դրսում չոր քամի էր փչում, երկիրը ծածկվել էր սառնամանիքով։ Գավթի տերևաթափ ակացիան յուր սառած ճյուղերը զարկում էր փակ լուսամուտի փեղկերին։ Ռուբենը ձեռները կրծքին ծալած, կանգնած էր սենյակի այն կիսախավար անկյունում, ուսկից լսվում էր մեռնողի ծանր հառաչանքը։ Սենյակ մտնում ու դուրս էին գալիս, անլուր ստվերների պես, ինչ-որ մարդիկ։ Չէ հիշում նրանց դեմքերը Ռուբենը։ Մտաբերում է այն, որ մեկը բռնած նրա թևից, աշխատում էր հեռացնել մահճակալից, շշնջալով.

«Թող խեղճ մարդը հանգստանաս»։

Այդ մեկը տիկին Սոփիոն էր։ Բայց Ռուբենը մի քայլ անգամ չհեռացավ։ Նրա աչքերը հառած էին այն հողագույն դեմքի վրա, ուր մահը ծավալել էր յուր խավար ստվերը։ Մերթ բացվում էին, մերթ փակվում այդ խոշորացած աչքերը, որոնց պաղած շրջանակները ճենապակիի գույն էին ստացել։

Հանկարծ մեռնողը հետ ձգեց վերմակի ծայրը, բարձրացրեց յուր թույլ ձեռը, որքան կարող էր։ Ռուբենը և Մարիամը միաժամանակ բռնեցին այդ պաղ ձեռը, մեռնողի քարացած շրթունքի վրա սառավ վերջին խոսքը.

«Սիրեցե՛ք միմյանց»։

Անջնջելի կերպով այդ պատավերը դրոշմվեց որդու սրտում։ Այնուհետև ամեն ինչ խավարեց Ռուբենի աչքում, երբ տեսավ, թե ինչպես երկու անծանոթ կանայք, գրկելով, դուրս բերեցին սենյակից ուշաթափ Մարիամին։

Եվ ահա ութ տարի է անցել այդ սգալի գիշերից։ Այն ժամանակից շատ բան է փոխվել։ Մարիամը, աճելով օրըստօրե, այժմ չափահաս օրիորդ է դառել։ Հոր հիշատակը նրան պատճառում է մի թախիծ, մորը նա հիշում է շատ մութն կերպով։ Նրա առողջ բնավորությունը հաղթող հանդիսացավ որդիական վշտին, ժամանակը ամոքեց օրիորդի սրտի վերքը։ Իսկ Ռուբենը, անձնատուր լինելով ուսմանը, ավելի շուտ մխիթարություն գտավ այնտեղ։ Սակայն նա չմոռացավ յուր ծնողների հիշատակը և հոր վերջին պատգամը։ Նա սիրում էր քրոջը։ Սիրում էր, որպես փափկասիրտ եղբայր, որպես մեծ և հովանավորող։ Սրտաշարժ էր այն տեսարանը, երբ նա առաջին անգամ բաժանվեց Մարիամից Ռուսաստան գնալու համար։ Ավելի սրտաշարժ էր նրանց վերջին հանդիպումը, երբ Ռուբենը արդեն ուսումն ավարտած վերադարձավ հայրենիք չորս ամիս առաջ։

— Ռուրե՛ն, Ռուբե՛ն,— գոչեց Մարիամը, փաթաթվելով եղբոր պարանոցին վերջինի առանձնասենյակում,— սիրո՞ւմ ես ինձ։

Ռուբենը սիրով և անձնվիրությամբ համակված յուր դեմքը հետ դարձրեց։ Նա թաքցրեց յուր զգացումների արտաքին նշանները, որոնց դեմ էր միշտ։

— Գիտեմ, որ սիրում ես,— շտապեց ավելացնել Մարիամր հուզված,— ուրեմն մի անգամ էլ ցույց տուր սերդ, ինձ մի' թողնի միայնակ։ Առանց քեզ իմ կյանքը տխուր է անցնում։

Ռուբենը դեռ Ռուսաստանում վճռել էր երկու տարով արտասահման գնալ, այնտեղ յուր մասնագիտության մեջ կատարելագործվելու նպատակով։ Նա լրացրած չէր համարում յուր ուսման պաշարը գեթ այնչափ, որչափ հարկավոր էր յուր նպատակին ծառայելու համար կյանքում։ Նա հայտնեց յուր վճիռը Մարիամին։ Քույրը ոչինչ չասաց, հառաչեց, գլուխը շարժեց, և եղբայրը նրա աչքերի մեջ նկատեց արտասուքի նշույլներ։ Նա ընկավ մտատանջության մեջ. թողնել անկատար յուր վճիռը — չէր կարող, այնքա՛ն նա ընտելացել էր այդ վճռին, անուշադիր մնալ Մարիամի աղերսանքին — ավելի դժվար էր։ Այն ժամանակ նրա գլխում միտք հղացավ քրոջն ևս տանել յուր հետ։ Արտասահմանում Մարիամը անգործ չի մնալ, կշարունակի յուր ուսումը, կսովորի որևէ մի մասնագիտություն, կդառնա ազատ, յուր ուժերով կյանքի դժվարությունների դեմ կռվելու պատրաստ անկախ կին։ Երբ նա այս միտքը հայտնեց Մարիամին, վերջինը մի քանի վայրկյան ոչինչ չպատասխանեց, մտածեց և հետո ասաց.

— Եթե անպատճառ ուզում ես գնալ, գնա միայնակ, իսկ ես... չեմ կարող...

Ոչինչ թախանձանք չկարողացավ ստիպել նրան բացատրելու պատճառը, թե ինչու չէ ուզում կատարել եղբոր առաջարկությունը։ Միշտ և ամեն ժամանակ նա խույս էր տալիս այդ մասին խոսելուց և միայն շարունակ խնդրում էր Ռուբենին մնալ Թիֆլիսում։

«Քույրս մի գաղտնի հոգս ունի, ինձ չի հայտնում,— մտածում էր Ռուբենը,— բայց ես կիմանամ, անպատճառ կիմանամ»։

Օրը բավական անցել էր արդեն, երբ նա տնից դուրս եկավ մի փոքր զբոսնելու։ Նա պատահեց յուր ընկերներից մի քանիսին և, մի երկու ժամ նրանց հետ անցկացնելով, մոռացավ ծանր մտքերը։

Երբ նա վերադարձավ տուն, Սադափյանները, սեղանատանը հավաքված, սպասում էին նրան ճաշի։ Նիկողայոսը հրավիրեց նստել յուր քով և շատ սիրով ու բարեկամաբար սկսեց խոսել նրա հետ։ Ինչպես զբաղված մարդ, որի միտքը միշտ դեպի յուր գործերն են ուղղված, Նիկողայոսը ընտանեկան խնդիրների մասին շատ քիչ էր խոսում տանը։ Նույնպես նա Ռուբենի հետ խոսում էր հատ ու կտոր, և որովհետև Ռուբենն ևս խոսելու տրամադրություն չուներ, շուտով երկուսն էլ լռեցին։ Ասում էր մերթ մեկը, մերթ մյուսը, և Մարիամը անդադար դառնում էր աջ ու ձախ, կերակրեըով յուր սիրելիներին։

Նատալիան շարունակ գանգատվում էր գլխացավից, քիչ էր ուտում, պախարակում էր յուրաքանչյուր կերակուր և իմերել սպասավորի միջոցով հանդիմանություն էր ուղարկում ոուս խոհարարին։ Վերջին կերակուրը բերելիս նա վեր կացավ տեղից և անցավ յուր սենյակը։ Դա նրա քմահաճություններից մեկն էր, որի համար հայրը հանդիմանում էր նրան և փոխարենը միշտ հանդիմանվում Սոփիոյից։

— Խեղճ իմ Նատո, տանջվում է այսօր, ինչո՞ւ հենց միայն նա է հիվանդանում այս տանը.— ասաց տիկին Սոփիոն և շտապեց յուր աղջկա հետևից:

Այսպես անցավ Սադափյանների ճաշը, Նատալիայի շնորհիվ, ամենի համար սառն, անախորժ։

Նույն օրը իրիկնադեմին Ռուբենը, դրսից տուն, վերադառնալով, Մարիամին հանդիպեց յուր սենյակում։ Օրիորդը տնային սպիտակ հագուստով նստած էր սեղանի մոտ, գլուխը ձեռների մեջ դրած, արմունկները հենած սեղանին։ Նրա առաջ դրած էր մի բաց գիրք։ Նա չէր կարդում, այլ աչքերը հառած լուսամուտի կողմ, նայում էր դեպի դուրս։

— Դարձյալ ի՞նշ երազների մեջ ես,— ասաց Ռուբենը կատակով։

Մարիամը մի քիչ շփոթվեց, երեսը հետ դարձրեց և ժպտաց։ Սակայն այս անգամ նրա ժպիտը այնքան արհեստական էր և բռնազբոսիկ, որ Ռուբենի տրամադրությունը հանկարծակի փոխվեց։ Նա քրոջ աչքերի մեջ կարդաց մի նոր դառնություն։

— Մարիամ,— զոչեց նա, բռնելով քրոջ ձեռը,— դու վրդովված ես երևում, ի՞նչ է պատահել։

Մարիամը ձեռը մեղմիկ խլեց եղբորից և յուր տխուր ու անորոշ հայացքը կրկին բաց լուսամատի կողմ դարձնելով, ձգեց դիմացի եկեղեցու արծաթափայլ գմբեթի վրա, ուր շողշողում էին մայր մտնող արևի վերջին ճառագայթները։

— Դու ինձ չե՞ս պատասխանում,— շարունակեց Ռուբենը, ավելի հետաքրքրված նայելով քրոջ երեսին։

Զվարթադեմ, ուրախ, գեթ արտաքուստ անհոգ օրիորդը անճանաչելի էր դարձել այդ րոպեին։ Նա ոչ միայն չպատասխանեց, այլև խույս էր տալիս եղբոր հայացքից։

— Երդվում եմ մեր ծնողների հիշատակով,— գոչեց Ռուբենը, նստելով նրա մոտ,— եթե դու չես հայտնիլ ինձ գաղտնիքդ, կվիրավորվեմ սաստիկ։

Մարիամը նայեց եղբորը, հազիվ զսպելով արտասուքը, որ ձգտում էր դուրս հոսել նրա խոշոր աչքերից։

— Ռուբեն,— խոսեց նա, վերջապես, վրդովված ձայնով,— երեք ամիս է դու ինձ անդադար հարցնում ես իմ դրության մասին։ Մինչև այժմ աշխատում էի լռել, ոչինչ չհայտնել քեզ։ Բայց այլևս անկարող եմ այժմ։ Ռուբեն, ինձ այս տանը հալածում են...

Մի վայրկյանում Ռուբենի աչքերը մթնեցին, գլուխը պտտեց, նրան պաշարեցին միմյանցից դառն, միմյանցից վատ կասկածներ։ Նրա քրոջը հալածում են, ո՞վ, ինչո՞ւ, ի՞նչ մեղքերի համար։

Մարիամը չկարողացավ նրա անկանոն հարցերին միանգամից պատասխանել։ Նա գանգատվեց միայն Նատալիայի վրա։ Ամեն քայլում այդ աղջիկը աշխատում է որևէ դառնություն պատճառել նրան, տեղի և անտեղի ծաղրում է, հնարում է նրա մասին զանազան պատմություններ, արտահայտում է զանազան անհամեստ կասկածներ։ Երբեք Նատալիան անկեղծ չէ եղել նրա հետ, երբեք պարզ սրտով չէ վարվել։ Երբ Մարիամը ուրախ է — Նատալիան տխրում է, երբ տխուր է — ուրախանում է, և միայն այն նպատակով, որ Մարիամին վշտացնի։ Կարծես, նա երդվել է ամեն տեսակ վատություն անել նրան։ Ինչո՞ւ,— չգիտե Մարիամը. նա՛, որ միշտ սիրով է վերաբերվել Նատալիային, ինչպես յուր մեծ քրոջը։

— Ախ, Ռուբեն,— շարունակեց Մարիամը, աչքերը սրբելով ,— այսօր նա չափից դուրս անսիրտ էր։ Դու տեսար, ինչպես նա ընդունեց ինձ, ինչպես սկսեց հետս խոսել, երկու շաբաթ երեսս չտեսնելուց հետո։ Դու գուցե հավատացիր, որ նա գլխացավ ունե։ Ոչ. ես իմացա, որ սուտ է։ Նա ինձ տեսավ և իսկույն գլխացավը բռնեց։ Ճաշից հետո գնացի սենյակս։ Նա էլ յուր սենյակումն էր։ Կանչեց ինձ յուր մոտ, հարցուփորձ արավ Մելիք-Բարսեղյանի մասին։ Երանի նամակումս գրած չլինեի, թե նա էլ Դիլիջանումն է։ Սկսեց հետս անվայել կատակներ անել։ Ախ, աստված, ամոթից չեմ կարող պատմել, թե ինչեր ասաց։ Եթե լսեիր, Ռուբեն, ականջներդ պիտի փակեիր։ Ես համբերեցի. նա չդադարեց։ Առաջին անգամը չէ անում ինձ հետ տգեղ կատակներ։ Հենց որ մի նոր երիտասարդի հետ ծանոթանում եմ, նրա չարախոսությունը արդեն պատրաստ է։

Մինչ Մարիամը պատմում էր այս բոլորը, Ռուբենը վրդովված, շրթունքը ներքին ալեկոծությունից սեղմած, ճակատը ամուր բռնած, լսում էր։

— Իսկ մա՞յրը,— արտասանեց երիտասարդը խեղդուկ ձայնով։

Մարիամր վարանեց իսկույն պատասխանել։

— Գիտեմ,— ասաց Ռուբենը,— առանց քո ասելու էլ գիտեմ։— Այս տան մեջ քեզ ոչ ոք չի սիրում, ոչ ոք…

— Ոչ, անարդար մի' լինիլ, Ռուբեն,— ընդհատեց Մարիամը,— ես հարգում եմ մեր հորեղբորը. նա եթե չի սիրում, չի էլ ատում։ Բայց ինձ սիրողներ էլ կան այս տանը, և հենց նրանք էին մինչև այժմ ինձ մխիթարողները — Լիզան ու Գաբոն։

Մի քանի վայրկյան տիրեց լռություն։ Ռուբենի սիրտը ուժգին բաբախում էր հուզմունքից։ Նա սաստիկ վարանման մեջ էր. պետք է դուրս բերել Մարիամին այդ տանից, ազատել նրան Նատալիայի և տիկին Սոփիոյի հալածանքից, այդ անվիճելի է:

— Եվ դեռ այս բոլորից հետո դու ուզում ես, որ քեզ այստեղ թողնեմ և գնա՞մ,— գոչեց նա զայրացած,— ոչ, Մարիամ, դու պիտի գաս ինձ հետ, այլևս քո համառությունը ինձ խաբել չի կարող։

Մարիամը դառնությամբ հառաչեց։

— Մտածի'ր, Ռուբեն,— ասաց նա թախծալի ձայնով,— Ո՞ւր ես գնում և ինձ էլ տանում— մի օտար, հեռավոր երկիր, ո՞ւմ հաշվով, ի՞նչ միջոցներով։

— Ի՞նչ միջոցներով,— կրկնեց Ռուբենը զարմացած, — միթե այդ հարցին էլ պատասխա՞ն է հարկավոր։

— Այո, հարկավոր է,— ասաց Մարիամը դրական եղանակով,— և հենց այդ է, որ ես չեմ ուզում գալ քեզ հետ և ոչ էլ քո գնալդ կցանկանայի, եթե միայն կարող ես գնալ...

Վերջին դարձվածը կրկնապատկեր Ռուբենի զարմանքը։

— Եթե միայն կարող եմ գնալ,— մեքենաբար արտասանեց նա,— ո՞վ կարող է ինձ արգելել։ Վերջապես, ի՞նչ ես ուզում ասել, պարզ խոսիր, Մարիամ։

— Այն եմ ուզում ասել, Ռուբեն,— պատասխանեց քույրը,— որ նախքան մի տեղ գնալդ, դու պետք է պարզես մեր ժառանգական գործերի դրությունը։ Հասկանո՞ւմ ես։

— Մեր ժառանգական գործերի դրությունը պարզ է։ Մեր հանգուցյալ հայրը մեր ժառանգությունը հանձնել է յուր եղբորը։ Մենք ապահով ենք. ապրում ենք մեր կարողությամբ և արտասահման կգնանք մեր հայրական փողերով։

— Այո՛, հայրական փողերով,— շեշտեց Մարիամը մի տեսակ հեգնությամբ,— ու՞ր են այդ փողերը։

— Ասացի, որ մեր հորեղբոր մոտ։

— Գիտե՞ս հաստատ, խոսե՞լ ես նրա հետ, կա՞ արդյոք, եթե կա, որքա՞ն է, բավակա՞ն են մեր ծախսերին, ահա ինչ է հարկավոր պարզել, Ռուբեն։ Այս չիմացած, դու չպիտի ոչ մի տեղ գնաս, եթե ինձ սիրում ես, եթե ինքնասիրություն անես։

Ռուբենը մի վայրկյան ապշած նայեց քրոջ երեսին։ Ապա ձեռը տարավ ճակատին, աչքերը սևեռեց սեղանին և մտատանջության մեջ ընկավ։

— Սպասի՛ր,— ասաց նա, տատանվելով,— դու իմ սիրտս մի ինչ-որ կասկած ձգեցիր, Մարո... Այո, դու ճշմարիտ ես ասում... ես պիտի խոսեմ մեր հորեղբոր հետ... Մի՞թե... Բայց ոչ, պարզ հիշում եմ հանգուցյալ հայրիկի խոսքը... Նա մեզ չքավոր չի թողել։ Ինչևիցե, ճշմարիտ ես ասում, պետք է պարզել, և շուտով, հենց այս քանի օրը, հենց վաղը գուցե։ Շտապել հարկավոր չէ,— ընդհատեց Մարիամը, յուր սրտի դառն գաղտնիքը հայտնելուց հետո փոքր֊ինչ հանդարտված,— այսքան ժամանակ համբերել եմ, էլի կհամբերեմ։ Սպասիր հարմար առիթի և մի օր անկեղծաբար խոսիր մեր հորեղբոր հետ: Ես չեմ ուզում, որ մենք… ձրիակերի անուն ստանանք… Համբերիր, մի' ստիպիլ ինձ ավելի խոսել առայժմ։ Ինչ որ ասացի, բավական է, մնացյալը հետո…

Այս ասելով, Մարիամը վեր կացավ տեղից և հանդարտ դուրս եկավ եղբոր սենյակից։

Ռուբենը ոչինչ չասաց և ոչ խնդրեց քրոջը չգնալ։ Երկար ժամանակ նա խորհում էր քրոջ ասածների մասին։

Երբ ծառան սովորական ժամին ներս մտավ, տիկին Սոփիոյի կողմից հրավիրեց ընթրիքի, նա ձեռով բացասական նշան արավ…


IV

Օրը կիրակի էր։ Օրիորդ Նատալիան սեփական կառքով դուրս եկավ զբոսնելու։ Անհարմար համարելով միայնակ զբոսնելը, մայրը ստիպեց նրան Լիզային և Գաբոյին էլ հետը նստեցնել։ Մարիամը և Ռուբենը նույնպես տանը չէին։

Տիկին Սոփիոն զբաղված էր տնային գործերով։ Այդ օրը նրանց տանը պիտի ճաշեին Հալաբյանը և իշխան Սահարունին։

Նիկողայոսը յուր առանձնասենյակում միայնակ նստած, ակնոցը աչքին դրած, քրքրում էր ինչ-որ թղթեր, կարդում էր, գրում և երբեմն համարակալի վրա հաշիվներ անում։ Նկատելի էր, որ վերջին օրերը նա սաստիկ զբաղված է, սովորականից ավելի երկար էր մնում առանձնասենյակում։ Ամեն օր նոր-նոր մարդիկ են գալիս նրա մոտ, խոսում, վիճում են ցածր ձայնով։ Գալիս են շուտ-շուտ և' նրա գործակատարները։ Նիկողայոսը նրանց հետ վարվում է կոպտաբար, գոռում է, հանդիմանում և վրդովված ճանապարհ դնում։

Նա պարապում էր կապալներով և Թիֆլիսի առևտրական շրջաններում հռչակված էր իբրև հաջողակ, եռանդուն, օրինակելի «գործավար»։ Եվ այս հռչակը հարստության հետ նա վաստակել էր վերջին տասնուհինգ տարվա միջոցում միայն: Կար ժամանակ, որ նա մի հասարակ մահդավաճառ էր, քաղաքի մի կենտրոնական քարվանսարայում, յուր մեծ եղբոր հետ, պահում էր մի փոքրիկ խանութ։ Գևորգը — Մարիամի և Ռուրենի հայրը— կառավարում էր խանութը։ Նիկողայոսը, ավելի երիտասարդ, լեզվանի և աչքաբաց լինելով, կատարում էր դրսի գործերը, գնում էր Ռուսաստան, հարաբերություններ էր պահում օտար գործարանատերերի հետ և այլն։

Մի օր Նիկողայոսը կանգնեց, թե ուզում է խանութը փակել և ուրիշ գործերի ձեռնարկել։ Գևորգը առևտրի մեջ երկչոտ մարդ էր, ամեն մի նոր բան նրան կասկած էր պատճառում։ Բայց նա մեծ հավատ ուներ դեպի Նիկողայոսի առևտրական հանճարը։ Թույլ տվեց նրան գնալ յուր ընտրած նոր ճանապարհով։ Իսկ ինքը, խանութը մի քանի տարի միայնակ կառավարելուց հետո, փակեց, յուր մասը զուտ փողով վերցրեց և հեռացավ։

Բախտը հաջողվեց Նիկողայոսին նոր ասպարեզում։ Առաջին մի քանի տարվա ընթացքում նա կրկնապատկեց յուր դրամագլուխը։ Հետո վրա հասավ արևելյան պատերազմը և նրա եռանդի համար մի նոր ասպարեզ բաց արավ։ Նա ընդարձակեց յուր գործերը։ Իսկ Գևորգը յուր փողերը պետական թղթերի վերածեց, նրանց տոկոսով սկսեց խաղաղ ու համեստ կյանք վարել, կնոջ մահից հետո փափագ չունենալով պարապել որևէ բարդ գործով։

Երկու եղբոր հարաբերությունները բարեկամական էին, թեև ընտանիքներն ապրում էին առանձին։ Մի օր, միասին ճաշելուց հետո, Նիկողայոսը, հոգեկան ուրախ տրամադրության միջոցին, խոսում էր յուր գործերի մասին: Հանկարծ նա դարձավ Գևորգին և հարցրեց.

— Որքա՞ն տոկոս ես ստանում փողերիցդ։

— Հարյուրին հինգ,— պատասխանեց Գևորգը։

— Հենց ա՞յդ,— գոչեց Նիկողայոսն անկեղծ զարմացած։ — Հարյուրին տասը կտամ, կուզե՞ս,— ավելացրեց նա անփույթ կերպով։

Գևորգին հրապուրեց այդ առաջարկը, մանավանդ որ նա յուր եղբոր ազնվության մասին կասկած չուներ։ Հենց նոր քառասուն հազար ռուբլու տոկոսաբեր թղթերն անցել էին Նիկողայոսի ձեռքը, երբ Գևորգը հիվանդացավ, տասն օրից հետո մեռավ թոքերի բորբոքումից։ Փոխառության վերաբերմամբ քանի մի պաշտոնական ձևեր անկատար մնացին, և մեծ եղբոր փողերը կրտսեր եղբոր մոտ մնացին առանց գրավոր ապացույցների։

Նիկողայոսը հանգուցյալի որբերին բնակեցրեց յուր տանը։

Հենց այդ ժամանակ նա, յուր կնոջ թախանձանքով, մի նորաշեն տուն գնեց քաղաքի կենտրոնում։ Լինելով գործնական, հաշվագետ մարդ, նա անշարժ կալվածները «մեռած դրամագլուխ» էր համարում։ Բայց Սոփիոն վաղուց ցանկանում էր անպատճառ յուր սեփական տանն ապրել։ Նա լսել անգամ չէր ուզում, թե ամուսինը Խարափուխի հետ ընկած մի փողոցում կիսախարխուլ մի տուն ունի հորից ժառանգած։

Եվ այս Սոփիոյի առաջին պահանջը չէր միայն, որ կատարեց Նիկողայոսը։ Նա սիրում էր կնոջը յուրովի, համարում էր նրան ժամանակակից կին, որ գիտե մարդկանց առաջ պարզերես անել մարդու անունը։ Պակաս չէր նպաստում այդ սիրույն և այն հանգամանքը, որ Սոփիոն իշխան Սահարունիների տոհմիցն էր, այն է՝ Սրապիոն Սահարունիի հարազատ քույրը։

Նա ազատություն էր տվել Սոփիոյին տան համար անել, ինչ որ խելքը կտրում է: Իսկ Սոփիոն գիտեր յուր անելիքը, մանավանդ աղջկա վերաբերմամբ: Ոչինչ նա չխնայեց Նատալիայի համար, բացի մի բանից. նա ատում էր «գուվերնանտկաներին», ուստի վճռել էր չվարձել։

— Այդ փքված հնդուհավերը,— ասում էր նա,— գալիս են, մարդու տանը տիրանում են ու…

Բայց և այնպես նա թշնամիներին տրաքացնելու համար վարձեց մի պառավ ֆրանսուհի, մի տարի պահեց, հետո արձակեց։ Եվ արձակեց կռվով, որովհետև օտարուհին հանդգնել էր Սադափյանների տան հարուստ կահ-կարասին անճաշակ համարել։

Վերջին տարիները Նիկողայոսն ընտանեկան ծախսերի վերաբերմամբ փոքր առ փոքր ժլատանում էր։ Երբ Սոփիոն փող էր ուզում, նա ձեռը տատանվելով էր գրպանը տանում, գլուխը խորհրդավոր շարժում էր և կրկնում.

— Սոփիո, ծախսերդ թեթևացրու։

— Սուս,— պատասխանում էր Սոփիոն կատակով, և ամեն անգամ մատների ծայրերը շփում ամուսնու իստակ սափրված երեսին։

Նիկողայոսի ժլատանալը անհիմն չէր — նրա գործերը ձախ էին ընթանում, մանավանդ վերջին տարի։ Երկու անգամ իրար հետևից նա խոշոր վնասներ կրեց կապալներում։ Նա փողի պակասություն զգալով, սկսեց դիմել սրա ու նրա օգնությանը, այնպես որ Հալաբյանն առաջինը չէր, որին նա ձեռք մեկնեց։ Բայց նա զգուշությամբ թաքցնում էր կնոջից յուր ձախորդությունն այն մտքով, որ Սոփիոն յուր աղմուկով իզուր պիտի արյուն վրդովեր։

Դռները հանդարտ բացվեցին, ներս մտավ Սոփիոն և անխոս նստեց Նիկողայոսի գրասեղանի մոտ։

— Ասա տեսնենք,— արտասանեց վերջինը, թևերը դնելով յուր առաջ ցրված հաշվեթղթերի վրա։

Սոփիոն ժպտաց։ Նիկողայոսը հասկացավ։

— Այսօր ոչինչ մի խնդրիլ ինձանից,— ասաց մարդը և շարունակեց պարապել ընդհատված գործերով։ Սոփիոն շրթունքն ամուր սեղմեց, ծռեց մի կողմ, հոնքերը վեր քաշեց և գլուխը շարժեց աջ ու ձախ։

Այս ձևով էր նա սովորաբար ծաղրում ամուսնու թույլ ընդդիմադրությունը։

— Չեմ տալ, ասում եմ,— կրկնեց Նիկողայոսը, մի փոքր ձայնը խստացնելով։

Զարմանքից Սոփիոյի դեմքը երկարացավ և փոքրիկ աչքերի փայլուն բիբերն անշարժ մնացին դեղնափայլ շրջանակներում։

— Հետո՞,— արտասանեց նա։

— Հետո, փող չունեմ, Սոփիո, հավատացի՛ր, որ չունեմ։

— Հանաքը մի կողմ թող, ձեռդ գրպանդ տար։

— Չունեմ, ասում եմ։

— Եթե դու ծուլանում ես, ինքս կհանեմ փողամանդ,— ասաց Սոփիոն և, ոտքի կանգնելով, մոտեցավ ամուսնուն։ Բայց Նիկողայոսը կատակ չէր անում։ Նա բռնեց կնոջ ձեռքից, հետ մղեց և հրավիրեց նստել յուր տեղը։

— Օհո',— բացականչեց տիկինը միանգամայն ապշած,— չլինի թե դու ինձ ուզում ես փախցնել։

Ասաց նա և, կեղծ վիրավորված, երեսը շուռ տվեց իբր թե դուրս գնալու։ Բայց երբ տեսավ, որ ամուսինը լուռ է, հետ դարձավ և կրկին նստեց։

— Նիկո՜,— ասաց նա լրջորեն,— լա'վ իմացիր, ով որ մեծամեծների հետ ուզում է ծանոթանալ, նա մեծ սիրտ էլ պետք է ունենա:

— Թող, աստված սիրես,— գոչեց Նիկողայոսը,— ծանոթներ, ծանոթներ, քանդեցիր տունս քո ծանոթներով։ Այնքան ունենք, որ էլ ով ասես գալիս է այս տուն, ով ասես, բարևում է ինձ դրսում, շատերի անունն էլ չեմ հիշում։

Սոփիոյի տոհմական ինքնասիրությունը վիրավորվեց։ Ինչ, միթե նա՛, պայծառափայլ Սահարունիների դուստրը, այնպիսի մարդկանց է ընդունում յուր տունը, այնպիսի ծանոթներ է ձեռք բերում, որ դուր չե՞ն գալիս նախկին «բազազին»։ Ո՞վ է Սադափյան անունը բարձրացրել, ո՞վ է այս տունը իշխանների, չինովնիկների, լուսավորվածների համար բաց արել։

— Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, բոլորը դու ես արել,— ընդհատեց Նիկողայոսը կնոջ խոսքը,— հիմա, բավական է, էլ չեմ ուզում։ Մինչև այժմ մենք ուզում էինք սրա ու նրա հետ բարեկամանալ, այժմ թող ուրիշները աշխատեն մեզ մոտենալ։ Որքան մեզ ծանր պահենք, այնքան մեր պատիվը կբարձրանա:

— Հիմա այդպես ես խոսում, հաա՞,— գոչեց տիկինը հեգնաբար,— դու չէի՞ր, որ ասում էիր՝ մարդ պետք է միշտ յուր գլխից վերև նայի, ոչ թե ցած… Դու չէի՞ր. հիմա փոխվեցի՞ր։ Շատ լավ, ծանր պահիր, տեսնենք, ո՞ր կոմսուհին երեսիդ մտիկ կանի։ Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում։

— Ի՞նչ, ո՞վ, ի՞նչ ես ասում,— զարմացած արտասանեց Նիկողայոսը։

— Ես ուզում եմ կոմսուհի Նավալիխինայի հետ ծանոթանալ,— պատասխանեց տիկինը դրական եղանակով։ Նիկողայոսը ապշած նայեց կնոջ երեսին։ Այն անունը, որ հիշեց Սոփիոն, շատ և շատ բարձր էր նրա դիրքից ու շրջանից։ Ոչ միայն ծանոթանալ, երևակայել անգամ չէր կարող, թե երբևէ բախտ կունենա երես առ երես տեսնվել նրա հետ։ Եվ հանկարծ Սոփիոն ասում է, թե այդ կնոջը կարելի է ստիպել անգամ, որ այցելի Սադափյաններին։ Ի՞նչպես։

— Մե՞ծ բան է,— բացատրեց Սոփիոն սառնորեն, — եթե նա կոմսուհի է, ես իշխանի աղջիկ եմ։ Պապերս վրաց թագավորների հետ մի «հազարփեշից» գինի են խմել, կոմսուհիները ո՞վ են իմ մոտ։ Ականջ դիր. կոմսուհի Նավալիխինան մի բարեգործական ընկերության նախագահ է։ Ով որ պատվավոր անգամ է գրվում, նրան կարեթով այցելություն է անում։ Հասկացա՞ր։ Հիմա ես ուզում եմ, որ Նատոս պատվավոր անդամուհի գրվի։ Լսո՞ւմ ես։ Մի շաբաթ սրանից առաջ կոմսուհին Փափգիսովի կնոջ մոտն է եկել։ Սիրտս քիչ մնաց տրաքի, երբ որ լսեցի։ Հիմա դու ինքդ ասա, մենք Փափգիսովների՞ց էլ հետ պիտի մնանք։

Ավարտելով յուր խոսքը, տիկինն աչքերը սևեռեց ամուսնու աչքերի մեջ, սպասելով նրա պատասխանին։ Նիկողայոսը մի քանի վայրկյան մտածեց և հետո սեղանի արկղը բանալով, հանեց մի հատ աղեղնագույն թղթադրամ և, դնելով սեղանի վրա, ասաց.

— Սրանից ավել տալ չեմ կարող, ինչ ուզում ես, արա։

Սոփիոն արհամարհանքով շպրտեց թղթադրամը։ Նա ոտքի կանգնեց։

— Մուրացկա՜ն եմ, ի՛նչ եմ,— գոչեց կատաղած,— վերցրու', չեմ ուզում, տար եղբորդ աղջկա համար հագուստ գնիր։

Առաջին անգամ չէր Նիկողայոսը կնոջ կողմից այս տեսակ կծու ակնարկներ լսում յուր եղբոր որբերի վերաբերմամբ։ Բայց երբեք մի առանձին ուշադրություն դարձրած չէր։ Այս անգամ Սոփիոյի խոսքը ազդեց նրա վրա։ Ազդեց իբրև հանդիմանություն, և ոչ իբրև վիրավորանք յուր հարազատ եղբոր աղջկա համար։

Նա աչքերը լայն բաց անելով, նայեց կնոջը ոտից գլուխ և արտասանեց. — Սոփիո, բավական է։

Ոչ նրա սուր հայացքը, ոչ ձայնի սաստողական հնչյունը չունեցան ցանկալի ներգործություն։ Ընդհակառակը Սոփիոն ավելի գրգռվեց։

— Ասում եմ էլի, տա՛ր քո եղբոր որդիների համար ծախսիր,— կրկնեց նա, ձեռը խփելով սեղանի ծայրին,— չեմ ուզում, ոչ ես, ոչ իմ աղջիկը կարոտ չենք քո ողորմությանդ։ Նրանց ուտեցրու, հագցրու, նրանց պահիր իշխանի որդիների պես ու ինձ ասա. «Ծախսերդ պակասեցրու»։ Պակասեցնե՞մ։ Լավ։ Համեցե'ք. առաջ դու դուրս բեր այդ ձրիակերներին իմ տնից, հետո ինձանից պահանջի՛ր։

— Իմ եղբոր զավակները ձրիակերներ չեն, նրանք ապրում են իրանց հոր փողով, խստորեն և հանդարտ արտասանեց Նիկողայոսը։— Ես նրանց իրավունք չունիմ այս տնից դուրս բերելու, քանի որ… նրանց ժառանգությունը իմ մոտ է։ Եթե ուզում ես դուրս բերել, գտիր ու տուր քառասուն հազարը, նրանք, առանց քո ասելու էլ, կգնան…

— Այ գրողը տանի նրանց մի քանի հազար թումանը, ինչպես որ տարել է,— ընդհատեց Սոփիոն և ավելի ու ավելի գրգռվելով, շարունակեց նույն եղանակով։— Միայն Մարամի վրա ավելի է ծախսվել, քան նրա հոր թողածը, իսկ Ռուբե՞նը, որ ութ տարի ուսում է առել։ Ոչ, ոչ, բավական է, պետք է ճանապարհ դնել նրանց, թե ոչ, վերջին չքավորության կհասցնեն Սոփիոյին ու նրա զավակներին։ Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով, ո՞վ է մեր ժամանակում յուր հարազատներին թողած, եղբոր որբերի համար գլուխ կոտրում։ Սև լիներ այն օրը, երբ Մարիամը ոտ դրեց Սոփիոյի տունը։ Այն օրից Նատոյի բախտն էլ կապվեց, տարին տարիի հետևից անցնում է, նա պառավում է, չկա մի օրինավոր մարդ, որ նրա վրա աչք դնի։ Մարիամը կապել է նրա ճանապարհը. ով ասես, նրա վրա է ուշադրություն դարձնում։ Ինչո՞ւ…

Այս ասելով, տիկինը կրկին նստեց գրասեղանի մոտ և աչքերը տնկեց Նիկողայոսի երեսին։ Նրա բարակ շրթունքը կապտել էին, թեթև դողդողում էին։ Թվում էր, որ սպասում էր մի թույլ հակաճառության, և այն ժամանակ պատրաստ էր ավելի կատաղել։ Սակայն Նիկողայոսը չխոսեց։ Նա նայեց ժամացույցին, շտապելով հավաքեց հաշվեթղթերը, վերցրեց սեղանի վրա ընկած հարյուրանոց թղթադրամը, փակեց սեղանի արկղիկում, բանալին գրպանը դրեց և վեր կացավ տեղից, ասելով.

— Վաղը կստանաս ուզածդ, այժմ չունեմ։

Նույն վայրկյանին հանկարծ նրա դեմքը տարօրինակ այլայլվեց։ Նա բռունցքը սեղմած խփեց սեղանին և խեղդուկ ձայնով գոչեց.

— Սնանկացրիր ինձ, սնանկացրիր...

Գոչեց և արագ քայլերով դեպի դուրս շտապեց, դռները ուժգնակի ծածկելով յուր հետևից։

Տիկին Սոփիոն ապշած նայեց նրա հետևից։

— Այդ մարդը խելքը կորցրել է,— ասաց նա լսելի ձայնով,— մի քանի մանեթի համար այդքան կատաղե՜լ... Կոպիտ, անտաշ, այսուհետև իշխան Սահարունիի աղջկա հետ պիտի այդպես վարվե՜ս... Սպասի՛ր, ես քեզ ցույց կտամ, թե ով եմ...

Կեսօրվա երկու ժամից անց Նիկողայոսր վերադարձավ տուն, հետը բերելով յուր հյուրերին։ Հալաբյանը ներս մտավ սովորական զվարթ տրամադրությամբ։ Իբրև վաղուցվա ծանոթ, նա այնքան ընտելացել էր Սադափյանների ընտանիքին, որ այցերի ժամանակ մի առանձին ձևականություն չէր պահպանում։ Եվ այդ շատ հավանելի էր Նիկողայոսին։

Տիկին Սոփիոն ընդունեց նրան ուրախ ժպիտը երեսին և հանդիմանեց բարեկամաբար, որ ուշ-ուշ է այցելում։

Ամբողջ մի տարի էր, որ նա Հալաբյանին յուր մտքում Նատալիայի համար փեսացու էր ընտրել։ Այս ընտրությունը պայմանավոր էր։ Այն օրից, երբ տիկնոջ հույսերը թուլացան ավելի արժանավորին գտնելու, սկսեց զիջումներ անել և ի վերջո նրա ուշումիտքը կանգ առան թերմաշ ամուրիի վրա։ Հալաբյանը, եթե սպա չէր, եթե մի մեծ պաշտոնյա չէր, փող և դիրք ուներ։ Եվ Սոփիոն քանի մտածում էր այս մասին, այնքան ամուրին բարձրանում էր նրա աչքում: Այս առթիվ նա մի օր խոսեց յուր աղջկա հետ և ուրախությամբ տեսավ, որ Նատալիան ոչ միայն ընդդիմադրություն չի տալիս, այլև, կարծես, ուրախ է։ Եվ իրավ, քսանութամյա օրիորդը հարուստ ամուրիի մեջ տեսնում էր քանի մի հատկություններ, որ հավանել էին նրան։— Հալաբյանր տակավին ծեր չէ, նա ունի ծանր ու հպարտ գնացք, խրոխտ ու դուրս ցցված կուրծք, նա գիտե ճաշակով հագնվել, վայելուչ խոսել կանանց հետ, արժանավորությամբ պահել իրան հասարակական շրջաններում։ Փորձի համար Նատալիան մի անգամ պատկերացրեց իրան նրա հետ թև թևի տված մանգալիս և տեսավ, որ հեռվից նայողի մեջ մի այդ տեսակ զույգ կարող է հարգանք զարթեցնել։ Ինչ անենք, որ ճաղատ է Հալաբյանր, գլխի մազերը կանանց համար են զարդ, տղամարդը ճաղատ գլխով ավելի պատկառելի է: Իսկ նրա հարստությո՞ւնը, որի մասին օրիորդը մի փոքր առասպելական գաղափար ուներ։— Ահա այն ամենագլխավոր հրապույրը, որ բարձր էր նույնիսկ իշխանական ծագումից։ Նատալիան յուր օժիտը մի ամենաչնչին բան էր համարում այն ապրուստի համար, որ երազում էր տասնութ տարեկան հասակից սկսած։ Միայն Հալաբյանր կարող էր իրագործել այդ երազը.— գոնե այսպես էր մտածում օրիորդը։ Ահա ինչու նա բացարձակ հավանություն էր տալիս յուր մոր միտումներին։ Եվ մայրը, խրախուսված այս հավանությունից, ամեն կերպ աշխատում էր ձեռքից բաց չթողնել յուր որսը, որին նա վերջինն էր համարում, դիտելով դստեր հետզհետե թառամող դեմքը։

Հյուրերը գալուց մի քանի րոպե անցած ներս մտավ Նատալիան զուգված, զարդարված։ Հետո եկան Մարիամը ու Ռուրենը, և իշխան Սահարունիի զվարճախոսության շնորհիվ հյուրասենյակը աղմկեց։

Տիկին Սոփիոն նկատեց, որ Հալաբյանր միայն մի քանի րոպե ուշադիր եղավ դեպի յուր դուստրը, հետո ամուրին դարձավ Մարիամին և սկսեց նրա հետ խոսել: Նա ներքին հուզմունքից շրթունքները կրծեց և մոտեցավ Հալաբյանին։

— Ինչի՞ մասին եք այդպես տաք-տաք խոսում,— հարցրեց նա պարզ։

— Խոսում ենք Ռուբենի արտասահման գնալու մասին,— պատասխանեց Հալաբյանը,— այժմյան երիտասարդները շատ ագահ են, ինչքան գիտություն են ստանում, չեն կշտանում։ — Այդ մասին հետո,— ասաց տիկինը շեղակի նայելով Մարիամի երեսին,— գնանք ճաշելու, բավական է ինչքան քաղցած պահեցինք ձեզ:

Նա առաջ գնաց, և հյուրերը հետևեցին նրան դեպի սեղանատուն։

Ճարպիկ տանտիրուհին այնպես հմուտ կարգագրեց, որ ճաշի սեղանի մոտ Հալաբյանի մի կողմում իշխան Սահարունին նստեց, մյուս կողմում Նատալիան, դեմուդեմ Նիկողայոսը։ Իսկ Մարիամին և Ռուբենին հրավիրեց նստել յուր մոտ, առաջինի աջ ու ձախ կողմերում տեղավորելով Գաբոյին ու Լիզային։ Բայց... ապարդյո՜ւն ջանք։ Ամուրին սկզբից մինչև վերջ այնչափ ուշադրություն դարձրեց յուր հարևանուհու վրա, որչափ պատշաճ էր անքաղաքավարի չլինելու համար։ Ամեն մի հաջող վայրկյանից օգուտ քաղելով, նա Նատալիայի ուսի վրայով նայում Էր Մարիամին, որ զբաղված լինելով Գաբոյով ու Լիզայով, չէր նկատում նրա համառ հայացքները։

Տիկին Սոփիոյի սիրտը խռովեց, այլ նա չհուսահատվեց։ Աչքով արավ իշխանին, որ կենացներ առաջարկի։ Այս ևս չօգնեց: Ո՛չ նորին պայծառափայլության յուրաքանչյուր բաժակի վերաբերմամբ արտասանած սովորական խոսքը, ո՛չ տիկնոջ և Նիկողայոսի անսովոր հարգանքը չգրավեցին Հալաբյանին։ Լուռ էր նա և եթե խոսում էր, միայն հարկից ստիպված։

Ճաշը ավարտվեց։ Տիկին Սոփիոն հյուրերին հրավիրեց դահլիճ, որ Սադափյանների տասնուերկու սենյակների մեջ ամենահարուստ զարդարվածն էր։ Դեպի փողոց նայող հինգ բարձր և լայն պատուհանները սքողված էին թանձր ու ծանր մետաքսյա մուգ-կարմրագույն վարագույրներով, որ ծառաները նոր մաքրել էին և քարշ արել։ Մի անկյունում դրած էր տաճկական թախտը, մետաքսյա նրբանկար և ոսկեգործ կապերտով ծածկված։ Չինական ձևով մանր քանդակված և փղոսկրով դրվագած քանի մի աթոռակներ շրջապատել էին ոսկեհյուս բարձերով զարդարուն թախտը։ Մի այլ անկյունում դրած էր ավելի մեծ մի թախտ, զարդարված բուն պարսկական ճաշակով։ Դեմուդեմ մի անկյունում մորենագույն թավիշով ծածկված եվրոպական բազկաթոռները և բազմոցներն էին տեղավորված։ Իսկ այնտեղ, դահլիճի խորքում, վարագույրների հովասուն ստվերի տակ, հպարտ կանգնած էր Նատալիայի ահագին դաշնամուրը, որի կափարիչի վրա անկանոն սփռված էին ոսկեկազմ նոտատետրերը: Այս ու այնտեղ շարված էին կոլորակ, սևագույն սեղաններ։ Մեկի վրա դրած էր այցետոմսերով լի չինական վազը։ Մյուսները ծանրաբեռնված էին թանկագին փնջամաններով, ալբոմներով և հարյուր տեսակի մանր֊մունր արդուզարդով։ Բացի կանթեղներից և պղնձե մոմակալներից, պատերի վրա քարշ արած էին մոտ տասը մեծադիր նկարներ, որոնց ոսկեզօծ շրջանակները ավելի թանկ արժեին, քան իրանց մեջ ամփոփվածը։

Տանտիրոջ հարստության և տանտիրուհու ճաշակի մասին գաղափար տվող այս դահլիճն էր, որի զարդը ֆրանսուհի գուվերնանտկան անճաշակ էր անվանել։

Նիկողայոսը հյուրերին առաջարկեց աբրիկանտ։ Հալաբյանր օրիորդ Մարիամին խնդրեց դաշնամուր նվազել։— Մի անտակտություն, որ կատաղեցրեց Սոփիոյին։ Տիկինը գաղտուկ նայեց Մարիամի երեսին, և նայեց այնպես, որ օրիորդը մերժեց Հալաբյանի խնդիրը։ Իշխան Սահարունին, Նատալիայի թևը առած, մոտեցրեց դաշնամուրին։

Նա հնչեցրեց Ժորժ Բիզեի երաժշտությունից մի կտոր, որ այն ժամանակ խիստ տարածված էր Թիֆլիսի ընտանիքներում։ Նրա խաղը գրավեց մի փոքր ժամանակ Հալաբյանի ուշադրությունը։

Տիկին Սոփիոն հանդարտ մոտեցավ, նստեց ամուրիի մոտ և սկսեց շշնջալ, թե որքան Նատալիան սիրում է մուզիկը, թե ինչպես նա դյուրին սովորում է ամեն մի նոր եղանակ, թե քանի-քանի մարդիկ գովել են նրա առանձին ձիրքը: Զարմանում են, որ նա բարեգործական նվագահանդեսներում չէ մասնակցում։ Հալաբյանը նույնպես գովեց, և այսպիսով անգիտակցաբար մեղմացրեց տիկնոջ ներքին ալեկոծությունը։ Նրա հայացքը մի անգամ ևս դարձավ Մարիամի կողմը։ Օրիորդը մի փոքր հեռու նստած լսում էր իշխան Սահարունիի զվարճախոսությունը։ Երբեք նա այնքան սիրուն, այնքան գրավիչ չէր երևացել Հալաբյանին։ Ամեն ինչ նրա կերպարանքի մեջ գրավիչ էր։ Եվ հեգ ամուրին ավելի ու ավելի զգում էր, թե դժբախտ կլինի, եթե չկարողանա հաղթել նրա հպարտությանը:

Նատալիան վերջացրեց նվագումը։ Իշխան Սահարանին ծափահարեց։ Հալաբյանը բնազդումով հետևեց նրա օրինակին։

Օրը մթնեց, սպասավորը վառեց կանթեղները։ Դահլիճը լուսավորվեց մի պայծառ, ուրախ լուսով, որի շողքերը առանձին մի հրապույր սփռեցին Մարիամի վրա։ Մի վայրկյան Հալաբյանը հիշեց յուր դատարկ բնակարանի կիսախավար սենյակները օրվա այդ ժամին, երբ նա սովորաբար պառկած էր լինում անկողնում։ Մի բուռն ատելություն զգաց նա դեպի այդ մռայլ կացարանը, որ յուր տաղտկալի մենությունն էր հիշեցնում։ Նա կկամենար երկար նստել դեմուդեմ այն արարածի հետ, որի թովչությունը գրեթե կաշկանդել էր նրա հոգին։ Այլ արդեն ուշ էր։ Նա ոտքի կանգնեց։

— Ո՞ւր եք շտապում,— ասաց Նիկողայոսը, հակառակ յուր ցանկության չկարողանալով հյուրի անսովոր սակավախոսության պատճառն իմանալ։

— Արդեն մութն է,— պատասխանեց Հալաբյանը և, դառնալով Սոփիոյին, ավելացրեց.— ներեցեք, տիկին։

— Դուք ներեցեք, որ չկարողացանք ձեզ զվարճացնել,— ասաց տիկինը մի առանձին եղանակով, որ արտահայտում էր մի տեսակ նուրբ հեգնություն։ Եվ, յուր մատների ծայրերը դնելով նրա ափի մեջ, ավելացրեց.— խնդրում եմ չմոռանաք մեզ...

— Տեսա՞ր,— գոչեց տիկին Սոփիոն հուզված մտնելով ամուսնու հետևից ննջարան,— տեսա՞ր այդ քո եղբոր աղջիկը ի՛նչ է անում։

— Ի՞նչ է անում,— հարցրեց Նիկողայոսը զարմացած:

— Կապում ու կտրում է խեղճ Նատոյիս ճանապարհը։ Չէ, թեկուզ ինձ խեղդես, ես իմ աղջկանս այս տանը պահելու չեմ։ Կամ նա, կամ քո եղբոր աղջիկը։ Մեկի վրա էի դրել հույսս, նրան էլ ուզում է խելքից հանի, այն էլ ո՞վ... մեր հացով ապրողը։

— Եթե խոսքդ Հալաբյանի մասին է,— ասաց Նիկողայոսը սառնորեն,— Մարոն այդ մարդուն այնքան է հավանում, ինչքան ծիտը կատվին։

— Հավանում է, չի հավանում, — ասաց Սոփիոն գրգռված,— այդ իմ գործը չէ… քանի որ նա այս տանն է, իմ աղջկա բախտը կապ է ու կապ…

— Գիտե՞ս ինչ,— ընդհատեց Նիկողայոսը, սյուրտուկը հանելով,— եթե ուզում ես ճշմարիտն ասեմ, քո աղջիկ մարդու տալու այդ հոգսերդ ինձ մինչև այստեղ ձանձրացրել են, ա՛յ, մինչև այստեղ.— նա ձեռը դրեց կոկորդին։— Ես ավելի մեծ ցավ ունեմ, հասկանո՞ւմ ես։ Գնա՛, ինչ ուզում ես արա, գլուխս մի՛ ցավացնիլ։

Այս ասելով Նիկողայոսը պառկեց անկողնին յուր սովորական քունը վայելելու։

Իշխան Սահարունին, փողոցում հասնելով Հալաբյանին, հարցրեց.

— Այս երեկո կլուբում կտեսնվի՞նք։

— Ոչ:

— Ինչո՞ւ։

— Որովհետև ուզում եմ տանը մնալ։

— Հեր օրհնած, քեզ ի՞նչ է պատահել,— գոչեց զարմացած։— Մի շաբաթ է ոչ մի տեղ չես երևում, տխուր ես, հետդ խոսել չի լինում։ Այսօր էլ, կարծես, նորահարս լինեիր քրոջս տանը, ոչ կարգին ճաշեցիր, ոչ խմեցիր, ոչ խոսեցիր… փիե՜… Ե՛կ այս երեկո կլուբ, թե չէ լուր կտարածեմ, որ գժվել ես։

— Ինչ ուզում ես արա, միայն այս երեկո ինձ հանգիստ թող,— պատասխանեց Հալաբյանը թույլ ձայնով,— ես մի փոքր տկար եմ…

— Տկար ե՛ս… նո՛ւ, այդ տկարությունը մարմնավոր չի, ես այդ նկատում եմ…

— Ցտեսություն,— ընդհատեց Հալաբյանը և, շտապով սեղմելով յուր ընկերոջ աջը, արագ քայլերով հեռացավ:

Քանի մի վայրկյան իշխանը ապշած նայեց նրա հետևից և, գլուխը շարժելով, ասաց մտքում.

«Հըըմ, ուրեմն ես չեմ սխալվում, այդ մարդը սիրահարվել է, ո՞ւմ վրա… Իհարկե, Մարիամի։ Իհա՜ա, բուրդը թափված արջ, լա՛վ պտուղ ես ուզում քաղել մաշված թաթերովդ: Նու՜, բարեկա՛մ, Մարիամը քո հավասարը չի... Եթե վճռել ես իսկապես հիմարանալ, ահա Նատալիան, նրանից լավին արժանի չես»։

Անցնելով փողոցի մեկ մայթից մյուսի վրա, նա ավելացրեց։

«Այո՛, Նատալիան, ես Սոփիոյի միտքը հասկանում եմ այժմ, թե ինչու նա ինձ խնդրում է շուտ-շուտ այդ մարդուն նրա տունը տանել։ Էէ՜, իշխան Սահարունի, կարծեմ ազնվական արյունդ չի պղտորվիլ, եթե քրոջդ աղջկա համար մոցիքուլություն անես... Տրալլա, տրալլա տրալլալալա... տխմար է նա, որ մահմեդական չէ և ամուսնանում է...»

Մի քանի րոպեից հետո մի սիրուն կառք իշխանին հասցրեց քաղաքի հետ ընկած փողոցներից մեկը։ Կար այստեղ մի փոքրիկ տուն, ուր մեկը անհամբեր սպասում էր նրան և որին իշխանը ն ո մ ե ր ե ր կ ր ո ր դ էր անվանում։


V

Երեք օր շարունակ Սադափյանների տանը տիրում էր մի անլուր խռովություն։ Տիկին Սոփիոն չէր խոսում ո՛չ Մարիամի և ո՜չ Ռուբենի հետ, կամ խոսում էր, երբ միայն անհրաժեշտ էր, ակամա, կոշտ եղանակով, առանց նրանց երեսին նայելու։

Չարակամությանը հանգիստ չէր թողնում։ Ի՞նչ, յուր սեփական տանը ամեն օր, ամեն ժամ աչքի առաջ ունենա մի կենդանի խոչընդոտ յուր դստեր բախտին, և կարողանա՞ սառնարյուն մնալ։ Պետք է դուրս վռնդել այդ աղջկան էլ ու նրա եղբորն էլ։ Այնպես վռնդել, որ նրանք իմանան, թե ինչ ասել է առանց հարուստ ազգականների օգնության ապրելը։ Այն ժամանակ Մարիամը այլևս չի հանդգնիլ յուր գլխից բարձր մարդկանց մասին երազել։

«— Հա հա հա,— դառն ծիծաղում էր տիկինը յուրովի, հարուստ մարդու կնիկ է ուզում լինել։ Դեռ կոտրատվում էլ է... Նիկոն էլ ասում է, թե նա չի հավանում Հալաբյանին... Չի հավանո՞ւմ, հա հա հա... ո՞ւմ, ո՞վ...»։ Վիրավորված էր և' Նատալիան, թեև պարզ չէր արտահայտում յուր սրտինը: Զգայուն և դյուրագրգիռ օրիորդը գեթ այնքան ինքնասեր էր, որ աշխատում էր թաքցնել յուր հոգեկան նվաստությունը: Բայց նախանձը կրծում էր նրա սիրտը, և ամեն անգամ յուր հակառակորդ համարածին հանդիպելիս, ակամա մի որևէ նշանով կամ դեմքի շարժումով մատնում էր իրան:

Մարիամը տեսնում էր այս խուլ թշնամական պայքարը յուր դեմ։ Եվ համբերում էր։ Ոչ մի խոսքով, ոչ մի նշանով նա չցույց տվեց յուր սրտի դառնությունը։ Ինչպես միշտ, նա հարգում էր տիկնոջը գեթ արտաքուստ, ինչպես միշտ, վարվում էր Նատալիայի հետ իբրև կրտսեր քույր։ Եվ չէր զգում, որ այսպիսով անգիտակցաբար արհամարհում է յուր հակառակորդի նախանձը, ուրեմն և ավելի գրգռում նրան, մանավանդ ընդունելով նրան իբրև իրանից մեծ։ Նա վեց տարով Նատալիայից փոքր էր. մի հասարակ տարբերություն, որի հետ վերջինը չէր ուզում հաշտվեր:

«Կարծես, բերանից կաթի հոտ է փչում,— ասում էր մտքում Նատալիան, իրան անչափահաս աղջիկ է ձևացնում։ Հարցնող չկա ո՞րն է մեզնից դեմքով ավելի երիտասարդ»։

Առավոտ էր։ Մարիամը սովորական ժամին զարթնած, շորերը հագնում էր։ Երկու օրիորդների ննջարանները թեև առանձին էին, բայց միմյանց կից։ Շորերը հագնելուց հետո, Մարիամը հանկարծ անզգուշաբար կպավ յուր անկողնակալի մոտ դրած փոքրիկ և թեթև սեղանին։ Սեղանը ընկավ բաց հատակի վրա և աղմուկ հանեց։

— Լիզա՛, Գաբո՛, չե՞ք թողնելու, որ մի քիչ քնեմ,— ձայն տվեց յուր սենյակից Նատալիան բարկացած։

Մարիամը մոտեցավ միջին դռներին և ժպտալով ասաց.

— Ես էի, Նատո, ների՛ր, Լիզան ու Գաբոն քնած են իրանց սենյակում։

Նատալիան արմունկը բարձին հենած, նայեց նրան արյունալի աչքերով։ Գրավիչ էր Մարիամը այդ վայրկյանին յուր տնային թեթև հագուստով, սակավ ինչ գունատ այտերով, ուսերի վրա սփռված կակուղ ալեծուփ մազերով: Եվ հենց այդ սիրունությունը ավելի գրգռեց յուր հակառակորդին։

Նատալիան գոռաց, և գոռաց այնպես, ինչպես մի բարի տիրուհի երբեք չի գոռում յուր աղախնի վրա.

— Դուք միշտ այդպես եք, այ, ուրիշներին չեք թողնում քնելու, իսկ ինքներդ... Ախ, ատելի եք, գեղեցիկ օրիորդ, ատելի եք...

Եվ ատամները կրճտելով, գլուխն ավելի բարձրացրեց։ Կարծես, պատրաստ էր կատաղի կատվի պես վեր ցատկել և յուր սուր ճանկերով կպչել հակառակորդի կոկորդին։ Մարիամի այտերը և ականջների ծայրերը շառագունեցին ներքին հուզմունքից։ Նա երեսը հետ դարձրեց արհամարհանքով։

Նույն վայրկյանին Մարիամի սենյակին կից սենյակի սյամում երևեցան — նախ Գաբոյի, ապա Լիզայի զարմացած և երկյուղած դեմքերը։

— Շուտով դուք ինձ այս սենյակից կփախցնեք,— գոչեց Նատալիան, նկատելով Մարիամի արհամարհական ժպիտը,— կփախցնեք իմ հոր տնից։ Ես հանգստություն չունեմ այստեղ ձեր ձեռքից, գոռոզ օրիորդ...

Նրա ձայնին ներս եկավ աղախինը, հետո Սոփիոն։ Տեսարանը այլ կերպարանք ստացավ։ Հերթը տիկնոջն էր։

— Լավ կլիներ,— դարձավ նա Մարիամին, առանց նախապես գործի էությանը տեղեկանալու,— որ մի քիչ խոնարհ պահեիր քեզ այս տանը։ Ի՞նչ կա էլի լույսը չբացված կռիվ ես սարքել։

Մարիամի աչքերի մեջ փայլեց արտասուքը։ Նա դողդոջուն ձայնով արտասանեց.

— Կռիվ սարքողը ձեր աղջիկն է։

Նատալիան վերմակը մի կողմ շպրտեց և հերարձակ գլխով, կիսամերկ կրծքով նստեց անկողնի մեջ։

— Այդ ի՞նչ ասել է,— գոռաց նա խեղդուկ ձայնով,— դու համարձակվում ես ինձ մեղադրե՞լ...

Եվ այնպիսի մի ճիչ արձակեց կրծքից, որ, կարծես, մեկը հանկարծակի նրան հնոցի մեջ ձգեց։ Հետո նա երեսը դրեց բարձին, սկսեց հեկեկալ, յուր սուր ատամներով կրծելով բարձի կտավը։

Տիկին Սոփիոն վազեց դուրս և քանի մի վայրկյան անցած, յուր ամուսնու թևից բռնած, քաշեց, ներս բերեց։

— Տե՛ս, ողորմած մարդ, բարեգործ մարդ, մեր հացը ուրիշներին տվող մարդ,— գոռում էր նա, յուր փոքրիկ աչքերի սուր բիբերից կայծեր թափելով,— տես լավությանդ տեղ ի՞նչ են անում։

Նիկողայոսր չգիտեր ամաչեր, որ այդպես անժամանակ տեսնում էր իրան օրիորդների կացարանում, թե զարմանար։ Նա նայեց բարձրաձայն հեկեկող Նատալիային և հարցրեց.

— Ի՞նչ է պատահել։

Մարիամը ամոթից երեսը ծածկեց երկու ձեռներով։

— Այն է պատահել,— պատասխանեց Սոփիոն,— որ աղջկաս օրը սևացնում է քո եղբոր էդ, էդ, էդ… մեղա քեզ, տեր աստված…

Եվ դեպի Մարիամի կողմը մի վիրավորական խոսք շպրտելով, նա մոտեցավ Նատալիային, գրկեց, համբուրեց և սկսեց մխիթարել։

— Ես ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում,— գոչեց Նիկողայոսր, գլուխը երերելով, և ականջները փակած դուրս գնաց։

Նույն օրը Մարիամը հակառակ յուր ցանկությանը, չկարողացավ հաղթել յուր սրտի դառնությանը և միևնույն սեղանի մոտ ճաշի նստել տիկին Սոփիոյի և Նատալիայի հետ։

Անախորժ անցքը անհայտ մնաց Ռուբենին։ Նրա սենյակը գտնվում էր Սադափյանների ընդարձակ բնակարանի ծայրում։ Դահլիճը, սեղանատունը, Նիկողայոսի առանձնարանը և նախագավթի պես մի լայն միջանցք այդ սենյակը անջատում էին օրիորդների ննջարաններից։

— Ո՞րտեղ է Մարոն,— հարցրեց Ռուբենր Լիզայից, երբ տեսավ, որ քույրը ճաշին չներկայացավ։

— Յուր սենյակումն է,— պատասխանեց Գաբոն, — կանչեցի, չեկավ։ Ռուբենը ճաշը կիսատ թողեց, շտապեց յուր քրոջ մոտ։ Պատուհանի առաջ կանգնած, օրիորդը մտահույզ դեմքով նայում էր դեպի գավիթ։

— Մարո՛,— գոչեց եղբայրը և բռնեց նրա ձեռը։

Մարիամը մտքերից սթափվեց և հետ նայեց, ձեռով շփելով աչքերը։ Ռուբենը նրա կարմրած ալքերի մեջ նշմարեց արտասուքի թարմ հետքը։

— Դու լա՞ց ես եղել,— հարցրեց եղբայրը, ուղիղ նայելով նրա երեսին։

— Ոչ:

— Ինչո՞ւ չես ճաշում։

— Ախորժակ չունեմ։

— Մարո,— գոչեց Ռուբենը, բաց թողնելով քրոջ ձեռը և մի քայլ հետ դնելով,— դարձյալ ինձ խաբո՞ւմ ես։

Մարիամը խոր հոգոց հանեց կրծքից և ապա բռնելով եղբոր ձեռը, թախանձանքով ասաց.

— Եթե ինձ սիրում ես, այժմ ոչինչ մի հարցնիլ, ոչինչ: Գնա ճաշդ վերջացրու և իրիկնադեմին սպասիր ինձ սենյակումդ։ Այնտեղ կխոսենք։

Ռուբենը ոչինչ չասաց, և ասելու բան չուներ։ Նա գուշակեց, որ դարձյալ վիրավորել են յուր քրոջ սիրտը։ Բայց նա արդեն յուր անելիքը վճռել էր — պետք էր անշուշտ և անհապաղ դուրս գալ այդ տնից։

Արդեն հինգ օր էր, որ նա արտակարգ հոգնածության մեջ էր։ Արտասահման գնալու գաղափարը հետ մղեց յուր գլխում «առ ժամանակ»։ Տիկին Սոփիոյի պարզ արհամարհանքը, հորեղբոր անտարբեր վարմունքը, Մարիամի օրեցօր աճող թախիծը, այս բոլորը դրդում էին նրան՝ սեփական աշխատանքով ապրելու միջոցների մասին մտածել։

Միևնույն ժամանակ նա վճռեց յուր հոր թողած ժառանգության մասին վերջնապես բացատրություն խնդրել հորեղբորից: Արդյոք կա՞ մի բան, թե՞ ցնորք է այդ ժառանգությունը։ Մի՛ գուցե արդարև քույրը և ինքը ութ տարի շարունակ մի ավելորդ բեռն են եղել իրանց հորեղբոր ընտանիքի համար, նվաստ ձրիակերներ։ Ձրիակե՜ր... միայն հենց այդ բառը սարսափեցնում էր նրան և ձգում անհուն մտատանջության մեջ։

Սպասելով հարմար առիթի հորեղբոր հետ խոսելու, նա որոնում էր յուր համար մի պաշտոն։ Չորս օր շարունակ նա սրան նրան դիմեր, ոչ մի տեղ չգտավ մի հարմար պաշտոն։ Այն ժամանակ նա վճռեց նույնիսկ մի ամենահասարակ գործ հանձն առնել։ Վերջապես, մի դպրոցում նրան առաջարկեցին առժամանակ մի քանի դասեր, և նա ընդունեց։ Հենց միևնույն օրը քաղաքի աղքատիկ փողոցներից մեկում գտավ մի փոքրիկ բնակարան, երկու սենյակից բաղկացած։ Բայց պետք էր նախապես այս բոլորի մասին խոսել Մարիամի հետ, և նա մտադիր էր նույն օրը խոսել։

Ռուբենի դուրս գնալուց հետո, Մարիամի մոտ եկան Գաբոն և Լիզան ձեռներում մի-մի աման կերակուր։

— Ինչո՞ւ ես լալիս, Մարո,— ասաց Լիզան,— Նատոն քեզ հետ կռվեց նրա՞ համար… Տեսա, տեսա, դու մեղավոր չես, Մարո, ես հայրիկին էլ ասացի, որ դու մեղավոր չես։

Եվ փոքրիկ աղջիկը ամանը դրեց սեղանի վրա, յուր փափուկ բազուկները փաթաթեց Մարիամի պարանոցին, այտերը մոտեցրեց նրա շրթունքներին։

— Կե՛ր, Մարո, քաղցած մի՛ մնալ, — ասաց Գաբոն,— մաման լակեյին հրամայեց, որ քեզ համար ջոկ սեղան բաց անի, մենք չթողեցինք։ Այ, ինչ որ ուզում ես, ասա բերենք…

Մատաղ սրտերի անկեղծ սերը մխիթարեց Մարիամին, մեղմացրեց անախորժ դեպքի ծանր տպավորությունը, ջնջեց այն թեթև ոխը, որ վայրկենաբար զարթնել էր նրա սրտում յուր ոսոխների դեմ։

Իրիկնադեմին նա գնաց եղբոր սենյակը։ Դռներին չհասած, նա լսեց մի խոսակցության ձայն։ Ռուբենը միայնակ չէր։ Օրիորդը մի քանի վայրկյան կանգ առավ, ականջ դրեց։ Խոսում էր Ռուբենը։ Հանկարծ նա լսեց մի ծանոթ ծիծաղ, և սիրտը սկսեց բաբախել։ Նա մոռացավ յուր մտքերը, արյան մի ուժգին հոսանք խաղաց նրա երակների մեջ։ Քունքերի վրա նա զգաց մի այրող տաքություն։ Զգաց նույնպես, որ այտերը կարմրեցին։

Նա անգիտակցաբար մի բանի քայլ հետ դրեց։ Քանի մի վայրկյան տատանվեց— ներս մտնել թե՞ վերադառնալ։ Ծանոթ ձայնը կրկին հնչեց նրա ականջին։ Նա ուղղեց յուր հագուստը, կարգի բերեց գլխի մազերը, ձեռը սեղմեց ձախ կրծքին։ Այնտեղ, որսված ճնճղուկի պես, թրթռում էր նրա սիրտը։

Նա դռները բաց արավ և ներս մտավ։

Ռուբենը նստած էր բազկաթոռի վրա, արմունկը հենած գրասեղանին։ Նրա առաջ անցուդարձ էր անում նա, որի ձայնը այնքան հուզմունք պատճառեց Մարիամին։ Սեղանի վրա վառվող կանթեղը լուսավորում էր քսան ու յոթ, քսանութ տարեկան մի պնդակազմ միջահասակ երիտասարդի լայն ճակատը, թուխ երեսի բավական խոշոր գծերը, կարճ և ցանցառ միրուքը։ Ոսկե շրջանակով պենսնեն թույլ չէր տալիս որոշելու նրա աչքերի գույնը։ Նա հագած էր ժամանակակից ձևի կարճ, սև սյուրտուկ, մուգ-մոխրագույն վարտիկ և սրածայր կոշիկներ։

Տեսնելով Մարիամին, երիտասարդը արագորեն ձեռները դուրս բերեց գրպանից։ Ուրախության ժպիտը երևան հանեց նրա խոշոր, սպիտակ ատամների շարքերը։

— Հուսով եմ ներողամիտ կլինեք, որ այսպես անժամանակ եք տեսնում ինձ այստեղ,— ասաց երիտասարդը, մեջքից խոնարհ թեքվելով, և բռնելով օրիորդի աջը, ավելացրեց.— առո՞ղջ եք.

— Շնորհակալ եմ, ե՞րբ եք եկել,— հարցրեց Մարիամը, դարձյալ կարմրելով։

— Այսօր առավոտյան և շատ բարևներ եմ բերել ձեր մորաքրոջ կողմից, օրիորդ Մարգարտից, Արշակից և ամբողջ ընտանիքից։

— Նրանք դեռ Դիլիջանո՞ւմն են։

— Ոչ։ Երեկ միասին ուղևորվեցինք— նրանք Երևան, ես— Թիֆլիս։

— Ուրեմն...

— Այո,— ընդհատեց երիտասարդը, գուշակելով օրիորդի հարցը,— վճռեցի տեղափոխվել այստեղ և մշտական մնալ:

Մարիամը հազիվ կարողացավ զսպել յուր ուրախությունր, լսելով երիտասարդի վերջին խոսքերը։ — Այս րոպեին,— շարունակեց երիտասարդը,— Ռուբենի հետ հենց այդ մասին էինք վիճում, երր դուք ներս մտաք։ Երևակայեցեք, օրիորդ, ձեր եղբոր կարծիքով, ես չափազանց սխալվում եմ, Թիֆլիսը գավառից գերադասելով: Նա ասում է, թե ես պիտի մնայի Երևանում…

Վերջին դարձվածը արտասանելիս երիտասարդը ակնոցի բաց-ծխագույն ապակիների միջով աչքերը սևեռեց Մարիամի երեսին։ Եվ, կարծես, այդ սուր հայացքից խուսափելով, օրիորդը անցավ սենյակի կիսալուսավոր մի անկյունը, նստեց պատի տակ։ Այստեղ նրա այլայլվիլը մասամբ աննկատելի կարող էր մնալ Ռուբենից։

— Երբեք ես չեմ ափսոսել իմ կատարած գործերի մասին,— դարձավ երիտասարդը Ռուբենին,— հույս ունիմ, որ այս անգամ էլ չեմ ափսոսիլ։ Ինքդ դատի՛ր, Պետերբուրգից հետո գնալ և մի գյուղաքաղաքում ապրել— շատ և շատ անտանելի է։ Ես այդ զգացի ութ ամիս Երևանում մնալով: Անհնարին է այնտեղ ապրելը, կրթված մարդը կարող է բոլորովին խեղդվել լուսավոր օդի պակասությունից։

— Իսկ այստեղ դու կխեղդվես այդ օդի շատությունից,— շեշտեց Ռուբենը հեգնաբար,— նեխված, ապականված օդի…

— Ես չեմ հասկանում քո ասածը, — արտասանեց երիտասարդը և նույն վայրկյանին պենսնեն վերցնելով, երևան հանեց հաստոսկր կամարների տակ տեղավորված բաց-մեխակագույն, փոքրիկ, սակավ ինչ ցավագար, բայց սուր և խելացի աչքերը։

— Շատ պարզ է։ Դու իբրև բժիշկ, ստիպված կլինես մրցել անթիվ արհեստակիցներիդ հետ։ Մելիք-Բարսեղյանը — այսպես էր երիտասարդի ազգանունը — կես-ներողամտաբար և կես-հեգնաբար ծիծաղեց, հանդարտ ուղղելով յուր նոր շապկի փայլուն օձիքը։

— Տեսնո՞ւմ եք, օրիորդ,— ասաց նա Մարիամին, որ լուռ և հետաքրքրված լսում էր երկու երիտասարդների վիճաբանությունը,— ձեր եղբայրը ինձ ուզում է հուսահատեցնել։— Գիտես ի՜նչ,— դարձավ նա Ռուբենին,— մրցումից վախեցողը չպիտի համարձակվի կյանքի ասպարեզ մտնել։ Ես... երբեք այդ երկյուղը չեմ ունեցել։ Ի՞նչ մրցումն կարող է լինել իմ և իմ արհեստակիցներիս մեջ։ Գիտությա՞ն, թե՞ արհեստի։ Եթե գիտության, այդ շատ ցանկալի է և օգտավետ ինձ համար։ Եթե արհեստի, այն ժամանակ ես միայն մի զենք կունենամ — բարեխղճություն։

Մելիք-Բարսեղյանը դարձյալ նայեց Մարիամին, և նրա սուր աչքերը վերջինի դեմքի վրա կարդացին խորին հետաքրքրություն։ Խրախուսվելով օրիորդի լուռ հավանությունից, նա շարունակեց.

— Գուցե դու, իբրև ընկեր, վախենում ես, որ ես այստեղ չեմ կարող մի կտոր հաց վաստակել։ Բայց դու ինձ ճանաչում ես։ Մի մարդ, որ տասներկու տարի ապրել է ցուրտ և խոնավ սենյակներում, կես-կուշտ, կես-քաղցած ստամոքսով, մի մարդ, որ դառն հանգամանքների մեջ սեփական ուժերով ճանապարհ է բաց արել յուր համար, այն մարդը կարող է դիմանալ կյանքի հարվածներին։ Չքավորությունը, սիրելի Ռուբեն,— շարունակեց նա եռանդով,— խելոք վարպետ է, նրա շնորհիվ ես շատ վաղ եմ կարդացել կյանքի խրատական էջերը։ Այժմ, երբ ես ուղիղ և պարզ ճանապարհի վրա եմ, մի՞թե ամոթ չի լինիլ, որ փախչեմ մանր-մունր խոչընդոտներից։

Մի այնպիսի հաստատ ձայնով և որոշ եղանակով արտասանեց նա այս խոսքերը, որ դժվար էր կարծել, թե այդ լոկ մի պարծենկոտություն է։ Հետո նա նստեց սեղանի մոտ և, թույլտվություն խնդրելով Մարիամից, մի ծխախոտ վառեց։

— Քո բարոյական ուժը ինձ վաղուց է հայտնի,— խոսեց Ռուբենը ընկերական հարգանքով,— միշտ դու իմ աչքումս մյուս ընկերներիցս բարձր ես եղել քո տոկունության և համբերության շնորհիվ։ Էհ, ինչևիցե, դու քու գործը ավելի լավ գիտես, շնորհավորում եմ տեղափոխվելդ և ցանկանում եմ հաջողություն։ Երանի թե հանգամանքները մեզ չշեղեն կյանքի ուղիղ ճանապարհից։

— Համոզված եղիր, որ չեն շեղիլ,— գոչեց բժիշկ Մելիք-Բարսեղյանր խրոխտաբար։— Բայց այս խոսակցությունը միայն ինձ է վերաբերում,— ավելացրեց նա,— չպիտի եսական լինել։ Ասա տեսնեմ, դո՞ւ ինչպես ես կարգադրել ապագադ։ Գնո՞ւմ ես արտասահման։

Այս հարցը սթափեցրեց Ռուբենին, ծանր մտքերը կրկին զարթնելով, վայրկենաբար մթագնեցին նրա ճակատը մի մռայլ ստվերով։ Նա նայեց Մարիամին, որ միևնույն տեղում լուռ նստած լսում էր նրանց խոսակցությունը, և թախծալի ձայնով պատասխանեց ընկերոջ հարցին.

— Ո՛չ

— Ո՞չ,— կրկնեց Մելիք֊Բարսեղյանը,— ուրեմն վերջապես համոզվեցի՞ր, որ ավելորդ էր մտադրությունդ։

— Առայժմ ստիպված եմ համոզվել։ Հանգամանքները այդպես են պահանջում։ Վճռեցի մնալ Թիֆլիսում, միայն ոչ այս տանը։ Վաղվանից ես բախտ պիտի ունենամ Մարիամի հետ ապրել առանձին բնակարանում։ Հրավիրում եմ քեզ շնորհ բերել ամեն օր, եթե ժամանակդ կների։

— Ի՞նչ են նշանակում այդ խոսքերը,— դարձավ Մելիք-Բարսեղյանը Մարիամին, ավելի ու ավելի հետաքրքրվելով, և զարմանալով։

— Ես ոչինչ չեմ հասկանում, հարցրեք իրանից։

— Այն է նշանակում,— ասաց Ռուբենը, բռնի ժպտալով,— որ Մարիամը և ես արդեն չափահաս լինելով, ազատվում ենք մեր բարեսիրտ հորեղբոր խնամակալությունից։

Մի քանի վայրկյան տիրեց անհարմար լռություն։

— Էէ, անշուշտ մի բան պատահել է,— արտասանեց Մելիք-Բարսեղյանը, դառնալով նախ Մարիամին, ապա Ռուբենին,— ինձ թվում է, որ քո և հորեղբորդ մեջ…

— Ոչինչ չի անցել։ Ես ցանկանում եմ մի փոքր ծանոթանալ չքավորություն ասած բանի հետ, ինչպես դու արդեն ուսումնասիրել ես նրան։ Վերջապես, ես ուզում եմ ազատ քաղաքացի լինել, քեզ պես, ուրիշների պես։ Ամոթ չէ այս հասակում հարուստ ազգականների խնամակալության տակ ապրել։

— Այդ խոսքերդ դարձյալ չեն պարզում այն, ինչ որ կուզեի իմանալ: Միթե դու աղքա՞տ ես։

— Ռուբեն,— ընդմիջեց Մարիամը հանդիմանական եղանակով,— ի՞նչ հարկավոր է այդ մասին խոսել, դու ձանձրացնում ես բժշկին։

— Ընդհակառակը, Ռուբենի վիճակը որքան ձեզ, գուցե ավելի հետաքրքրում է և՜ ինձ։ Ճշմարիտն ասա,— դարձավ բժիշկը համառությամբ յուր ընկերոջը,— կատա՞կ ես անում, թե՞ իրավ վճռել ես առանձին ապրել։

— Առայժմ ասածովս բավականացիր,— պատասխանեց Ռուբենը Մարիամի հանդիմանական հայացքից ստիպված, հարկավոր համարելով զսպել յուր լեզուն,— մանրամասնությունները հետո։ Վաղը ես կհայտնեմ քեզ մեր նոր բնակարանի տեղը։

Բժիշկը այլևս անքաղաքավարություն համարեց յուր հարցուփորձը շարունակել։ Նա վճռեց փոխել խոսակցությունը։

— Երևակայեցքեք իմ դրությունը,— ասաց նա Մարիամին, կարծես, հանկարծ մի բան մտաբերելով,— փողոցում պատահեցինք, Ռուբենը ուժով ինձ բերեց յուր մոտ, ես կամենում էի վաղը գալ և ձեր հորեղբոր ընտանիքն էլ տեսնել։ Այժմ, եթե տիկին Սոփիոն իմանա, որ ես եկել եմ այստեղ գողնովի և առանց իրան տեսնելու դուրս եկել, չի՞ նեղանալ ինձանից։

— Տիկին Սոփիոն տանը չէ։

— Իսկ օրիորդ Նատալիա՞ն։

— Ոչ ոք չկա տանը:

— Նու, այդ լավ է։ Խնդրեմ չհայտնեք նրանց, որ ես այստեղ էի։ Բայց ինչ եմ հոգս անում, երևի, նրանք ինձ մոռացել են, տեսնեն, չեն էլ ճանաչիլ,— ավելացրեց Մելիք-Բարսեղյանը այն ձևով, որ երևում էր, թե Սադափյանների ծանոթությունը մի առանձին նշանակություն ունի նրա համար։

Քառորդ ժամ անցած նա դուրս եկավ սաստիկ մտատանջության մեջ։ Ռուբենի խոսքերը յուր դրության փոփոխման մասին ազդել էին երիտասարդ բժշկի վրա ավելի, քան կարող էր երևակայել առաջինը։

— Ահա բախտավոր մարդ,— դարձավ Ռուբենը քրոջը, բժշկի դուրս գնալուց հետո, մանկական և պատանեկան հասակում արդեն անցել է կյանքի այն դպրոցը, ուր դու և ես դեռ նոր պիտի մտնենք…

Մարիամը կանգնած էր պատի տակ և դեռ նայում էր դռներին, որտեղից դուրս գնաց Մելիք-Բարսեղյանը։ Թվում էր, որ նրան զարմացրեց երիտասարդի այդպես շուտ հրաժեշտ տալը և առհասարակ վարմունքը։

— Նստի՛ր,— շարունակեց Ռուբենը,— նստիր, Մարիամ, և սառնասիրտ լսիր: Այսօր ճաշից հետո ես առաջին և վերջին անգամ վճռականապես խոսեցի մեր հորեղրոր հետ:

— Խոսեցի՞ր,— կրկնեց Մարիամը մեքենաբար և նստեց սեղանի մոտ,— ի՞նչ իմացար։

— Իմացա, որ դու զրկված ես քո օժիտից, որ մենք չքավոր ենք… Լսո՞ւմ ես, մենք չքավոր ենք…

— Ես այդ վաղուց գիտեի,— պատասխանեց օրիորդը մի այնպիսի սառնությամբ, որ միանգամայն զարմացրեց Ռուբենին։

— Ի՞նչ, դու գիտեիր և ինձանից թաքցնում էիր:

— Ես չէի կամենում քեզ հայտնել, դու տաք բնավորության տեր ես, գիտեի, որ այդ լուրը քեզ վրա շատ վատ տպավորություն պիտի անի։ Այո, մենք աղքատ ենք և վաղուց։

— Ուրեմն դու գիտե՞ս, որ մեր հորեղբոր գործերը ձախ են գնում, որ նա պարտքերի տակ է ընկել, որ նա զոհել է յուր խոշոր ձեռնարկություններին մեր հայրական ժառանգությունը:

— Նրա գործերի ձախորդության մասին ես ոչինչ չեմ լսել։ Բայց թե մեր հայրական ժառանգությունը ցնորք է, այդ ինձ վաղուց է հասկացրել տիկին Սոփիոն։ Ահա, Ռուբեն, ինչու համար էի քեզ ասում այն օրը, որ դու նախքան արտասահման գնալը, խոսես այս մասին մեր հորեղբոր հետ։ Ուրեմն նա պարզ հայտնե՞ց քեզ ամեն ինչ…

— Համարյա թե— նա ինձ ոչինչ չասաց, ասաց միայն, թե փողի սաստիկ կարոտություն ունե, թե ստիպված է ծախսերը պակասեցնել։ Մնացյալը ինձ պատմեց այսօր իրիկնադեմին նրա գլխավոր գործակատարը։ Մի տարի է, որ սկսել է պարտքեր վերցնել։ Երեք ամիս սրանից առաջ, կնոջից գաղտնի, գրավ է դրել այս տունը։ Հալաբյանից մի գումար է վերցրել, այժմ աշխատում է մի խոշոր գումար էլ պոկել, ահա ինչու վերջին ժամանակ նրա հետ խիստ բարեկամացել է: Մինչև անգամ Նատալիայի օժիտի անունը կա, ինքը չկա։ Իսկ Նատալիան, իսկ նրա մայրը շարունակում են իրենց շռայլությունը։ Մի ինչ-որ կոմսուհու ծանոթության արժանանալու համար հարյուրներ են վճարում. երեք օր է անհամբեր սպասում են նրա այցելությանը, դեռ չեն արժանացել։ Այսօր ճաշին մայրը կպավ խեղճ մարդուն, թե հարկավոր է Նատալիայի համար երկու ձեռք նոր հագուստ պատրաստել։— Մեկը պիտի հագնի մի մեծ պարահանդեսին, որ եկող ամսի վերջին պիտի լինի, մյուսը մի հայկական երեկույթի համար, որի կարգադրիչն է լինելու ինքը Նատալիան։ Մայր և աղջիկ վճռել են պակասը լրացնել, մեր հորեղբոր տունը հիմնահատակ անել։ Մյուս կողմից քանդել են գործակատարները։ Այն շողոքորթ, հլու Գասպարը, որ տասը տարի ծառայել է, այժմ գրպանը լցրած թողել է ու փախել։ Նույնպես քիչ թե շատ կողոպտել են նրա ընկերները։ Այս բոլորից հետո մեզ համար ոչինչ չի մնում, և մենք չպիտի սպասենք մի բանի։ Լսիր, սիրելի Մարիամ, ես արդեն վճռել եմ իմ անելիքը։ Վաղվանից ես դասեր եմ տալիս դպրոցում, ամսական երեսունուհինգ ռուբլով։

Վերջին խոսքերը մի վայրկյան կոտրեցին Մարիամի սառնասրտությանը։ Նա ապշած և գունատված նայեց եղբոր երեսին։ Չքավորությունը ահռելի կերպարանքով ներկայացավ նրան։ Ի՞նչ, նրա եղբայրն այնքան տարի աշխատելուց հետո, պիտի գնա և մի ամենահետին գործակատարի, մի սպասավորի ռոճիկով ծառայի՞...

— Այդ... ո՛չ... անկարելի է... այդ չափազանցություն է, — գոչեց նա, հուզված ոտքի կանգնելով։ — Դեռ մի քանի ամիս սրանից առաջ մեր հորեղբայրը քեզ հրավիրում էր յուր գործերը կատարերել: Նա տասն անգամ ավելի էր խոստանում տալ։

— Այդ առաջարկությունը մի ծիծաղ էր իմ ուսման վրա։ Մեր հորեղբայրը գիտությանը նայում է յուր տեսակետից։ Նա ծաղրում էր, որ ավելի օգտավետը թողած, ես ընտրել եմ մի մասնագիտություն, որ երբեք չի կարող ինձ հարստացնել։ Նա չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե մի ժամանակակից երիտասարդ նյութականը կարող է զոհել գաղափարականին։ Բայց բավական է, քեզ այժմ հայտնի է մեր իսկական դրությունը, Մարո։ Գնա, ուրեմն, պատրաստվիր այս փարթամ տնից վաղը տեղափոխվելու մի անշուք բնակարան, որտեղ չգիտեմ, կկարողանա՞նք մի ծառա պահել, թե՞ չէ…

Այս ասելով, նա անմիջապես բաց արավ պատի տակ դրած ընկույզի պահարանը և սկսեց դուրս հանել յուր գրքերը։ Մարիամը նստեց սեղանի մոտ, գլուխը ձեռների վրա դրեց և սկսեց հանդարտ լաց լինել։

— Սիրելի, թանկագին քույր,— գոչեց եղբայրը, այլևս չկարողանալով զսպել իրան,— մի՛ լաց լինիլ, հավատացիր, որ մենք այսուհետև ավելի բախտավոր կլինենք… Հոգեկան խաղաղությունը բարձր համարի՛ր այս շքեղությունից։ Սիրտ առ, Մարո, երեխա չես, քանի եղբայրդ հետդ է, դու երբեք անբախտ չես լինիլ…

Եվ նա ներքին ալեկոծությունից դողդողացող ձեռներով քրոջ թանձրահեր գլուխը ջերմ սեղմեց յուր կրծքին։ Մարիամը լսեց նրա սիրող սրտի ուժգին բաբախումը, նայեց նրա գունատ երեսին, և մի տարօրինակ ցնցումն զգաց։

Հանկարծ նա զսպեց արցունքը, գլխով մի վճռական շարժումն արավ, ոտքի կանգնեց և բռնեց եղբոր բազուկը։

— Արա, ինչ ուզում ես,— խոսեց նա անհողդողդ ձայնով,— ես պատրաստ եմ հետևել քեզ։ Այսօրվա խայտառակությունից հետո, ես այս տանը մնալ չեմ կարող։ Ինձ նախատեցին, ինձ հայհոյեցին, ինչպես մի ստոր աղախնի։ Այդ գոռոզ տիկնոջ կծու խոսքերի մեջ ես լսեցի մեր անգին ծնողների անունը։ Գնանք, հեռանանք այս շքեղ դժոխքից։ Ութ տարի շարունակ ես այստեղ իմ սրտի դառնությունները ծածկել եմ կեղծ և ուրախ ժպիտներով։ Ես ծիծաղել եմ, երբ պետք է լաց լինեի, ուրախացել եմ, երբ պետք է տխրեի։ Այժմ իմ արտասուքս ուրախության արտասուք համարիր։ Այո՛, ես ուրախ եմ… Ես արդեն հափշտակվում եմ մեր նոր կյանքով,— շարունակեց նա ավելի եռանդագին,— ես կապրեմ աղքատ, ինչպես հազարավոր ինձանից լավ օրիորդներ ապրում են։ Թող փորձեմ ուժերս։ Անգործ, աննպատակ կյանքը ինձ համար վաղուց է անտանելի դարձել, լսո՞ւմ ես, վաղուց։ Ես ուզում եմ աշխատել, ես կարոտում եմ աշխատանքի։ Թույլ տուր ինձ քո ընկերը, քո օգնականը լինել... դու աշխատիր դրսում, ես կաշխատեմ տանը... և դրսում, եթե կարող եմ։ Ինչ որ գիտեմ, կանեմ, չիմացածս կսովորեմ։ Տա՛ր ինձ, Ռուբեն, տար, ուր ուզում ես, միայն թե ազատիր ինձ այս կանանցից, որ գիշեր ու ցերեկ հալածել են ինձ՝ անմեղ քրոջդ...

Արտասանելով այս խոսքերը, նա թաշկինակով սրբեց յուր այտերի վրա չորացած արտասուքի կաթիլները և ժպտաց եղբոր երեսին։

— Մարիամ,— գոչեց Ռուբենը, հափշտակված նրա հաստատակամությամբ,— դու ինձ ուրախացնում ես։ Գիտեի, որ դու վեհանձն ես, գիտեի, որ քո բարոյական ուժը մեծ է։ Շնորհակալ եմ, հազար անգամ շնորհակալ եմ, դու ինձ մի նոր եռանդ տվիր այդ խոսքերովդ։

— Մի բան միայն դժվար է ինձ համար,— ասաց Մարիամը մելամաղձիկ ձայնով,— Գաբոյից և Լիզայից բաժանվելը։ Ախ, ո՛րքան սիրում եմ նրանց... Անմեղ երեխաներ, երբեք ես ձեզ չեմ մոռանալ, և հույս ունիմ, որ դուք ևս չեք մոռանալ ինձ։

Այդ երեկո մինչև կեսգիշեր Մարիամը զբաղված էր յուր շորերը կապկպելով։


VI

Մելիք-Բարսեղյանի խոսքերը սնոտի պարծենկոտություն չէին։

Արդարև նա շատ վաղ էր կարդացել «կյանքի խրատական էջերը», ինչպես ինքն ասաց։

Նա չքավոր ծնողների որդի էր. ուսանող ժամանակ հորից ստանում էր մի աննշան թոշակ, այնքան աննշան, որ ավելի լավ ապրել չէր կարող, քան ինչպես ինքը համառոտ պատկերացրեց Մարիամի և Ռուբենի առաջ։ Բայց նրա համբերող, տոկուն և աշխատասեր բնավորությունը հաղթեց նյութական սուղ հանգամանքներին։ Նա փայլուն կերպով ավարտեց ուսման ընթացքը, բժշկության դիպլոմը գրպանում վերադարձավ հայրենիք Ռուբենից մի տարի առաջ։

Թիֆլիս հասնելով, նա փոխեց յուր տարազը, դեն ձգեց տասը տեղից կարկատած, օձիքը կեղտոտ սյուրտուկը, մի հարուստ ընկերից ձեռապարտ վերցրեց և հագավ նորաձև հագուստ։ Նա մի քանի անգամ այցելեց թատրոն, երեկույթներ, պարահանդեսներ։ Մի երեկո նա մի նվագահանդեսում տեսավ Մարիամին, որի հետ դեո գիմնազիստ ժամանակ ծանոթ էր Ռուբենի միջոցով։ Նա մոտեցավ, վերանորոգեց նախկին ծանոթությունը։

Որքա՜ն փոխվել էր հինգ տարվա ընթացքում Մարիամը։ Նիհար, մեջքից քիչ կորացած, թխադեմ պատանուհին այժմ դարձել է Թիֆլիսի կանանց դասակարգի գեղեցիկ զարդերից մինը։ Քանի Վասիլը գիմնազիստ էր, մի տեսակ վեհերություն էր տիրում նրան Մարիամին տեսնելիս։ Պատճառը ոչ այնքան օրիորդի անձնավորությունն էր, որքան այն պայմանները, որոնց մեջ ապրում էր Մարիամը յուր հորեղբոր տանը։ Սադափյանների հայտնի անունը, շքեղ ապրուստը ճնշում էին չքավոր երիտասարդին, և նա հարստությունից վախենում էր, որպես մի անսովոր երազից։ Ահա ինչու երկու տարուց ավելի Ռուբենին այցելելով, նա չհամարձակվեց, բացի վերջինի սենյակից, մի ուրիշ անկյուն ճանաչել այդ տան մեջ և, բացի Մարիամից, մի ուրիշի հետ ծանոթանալ այդ ընտանիքում։

Այլ էր այժմ, երբ նա ուսումն ավարտած բժիշկ էր։ Երբեք նա Մարիամի մեջ այն զգացումը չէր զարթնեցրել, երբ առաջին անգամ օրիորդը տեսավ նրան Ռուսաստանից գալուց հետո։ Այլևս դա այն տատամսոտ, վեհերոտ և ամեն մի խոսք ասելիս, կարծես, նույնիսկ Ռուբենի սենյակի կահ-կարասիից ամաչող պատանին չէր: Նրա առաջ կանգնած էր մի հասուն տղամարդ, դեմքը հանդարտ, անվրդով, հայացքը համարձակ, լայն բացված ճակատով, ուր հնգամյա համառ պարապմունքները դրոշմել էին մի որոշ հետք։

Մարիամը շփոթվեց հենց միայն այդ կերպարանքը տեսնելով: Իսկ խոսվածքը, խրոխտ ձայնը, աչքերի սուր ու թափանցող նշույլը, որ փայլում էր ակնոցի ապակիների միջով, այս բոլորը ազդու էին այն օրիորդի համար, որ ճանաչում էր նախկին Մելիք-Բարսեղյանին։ Վասիլը մի ամսաչափ մնաց Թիֆլիսում։ Հաճախ նա հանդիպում էր Մարիամին, և հանդիպում էր միմիայն հասարակական տեղերում, որովհետև օրիորդը, հակառակ յուր ցանկության, մի անգամ էլ չհրավիրեց նրան Սադափյանների տուն, ուր ինքն իրան ևս հյուր էր համարում։

Ձմռան կիսին Մելիք-Բարսեղյանը գնաց յուր ծննդավայրը և գարնանը մի քանի օրով դարձյալ Թիֆլիս եկավ։ Այդ ժամանակ Ռուբենն արդեն վերադարձել էր Ռուսաստանից։ Բժիջկը խնդրեց իրան ծանոթացնել Սադափյանների ընտանիքի հետ. ծանոթացավ և սկսեց համարձակ այցելել այդ տունը, որի շքեղությունից առաջ վախենում էր։ Մայիսի վերջին Ռուբենը և Մարիամը իրանց մորաքրոջից հրավեր ստացան ամառը միասին անցկացնել Դիլիջանում։ Մելիք-Բարսեղյանը, որ բժշկություն էր անում Երևանում, ամառվա կեսին մի օր հանկարծ երևեցավ հիշյալ ամառանոցում, որ և շատ ուրախացրեց թե՛ Մարիամին և թե Ռուբենին։

Այդտեղ օրիորդը ավելի ազատ էր։ Նա հեռու էր Սադափյանների հսկող աչքերից, նա կարող էր յուր եղբոր ընկերոջ հետ ստեպ-ստեպ տեսնվել։ Եվ ամեն օր երեք հոգի դնում էին զբոսնելու շրջակա ծաղկավետ անտառներում։ Այս զբոսանքների ժամանակ Վասիլը և Ռուբենը հաճախ լուրջ վիճաբանություններ էին ունենում գիտության, արվեստների, բնության և երբեմն իրանց ժողովրդի դրության, մի խոսքով այն խնդիրների մասին, որ սովորաբար հետաքրքրում են նորավարտ երիտասարդներին։ Այս վիճաբանությունների ժամանակ Ռուբենը գրեթե միշտ ոգևորվում էր, տաքանում, այնինչ Մելիք-Բարսեղյանը Մարիամին հիացնում էր յուր սառն, անշեղ տրամաբանությամբ։ Եվ թվում էր օրիորդին, որ երիտասարդ բժիշկը ամեն բան գիտե, ամեն բան ուսումնասիրել է, ուստի այդ բանավոր պայքարների մեջ նա, իրավամբ թե ոչ, հաղթանակը Վասիլի կողմն էր գզում։

Երբեմն Մարիամը միջամտում էր նրանց վիճաբանությանը և անգիտակցաբար պաշտպանում բժշկի հայացքները։

Ռուբենը նկատեց այդ և զգաց, որ քույրը անտարբեր չէ դեպի Մելիք-Բարսեղյանը։ Սակայն նրա անփորձ աչքերը տակավին չէին թափանցում օրիորդի սրտի խորքը, ուր հետզհետե արմատ էր ձգում առաջին և վտանգավոր սիրո ծաղիկը։ Մի բան, որ Վասիլը արդեն զգում էր։ Ամեն անգամ, երբ երիտասարդ բժիշկը նայում էր Մարիամի այլայլվող երեսին, նրա խոշոր աչքերի խորության մեջ կարդում էր յուր թովիչ ազդեցությունը կուսական անարատ հոգու վրա։ Եվ զորավոր ուրախության նման մի բան թնդեցնում էր նրա սիրտը։ Դա փոխադարձ սիրո կամ համակրության ձայնը չէր, դա չքավորի հպարտության զգացումն էր, չքավորի, որ երկարամյա նյութական դաժան կյանքից հետո առաջին անգամ տեսնում էր հարստության քաղցր ժպիտը։

«Քառասուն հազա՞ր,— կրկնում էր երիտասարդը յուրովի,— այդ գումարով ինչե՜ր չի կարող անել ինձ նման մի խեղճ մարդ»։

Եվ նա սկսեց խրախուսել յուր անուշ հույսերին։ Նախ նա Մարիամին ցույց տվեց կեղծ անտարբերություն, իբրև թե չէր նկատում օրիորդի սերը։ Գիտեր, որ այդպիսով ավելի պիտի վառի օրիորդի սիրտը, ինչպես շատ անգամ սառն ջուրը ավելի սաստկացնում է կիզանուտ հեղուկի բորբոքված բոցը։ Իսկ երբ բավական վառեց այդ հուրը, փոխեց յուր հարաբերությունը — սկսեց շատ հեռավոր նշաններով ցույց տալ փոխադարձ սեր։ Այդ ժամանակ նա դիմեց խորհրդավոր հառաչանքների, մելամաղձոտ ժպիտների, տրտում հայացքների օգնության։

Մի անգամ նրանք, մի ծառի տակ նստած, խոսում էին: Ռուբենը բացակա էր։ Հասարակ բաներից խոսակցությունը փոխվեց մի այնպիսի նյութի վրա, որ որքան հրապուրիչ էր Մարիամի համար, նույնքան էլ երկյուղալի, որովհետև չգիտեր, թե ինչով կվերջանա։ Խոսում էին մի սիրային վեպի բովանդակության մասին, որ Մարիամը նոր էր կարդացել։ Օգտվելով րոպեի տրամադրությունից, Վասիլը խոսքը հետզհետե մասնավորեց, և այսպիսով նա կարողացավ արտասանել հետևյալ դարձվածը։ — Ես կյանքում երբեք չեմ սիրահարվել... Բայց մի օր պիտի ծծեմ այդ դառն բաժակը։

— Ինչո՞ւ դառն,— հարցրեց օրիորդը, և նրա ձայնի մեջ բժիշկը զգաց սրտի ուժգին զարկը։

— Որովհետև ով գիտե ճշմարիտ սիրել, նա տանջվում էլ է,— և մի քիչ խորհելուց հետո, ավելացրեց.— ես այդ նախագուշակում եմ...

Նա չշարունակեց։ Մարիամը երեսը շուռ տվեց։ Օրիորդի շրթունքները դողում էին, կուրծքը բաբախում էր։ Թավուտ ծառի հովասուն ստվերի ներքո նկատելի էր նրա այտերի հանկարծակի գունաթափությունը։ Նա չիմացավ ինչպես, բայց երբ կամեցավ վեր կենալ այն մամռապատ մեծ քարի վրայից, ուր նստած էին, յուր ձեռը զգաց Վասիլի տաք ձեռքի մեջ։ Նա նայեց երիտասարդին, որ, կարծես, նույնչափ հուզված էր, ձեռը մեղմիկ դուրս սահեց և առանց մի բառ արտասանելու, շուտով անհետացավ կանաչ թփերի հետևում։

«Նա փախավ, նա հետ կգա...», ասաց Վասիլը, երկար ժամանակ նստած մնալով միևնույն տեղում։

Այդ օրից հետո Մարիամի դեմքի վրա նշմարելի էր երջանկության մի մելամաղձոտ ժպիտ, որ առանձին մի հրապույր էր տալիս նրա կերպարանքին։ Հաճախ նա սիրում էր առանձնանալ և անձնատուր լինել յուր մենավոր մտածումներին։ Նա գիտեր, որ դժվար է թաքցնել Ռուբենից յուր և բժշկի մեջ տեղի ունեցած այն նշանավոր եղելությունը։ Եվ քանի-քանի անգամ նա կամեցավ հայտնել, բայց համեստության և ամոթի զգացումը կաշկանդում էր նրա լեզուն։

Նույն օրից հետո Մելիք-Բարսեղյանը ամեն մի հարմար րոպեով օգտվելով, աշխատում էր յուր սերը ավելի ու ավելի պարզել օրիորդին, ոչ միայն լռիկ նշաններով, այլ երբեմն էլ խոսքով։ Իսկ երբ առանձնանում էր, հաճախ կրկնում էր հետևյալ մենախոսությունը.

«Օօ՜о՜ չքավորությո՜ւն, չքավորություն, շատ դառն էին քո փորձերը, ես հիմար կլինեի, եթե չխրատվեի։ Դու իմ խելացի վարպետն ես եղել, բայց միշտ ատել եմ քեզ, այո՛, միշտ։ Վերջապես, մոտենում է այն օրը, երբ քեզանից վրեժս պիտի առնեմ»։ Հասկանալի է ուրեմն, թե ինչու բժիշկը այնքան հետաքրքրվեց, լսելով Ռուբենի անորոշ խոսքերը յուր և քրոջ դրության մասին։ Երկար ժամանակ նա չէր կարողանում հանդարտվել, վերադառնալով այն հյուրանոցն, ուր իջևանել էր։

«Զառանցո՞ւմ էր, թե կատակ էր անում, մտածում էր նա, ձեռները գրպանում դրած, անցուդարձելով հյուրանոցի փոքրիկ սենյակում։ Բնակարանը փոխում է. եթե ճշմարիտ է, հուսով եմ, որ այդ բնակարանը Սադափյանների տան շքեղությանը պատվաբեր կլինի։ Նա հիշեց չքավորության ատելի, զազրելի անունը… Անփորձ երեխա, կարծում է, որ կարող է ինձ նման դիմանալ… Երբեք, երբեք, և ոչ ես ուժ ունիմ այսուհետև դիմանալ չքավորությանը…»:

Մյուս օրը, առավոտյան վաղ զարթնելով, նա սկսեց խորհել յուր անելիքի մասին։ Նա եկել է Թիֆլիսում մշտապես հաստատվելու, ուրեմն պետք է շտապել գործերը վաղօրոք կարգավորել։ Նախ և առաջ հարկավոր է բնակարան վարձել, խոմ հյուրանոցում չի կարող երկար բնակվել։ Պետք է բնակարանը օրինավոր կահավորել, որ հիվանդը կամ հիվանդի համար հրավիրողը տեսնելիս՝ մի քիչ պատկառի։ Հետո պետք է տեղական բոլոր լրագրներում հայտարարություն տպել, թե «բժիշկ, ոչ, ոչ, բժշկապետ Մելիք֊Բարսեղյանը հիվանդներին ընդունում է այսինչ տեղ, այսինչ ժամերին…»։ Ուրեմն բնակարանը պիտի լինի քաղաքի ամենահայտնի փողոցներից մինում, որ լրագրների էջերում ևս նշանակություն ունենա։ Այնուհետև պետք է ծանոթներ ձեռք բերել, հանդեսներ այցելել, լավ-լավ ընտանիքներին մոտենալ և այլն և այլն։

Այս բոլորի համար փող է հարկավոր։ Նա շոշափեց յուր փողամանը։ Այնտեղ դարսած էին մի քանի հարյուրանոցներ, որ խնայել էր յուր ութամսյա սուղ «պրակտիկայից» Երևանում։ Այս գումարը բավական է առաջին ծախսերի համար։ Իսկ հետո… պետք է աշխատել ու աշխատել…

Նա մտաբերեց Ռուբենի նախընթաց երեկո ասածը տեղական բժիշկների մրցման մասին, և այս անգամ ընկերոջ նախազգուշությունը մի քիչ մտածություն պատճառեց նրան։ Բայց ոչինչ... չպիտի մազու չափ հուսահատվել, գլխավորն այս է՝ չհուսահատվել, մանավանդ Մարիամի մոտ։ Սառնասրտությունը մարդու զորեղ աջակիցներից մեկն է, վհատությունը թուլասիրտների հատկանիշն է։

Այսպես մտածելով, բժիշկ Մելիք-Բարսեղյանը, տասն ու մեկ ժամը լրացած, դուրս եկավ հյուրանոցից, ընտրեց փողոցում մի նորագույն կառք, վարձեց և գնաց այցելելու յուր հին ու նոր ծանոթներին և ընկերներին, որոնց ցուցակը վաղօրոք կազմել էր։ Երեք ժամ անցած նա վերադարձավ և սկսեց ամփոփել յուր զանազան հակասական տպավորությունները։ Մեկին տանը չէր տեսել, այցետոմս էր թողել, մյուսին հանդիպել էր փողոցում (հակառակ յուր ցանկության), մի քանիսը շատ մեծ սիրով էին ընդունել և այլն։ Նա ամենին հայտնեց, թե եկել է Թիֆլիսում հաստատվելու, թեև Երևանում գործերը չափից դուրս հաջող էին։ Փորձի համար նա մեկին ասաց, թե Պետերբուրգից հրավեր է ստացել համալսարանում մանկաբարձության դասեր կարդալու։ Այդ մեկը հավատաց, և բժիշկը նույնը կրկնեց ամենի մոտ։

Նա յուր այցերի միջոցին կարողացավ և՛ մի բնակարան վարձել...

Նոր միայն բժիշկ Մելիք-Բարսեղյանը ճաշելուց հետո պառկել էր մի քիչ հանգստանալու, երբ եկավ Ռուբենը։

— Վերջապե՛ս— գոչեց բժիշկը և, ոտքի կանգնելով, ընկերաբար թոթվեց նրա ձեռքը։— Նստի՛ր։

— Նստելու կամք չունեմ,— պատասխանեց Ռուբենը մի այնպիսի զվարթ ձայնով, որ միանգամայն չէր համապատասխանում նախընթաց օրվա նրա հոգեկան տրամադրությանը։ — Եկել եմ խոստումս կատարելու համար, գնա՛նք, շնորհավորիր մեր բնակարանը։ ՛

— Ի՞նչ, դու ուրեմն երեկ կատակ չէի՞ր անում...

— Իմ ասելու ձևից պետք է հասկանայիր արդեն, որ կատակ չեմ անում։

— Ռուբեն...— արտասանեց բժիշկը շվարած...— այդ տեսակ բաներին հեշտ չի կարելի հավատալ... Դու հարուստ էիր և աղքատացա՞ր։ — Գնանք, սիրելիս, ես քեզ այնտեղ կպատմեմ։

Բժիշկը հագավ յուր նոր վերնազգեստը և անմիջապես հետևեց ընկերոջը։

Նա ձեռնափայտի ծայրը բարձրացրեց կառք կանչելու։

— Ավելորդ է,— արգելեց Ռուբենը,— շատ էլ հեռու չէ այստեղից։

Նա տարավ ընկերոջը քաղաքի արևմտյան բարձրադիր և զառիվայր փողողները, սուրբ Դավթի հրապարակի կողմ:

— Յոթ տարի ապրել եմ այս հոտած փողոցներում,— ասաց բժիշկը երկարատև լռությունից հետո։

— Հիմա հերթը իմն է։ Ահա մեր բնակարանը։

Նա մաշված և երկար գործածությունից կեղտի ծալքերով շաղախված դռներով ընկերոջը առաջնորդեց մի բավական մեծ բակ։ Երևում էր, այդ տան բնակիչները, որոնց թվում կային և՛ շոր լվանող կանայք՝ բավական անփույթ էին մաքրության վերաբերմամբ։ Գավթի իշխանությունը հանձնել էին հավերին և սագերին։ Տեսնելով երիտասարդներին, ծույլ թռչունները մի սուր աղմուկ բարձրացրին և ցրվեցին այս ու այն կողմ։ Երկու քաջասիրտ սագեր, թևերը տարածած, երկար պարանոցները ցցած, առաջ վազեցին հյուրերին հանդիպելու։ Այն գետնափոր խողովակը, որ նշանակված էր կեղտոտ ջրերի համար, վաղուց չէր մաքրված։ Փոսի վրա ձգված երկաթի վանդակի վրա կանգ էր առել շոր լվանողների ածած սապոնաջուրը։ Այդ պղտոր ու գարշահոտ ճահճի մեջ երկու բադ լող տալով, կտուցներով սիրային ցույցեր էին անում միմյանց։ Մի պառավ շուն դեմուդեմ նստած, մեջքը տաքացնում էր արևի շողքերի տակ։

— Զգո'ւյշ կաց,— կատակեց Ռուբենը, ցույց տալով գավթի մի ծայրից մինչև մյուս ծայրը քարշ արած թաց շորերը, որոնց տակով պիտի անցնեին նրանք։

Բժիշկ Մելիք-Բարսեղյանը չգիտեր զարմանալ, ծիծաղել, թե՞ վշտանալ յուր տեսածի վրա։ Նա լուռ հետևում էր Ռուբենին, քայլերը շատ զգույշ փոխելով որպեսզի չապականի յուր նոր ու մաքուր կոշիկները կեղտոտ քարահատակի վրա։

Նրանք ոտք դրեցին մի նեղ պատշգամբի վրա, որ տարածված էր միահարկանի տան ամբողջ երկարությամբ։ — Ահա և մեր նոր Պաղեստինը ասաց Ռուբենը, ընկերոջը առաջնորդելով բնակարանը։— Այս իմ սենյակս է, մյուսն էլ Մարիամինն է։ Երկու սենյակ և այս փառավոր կահ-կարասին ամսական տասն ռուբլով, կարծեմ թանկ չի, հը՞։ Մարիա՜մ,— գոչեց նա դեպի մյուս սենյակի կողմը դուրս եկ, տես ո՛վ է եկել մեզ շնորհավորելու։

Մինչ Մարիամի երևալը, Մելիք-Բարսեղյանը դիտում էր յուր տեսածը։ Առաստաղը քաշ, պատերի պաստառը տեղ-տեղ պատառոտված, տեղ-տեղ կեղտից սևացած, հատակի ներկը մաշված, դռները փոքր և միայն մի պատուհան — ահա Ռուբենի սենյակի տեսքը։ Մի քանի կիսամաշ վիեննական աթոռներ, մի հասարակ սեղան, որի վրա անկարգ-անկանոն սփռված էին Ռուբենի գրքերը, և մի անկյունում մի փայտե անկողնակալ — ահա այդ սենյակի կահ-կարասին։

— Ների՛ր,— ասաց Ռուբենը,— դեռ կարգի չենք բերել։ Առավոտից մինչև հիմա սրբում էինք, լվանում, հավաքում,— էլի չկարողացանք վերջացնել։

Մինչ բժշկի մի բառ արտասանելը, մյուս սենյակից դուրս եկավ Մարիամը։ Օրիորդը հագած էր յուր հասարակ տնային հին հագուստներից մինը, թևերը մի փոքր հետ ծալած, կրծքին կապած մի կապույտ գոգնոց և գլխին մի կապույտ թաշկինակ։

Գուցե Մելիք-Բարսեղյանը յուր կյանքում այնքան ապշած չէր, որքան այժմ, երբ տեսավ երեկվա փարթամության մեջ ապրող քնքուշ օրիորդին այսօր մի հասարակ աղախնի վիճակում։ Նա այնքան շվարեց, որ մոռացավ անգամ բարևել օրիորդին, մնաց անշարժ կանգնած միևնույն տեղում։

Շփոթվեց նույնպես և Մարիամը։ Որքան և նա աշխատել էր անվրդով մտնել յուր նոր կյանքի ասպարեզը, որքան նա նախապատրաստել էր իրան անխռով սրտով ընդունել բժշկին, չկարողացավ, սակայն, սառնարյուն տանել այդ ծանր րոպեն։ Նա կարմրեց, գլուխը անորոշ շարժեց, իբրև բարևելով յուր հյուրին, և նույնպես մնաց տեղն ու տեղը կանգնած։

— Եթե երազումս անգամ տեսնեի, կսարսափեի,— գոչեց Մելիք-Բարսեղյանը, սթափվելով, և մոտեցավ, որ Մարիամին ձեռ տա,— օրիորդ, ո՞վ է պատճառը ձեր այդ դրության։

— Մենք,— պատասխանեց Մարիամը, որքան կարող էր սառնասիրտ:— Միթե Ռուբենը չի՞ պատմել ձեզ արդեն:

— Ես սպասում եմ այդ գաղտնիքի բացատրությանը,— դարձավ Վասիլը Ռուբենին, ձեռները պարզելով առաջ։

— Այժմ հավատո՞ւմ ես, ուրեմն, որ ասածդ կատակ չէր,— խոսեց Ռուբենը։— Բարեհաճիր նստել։

Բժիշկը նստեց և ուշադրությամբ լսեց ընկերոջ համառոտ պատմությունը, առանց մի բառ արտասանելու։ Երբ Ռուբենը ավարտեց յուր խոսքը, աջ ձեռքը դրեց նրա ուսին և, ուրախ ու զվարթ ժպտալով, ասաց.

— Հավանո՞ւմ ես արածս։

Բժիշկը մի քանի վայրկյան մտածեց, շփեց յուր ճակատը և, վերջապես, դրական ոճով պատասխանեց.

— Ոչ։ Վատ ես արել, շատ վատ ես արել։

Ռուբենը, ինչպես երևում էր, չէր սպասում այդ տեսակ պատասխանի։ Նա զարմացած նայեց ընկերոջ երեսին։

— Ինչո՞ւ։

— Դու,— առաջ տարավ յուր խոսքը Մելիք Բարսեղյանը,— վնասել ես քեզ քո անհամբերությամբ։ Իմ կարծիքով դու պետք է թողնես այդ հիմարությունդ,— ներեցե՛ք, օրիորդ,— պետք է թողնես և կրկին վերադառնաս հորեղբորդ տունը։ Նա սնանկ չի և չի էլ սնանկանալ գուցե։ Այսօր ես պատահաբար նրա մասին խոսք ունեցա մի հայտնի մարդու հետ։ Այդ մարդը այստեղի բոլոր հարուստների դրությանը լավ ծանոթ է։ Նա ինձ ասաց, որ Նիկողայոս Սադափանի գործերը այս տարի անհաջող են, ճշմարիտ է, բայց այդ անհաջողությունը ժամանակավոր է։ Նա փողի պակասություն ունի, բայց գործերը լավ են։ Դա առևտրական մարդու կրիզիս է, ամեն մեկին պատահում է։ Ինձ հավատացրեց այն մարդը, որ հորեղբայրդ այնքան խելոք է, որ շուտով դուրս կգա յուր նեղ դրությունից։

— Հետո՞,— ընդհատեց Ռուբենը, որ անհամբեր սպասում էր լսել ընկերոջ վերջաբանը։

— Դու, ուզում եմ ասել,— շարունակեց Մելիք-Բարսեղյանը,— շատ ես շտապել։ Եթե մինչև անգամ հորեղբայրդ սնանկ էլ լիներ, եթե նա չկարողանար մի կոպեկ անգամ տալ քեզ քո հոր ժառանգությունից, դարձյալ դու չպիտի հեռանայիր նրանից։ Նա անուն ունի, Ռուբեն, ծանոթներ ունի, մեծ-մեծ բարեկամներ ունի, այ քեզ ինչ է հարկավոր... Դու նրա միջոցով կարող ես լավ կարիերա ստեղծել քեզ համար։ Այդ կարիերան դու մենակ, քո ուժերով, երբեք չես կարող ունենալ։ Ահա իմ ընկերական խորհուրդը, գնա՜, ներողություն խնդրիր և կրկին մտիր նրա հովանավորության տակ։

Արտասանելով այս բանախոսությունը, բժիշկ Մելիք-Բարսեղյանը յուր ամուր գլխարկի մի ծայրը դրեց ծնկներին, մյուսի վրա հենեց ձեռները, սպասելով պատասխանի։

— Քո խորհուրդը, Վասիլ,— խոսեց Ռուբենը կես-հեգնաբար և կես-դառնագին ժպտալով,— արժե, որ լսեր ինձանից ավելի մի խելոք մարդ։ Դու շատ խոհեմ, գործնական միջոց ես առաջարկում ինձ, բայց... սիրելի Վասիլ, այլևս ուշ է, ես չեմ կարող քո այդ խելոք խորհրդով օգտվել։ Հորեղբորս ընտանիքի և մեր մեջ բարեկամական կապը արդեն կտրված է։ Եթե դու այսօր ներկա լինեիր, երբ մենք տեղափոխվում էինք այստեղ, կհավատայիր, որ այդ կապը այլևս անհնարին է նորոգել։

— Ուրեմն դու կռվեցի՞ր նրանց հետ։

— Ես լսեցի մի ծանր հանդիմանություն, ես լսեցի, որ քույրս և ես ութ տարի շարունակ ձրիակերներ ենք եղել հորեղբորս տանը։

— Հորեղբորի՞ցդ լսեցիր։

— Ոչ, նրա կնոջից,— պատասխանեց Ռուբենը, շրթունքը կրծելով, — բայց այդ միևնույնն է, նա էլ լսեց և լռեց, այո, լռեց...

— Րոպեի ազդեցության տակ մարդ շատ բան է ասում, շատ բան է անում, Ռուբեն, բայց հետո ափսոսում է։ Ես համոզված եմ, որ եթե դու վերադառնաս, ներողություն խնդրես, տիկին Սադափյանը յուր խոսքը ետ կառնի և քեզ համբուրելով կընդունի... — Վասի՜լ,— գոչեց Ռուբենը, ընդհատելով ընկերոջ խոսքը,— այդ դո՞ւ ես խոսում, ես քեզանից այդ չէի սպասում։ Ոչ, ես կարծում էի, որ դու կգովես իմ արած քայլը, կխրախուսես ինձ։ Իսկ դու, կարծես, հանդիմանում ես ինձ, թե ինչու չքավորությունը գերադասել եմ ձրիակերությունից և ուրիշների միջոցով ձեռք բերած կարիերայից…

— Չքավորությո՞ւն,— կրկնեց բժիշկ Մելիք-Բարսեղյանը, թեթև ժպտալով և շրթունքը սեղմելով,— ինչո՞ւ, եղբայր, ինչո՞ւ չքավոր ապրել, եթե որևէ հնար կա ավելի լավ ապրելու։ Էէէ, Ռուբեն,— ավելացրեց նա, հառաչելով և գլուխը երերալով,— մի' ոգևորվիլ, վատ բան է չքավորությունը, լինի նա մշտական, թե առժամանակյա, օօ, ես գիտեմ ի՞նչ ասել է չքավորություն։ Իսկ ով ճանաչում է մարդուս այդ կոպիտ թշնամուն, նա հոգով պիտի ատի, ինչպես ես այժմ ատում եմ և սարսափում, երբ մտաբերում եմ տասներկու տարի կրած նեղություններս։ Ոչ, ոչ, հեռու փախիր նրանից։ Եթե ես երբեմն պարծենում եմ իմ անցյալով, այդ չի նշանակում, թե այժմ կկամենայի կրկին ընկնել այդ չարասիրտ պառավի ճանկերը։ Հավատացիր, ոչ մի բան այնքան վտանգավոր չի անհատի բարոյականության համար, որքան չքավորություն ասած բանը…

Մի թույլ ճիչ ընդհատեց բժշկի խոսքը։ Նա և Ռուբենը բնազդումով միաժամանակ նայեցին դեպի այն կողմ, ուր մինչև ույդ վայրկյան անխոս նստած էր Մարիամը, և տեսան հետևյալը։ Օրիորդը կանգնած էր պատի տակ, մի ձեռը հենած աթոռի մեջքին, մյուս ձեռը կրծքին սեղմած և ճիգ էր անում, կարծես, ուշը վրեն պահելու։ Նրա երեսի գունատությունը, հեզուկ գլխի երերվելը և կրծքի ուժգին բաբախելը վախեցրին Ռուբենին։ Շվարած երիտասարդը շտապով մոտեցավ քրոջը, գոչելով.

— Մարիա՜մ, ի՞նչ պատահեց։

— Ընդհատի՛ր այդ խոսակցությունը, ընդհատի՛ր, խնդրում եմ,— ասաց Մարիամը շնչարգել ձայնով և այնպես ցածր, որ միայն եղբայրը լսեց…

Եվ թուլացած նստեց աթոռի վրա։

— Ներեցեք,— ձայն տվեց բժիշկը ոտքի կանգնելով,— ձեր դեմքը ինձ... Չլինի թե հիվանդ եք,— ավելացրեց նա, յուր արհեստը իսկույն գործադրելու պատրաստակամությամբ։

— Ես.,, ոչ, ոչ, հիվանդ չեմ...

— Բայց ձեր երեսին գույն չկա, դուք հիվանդ եք,— գոչեց բժիշկը և յուր արհեստին հատուկ սառնությամբ բռնեց օրիորդի բազուկը։

Կարծես, նրա ձեռի շփումից օրիորդը մի առանձին կենդանություն ստացավ։ Նա ուղղեց իրան, ցնցողաբար դողացող ձեռով շփեց ճակատը և մի տարօրինակ հայացք նետեց բժշկի երեսին։ — Մի հայացք, ուր Մելիք-Բարսեղյանի նման սուր դիտողություն ունեցողը չէր կարող չնկատել մի խորին հանդիմանություն։

— Ես կարծում եմ, որ դուք այսօր չափից դուրս շատ հոգնել եք,— ասաց բժիշկը, այդ հայացքից շփոթված, բաց թողնելով Մարիամի բազուկը,— առանց այլ և այլի ձեզ հարկավոր է հանգստություն, անպայման հանգստություն։

— Ճշմարիտ է, Մարիամ,— խոսեց Ռուբենր,— մինչև այժմ բան ես արել և ժամանակ էլ չես ունեցել կարգին ճաշելու:

— Բարեհաճեցեք, ուրեմն,— հարեց Մելիք-Բարսեղյանը, աշխատելով անհողդողդ և խրախուսական ձայնով խոսել,— բարեհաճեցեք բժշկի պատվերը լսել և այսօր էլ ոչ մի գործի ձեռք չտալ։ Դուք այդ տեսակ տնային ծանր աշխատանքին սովոր չեք, ահա ինչիցն է առաջացել ձեր թուլությունը։

— Այո, սովոր չեմ,— պատասխանեց Մարիամը, փոքր առ փոքր վերադարձնելով յուր սառնությունը,— բայց կսովորեմ։ Առայժմ ներեցեք ինձ... պարոն Մելիք-Բարսեղյան... ձեզ անհանգստություն պատճաոեցի... Ես առողջ եմ, ես ոչինչ թուլություն չեմ զգում։

Եվ նա փորձեց ուրախ ժպտալ։ Բայց այս բռնազբոսիկ ժպիտը նմանեց մութ ամպերի տակից մի վայրկյան փայլող արևի անցողիկ շողքերին, որից հետո կրկին մռայլվեց օրիորդի պայծառ ճակատը։ Բժիշկը դարձյալ նրան համոզել սկսեց, որ պետք է յուր անսովոր ուժերի հետ խնամքով վարվի։ — Շնորհակալ եմ ձեր խորհրդի համար, շատ շնորհակալ եմ։

Օրիորդի ձայնի մեջ բժիշկը զգաց մի նուրբ հեգնություն և քանի մի վայրկյան նա դարձյալ շվարվեց։

— Գնա՛, հանգստացիր, Մարիամ,— հորդորեց Ռուբենը,— բժիշկը ճշմարիտ է ասում, դու անսովոր ես ծանր աշխատանքի…

Օրիորդը վեր կացավ տեղից և մոլոր քայլերով անցավ յուր սենյակը, նույն հեգնական ձայնով ասելով Մելիք-Բարսեղյանին.

— Ներեցեք…

— Տեսա՞ր,— դարձավ Մելիք-Բարսեղյանը Ռուբենին,— տեսա՞ր, ահա այդ է աղքատության առաջին պտուղը։ Ցտեսություն, ընկեր, հուսով եմ, որ վաղը քեզ խելոքացած կտեսնեմ։ Աշխատիր, որ Մարիամը խորհուրդս կատարի։

Ոչինչ չասաց Ռուբենը, լուռ ճանապարհ դրեց ընկերոջը մինչև գավիթ և վերադարձավ։ Նա Մարիամին կրկին տեսավ յուր սենյակում։ Կանգնած փոքրիկ լուսամուտի առաջ, ձեռներր կրծքին խաչաձև դրած, օրիորդը նայում էր հեռացող Մելիք-Բարսեղյանի հետևից։

— Մարո,— ասաց Ռուբենը, ձեռը դնելով նրա ուսին,— ինչո՞ւ դու այնպես այլայլվեցիր, ասա՛, ինձ թվում էր, որ պատճառը քո հոգնածությունը չէր:

Մարիամը գլուխը բարձրացրեց, և մի ծանր հառաչանք դուրս թռավ նրա կրծքից։

— Չգիտեմ, չգիտեմ,— գոչեց նա,— աստված իմ, նա անկե՞ղծ էր խոսում, թե՞ ուզում էր փորձել ինձ…

Արտասանելով Ռուբենի համար այս անորոշ խոսքերր, նա արագ քայլերով անցավ կրկին յուր սենյակը և դռները ծածկեց յուր հետևից։

Երբ զարմացած Ռուբենը մի քանի վայրկյանից հետո մտավ նրա մոտ, տեսավ, որ քույրը երեսը բարձին դրած ուժգին հեկեկում է…

VII

Տիկին Սոփիոն, վերջապես, արժանացավ անվանի կոմսուհու այցին, թեև սպասածից բավական ուշ: Բախտավոր էր այդ օրը նրա համար։ Կոմսուհին մի քանի հաճոյական խոսքեր էր ասել Նատալիայի «գրավիչ տեսքի», Սադափյանների տան «շքեղ և ճաշակով» կահ-կարասիի, տիկնոջ «օրինակելի» բարեսրտության և այլ այդպիսի բաների մասին։

Եվ Սոփիոն նրա յուրաքանչյուր խոսքը, մտքում դրոշմելով, պարծանքով կրկնում էր բոլոր ծանոթների մոտ։ Բայց կար մի հանգամանք, որ տիկնոջ այս ուրախության վրա ստվեր էր ձգում։— Հալաբյանը չէր այցելում նրանց, սկսած այն օրից, երբ Մարիամն և Ռուբենը տեղափոխվել էին։ Նա պատճառը հարցրեց ամուսնուց։ Փոխանակ մի որոշ պատասխան տալու, Նիկողայոսը հայհոյեց թե՛ Հալաբյանին և թե բոլոր «նրա նմաններին»։ Սոփիոն չգիտեր այս հայհոյանքի առիթը, ինչպես և չգիտեր, թե ինչու յուր ամուսինը առհասարակ գրգռված էր ամենի դեմ։

Նույն օրերը Նատալիան չարաչար զբաղված էր յուր նոր հագուստներով։ Ժամանակ անժամանակ նա վազում էր մադամ Կուրաժոյի մոդային խանութը և շտապեցնում էր շուտով ավարտել գործը, չնայելով, որ երեկույթները դեռ հեռու էին։ Նա հրճվանքով պատկերացնում էր վաղօրոք այն հանդեսը, որի կարգադրիչն է հրավիրված լինելու

— Ախ, մամա, մարդ ինչքան ուրախ է լինում, երբ բարի գործեր է կատարում։ Գիտե՜ս, մենք իսկական բարեգործներ ենք, մենք ուրիշների պես միայն մեզ համար չենք ապրում։ Տես, ռուսաց ընկերության պատվավոր անդամուհի, վրաց ընկերության պատվավոր անդամուհի, հայուհյաց ընկերության պատվավոր անդամուհի, բանտարկվածների երեխաներին օգնող ընկերության անդամուհի... էլ որ մեկն ասեմ։ Ամեն տեղ գրված ենք, ամեն տեղ փող ենք տալիս։ Քանի՜-քանի խեղճ ու աղքատներ են ապրում մեր նվերներով։ Այսպես չէ՞...

— Ես էլ հենց այդ եմ ասում հորդ էէ,— հարեց տիկին Սոփիոն,— ասում եմ, ա՛յ մարդ, եթե մեզպեսներն էլ չօգնեն, էլ խեղճերը ինչո՞վ պիտի ապրեն։

— Ես շատ և շատ ուրախ եմ,— փոխեց խոսքը Նատալիան,— որ, վերջապես, նպատակիս հասա։ Անցյալ տարի օրիորդ Ամքարովան գիմնազիստների օգտին տված կոնցերտի կարգադրիչն էր, սիրտս քիչ էր մնում նախանձից տրաքվի։ Ինչո՞ւ նա լինի, ես չլինեմ, ասում էի։ Այս տարի ես եեե՜մ… Չգիտեմ ինչպե՞ս շնորհակալություն հայտնեմ քեռի Սրափիոնին։ Գիտե՞ս, նա է աշխատել, որ ինձ խնդրեն կարգադրիչ լինելու։

— Է՛հ,— ընդհատեց մայրը արհամարհաբար,— եթե ինձանից հարցնես— շատ էլ ուրախ չեմ։ Հայերի բալի համար կարգադրիչ լինելը մի մեծ բան չէ, որ հպարտանանք։

— Մենք էլ այնպես կանենք, որ բալը մեր անվանը արժանի լինի։

— Իհարկե, իհարկե,— համաձայնեց մայրը եռանդով,— մեր բալը ամենալավը պետք է լինի, թող թշնամիները տեսնեն ու նախանձից խեղդվեն։

— Մա՛մա, դու այդքան թշնամիներ, թշնամիներ ես ասում, ո՞վ են մեր թշնամիները, չի՞ կարելի իմանալ։

— Ով եե՜ն,— կրկնեց տիկին Սոփիոն, աչքերը պլպլացնելով, չե՞ս իմանում։ Մեր թշնամիները նրանք են, որ մեզ նախանձում են, որ ինչ որ անում ենք, իրանք էլ են ուզում անել, որ մեր չարածն էլ անում են։ Ես ատելով ատում եմ այնպիսիներին, որ ամեն տեղ մեջ են ընկնում։ Էլ ով ասես, բազազի, գինի ծախողի, պիսեր-միսերի կնիկ ու աղջիկ, դիփ ուզում են արիստոկրատների հետ ոտ ձգել։

— Լավ, մամա, ես ինքս էլ խոմ արիստոկրատկա չեմ։ Ուրեմն, քո ասելով, ես դեր չպիտի կատարե՞մ հասարակության մեջ։

— Ի՞նչ, դու էլ որ արիստոկրատկա չես, էլ ո՞վ է… Դու իմ աղջիկս ես, դու Սահարունիների ցեղիցն ես, Սահարունիները քո այդ սուտ ու մուտ իշխաններից չեն, հասկանո՞ւմ ես։ Այս մեկը մտքումդ լավ պահիր, այն քո հայրդ է, որ պատիվս չի ճանաչում։

Խոսակցությունը տեղի ուներ ճաշից երկու ժամ առաջ Նատալիայի սենյակում։ Օրիորդը հայելու առաջ զուգվում էր։ Նա պատրաստվում էր մոր հետ անվանի կոմսուհու մոտը գնալու։ Այս այցելության գլխավոր նպատակն էր՝ հասկացնել կոմսուհուն, որ նա գեթ մի ժամով պատվե «Նատալիայի բալը»։— Մի միտք, որ տվել էր նրան իշխան Սահարունին։

— Երևակայում եմ,— շարունակեց խոսել Նատալիան, վերջին գնդասեղը ամրացնելով կրծքի մետաքսյա ապարոշին,— երևակայում եմ, ինչպես օրիորդ Ամքարովան պիտի նախանձի, եթե կոմսուհին գա իմ բալը։ Անցյալ տարի,— ավելացրեց նա ծաղրաբար,— նրա հանդիսականների մեծ մասը հոր պրիկաշչիկներն էին, հա՛ հա՛ հա՛։

Եվ նա, երեսը շուռ տալով, սկսեց հայելու մեջ զննել յուր բարակ մեջքը և բարձր տյուրնյուրը, որ ժամանակի մոդայի վերջին պահանջն էր։

— Ինչ էլ որ անես, աղջիկս, — ասաց մայրը, ուղղելով յուր դստեր հագուստի փեշերը,— այն երեկո պետք է աշխատես Հալաբյանին մոտդ պահել։ Որքան մտածում եմ, հայերի մեջ նրանից օրինավոր մարդ չեմ գտնում։ Վախենում եմ, որ երեսը լպստածը այն երեկո այնտեղ լինի ու էլի նրան յուր կողմը քաշի։

Նատալիան հասկացավ մոր խոսքը ում մասին էր։ Այժմ տիկին Սոփիոն Մարիամի անունը ուրիշ կերպ չէր հիշում, եթե ոչ «երեսը լպստածը»։

— Հա, լավ միտս բերիր,— գոչեց Նատալիան,— դու նրա բրասլետն ու կոլիեն ուղարկեցի՞ր։

— Ոնց չէ, ոնց չէ,— արտասանեց Սոփիոն թունալի հեգնությամբ,— հենց այս րոպե, հա՛ հա՛ հա՛, բրասլետն ու կոլիեն։ Այն մի քանի ձեռք հագուստն էլ որ տարել է, շատ-շատ է նրա համար...

— Չէ, մամա, լավ չես անում, ուղարկիր, թող չասեն, որ մենք իրենց զրկում ենք, առանց այն էլ չար լեզուները բամբասում են մեզ վրա։

— Քո գործը չէ,— ընդհատեց մայրը վճռական եղանակով,— դու ինձ մի բան ասա, ճշմարի՞տ է, որ այն բժիշկը, ի՞նչպես է անունը... — Մելիք-Բարսեղյան…

— Հա, ճշմարի՛տ է, որ սիրահարվել է այն լպստածի վրա։

— Այդ չեմ իմանում, բայց թե Մարոն նրա համար գժված է, ես հաստատ գիտեմ։ Էհ, նրա ճաշակն էլ…

— Ինչո՞ւ, մի՛ ասիլ, նա իրան բանը շատ լավ է իմանում, ուզում է կամ հարուստ մարդու կին լինել, կամ բժշկի։

Ներս մտավ աղախինը և, մոր ու դստեր խոսակցությունը ընդհատելով, հայտնեց, թե կառքը սպասում է։

— Նեստորն էլ հագնված պատրա՞ստ է,— հարցրեց օրիորդը։

— Այո։

Մայր և դուստր եկան ծանր ու հպարտ քայլերով, առաջինը անընդհատ ուղղելով գլխի թաշկինակի տակից այտերի վրա դուրս սփռվող ալեխառն մազերը, երկրորդը կապելով մինչև արմունկները հասնող ձեռնոցների կոհակները։ Փողոցի դռների առաջ սպասում էր տնային փայլուն կառքը։ Երկու սևաթույր վիթխարի ձիերը անհամբեր կրծոտում էին իրանց սանձերը, ոտները ուժգնակի խփելով սալահատակին։ Նեստորը, Սադափյանների իմերել ծառան, բռնեց յուր տիրուհիների թևից, նստեցրեց կառք և ինքն էլ կատվի արագությամբ թռավ ու տեղավորվեց փառահեղ միրուքով և կուրծքն ու մեջքը բարձերով՝ հաստացրած կառապանի կշտին։

— Կոմսուհի Նավալիխինայի տունը,— հրամայեց Նատալիան այնքան բարձր ձայնով, որ լսելի լինի այդ միջոցին մայթի վրա կանգնած երկու պարոններին։

Կառքը սլացավ։

Քառորդ ժամ անցած տուն վերադարձավ Նիկողայոսը սաստիկ վրդովված։ Նա շպրտեց սպասավորին մի թղթադրամ, հրամայեց կառապանին վճարել և, վերարկուն ձգելով հանդերձակալի վրա, անցավ ուղղակի յուր սենյակը։

«Խղճմտանք չկա այդ մարդկանց մեջ,— խոսեց նա ինքն իրան, նստելով սեղանի մոտ և ձեռները ուժգին խփելով բազկաթոռի թևերին,— բոլորի սիրտը քարացել է։ Ասում են չունենք, չունենք։ Սո՛ւտ, ես ճանաչում եմ ձեզ, էէէ, շատ լավ եմ ճանաչում։ Դուք ուրախանում եք, երբ մեկը, որ ձեզանից բարձր է, ձեզանից ցած է ընկնում, դուք ուզում եք նրան ոտնատակ անել, խեղդել, սպանել։ Նախանձը ցեցի պես ուտում էր ձեր սիրտը, երբ տեսնում էիք, որ Սադափյանի թուրը երկու կողմով էլ կտրում է։ Հիմա անհամբեր սպասում եք, որ ընկնեմ... Ոչ, ոչ, չեմ ընկնիլ, քանի՛ աչքումս լույս կա, գլխումս խելք, էլի ամենին ետ կթողնեմ, ինչպես մինչև օրս ետ եմ թողել»...

Նա բարձրացավ տեղից և սկսեց հուզված անցուդարձ անել։ Նա մտածում էր ո՞ւր դիմել փող ստանալու համար։ Մնում էր դարձյալ Հալաբյանը։ Բայց նա տվել էր արդեն տասնուհինգ հազար, կտա՞ էլի։ Դեռ երեկ Նիկողայոսր նրան ակնարկել էր յուր գործերի դրության մասին, հասկացնելով, որ փող է հարկավոր մի քանի մուրհակներ ազատելու բանկերից։

«Նա խոսքը կտուր գցեց։ Նա էլ չի հավատում ինձ. նա էլ է հեռու փախչում ինձանից այն օրից, երբ եղբորս որդիները դուրս են եկել իմ տնից։ Սոփիոն ասում է, նա աչք ունե Մարիամի վրա. թող գլուխը քարին տա, ինչ ուզում է անի, ում վրա ուզում է պսակվի, միայն ինձ օգնի, իի՜նձ։ Ախ, անիծված փող, ո՞րտեղ ես մի հիսուն հազար... Հենց այսօր գործերս կդրստեի ու ամենի երեսին կթքեի»...

Նա վճռեց նամակով խնդրել Հալաբյանին։ Այն, ինչ որ բերանացի դժվարանում էր ասել, գրչով հեշտ էր գրել։ Առաջին տողերից հետո նա կանգ առավ, ճակատը մռայլվեց։ Նա որոնում էր այնպիսի դարձվածներ, որ կարողանային շարժել Հալաբյանի գութը։ Եվ գտավ։ Մարդս մարդով է ապրում, նեղությունը ամենի համար է, կարոտողին օգնելը աստծու պատվերն է։ Աշխարհին հայտնի է, որ Նիկողայոս Սադափյանր թղթամոլ չի, շառլատան չի։ Նա ազնիվ վաճառական է, ընտանիքի տեր է։ Նա հավիտյան չի մոռանալ այն մարդուն, որ այս նեղ օրին ձեռք կմեկնի նրան։ Նա ավարտեց նամակը, մատը սեղմեց պատի էլեկտրական զանգակի կոճակին։ — Տար այս նամակը ,— հրամայեց նա սպասավորին,— տուր Հալաբյանին։ Եթե տանը չլինի, գտիր, որտեղ որ է։ Կա՛ց, տիրուհիդ տա՞նն է։

— Ոչ, օրիորդի հետ կառքով գնացին։

— Լավ, գնա՛։

«Իշխանի աղջիկ է, սեփական կառքով, ծառային առաջը նստացրած «վիզիտներ» է անում գրաֆինյաներին։ Ա՜խ, Սոփիո, Սոփիո, ափսո՜ս… հիմա եմ իմանում, թե դու ով ես… դու քո աղջկա հետ քանդեցիր ինձ. դո՛ւ փչացրիր իմ հարստությունս»…

Եվ նա, ատամները կատաղի կրճտելով, բռունցքը այնպես խփեց սեղանին, որ ծայրին դրած հաշվեմատյանները թափվեցին հատակի վրա։

Նույն պահին Հալաբյանը յուր տանն էր մոսիո Վախվախյանի հետ։ Այդ օրը նրա ծննդյան քառասուներեքամյա տարեդարձն էր։ Մի օր, որ նա սովորաբար տոնում էր յուր ընկերների հետ քաղաքի առաջնակարգ հյուրանոցներից մեկում։

Տանը նա խնջույքներ սարքել չէր սիրում և հարմարություն էլ չուներ։ Առհասարակ նա բարվոք էր համարում դրսում եռապատիկ ծախսել, քան սեփական խոհանոց պահել և ամեն առավոտ խոհարարի հետ նիստ կազմել օրվա ուտելիքի մասին, ինչպես անում էին նրա ծանոթ ամուրիներից շատերը։

Սակայն, վերջին անգամ Սադափյանների մոտ ճաշելուց հետո, հանկարծ նա կամեցավ կերպարանափոխել յուր տնային կյանքը։ Նա կանչեց մոսիո Վախվախյանին, պատվիրեց մի հմուտ խոհարար և մի արագաշարժ սպասավոր վարձել, վերանորոգել տան կահ-կարասին, մաքրել, զարդարել:

Ինչ ասել կուզի, մոսիոյի համար ավելի հաճելի զբաղմունք չէր կարող լինել։ Եվ նա մենակյաց ամուրիի մռայլ կացարանում մի այնպիսի շարժում բարձրացրեց, որ Թաթոսը մնաց ապշած։ Խեղճ ծառան մի անասելի տրտմության մեջ ընկավ, երբ յուր աղայի տանը տեսավ, բացի իրանից, ուրիշ ծառաներ։ — Ի՞նչ հարկավոր էր պովարը, լակեյը, ես չէ՞ի կարող ամեն բան անել,— տրտնջում էր նա անդադար։

Տասն օր շարունակ Հալաբյանը զբաղված էր տնային վերանորոգություններով։ Հաճելի էր նրան տեսնել յուր տան մեջ այդ անսովոր կենդանությունը։ Ցերեկը նա, մոսիո Վախվախյանի օգնությամբ, կարգադրություններ էր անում, հրամայում էր, բարկանում էր։ Երեկոյան փակվում էր առանձնասենյակում, կարգի էր բերում յուր հին ու նոր հաշիվները։

Նա ուներ մի քանի անշարժ կալվածներ, սրան ու նրան մուրհակով տված փողեր։ Ո՞վ ինչ է պարտ, ո՞ր խանութպանը վարձը ժամանակին չէ տվել, որի՞ հետ պետք է նոր պայմանագրություն կապել և այլն և այլն, այս բոլոր գործերը զբաղեցնում էին նրան ամբողջ երեկոները։

Այլևս նա ժողովարան չէր գնում։ Ընկերները փողոցում տեսնելիս նրան հանդիմանում էին։

«Տկար եմ, գործ ունեմ»,— ահա այն անորոշ խոսքերը, որոնցով նա արդարացնում էր իրան։

— Բայց մեզանից խոմ չե՞ս կարող փախչել,— ասաց մի օր Ախշարումյանը, յուր հսկայական ձեռը դնելով նրա ուսի վրա։

— Ո՞ւր պիտի փախչի,— հարցրեց իշխան Սահարունին,— շուտով էլի ծննդյան օրն է, քեֆ պիտի անենք։ Հա՛, լավ միտս եկավ, բարեկամ, երազ ես տեսել, ի՞նչ է, ասում են տունդ սարքել ես, ուրեմն այս անգամ տարեդարձդ քեզ մոտ կտոնենք։

— Տոնեցեք, եթե ուզում եք,— պատասխանեց Հալաբյանը ակամա։

— Ի՜նչպես թե ուզում եք,— գոչեց Ախշարումյանը,— անհամբեր սպասում ենք։ Այս անգամ մինչև հինգ շիշ շամպանյա չբաց անես, ձեռք չենք վերցնիլ քեզանից։

Դեռ վաղ առավոտից Վախվախյանը սկսել էր յուր եռանդուն գործունեությունը: Ճաշի պատրաստությունը և հյուրերին զվարճացնելու իրավունքը նրան էին հանձնված։ Նա անդադար վազում էր դուրս, պատվերներ էր տալիս խոհարարին և կրկին վերադառնալով, զբաղեցնում էր Հալաբյանին, որի վերջին ժամանակվա տաղտկությունը տակավին նրա համար անբացատրելի էր։

— Ամեն բան դրուստ է,— խոսում էր մոսիոն հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և վրացերեն բառերից կազմված մի ինքնուրույն բարբառով,— մեծ իշխանն էլ որ գա, ամոթով չենք մնալ։ Մեկ պովար է, որ գրաֆ Նավալիխինն էլ չունի։ Մայոնես է պատրաստում, մայո պոչտենիե։— Էյ, Պետրե,— դարձավ նա նույն պահին ներս մտնող սպասավորին,— ասա Անդրեյին, որ այն իմ բերած օրագուլը մի լավ սիրուն կտրի միջից, հասկանո՞ւմ ես, այ այսպես։

Պատվերը ավելի պարզ կացուցանելու համար նա աջ ձեռը շեղակի քսեց ձախ ձեռի ափից մինչև բազուկը, շարունակելով.

— Թող փորոտիքը հանի, սառը տեղ դնի, ես կգամ ու կասեմ, թե ինչ պիտի անի։

Սպասավորը մի հեգնական ժպիտ երեսին դուրս եկավ։

— Ախ, շենի ճիրիմե, մի մտիկ արեք էէ՜,— դարձավ մոսիոն Հալաբյանին, ցույց տալով զարդարուն հյուրասենյակը,— սալոն չի, բաս ի՞նչ է, ափսոս, ափսոս ու ափսոս։

— Ինչո՞ւ ափսոս։

— Օօօօ, մոն շեր ամի, արքայությունը առանց հրեշտակի կլինի՞… Ի՞նչ սազ կգա այդ փափուկ խալիներին, հապա՞… աղունակի ոտներ։ Չէ՞, սո՞ւտ եմ ասում։

Հալաբյանը ժպտաց։ Վախվախյանի ասածը, թեև կողմնակի, համապատասխանում էր նրա մտածմունքին։ Նա արդեն գիտեր Մարիամի և Ռուբենի դուրս գալը իրենց հորեղբոր տնից։ Այս իրողությունը նախ տխրեցրեց նրան, ի՞նչպես կարող է այսուհետև տեսնել օրիորդին։ Բայց երբ իմացավ, որ Ռուբենը համարյա հետին աղքատության մեջ է, որ Մարիամը զրկված է օժիտից, մի նոր հույս ծագեց նրա մեջ։ Աա՛, հպարտ օրիորդը այժմ կմեղմանա, չքավորի համար հարստության հրապույրը մեծ է։ Նա կխոնարհվի, անպատճառ կխոնարհվի։

Ներս մտավ Թաթոսը և հանձնեց Սադափյանի նամակը։

— Խիստ վաղ է շնորհավորում, ա՜յ,— գոչեց մոսիո Վախվախյանր ծաղրաբար, կարծելով, թե նամակը տարեդարձի առթիվ է գրված։

Հալաբյանը կարդաց նամակը, աչքունքը թթվացրեց, հանդարտ բարձրացավ տեղից, եկավ և անձամբ Սադափյանի ծառային ասաց, թե պատասխանը վաղը կտա։

Ներս մտավ իշխան Սահարունին, ջրալի շրթունքի վրա խաղացնելով մշտական կես-սիրալիր և կես-հեգնական ժպիտը: Նրա հետևից երևեցավ Ախշարումյանի բարձր հասակը, այնուհետև փոքրահասակ, սուր քթով ու ծնոտով, կոլորակ աչքերով մի շիկահեր մարդ, որի տարիքը որոշել անկարելի էր։

«Եկա՜վ»,— արտասանեց մոսիո Վախվախյանը, քթի տակ մրթմրթալով։

— Աստված, երկինք վկա, ուժով բերեցին,— ասաց փոքրահասակ մարդը, յուր անկոչ գալուստը արդարացնելով տանտիրոջ առաջ։

«Բեդզադն ես, որ ընկերդ չկա»,— մտածեց մոսիո Վախվախյանը։

Փոքրահասակ մարդը, որին Գիգո էին անվանում, հայտնի էր հարուստների, մանավանդ ամուրիների, շրջանում այնքան, որքան և մոսիո Վախվախյանր։ Մի ժամանակ նա ծառայել էր մաքսատանը։ Նիկողայոս Սադափյանին վերաբերող մի տարաբախտ դեպք պարզեց մաքսային վարչության զեղծումների մի շարք, որոնց մասնակցել էր և՛ Գիգոն։ Նրան վռնդեցին և այժմ նա պարապում էր մանր-մունր կապալներով, կատարում էր առևտրական միջնորդի դեր, անդամ էր մի բանկային վերաստուգող մասնաժողովի, սիրում էր ընկերանալ դիրք ունեցող մարդկանց, նրանց հետ թուղթ խաղալ։ Մի խոսքով այն մարդկանցից էր, որոնց մոսիո Վախվախյանը «ամեն տեղ քիթ խրող» էր անվանում։ Այս պատճառով մոսիոն ատելով ատում էր նրան և փոխարենը միշտ ծաղրվում նրանից։

— Էհե՜, այստեղ ե՞ս,— գոչեց Գիդոն, հեգնելով Վախվախյանին,— առանց իշի գլխի հարսանիք չի լինիլ:

— Ոնց որ առանց մկան պարելու էլ հարսանիք չի լինիլ.— խոսքի տակ չմնաց Վախվախյանը, և նույն վայրկյանին սովորական հազը բռնեց նրա կոկորդից։

Հինգ ամուրիներ ճաշի նստեցին նոր կահավորված, մաքուր, լուսավոր սեղանատանը։ Խոսակցությունը պտտում էր Հալաբյանի բնակարանի վերանորոգության մասին։ Իշխան Սահարունին գովեց նրա վարմունքը, որ սկսել է «տնային կյանք» վարել, մինչև անգամ համբուրեց ճակատից։ Հալաբյանը չէր հավատում նրա անկեղծությանը, թեև չգիտեր նրա բուն դիտավորությունը։ Նատալիային յուր ընկերոջ «վզին կապելը» իշխանը դարձրել էր յուր համար մի լուրջ խնդիր։ Սոփիոն հանգիստ չէր թողնում նրան, և նա կամենում էր մասամբ վճարել այն «փոքրիկ ձեռապարտքերի» փոխարենը, որ ստեպ֊ստեպ առնում էր Նիկողայոս Սադափյանից։

Ճաշը ուրախ անցավ։ Սահարունին խոսում էր ամենքի վերաբերմամբ, բացի Հալաբյանից։ Մոսիո Վախվախյանը և Գիգոն միմյանց ծաղրում էին։ Փոքրիկ մարդը խոսում էր այնքան արագ, որքան արագ֊արագ փակվում ու բացվում էին նրա աչքերի կոպերը։

— Տը տը տըր, տը տը տըր,— ծաղրում էր նրա շատախոսությունը մոսիո Վախվախյանը,— տո դադար չե՞ս տալու էդ կոտրած բարաբանիդ։

Ախշարումյանը կենացներ էր առաջարկում։ Վիթխարի ամուրին հիացած էր Հալաբյանի ճոխ և շքեղ ճաշով, ուտում էր այնպիսի ագահությամբ, որ, կարծես, գրազ էր եկել։ Նրա ամուր և լայն կզակի մեջ պես֊պես համադամ խորտիկների, խորոված և խաշած ձկնի պատառները հալվում էին, թրջվելով Կախեթի ընտիր գինով։ Տասն անգամ նա անուշ արավ Հալաբյանի կենացը, յուրաքանչյուր բաժակից հետո ձեռքը քսելով կրծքին և փորին։ Կարծես ոգելից հեղուկի համար ճանապարհ էր հարթում։ Կանանցից հետո, լավ ուտել-խմելը նրա կյանքի առաջին զվարճությունն էր, որ խլում էր նրա եկամտի մի պատկառելի մասը։ Նա հարուստ ընտանիքի որդի էր, վայելում էր ծերունի հոր լիուլի հավատարմությունը։ Ամեն տարի գնում էր արտասահման և վերադառնում էր նորոգված ճաշակով։ Ստամոքսի կատար ունեցողներին ծաղրում էր, ինչպես և ծաղրում էր այն մարդկանց, որ իրանց կյանքում «մի ազգի կանանց են ճանաչել»:

Երբ բոլոր բարեկամական կենացները վերջացան, Գիգոն առաջարկեց յուրաքանչյուրին խմել «յուր ընտրածի» կենացը։ Նա ինքը միանգամից դատարկեց բաժակը և խփեց սեղանին։

— Մարսել — Պոլիս, Վիեննա — Փարիզ,— գոչեց Ախշարումյանը, չորս բաժակ իրարու հետևից դատարկելով:

Հալաբյանը զզվանքով հրաժարվեց այդ «կենացից»: Իշխանը աչքով արավ մոսիո Վախվախյանին։ Վերջինը նայեց տանտիրոջը, բերանը սրբեց, հազաց, դուրս վազեց և իսկույն վերադարձավ։ Նրա հետևից մտավ սպասավորը, մի ձեռում բռնած մի սկուտեղի մեջ հինգ վարդաձև գավաթներ, մյուս ձեռում թաց անձեռոցիկի մեջ փաթաթված մի շիշ։

— Ջան, ջան, մոսիո Վախվախյան,— գոչեց Ախշարումյանը։

Մոսիո Վախվախյանը հանդարտ լցրեց գավաթները շամպանիայով, այնպիսի խորհրդավոր դեմքով, որ կարծես, կրոնական սրբագործություն էր արածը։ Հանկարծ լսվեց Գիգոյի կատվանման սուր ձայնը։

— Նեկտար է և ոչ գինի՜ի...

Իշխանը լռեցրեց նրան և, տեղից բարձրանալով, գոչեց. — Առաջարկում եմ այս բաժակը այս տան ապագա տանտիկնոջ կենացը, հուռա՜...

Նրան ձայնակցեցին Գիգոն և Վախվախյանը։

— Կարելի՞ է հենց այժմ իմանալ մեր հարգելի տանտիկնոջ անունը,— ասաց Ախշարումյանը։

— Խմի՛ր, ժամանակին կիմանաս։

Բոլորը այդ կենացը խմեցին հարգանքով։ Հալաբյանը դժկամակություն ցույց տվեց իշխան Սահարունուն, նրա կատակը անվանելով անտեղի։ Ախշարումյանը պահանջեց շամպանիայի երկրորդ շիշը, հետո երրորդը։ Ճաշը ավարտվեց։ Զվարճացած հյուրերը անցան հյուրասենյակ։ Թուղթ խաղալ ոչ ոք չկամեցավ։ Հալաբանի հրամանով սպասավորը բերեց մի շիշ «բենեդիկտին», և հյուրերը սկսեցին իրանց կոկորդը մաքրել աբբահայերի հնարած անուշ հեղուկով։

Մոսիո Վախվախյանը քիչ էր խոսում, շատ էր հազում և փոքր-ինչ տատանվում էր ոտքի վրա։ «Նեկտար է և ոչ գինին» ամենից շատ ազդել էր փոքրիկ Գիգոյի վրա։ Նրա առանց այն էլ թոթով լեզուն բառերը շփոթում էր։ Նա յուր հարգանքն ու սերն էր բացատրում Հալաբյանին և իշխան Սահարունուն։

Ախշարումյանի սև ու խոշոր աչքերը պլպլում էին, թշերը ուռել էին, կարմրել, թվում էր, թե իսկույն պիտի կաշին տրաքվի և արյունը հոսի։ Նա գոռում էր, մոսիո Վախվախյանի հետ կատակներ էր անում, Գիգոյին գնդակի պես շպրտում էր այս ու այն կողմ, անհամեստ ակնարկություններ էր անում կանանց սեռի մասին, չքաշվելով Թաթոսի ամոթխած և նոր սպասավորի լկտի հայացքներից։ Նրա գազանային կրքերը գրգռվել էին։

— Վըվվվ, կենդանի-կենդանի կուտեմ,— ասում էր նա, ցույց տալով պատին քարշ արած մի յուղաներկ պատկեր, որ ներկայացնում էր ուսերը և կուրծքը բաց մի կին։

Հետաքրքիր մոսիո Վախվախյանր իշխան Սահարունիին մի կողմ հրավիրեց և հարցրեց— ո՞վ է «ապագա տիկին Հալաբյանը»։ Իշխանը խորհրդավոր կերպով ակնարկեց յուր քեռորդու անունը և խնդրեց ոչ ոքի չհայտնել «գաղտնիքը»։ Դա նրա միջնորդության առաջին փորձն էր, շատ լավ գիտեր, թե ո՜վ ո՜վ, մոսիո Վախվախյանը գաղտնիք պահելու սովորություն չունի։ Մի րոպե չանցած մոսիոն «գաղտնիքը» շշնջաց Ախշարումյանի, հետո Գիգոյի ականջին։

— Ուրեմն ինչո՞ւ չշնորհավորենք,— գոչեց Ախշարումյանը։

— Ոչ, ոչ, հոգուդ մատաղ, մի ասեք, իշխանը հոգիս քնթիցս կհանի,— զգուշացրեց Վախվախյանը։

— Բայց ինչ պտուղ է գտե՜լ,— ծաղրեց Ախշարումյանը Հալաբյանի կարծեցյալ հարսնացվին,— Վիեննա էլ չես տեսնի նրա նման գեղեցկուհի…

— Խը խը խը,— ծիծաղեց մոսիո Վախվախյանը, շաքարի պես հալվելով։ Իշխանը Հալաբյանին մի անկյուն քաշած, պախարակում էր ամուրի մարդու կյանքը։ Նա ինքն ուրախ կլիներ յուր հոգնած ոսկորներին հանգստություն տալ ընտանեկան հարկի տակ, բայց արդեն ուշ է և նյութական դրությունն էլ չի ներում։ Ով կարողություն ունե, հիմար է, որ փախչում է այդ խաղաղ կյանքից։ Հալաբյանը ձևած կտրած է ընտանիքի գլուխ լինելու համար։ Նա պետք է ամուսնանա, նա ուզում է ամուսնանալ, իշխանին վաղուց է հայտնի նրա մտադրությունը։ Խոմ կատակով չառաջարկեց այն կենացը, խոմ իշխանը գիտե, թե Հալաբյանը ում վրա աչք ունի։ Այո, Նատալիան հրաշալի աղջիկ է, նմանը չկա ամբողջ Թիֆլիսում։

— Իշխա՜ն,— ընդհատեց, վերջապես, նրա խոսքը Հալաբյանը,— եթե հարգում ես քրոջդ աղջկան, թող այդ խոսակցությունը, ամոթ է։

— Ինչպե՞ս, դու կարծում ես, որ արժանի՞ չես նրան,— արտասանեց իշխանը խորամանկությամբ,— վախենում ես, որ կմերժե՞ն։ Օօ, բաս ես ո՞րտեղ եմ։ Ես կաշխատեմ, իսկի մի վախենալ, գլուխս կտամ քո խաթրու ու բանդ կդրստեմ։

Հալաբյանը երեսը մի կողմ դարձրեց և հեռացավ։ Օրը մթնում էր։ Ախշարումյանը մոտեցավ, բռնեց իշխանի թևից և ուժով դուրս տարավ։ Փոքրամարմին Գիգոն, որ թախտի վրա նստած, կիսաթմրած դրության մեջ էր, քայլամոլոր հետևեց նրանց:

Մոսիո Վախվախյանը տեսնելով, որ տանտերը օրոշտում է և առհասարակ տրամադիր չէ խոսելու, ակամա հրաժեշտ տվեց, ասելով.

— Գնամ, տեսնեմ ոնց եմ մթնացնում օրս, ա՜յ քեսիբի օրն էլ...

Հալաբյանը առանձնացավ ննջարանում։ Նրա գլուխը պտտում էր, ոչ այնքան ըմպելիքներից, որքան հյուրերի աղմուկից, անկարգ-անկանոն խոսակցությունից։ Այսպես, ուրեմն, մի անգամ ևս նա կատարեց նրանց հաճույքը։ Այդ կլինի վերջինը։ Երբեք, երբե՛ք նա յուր տունը չի դարձնի անմիտ խնջույքների, անվայել կատակների, կեղտոտ, սրախոսությունների հանդիսարան։

Նա վաղը ևեթ կգտնի յուր ընտրածի բնակարանը, իբրև ազնիվ մարդ արձակ-համարձակ կառաջարկի յուր ձեռքը։ Նա հարուստ է, Մարիամը աղքատ։ Նա ամեն ինչ կզոհի Մարիամի համար, եղբորը կուղարկի արտասահման, հոր և մոր գերեզմանների վրա փառավոր արձաններ կկանգնեցնի։ Նա կտա նրան լիովի ազատություն յուր տանը, թող ծախսի — ինչքան ուզում է, թող ապրի — ինչպես ուզում է։ Նա կդարձնի Մարիամին կանանց դասի զարդ, ընդհանուր նախանձի առարկա, միջոց կտա նրան Ժամանակակից կրթված տիկնոջ դեր կատարելու հասարակության մեջ, կարոտներին օգնելու, բարեգործական ընկերություններին մասնակցելու, ուսումնարան պահելու։ Այո, մինչև անգամ մի առանձին ուսումնարան կհիմնի Մարիամի անունով։

Հետևյալ առավոտ նա զարթնեց ուրախ տրամադրությամբ։ Նայեց յուր շուրջը, ամեն ինչ պատրաստ էր, ծառաները մաքրել էին սենյակները, կահ-կարասին փայլում էր, թանկագին, փափուկ, խայտաբղետ գորգերը մի դուրեկան ազդեցություն էին անում մարդու վրա։ Սպասավորը հրամանի էր սպասում, խոհարարը արդեն բազար էր գնացել, ամեն ինչ պատրաստ էր մի բախտավոր կյանքի համար։ Հալաբյանը մի առանձին եռանդ էր ստացել։ Վճռված է, այսօր նա կգտնի Ռուբենին, կբարեկամանա, կառաջարկի յուր օգնությունը։

Հանկարծ նա հիշեց, որ խոստացել է պատասխանել Սադափյանի նամակին։ Մարդը սնանկանում է, այսօր կամ էգուց նրա անունը պիտի խայտառակվի, ինչպես գրում է։ Չպիտի՞ օգնել նրան։

Խնդրած գումարը մեծ էր, և Հալաբյանը ընկավ մտատանջության մեջ։ Նա սկսեց քննել Սադափյանին առաջին անգամ իբրև մարդ և մի տարօրինակ ուրախություն զգաց, գտնելով նրա անցյալում շատ արատներ։ Սադափյանը չէ՞ր, որ խեղճ Մարգարովի տան կայքը բազար հանել տվեց և պարտքի տեղ ծախեց։ Նա չէ՞ր, որի պատճառով մաքսատան երեք չինովնիկներ դատի տակ ընկան և պատժվեցին։ Հըմ, նա չէ՞ր, որ պոլկովնիկ Խարազովի տասը հազարը աչքերը բաց կուլ տվեց, և խեղճ ծերունին կաթվածահար լինելով, մեռավ։ Վերջապես, նա չէ՞, որ յուր հարազատ եղբոր որդիներին զրկում է… Է՛հ, ո՛ր մեկն ասես: Հիմա այդ մարդը կանգնել ու աղաչում է, որ ուրիշները իրեն օգնեն։

— Թեկուզ խեղդվի, դրա պես մարդուն օգնելը մեղք է,— ավարտեց յուր մտածմունքները Հալաբյանը և հանգիստ խղճով պատռեց ու դեն ձգեց Սադափյանի աղերսալի նամակը։


VIII


Նոր բնակարան տեղափոխվելու հետևյալ օրից արդեն Ռուբենը հանձն առավ յուր պաշտոնը։ Դպրոցի տեսուչը, որ նրա նախկին ուսուցիչն էր, ընդունեց նրան ուրախությամբ և խոստացավ մոտիկ ապագայում ավելի հարմար պաշտոն։

— Աշխատելու սեր ունեցողը,— ասաց նա, — երբեք քաղցած չի մնալ։ Իսկ Ռուբենը, կամա թե ակամա, պետք է ունենար այդ սերը։ Նրա վճիռը հաստատ էր։ Ոչ միայն չհետևեց Մելիք-Բարսեղյանի խորհրդին, այլև արհամարհանքով էր հիշում յուր հորեղբոր տունը։ Այն տունը, ուր նրա միակ քույրը այնքան տարի բարոյապես տանջվել էր։

Բայց նրան անհանգստացնում էր մի հանգամանք — Մարիամի անորոշ տխրությունը։ Իզուր այն երեկո, բժիշկը դուրս գնալուց հետո, նույնպես հետևյալ և երկրորդ օրը, փորձեց իմանալ նրա հանկարծակի այլայլման պատճառը։

— Հենց այնպես, սիրտս նվաղեց,— պատասխանում էր Մարիամը անվրդով։

Հակառակ յուր խոստմանը, բժիշկը չեկավ նրանց մոտ, ոչ հետևյալ օրը, ոչ հետո։ Ռուբենը նկատում էր, որ Մարիամր չէ խոսում նրա մասին, մինչև անգամ խույս է տալիս անունը հիշելուց։

— Զարմանալի է,— ասաց մի անդամ եղբայրը դիտմամբ,— Վասիլը, կարծես, մեզ բոլորովին մոռացել է։

— Երևի զբաղված է գործերով,— պատասխանեց քույրը և ոչինչ չավելացրեց, հակառակ Ռուբենի սպասածին։

Քրոջ արտաքին անտարբերությունը ավելի շարժեց եղբոր հետաքրքրությունը։ Այլևս նա համոզվեց, որ Մարիամը կեղծում է, որ նրա տխրության բուն պատճառը կապ ունե Մելիք-Բարսեղյանի հետ։

Հազիվ մի շաբաթվա ընթացքում Մարիամը կարողացավ կարգի բերել նոր բնակարանը։ Նա աշխատում էր առավոտից մինչև երեկո անդադար։ Նա համարյա ոչինչ հասկացողություն չուներ տնային տնտեսության մասին ոչ եփել գիտեր, ոչ կարել, ոչ մինչև անգամ լվանալ։ Հարկավոր էր մի խորհրդատու, մի ղեկավար։ Եվ նա ստիպվեց դիմել հարևան կանանց օգնությանը։ Մեկը նրան սովորեցրեց հասարակ սուպ պատրաստելը, մյուսը հանձն առավ սովորեցնել շոր լվանալու եղանակը։ Ֆիզիկական աշխատանքի ծանրության տակ ճնշված այդ գռեհիկ կանայք հոգով խղճում էին նրան, որի կրթված ձևերից, քնքուշ կազմվածքից արդեն գուշակել էին նրա հարուստ ընտանիքի զավակ լինելը։

Ամենից ավելի ցավակցություն էր ցույց տալիս պառավ տանտիրուհին։ Ստեպ-ստեպ նա մտնում էր ներս, անկոչ հյուրի պես և Մարիամին ձանձրացնում յուր մանրակրկիտ հարցուփորձով։ Ո՞վ է, ո՞րտեղից է, ազգականներ ունի՞, քանի տարեկան է, ե՞րբ է ուսումը ավարտել և այլն և այլն։ Այդ կինը, որին Մելանիա Պետրովնա էին անվանում, Մարիամին կասկածելի էր թվում յուր դեղնագույն դեմքի անհամեստ արտահայտությամբ, յուր հինայած մազերով, յուր պատկառելի հասակին անվայել ազատ և համարձակ շարժումներով։

Մի օր Մելանիա Պետրովնան, պատշգամբի վրա տեսնելով Մարիամին սամովարի մեջ ածուխ ածելիս, մոտեցավ։ Նա բռնեց օրիորդի ծնոտից, վերև բարձրացրեց գլուխը և, նայելով նրա գեղեցիկ աչքերին արտասանեց

- Ի՜նչ սիրուն ես, ափսո՜ս…

Մարիամը զզվանքով երեսը շուռ տվեց և առանց մի խոսք ասելու, մտավ սենյակ։ Լուսամուտից նա տեսավ, որ պառավը կանգնած նայում է, մի խորամանկ և հրող ժպիտ երեսին։ Նույն երեկո նա Ռուբենին հայտնեց, թե ցանկալի կլիներ մի ուրիշ բնակարան վարձել։ — Ինչո՞ւ։

— Քեզ համար շատ հեռու է,— թաքցրեց նա իսկական պատճառը։

— Ինձ համար հոգս մի՛ անիլ: Եթե ուրիշ անհարմարություն կա, այն ասա։

— Անհարմարություններ շատ կան,— պատասխանեց Մարիամը, և հանկարծ միտքը փոխելով, ավելացրեց.— բայց ով կտա մեզ ամսական տասը ռուբլով սրանից ավելի հարմար բնակարան...

Հաճախ նա միայնակ նստում էր եղբոր սեղանի մոտ և երկար-երկար ժամանակ մնում էր խորասուզված մտածումների մեջ։ Մի քանի օրվա ընթացքում նա դարձել էր զարմանալի նյարդային։ Անսովոր աշխատությունից հոգնած, նա երբեմն գրգռվում էր ամենաչնչին բաներից։ Ցերեկը նա սրբում էր, մաքրում, մի կերպ կերակուր էր պատրաստում, երեկոները վերցնում մի որևէ գիրք և նստում լուսամուտի առաջ։ Նա չէր կարողանում մի քանի էջերից ավելի կարդալ։ Շուտով նրա աչքերը պղտորվում էին, գլուխը պտտում էր, գիրքը ընկնում էր ծնկների վրա, և նա մնում էր անշարժ, արձանացած։

Մոտ երկու շաբաթ էր անցել, Մելիք-Բարսեղյանը չէր երևում։ Ուրեմն իզուր չէր Մարիամը կասկածում, ուրեմն իզուր չէր, որ բժշկի այն սառն «ընկերական» խորհուրդը այնքան սարսափեցրեց նրան։

«Նա ինձ չի սիրում, ո՛չ, չի սիրում, պնդում էր օրիորդը, հուսահատված գալարելով յուր մատները,— եթե սիրեր, այնպես չէր խոսիլ»։

Ի՞նչ, նա վիրավորական չէ՞ համարում Մարիամի համար վերադառնալ այն տունը, որտեղից համարյա արտաքսել են նրան։ Մի՞թե այդ էր սպասում նա այդ մարդուց։ Նա վախենում է չքավորությունից. նա, որ ինքը չքավոր է եղել և որ այնքան պարծենում է յուր անցյալ չքավորությամբ։ Նա առաջարկում է յուր ընկերոջը մի այնպիսի քայլ անել, որ վայել չէ ամեն մի քիչ թե շատ ինքնասեր մարդու։ «Տեր աստված, տեր աստված, միթե ես խաբվա՞ծ եմ,— շշնջում էր օրիորդը ստեպ-ստեպ,— միթե իզո՞ւր էին իմ բարձր հույսերը նրա մասին։

Տոն օր էր։ Ռուբենը ազատ էր պաշտոնից։ Նա յուր սենյակում զբաղված էր մի գրությամբ, որ սկսել էր նոր բնակարան տեղափոխվելու երկրորդ օրը և որին նվիրում էր յուր ազատ ժամերը։

Մարիամը յուր սենյակում, փոքրիկ, անշուք թախտի վրա նստած, սպիտակ կտավից վարագույր էր կարում եղբոր սենյակի լուսամուտի համար։ Ամբողջ գործը բաղկացած էր երեք կարեգծերից։ Երկու օր էր նա տքնում էր և չէր կարողանում վերջացնել այդ հասարակ կարը։ Նրա անվարժ ձեռներր դողդողում էին, ասեղը շարունակ ծակում էր նրա մատները։

Հանկարծ նա Ռուբենի սենյակից լսեց Մելիք-Բարսեղյանի ձայնը։ Նա ակամա մի ցնցում զգաց, ձեռները թուլացան, կարը ընկավ ծնկների վրա։

— Ա՛ա, վերջապես, եկա՞ր,— դիմավորեց Ռուբենը բժշկին։

— Հազիվ ժամանակ կարողացա գտնել,— գոչեց բժիշկը շունչը կտրված,— հավատացիր, որ մի րոպե ազատ ժամանակ չունեի։

Նա շտապով հանեց ձեռնոցները, նստեց աթոռի վրա։ Ռուբենը յուր ձեռագիրը դրեց սեղանի արկղիկը։

— Այդ ի՞նչ ես թաքցնում,— հետաքրքրվեց բժիշկը ինչպես տեսնում եմ, դու էլ զբաղված ես։ Պարապիր, պարապիր, րոպեն թանկ է։ Բայց ո՞րտեղ է օրիորդը։ Յուր սենյակո՞ւմ։ Հույս ունեմ, որ առողջ է։ Հը՜մ, ասա տեսնեմ, կատարեցի՞ր խորհուրդս, գնացի՞ր հորեղբորդ մոտ:

Ռուբենը գլխով բացասական պատասխան տվեց։

— Իզո՜ւր,— արտասանեց բժիշկը, գլուխը ցավակցաբար շարժելով,— բայց ի՞նչ պիտի անես, ի՞նչ ես մտադիր անելու։

Գուցե նա դեռ շարունակեր յուր հարցուփորձը։ Բայց Ռուբենը այն ձևով էր պատասխանում, որ միանգամայն առիթ էր տալիս երկրարաբանության։ Բժիշկը սկսեց պատմել այն բոլորը, ինչ որ արել էր երկու շաբաթվա ընթացքում։ Նա արդեն ծանոթացել էր Թիֆլիսի մի քանի ընտանիքների հետ, դեպք է ունեցել հանդիպելու յուր արհեստակիցներին։ Նա շատ նուրբ, շատ քաղաքավարի արհամարհանքով մի քանի նկատողությաններ արավ վերջինների մասին։ «Պրակտիկան» նրանց փչացրել է, թեորիան մոռացել են, գիտությանը բոլորովին չեն հետևում, չգիտեն բժշկականությունը ինչ հսկայական քայլեր է անում վերջին ժամանակ։

— Երևակայի՜ր,— շարունակեց Մելիք-Բարսեղյանը, հեգնաբար ժպտալով,— մեկը, անունը չեմ ուզում ասել, բժշկում է մի թոքախտ ունեցող հիվանդի։ Հիվանդը իմ քաղաքացիներիցս է, հեռու ազգական է։ Երեկ նրա մոտ էի, պատահաբար ծանոթացա այդ բժշկի հետ։ Անունս հայտնեցի և մի կողմ քաշելով, հարցրի ազգականիս հիվանդության մասին։ Խոսեցինք, վիճեցինք։ Ի՞նչ հայտնվեց. այդ մարդը տասը տարի է բժշկություն է անում, անուն ունե, երևակայի՜ր, երևակայի՜ր, չգիտե լուծել հռչակավոր Կոխի բաքտերիտ-բացիլները։ Ահա ձեր Թիֆլիսի էսկուլապները, կարելի՞ բան է այդքան տգետ լինել և անուն ստանալ։

Հետո բժիշկը խոսեց յուր բնակարանի մասին։ Խիստ աղմկալի տեղ է վարձել. ստորին հարկում հյուսներ են բան անում, վերին հարկում գիմնազիստներ են ապրում, ամբողջ օրը պարում են ու երգում։ Վերև աղմուկ, ներքև աղմուկ, աջ ու ձախ հարևաններով լի։

— Մի խոսքով, ինձ չեն թողնում որ պարապեմ։ Իսկ դու գիտես, առանց պարապմունքի, ես մեռած եմ։ Այժմ զբաղված եմ մի թեթև գիտական աշխատությամբ։ Գրում եմ մի բրոշյուր հասարակ լեզվով։ Թեման շատ հետաքրքրական է — «Մանուկների էպիդեմիական հիվանդությունների զանազան տեսակները, նրանց դեմ գործածելի ռացիոնալ միջոցները և առհասարակ ընտանիքների գիգիենական-սանիտարական պայմանների անհրաժեշտ կարևորությունը»։

Նա հիշեց մի լրագրի անուն, ուր առաջ պիտի տպվեր այդ գիտական աշխատությունը և հետո առանձին գրքույկներով հրատարակվեր աժան գնով հասարակ ժողովրդի մեջ տարածելու համար։ Ռուբենը ակնարկեց, թե մի քանի օր առաջ այդ լրագրում կարդացել է «բժշկապետ Մելիք-Բարսեղյանի» մասին ռեկլամի պես մի բան։

— Այնքան կռվել եմ խմբագրի հետ, որ երևակայել չես կարող,— պատասխանեց բժիշկը, սակավ ինչ շփոթվելով։— Հիմարություն, ուրիշ ոչինչ, դու գիտես, որ ես ռեկլամներից փախչում եմ…

Դռների ձայնը ընդհատեց նրա խոսքը։ Մյուս սենյակից դուրս եկավ Մարիամը։

— Մեղավոր եմ, զգում եմ,— գոչեց բժիշկը, ոտքի կանգնելով,— ինչ արած, բժշկի արհեստը ծանր է, պատասխանատու է։

— Իսկ ես կարծում էի, որ ինձ էլ ձեր հիվանդներից մինը կհամարեք,— արտասանեց Մարիամը մի առանձին, անսովոր եղանակով։

— Ի՞նչ, դուք հիվա՞նդ եք։ Նո'ւ, Ռուբեն, դու ինձ ինչո՞ւ խաբեցիր, այդ ներելի չէ, միթե չէի՞ր կարող հայտնել։ Թ՛ույլ տվեք, օրիորդ…

Մարիամը թույլ ժպտալով, ձեռը խլեց բժշկից և նստեց սեղանի մոտ։

— Ո՛չ, դուք կատակ եք անում, դուք առողջ եք,— ասաց բժիշկը, ավելի շփոթվելով օրիորդի վարմունքով և համարելով նրա ժպիտը մի տեսակ հեգնություն։

Այնինչ՝ վայրկենաբար Մարիամը փոխվեց։ Նա բժշկի շփոթմունքը այլ կերպ հասկացավ։

«Միթե ես սխալվո՞ւմ եմ», անցավ նրա մտքով։

Եվ սկսեց լարված ուշադրությամբ հետևել բժշկի խոսակցությանը, դիտել բոլոր նրա շարժումները։ Մինշդեո բժիշկը զսպելով շփոթմունքը, կրկին դարձավ ազատ, համարձակ։ Նա պատմեց մի քանի նորություններ, գովեց մեկին, պարսավեց մի ուրիշին։

Աոհասարակ բժիշկը խոսում էր շատ ընդհանուր, շատ հասարակ բաների մասին։ Նա ոչ մի խոսք չասաց, ոչ մի ակնարկություն չարավ Ռուբենի և Մարիամի ներկա կացության մասին։ Նա չհիշեց մի որևէ դեպք անգամ, որ կարող էր կապ ունենալ այդ հանգամանքի հետ։ Նա թաքցրեց և՛ յուր այցելությունր Սադափյաններին։ Մարիամը ուրախ էր — չգիտեր ինչու, ժպտում էր, ծիծաղում էր — չգիտեր ինչից դրդված։

Քանի մի վայրկյան նրանք լռեցին։ Բժիշկը, իբր թե ճակատը տրորելով, ձեռով ծածկեց աչքերը և մատների արանքով զննեց Մարիամին։

«Ի՞նչպես աղքատությունը վատ է ազդում գեղեցկության վրա», — ասաց նա մտքում, տեսնելով օրիորդի ձեռների վրա անսովոր աշխատանքի հետքերը։ Այդ քնքուշ ձեռների թափանցիկ, բարակ կաշին կոշտացել էր, քիչ սևացել, մատների ծայրերը բիրտացել էին, եղունգները, կարծես, զրկվել էին իրանց նախկին հայելանման փայլից։ Եվ այդ՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքո՜ւմ։

Բժիշկը ցավեց օրիորդի երիտասարդության, գեղեցկության, կրթության մասին։ Մի՞թե նրանց վիճակված է մաշվել աղքատության մեջ։ Դա խղճի խայթոց չէր, դա և՛ մի օտար, անտարբեր մարդու սառն կարեկցություն չէր, այլ բուն եսականության զգացմունքը։

Չէ՞ որ նա սիրում էր Մարիամին յուր տեսակի, չէ՞ որ երազում էր կապել նրա հետ յուր ապագայի խնդիրը։ Ինչո՞ւ նա ստիպված է ձեռք վերցնել յուր փայփայած ծրագրից, ինչո՞ւ Մարիամը աղքատ է, բոլորովին աղքատ։

«Ինչո՞ւ գոնե ես հարուստ չեմ»։

Բայց այժմ, այս դրության մե՞ջ... Երբե՛ք, չքավորության հետ կատակ անել չի կարելի։ Կանցնի ամուսնության առաջին ամիսը, ամիսները, վերջապես, շատ-շատ՝ տարին, նրանք կսթափվեն արբեցողությունից, և առօրյա անողոք պահանջները կսկսեն թունավորել նրանց կյանքը։ Այն ժամանակ գնա ու ապրիր։ Դեռ երկուսով ոչինչ, հետո՞, զավակնե՞րը, չպիտի՞ նրանց մեծացնել, կրթություն տալ։

«Կարո՞ղ եմ ես նրանց այնպես պահել, ինչպես իմ հայրս է ինձ պահել, տկլոր, քաղցած: Ոչ, ոչ, Մարիամը երեխա չի, նա կարող է մտածել այս բոլորի մասին, նա պետք է մտածի...»։

Երկու շաբաթվա ընթացքում կազմված և պատրաստված խորհրդածությունների այս շարքը մի վայրկյանում կրկին անցավ բժշկի մտքով։ Նա թեթև հառաչեց, կարծես, ազատվելով մի ճնշող ծանրությունից։

Մարիամը լուռ էր: Խոսում էր Ռուբենը կցկտուր։ Երեքն էլ զգում էին, որ խոսակցությունը չէ տաքանում, որ մեջտեղ կա մի սև թել, որ նրանց մտքերի հաղորդակցությունը արվեստական է դարձնում։

Վերջապես, բժիշկը նայեց ժամացույցին և իսկույն ոտքի վեր կացավ։ Նա ստիպողական գործ ունի, «ցավում է», որ չի կարող երկար նստել։

Փողոց դուրս գալով, նա ագահությամբ յուր թոքերը լցրեց ազատ օդով։ Փոքրիկ բնակարանի ցածր առաստաղը, Մարիամի թախծալի դեմքը, Ռուբենի ակներև անփութությունը դեպի յուր ընկերը, այս բոլորը ծանր ազդեցություն էին գործել նրա վրա։ Նա չէր կարող միանգամից, խստորեն ընդհատել յուր հարաբերությունները նրանց հետ, այդ կլիներ արդեն վերին աստիճանի կոպիտ։ Իսկ նա չէր կամենում կոպիտ լինել։ Պետք է հետզհետե, փոքր առ փոքր հեռանալ։ Ահա ինչու, «ցտեսություն» ասելով, նա տվեց Ռուբենին յուր մանրամասն հասցեն և խնդրեց այցելել։ Այդ օրը մինչև երեկո Ռուբենը և Մարիամը չխոսեցին Մելիք-Բարսեղյանի մասին։ Նրանք ճաշեցին շտապով, հատ-հատ անկապ, աննշան խոսքեր փոխանակելով։ Թվում էր, որ երկուսին էլ միևնույն միտքն է զբաղեցնում, որ երկուսն էլ ցանկանում են բացատրել այդ միտքը, բայց միմյանցից քաշվում են։

Երկու օր անցած Ռուբենը իրիկնադեմին տուն վերադառնալով, Մարիամին տեսավ պատշգամբի վրա։ Օրիորդը մի սյունից մինչև մյուսը մի պարան կապած, փռում էր լվացած շորերը։ Նրա թևերը ծալած էին մինչև արմունկները, թանձր մազերը բարակ թաշկինակի տակից սփռվել էին ուսերի վրա։

Մի ծանր զգացմունք ճնշեց Ռուբենի սիրտը, երբ տեսավ քրոջ կարմրած և սապոնի բծերով ծածկված բազուկները։ Առաջին անգամ նա զգաց աղքատության դառն լուծը։ Միթե այդպիսի ապագա երազե՞լ էր նա յուր քրոջ համար։ Նա զսպեց յուր հառաչանքը, շտապեց ներս: Վառեց կանթեղները, հակառակ Մարիամի ընդդիմության ինքը սամովարը դրեց, հետո սկսեց օգնել քրոջը, խոհանոցից կեղտոտ ջուրը գավիթ տանելով։

Չայ խմելուց հետո նա նորից նստեց պարապելու, չկարողացավ միտքը կենտրոնացնել։ Նա կանչեց Մարիամին յուր մոտ։ Երբ քույրը եկավ նստեց, անցավ այն րոպեական լռությունը, որ սովորական է երկու մտերիմների լուրջ և ծանր խոսակցությունից առաջ։

Սկսելով շատ հեռվից, Ռուբենը շատ զգույշ, շատ նուրբ կերպով ակնարկեց Մելիք-Բարսեղյանի մասին։ Սակայն այդ զգուշությունը հուզեց Մարիամին։

— Ինչո՞ւ ես տանջում ինձ քո հետաքրքրությունով,— գոչեց նա հանկարծ, մի դառն խստությամբ, որ հատուկ չէր նրան,— միթե ամեն ինչ հայտնի չէ՞ քեզ, միթե չգիտե՞ս ինչ եմ զգում ես...

— Մարո, ես երբեք չեմ ձգտել իմանալ այն, ինչ որ դու կամեցել ես ինձանից թաքցնել, երբեք չեմ ուզեցել կպչել քո սրտի գաղտնիքներին։ Բայց լսի՛ր, ես չեմ կարող սառնարյուն մնալ, քանի տեսնում եմ քեզ այդպես փոխված, այդպես տխուր: Ինձ համար պարզ է, որ մի միտք, մի ծանր վիշտ, քեզ օրից-օր, ի՜նչպես ասեմ, հալում է...

Մարիամի նշմարելի կերպով նիհարած այտերը կարմրեցին։ Անցավ մի քանի վայրկյան։ Նա վերջին ճիգն արավ պահելու յուր սառնությունը և... պատմեց այն բոլորը, որ վաղուց արդեն զգում էր Ռուբենը և այն բոլորը, որի մասին միայն կասկածում էր կամ միանգամայն չգիտեր։ Նա վաղուց էր կամենում հայտնել բայց կարծում էր, որ Ռուբենը կվշտանա, կհանդիմանի։ Նա մեղավոր չի, նա չկարողացավ զսպել ինքն իրան։ Սկզբում Մելիք-Բարսեղյանը դուր եկավ նրան իբրև խելոք, կրթված, զարգացած երիտասարդ։ Նա հարգեց նրան։ Ռուբենի գովասանքները ավելի զորացրին այդ հարգանքը, բարձրացրին բժշկին Մարիամի աչքում։

— Ես ուրախությամբ էի լսում քո գովասանքներդ, ես ցանկանում էի, որ դու ավելի հարգես, ավելի սիրես նրան։ Երբ նա Թիֆլիսից հեռացավ վերջին անգամ, ես մի տեսակ տխրություն զգացի։ Կարծես, ինձ մի բան պակասեց։ Դիլիջանում նրան հանդիպելով, չկարողացա ուրախությունս թաքցնել։ Դու նկատեցիր։ Մի՛ հարցնիլ, թե ինչպես նա օրից-օր գրավեց ինձ, մի՛ հարցնիլ, ես ինքս էլ չգիտեմ։ Առաջ նա ինձ հետ սառն էր. ես տանջվում էի, ես վիրավորվում էի, միևնույն ժամանակ, սրտով ավելի ու ավելի մոտենում էի նրան։ Ես չէի հուսահատվում, զգում էի, որ նա ինձ սիրում է, իսկ ես… Օօօ, եթե իմանայիր ինչքան գրավիչ էր մանավանդ այն ժամանակ, երբ վիճում էր քեզ հետ։ Ես ագահությամբ էի լսում նրա ասածները։ Ինձ թվում էր, որ նրա նման մի ուրիշ մահկանացու չկա ոչ խելքով, ոչ սրտով, ոչ զարգացումով և ոչ յուր արտաքին տեսքով։ Նրա շարժվածքը, նրա ձայնը, մինչև անգամ հագուստը ինձ համար մի առանձին հրապույր ուներ…

— Ահա մի մարդ,— շարունակեց Մարիամը, մի վայրկյան լռելուց հետո,— ահա մի մարդ, ասում էի ինքս ինձ, որ կարող է սիրել այնպես, ինչպես հարկավոր է, ինչպես ես եմ երևակայում, սիրել ամբողջ սրտով, անհաշիվ սիրով։ Նրա անցյալը, նրա կյանքի դժվար պայմանները, ինձ թվում էր, որ երաշխավոր կարող են լինել նրա հավատարմության։ Ես ասում էի, նա չի խաբիլ ոչ ինքն իրան, ոչ ուրիշին, ոչ մանավանդ ինձ… Նա րոպեի մարդ չէ, նա շուտ ոգևորվող և շուտ սառչողներից չէ, երբ հափշտակվեց, երբ սիրեց, կմնա հավատարիմ։ Այսպես էի մտածում նրա մասին։ Շատ կարելի է ես չհավատայի ինքս ինձ, իմ զգացմունքներիս, եթե չտեսնեի նրա կողմից խրախուսանք։ Լսո՞ւմ ես, Ռուբեն, նա երդվել է ինձ սիրել հավիտյան, այո, շատ անգամ, շատ անգամ…

Ռուբենը ակամա մի ցնցումն զգաց։ Այլևս ավելորդ էին Մարիամի խոսքերը։ Պարզվեց այն հանգամանքը, որի մասին թեև կասկածում էր, բայց համոզված չէր — բժիշկը սիրո խոստումն է արել։

— Իսկ այժմ, ա՜յժմ,— կրկնեց Մարիամը, երեսը կսկիծից թե ամոթից ծածկելով,— ես տեսնում եմ, որ խաբված եմ։

Նրա դժգունացած շրթունքները աշնանային տերևների պես դողում էին, նա ցնցվում էր ամբողջ մարմնով։ Նա մի անգամ ևս ճիգն արավ իրան զսպելու, սակայն իզուր... Նրա թուլացած գլուխը թեքվեց սեղանին, և լսվեց մի խուլ, խեղդուկ հեծկլտանք։

Եվ Ռուբենի ոչ մի մխիթարական խոսքը չամոքեց նրա վշտաբեկ սիրտը, և Ռուբենի ոչ մի հորդորը չդադարեցրեց նրա արտասուքը: Սիրտը դառնությամբ լի երիտասարդը մերթ համոզում էր, մերթ խնդրում, ձգտելով շարժել քրոջ սառն խոհականությունը, որ այդ րոպեին թմրել էր բուռն զգացումների ճնշման ներքո։ Նա ինքն իրան մեղավոր էր զգում Մարիամի առաջ։ — Չէ՞ որ նա խրախուսել է յուր քրոջ սիրույն, չէ՞ որ նրա գովասանքները ազդել են կուսական անարատ սրտի վրա։ Ի՞նչ, միթե նա սխալվո՞ւմ էր։ Մի՞թե Մելիք-Բարսեղյանի մասին նա ծուռ և սխալ գաղափար է ունեցել տասներկու տարի շարունակ։ Մի՞թե նա այդքան միամիտ, կույր և դյուրահավատ է եղել։ Ոչ, դժվար է, դժվար է հավատալ այդ մարդու անազնվությանը, դժվար է, անկարելի է, վերջապես դառն է։ Իսկ եթե ճիշտ է, եթե Մելիք-Բարսեղյանր մի անսիրտ, անգութ, մի եսամոլ մարդ է։ Եթե նա մինչև այսօր դիմակ է ունեցել երեսին։ Եթե Մարիամը չի կարող մոռանալ նրան, ատել, արհամարհել։ Այն ժամանա՞կ...


IX


Հակառակ Ռուբենի սպասածին, հետևյալ օրը Մարիամը ավելի հանգիստ էր երևում, քան երբևէ եղել էր վերջին դեպքերից հետո։ Առօրյա պարապմունքը նա սկսեց մի առանձին եռանդով։ Չայի ժամանակ ասաց Ռուբենին, թե տնային տնտեսությունը նրան չի բավականացնում, թե ցանկունում է մի ուրիշ գործով էլ պարապվել։

— Ի՞նչ գործով,— հարցրեց Ռուբենը։

— Կար կարելով։

— Դո՞ւ, կար կարելո՞վ։

— Այո՛, ի՞նչ զարմանալի բան կա։

— Ոչինչ: Բայց դու չգիտես կարել, դու ասեղ բանեցնել անգամ չգիտես։ — Կսովորեմ, արդեն վճռել եմ սովորելու։ Ես մի ծանոթ օրիորդ ունեմ, որ կարուձևի վարժուհի է։ Կդիմեմ նրան, կխնդրեմ, որ ինձ դաս տա։

Ռուբենը հակառակեց։ Առանց այն էլ Մարիամի տնային գործերը ծանր են, ուրիշ պարապմունքի հետևից ընկնելը առայժմ ավելորդ է։

— Երբեք ավելորդ չէ,— պնդեց Մարիամը։— Ես ազատ ժամանակ շատ ունեմ, այժմ տնային գործերը հեշտացել են ինձ համար, ցերեկները մի քանի ժամ ձեռներս ծալած նստած եմ։ Այդ ինձ համար անտանելի է։

Այդ խոսքերի մեջ Ռուբենը զգաց քրոջ հաստատամտությունը։ Նա իսկապես ուրախ էր Մարիամի մտադրությանը, ուրախ էր, որ նա գիտե արհամարհել ամեն մի նախապաշարմունք, մոռանալ յուր փարթամ անցյալը և գնալ մի հասարակ արհեստավոր դառնալ։ Բայց և այնպես նա ընդդիմացավ լոկ այն պատճառով, որ խնայում էր քրոջ առողջությունը։

— Դու կարող ես մի ուրիշ գործ ընտրել, մի ավելի հարմար գործ,— ասաց նա։

— Ի՜նչ կարող եմ անել, ասա տեսնեմ, ի՞նչ, վարժուհությո՞ւն։ Դրա համար առանձին պատրաստություն է հարկավոր։ Իսկ ես ինչ որ սովորել եմ գիմնազիայում, մոռացել եմ։ Վերջապես, վարժուհի դառնալու սեր չունեմ։ Ուրիշ ի՞նչ է մնում։ Ի՞նչ են սովորեցրել ինձ, որ անեմ, մի քանի ֆրանսերեն ֆրազնե՞ր, պարե՞լ, մի քանի կտորներ ածե՞լ դաշնամուրի վրա։ Անպետք բաներ։ Ոչ, Ռուբեն, արգելք մի՛ լինիլ ինձ։ Ես կսովորեմ կար անելը, գոնե եթե ուրիշների համար էլ չկարեմ, քեզ և ինձ համար ուրիշներին չենք դիմիլ։

Երկու օր անցած Մարիամը գնաց յուր ծանոթ վարժուհու մոտ։ Վերջինը նախ կատակի տեղ ընդունեց նրա առաջարկությունը, հետո զարմացավ, երբ Մարիամը կրկնեց յուր խնդիրը լրջորեն։

— Հոգիս, քեզ զրկե՞լ են,— գոչեց նա, ձեռը ձեռին խփելով,— հոգիս, դու աղքա՞տ ես։

— Թողնենք այդ։ Հանձն առնո՞ւմ ես ինձ դաս տալ։ — Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ասում, ուրախությունով, ուրախությունով։

— Պայմա՞նը։

— Եթե պայմանի մասին կխոսես, ինձ կվիրավորեն, ինձ համար ոչինչ չարժե իմացածս քեզ սովորեցնել։ Հոգիս, մոռացե՞լ ես, ինչքան մենք բոլորս քեզ սիրում էինք ուսումնարանում։ Հոգիս, այդ ի՞նչ դժբախտություն է պատահել քեզ:

Երկար ախուվախից հետո, վարժուհին վերջապես վճռեց, որ Մարիամը այցելե նրան շաբաթական չորս անգամ, կեսօրից հետո։

Մարիամը հետևյալ օրից սկսեց դասերը։ Նա գնում էր վարժուհու մոտ միայնակ։ Երբեմն միայն Ռուբենը նրա հետ դուրս էր գալիս և մինչև կես ճանապարհ ուղեկցում։

Մի անգամ Մարիամը տուն վերադառնալիս, երբ փողոցի մի մայթից մյուսն էր անցնում, հանկարծ մի լանդո անցավ նրա առաջով։ Նա գլուխը բարձրացրեց և տեսավ օրիորդ Նատալիային յուր մոր հետ նստած։ Հանդիպումը այնպես էր, որ նրանք ևս անշուշտ պետք է տեսնեին նրան։ Մարիամը գլուխը քաշ գցեց, խույս տալով նրանց հայացքից, և շտապով անցավ։

Մի ուրիշ անգամ նա տեսավ Մելիք-Բարսեղյանին, որ կառքով անցնում էր պրոսպեկտով։ Բժիշկը գդակը վերցրեց, մինչև անգամ տեղից բարձրացավ և խորին հարգանքով գլուխ տվեց։

Կառքը սրընթալով անցավ։

Մարիամի ոտները դողացին ներքին հանկարծակի խռովությունից։ Նա հազիվ կարողացավ տուն հասնել, և ամբողջ երեկո փակված մնաց սենյակում։ Հետևյալ օրից նա յուր երթևեկության ճանապարհը փոխեց։ Բայց այստեղ ևս նա ազատ չմնաց։ Մի օր նա անցնում էր Սոլոլակի փողոցներից մեկով, հետևից լսեց.

— Բարև ձեզ, օրիորդ։

Նա հետ նայեց, և երես առ երես հանդիպեց Հալաբյանին։ Երբեք նա չէր մտածել ամուրիի մասին և չէր էլ սպասում որևէ տեղ տեսնել նրան։ Հալաբյանր ձեռ տվեց համեստաբար, հարցրեց նրա առողջության մասին և աննկատելի կերպով սկսեց ընթանալ նրա հետ։ Մարիամին ճնշում էր նրա ուղեկցությունը, բայց քաղաքավարության զգացմունքը թույլ չտվեց հեռանալ նրանից։

— Իսկ ձեր եղբայրը առո՞ղջ է, լա՞վ է,— շարունակում էր խոսել Հալաբյանը,— ես նրան չեմ հանդիպում, ո՞րտեղ կարելի է տեսնել։ Դուք, կարծեմ, այժմ առանձին եք ապրում։ Չէ՞։

Մարիամը սիրտ առավ։ Ինչո՞ւ վախենալ մի մարդուց, որ այնքան համեստ է և այդքան հետաքրքրվում է Ռուբենի վիճակով։ Ի՞նչ ամոթ բան է նրա հետ միասին գնալը։ Ամենը գիտեն, որ նա Մարիամի վաղուցվա ծանոթներից է և, վերջապես, ի՞նչ վատ մարդ է։

Սակայն չնայելով այս մտքերին, օրիորդը քանի մոտենում էր վարժուհու բնակարանին, այնքան կամենում էր ազատվել Հալաբյանի ուղեկցությունից։ Փողոցի ծայրում նա ձեռ տվեց նրան և շտապեց հեռանալ, փոխելով յուր ճանապարհը։

— Գիտե՞ս, Մարո,— ասաց հետևյալ օրը Ռուբենը, երբ Մարիամը հայտնեց, թե պատահել է Հալաբյանին, — ես կարծում եմ, որ նա վատ մարդ չէ։ Ես էլ այսօր պատահեցի նրան։ Այդ մարդը ավելի անկեղծ ցավակցություն հայտնեց ինձ, քան թե… ուրիշները։ Նա ինձ շատ խնդրեց, որ ազատ ժամանակ գնամ յուր մոտ։

— Եվ պիտի գնա՞ս։

— Տեսնենք։

Մյուս օրը Ռուբենը ճաշից հետո, մի փոքր ուղեկցելով քրոջը, սկսեց միայնակ անցուդարձ անել պրոսպեկտի վրա։ Նա հանդիպեց Հալաբյանին, որ Դվորցովայա փողոցի ծայրում կանգնած աննպատակ նայում էր դեսուդեն։ Հենց որ տեսավ, ժպտալով մոտեցավ Ռուբենին։ Նրանք մի փոքր զբոսնեցին։

Աշնանային օրը ամպամած էր, նոր֊նոր անձրև էր սկսվում։ Զբոսնողների թանձր բազմությունը հետզհետե ցրվում էր։ Հալաբյանը անփույթ կերպով, շատ հասարակ ձևով, հրավիրեց Ռուբենին յուր մոտ։

Ամուրիի վերանորոգված բնակարանը այդ օրը մի առանձին շուք ուներ։ Մոսիո Վախվախյանի շնորհիվ ավելացել էին

Նա առաջնորդեց Ռուբենին յուր առանձնասենյակը։ Թանկագին գրասեղանը ծածկված էր մի քանի գեղեցկակազմ գրքերով, զանազան լրագրներով, հաշվեմատյաններով։ Մեջտեղ դրված էր պղնձյա թանաքամանը, մարմարյա պատվանդանով, շրջապատված յուր բոլոր պարագաներով։ Սենյակը ընդարձակ էր, առաստաղը բարձր, լուսավոր, մաքուր, հրապուրիչ։ Ռուբենը մի վայրկյան մտքում ակամա նախանձեց այդ բոլոր հարմարություններին և իսկույն դատապարտեց յուր թուլությունը։

Ամուրին գիտեր, որ այդ նախանձը պիտի զարթեցնի նրա մեջ և հենց դիտմամբ նրան առաջնորդեց այդտեղ։ Նա առաջարկեց յուր հյուրին ընտիր սիգարներ, ցույց տվեց յուր գրքերը, երևելի մարդկանց լուսանկարներից կազմած ալբոմը, խոսեց սրանց յուրաքանչյուրի մասին այն, ինչ որ լսել էր, և այն, ինչ որ կարդացել լրագրներում։ Առհասարակ նա աշխատում էր իրան ներկայացնել ժամանակակից մարդ, լուսավորված, տեղյակ այն բաներին, որ կարող էին հետաքրքրել մի կրթված, թարմ երիտասարդի։ Առանձին սեր արտահայտեց նա դեպի թատրոնը, մանավանդ դրաման։ Պետերբուրգում նա լսել էր Պատտիի երգեցողությունը, Մոսկվայում տեսել էր Սառա-Բեռնարի, Սալվինիի խաղը, տեսել էր և՛ արտասահմանում մի քանի փայլուն բեմական աստղեր։ Նա հիացած էր և՛ Ադամյանով։

Այս խոսակցությամբ նա գրավեց Ռուբենին։ Ժամանակը անցնում էր աննկատելի կերպով։ Երեկո էր արդեն, նրանք անցան հյուրասենյակ, սպասավորը թեյ բերեց։ Հալաբյանը յուր ձեռքով սեղանի վրա դրեց մի ինչ-որ թանկագին ըմպելիքի շիշ։ Քաղցրահամ, ոգելից ըմպելիքը ախորժելի ազդեցություն արավ Ռուբենի վրա։

Հալաբյանը, վերջապես, խոսք բաց արեց Սադափյանների մասին։ Նիկողայոսը արդեն սնանկանալու վրա է։ Տան գրավի ժամանակը շուտով կլրանա, նա փող չունի բանկի տոկոսները վճարելու, տունը երևի կծախվի։ Մյուս կողմից շրջապատել են մասնավոր պարտատերերը։

— Իսկ ես լսեցի, որ դուք նրան օգնում եք,— ասաց Ռուբենը, անկեղծ ցավակցելով յուր հորեղբոր վիճակին։

— Կօգնեի, եթե ինքը ավելի մարդավարի վարվեր յուր ազգականների հետ։ Նա կարող էր ձեզ չզրկել, պարոն Ռուբեն…

— Նա ինձ չի զրկել,— պաշտպանեց Ռուբենը յուր հորեղբորր։

— Թողե՛ք, ի սեր աստուծո, խոմ ինձանից թաքցնել չեք կարող։ Ձեր հանգուցյալ հոր գործերը ինձ ամենից ավելի էին հայտնի: Ես ամեն բան գիտեմ, ամեն բան։

Ռուբենը սկսեց ավելի պաշտպանել հորեղբորը։ Նա վատ մարդ չի, նա չէր զրկիլ, եթե ունենար։ Նա դարձյալ յուր պարտքերը կտա, եթե գործերը հաջողվին։

— Երանի թե նա չխայտառակվի,— ավարտեց երիտասարդը ոգևորված։

— Ձեզ ի՞նչ, թող խայտառակվի։

— Ոչ, ոչ, մի՛ ասեք, պարոն Հալաբյան, նա իմ հորեղբայրս է, մեր ազգանունը միևնույնն է։

Հալաբյանը լռեց, և սկսեց թեյը գդայով խառնել: Հարձակվելով Նիկողայոս Սադափյանի վրա, նա կարծում էր, թե այդպիսով կշահի Ռուբենի սիրտը։ Երբ տեսավ, որ երիտասարդը անկեղծ է պաշտպանում յուր հորեղբորը, մտածության մեջ ընկավ…

Այնինչ Ռուբենի սրտում վառվել էր բնածին բարության և ներողամտության զգացմունքը։ Նա ոգևորվել էր ինքն յուր ասածով։ Ի՜նչ պատվական խրատ և ազնիվ պատիժ տված կլինի տիկին Սոփիոյին, եթե կարողանա յուր քրոջ զրկանքի փոխարենը բարեսրտությամբ հատուցանել։

— Դուք շատ վեհանձն եք,— խոսեց Հալաբյանը, թիկն տալով բազկաթոռին։— Ես կարծում եմ, որ Նիկողայոսը արժանի չէ ձեզպես ազգական ունենալու։

— Ոչ, պարոն Հալաբյան, հավատացեք, նա արժանի է օգնության,— շարունակեց Ռուբենը ավելի եռանդով,— ինձ համար մի մեծ ամոթ կլինի, եթե նա սնանկանա։

— Տվեք ինձ ձեր ձեռը, պարոն Ռուբեն,— գոչեց Հալաբյանը հանկարծ,— անկեղծ եմ ասում, դուք ինձ զարմացնում եք ձեր բարեսրտությունով։ Դա հազվագյուտ բան է մեր ժամանակներում, հազվագյուտ բան է։

Նա դարձյալ մտածության մեջ ընկավ։ Անշուշտ Մարիամն էլ այնքան վեհանձնաբար է վերաբերվում յուր հորեղբորը, որքան Ռուբենը։ Անշուշտ նա էլ շնորհակալ կլինի այն մարդուց, որ կօգնի Նիկողայոսին։ Ինչո՞ւ չարժանանալ նրա շնորհակալությանը, ինչպե՞ս չօգտվել հանգամանքից։ Չէ՞ որ այպիսով մի քայլ մոտեցած կլինի յուր նվիրական նպատակին։ Վերջապես, Սադափյանին կարելի է առանց մի մեծ գումար տալու էլ ազատել, բավական է նրա համար երաշխավոր լինել։ Նա ճարպիկ մարդ է, ոտքի կկանգնի։ Ո՛չ, նրան տվածը — կորած չի։

Եվ շահասիրության զգացմունքը ավելի ու ավելի թուլացավ հարուստ ամուրիի մեջ, տեղի տալով մի այլ, ավելի զորեղ, ավելի անհաղթելի զգացմունքի։ Դա Մարիամի դյութական ազդեցությունն էր։ Ահա նա, որքա՜ն բարի է, համեստ, հրապուրիչ։ Նա տեսնում է յուր հորեղբոր բարերարին, մոտենում է, ժպտում է և ձեռք մեկնում նրան։ Այո, նա ինքը բարի է, սիրում է բարություն և՛ ուրիշների կողմից, նա շնորհակալ է, գովում է Հալաբյանի արածը։ Նա զգում է, անկարելի է, որ չզգա...

Մի վայրկյան ամուրիին թվաց, թե յուր դեմուդեմ նստած է ինքը Մարիամը։ Նայելով եղբոր աչքերին, նրա առաջ պատկերացավ քույրը։ Ի՜նչ նման են միմյանց։

Ռուբենը նկատեց յուր խոսքերի ազդեցությունը նրա վրա։ Ահա ինչու նա սիրտ առավ, վերջապես, արտասանելու.

— Մեծ մարդասիրություն արած կլինեք, պարոն Հալաբյան, եթե վայր ընկնողին ձեռք մեկնեք։ Մեր ժամանակի մարդիկ շատ նյութապաշտ են, ցույց տվեք ձեր բարությունը, օրինակ եղեք...

Այլևս ավելորդ էին վերջին խոսքերր։ Հալաբյանը վճռել էր օգնել այն մարդուն, որին օգնելը մի քանի օր առաջ «մեղք» էր համարում։

Չգիտեր ինչպես հայտներ յուր շնորհակալությունը Ռուբենը, այնքան զգացված էր, մանավանդ երբ լսեց.

— Ձեր խաթրու, պարոն Ռուբեն, միայն ձեր խաթրու կօգնեմ։

Դռան ձայնը ազատեց երիտասարդին նեղ դրությունից։

Ներս մտավ մոսիո Վախվախյանը։ Մոսիոն հուզված էր։ Նա նստեց և, ծանր շունչ քաշելով, պատմեց մի քանի նորություններ։ Ախշարումյանը պառկած է անկողնում. անցյալ օրը որկրամոլը ընթրիքի ժամանակ այնքան յուղալի և դժվարամարս կերակուրներ է կերել, որ չի մարսել ու հիվանդացել է։

Իշխան Սահարունին քաղաքային դումայում նիստից առաջ մեկի հետ կռվել է, ուզեցել է ապտակել յուր հակառակորդին։

Ռուբենը հրաժեշտ տվեց։

— Խնդրեմ, շուտ-շուտ շնորհ բերեք,— ասաց Հալաբյանը, ուղեկցելով նրան մինչև նախասենյակ։— Շատ կպարտավորեք, եթե վաղը բարեհաճեք ինձ մոտ ճաշելու։

— Ես ուրիշ տեղ չեմ ճաշում։ — կարծեմ, դուք այստեղից այնքան հեռու չեք բնակվում, այնպես չէ՞,— հարցրեց ամուրին։

Ռուբենը հայտնեց յուր բնակարանի տեղը։ Նա շտապեց տուն։ Արդեն մութն էր, նա երեկոները մենակ չէր թողնում քրոջը։ Նա տեսավ Մարիամին ավելի գունատված, ավելի մտազբաղ։

Նա պատմեց յուր այցելության մասին։ Նա ուրախ էր և գոհ յուր արածով, զգում էր հոգեկան մի անսովոր թեթևություն: Հալաբյանը հափշտակել էր նրան յուր բարությամբ։ Երբեք նա չէր սպասել այդ տեսակ վարմունք այն մարդուց, որին մինչև այն ժամանակ համարել էր խիստ գործնական, խիստ հաշվագետ։

— Մեր շահասեր հասարակության մեջ դա հազվագյուտ մարդ է,— գովում էր նա ոգևորված։— Մտածիր, Մարո, և կտեսնես, որ ճիշտ եմ ասում։ Մեր հորեղբայրը ծայրահեղ դրության մեջ է, ամենքը երես են դարձրել նրանից, ամենքը քչփչում են նրա սնանկության մասին, հանկարծ դուրս է գալիս մեկը և ասում է՝ «ես այդ մարդուն կազատեմ անպատվությունից»։ Այո, անպատվությունից, դու չգիտես վաճառականի համար ինչքան ամոթաբեր բան է սնանկանալր։ Ի՞նչպես չգովել այդ մարդուն, ի՞նչպես չուրախանալ։ Ոչ, ոչ, ինչ ուզում ես ասա, Հալաբյանը արժանի է հարգանքի։

Մարիամը պատրաստ էր համաձայնվել եղբոր ասածների հետ, նրա սրտում արդեն ծագում էր մի տեսակ հարգանք դեպի Հալաբյանը։ Բայց հանկարծ նա հիշեց այն օրը Սադափյանների տանը, երբ ամուրին առանձին ուշադրությամբ էր վարվում յուր հետ, հիշեց տիկին Սոփիոյի չար և օրիորդ Նատալիայի նախանձոտ հայացքները։

Եվ մի կասկած զսպեց նրա համակրությունը։

— Ի՞նչ է պատճառը,— հարցրեց նա,— որ առաջ չէր ուզում օգնել, այժմ հանկարծ ուզում է օգնել։

— Պատճառն այն է, որ ես խնդրեցի, որ նա տեսավ, թե ես ինչպես, ինքս զրկված լինելով իմ հորեղբորից, ներողամիտ եմ դեպի նա։

— Հետո՞...

— Հետո, ի՞նչ հետո, մարդ է, սիրտ ունե, զգաց մարդու նեղ դրությունը և ուզում է օգնել իմ խաթրու։

— Քո խաթրո՞ւ,— կրկնեց Մարիամը։

— Այո։

— Ռուբեն, լավ բան է մի մարդուն համոզել մյուսին օգնելու, մանավանդ, երբ այդ մյուսը մեր մոտիկ ազգականն է։ Բայց դու ի՞նչ կարող ես տալ նրա լավության փոխարենը, նա քեզ վրա բարոյական պարտք է դնում։

— Ես սխալվեցի, նա ինքն էլ հենց ուզում էր օգնել։ Ի՞նչ, միթե դու չե՞ս հավատում մարդկանց։ Իրավունք ունես... Բայց համբերիր, սիրելիս, այդպես շուտ մի՛ հիասթափվիր, աշխարհը միայն վատ մարդկանցով չէ լցրած...

Նա լռեց, դիտմամբ, իսկույն զգալով, որ կարող է Մարիամին հիշեցնել Մելիք-Բարսեղյանի վերաբերմունքը։ Բայց այդ մի քանի խոսքերն ևս բավական էին Մարիամի սրտի ամենանուրբ, ամենացավագար թելը շարժելու համար։ Անփորձ երիտասարդ. նա այնքան լավ էր տրամադրված, որ պատրաստ էր պաշտպանել ամենին, նույնիսկ յուր կատաղի թշնամուն։— Պաշտպանել լոկ մարդասիրությունից դրդված, առանց որոշ նպատակի, լոկ րոպեի ազդեցության տակ։

Այնինչ՝ բնազդումը ասում էր Մարիամին, որ Հալաբյանի վարմունքը առանց նպատակի չէ։ Թե ինչ էր այդ նպատակը, նա պարզ չգիտեր, կամ գուցե չէր ուզում գիտենալ։

Կրկին Մելիք-Բարսեղյանը գրավեց նրա ուղեղն ու սիրտը, կրկին բուռն զորությամբ զարթնեց նրա դառն, անամոքելի վիշտը։ Ինչո՞ւ իզուր պիտի ինքն իրան խաբի, ինչո՞ւ, քանի որ սիրտն ասում է, թե նա դժբախտ է, թե նա մոռացված է, արհամարհված, թե այլևս չպիտի վերականգնի նրա խորտակված երջանկությունը, որ այնքան կարճ տևեց։— Կարճ, որպես մի անցողիկ երազ, որպես մի քաղցր, թռուցիկ ցնորք…

Զգայուն, նրբացած, հիվանդության աստիճանին հասած սիրտը անհուն դառնությամբ լեցուն, օրիորդը այդ գիշեր երկար ժամանակ անքուն պտտում էր անկողնի մեջ։ Մերթ նա ձգտում էր ինքն իրան խաբել տկար հույսերով, ստեղծում էր անթիվ պատճառներ բժշկի սառնությունը նպաստավոր կերպով բացատրելու համար։ Մերթ ինքն այդ պատճառները երևակայական, նույնիսկ անբնական համարելով, հերքում էր, յուր թեթևամտության դեմ վրդովվելով։ Եվ կրկին անձնատուր լինելով յուր սրտի անողոք ձայնին, աշխատում էր հեռու վանել այն չարագուշակ պատկերը, որ հալածում էր նրան գիշեր ու ցերեկ, որ պղտորում էր նրա երևակայությունը։ Ահա՛ նա, այդ պատկերը, որ հետևում է նրան ամեն տեղ, ամեն րոպե, քայլ առ քայլ։ Նա շրջում է, խոսում է, նրա շնչառությամբ է լի այդ ննջարանը, նրա ոգին է տիրում այստեղ, այս սենյակում։ Մարիամը զգում էր այդ սառն, անմատչելի, միևնույն ժամանակ կաշկանդող պատկերի անխուսափելի ուժը։

Ինչո՞ւ չի հեռանում նրա աչքից, եթե չի կամենում, մոտենալ, ինչո՞ւ այնպես կեղեքում է նրա սիրտը։ Պետք է մոռացության տալ, պետք է աչք փակել նրան չտեսնելու, ականջ փակել նրան չլսելու համար, այո, փակել բոլոր զգայարանները։

Նա փորձեց գրգռել յուր մեջ մի խորին, մի կծու ատելություն և այդ ատելությունը, իբրև զենք, գործածել այն անգութ պատկերի դեմ։ Սակայն ի՞նչպես հղացնել այդ ատելությունը։ Նրա սիրտը չի հպատակվում խելքին։ Նա տկար է, անզոր, ճնշված մի բոլորովին հակառակ զգացմունքով։ Ի՞նչ է այդ։ Գուցե այդ նույն ինքը ատելությունն է, որ ավելի բորբոքում է նրա վառվռուն հոգին, միայն այլ կերպ, այլ ուղղությամբ։ Այն ժամանակ ո՞ւր է սիրո և ատելության մեջ այն անդունդը։

Ատել և սիրել, չկամենալ և ձգտել, փախչել և մղվել — ահա սոսկալի դրություն։

«Տեր աստված, տեր աստված, տո՛ւր ինձ սառնասրտություն, տո՛ւր ինձ համբերություն»...


X


Առավոտյան Մարիամը զարթնեց սովորականից ուշ։ Նա ավելի գունատվել էր, նրա աչքերի տակը մի քիչ կապտած էին, կոպերը ուռած։

— Ո՞ւշ ես քնել գիշերը,— հարցրեց Ռուբենը։

— Այո։

— Ինչո՞ ւ։

— Կարդում էի։

Ռուբենը զգաց, որ Մարիամը ստում է, որ նա գիշերը անքուն է անցկացրել, և գիտեր, որ այդ առաջին անքնությունր չէր։ Ի՞նչ աներ, ինչո՞վ ամոքեր նրա վիրավորված սիրտը։ Խոսե՞լ Մելիք֊Բարսեդյանի հետ, բացատրությո՞ւն պահանջել։ Բայց արդյոք Մարիամը կտա՞ նրան իրավունք այդ մասին որևէ խոսք բանալու բժշկի հետ։ Ոչ երբեք. նրա խորին ինքնասիրությունը բնավ չի թույլ տալ այդ։

Սիրո փորձությունները տակավին չճաշակած երիտասարդը հարկավ, չէր կարող լիովին կշռել հագուրդ չստացած սրտի դառնության չափը։ Բայց նա սիրում էր Մարիամին եղբայրական անձնվեր, անսահման սիրով, և այսքանը բավական էր, որ քրոջ ամենաթեթև վիշտն անգամ սուր արձագանք գտներ նրա զգայուն սրտում։

«Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ»,— կրկնում էր նա մտքում ամեն անգամ, լսելով քրոջ լուռ, ծանր և սիրտ թափանցող հառաչանքները։

Այնինչ օր-օրի վրա էր անցնում։ Մելիք-Բարսեղյանը դարձյալ չէր երևում, Ռուբենը երբեմն պատահում էր նրան փողոցում, բարևում էր և անցնում։ Նա չէր կամենում մոտենալ բժշկին, գիտեր, որ սառնարյուն չի կարող նրա հետ խոսել, գիտեր, որ կամա թե ակամա պետք է արտահայտե նրա մոտ յուր սրտի ատելությունը։— Մի բան, որ նա տակավին չէր ուզում ցույց տալ։

Իսկ Մարիա՜մը. որքան ուզում էր չմտածել, որքան ուզում էր յուր վիշտը եթե ոչ մոռանալ, գեթ փոքր-ինչ մեղմացնել տնային գործերով և կարուձևի պարապմունքով, այնքան ավելի համառությամբ էին հալածում նրան անցյալ երջանկության հիշատակները։

— Հոգյակս, դու հիվա՞նդ ես,— հարցրեց մի անգամ կարուձևի վարժուհին, որ վաղուց արդեն նկատել էր յուր ընկերուհու խորին թախիծը։

— Ինչի՞ց ես եզրակացնում, որ հիվանդ եմ։

— Նրանից, որ դու ուշադրությունով չես աշխատում, որ ես քեզ բան եմ բացատրում, չես լսում, միշտ միտքդ ուրիշ տեղ է։ Այո, դու հիվանդ ես, բայց չգիտեմ ի՛նչ է հիվանդությունդ։

Մարիամի կրծքից ակամա մի հառաչանք դուրս թռավ և նա գլուխը թեքեց կրծքին տխուր ու տրտում։

— Ես տեսնում եմ, հոգիս, որ դու մի վիշտ ունես,— խոսեց դարձյալ վարժուհին և, ձեռը դնելով նրա ուսի վրա, շարունակեց.— ամոթ չէ՞, որ ինձանից թաքցնում ես։ Մոռացե՞լ ես մեր ընկերական սերը։ Ասա՛, հոգիս, պատմի՛ր, ով գիտե, կարելի է մի բանով կարող եմ օգնել քեզ։ Ի՞նչ, դու, կարծես, ուզում ես արտասվել, հաա՜, այժմ համոզված եմ, որ քո վիշտը աղքատությունը չէ, մինչև որ չպատմես, ձեռք չեմ քաշի քեզանից։ Մարո, սիրելի Մարո, հայտնի՛ր սրտիդ ցավը քեզ սիրող ընկերուհուդ։ Էէէ, այդ չեղավ, դու փոխանակ խոսելու, լաց ես լինում...

Եվ իրավ Մարիամը չկարողացավ զսպել յուր արտասուքը։ Ընկերուհու անկեղծ կարեկցությունը շարժեց նրա սիրտը։ Նա, զգացված, ձեռները փաթաթեց վարժուհու պարանոցին, գլուխը դրեց նրա ուսի վրա և սկսեց հեկեկալ: Անցան առաջին վայրկյանները, նրա սիրտը փոքր-ինչ հանդարտվեց։ Նա արտասուքը սրբեց, նայեց ընկերուհու աչքերին և այլևս չկարողացավ թաքցնել այն, ինչ որ վաղուց մի հոգեկան պահանջ էր զգում պատմելու մի մտերիմ կնոջ և, ինչ որ ինքնասիրությունը մինչև այդ րոպե չէր թողնում պատմելու։ Ոչ մի խոսքով, ոչ մի թույլ ակնարկով նա դժգոհություն չհայտնեց Մելիք-Բարսեղյանի դեմ։ Նա բոլոր մեղադրանքը բարդեց յուր վրա, որ այնպես մոռացավ ինքն իրան, որ այնպես հափշտակվեց, և ահա այսօր այդքան տանջվում է։

— Գիտես ինչ, սիրելիս,— ասաց վարժուհին խորին կարեկցությամբ, լսելով ընկերուհու համառոտ պատմությունը,— ես ինքս թեև չեմ սիրահարվել մինչև օրս, բայց զգում եմ քո դրությունդ։

— Երանի քեզ, երանի, որ չես սիրահարվել,— գոչեց Մարիամը դողդոջուն ձայնով,— ա՛խ, որքա՜ն նախանձում եմ քեզ։

— Նո՛ւ, նախանձելու բան, ասենք, չկա, ո՞վ էր ինձ սիրողը, որ ես էլ նրան սիրեի։ Իմ տգեղությունը ինձ ազատ է պահում այդ տեսակ փորձանքներից։

Վերջին խոսքերը արտասանելիս վարժուհին, զսպելով յուր հառաչանքը, ծիծաղեց, յուր ընկերուհուն զվարճացնելու համար։ Իսկապես նա արդարացի չէր յուր վերաբերմամբ. նա այնքան էլ տգեղ չէր, որքան վատաբանում էր ինքն իրան։ Հասակով Մարիամից քիչ ցածր, դեմքով գուցե ավելի գեղեցիկ էր, եթե անգութ ծաղիկը տասը տարի առաջ այդ գեղեցկությունը հավիտյան արատավորած չլիներ յուր խոշոր հետքերով։

— Հանգստացիր սիրելիս,— մխիթարում էր նա Մարիամին մայրական քնքշությամբ։— Պառավների խոսքով ասած, գրողը տանի այդ տղամարդերին։ Արժե՞ նրանց համար այդպես տանջվել, այն էլ քեզ նման սիրուն աղջկան։ Ո՞ւմ վրա ուշադրություն դարձնես, որ քեզ համար չի գժվի։ Եթե ինձ հարցնես, ես կասեմ՝ թող իսկի ոչ ոք էլ չսիրի քեզ։ Չե՞ս կարող առանց տղամարդի ապրել։ Աստված վկա, կարող ես։ Ինչո՞ւ ես ապրում եմ, և վճռել եմ ապրել մինչև մահ։ Գիտե՞ս ինչից է, որ դու այդքան տանջվում ես, որովհետև զրաղմունք չես ունեցել մինչև օրս։ Հապա, ինձ նման սիրիր աշխատանքը, տես կմոռանաս, թե չէ։

— Սովորեցրու ինձ, սովորեցրու մոռանալ, Սաթենիկ, և ես կմոռանամ,— արտասանեց Մարիամը հուզված, նայելով ընկերուհու աչքերին և նախանձով նրանց մեջ փայլող հոգեկան մխիթարիչ անդորրությանը։

— Աչքիս վրա, բարեհաճիր նստել բանիդ։ Մարո, հավատացիր, աշխատանքից ավելի սիրելի բան չկա, մանավանդ երբ տեսնում ես աշխատանքիդ պտուղները։ Տե՜ս, այդ կոպտացած մատներս իմ սրտի ամենամեծ մխիթարիչներն են։ Արի վաղը առավոտյան ինձ մոտ, տանեմ քեզ իմ ուսումնարան, դու կտեսնես այնտեղ իմ խոսքերի ճշմարտությունը։ Տես, այնտեղ իմ փոքրիկ աշակերտուհիները ի՜նչպես են բանում, ի՜նչպես են աշխատում։ Անկեղծ եմ ասում, երբ նայում եմ նրանց, երբ տեսնում եմ, թե ինչպես նրանց փոքրիկ ձեռները օրեցօր ավելի ու ավելի վարժվում են, մի հպարտություն եմ զգում, եռանդս ավելանում է։ «Ահա իմ աշխատանքի պտուղը, ասում եմ ինքս ինձ, այդ աղջիկները, այդ աղքատ ընտանիքների զավակները արհեստ են սովորում ինձանից։ Նրանցից ամեն մեկը ժամանակին կարող է յուր գլուխը պահել, ով գիտե, ծնողներին էլ պահել յուր ձեռքի աշխատանքով, ինչպես ես այժմ պահում եմ ինձ և երկու փոքրիկ քույրերիս»։ Մարո, երկու տարի շարունակ արտասահմանում ես լսել եմ իմ ուսուցիչներից. «սիրիր աշխատանքը, սիրիր, և դու միշտ բախտավոր կլինես»։ Այժմ տեսնում եմ, թե որքան ճշմարիտ էին այդ խոսքերը։ Այո, աշխատանքը կարող է մարդուս բախտավորեցնել։

— Երանի թե ես էլ քո ճանապարհով գնացած լինեի,— ասաց Մարիամը, հառաչելով: — Դու քո բախտը խելքով ապահովեցիր, ես իմը թողի սրտիս կամքին։

— Չէիր կարող ուրիշ կերպ անել, հոգիս։ Իմ ճանապարհով գնալու համար հարկավոր էր, որ դու ոչ գեղեցիկ լինեիր, ոչ հարուստ։ Հարստությունը և գեղեցկությունը ծուլացնում են մարդուն։ Հիշո՞ւմ ես, ինչպես ես ցավեցի, ինչքան հառաչեցի առաջին անգամ, երբ լսեցի, որ քեզ զրկել են ժառանգությունից։ Ես ցավում էի անկեղծ, որովհետև կարծում էի, որ հարստությունը քեզ համար կյանք է դարձել, որ առանց նրան դու դժբախտ ես։ Բայց երբ դու հաստատ մտքով ինձ ասացիր, թե ուզում ես հասարակ արհեստավոր դառնալ, ուրախացա։ Ես տեսա, որ հարստությունը քեզ չի փչացրել։ Այժմ ես ուրախ եմ, որ դու զրկվել ես քո օժիտից, բայց աստված ոչ անի, զրկվես քո մյուս օժիտից — գեղեցկությունից։ Պահպանիր գեղեցկությունդ, պահպանիր և օրինակ դարձիր մյուսների համար, թե գեղեցիկ կինն էլ պիտի աշխատի, թե կնոջ զարդը միայն գեղեցկությունը չէ, ինչպես կարծում են թեթևամիտ մարդիկ։ Գիտե՞ս, ինձ շատերն են ասել, թե եթե ես տգեղ չլինեի, արհեստ չէի սովորիլ, կմտածեի միայն մարդու գնալու մասին։ Չգիտեմ, բայց կարծում եմ, որ սխալվում են...

Այստեղ Սաթենիկր լռեց և խաղաղ ժպտաց Մարիամի երեսին։ Եվ նրա ժպիտը արտահայտեց մի տեսակ մելամաղձություն. արդյո՞ք դա նրա անվերադարձնելի կերպով կորցրած գեղեցկության հիշատակը չէր։ Արագությամբ հետ դարձնելով յուր խոհուն ճակատի վրա սփռված սև գանգուր մազերը, վարժուհին, կարծես, այդպիսով վանեց յուր թախիծը և ավելի ոգևորված շարունակեց գովել աշխատանքը։

Մարիամր լսում էր նրան սիրով և հաճությամբ, նրա յուրաքանչյուր խոսքի մեջ որոնելով մի-մի սփոփանք յուր վշտացած սրտի համար։

Նա տուն վերադարձավ այդ օրը սովորականից ուշ։ Երկար ժամանակ Սաթենիկի խոսքերը հնչում էին նրա ականջում։ Սակայն վրա հասավ երեկոյան խավարը, և նա կրկին անձնատուր եղավ յուր սովորական անհաղթելի վշտերին։ Արդեն հոկտեմբերի վերջն էր, աշնան խոնավությանը տեղի էր տալիս մոտալուտ ձմեռվա ցրտերին։

Ռուբենի համար ավելի ու ավելի զգալի էր դառնում նյութական պակասությունը։ Հարկավոր էին մի քանի նախապատրաստություններ ձմեռվա համար, իսկ ամսական ռոճիկը նրանց առօրյա պիտույքներն անգամ չէր լրացնում։ Ռուբենը մասնավոր դասեր էր որոնում, բայց անհաջո՜ղ, տարվա միջոցը անհարմար էր, ամենքը խոստանում էին ամառվա սկզբին։ Եվ մի կողմից նյութականը, մյուս կողմից քրոջ բարոյական դրությունը, օրից-օր կրկնապատկում էին երիտասարդի հոգացողությունը։ Նա տեսնում էր, որ այդպես թողնել Մարիամին չի կարելի, որ մի կերպ պետք է վերջ դնել նրա վշտին։

— Մարո,— ասաց նա մի օր ճաշից հետո,— արի այս երեկո թատրոն գնանք։ Մարիամը նախ զարմացավ, ապա նայեյով եղբոր աչքերին, գուշակեց նրա միտքը և կատակի ձևով պատասխանեց։

— Գնանք, երևի փող շատ ունես գրպանումդ։

— Ունեմ, ունեմ, այսօր ռոճիկս ստացել եմ։ Այսուհետև ավելի կունենամ, խոստացել են դասերս ավելացնել։ Բացի դրանից, անպատճառ մասնավոր դասեր էլ կգտնեմ։ Շուտով, շուտով մենք կապահովվենք նյութապես,— ավելացրեց նա շինծու ոգևորությամբ։

— Լավ, երբ կհարստանաս, այն ժամանակ զվարճության մասին էլ կմտածենք։ Իսկ այժմ իրավունք չունենք։

— Իրավո՜ւնք,— գոչեց Ռուբենը,— ո՞վ է այդ իրավունքը մեզանից խլում։ Մարո, խնդրում եմ, աշխարհից բոլորովին մի կտրվիլ: Լավ չէ, քեզ համար մի քիչ զվարճություն անհրաժեշտ է։ Նայիր հայելիի մեջ, տանը փակված մնալով, տես ինչպես փոխվել ես։

Եվ նա շարունակեց համոզել։ Շռայլություն չէ ամսական գոնե մի երկու անգամ մի տեղ գնալը։ Ով աշխատում է, նա իրավունք ունե և՛ զվարճանալու։ Ինչո՞ւ փախչել հասարակությունից։— Նրա համար, որ առաջ հարուստ էին համարվում, այժմ աղքա՞տ են։

— Եթե այդ է պատճառը, նախապաշարմունք է, սիրելի Մարո։ Աղքատությունը ամոթ բան չէ, ամոթ է աղքատությունից ամաչելը։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ծաղրելու: Իսկ եթե ծաղրողներ լինեն, միթե չե՞ս կարող այդպիսիներին արհամարհևլ։

Նա շատ լավ գիտեր, որ Մարիամի հասարակությունից փախուստ տալու պատճառը աղքատության զգացումը չէ, բայց շեշտելով այդ հանգամանքը, կամենում էր կպչել նրա ինքնասիրությանը։ Գիտեր, որ միայն այդպիսով կարող էր համոզել քրոջը:

— Ես ոչ ոքից չեմ քաշվում մեր աղքատության պատճառով,— պատասխանեց Մարիամը զգացված,— խնդրում եմ այդ մասին այսուհետև չխոսես։

— Որ այդպես է, թատրոն չենք գնալ, այլ մի ուրիշ տեղ։ Վաղը երեկոյան հայոց բալն է, ես շատ եմ ցանկանում մի անգամ մի տեղ տեսնել այստեղի հասարակությանը։ Գնա՜նք վաղը միասին։

Մարիամը գլուխը թեքեց կրծքին։ Նրա հոնքերը սեղմվեցին, ճակատը դարձյալ պատեց տխրության քողով։ Հիշեց նա, որ այդ երեկույթի կարգադրիչը Նատալիան է լինելու։ Գնա՞լ այնտեղ, ուր այդ գոռոզ արարածը, նրա անհաշտ հակառակորդը, յուր փքված մոր հետ պիտի փայլեն.— ոչ, ոչ, նա չի կարող։ Սակայն նույն վայրկյանին նրա գլխում զարթնեց մի այլ միտք։— Անշուշտ Մելիք-Բարսեղյանը այնտեղ կլինի, անշուշտ նա չի արհամարհիլ մի այդպիսի հանդիսավոր երեկույթ։ Ի՞նչ կանի բժիշկը այդ երեկո, ո՞ւմ հետ կխոսի, ո՞ւմ հետ կզբոսնի, կամ գուցե կպարի։ Եվ զգում էր նա, որ չի կարողանում դիմանալ յուր սրտի ձգտմանը, որ հակառակ յուր կամքի, հիվանդոտ հետաքրրքրությունր մղում է նրան դեպի այնտեղ, ուր պետք է լիներ բժիշկը։ Այո, պետք է գնալ, պետք է տեսնել նրան։ Այդ երեկո վերջապես կվճռվի նրա բախտի խնդիրը։ Հասարակության մեջ մի թեթև վարմունք, մի որոշ շարժմունք անգամ կարող է դրականապես պարզել բժշկի հոգին։

«Այն ժամանակ ես կհամոզվեմ և կհանգստանամ», վճռեց Մարիամր։

Հետևյալ օրը դարձյալ տոն էր։ Ռուբենը օգնում էր Մարիամին տնային գործերում, երբ պատշգամբի վրա հանկարծ երևաց Հալաբյանը։ Ռուբենը չզարմացավ, բայց փոքր֊ինչ շփոթվեց։ Նա դուրս շտապեց հյուրին դիմավորելու և հարգանքով հրավիրեց ներս։

— Ես եկել եմ հայտնելու, որ ձեր հորեղբոր գործերը հաջող են գնում,— ասաց ամուրին, միանգամայն ընկերաբար թոթվելով երիտասարդի ձեռը։

— Եվ իհարկե, ձեր շնորհիվ,— ավելացրեց Ռուբենը, հրավիրելով նրան նստել,— թույլ տվեք կրկին անգամ հայտնել շնորհակալությունս։

— Ես երաշխավոր եղա, նրա երկու վեքսիլները փոխեցին մեկը վեց հազարի, մյուսը ութ հազարի,— շարունակեց Հալաբյանը մի առանձին ինքնագոհությամբ։— Էգուց էլ մի քիչ փող կգտնեմ, կտամ, հետո էլ վախենալու բան չկա, ձեր հորեղբայրը կազատվի անպատվությունից։ Թող նա գա, ձեր ոտները համբուրի, դուք եք նրան ազատողը։

Արտասանելով այս խոսքերը մյուս սենյակում լսվելու չափ բարձր ձայնով, Հալաբյանը նայում էր աջ ու ձախ։ Պարզ էր, որ նա Մարիամին էր սպասում։

Դարձյալ Ռուբենը ոգևորվեց, դարձյալ Հալաբյանը նրա առաջ պատկերացավ իբրև մի ազնիվ, բարեսիրտ մարդ, յուր տեսակի մի ասպետ։ Մտքում նա մինչև անգամ մեղադրեց Մարիամին, որ այնքան ուշանում էր մի այդպիսի հյուրին ներկայանալու։ Թվում էր նրան, թե ամենաչնչին մի անուշադրություն չպետք է թույլ տալ այդ մարդու վերաբերմամբ, թե նա արժանի է ամենախորին հարգանքի, թե վերին աստիճանի անքաղաքավարություն կլինի չհարգել նրան, մի այդպիսի հազվագյուտ մարդու։ Ահա ինչու նա չկարողացավ զսպել իրան, անցավ մյուս սենյակ և Մարիամին խնդրեց շուտով դուրս գալ։

— Ես չեմ կարող նրան երևալ,— հակառակեց Մարիամը,— դու զբաղեցրու, ես գործ ունեմ։

— Անկարելի է, նա կկարծի, որ չես ուզում նրա երեսը տեսնել, ամոթ է Մարո, նա մեր հորեղբորը ազատել է խայտառակությունից, հասկանո՞ւմ ես։

Մարիամը ակամա հնազանդվեց եղբոր թախանձանքին, ակամա, որովհետև այլևս կասկած չուներ, որ Հալաբյանի այցելությունն աննպատակ չէ։ Նա փոխեց յուր վերնազգեստը և դուրս եկավ։

Վայրկենաբար ամուրիի հոգեկան տրամադրությունը փոխվեց։ Նա հազիվ կարողացավ զսպել յուր ուրախությունը, շտապեց առաջ և հարգանքով սեղմելով օրիորդի ձեռը, արտասանեց.

— Հուսով եմ, որ իմ այցելությունը հանդգնություն չեք համարիլ. մեր վաղուցվա ծանոթությունը ինձ իրավունք տվեց։ Առո՞ղջ եք։

Մարիամը գլուխը թեթև խոնարհեցրեց և նստեց սենյակի մի անկյունում։

— Եկել եմ ձեր եղբորը հանդիմանելու,— շարունակեց Հալաբյանը,— ամեն օր տանս առաջով անցնում է, գոնե երկու օրը մի անգամ էլ չի մտնում։ Շատ ցավում եմ, որ բարեկամությունը որդուց-որդի ժառանգաբար չի անցնում,— դարձավ նա Ռուբենին,— եթե իմանայիք ձեր հայրը ինչքան էր սիրում ինձ, այդպես չէիք վարվիլ ինձ հետ։ Հանգուցյալը մի օր ինձ չտեսնելիս, տխրում էր։ Միշտ ինձ ասում էր. «ես քեզ սիրում եմ որդուս պես, որովհետև քո հանգուցյալ հայրդ ինձ սիրել է յուր որդու պես»։ Ախ, Գրիգորի Միրոնովիչ, ես երբեք չեմ մոռանալ քեզ։

Եվ նա վերջին խոսքերը այնպիսի զգացված ձայնով և խորհրդավոր եղանակով արտասանեց, որ կարելի էր կարծել, թե յուր հարազատ հոր մասին է խոսում։

Հոր հիշատակը դուրս հանեց Մարիամի կրծքի խորքից մի հառաչանք, որ նա, սակայն, շտապեց զսպել։

Հալաբյանը շարունակեց յուր խոսքը և հետզհետե մեկից մյուսին անցնելով, սկսեց խոսել յուր մասին։ Նա գանգատվեց, որ յուր օրերը տխուր են անցնում։ Կյանքը առհասարակ ձանձրալի բան է։ Նա բավական զզվել է հասարակությունից, չգիտե ինչպես հեռու ապրել նրանից։

Հետո նա շատ անփույթ կերպով ակնարկեց յուր հասարակական դիրքը, յուր հարստությունը, այն հարգանքը, որ վայելում է զանազան շրջաններում։ Եվ այս բոլորը նա յուր խոսակցության մեջ անցկացրեց մի այնպիսի վարպետությամբ օրինակներով և փաստերով, որ թվում էր, թե խոսում է լոկ խոսելու համար և էլ մի ուրիշ նպատակով։

Քանի մի րոպե Մարիամի կասկածը մեղմացավ, տեսնելով, որ Հալաբյանը խոսելիս ավելի Ռուբենին է դառնում, քան իրան։ Նա չգիտեր, որ այդ մի տեսակ քաղաքականություն է ամուրիի կողմից։ Նա հիմարություն համարեց յուր երկյուղը մի մարդուց, որ բացի բարեսիրտ և քաղաքավարի լինելուց, առայժմ ոչինչ չէ ցույց տալիս։ Նա մինչև անգամ սկսեց խոսել Հալաբյանի հետ։ Ռուբենը հաղորդել էր նրան մոսիո Վախվախյանի պատմած անցքը իշխան Սահարունիի մասին։

— Էէէ, ոչինչ բան է, պատասխանեց Հալաբյանը օրիորդի հարցին,— իշխանը մի փոքրիկ վեճ է ունեցել ձեր հորեղբոր պարտատերերից մեկի հետ, ուրիշ ոչինչ։

Անտանելի էր Հալաբյանի համար խոսել այն բաների մասին, որ չէին բխում նրա սրտից, որ չէին համապատասխանում նրա այժմյան զգացմունքներին։ Խոմ երկար թաքցնել չէ կարելի, խոմ, վերջապես պետք է պարզվի նրա միտքը։ Բայց ինչպես պարզել— դիմե՞լ ուղղակի Մարիամին։— Ոչ, ոչ, այդ անկարելի է։ Եվ Հալաբյանր զգում էր, որ երբեք այդչափ քաջություն չի ունենալ։ Դիմել Ռուբենին։— Այդ ավելի դյուրին է։ Նա բարեսիրտ երիտասարդ է, խելոք է, ժամանակակից, ազատամիտ։ Նա է Մարիամի միակ մեծը և պաշտպանը, և նրա հետ կարելի է պարզ սրտով խոսել։

Մինչ նրա ուղեղը զբաղված էր այս խորհրդածություններով, լեզուն խոսում էր այլ բաների մասին, ժամանակը անցնում էր։ Նա չէր կամենում ձանձրացնել Մարիամին, պետք էր հրաժեշտ տալ, և նա ոտքի կանգնեց։

— Ես միշտ տանն եմ լինում, որ ժամին էլ գաք, ուրախ կլինեմ,— ասաց նա, կրկին և կրկին խնդրելով Ռուբենին այցելել իրան։

Նախքան դուրս գալը, նա մի հայացք ձգեց յուր շուրջը։ Մինչև այդ րոպե նա լավ ուշադրություն չէր դարձրել աղքատիկ բնակարանի անշուք կահ-կարասիի վրա։ Անսովոր չքավորությունը տարօրինակ ազդեցություն գործեց նրա վրա։ Նա և՛ ուրախ էր, և՛ խղճում էր Ռուբենին ու Մարիամին։ Ա՜խ, որպիսի հաճությամբ նա կօգներ, եթե իմանար, թե չի վիրավորիլ նրանց ինքնասիրությունը։ Նա չէր ուզում դուրս գալ, նա կամենում էր որևէ կերպով առաջարկել յուր օգնությունը Ռուբենին։ Հանկարծ մի միտք լուսավորեց նրա ուղեղը։ Մարիամը արդեն անցել էր յուր սենյակը, րոպեն հարմար էր։

— Դուք ժամանակ ունե՞ք մասնավոր դասերով պարապելու,— հարցրեց նա Ռուբենից։

— Ինչու չէ։

— Ես մի քրոջ որդի ունեմ, գիմնազիայի հինգերորդ դասատան աշակերտ է։ Դուք, երևի, նրա մեծ եղբայրներին ճանաչում եք։ Անկարգ տղերք են, ես գիտեմ, որ դուք նրանց չեք հավանիլ։ Բայց այդ մեկը, ամենից փոքրը, խելոք տղա է, ես միայն նրան եմ սիրում, ուզում եմ, որ մյուս եղբայրների նման կիսատ-պռատ ուսում չառնի։ Կհամաձայնե՞ք դասեր տալ նրան մինչև հարցաքննությունների ժամանակ։

Ռուբենը հաճությամբ հայտնեց յուր պատրաստակամությունը։

Նա ուրախացավ, որ մի բանով կարող է յուր հորեղբոր օգնողի բարության փոխարենը մասամբ հատուցանել։

— Երբ որ հրամայեք, պատրաստ եմ։

— Թե ժամանակ ունեք, հենց էգուցվանից սկսեցեք։ Գիտեք, ես ուզում եմ նրան մյուս եղբայրներից հեռացնել։ Նրան կբերեմ իմ տուն, դուք էլ տանս կպարապեք նրա հետ։ Պայմանների մասին չեմ խոսում, որքան կամենաք...

— Առանց որևէ պայմանի, պարոն Հալաբյան, — ընդհատեց Ռուբենը։ — Դուք իմ հորեղբորս օգնելիս, պայման չառաջարկեցիք։

— Լավ, լավ, էգուց եկեք, կխոսենք,— շտապեց ավելացնել Հալաբյանը, վախենալով, որ մի գուցե Ռուբենը բոլորովին հրաժարվի։

Ամուրին հեռացավ մի փոքր թեթևացած սրտով։ Ախորժելի էր նրա համար ամեն կերպ պարտավորեցնել Ռուբենին և այդպիսով մասամբ բարոյապես կաշկանդել նրան։

— Լսեցի՞ր, Մարո,— դարձավ Ռուբենը Մարիամին, Հալաբյանին ճանապարհ դնելուց հետո, մտնելով քրոջ սենյակը,— նա ինձ խնդրեց, որ յուր քրոջ որդու հետ պարապեմ: Ուրեմն ես մի փոքրիկ բանով պարտքս կթեթևացնեմ, այնպես որ…

— Ռուբեն,— ընդհատեց Մարիամը եղբոր խոսքը,— այդ պարոն Հալաբյանը շատ լավ մարդ է, բարի է, բայց…

— Բա՞յց։

— Ես չեմ ուզում, որ նա մեզ այցելե։

— Պատճա՞ռը։

— Հենց այնպես, չեմ ուզում։

— Ասա, Մարո, առանց պատճառի չի լինիլ, ասա, եթե մի բան կա։

— Ի՞նչ կապ մեր և նրա մեջ, ասա խնդրեմ. նա հարուստ է, մենք աղքատ։

— Նա հարուստ է, մենք աղքատ — հետո՞, ա՞յդ է բոլորը։

— Ես կարծում եմ այսքանն էլ բավական է, որ մնացյալը դու հասկանաս։ Ուրիշ ասելիք չունեմ։

Արտասանելով վերջին խոսքերը, Մարիամը հանդարտ վեր կացավ տեղից ու դուրս գնաց։ Ռուբենը զարմացած նայեց նրա հետևից, մի քանի վայրկյան մտածողության մեջ ընկավ։ Առաջին անգամ նրա սրտում ծագեց մի թույլ կասկած Հալաբյանի մասին։

«Քույրս ճշմարիտ է ասում,— խոսեց նա մտքում,— մեր և այդ հարուստ Հալաբյանի մեջ ի՞նչ կապ կարող է լինել: Ինչ կա՞պ… չէ՞ որ նա իմ հոր բարեկամն է։ Հետո՞։ Ոչ. Մարոն ճշմարիտ է ասում։ Մի՞թե ես այդքան պարզամիտ եմ։ Մի՞թե Հալաբյանի բարեկամությունը մի ուրիշ նպատակ ունե։ Ահա հենց այդ բանը պետք է իմանալ»…

Եվ ամբողջ օրը նա քրոջ խոսքերի ազդեցության տակ էր։ Որքան նա թախանձեց, որքան ստիպեց, Մարիամը այլևս ոչինչ չխոսեց այդ մասին, և միայն կրկնում էր.

— Ինքդ մտածիր։

— Հասկանում եմ,— ասաց, վերջապես, Ռուբենը,— այդպիսի մի մարդ, ինչպիսին Հալաբյանն է, եթե մի նպատակ ունե մեր վերաբերմամբ, այդ նպատակը ուրիշ ոչինչ չի կարող լինել, եթե ոչ... Նա ամուրի է և գուցե... Բայց, Մարո, ես այդ կողմից բոլորովին վախ չունեմ։ Դու անկախ ես... հասկանում ես, ոչ ոք, ոչ ոք չի կարող ճնշումն գործել քեզ վրա... հասկանո՞ւմ ես։ Գալով ինձ, երբեք, բացի եղբայրական խորհրդից, ոչինչ իրավունք մի՛ սպասիլ ինձանից։ Այո, ես հասկանում եմ միտքդ։ Բայց դու երեխա չես, իսկ ես միշտ ուժ կունենամ քեզ պաշտպանելու ամեն տեսակ քեզ համար անախորժ բաներից...

— Ես այդ գիտեմ, Ռուբեն,— արտասանեց Մարիամը, տեսնելով, որ եղբայրը հասկացել է յուր միտքը,— շնորհակալ եմ։— Մի բան միայն խոսեմ. ես Հալաբյանի մասին վատ կարծիք չունեմ, բայց կրկնում եմ, նրա այցելությունը ինձ ճնշում է։ Իսկ դու ինքդ կարող ես նրա հետ բարեկամ մնալ։

— Եթե այդպես է, ես այնպես կանեմ, որ նա երկրորդ անգամ այստեղ չգա,— վճռեց Ռուբենը, վերջ տալով խոսակցությանը։


XI


Հասավ այն օրը, երբ պետք է փայլեր օրիորդ Նատալիան։ Երեկոյան ինը ժամն էր, Թիֆլիսի ժողովարանի ձմեռային բնակարանում տիրում էր մի անսովոր շարժում։ Իշխան Սահարունին ֆրակ և սպիտակ փողպատ հագած կարգադրություններ էր անում։ Հանդիսավոր հագնված սպասավորները մի անսովոր եռանդով կատարում էին նրա աջ ու ձախ սփռվող հրամանները։

Բազմաթիվ տոմսակները վաղօրոք տարածված էին հասարակության մեջ, հույս կար, որ բարեգործական երեկույթը պիտի բազմամարդ լինի։ Ժողովարանի հարյուրավոր մոմերով լուսավորված սենյակները մի առանձին շուք էին ստացել։ Գլխավոր դահլիճի մի ծայրը բռնված էր վիճակախաղի իրերով։ Մյուս ծայրում առանձին-առանձին կանգնած էին երեք տոմսակ վաճառող օրիորդներ, շրջապատված իրանց երկրպագու կավալերներով։

Երաժշտությունը վերնահարկից դղրդեցրեց դահլիճները: Հանդիսականները հետզհետե հավաքվում էին։ Նախասենյակում խռնված էր կոչված և անկոչ կարգադրիչների մի խումբ։ Այստեղ, մի անկյունում, տրոպիկական բույսերի տերևների միջից, երևում էր չորրորդ տոմսավաճառի գլուխը։ Սանդուղքից վեր բարձրացողին ուժով քաշում էին այդ օրիորդի մոտ և ստիպում տոմսակ վերցնել։

Մոտ տասը ժամն էր, երբ, վերջապես, երևեցավ Նատալիան մոր ուղեկցությամբ։

— Նատո, այդպես չի կարելի ուշանալ,— հանդիմանեց իշխանը շշնջյունով,— ամենը քեզ են սպասում։

Սակայն Նատոն վատ էր տրամադրված, յուր քեռու նկատողությունը անուշադիր թողեց։ Մադամ Կուրաժոն խաբել էր նրա հույսը, նոր հագուստը դուր չէր եկել օրիորդին, որքան սպասում էր։ Նա հանդիմանել էր մադամին շատ կոպիտ խոսքերով, և վերջինը, ակնարկելով օրիորդի նիհարությունը, պատասխանել էր.

— Մադմուազել, մեղավորը ձեր ցցված ոսկորներն են, կան բաներ, որ մոդիստկան չի կարող ուղղել։ Այնուամենայնիվ Նատալիան հագել էր յուր նոր հագուստը, որ կարված էր կաթնագույն նուրբ մետաքսից և զարդարված պարիզյան վոլանսե կրուժևաներով։ Նրա ուսերն ու թևերը կիսով չափ բաց էին։

Ճանապարհին մայրը նրան հորդորել էր, որ մոռանա տխուր անցքը, յուր դեմքին զվարթություն տա։ Բարձրանալով սանդուղքով վեր, նրա աչքերի մեջ փայլեց ինքնագոհություն, բարակ շրթունքների վրա տխրությունը տեղի տվեց սովորական գոռոզ ժպտին։ Նա մի կողմնակի հայացք ձգեց հայելիի մեջ, հագուստը այնքան էլ վատ չէր նստում, որքան կարծում էր։ Նա մի առանձին հաճություն զգաց, տեսնելով յուր պարանոցի կաշվի քնքշությունը, և մի անգամ ևս մտքում հայհոյեց մադամ Կուրաժոյին։ Ընդհանրապես նա տգեղ չէր, կային մարդիկ, որ մինչև անգամ շատ գեղեցիկ էին համարում նրան, գովելով նրա բարակ մեջքը, երեսի գույնը և թուխ-թուխ, թանձր հոնքերը։

Նա լսեց մի քանի կոմպլիմենտներ, նրան շրջապատեցին, նա զվարթացավ։ Հովհարի ծայրը, անգլիական պոլիսմենի ձևով, մոտեցրեց մի քանի ծանոթների, և ոմանք հետևեցին նրան՝ տոմսակ գնելու։

Դահլիճը հետզհետե լցվում էր, խուլ աղմուկը ավելի ու ավելի սաստկանում էր։

Հասարակության մեջ երևեցավ Ախշարումյանի սև և գեր պարանոցը։ Որկրամոլը առողջացել էր։ Պետք է ասած, որ մոսիո Վախվախյանը նրա հիվանդության լուրը մեծացրել էր, ինչպես սովոր էր փքել ամեն մի չնչին լուր։

— Տասը-տասը ռուբլու ամեն մի արկղից— ավել չեմ պահանջում,— դիմեց նրան իշխանը, թևից բռնելով և քաշելով տոմսավաճառների մոտ։

— Այդ բանում հավասարության օրենքին ես խիստ հակառակ եմ,— ասաց Ախշարումյանը,— ով ավելի գեղեցիկ է, նրա համար ավելի կզոհեմ։ Բարեգործությունն էլ ճաշակի բան է, ես փողերս նվիրում եմ կանանց և ոչ թե գործին։

Եվ նա յուր ճաշակի համաձայն դիմեց այն արկղին, որի մոտ կանգնած էր ամենագեղեցիկը տոմսավաճառ կանանցից։

Հասարակությունը Նատալիայի քեֆովը չէր։ Գերազանցող տարրը դարձյալ հասարակ վաճառականների ընտանիքներն էին։ Նա անհամբեր սպասում էր «արիստոկրատներին», առանձնապես կոմսուհի Նավալիխինային։ Նրա տրամադրությունը ավելի վատացավ, տեսնելով մի քանի «սյուրտուկավոր» երիտասարդներ, որ ինքնագլուխ, կոպիտ կերպով, քաշում էին սրան ու նրան և մոտեցնում տոմսավաճառներին։

— Ովքե՞ր են այդ չուչելները,— հարցրեց օրիորդը իշխանից։

Նորին պայծառափայլությունը հեգնաբար ժպտալով, պատասխանեց.

— Մեր ազգասերները։

— Որ մեջտեղ չընկնեն, լավ կլինի։

Այդ րոպեին տիկին Սոփիոն, Հալաբյանի թևից բռնած, մոտեցավ աղջկանը։ Մտնելով դահլիճ, տիկնոջ առաջին հույսը եղավ գտնել ամուրիին, երկրորդը՝ դիմավորել անվանի կոմսուհուն։ — Միթե չե՞ք պարելու, որ դուք էլ սյուրտուկով եք եկել,— հարցրեց Նատալիան դժկամությամբ։

— Ո՛չ:

— Զարմանալի է, կարծես, բոլորը երդվել են իմ բալս փչացնել այս երեկո։

— Ինչո՞ւ, տոմսակները լավ են վաճառվում, ես կարծում եմ մեծ եկամուտ կունենաք։

— Շատ հարկավորս է եկամուտը, իմն այն է, որ բալս ուրախ անցնի, շքեղ լինի։ Այդ սյուրտուկները ամեն բան տգեղացնում են։

Ամուրին շտապեց յուր բարեգործական տուրքը վճարելու տոմսավաճառներին։ Հետո նա, օգտվելով Սոփիոյի և Նատալիայի զբաղված դրությունից, հեռացավ և խառնվեց ամբոխին։ Մի քանի ժամ առաջ Ռուբենը նրա մոտ էր եղել, և նա վարպետությամբ իմացել էր, որ Մարիամն ևս երեկույթ է գալու։ Անցնելով մի դահլիճից մյուսը, ամեն տեղ աչք ածելով, նա չգտավ Մարիամին, և արդեն հուսահատվելու վրա էր, երբ մի անկյունում տեսավ Ռուբենին մի քանի երիտասարդների հետ։

— Դուք միայնա՞կ եք եկել,— հարցրեց նա, չկարողանալով զսպել յուր հետաքրքրությունը։

Մինչև Ռուբենի պատասխանելը, նա տեսավ Մարիամին։ Օրիորդը յուր վարժուհու հետ կանգնած խոսում էր։ Պատից քարշ արած մեծ կանթեղը առատ լույսը սփռել էր նրա վրա։ Եվ այդ լուսո ներքո նրա երեսի գունատությունը այնքան նկատելի չէր. աչքերի մեջ միայն փայլում էր մի տեսակ տենդային հուզմունք խառն մելամաղձոտության հետ։ Նա արագ-արագ հովհարում էր իրան, անդադար նայելով աջ ու ձախ անհամբեր հայացքով։ Նա հագած էր յուր բաց արճիճագույն մետաքսյա հագուստը, պարզ, առանց ավելորդ զարդարանքի։

Բարեբախտաբար Հալաբյանը կարուձևի վարժուհու հետ ծանոթ էր։ Նա բարևեց, կանգ առավ և սկսեց խոսակցել։ Մարիամը զգաց դարձյալ սովորական ճնշումը։ Թվում էր նրան, որ ամեն կողմից յուր վրա են նայում, որ ամենը իսկույն պիտի սկսեն նրա մասին խոսել, բամբասել։ Հալաբյանը հանեց գրպանից յուր վերցրած տոմսակները, որ դեռ չէր բաց արել: Նա կեսը տվեց վարժուհուն, կեսը Մարիամին և խնդրեց բաց անել: Բոլորը փուչ դուրս եկան։ Այդ անհաջողությունը գրգռեց նրա սնահավատությունը, որից նա զերծ չէր։ Նա հեռացավ և իսկույն վերադարձավ մի բուռն տոմսակներ ձեռին։ Այս անգամ Մարիամի բացածներից երկուսը նոմերով էին։

— Ձեր ձեռքը բախտավոր է ինձ համար,— ասաց Հալաբյանը խորհրդավոր եղանակով։

Նա այժմ ուրախ էր, որ պտույտ-պտույտ էր անում Մարիամի շուրջը, աշխատելով օրիորդի դեմքի վրա շարժել մի ժպիտ։ Բայց վերջինս լուռ էր և մտախոհ։

Հանկարծ Մարիամը մի ցնցում զգաց։ Մելիք-Բարսեղյանը անցնում էր նրա մոտով։ Տեսնելով Մարիամին, նա քաղաքավարությունից դրդված մոտեցավ, արտասանելով.

— Դուք այստե՞ղ եք։

Բժիշկը ծանոթ էր Հալաբյանի հետ։

Մարիամի սիրտը ուժգին բաբախում էր։ Ինչ էր այդ — երկյո՞ւղ, սե՞ր, ատելությո՞ւն, թե՞ հետաքրքրություն — չգի՛տեր։ Զգում էր միայն, որ նա դարձյալ կաշկանդում է յուր կամքը, խլում է հաստատակամության վերջին ուժը։ Այն, ինչ որ մի րոպե առաջ համոզմունք էր, դարձյալ փոխվեց կասկածի։ Բժիշկը խոսում էր երեկույթի մասին։ Կրկին թույլ հույսի նման մի բան զարթնեց Մարիամի սրտում։ Միթե ամեն ինչ վերջացած է, մի՞թե։ Նրա համար ախորժելի էր հուսալ, և այդ հույսը նա ստանում էր բժշկի մի ամենաթույլ ժպտից, մի անորոշ հայացքից։ Նա զգում էր բուռն ցանկություն բժշկի հետ առանձնանալու։ Վախենում էր, որ մի գուցե նա թողնի իրան և հեռանա։ Պետք է նրա հետ խոսել, թող ինչ ուզում է լինի, անորոշությունը ծանր է, դառն է, անտանելի է։

— Դուք չե՞ք պարելու,— հարցեց Հալաբյանը Մելիք-Բարսեղյանից։

— Ես շատ հազիվ եմ պարում։

Հալաբյանը դժգոհությունից կծեց ներքին շուրթը։ Նկատելով Մարիամի դեմքի փոփոխությունը, նրա սիրտն արդեն մի կասկած էր ընկել։ Արդյոք մի որևէ կապ կա՞ նրանց մեջ, մտածում էր ամուրին: Նա զննեց բժշկին, և մի նախանձ զարթնեց նրա սրտում։ Երիտասարդությունը, աշխույժ խոսակցությունը, «բժիշկ» կոչումը — ահա այդ նախանձի առաջին պատճառը։ Նա սկսեց ատել բժշկին և մտածում էր ինչպես նրան հեռացնի Մարիամից։

Նրանց մոտով ծանր քայլերով անցավ տիկին Սոփիոն մի ինչ-որ վրացի իշխանի հետ։ Մարիամը երեսը մի կողմ դարձրեց։ Տիկինը, տեսնելով նրան Հալաբյանի հետ, մտքում գրգռվեց։ Նա որոնում էր ամուրիին, նրան մոտեցավ միայն բժիշկ: Երևեցավ և իշխան Սահարունին։ Մարիամը վարժուհու թևից բռնելով, հեռացավ, խույս տալով թե՛ իշխանից և թե Սոփիոյից։

— Երկու խոսք ունեմ քեզ ասելու,— ասաց իշխանը առնելով Հալաբյանի թևը։

— Ի՞նչ ես ուզում ինձանից,— պատասխանեց Հալաբյանը մի այնպիսի եղանակով, որ արտահայտեց նրա խորին դժկամությունը։

— Դու անպատճառ պիտի պարես։

— Ե՞ս։

— Այո', դու։

— Դու խելագարվել ես, իշխան. ես տասը տարի է չեմ պարում։

— Իմ խաթրու պետք է պարես, թե չէ՝ էլ ինչ պռիկաշչիկ֊մռիկաշչիկ ասես մեջ են ընկել, ուզում են պարել։ Քրոջս աղջկա բալը փչացնում են, նա վրդովված է։ Ես արդեն մի քանի զույգ կազմել եմ, ուզում եմ, որ օրինավոր մարդիկ մեջտեղ մտնեն։ Կոմսուհի Նավալիխինան այստեղ է. ամոթ է։ Հալաբյանը մեծ դժվարությամբ կարողացավ ազատվել իշխանի ձեռքից և գնաց Մարիամին գտնելու։

Վիճակախաղը վերջացել էր, հատակի վրա սփռված էին պատռոտված տոմսակները։ Պարերը արդեն սկսվել էին։ Նատալիան վալս էր պտտում մի երիտասարդ սպայի հետ, որին նա համոզել էր պարերի կառավարիչ լինել։ Դահլիճը ծայրեիծայր լիքն էր։ Հանդիսականները, ըստ երևույթին, գոհ էին երեկույթից։ Միայն մի քանիսի դեմքերն էին տխուր, նրա՛նց, որոնք վիճակախաղի վրա կորցրել էին իրանց վերջին ռուբլիները։ Մի տիկին, դահլիճի մուտքի մոտ նստած, հաշվում էր երեկույթի եկամուտը։ Մի ուրիշ տիկին, հեռվից, նրան ծաղրում էր յուր խոսակիցների հետ։

— Ես զարմանում եմ,— ասում էր ծաղրողը, դեմքը ծռմռելով,— այդ մարդիկ երևակայում են, որ գործ են շինում: Ընկել են բազարները, ինչ «խլամ» ասես հավաքել են, բերել մանրավաճառի խանութ բաց արել... Ֆի դո՜ն, ես զզվում եմ։

— Եվ ի՞նչ հասարակություն են հավաքել, տեր աստված, ով որ ասես կա, — հարեց նրա խոսակիցը։

— Չէ, չէ, գլխավորն այն է, չեն ամաչում, գնացել են ու կոմսուհի Նավալիխինային հրավիրել, խի-խի-խիի՜։

— Սուտ իշխանի աղջկանից կամ նախկին բազազի կնկանից ավելի բան սպասել չէր կարելի։

Այսպես, բամբասանքներին, արհամարհական ակնարկներին, ժպիտներին, կծու ակնարկություններին վերջ չկար։ Եվ ամենի ուշադրության կենտրոնը տիկին Սոփիոն էր յուր աղջկա հետ։

Նատալիան ստեպ-ստեպ մոտենում էր կոմսուհուն և զբաղեցնում նրան։ Ամեն ճիգ գործ էր դնում, որ բարձրաստիճան տիկինը գոհ լինի և գլխավորապես այդ բանի մեջ էր տեսնում երեկույթի հաջողությունը։ Տիկին Սոփիոն այնքան չէր զբաղված կոմսուհով, որքան Հալաբյանին յուր մոտ ունենալու մտքով։ Իսկ Հալաբյանր չկար, չէր երևում, և տիկինը կատաղությունից մատներն էր կրծոտում, զգալով, որ նա այս երեկո ևս ընկած է Մարիամի հետևից։

Դահլիճը թնդում էր երաժշտության փողերի ու թմբուկների հնչյուններից, պարողների ոտների տրոփյունից։ Մերթ ընդ մերթ լսվում էր պարագլուխ սպայի խրոխտ, բարձր ձայնը, որ ղեկավարում էր պարողներին։

— Ձերդ պայծառափայլություն, կարծյոք, բավական զվարճալի է, այս, ներեցեք ասել, բա՜ալը — դարձավ կոմսուհուն նրա ուղեկիցներից մեկը հեգնաբար։

Կոմսուհին ժպտաց։ — Իրավունք ունեք, Պետր Աֆանասևիչ, արժեր տեսնել այս տարօրինակ հասարակությունը։

— Աոանձին ուշադրության արժանի է այդ գեղեց…կու…հի… նե…րի… հագուստը, մանավանդ գրացիան, էֆ, էֆ, էֆ,— մեջ մտավ երկրորդ ուղեկիցը և սկսեց բարձրաձայն ծիծաղել։

— Պարոններ, զգույշ կացեք, մի՛ մոռանաք, որ մենք այստեղ հյուր ենք,— սաստեց կոմսուհին շշնջյունով:

— Իսկ կառավարչուհին, ֆո, ֆո, ֆո,— հիանալի է։

— Իսկ մա՜յրը։

— Ռիստոկրատկա՜։

— Խի խի խի,— ծիծաղեց կոմսուհին, յուր կարմիր երեսը մեծ հովհարով ծածկելով։

Նատալիան պարում էր և, միևնույն ժամանակ, աչքը չէր հեռացնում կոմսուհուց։ Նկատելով վերջինի զվարթ ծիծաղը, մտքում ուրախացավ, որ բարձրապատիվ հյուրը այնքան զվարճանում է։

— Երևակայեցեք,— խոսեց դարձյալ կոմսուհու հանաքչին,— այդ սև-սև դեմքերի մեջ ես տեսնում եմ, վերջապես, մի ոչ տգեղ երես։

— Ո՞ւր է, ո՞ւր է։

Հանաքչին կոմսուհու ուշադրությունը դարձրեց Մարիամի վրա, որ այդ վայրկյանին անցնում էր նրանց մոտով միայնակ։ Նա գլուխը հավանորեն շարժեց։ Նույն պահին մոտեցավ նրան Նատալիան։

— Ասացեք, խնդրեմ, ո՞վ է այդ համակրելի դեմքով օրիորդը,— հարցրեց կոմսուհին։

Անզուսպ նախանձը վայրկենաբար պղտորեց Նատալիայի սիրտը, երբ տեսավ, որ կոմսուհու հավանածը Մարիամն է։ Նա պատասխանեց, թե չէ ճանաչում «այդ աղջկան»։

Մարիամը Ռուբենին էր որոնում։ Նա միայնակ անցավ սեղանատուն, ուր արդեն առանձին-առանձին սեղանների շուրջը նստած ընթրում էր հասարակության մի մասը։ Ռուբենը այստեղ չէր։ Մարիամը ետ դարձավ, և մեծ դահլիճ չհասած, տեսավ բժշկին, որ երկու երիտասարդ օրիորդների հետ-տաք-տաք խոսում էր։ Այդ երկուսից մեկը քաղաքի մի հարուստ ընտանիքի զավակ էր, հռչակված յուր խոշոր օժիտով։

Մարիամը չկարողացավ զսպել իրան, նրա արյունը սառավ երակներում, աչքերը պղտորվեցին։

«Ի՞նչ շուտ կարողացավ ծանոթանալ դրանց հետ», ասաց նա մտքում։ Բժշկի դեմքը արտահայտում էր խորին բավականություն, նա շատ ուրախ էր երևում։ Հոգով ցանկանում էր Մարիամը հեռանալ այդ չարագուշակ երեկույթից, ուր հետզհետե ավելանում էր նրա տանջանքը։ Բայց ի՞նչ անհաղթելի ուժ էր այն, որ դարձյալ մղում էր նրան դեպի այդ մարդը և որ տակավին ստիպում էր նրան հետամուտ լինել մի չքացող բախտի։ Կատաղի խանդը կրծում էր նրա սիրտը։ Նա չկարողացավ ոչ առաջ գնալ, ոչ ետ դառնալ։ Նա մնաց տեղն ու տեղը, աչքերը դարձրած դեպի այն կողմը, ուսկից լսվում էր բժշկի բարձրաձայն ծիծաղը։ Օրիորդները անցան դահլիճ։ Բժիշկը, մեջքից թեքված, հետևեց նրանց զվարճախոսելով, ծիծաղելով և աջ ու ձախ արտասանելով «վինովատ», «պարդոն», «ներողություն», ում ինչ լեզվով հարկավոր էր։

Մարիամը կանգնած էր միևնույն տեղում, մեջքը հենած սանդուղքի վանդակապատին։

— Ի՞նչ է պատահել քեզ,— լսեց նա եղբոր ձայնը,— դու հոգնե՞լ ես արդեն։

— Այո, հոգնել եմ, գնանք, գնանք այստեղից։

— Ոչ, շատ վաղ է դեռ։ Կես ժամ է քեզ պտրում եմ, չեմ գտնում։ Գնանք դահլիճ, ես ուզում եմ քեզ ծանոթացնել իմ ուսանողական ընկերների հետ։

— Ոչ ոքի հետ չեմ ուզում ծանոթանալ։ Մի տեղ նստենք, քիչ հանգստանանք, գլուխս պտտում է։

— Ուրեմն չե՞ս պարելու։

— Ոչ:

Ռուբենը նրան ուղեկցեց ասիական ձևով կահավորված դահլիճը, ուր փափուկ գահավորակների վրա նստած էին խումբ֊խումբ հանդիսականներ։

— Ախ, Մարո, եթե իմանայիր ինչպես էի վիճում մի կես ժամ առաջ իմ ընկերների հետ։ Տեր աստված, ի՜նչպես մարդիկ փոխվում են և ի՜նչպես շուտ։ Ես չեմ ճանաչում իմ նախկին ընկերներին, բոլորը փոխվել են, բոլորը մանրացել են, բոլորի խոսակցության նյութը այժմ կանայք են, իրանց պաշտոնները, իրանց զվարճությունը — ուրիշ ոչինչ։ Որքան հիմար դրության մեջ դրեցի ինձ, խոսելով նրանց հետ այն առարկաների մասին, որ մեզ ոգևորում էին։ Դու պետք է լսես, թե ինչպես նրանք միմյանց ծաղրում են, քննում, քննադատում, բամբասում։ Ահա հենց այդ բանի մասին էի վիճում նրանց հետ մի փոքր առաջ։

Եղբայրը խոսում էր, քրոջ միտքը ո՞ւր էր։ Կրկին նրա աչքով ընկավ բժիշկը նույն օրիորդի հետ։

— Գնանք տուն, Ռուբեն,— ասաց նա, բռնելով եղբոր բազուկը,— այստեղ սաստիկ տոթ է, ես խեղդվում եմ, գնանք։

— Բայց դու այս երեկո բոլորովին չզվարճացար։ Ես ուզում եմ քեզ հետ մի քիչ պարել։ Մերժո՞ւմ ես։

Դարձյալ երևաց Հալաբյանը։ Ամբողջ մի ժամ մերթ իշխան Սահարունիի, մերթ տիկին Սոփիոյի և մերթ օրիորդ Նատալիայի ձեռքին տանջվելուց հետո, ամուրին, վերջապես ազատվել էր։

— Արդյոք չէի՞ք կամենալ ընթրել,— դիմեց նա Ռուբենին և Մարիամին։

Նա մերժումն ստացավ, և մինչ աշխատում էր համոզել, նրա թևից բռնեց Ախշարումյանը և քաշեց մի կողմ։

— Բավական է, թող այդ հիմարություններդ,— ասաց որկրամոլը,— ի՞նչ ես ընկել այդ աղջկա հետևից։ Գնա՜նք ընթրելու։

Հալաբյանը կատաղեց։

— Թողեք ինձ հանգիստ, ի սեր աստուծո,— խեղդուկ ձայնով արտասանեց նա, յուր թևը ազատելով Ախշարումյանի ձեոից։

— Գնա՛, դու գժվել ես։

Հալաբյանը հետ վերադարձավ։ Բայց Ռուբենն և Մարիամը չկային իրանց առաջվա տեղում։ Նա անցավ ասիական դահլիճին կից փոքրիկ սենյակը: Այստեղ ոչ ոք չերևաց։ Նա քայլերը ուղղել էր դեպի գլխավոր դահլիճը, երբ նրա ականջին հասավ մի շշնջման ձայն։ Նայեց դեպի սենյակի կիսալուսավոր անկյունը և մնաց տեղն ու տեղը անշարժ։ Նա չէր սխալվում. դա Մարիամն էր, նստած գահավորակի վրա։ Իսկ մյո՞ւսը, բժիշկ Մելիք֊Բարսեղյանն էր։ Յուր եղբոր հետ հանդիպելով բժշկին այդ սենյակում, օրիորդը խնդրեց Ռուբենին թողնել իրանց մի քանի րոպե առանձին։ Նա վճռեց անել վերջին քայլը. նա կամեցավ բացատրություն պահանջել Մելիք-Բարտեղյանից։ Եվ ահա նրանք նստած էին դեմուդեմ...

Մի վայրկյան նրանք լուռ նայեցին միմյանց երեսին։ Մարիամի աչքերի մեջ փայլում էր մի հուսահատ վճռականություն։ Բժիշկը գուշակեց նրա միտքը։ Նա զգաց, որ արդեն հասել է բարոյական ճգնաժամը, որ դեմուդեմ նստած է մի անողոք դատավոր, որին պարտավոր է հաշիվ տալ յուր վարվողության մասին։ Նա շփոթվեց, նայեց աջ ու ձախ. ոչ ոք չէր երևում, բոլոր հանդիսականները կից դահլիճներումն էին։

— Բժիշկ,— ընդհատեց Մարիամը վայրկենական անախորժ լոությունը մի այնպիսի ձայնով, որի մեջ հազիվ զգացվում էր նրա հոգեկան խռովությունը,— այսօր ես վճռեցի ձեզ հետ խոսել վերջին անգամ։ Հուսով եմ, որ չեք մերժիլ մի քանի րոպե ինձ նվիրել, մի քանի րոպե միայն, այնուհետև դուք ազատ եք։ Կարո՞ղ եք լսել։

— Այստե՞ղ,— պատասխանեց բժիշկը, շվարված աջ ու ձախ նայելով,— այս հասարակական տեղո՞ւմ, Մարո, մեր խոսակցությունը, եթե գաղտնիք է, կարող են լսել։

— Մի վախենաք, ոչ ոք չի լսիլ: Ես այստեղ ընտրեցի մեր բացատրության համար այն պատճառով, որ մենք այսուհետև ուրիշ ոչ մի տեղ չենք կարող տեսնվել... Երբե՛ք։ Միամիտ կացեք, մի կարծեք, որ ես ձեզ կանպատվեմ։ Ոչ, գիտեմ, որ դուք վախենում եք հասարակությունից։

— Լսեցեք, ես ամեն բան զգում եմ, ավելորդ կլինի, եթե դուք սկսեք պարզել դեպի ինձ ձեր զգացմունքները։ Դուք ինձ չեք սիրում, ես գիտեմ ա՛յդ, գիտեմ այն էլ, որ երբեք, երբեք չեք սիրել ինձ: Բայց... ասացեք... ի՞նչ էր նշանակում ձեր այդ դառն կատակը ինձ հետ։ Պատասխանեցեք, ինչո՞ւ համար դուք այդպես վարվեցիք, ինչո՞ւ... Բժիշկը դարձյալ նայեց աջ ու ձախ։ Չնայելով, որ Մարիամը խոսում էր ցածր ձայնով, գրեթե շշնջյունով, բժիշկը այնուամենայնիվ կարծում էր, որ կարող են լսել նրա ասածը։ Օրիորդի արտաքին կեղծ սառնությունը նրան չէր խաբում։ Նա զգում էր նրա ներքին բուռն հոգեկան խռովությունը, զգում էր և վախենում մի գուցե խոսակցությունը շարունակելով, առիթ տա մի անախորժ տեսարանի։

— Մարո,— հաղորդեց նա մեղմ և փաղաքշական ձայնով,— թո՛ղ, հետո կխոսենք այդ մասին։ Ես պատրաստ եմ քեզ բացատրություն տալ, բայց ոչ այստեղ։ Նայի՛ր,— ավելացրեց նա, ցույց տալով դեպի մեծ դահլիճը, որի դռների մոտ երևում էին մի խումբ հանդիսականներ։

Մարիամը հեգնաբար ժպտաց։

— Ինչի՞ցն եք վախենում,— շարունակեց նա համառությամբ,— որ ես աղմո՞ւկ կբարձրացնեմ այստեղ, որ ես կարտասվե՞մ, որ ես ձեր անունը խոսակցության և բամբասանքի առարկա՞ կդարձնեմ։ Չե՞ք ճանաչում ինձ, մոռացե՞լ եք… Ոչ, պատվելի բժիշկ, ես այդ չեմ անիլ, ես ինձ թույլ չեմ տալ մի երիտասարդ բժշկի, հա՛, հա՛, հա՛, պատիվը արատավորել։ Բայց ես պետք է ձեզանից հաշիվ ստանամ ձեր վարմունքի մասին, հասկանո՞ւմ եք։ Ի՞նչ, դուք կարծում էիք, որ գործ եք ունեցել մի խեղճ, մի ողորմելի, մի անլեզու աղջկա հետ, որ կարող է երեկվա ձեր վարմունքը այսօր մոռանա՞լ։ Հասկացեք, ուրեմն, ձեր առաջ նստած է մի չափահաս կին, որ ինքը կարող է յուր պատիվը պաշտպանել։ Տեսնո՞ւմ եք, այսօր, այս հասարակական տեղում, ես ամեն ինչ արհամարհելով, պահանջում եմ ձեզանից այն, ինչ որ իրավունք ունեմ պահանջելու։ Տվե՛ք ինձ պատասխան, ասացե՞ք, ի՞նչ իրավունք ունեիք կարծելու, որ ես փողով ինձ համար փեսացու առնողներից եմ։ Լռեցե՛ք… Թույլ տվեք խոսքս վերջացնեմ, խոմ ձեր հոգին այժմ ինձ համար պարզ է, խոմ դուք մի ծախու ապրանք եք… հը՞մ, դուր չէ՞ գալի՛ս ձեզ իմ ասածը։ Միթե ճի՞շտ չէ, միթե դուք ձեր անունը, ձեր երիտասարդությունը, ձեր կրթությունը, ձեր գաղափարները, ձեր պատիվն անգամ կշեռքի մի թաթի վրա չեք դրել, մյուս թաթի վրա ոսկի՜-ոսկի՜ եք կանչում. Չէ՞, այսպես չէ՞: Հերքեցեք, եթե սուտ եմ ասում, պաշտպանվեցեք, եթե ասածս զրպարտություն եք համարում, հերքեցեք, որ դուք... մի մի մի... բախտախնդիր չեք...

Քանի խոսում էր օրիորդը, հետզհետե կորցնում էր սառնությունր և նրա սրտի դառնությունը ավելի ու ավելի զգացվում էր աստիճանաբար հուզվող ձայնի ելևէջների մեջ։ Եվ նրա նիհարությունը, նրա դեմքի գունատությունը, նրա աչքերի հիվանդոտ փայլը սարսափեցնում էին բժշկին։ Նա ցնցվում էր օրիորդի ամեն մի խոսքից, նա անդադար նայում էր յուր շուրջը։ Վերջին խոսքը նրան բոլորովին զինաթափ արավ։ Նա ցանկանում էր, որ այդ րոպեին ներս մտնի մի ծանոթ մարդ և վերջ դնի այդ տագնապալի դրությանը։ Սակայն երաժշտության ձայնը դեռ լսվում էր, պարերը դեռ շարունակվում էին։ Երբեմն-երբեմն միայն մի հանդիսական մտնում էր սենյակի մի դռներով և իսկույն դուրս գալիս մյուս դռներով, ծուլորեն նայելով աջ ու ձախ և ուշադրություն անգամ չդարձնելով նրանց վրա։

— Ախ, տեր աստված,— փոխեց հանկարծ յուր ձայնը Մարիամը, վերջապես, չկարողանալով շարունակել յուր կեղծ սառնասրտությունը,— ի՜նչ եմ ասում, որքա՜ն հիմար եմ ես։ Ո՞ւմ հետ եմ խոսում։ Ի՞նչ եմ պահանջում ես ձեզանից: Դուք լռում եք, դուք չափից դուրս շփոթված եք, դուք ուզում եք փախչել ինձանից։ Գնացեք,— ավելացրեց նա, մի վայրկյան լռելուց հետո,— ես չեմ կարողանում ձեզ հետ սառնասիրտ խոսել։ Թողեք ինձ, հեռացեք, դուք ազատ եք, այնտեղ ձեզ սպասում են... ուրիշները։

Նա թուլացած թիկն տվեց գահավորակին։ Նա զգում էր, որ ինքն էլ չգիտե ինչ է ասում, որ առհասարակ այն չի խոսում, ինչ որ հարկավոր էր խոսել։ Նրա դողդոջուն ձեռը ուժգնակի շարժում էր լայն հովհարը։ Նա զգաց օդի սաստիկ պակասություն, նրա շնչառությունը ծանրանում էր։

— Չե՞ք կամենում դահլիճ անցնել,— լսեց նա բժշկի ձայնը, և այդ ձայնը հնչեց նրա ականջին իբրև մի հանդուգն հեգնություն, իբրև մի սառն արհամարհանք։

Այլևս միանգամայն ավելորդ էր խոսել։ Նա ճիգն արավ և անսպասելի արագությամբ ոտքի կանգնեց։ Նա նայեց մի վայրկյան բժշկի երեսին և խեղդված ձայնով, գրեթե խուլ շշնջյունով արտասանեց.

— Գնացեք ձեզ համար բախտ որոնեցեք, իսկ ե՜ս…

Նա ծածկեց երեսը հովհարով և քայլերը ուղղեց դեպի հակառակ կողմ: Երբ բժիշկը հեռացավ, նրա առաջ դուրս եկավ սենյակի կիսախավար անկյունից… Հալաբյանը։ Ամուրին հուզված էր, նրա աչքերի մեջ փայլում էր սաստիկ անհանգստություն։ Մարիամը նայեց նրա երեսին, և վայրկենաբար սթափվեց։

«Մի՞թե լսել է իմ ասածները», անցավ նրա մտքով։

Նա թույլ տվեց ամուրիին լուռ գնալու յուր մոտով։ Նա ամբողջ մարմնով դողում էր։

«Ի՜նչ ստորություն, ի՜նչ ստորություն,— կրկնեց նա մտքում,— ի՜նչ արի ես, ի՜նչ արի ես»։

Արդարև նոր միայն նա հասկացավ, որ միանգամայն արժանի էր յուր ինքնասիրությանը գրեթե ուժով բացատրություն պահանջել մի մարդուց, որ այնպես տմարդի կերպով խաբել էր նրա հույսերը։ Այժմ այլևս նրա համար գոյություն չուներ չքացած բախտի խնդիրը։ Զարթնեց նրա մեջ յուր բոլոր զորությամբ նսեմացած ինքնասիրության խայթող զգացմունքը։

«Ի՜նչ ստորություն, ի՜նչ ստորություն»,— կրկնում էր նա անդադար։

Նրան թվում էր, որ ոչ միայն բժշկի առաջ ինքն իրան ստորացրեց, այլև ամենի աչքում, որ ամբողջ հասարակությունը այժմ ծաղրում է նրան, ծիծաղում է, բամբասում է։ Նա չգիտեր ինչ է կատարվում յուր շուրջը, նա չէր հասկանում յուր հետ ընթացող Հալաբյանի ասածը, լսում էր միայն նրա խուլ, երերվող ձայնը։ Նա մտածում էր գտնել եղբորը շուտով և աննկատելի կերպով հեռանալ երեկույթից։

«Ի՛նչ արի ես, ի՛նչ արի, տեր աստված»,— շշնջացին այս անգամ լսելի ձայնով նրա շրթունքները։

— Ի՞նչ ասացիք,— հարցրեց Հալաբյանը, լսելով նրա ասածը։

Մարիամը մի քիչ սթափվեց։ — Խնդրեմ եղբորս գտեք և ուղարկեցեք ինձ մոտ, ես այստեղ կսպասեմ:

Նա ուժասպառ, թուլացած նստեց ընդարձակ հյուրասենյակի մի կիսալուսավոր անկյունում։

Հալաբյանը տեղից չշարժվեց։ Չկարողանալով զսպել յուր բուռն հետաքրքրությունը, նա թաքնվել էր սենյակի մի անկյունում և ականջ դրել Մարիամի խոսակցությանը բժշկի հետ։ Օրիորդի մի քանի, անզգույշ կերպով բարձր արտասանված դարձվածները այլևս պարզեցին նրա համար մի չարագուշակ գաղտնիք։ Ուրեմն Մարիամը սիրում է այդ երիտասարդ բժշկին, իսկ նա... արհամարհում է։ Նա պատրաստ էր նույն րոպեին հարձակվել Մելիք-Բարսեղյանի վրա, տալ նրան մի խայտառակ ապտակ։ Նա կատաղած էր և՛ Մարիամի դեմ։ Ի՛նչ, մի երիտասարդ արհամարհում է նրան, և նա դեռ հետամուտ է լինում նրան։

— Գտեք եղբորս, խնդրում եմ ձեզ,— ասաց օրիորդը կրկին։

Հալաբյանը մեքենաբար շարժվեց տեղից և սկսեց աչք ածել յուր շուրջը։ Երեկույթը դեռ շարունակվում էր։ Պարերից հոգնած զույգերը անցուդարձ էին անում, ուրախ-ուրախ խոսակցելով։ Դահլիճը կիսով չափ դատարկվել էր։

Նրան մոտեցավ մոսիո Վախվախյանը և ասաց, թե իշխան Սահարանին կանչում է։ Նա ուշադրություն չդարձրեց, անցավ։

— Վերջապես գտա քեզ,— լսեց նա դահլիճում իշխանի ձայնը։ — Նո՛ւ, գնանք, քեզ են սպասում։

— Ինձ ոչ ոք չպիտի սպասի, ես գործ ունեմ։

— Չի կարելի, դու մերոնց խոսք ես տվել միասին ընթրելու։

Նոր միայն ամուրին հիշեց, որ արդարև, յուր գլուխը ազատելու համար, ակամա խոսք էր տվել Նիկողայոսին։

Նա ուշադրություն չդարձրեց իշխանի վրա։ Նա դիմեց առաջ։ Այս անգամ նրան հանդիպեց տիկին Սոփիոն։

— Ախ, պարոն Հալաբյան, ես ձեզ էի պտրում,— ասաց տիկինը ուրախ-ուրախ։ — Երևակայեցեք, կոմսուհի Նավալիխինան այնքան գովեց մեր բալը, այնքան գովեց, որ չգիտեմ... Փառք աստուծո, փառք աստուծո, շատ ուրախ եմ։ Դեհ, գնանք այժմ, Նիկողայոսը սպասում է…

Երևեցան և՛ օրիորդ Նատալիան ու Ախշարումյանը, ամուրիին շրջապատեցին։ Այլևս դժվար էր ազատվել նրանց ձեռքից։ Սակայն նա դարձյալ ներողություն խնդրեց, հեռացավ, ասելով, որ իսկույն կվերադառնա։ Նա Մարիամին չգտավ այնտեղ, ուր թողել էր։ Նա վազեց այս ու այն կողմ, անցավ նախագավիթ, և այստեղ տեսավ, որ օրիորդը եղբոր թևին հենած, սանդուղքով ցած է իջնում։ Նա ինքն իրան մոռացավ, և հրելով ճանապարհին պատահած հանդիսականներին, խելագարվածի պես հետևեց նրանց։

— Դուք արդեն գնո՞ւմ եք:

Նա պատասխան չստացավ։ Իջնելով ցած, հանդերձարանում նա մի քիչ ուշքի եկավ, շփոթվեց ինքն յուր արածից։ Նա ձեռը մեկնեց Ռուբենին։ Երիտասարդը գունաթափված էր, աչքերի մեջ փայլում էր մի տեսակ, նրա բարի դեմքին անհամապատասխան, կատաղություն։ Պարզ էր, որ Մարիամը հաղորդել էր նրան բժշկի վարմունքը։ Դողդողացող ձեռներով նա պահեց քրոջ վերարկուն, հագցրեց, առավ նրա թևը և շտապեց դեպի դուրս։

Հեգ ամուրին մնաց բևեռված յուր տեղում։ Ընկճված, հուսահատված, նայեց Մարիամի հետևից։ Նա ծանր և ակամա քայլերով բարձրացավ վեր։ Նա զգում էր յուր շուրջը մի ամայություն, կարծես, Մարիամի գնալով նրա համար ամեն ինչ վերջացավ, կարծես, այլևս հավիտյան խորտակվեցին նրա հույսերը։ Սեղանատանը չհասած, նա հանդիպեց Մելիք-Բարսեղյանին, որ խոսում էր մի հարուստ և բավական ծեր դրամատիրոջ հետ։ Որքան ատելի թվաց նրան բժշկի լուրջ կերպարանքը։ Նա ձգեց նրա վրա մի սպառնողական, մի սուր հայացք։ Բժիշկը բարեկամաբար ժպտաց։ Այդ նրան ավելի կատաղեցրեց։ Նա համարում էր իրան վիրավորված, հաղթված և մինչև անգամ ստորացած մի նոր, մի տակավին անհայտ երիտասարդի առաջ։ Ինչպե՜ս, նա սիրե, նա այնքան եռանդով հետամուտ լինի մի օրիորդի, որից երես է դարձնում մի ինչ-որ կիսաքաղցած բժիշկ։ Էլ ո՜ւր մնացին Հալաբյանի անունը, դիրքը և հարստությանը։ «Նա ծիծաղում է ինձ վրա, նա ծաղրում է ինձ,— ասաց նա մտքում,— ես նրան ցույց կտամ, ցույց կտամ, թե ով եմ ես»...

Երբ մտավ սեղանատուն, ամուրիին այնպես թվաց, որ ամենը հեգնաբար ժպտացին, մանավանդ Ախշարումյանը և իշխան Սահարունին։ Նիկողայոսի խոնարհ հրավերով նա նստեց սեղանի մոտ, կասկածելի հայացքներ ձգելով բոլորի վրա։ Ամբողջ ընթրիքի ժամանակ նա լռեց, անուշադիր թողնելով Նիկողայոսի հաճոյախոսությունները, տիկին Սոփիոյի սիրալիր ակնարկությունները, օրիորդ Նատալիայի հաղթական հայացքները, իշխան Սահարունիի սրախոսությունները և Ախշարումյանի կատակները։ Նա վեր կացավ տեղից ամենից առաջ, բարևեց և պատճառ բերելով յուր գլխացավը, ներողություն խնդրեց ու հեռացավ։ Նրա հետևից վազեց իշխան Սահարունին։

— Սիրելիս,— շշնջաց իշխանը հեգնաբար,— ես հիմար չեմ։

— Ի՞նչ ես ուզում ասել։

— Ասում եմ, ես հիմար չեմ։

— Ես այդ գիտեմ. հետո՞։

— Ուրեմն իմացիր, որ գլխացավիդ պատճառը ինձ հայտնի է։ Սպասիր, մի՛ շտապիր, երկու խոսք։ Զգույշ կաց, հասկանո՞ւմ ես, զգույշ կաց։ Քեզ նման մարդիկ չեն ընկնում, բայց ընկնելիս երկու ոտով են ընկնում թալաքի մեջ...

Խոսակցությունը տեղի ուներ նախասենյակի մի անկյունում, մոտիկ ոչ ոք չկար։ Հալաբյանը ապշած նայեց իշխանի երեսին, կարդալով նրա աչքերի մեջ մի չարամիտ բան։

— Իբրև բարեկամ, խորհուրդ եմ տալիս, զգույշ կաց, — կրկնեց իշխանը խորհրդավոր եղանակով։ Այո, զգույշ կաց, ձեռք մի՛ մեկնիլ ուրիշի պատառին, հասկանո՞ւմ ես, կարող ես մատներդ այրել և շատ վատ այրել։

— Իշխան, ամոթ է, լռի՛ր։

— Ես կլռեմ, բայց դու զգույշ կաց... Դե գնա, ուրիշ ասելիք չունեմ։

Իշխանը անհայտացավ։ Հալաբյանը մնաց տեղն ու տեղը անշարժ, արձանացած։ Այդ անորոշ խոսքերի մեջ նա զգաց շատ որոշ, շատ պարզ և շատ չարամիտ մի ակնարկություն։ Նա սարսափեց։

«Ուրիշի պատառի՞ն»,— արտասանեց նա, մեքենաբար, ձեռով շփելով ճակատը։ Նա չիմացավ, թե ինչպես ցած իջավ, ինչպես ծառան հագցրեց վերարկուն, և միայն երբ դուրս եկավ փողոց, երբ ձմեռային սառն օդը խփեց նրա ճակատին, սթափվեց փոքր-ինչ։ Այն ժամանակ նրա կրծքից մի ծանր հառաչանք դուրս թռավ, և նա արտասանեց.

— Ես անբախտ եմ։


XII

Մարիամի կծու հանդիմանությունները մի որոշ աստիճանի ազդեցություն գործեցին բժիշկ Մելիք-Բարսեղյանի հոգու վրա։ Երեկույթից հետո մի քանի օր շարունակ նրա ականջին հնչում էին օրիորդի վիրավորական խոսքերը, իբրև սուր բողոք յուր անարժան վարմունքի դեմ։

Սակայն անցավ թարմ տպավորությունը, և նրա խիղճը փոքր առ փոքր սկսեց հանդարտվել։ Այս անգամ ևս նրան օգնեց սառն, անկիրք դատողությունը։ Չէ՞ որ վիրավորողը Մարիամն է եղել։

«Իսկ ես միայն լսեցի նրա կոշտ ու կոպիտ հայհոյանքները։ Ասենք իմ արածս, նրա կարծիքով, լավ բան չէ, բայց նրա արածը խոմ ավելի վատ էր»։

Ուրեմն պատիժը կատարված է, պարտքը վճարված է, հաշիվը վերջացած է։

Բայց արդյոք այդ երեկո հասարակությունից ոչ ոք չէ՞ լսել նրանց խոսակցությունը — ահա այն միակ միտքը, որ սաստիկ անհանգստացնում էր բժշկին։ Եթե նա համոզված լիներ, որ այդ անախորժ տեսարանին ոչ ոք վկա չի եղել և առհասարակ գաղտնիքը չէ հայտնվել ուրիշին, որքան դյուրին կլիներ նրա համար մոռանալ ամեն ինչ և անձնատուր լինել սովորական զբաղմունքներին։ Բայց նա կասկածում էր, և կասկածում էր ամենից ավելի Հալաբյանի վերաբերմամբ։

Նրա սուր աչքերը նկատել Էին Հալաբյանին այն պահին, երբ վերջինը դուրս եկավ սենյակի անկյունից Մարիամի հանդիմանություններից հետո։ Նրա նուրբ դիտողությունից փախուստ չէր տվել ամուրիի հետամուտ լինելը Մարիամին։ Նա նկատել էր և՛ Հալաբյանի սպառնալի հայացքը ժողովարանի նախասենյակում։ Այնուհետև նա մի քանի անգամ պատահել էր ամուրիին փողոցում, բարևել էր հարգանքով, և արժանացել միայն սառն և թեթև պատասխանի:

Այս բոլորը նրա կասկածները զորացնում էին, և նա, մութ կերպով, զգում էր, որ Հալաբյանը նախ անտարբեր չէ դեպի Մարխամը, երկրորդ՝ վրդովված է յուր դեմ։ Առաջինը ցանկալի էր, երկրորդը՝ ոչ։ Ցանկալի էր՝ գտնվի մեկը, որ հետամուտ լինի Մարիամին և գուցե մոռացնել տա նրան յուր անցյալը։ Ցանկալի չէր, որ այդ մեկը լինի Հալաբյանի նման մարդ։ Նա հարուստ է, հասարակության մեջ ունի հայտնի դիրք, ունի ծանոթների մեծ շրջան, կատա՞կ բան է մի երիտասարդ բժշկի համար կյանքի ասպարեզում, հենց առաջին քայլում, հանդիպել այդպիսիների ատելությանը, երևալ նրանց աչքում իբրև մի ստոր խաբեբա։

Պետք է, ուրեմն, զգույշ լինել, պետք է մոտենալ Հալաբյանին, վաղօրոք գրավել նրա սիրտը, չթույլ տալ նրան վատ կարծիք կազմելու բժիշկ Մելիք-Բարսեղյանի մասին։

Չլիներ տխուր միջադեպը Մարիամի հետ, օրիորդ Նատալիայի բալը իսկապես բժշկի համար մի բախտավոր օր էր։ Այդ երեկո նա ծանոթացել էր երեք-չորս հայտնի ընտանիքների հետ, գրավել էր մի քանի մայրերի ուշադրությունը։ Մի հարուստ պարոն հենց այդ երեկո աոաջարկել էր նրան յուր տան բժիշկը լինել։ Եվ նա շտապել էր հետևյալ օրն իսկ այցելություն անել պարոնի ընտանիքին։ Մի խոսքով, այդ երեկույթից հետո նրա գործերը քիչ-քիչ առաջ էին գնում, ապագան հույսեր էր տալիս։ Նրա մասին արդեն սկսել էին խոսել հասարակության մեջ, նրա անունը տարածվում էր, նրանով հետաքրքրվում էին։

Իբրև բարեմիտ քաղաքացի, իբրև յուր դրությունը հաստատել ցանկացող մի բժիշկ, նա արդեն կանոնավորել էր յուր կյանքը։ Առավոտյան զարթնում էր կանուխ, չայի ժամանակ թերթում էր տեղական լրագիրները, հետո կարդում էր յուր մասնագիտությանը վերաբերյալ այս կամ այն գրքից քանի էջեր, այնուհետև ծանր ու հանդարտ, ծառայի օգնությամբ, հագնվում էր, դուրս էր գալիս տնից առավոտյան տասնումեկ ժամին։ Եթե հիվանդ ուներ, գնում էր այցելության, եթե չուներ, դարձյալ կառք էր նստում որոշյալ ժամին և մի կամ երկու անգամ անցուդարձ անում քաղաքի բազմամարդ փողոցներում։

Հետո նա գնում էր այն հիվանդանոցները, ուր առժամանակ ձրի բժշկություն էր անում։ Այստեղ նա շփվում էր զանազան այցելուների հետ, ծանոթանում էր, և եթե այցելուն փոքր ի շատե ունևոր մարդ էր, հայտնում էր նրան յուր հասցեն, հարմար դեպքում հրավիրելով յուր մոտ։

«Տանը ես ազատ եմ, կարող եմ ավելի լավ քննել ձեր հիվանդությունը»,— ասում էր նա։ Եվ ամենի հետ նա վարվում էր միատեսակ մեղմ, սիրալիր և զարմանալի ուշադրությամբ։ Նրա համբերությունը սահման չուներ, երբ քննում էր այս կամ այն շատախոս հիվանդին, որ մանրամասն նկարագրում էր յուր հիվանդությունը։ Նա ինքն յուրաքանչյուրին շռայլում էր շատ ավելորդ հարցեր, կատակ էր անում, սրախոսում էր, զվարճացնում էր և այսպիսով ամենի սիրտը շահում։

— Ա՜խ, Անիչկա,— ասում էր հիացած մի տիկին յուր ընկերուհուն,— դու չես կարող երևակայել ինչքան բարեսիրտ է այդ բժիշկ Մելիք-Բարսեղյանը, ինչքա՜ն ցավում է հիվանդի մասին։ Ուրիշները մի քիչ քննում են հիվանդին ու հետո ձեռքին նայում, թե ինչ կտա։ Իսկ նա, սիրող մոր պես, ամեն բան հարցնում է, ամեն բան ուզում է իմանալ։

— Դուք ճանաչո՞ւմ եք բժիշկ Մելիք-Բարսեղյանին հարցնում էր մեկը մյուսից։

— Ոչ, լսել եմ։

— Օօօ՜օ, ծանոթացեք, ծանոթացեք, շատ համակրելի է։

— Ինչո՞վ է համակրելի։

— Ինչպե՜ս ասեմ, պրոսաո դուշկա…

Հին բժիշկների դասը, որ առաջ արհամարհանքով էր վերաբերվում, փոքր առ փոքր սկսեց լուրջ ուշադրություն դարձնել նրա վրա։ Շատերը զգում էին, որ նրա հետ կատակ անել չի կարելի, որ նա մի վտանգավոր մրցակից է և կարող է շատերին նսեմացնել, եթե վաղօրոք առաջը չկապվի։ Եվ հետզհետե սկսեցին նրա վրա բամբասել։ Առաջ նրան անվանում էին «մանուկ», հետո սկսեցին «վիսկաչկա» մականունը գործածել։ Իսկ նա, ինչպես հիվանդների, նույնպես և յուր արհեստակիցների հետ վարվում էր՝ ծերերի հետ հարգանքով և պարկեշտորեն, երիտասարդների հետ ընկերաբար և համեստորեն։ Նա մյուսների պես չէր բամբասում նրանց, չէր աշխատում վայր գցել նրանց վարկը հասարակության աչքում։ Նա չէր ցույց տալիս ոչ նախանձ, ոչ ատելություն, ոչ արհամարհանք։ Երբ նրա մոտ անվանարկում էին այս կամ այն բժշկին, նա կամ աշխատում էր բամբասանքը ընդհատել, կամ ընդդիմադրում էր անվանարկողին, պաշտպանելով ոչ թե խոսակցության առարկա բժշկի անձնավորությունը, այլ առհասարակ բժիշկ մարդու արհեստը, նրա պատասխանատու դերը, նրա դիրքը և պատիվը։ Իսկ երբ գովում էին մեկին, նա լռում էր, և միայն այն ժամանակ երևան էր գալիս նրա դեմքի վրա այն խորհրդավոր ժպիտը, որ նրան էր միայն հատուկ և որ, կարծես, արտահայտում էր հետևյալ դարձվածը.

«Ճանաչում եմ քո գոված բժշկին, չարժե։ Նայի՛ր ինձ...»

Եվ գովողը նայում էր նրա երեսին, լռում էր, ամաչում էր և կամա-ակամա մտածում.

«Ինչ խելոք դեմք ունե այս մարդը»։

Այսպես էր վարվում բժիշկ Մելիք֊Բարսեղյանը ամենի հետ։ Նրա հնարագետ ուղեղը մատակարարում էր նրան միշտ նորանոր միջոցներ յուր նպատակին հասնելու համար։ Մի օր այդ ուղեղը թելադրեց նրան հետևյալ սկզբունքը.

«Ընդհանուր համակրություն ձեռք բերելու համար հարկավոր է ընդհանրության հետ շփվող մարդկանց մոտենալ»։

Եվ նա, որ անգիտակցաբար արդեն գործադրում էր այդ սկզբունքը, այժմ սկսեց գիտակցորեն գործադրել։ Նա արդեն ծանոթացել էր տեղական բոլոր խմբագիրների հետ, այցելություն էր արել նրանց և յուրաքանչյուրի մոտ յուրաքանչյուրի տեսակետից առանձին-առանձին պաշտպան ել էր հասարակական շահերի գաղափարը։ Դրանով նա չբավականացավ: Բացի բժշկականից, նա գրվեց մի քանի ընկերությունների անդամ, մոտեցավ երիտասարդության հետ, ցույց տվեց իրան հնի թշնամի, նորի եռանդուն ջատագով:

Մի ընկերության ընդհանուր ժողովում, յուր մի ազատամտական ճառի շնորհիվ, երիտասարդները ընտրեցին նրան խորհրդի անդամ, և այդ օրվանից նա անցավ «հասարակական գործիչների» շարքը։

Բայց հազիվ նա ստացել էր այդ անունը, հազիվ նա ծանոթացել էր երիտասարդության հետ, երբ փորձով տեսավ, որ այդ միջոցով ձեռք բերած հռչակն էլ ունե յուր անհարմարությունները։ Բանն այն է, որ, ինչպես ամենուրեք, նույնպես և' բժիշկ Մելիք-Բարսեղյանի արյունակից հասարակության մեջ կա մի որոշ դասակարգ, որի համար արհեստավորին ձրի հարստահարելը անբարոյականություն չէ համարվում։ Ահա այդ դասակարգի հետ առիթ ունեցավ մոտենալ նա, ընդունելով «հասարակական գործիչի» անունը։ Նրա մեղմ ազատամտությունը, նրա արտաքին բարեհամբույր վարվողությունր անխտիր ամենի հետ և, վերջապես, նրա ազգանվան «յան» մասնիկը, այս բոլորը համարձակություն էին տալիս շատերին դատարկ ձեռքով դիմել նրա արհեստի օգնությանը։ Եվ նա չէր կարող մերժել, նա չէր կարող գանգատվել անգամ։ Գիտեր, որ հակառակ դեպքում հետևանքը կարող է վատ լինել։

Պատահում էր, որ շաբաթվա մեջ ընդունելության համար երեք որոշյալ օրերից մեկը կամ մյուսը անցնում էր միայն ձրի հիվանդներ ընդունելով։

— Ի՞նշ գործի եք,— հարցնում էր նա եկողներից։

— Ես հայոց դպրոցի աղքատ վարժապետ եմ,— պատասխանում էր մեկը։

— Ես տիրացու եմ,— պատասխանում էր մյուսը։

— Ես Ներսիսյան դպրոցի աշակերտ եմ,— պատասխանում էր երրորդը։

Եվ այլն և այլն։ Բոլորն էլ գալիս էին մի տեսակ անբռնաբարելի իրավունքով, կարծես, նրա վարձը վճարել էին վաղուց։ Վերջապես, նա տեսավ, որ այդպես շարունակել անկարելի է, որ պետք է սահմանափակել ձրիասերների թիվը։ Բայց ինչպես։ Սխալն այն էր, որ նա սկզբից չէր հայտնել, թե իբրև մանկաբարձ֊բժիշկ դարմանում է միայն կանանց հիվանդությունները։ Ինչ տեսակ հիվանդներ ասես, նա ընդունում էր վարձով, հետևաբար չէր կարող անվարձների վերաբերմամբ այլ կերպ վարվել։

Մի օր նա նստած էր յուր առանձնասենյակում։ Ընդունելության ժամն էր։ Նա բարկացած էր. մի րոպե առաջ նա ընդունել էր մի տերտերի, քննել, դեղատոմս գրել, և տերտերը, փոխանակ վարձ տալու, «պահպանիչ» էր ասել, կարծես, նրան ծաղրելու համար։ Իսկ մի պացիենտ, որին բժշկել էր ծանր հիվանդությունից, տասն ու ինը «վիզիտի» համար ուղարկել էր ծրարով ընդամենը քսան ռուբլի։

«Վիզիտին մի ռուբլի,— ասում էր նա,— մարդ կարող է խելագարվել, խելագարվել, это чорт знает что такое, այդպես էլ անբարեխղճությո՞ւն...»։

Հանկարծ նա լսեց դռան զանգակի ձայնը։ Իբրև կանանց բժիշկ, նրան աջակցում էր մի մանկաբարձուհի։

— Հիվանդ,— ասաց վերջինը, ընդունարանի դռներից ներս մտնելով։

— Հրավիրեցեք, — պատվիրեց բժիշկը և մտքում ավելացրեց.— ձրի՞, թե՞ վարձով։

Ներս մտավ եվրոպական ձևով հագնված, երեսը թանձր քողով ծածկած մի կին։ Երկչոտությամբ նայելով աջ ու ձախ, կինը շշնջաց.

— Ես ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել:

Մանկաբարձուհին դուրս եկավ։ Բժիշկը դռները ամուր ծածկեց և հրավիրեց անծանոթին նստել։ Կինը մի անգամ ևս նայեց յուր շուրջը և սաստիկ հոգնած մարդու պես, ընկղմվեց բազկաթոռի վրա։ Նա գլուխը մոտեցրեց բժշկին և սկսեց շշնջալով խոսել։ Թանձր քողի տակից նկատելի էր նրա երեսի գույնը, սակայն նրա ստեպ ընդհատվող շնչառությունից, արագ բաբախող կրծքից և դողացող ձեռներից պարզ էր, որ նա մի ինչ-որ տենդային հուզմունքի մեջ է։ Լսելով նրա շշնջյունը, բժշկի դեմքը հանկարծ մռայլվեց։ Անծանոթը յուր ասելիքը վերջացրած, պատասխանի էր սպասում։ — Չեմ կարող,— արտասանեց բժիշկը գրական եղանակով:

Կինը մի հուսահատական շարժումն արավ:

— Ես կսպանեմ ինձ,— լսվեց նրա աղերսալի ձայնը քողի տակից,— ես ինձ կսպանեմ, եթե չազատեք այս դրությունից։ Իմ բոլոր հույսերս ձեզ վրա են, ուրիշին դիմել չեմ կարող, այստեղի բժիշկները ամենը ճանաչում են մեզ։ Դուք նոր մարդ եք, դուք երիտասարդ եք, բարի եք, օգնեցեք։

Հետզհետե նրա թուլացող ձայնից երևում էր, որ նա արտասվում է, որ առհասարակ նրա դրությունը շատ հուսահատական է։

— Չեմ կարող,— կրկնեց բժիշկը մի անգամ ևս, բայց ոչ առաջվա հաստատակամությամբ,— այդ կլինի իմ կազմից մի հանցանք գիտության սուրբ ավանդությունների դեմ։

— Բայց միթե հանցանք չի՞ լինիլ ինձ սպանելը,— աղերսում էր անծանոթը,— միթե դուք թույլ կտա՞ք, որ մի երիտասարդ կին մեռնի խայտառակությունով: Բժիշկ, ես պատրաստ եմ ձեզ վարձատրել, ինչքան ուզում եք, օգնեցե՛ք:

Վերջին խոսքերը բարկացրին բժշկին, գոնե այսպես ձևացրեց նա իրան։

— Տիրուհի,— ասաց նա խոտորեն,— մի մոռանաք, որ ես պատիվս փողով ծախողներից չեմ:

— Ներողություն, ես այդ չէի ուզում ասեր: Ես գիտեմ, լսել եմ ձեր մասին, խնդրում եմ, խղճացե՜ք ինձ։

Բժիշկը լուռ էր: Նրա դեմքի սառն արտահայտությունը տեղի տվեց մտախոհության։ Փորձնական տագնապալի րոպեն անցավ։ Բժիշկը վերցրեց սեղանի վրա դրած մեծադիր գրքերից մեկը, թերթեց մի քանի վայրկյան և կրկին դրեց տեղը։ Հետո նա ձեռով վճռական շարժումն արավ, կարծես, միանգամայն հեռացնելով իրանից ծանր մտքերի մի շարք։

— Ձեր հասցե՞ն,— հարցրեց նա հանդարտ։

Անծանոթ կինը հառաչեց, բռնեց նրա աջը, շնորհակալությամբ ամուր սեղմեց և հետո մատիտով նշանակեց թղթի կտորի վրա յուր տան տեղը։ — Վաղը չէ, մյուս օրը,առավոտյան տասը ժամին ես ձեզ կսպասեմ, — ասաց նա, ոտքի կանգնելով:

— Սպասեցե՛ք, բայց միայն մի պայմանով՝ բոլոր պատաախանատվությունը ձեզ վրա եմ թողնում։

— Ես կյանքս հանձնում եմ ձեր գիտությանը, իսկ անունս՝ ձեր համեստությանը։

Եվ անծանոթը գրպանից հանեց մի աղեղնագույն թղթադրամ, սեղմեց բժշկի ձեռի ափում, ավելացնելով.

— Առայժմ։

Նա դուրս եկավ։ Բժշկի դեմքը փայլեց, նրա աչքերի մեջ պսպղաց անհագ շահասիրության ոգին, նայելով ձեռի մեջ սեղմած թղթադրամին։

«Գիտությունն էլ նախապաշարմունքներ ունե,— ասաց նա ինքն իրան,— ինչո՞ւ նրանցից մեկի դեմ չգնալ»...

Նա ուրախ-ուրախ սուլելով, գնաց մյուս սենյակը, հայտնեց մանկաբարձուհուն, թե ընդունելության ժամը անցել է, ազատ է։

Օրը կիրակի էր. մի օր, երբ բժիշկը սովորաբար այցելում էր յուր այն ծանոթներին, որոնց հետ կամենում էր բարեկամություն հաստատել։ Այս անգամ, կեսօրվա ուղիղ տասներկու ժամին, նրա կառքը կանգ առավ քաղաքի հարուստ տներից մեկի առաջ։

— Պարոն Ադամովը տա՞նն է,— հարցրեց նա, դռան զանգակի ձայնին դուրս եկող իմերել սպասավորից։

— Ո՛չ:

— Ո՞վ կա։

— Աղջիկ պարոնները։

— Հարցրու, կարո՞ղ է դոկտոր Մելիք-Բարսեղյանը ներկայանալ։

Մինչև ծառայի վերադառնալը բժիշկը մտքում մի քանի անգամ արտասանեց յուր ազգանունը և առաջին անգամ զգաց, որ նա բավական կոշտ է հնչում։ «Ափսոս Մելիքը, որ կպցրել են Բարսեղին», մտածեց նա, անիծելով յուր հոր ճաշակը, որ չէր կարողացել ժամանակին ավելի ազնվահնչյուն դարձնել այդ ազգանունը։

Տանտիրուհին նրան ընդունեց ուրախությամբ և հրավիրեց մի շքեղ զարդարված ընդարձակ հյուրասենյակ, ուր նստած էին նրա երկու զույգ հասուն աղջիկները։ Ադամովները Թիֆլիսում մի հայտնի ընտանիք էին։ Ինքը, ծերունի Ադամովը, մի պաշտոնաթող չինովնիկ էր, որ ժամանակին կարողացել էր յուր աղջկերանց բախտը ապահովել առանձին-առանձին օժիտով։

Տեսնելով բժշկին, չորս քույրերը միաժամանակ ոտքի կանգնեցին, հերթով սեղմեցին նրա ձեռը և կրկին նստեցին յուրաքանչյուրը յուր առաջվա տեղը։ Սովորական նախաբանից հետո, տանտիրուհին խոսք բաց արավ քաղաքային նորությունների մասին։ Եվ որովհետև նրա ուղեղը գիշեր-ցերեկ զբաղված էր յուր աղջկերանց ճակատագրով, ուստի բնական է, որ այդ նորությունները լինեին համապատասխան նրա մտավոր տրամադրությանը։

— Դուք ճանաչո՞ւմ եք Հալաբյանին,— հարցրեց նա բժշկից, մի քանի համանման լուրեր հաղորդելուց հետո։

— Ճանաչում եմ։

— Երևակայեցեք, այդ մարդը քանի տարի է չի պսակվել, հիմա, ասում են, ուզում է պսակվել:

— Այո՞։

— Այո։

— Ո՞ւմ վրա։

Տանտիկինը շինծու արհամարհանքով ժպտաց։

— Ով գիտե ում վրա, այստեղ մի «բազազ Նիկոլ» կա, որի կինը իրան արիստոկրատ է ձևացնում, կարծեմ այդ բազազի եղբոր աղջիկն է։

Բժիշկը մի տարօրինակ շարժում գործեց, ուղղելով պենսնեն։

— Մի աղքատ աղջիկ է, ոչ հայր ունի, ոչ մայր, հորեղբորից զրկված, օրվա հացին կարոտ։ Վարինկա,— դարձավ տիկինը յուր երկրորդ աղջկանը, որ թուխ գույնով, երկարաձև երեսով և փոքրիկ աչքերով մի արարած էր, մի փոքր գեղեցիկ, քան մյուս քույրերը,— Վարինկա, այն աղջկա անունը ինչ է՞,

— Մարո։

— Մարիա։ — Մաշա:

— Մարիամ։

Պատասխանեցին չորս քույրերը միաժամանակ:

Բժիշկը շփոթվեց։ Առաջին անգամն էր նա լսում մի լուր, որ վաղուց արդեն պտտում էր քաղաքում:

Տիկինը շարունակեց.

— Այդ Հալաբյանը մեր Թիֆլիսի ամենալավ փեսացուներից մեկն է, հանկարծ ուզում է պսակվել այդ աղքատ աղջկա վրա: Ի՞նչ կասեք, դոկտոր, լա՞վ բան է։

— Ես կարծում եմ, որ շատ ազնիվ բան է մի հարուստ մարդու կողմից,— պատասխանեց բժիշկը համեստությամբ։

— Ես էլ կարծում եմ,— մեջ մտավ տիկնոջ ավագ աղջիկը:

— Ես էլ,— կրկնեց երկրորդը — Վարինկան։

— Ես էլ,— կրկնեց երրորդը:

Չորրորդը լռեց, որովհետև հասակը չէր ներում համարձակ լինել:

— Բայց դուք տեսեք, որ,— շարունակեց տանտիկինը,— այդ աղջիկը կոտրատվում է, ասում են, չի ուզում գնալ Հալաբյանին: Իզուր չէ ասած՝ աղքատ ու հպարտ:

— Մամա,— խոսեց Վարինկան,— հպարտությունը խոմ չէ պատճառը:

— Բա՞ս։

Բոլոր քույրերը նայեցին միմյանց երեսին, գլուխները ցած գցեցին և աչքի տակով սկսեցին նայել բժշկի կողմը։

— Ինչո՞ւ չի գնում,— կրկնեց մայրը յուր հարցը։

— Սիրահարված է մեկ ուրիշի վրա,— լսվեց չորս քույրերի կողմից, բայց թե որն ասաց —այդ մնաց անհայտ։

Բժիշկը երկրորդ տարօրինակ շարժումն արավ, այս անգամ ավելի զորեղ։ Նա նկատեց, որ ամենից ավելի համառությամբ նայում է յուր վրա Վարինկան: Դա այն օրիորդն էր, որին բժիշկը հետամուտ լինելիս Մարիամը տեսել էր այն չարագուշակ երեկո։ Տանտիկինը սկսեց տրամաբանորեն ծաղրել և առհասարակ պախարակել սեր ասած բանը և սիրահարվողներին։ Բժիշկը հաջողությամբ փոխեց խոսակցության առարկան և, մի քառորդ ժամի չափ ևս նստելով, հրաժեշտ տվեց, դուրս եկավ վերին աստիճանի անախորժ տպավորության ներքո։— Անախո՜րժ, որովհետև այն, ինչից վախենում էր, արդեն կատարվում էր— նրա անունը սկսել էր բամբասանքի առարկա դառնալ։

Փողոցի մայթի վրա նույն վայրկյանին, երբ ձեռնափայտը բարձրացրած կառք էր կանչում, նրա առաջով անցավ Ռուբենը։ Հանդիպումը այնպես էր, որ բժիշկը, հակառակ յուր ցանկության, չկարողացավ խույս տալ։

— Աա՜, փառք աստուծո, քո երեսդ էլ տեսա,— գոչեց նա կեղծ զգացմունքով, այնպես, որ, կարծես, ոչինչ անախորժություն տեղի չէր ունեցել նրանց մեջ։

Ռուբենը շատ սառն բարևեց և ակամա ընդունեց ընկերոջ ձեռը, որ ծածկված էր փայլուն ձեռնոցով։

— Եղբայր, ինչո՞ւ չես գալիս ինձ մոտ, միթե քեզ էլ պետք է հրավիրե՞մ, որ շնորհ բերես,— հանդիմանեց բժիշկը ընկերաբար, ուշադրություն չդարձնելով ընկերոջ սառնության վրա։

— Ես քեզ մոտ ի՞նչ գործ ունեմ,— արտասանեց Ռուբենը դառն սրտմտությամբ։

Բժիշկը իրան զարմացած ձևացրեց։

— Ինչպե՞ս, դու ինձ մոռացե՞լ ես։

Եվ, նայելով Ռուբենի երեսին, գլուխը հանդիմանությամբ երերեց աջ ու ձախ և խորին համեստությամբ շարունակեց.

— Հաա, ուրեմն մոռացե՞լ ես։ Շատ լավ, մոռացի՛ր, ինչ անեմ, երևի, արժանի եմ։ Բայց ես այդպես չեմ, ես միշտ հիշում եմ իմ հին ընկերներիս, ես չեմ կարող նրանց հետ այդպես շուտ կտրել բարեկամությունս։

Այս խոսքերի տակ թաքնված հանդգնությունը կատաղեցրեց Ռուբենին։

— Վասի՜լ,— գոչեց նա դողդոջուն ձայնով,— վաղո՞ւց ես սովորել այդ եզվիտական լեզվով խոսելը։

Բժիշկը ժպտաց։

— Էհ, եղբայր, ես չեմ հասկանում ինչո՞ւ այդպես բարկացած ես ինձ վրա, ի՞նչ է պատահել: Այս երկրորդ հանդգնությունը միանգամայն ապշեցրեց Ռուբենին։

— Ի՞նչ, դու դեռ համարձակվում ես արածդ մոռանա՜լ, դու դեռ հարցնո՞ւմ ես։

Խոսակցությունը տեղի ուներ փողոցի մայթի վրա, և այդ սաստիկ անհանգստացնում էր բժշկին։ Նա անդադար նայում էր աջ ու ձախ, վախենալով մի գուցե Ռուբենի հետզհետե գրգռվող ձայնը անցորդների ուշադրությունը գրավի։

— Ռուբեն,— ասաց նա մեղմ և համոզիչ ձայնով, միևնույն ժամանակ, աջ ձեռը դնելով ընկերոջ ուսի վրա,— ես տեսնում եմ, որ այսօր քեֆդ տեղը չի։ Ահա կառք, չե՞ս բարեհաճիլ արդյոք գնալ ինձ հետ տունս։ Ես մի երկու ժամ ազատ ժամանակ ունեմ, կարող եմ նվիրել քեզ։

Ռուբենը լուռ էր։

Գնաց բժշկի տունը — նա երբեք չէր համաձայնվի, բայց խոսել նրա հետ վերջին անգամ, պահանջել վերջին բացատրությունը — այդ նա ցանկանում էր վաղուց։ Արդեն հինգ շաբաթ էր անցել այն երեկույթից, երբ Մարիամի հետ խոսելուց խույս տվեց բժիշկը, և այսօր Ռուբենը առաջին անգամն էր պատահում նրան։ Նա գիտեր, որ այսուհետև բժիշկը աշխատելու է հեռու պահել իրան։ Ինչպե՞ս հարմար առիթը բաց թողնել, ինչպե՞ս անպատիժ թողնել նրան, ինչպես թույլ տալ, որ նա այդպես հեշտությամբ ազատվի պատասխանատվությունից։

— Ես քո տան շեմքը ոտք դնել չեմ կարող,— պատասխանեց Ռուբենը, հազիվ զսպելով կատաղությունը,— բայց քեզ հետ պետք է խոսեմ, որովհետև ստիպված եմ խոսել։ Անցնե՜նք մի փոքր։

Նրանք գնացին միասին և հասան փողոցի ծայրը։ Ռուբենը առաջարկեց նրան մտնել մոտակա սրճարանը։ Խանութի ձև ունեցող մի բավական ընդարձակ դահլիճում, առանձին սեղանների շուրջը, նստած էին մի քանի, վայելուչ հագնված, մարդիկ. որը սուրճ էր խմում, որը գարեջուր, որը նարդի էր խաղում։ Ընդհանուր աղմուկի միջից որոշ լսվում էր մոսիո Վախվախյանի խրոխտ ձայնը։ Բժիշկը նայեց պատերին և առաստաղին, ինչպես մի մարդ, որ ուզում էր ցույց տալ, թե առաջին անգամն է այդպիսի տեղ մտնում, այն էլ ակամա։

— Մի վախենալ, այստեղ չենք մնալ,— ասաց Ռուբենը և առաջնորդեց բժշկին հետևի կողմում գտնվող մի փոքրիկ սենյակ, ուր ոչ ոք չկար։

Բժիշկը գարեջուր պահանջեց, Ռուբենը մի բաժակ սուրճ, և նրանք նստեցին սենյակի մի անկյունում, պատվիրելով սպասավորին դռները ծածկել։

— Մեր խոսակցության համար,— սկսեց Ռուբենը,— մի այդպիսի չեզոք տեղ էր հարկավոր, բարեկամական ասպարեզ այլևս չպիտի գոյություն ունենա մեզ համար։ Վասի՛լ, դու գիտես իմ հուզմունքի պատճառը։ Ասա, իրավունք ունե՞մ քո վարմունքը տմարդի համարել, ասա, ունե՞մ իրավունք։

— Մինչև չհանդարտվես,— պատասխանեց բժիշկը սառը և խաղաղ եղանակով,— քեզ հետ խոսել չի լինիլ։ Խմում եմ կենացդ և ցանկանում եմ, որ իբրև տղամարդ կարողանաս զսպել քեզ։ Սիրելիս,— շարունակեց նա, գարեջրի բաժակը հազիվ շրթունքին մոտեցնելուց հետո, բերանը սրբելով,— մարդու հետ այդպես վարվել չի կարելի, ինչպես դու ես վարվում։ Այո, գիտեմ ինչու ես գրգռված։ Բայց դիցուք ես մի հանցավոր եմ, դու դատավոր, մի՞թե չպիտի լսես ինձ և հետո դատես։

— Սառնարյուն լինել այն ժամանակ, երբ տեսնում եմ անիրավություն — ես չեմ կարող։ Բայց կաշխատեմ զսպել ինձ, ասա, ես լսում եմ։

— Ո՞րն է իմ հանցանքը, ցույց տուր խնդրեմ,— առաջ տարավ յուր խոսքը բժիշկը, արմունկները դնելով սեղանի ծայրին և աչքերը ակնոցի միջով սևեռելով ընկերոջ երեսին։— Որ ես այն երեկո բացատրություն չե՞մ տվել քրոջդ։ Համաձայնիր, որ տեղը անհարմար էր, Ռուբեն, խոմ չէր կարելի մի ամբողջ հասարակության մեջ ընտանեկան գաղտնիք պարզել: Մարիամը իրավունք ուներ ինձանից հաշիվ պահանջելու։ Նա իրավունք ունի ինձ անամոթ դավաճան անվանելու։ Նա իրավունք ունի կարծելու, որ ես նրան մոլորեցրել եմ և հետո երես դարձրել։ Տեսնո՞ւմ ես, Ռուբեն, ես ոչինչ չեմ թաքցնում, բոլորը ասում եմ։ Այո, պարզ ասում եմ, որ քրոջդ ես սեր եմ խոստովանել, որ ամբողջ երկու ամիս ամառանոցում հավատացրել եմ նրան, թե վաղուց, շատ վաղուց է նրան սիրում եմ, որ այդ երկու ամսվա ընթացքում, բացի սիրո ցույցերից, ուրիշ բան չի հետաքրքրել ինձ։ Խոստովանում եմ և այն, որ ես երդվել եմ կյանքս կապել նրա կյանքի հետ հավիտենական կապով։ Եվ ահա այսօր նա զգում է, որ ես սառել եմ դեպի նա, որ ես փախչում եմ նրանից։ Իհարկե, ով լիներ նրա տեղը, ինձ մի անամոթ, անխիղճ, անպատկառ շառլատան պիտի համարեր։ Բայց համբերիր, այդպե՞ս է արդյոք, ճշմարի՞տ ես շառլատան եմ, թե՞ արդարանալու պատճառներ ունեմ։ Խոմ չի կարելի այդպես շտապ դատավճիռ կայացնել։ Ռուբեն, Մարիամը կին է, գիտես, որ կինը առհասարակ շատ էլ խորը դատել չգիտե: Իսկ դո՛ւ, դու տղամարդ ես, դու պետք է խելքիդ հավատաս, դու չպիտի ենթարկվես րոպեի ազդեցության։ Ես ասեմ, դու մտածիր, մեղավոր եմ, թե՞...

Եվ նա սկսեց պարզել յուր պատճառաբանությունը։ Վերցնելով աղքատությունը իբրև հիմք լուր տրամաբանության, նա շատ լրջամիտ, շատ խոհուն կերպով և հաջողաբար արծարծեց այն, ինչ որ վաղուց պատրաստել էր ուղեղում։ Նա զարմանալի արվեստագիտությամբ պատկերացրեց չքավոր ամուսինների դրությունը, նրանց դառն կյանքը, նրանց հոգեկան աննախանձելի վիճակը։ Նա մեջ բերավ և՛ զավակներին, խղճալի գույներով ներկայացրեց նրանց բախտը։ Տեղ-տեղ նա չդուրս եկավ իրականության սահմանից, բայց և տեղ-տեղ զոռելով երևակայությանը, թշվառությունը կրկնապատկեց անխիղճ կերպով։

- Ահա այս ամենը աչքի առաջ ունենալով,— շարունակեց նա, խրախուսվելով Ռուբենի լռությունից, որ համաձայնության տեղ էր ընդունում,— ես չեմ վստահում խոստումս կատարել: Ավելի լավ է դավաճան երևալ Մարիամի աչքում, քան նրան դժբախտացնել։ Հավատացիր, ես դարձյալ սիրում եմ նրան, օ՜օօ, սիրում եմ, և հենց սիրելուց եմ այդպես վարվում։ Թող ես տանջվեմ, թող չարչարվեմ, միայն թե իմ պատճառով նրա ամբողջ կյանքը չթունավորվի։ Ես չեմ ուզում անսիրտ էգոիստ լինել։ Մարիամը գեղեցիկ է, երիտասարդ, կրթված, խելոք, միշտ ինձանից ավելի տասնապատիկ հաջող ընտրություն կարող է անել։ Նա սովոր է փարթամ ապրել, իսկ ե՞ս, ես ո՞վ եմ, աղքատության մեջ ծնված, աղքատության մեջ մեծացած մի համեստ, մի աննշան բժիշկ, որի նմանները շատ կան Թիֆլիսում։ Մարիամին հարկավոր է անհոգ, առատ և շքեղ ապրուստ։ Իսկ ես միջոց չունեմ, ես աղքատ եմ։ Մեղք չէ՞, որ ես այդ քնքուշ արարածին ձգեմ օրվա հացի կարոտության մեջ։ Նրա՞ն, Մարիամի՛ն, օ՜օօ, Ռուբեն, մտածի՜ր, նա կարող է ուրիշի հետ բախտավոր լինել, նրա հետևից ընկած են հարուստ մարդիկ։ Ես այդ գիտեմ. դեռ կես ժամ սրանից առաջ ես մի շատ պատվավոր ընտանիքումն էի, որտեղից դուրս գալիս դու պատահեցիր։ Այնտեղ ինձ ասացին, որ հայտնի հարուստ Հալաբյանը իբր թե… այո, ինչու թաքցնեմ… իբր թե Մարիամին առաջարկություն է արել։ Այդ կատարյալ բախտավորություն է։ Եվ դու եթե տեսնեիր, թե այն ընտանիքում ինչպես նախանձում էին Մարիամին, կհավատայիր…

Մինչև այդ վայրկյան Ռուբենը լուռ էր։ Զսպելով իրան, նա թույլ տվեց բժշկին ասել բոլորը, ինչ որ կամենում էր։ Բայց վերջին խոսքերը այլևս սպառեցին նրա համբերության վերջին կաթիլը։ Նա դողաց ամբողջ մարմնով, այդչափ սառն հանդգնություն նա տակավին չէր սպասում յուր նախկին ընկերոջից։

— Բժիշկ,— գոչեց նա խեղդուկ ձայնով,— դու ավելի վատ ես եղել, քան թե կարծում էի ես։ Դու ոչ միայն խաբել ես մի անմեղ աղջկա, այլև աշխատում ես քո խաբեբայությունը արդարացնել բարոյական պատճառաբանությունով։ Ավելի, դու մինչև անգամ ձգտում ես քեզ վեհանձն ձևացնել։ Այժմ քեզ բոլորովին ճանաչեցի։ Ես չգիտեի, որ դու այդչափ ճարպիկ ես, օ՜օօ, չգիտեի…

— Դարձյալ գրգռվեցի՞ր, դարձյա՞լ,— ընդհատեց բժիշկը բարեսիրտ վարժապետի եղանակով,— նո՜ւ, Ռուբեն, ես քեզ բոլորը բացատրեցի, այժմ դու գիտես։ Նա հանդարտ և հանգիստ գարեջրի բաժակը մոտեցրեց շրթունքին։

— Մնում է ինձ համար մի դառն վիշտ,— շարունակեց Ռուբենը,— որ քրոջս և քո սիրո առաջին սերմ ցանողը ես եմ եղել, ես, որ տասներկու տարի քեզանով խաբված եմ եղել։ Բայց ոչ, ինչու, ես երբեք չեմ խաբվել: Չէ՞ որ դու ինձ շարունակ ասում էիր, թե չքավորությունը մի իմաստուն դրպրոց է, թե նա պատրաստում է խելոք, առողջամիտ մարդիկ։ Մի բան միայն թաքցնում էիր, և ես այսօր եմ միայն զգում այդ բանը... այդ իմաստուն դպրոցից դուրս եկած մարդիկ երբեմն զուրկ են լինում մարդկային սրտից։ Օ՜օօ, ինչպես գիտես անամոթ վարմունքդ արդարացնել։ Խոնարհվում եմ շնորքիդ առաջ, դու արժանի ես գովասանքի։ Վեհանձն ձևանալ այն ժամանակ, երբ մարդ ստոր է — դրա համար տաղանդ է հարկավոր։

— Ռուբեն,— ընդհատեց բժիշկը գրգռված երիտասարդի անկապ խոսքերը, որ բխում էին մի վիրավորված սրտից,— Ռուբեն, կամաց խոսիր, մյուս սենյակում կարող են լսել: Բայց Ռուբենը ուշադրություն չդարձնելով նրա նախազգուշության վրա, շարունակեց.

— Ա՜խ, Մարիամ, եթե գիտենայիր, թե որքան բախտավոր ես, որ զրկվել ես այդպիսի մարդու ընկերակցությունից։ Բայց ի՞նչ, դու դեռ քո խորին ատելության մեջ չես կարողանում մոռանալ քո երևակայած անցյալ երջանկությունը։ Դու դեռ արտասվում ես գիշեր ու ցերեկ, մինչդեռ պետք է ծիծաղեիր և ուրախանայիր։ Անամոթ, — դարձավ նա բժշկին, որ շվարված լսում էր նրա զառանցանքը, — դու դեռ հանդգնում ես ծաղրել քրոջս։ Դու ուրախ ես, որ նրան հետամուտ է լինում մի Հալաբյան...

— Ռուբեն,— դարձյալ ընդհատեց բժիշկը, այս անգամ անհամբեր եղանակով,— բավական է, կարող են լսել, դու ինձ վիրավորում ես։

— Ես քեզ վիրավորո՞ւմ եմ,— կրկնեց Ռուբենը դառն ժպտալով,— ի՞նչ, միթե դու դեռ վիրավորվելու ընդունակություն ունե՞ս։ — Բավական է, Ռուբեն,— արտասանեց բժիշկը այլևս չկարողանալով զսպել իրան և ոտքի կանգնելով։

Նրա հետ միասին ոտքի կանգնեց և Ռուբենը, գունատված, դողդողալով։ Բժիշկը նայեց նրա երեսին և մի չարամիտ բան կարդաց նրա աչքերի մեջ։ Նա սարսափած երեսը հետ դարձրեց։

— Զզվելի՜,- ձայն տվեց Ռուբենը, ձեռը ուժգին խփելով սեղանի ծայրին։

Անսահման սառնասրտությունը արդեն դավաճանում էր բժշկին։ Բայց և այնպես նա քաջություն ունեցավ մի վայրկյան ևս զսպել իրեն և խուլ ձայնով պատասխանեց.

— Ասա քրոջդ, որ ես դարձյալ սիրում եմ նրան և պիտի սիրեմ…

Գուցե բժիշկը անկեղծ էր ասում, գուցե դա նրա կողմից մի տեսակ մեղմացուցիչ դարձված էր, սակայն այդ դարձվածը այնքան լիրբ թվաց Ռուբենին, որ նա վայրկենաբար կորցրեց խելքը։ Նրա աչքերը արյունով լցվեցին, սենյակը խավարվեց և նա գրեթե անզգայաբար ձեռը բարձրացրեց.

— Ահա քեզ իմ քրոջ պատասխանը…

Եվ բժիշկը յուր ձախ այտի վրա զգաց մի սառնություն, որ իսկույն փոխվեց այրող տաքության։ Նա ոչինչ չկարողացավ ասել։ Կարմրած աչքերով, բորբոքված դեմքով նայեց յուր շուրջը:

Դռները բացվեցին, երևաց սպասավորը, նրա հետևից մի քանի հետաքրքիր դեմքեր, որոնց թվում և մոսիո Վախվախյանը։ Բժիշկը յուր ձեռին սեղմած ռուբլիանոցը շպրտեց սպասավորի կողմ և շտապեց աննկատելի կերպով դուրս սլկվել։

— Խի՜, խի՜, խի՜,— ուղեկցեց նրան դռների մոտ հավաքված ականատեսների և մոսիո Վախվախյանի միահամուռ ծիծաղը։


XIII


— Մոռացիր, սիրելի Մարո, մոռացիր։ Ճշմարիտն ասած, ես կարծում էի դու ավելի քաջասիրտ կլինես։ Միթե չե՞ս կարող արհամարհել այդ մարդուն։ Հավատացիր, տասն օր առաջ ես ատում էի նրան, ինչպես մի վատ թշնամուս: Իսկ այն անցքից հետո, արհամարհում եմ։ Նա քո ոտի գարշապարին անգամ չարժե։ Դու կթքեիր, եթե տեսնեիր, ինչպես նա սառնարյուն ընդունեց ինձանից այն վիրավորանքը։ Օ՜խ, զզվելի է նա, զզվելի։ Գիտե՜ս, ես այժմ մինչև անգամ ափսոսում եմ, որ այնպես վարվեցի նրա հետ, որ չկարողացա ինձ զսպել։ Իսկ դու դեռ չես մոռանում այդ մարդուն, դու դեռ չես հանգստանում։

— Ես բոլորովին հանգիստ եմ այժմ, ես նրան վաղուց եմ մոռացել։ Նա ինձ համար գոյություն չունի։

— Երանի այդպես լիներ։ Բայց դու ինձ խաբռւմ ես, դու ինձանից թաքցնում ես վիշտդ։ Դեռ մեկէլ օրը երազումդ նրա մասին էիր զառանցում, դեռ երեկ երեկոյան իմ սենյակից լսում էի քո արտասվելու ձայնը։ Այդպես չի կարելի շարունակել, Մարո։ Դու քեզ մաշեցիր։ Մտիկ արա հայելուն, թեզ ճանաչել չի լինում, այնքա՜ն փոխվել ես։

Եվ ամեն օր եղբայրը այսպես հորդորում էր քրոջը և ամեն օր քույրը հավատացնում էր եղբորը, թե մոռացել է այն, ինչ որ կոպիտ համառությամբ հալածում էր նրան գիշեր ու ցերեկ, ինչպես մի չար ոգի։

Այժմ նա ատում էր բժշկին, ատում էր յուր վիրավորված սրտի բոլոր թունալից ուժերով։ Սակայն հենց այդ ատելությունն էր, որ ստիպում էր նրան մի կետի վրա մտածել, թե ինքն անպատվված է, արհամարհված և հասարակության ծաղրի նշավակ դարձած։

Ամիս ու կես էր անցել այն երեկույթից, և նա դեռ յուր կրած վիրավորանքի թարմ տպավորության տակ էր։ Նրա ամփոփ և առողջ բնավորությունը, մի անգամ ենթարկվելով մի զորավոր զգացման, չէր կարող այն դյուրությամբ ազատվել ազդեցությունից, ինչպես գուցե ազատվեր մի ավելի թեթև բնավորություն։ Սիրելով մի անգամ, նա անձնատուր եղավ այդ սիրույն մոլեռանդաբար: Հանդիպելով յուր անհուն սիրո փոխարեն մի տմարդի դավաճանության, նրա զգայուն սիրտը խոցոտվեց մինչև յուր ամենախորին ծալքերը։

Գիտեր Ռուբենը, զգում էր, որ դժվար է մխիթարություն տալ քրոջ սրտին։ Դա էր, որ նրան հուսահատեցնում էր, դա էր, որ ավելի ու ավելի գրգռում էր նրա ատելությունը դեպի յուր նախկին ընկերը, թեպետ հավատացնում էր Մարիամին, թե արհամարհում է բժշկին։

Եվ ինչ ջանք ասես գործ չէր դնում նա յուր քրոջ սիրտը ամոքելու համար։ Առաջին պայման նա աշխատեց, որ Մարիամը միայնակ չմնա։ Այս պատճառով, նա, երկար արարելուց հետո, գտավ քաղաքի կենտրոնից ավելի մոտիկ մի տան մեջ երկու սենյակ։ Այստեղ հարևանները այնպիսի մարդիկ էին, որոնց հետ Մարիամը կարող էր հարաբերություն ունենալ։ Այդ տանը, ի միջի այլոց, բնակվում էր և նրա գիմնազիական ընկերուհիներից մեկը,— մի ռուս օրիորդ, որի հետ ծանոթ էր Ռուբենը։ Առանց բուն պատճառը ասելու, երիտասարդը հայտնեց այդ օրիորդին յուր քրոջ հոգեկան դրությունը և խնդրեց միայնակ չթողնել նրան այն ժամերին, երբ ինքը տանը չէր լինում։ Իսկ պաշտոնից ազատ ժամանակ նա ինքը չէր հեռանում Մարիամից, ամեն որ գրեթե ուժով տանում էր նրան զբոսնելու։ Հաճախ նա յուր հետ բերում էր այս ու այն ընկերոջ կամ ծանոթին, և նկատում էր, որ Մարիամը ամենի հետ վարվում է շատ անտարբեր, շատ սառն և մինչև անգամ մի տեսակ կասկածանքով։

Մյուս կողմից Մարիամին աշխատում էր մխիթարել նրա կարուձևի վարժուհին — Սաթենիկը։

— Գիտես, սիրելիս,— ասում էր մի օր այդ օրիորդը, Մարիամի ինքնասիրությունը գրգռելու համար,— դու բոլորովին ծույլ ես, չես աշխատում։ Մոտ երկու ամիս է սովորեցնում եմ, մինչև այժմ մի օրինավոր բան ձևել չգիտես։ Ամոթ չէ՞:

— Ներիր, Սաթենիկ, ես անընդունակ եմ։

— Ոչ, դու անընդունակ չես, դու ծույլ ես։ Ասա, խնդրեմ, մինչև ե՞րբ պետք է նստես, հառաչես և հիմար բաների վրա մտածես։ Ամոթ է, Մարո, հավատացիր, ամոթ է։ Ասենք թե մենք կանայքս թուլասիրտ արարածներ ենք, թեև այդ սուտ է, բայց այդքա՞ն։ Ոչ, ես քեզ պետք է անպատճառ խելքի բերեմ։ Լսի՛ր ինչ եմ ասում։ Դու շաբաթական երեք անգամ գալիս ես ինձ մոտ, այժմ ես վճռել եմ, որ երկու անգամ էլ ես քեզ մոտ գամ։ Ես եղբորդ հետ խոսել եմ։ Նա վաղը իմ երաշխավորությունով քեզ համար մի կարի մեքենա կվերցնի ապառիկ և այսուհետև դու ձեր տանն էլ կար կանես։ Շուտով ծննդյան տոները կհասնեն, ես երկու շաբաթ ազատ կլինեմ, այն ժամանակ ամեն օր կտեսնվենք։ Մենք միասին կաշխատենք, կկարդանք, կխոսենք, կզբոսնենք։ Լա՞վ։

Մյուս օրը մեքենան գնվեց և Սաթենիկը յուր խոստումը սկսեց կատարել։ Եվ այսպես, նրանք տեսնվում էին շաբաթական հինգ անգամ։ Վարժուհու այս անկեղծ հոգացողությանը յուր ընկերուհու վերաբերմամբ հիացնում էր Ռուբենին։

— Չգիտեմ ինչպես շնորհակալ լինեմ նրանից, — ասում էր երիտասարդը Մարիամին, — նա մեզ շատ է պարտավորեցնում։ Ես ուզում եմ նրան վարձ առաջարկել։

— Մտքովդ անգամ մի անցկացնիլ,— զգուշացրեց Մարիամը,— թե չէ նրան սաստիկ կվիրավորես։ Ես մի երկու անգամ խոսել եմ այդ մասին, ինձ հետ կռվել է։

Մի ուրիշ անգամ Սաթենիկին տուն ուղեկցելուց հետո, Ռուբենը վերադարձավ ավելի ոգևորված։

— Ի՜նչ հրաշալի աղջիկ է այդ Սաթենիկը,— գոչեց նա անկեղծ սրտով,— ինչքա՜ն խելք, ինչքա՜ն առողջամտություն, ի՜նչ բարի սիրտ։ Չափազանցություն չի լինիլ, եթե ասեմ, որ կյանքումս առաջին անգամն եմ տեսնում մի այդպիսի հայ օրիորդ։ Կարծես բնությունը խլելով նրա արտաքին գեղեցկությունը, պարգևել է նրա հոգուն։

— Մենք հիանում ենք, բայց կան մարդիկ, որոնք արհամարհանքով են նայում...

— Այդ անգին մարգարիտի վրա՞։

— Ես երբեք չեմ մոռանալ, թե ինչպես մի անգամ Նատալիան նրան «չեչոտ սատանա» անվանեց յուր ընկերուհիների մոտ։ Խեղճ օրիորդը մյուս օրը լսել էր այդ, չգիտեր ինձ մոտ ինչպես թաքցներ յուր վիրավորանքը։

— Չեչո՜տ,— կրկնեց Ռուբենը,— ես այդ չեչոտին չեմ փոխի Նատալիայի պես տասը «գեղեցկուհիների» հետ։

Եվ այսպես քույր ու եղբայր սիրում էին այն օրիորդին, որի պարզ, սիրալիր բնավորությունը և եռանդուն աշխատասիրությունը արդարև հազվագյուտ էին։ Փոքր առ փոքր Սաթենիկը կարողացավ ազդել Մարիամի վրա։ Միշտ ամաչեցնելով, միշտ կպչելով յուր աշակերտուհու ինքնասիրությանը, նա մասամբ հասավ յուր նպատակին։ Մարիամը պարապում Էր աշխուժով և սիրով։ Նա կարծես, սկսել էր մոռանալ յուր վիշտը։ Ռուբենը ուրախանում էր, տեսնելով յուր քրոջ դեմքի վրա երբեմն-երբեմն այն զվարթ ժպիտը, որ հատուկ էր նրան և որ վերջին ժամանակ չէր արտահայտվում այդ մռայլ դեմքի վա։

Սակայն նա դարձյալ խաբվում էր, և չգիտեր, թե այդ արտաքին զվարթությունը որքան բռնազբոսիկ է և որքան հոգեկան ճիգն էր անում Մարիամը յուր վիշտը քողարկելու համար։

Ծննդյան տոները մոտեցան։ Ռուբենը երկու շաբաթով ազատվեց ուսումնարանական պարապմունքից։ Բայց նա ուներ երկու մասնավոր դասեր, որ ստիպում էին նրան օրական երկու անգամ այցելել քաղաքի հեռավոր թաղերը։

Հալաբյանի քեռորդու հետ պարապելուց նա հրաժարվել էր հենց առաջին շաբաթ։ Մի քանի դասերից հետո նա տեսավ, որ այդ աշակերտը իսկապես կարոտ չէ ավելորդ դասերի։ Նա հասկացավ Հալաբյանի նպատակը, վիրավորվեց։ Ամուրին շատ խնդրեց շարունակել դասերը, բայց իզուր։

Այնուհետև Ռուբենը շատ քիչ էր պատահում Հալաբյանին, այն էլ միայն փողոցում։ Բարևում էր, անցնում, որպեսզի առիթ չտա ավելի մոտիկ հարաբերության։ Նա կատարում էր Մարիամին տված յուր խոստումը, չէր ուզում որ Հալաբյանր այլևս այցելե իրանց։ Եվ ամուրին չէր համարձակվում այցելել, որքան և' այդ ցանկալի էր նրա համար։

Ոչ Ռուբենի սառնությունը, ոչ իշխան Սահարունիի երկդիմի ակնարկությունը այն երեկույթում — չունեցան այնքան ուժ, որ խաղաղեցնեն Հալաբյանի մի անգամ արդեն գրգռված կիրքը: Նա լսել էր, որ քաղաքում լուր է տարածվել Մարիամի հետ ամուսնանալու մասին։ Մոսիո Վախվախյանն էր հաղորդել նրան այդ բոլորը։ Նույն Վախվախյանը շտապել էր անմիջապես պատմել նրան և' հյուրանոցում Ռուբենի ու բժիշկ Մելիք-Բարսեղյանի մեջ տեղի ունեցած անցքը։ — Դու ասում ես լսեցի՞ր, որ Ռուբենը բժշկին անպատվեց,— հարցրեց Հալաբյանը մի քանի անգամ։

— Ոնց թե լսեցի, աչքովս տեսա, մեկ փախավ, դու ես իմ պարոնս, ոնց որ վախլուկ նապաստակը։

Ռուբենի այս վարմունքը դուր եկավ Հալաբյանին, որ այնքան վրդովված էր բժշկի դեմ։ Նա զգում էր, որ բժիշկը արժանի է այդ պատժին։

Նա ինքը պատրաստ էր ավելի զորեղ պատժել այդ մարդուն, ոչ թե նրա համար, որ նա դավաճանել է Մարիամին, այլ, որ հանդգնել էր այդ օրիորդի սերը գրավել։

Տոն օր էր։ Կեսօրից մի քիչ առաջ Մարիամը, Ռուբենը և Սաթենիկը զբոսնում էին Գոլովինսկի պրոսպեկտի վրա։ Չնայելով, որ ձմեռվա կեսն էր, եղանակը տաք էր, երկինքը պարզ, օդը մաքուր և պայծառ։ Զբոսնողների խիտ բազմության մեջ նրանց առաջը դուրս եկավ Հալաբյանը, որին ուղեկցում էր անխուսափելի մոսիո Վախվախյանը։ Տեսնելով Մարիամին, ամուրին թողեց յուր ուղեկցին, մոտեցավ, բարևեց և սկսեց զբոսնել նրա հետ։ Վերջին օրերը հեգ ամուրին նկատելի կերպով նիհարել էր, աչքերը խորն էին ընկել և երեսի կաշվի ծալքերը ավելի խոշորացել էին։

Ռուբենը դիտմամբ մի քանի քայլ հետ մնաց, որ Հալաբյանի հետ ման գա, իսկ Մարիամը Սաթենիկի հետ թև թևի տված առաջ անցավ։ Հալաբյանը խոսեց Նիկողայոս Սադափյանի մասին, ասաց, թե վերջինի գործերը հաջող են գնում, թե նա վերցրել է մի կապալ, որից մեծ գումար պիտի աշխատի։ Այդ մի նուրբ ակնարկություն էր, որով ամուրին Ռուբենին հիշել էր տալիս Սադափյանին արած յուր լավությունը։

— Ուրեմն նա շուտով ձեր պարտքը կտա՞,— հարցրեց Ռուբենը, գուշակելով նրա միտքը։

— Մի մասը արդեն տվել է։ Բայց ես այդ չեմ մտածում կտա չի տալ, միևնույնն է։ Ես ավելի ուրախ կլինեի, որ նա ձեր հայրական ժառանգությունը վերադարձներ ձեզ։

Ռուբենը ոչինչ չասաց։ Նրանք հասան փողոցի ծայրը։ Հետ դառնալիս Հալաբյանը կրկին մոտեցավ Մարիամին։ Այս անգամ օրիորդը մի կողմնակի հայացք ձգեց նրա վրա։ Հալաբյանի նիհարությունը, բավական ընկճված ձայնը, նրա ամբողջ կերպարանքի խղճալի արտահայտությունը րոպեաբար շարժեց Մարիամի գութը։ Առաջին անգամ նա խղճաց ամուրիին, առաջին անգամ նրա նրբացած սիրտը զգաց այդ դժբախտությունը։

«Մի՞թե ես եմ պատճառը»,— ասաց նա մտքում, տեսնելով, թե ինչպես Հալաբյանը երկյուղած դեմքով է նայում յուր վրա և ինչ անվստահ եղանակով է խոսում։

Նա ևս լսել էր յուր ու Հալաբյանի մասին տարածված լուրը։ Նա նկատում էր, որ զբոսնող ամբոխի մեջ շատերը նայում են և քչփչում։ Նա յուր ծանոթների դեմքերի վրա տեսնում էր մի իմաստալի ժպիտ, կարծես, նրան շնորհավորում էին։ Նա շտապեց հեռանալ Հալաբյանից և, վերցնելով Սաթենիկի թևը, քայլերը ուղղեց դեպի տան կողմ։

— Դուք մի՛ գնաք, ես մի շատ հարկավոր բանի մասին պիտի խոսեմ ձեզ հետ,— դարձավ Հալաբյանը Ռուբենին, բռնելով նրա թևից։

Մարիամը գնաց Սաթենիկի հետ։ Ռուբենը Հալաբյանի հետ վերադարձավ։

— Մտնենք մի րոպե ինձ մոտ,— առաջարկեց վերջինը։ Ռուբենը ակամա հետաքրքրվեց ամուրիի ասածով և ակամա հետևեց նրան։ Մի թեթև հառաջաբանից հետո ամուրին խոսք բաց արավ վերջին դեպքի մասին, գովեց Ռուբենի վարմունքը, անվանեց նրան ազնիվ։

— Գիտե՞ք, բանը ինձ հայտնի է, ես լսել եմ բոլորը։ Խնդրեմ չնեղանաք, որ ձեզ հետ պարզ եմ խոսում, մենք բարեկամներ ենք։ Այդ անպիտանի հետ ուրիշ կերպ վարվել չէր կարելի, մանավանդ ձեզ նման ազնիվ ու տաքարյուն երիտասարդը։ Ավելի վատ պետք է պատժեիք։ Տեսե՞լ եք նրան այդ օրից հետո։

— Ոչ:

— Ի՞նչ երեսով պիտի երևա ձեզ այսուհետև, ախ անամոթ, անամոթ,— կրկնեց Հալաբյանը մի քանի անգամ։

Ռուբենը լուռ էր։ Նա մասամբ գուշակում էր, թե Հալաբյանը ինչ նպատակով է այդ դեպքի մասին խոսում։ Վերջապես, ամուրին պարզեց յուր սիրտը, վերջապես, նա առաջարկություն արավ Մարիամի մասին։ Նա վաղուց է սիրում Ռուբենի քրոջը, վաղուց էր մտադիր ասել, բայց չէր համարձակվում։ Կարծում էր, որ նա սիրում է բժշկին, որ նրան է խոսք տվել։ Այժմ գիտե, որ Մարիամի սիրտը ազատ է և համարձակվում է խոսք բանալ այդ մասին։

— Դուք, ի հարկե, չպիտի զարմանաք, որ ես ձեզ հետ այսպես պարզ եմ խոսում։ Ես հասարակ մարդ եմ, ես սիրում եմ անկեղծ խոսել։ Շատ կարելի էր մի ուրիշի հետ ուրիշ կերպ խոսեի։ Բայց ձեզ ճանաչում եմ, պարոն Ռուբեն, գիտեմ, որ չեք նեղանալ ինձանից։ Ձեր քույրը ծնողներ չունի, որ ես նրանց հետ խոսեմ։ Դուք եք նրա մեծը, իրավունքը ձեր ձեռքին է։

— Իմ ձեռքին ոչինչ իրավունք չկա,— ընդմիջեց Ռուբենը,— Մարիամն ինքն իրան է միայն հպատակվում, ուրիշ ոչ ոքի։

— Գիտեմ, գիտեմ, սիրելիս։ Նա խելոք է, նա կրթված է, բայց շատ երիտասարդ է, կան բաներ, որ նա չի կարող հասկանալ։ Դուք պետք է հասկացնեք նրան։ Ես ոչինչ չեմ թաքցնում իմ կյանքից։ Ասեմ, ես այնքան էլ ծեր չեմ,— քառասուն ու երեք տարիս նոր լրացավ։ Ես այնքան էլ տգետ չեմ — հասարակության մեջ պատիվս պահել կարող եմ։ Հավատացեք, ես ձեր քրոջը կպաշտեմ։ Բայց ի՞նչ եմ ասում, միթե դուք չգիտե՞ք, որ ես համարյա... Ինչո՞ւ եք շփոթվում, ես անկեղծ եմ ասում։ Դուք այդ կարող եք հայտնել Մարիամին, այո, հայտնեցեք։ Ասեցեք, հույս ունենա՞մ, որ կարժանանամ այդ բախտին։ Ես ամեն բան կզոհեմ, ես հարստությունս կդնեմ նրա ոտքի տակ, ինչ ուզում է թող անի, ինչպես ուզում է, թող ապրի։ Թող նա իմ տերը լինի, ես նրա ծառան, ստրուկը։ Ես ձեզ էլ կհպատակվեմ։ Ես ձեզ ամեն միջոց կտամ՝ ձեր ուզածը անելու։ Դուք ուզում էիք արտասահման գնալ, գնացեք, փողի պակասություն չեք ունենալ...

Դժվար էր կասկածել ամուրիի անկեղծության մասին, զգալի էր, որ նա սրտից է խոսում: Եվ այդ ապացուցանում էին նրա զգացված ձայնը, աչքերի փայլը, դողդոջուն շրթունքները։ — Ուրեմն ա՞յդ էր ձեր ասելիքը,— հարցրեց Ռուբենը, երբ, վերջապես, ոգևորված ամուրին մի վայրկյան լռեց։

— Օգնեցեք, պարոն Ռուբեն, մի՛ մերժեք, հավատացեք, իմ բախտը ձեզ էլ կբախտավորեցնի։

Ռուբենը ոտքի կանգնեց։ Հալաբյանը հուսահատված նայեց նրա երեսին։ Եվ այդ հայացքը այնքան խղճալի էր, որ Ռուբենը մի վայրկյան հոգով ցավեց ամուրիի մասին։

— Ես ձեզ կխնդրեի ինձ հետ ճաշել, եթե…

— Շնորհակալ եմ,— շտապեց ընդհատել Ռուբենը և, ձեռը մեկնելով նրան, ավելացրեց,— մնացեք բարով։

Ասաց և անմիջապես դուրս գնաց, թողնելով մենակ ամուրիին տխուր ու հուզված։

«Նա ոչինչ չասաց, նա համաձայն չէ»,— գոչեց Հալաբյանը, հուսահատված ընկնելով բազկաթոռի վրա։

Այդ օրից հետո նա սաստիկ լարված դրության մեջ էր։ Նա անհամբեր սպասում էր պատասխանի Ռուբենի կողմից։ Նա շուտ֊շուտ դուրս էր գալիս փողոց, պտտում էր այս կողմ, այն կողմ, հուսալով հանդիպել նրան մի տեղ։ Բայց փոխանակ Ռուբենի, նա, հակառակ յուր ցանկության, գրեթե ամեն անգամ տեսնում էր բժիշկ Մելիք-Բարսեղյանին, որ կառքով դեսուդեն էր անցնում։

Մի օր բժիշկը կառքը պահել տվեց, ցած իջավ և, խոնարհ բարևելով, մոտեցավ Հալաբյանին։

— Ես ձեզանից մի բան եմ ուզում խնդրել,— ասաց նա, քաղցր ժպտալով։

— Ասացե՛ք,— պատասխանեց Հալաբյանը կտրուկ։

— Ես …ական ընկերության խորհրդի անդամ եմ։ Այս տարի նոր ընտրություններ պիտի լինեն։ Մեր նախագահը հրաժարվում է, թույլ տվեք, որ ձեր անունը անդամների ցուցակի մեջ մտցնեմ։ Մեր ընկերությունը ձեզ նման մի անձի կարոտություն ունի, համաձայնեցեք մեր նախագահը լինել։

Մի վայրկյան Հալաբյանի փառասիրության զգացմունքը շարժվեց։ Բայց նա չմոռացավ յուր ատելությունը։

— Ես նախագահ լինելու արժանավորություն չունեմ. գտե՛ք մի ուրիշին,— պատասխանեց նա հակիրճ և երեսը շուռ տվեց, որ հեռանա։ Բժիշկը չհուսահատվեց։

— Մեզ միայն ձեր անունն է հարկավոր։ Ձեզ Թիֆլիսում բոլորը ճանաչում են ու հարգում, ձեր անունը մեծ օգուտ կարող է տալ մեր ընկերությանը։

— Ինձ նման շատերը կան, առաջարկեցեք ավելի արժանավորին։ Մնաք բարև։

Նա խստությամբ երեսը կրկին հետ դարձրեց և գնաց։ Բժիշկը մի վայրկյան մնաց տեղն ու տեղը անշարժ։ Հետո ձեռով մի շարժումն արավ, նստեց կառք և հեռացավ։

Մյուս օրը նա եկավ Հալաբյանի տունը, կրկին առաջարկությունն արավ։ Բայց վերջինի կողմից շատ սառն ընդունվելով, դուրս եկավ քինթը քարշ։ Նա տեսավ, որ չէ հաջողվում այդ մարդու հետ բարեկամանալ։

Օր-օրի վրա էր անցնում, և Հալաբյանը չէր պատահում Ռուբենին։ Մի առավոտ եկավ նրա մոտ իշխան Սահարունին և ասաց, թե տիկին Սոփիոն նրան հրավիրում է ճաշի։ Վերջին ամիս Հալաբյանը Սադափյանների տանը չէր եղել։ Տիկինը բոլորովին հուսահատված էր, մանավանդ լսելով այն լուրը, որ պտտում էր քաղաքում։ Նա փորձեց հրաժարվել տիկնոջ ճաշից, բայց իշխանը այնքան խնդրեց, թախանձեց, որ, վերջապես, համաձայնեց գնալ։

Օրիորդ Նատալիան զուգված (նա միշտ զուգված էր լինում) նստած էր հյուրասենյակում։ Սոփիոն և Նիկողայոսը Հալաբյանին հանդիմանեցին բարեկամաբար։ Օրիորդ Նատալիան սառն ընդունեց նրա բարևը և ցույց տվեց, որ վիրավորված է։ Մարիամի մասին տարածված լուրը նրա վրա խորին տպավորություն էր արել։ Երբեք նա այդքան կատաղած չէր Մարիամի դեմ, երբեք նա այնքան չէր ատել յուր կարծեցյալ թշնամուն։ Ինչպե՜ս նա կարողացավ գրավել այդ հարուստ ամուրիի սիրտը. նա՛, որ Նատալիայի աչքում ոչինչ և ոչինչ արժանավորություն չուներ։

Նստեցին ճաշելու։ Սոփիոն դարձյալ ամուրիին տեղավորեց Նատալիայի մոտ և սկսեց յուր քաղաքականությունը բանեցնել։

— Հա՛, պարոն Հալաբյան,— ասաց նա երկրորդ կերակրի ժամանակ, իբրև թե հանկարծ մտաբերելով, — այդ ի՞նչ լուրեր են տարածել ձեր մասին։ Ասում են, հըմ, ի՞նչ են ասում, Սրափիոն,— ժպտալով դարձավ նա յուր եղբորը — իշխան Սահարունիին։

— Ասում են, որ Միշան պսակվում է Մաշայի հետ,— իսկույն պատասխանեց իշխանը և բարձրաձայն ծիծաղեց։— Ճշմարի՞տ է,— դարձավ նա Հալաբյանին։

Ամուրին վիրավորվեց.

— Ուրիշ բան չունե՞ս խոսելու,— նկատեց նա խիստ հանդիմանական եղանակով։

Այս կոշտ նկատողությունը, հարկավ, վերաբերվում էր և՛ տիկին Սոփիոյին։ Սակայն տիկինը չվիրավորվեց։

— Տեսա՞ր, որ սուտ է,— դարձավ նա եղբորը,— տեր աստված, անգործ մարդիկ ինչ ասես հնարում են անմեղ մարդկանց վրա։ Ախար ես էլ ասում եմ՝ եթե Հալաբյանը միտք ունի նշանվելու, խոմ աշխարհս տակնուվրա չի եղել, որ գնա ու այն…

Այստեղ տիկինը հանկարծ կանգ առավ, միաժամանակ հանդիպելով Հալաբյանի դեմքի դժգոհ արտահայտությանը և Նիկողայոսի նշաններին, որ պահանջում էին նրանից լռություն։

Այս միջադեպի պատճառով ճաշը, հարկավ, շատ սառն անցավ։ Հալաբյանը երկար չմնաց։ Ճաշից հետո, մի կես ժամ անցած, նա հրաժեշտ տվեց, յուր հետ տանելով տիկին Սոփիոյի վերջին հույսը…


XIV

Ռուբենից ստացած վիրավորանքը՝ Մելիք-Բարսեղյանին ստիպեց փոխել յուր քաղաքականությունը։ Մինչև այդ ժամանակ նա աշխատում էր գործը մեղմորեն և, որքան հնարավոր է, բարեկամաբար, առանց աղմուկի վերջացնել։ Այժմ, երբ նա արդնն վիրավորված և պատժված էր, երբ նրա անունը արդեն հասարակական դատաստանին էր ենթարկված, այլևս չէր կարող գաղտնիք պահել, պետք է բացարձակ պաշտպաներ իրեն։ Բայց ո՞ւմ դեմ։ Ռուբենը վրեժխնդիր է եղել յուր քրոջ համար, իսկ Մարիամը կին էր։ Բժիշկը գիտեր, որ այսպես թե այնպես ընդհանուրի համակրանքը օրիորդի կողմն է թեքվելու, եթե ուրիշ բան էլ չլիներ, գեթ այն պատճառով, որ նա մի թույլ արարած է։

— Գլխավորն այն է, — հանդիմանում էր մի օր նրան վաղեմի ընկերներից մեկը,— որ, ինչպես ասում են, դու այդ օրիորդին թողել ես աղքատության պատճառով։

— Ոչ, ոչ ու ոչ,— պատասխանեց բժիշկը, չկարողանալով, վերջապես, պահել յուր սառնասրտությունը, — սխալվում են ասողները, ես նրան թողել եմ բոլորովին մի ուրիշ պատճառով։

— Ա՞յն է։

— Պարոններ, բավական է, վերջապես, խնդրում եմ, մի՛ ստիպեք ինձ շատ էլ պարզախոս լինել։

— Դու պարտավոր ես պարզ խոսել, դու պետք է քեզ արդարացնես, գիտե՞ս, որ ամենքը քեզ են մեղադրում։

Բժշկի համբերությունը միանգամայն սպառվեց և նա, մի քանի վայրկյան խորհելով, արտասանեց հետևյալը.

— Ես ինձ արդարացնե՞մ, այո, կարող եմ և շատ հեշտությամբ։ Բայց, պարոններ, մի' մոռանաք, որ իմ հակառակորդը օրիորդ է, ես չեմ կարող ամեն բան ասել, չեմ կարող իմ սառչելու գլխավոր պատճառը հայտնել, հասկանո՞ւմ եք:

Վերջին դարձվածը բժիշկը մի այնպիսի խորհրդավոր եղանակով արտասանեց, որ խոսակցի սրտի մեջ մի որոշ կասկած ձգեց։ Խոսակիցը դարձվածը կրկնեց մի երկրորդի, երրորդի մոտ, և նա, բերանից բերան անցնելով, տարածվեց հասարակության մեջ։ Բամբասասերները սկսեցին զանազան ենթադրություններ անել, ենթադրություններ, որ երբեմն, համեստության սահմանից դուրս գալով, պղտորում էին մարդկային առաքինական զգացմունքը։

Ինքնապաշտպանության այս պարզ միջոցը ունեցավ յուր հետևանքը։ Շուտով բժիշկը գրավեց մի շարք կողմնակից-պաշտպաններ մասամբ այն հնամաշ օրիորդներից, որոնց վրա նա երբեմն-երբեմն ուշադրություն էր դարձնում, և մասամբ այն մայրերից, որոնք աչք ունեին նրա վրա։

— Ոնց չէ,— ասում էր ի միջի այլոց չորս աղջիկ ունեցող տիկին Ագամովան,— ես դիփ գիտեմ, այն աներես աղջիկը ինքն է ուժով կպել։ Բժիշկը խոմ գիժ չէր, որ գնար ու այն քաղցածին ուզեր։ Անանիա ջան, միտդ է՞, որ երբ լսեցի, ասացի մի բան կա։ Տեսա՞ր։

Եվ այդ «բանը» բացատրվում էր այնքան կերպ, որքան տարբեր գլուխներ կային։

Սակայն ժամանակը հետզհետե խաղաղեցրեց թեր և դեմ խոսող լեզուներին։ Բամբասանքի նյութը սկսեց հնանալ, տեղի տալով նորանոր նյութերի։ Բժիշկ Մելիք-Բարսեղյանի անունը փոքր առ փոքր սկսեց ազատվել սանձարձակ բերաններից։

Մնում էր միայն բժշկի սրտում բարոյական սուր վիրավորանքի խորին հետքը։ Նա մոռացավ բոլորը, բայց չմոռացավ հյուրանոցի դեպքը։ Մի դեպք, որ այնքան ցավալի էր նրա համար, որքան նա հռչակված էր քաղաքում։ Նա նկատում էր, որ այդ օրից հետո ոմանք, մանավանդ երիտասարդներից, ծուռ աչքով են նայում յուր վրա և ոմանք, կարծես, մինչև անգամ խույս են տալիս նրանից։ Այդ էր, որ նրան անչափ անհանգստացնում էր և ստիպում ավելի մտածել այն միջոցների մասին, որոնցով կարելի էր վերականգնել յուր պատիվը և արժանանալ ընդհանուր համակրությանը։ Եվ այս նպատակով նա սկսեց իրան ձևացնել մելամաղձոտ, մտազբաղ, մանավանդ կանանց շրջանում։

— Կարծես, վիշտը տանջում է նրան,— ասում էր մի տիկին։

— Այո,— համաձայնվում էր մի ուրիշը,— շատ տխուր դեմք ունե։

— Տխրությունը խիստ սազ է գալիս նրան։

— Հետաքրքրելի է դարձնում։

— Ես սիրում եմ հոգեկան վիշտ ունեցող տղամարդկանց։

— Ես էլ։

Երբ պատահաբար բժշկի մոտ խոսում էին սիրո մասին, նա չէր մասնակցում խոսակցությանը, լուռ ու տխուր հառաչում էր և աչքերը խոնարհեցնում։

Այս ինքնահնար միջոցը որոշ ներգործություն ունեցավ և հետևանքն այն եղավ, որ բժիշկը դարձավ զգայուն կանանց ցավակցության առարկա։ Գալով «պրակտիկային», անախորժ անցքը վատ ներգործություն չունեցավ։ Ընդհակառակը, նրա անունը ավելի տարածվեց, հետաքրքիր կանայք ցանկացան նրա երեսը տեսնել։ Շատերը, հիվանդ ձևանալով, գալիս էին նրա մոտ, մի փոքր խոսում և, այցեվճարը տալով, հեռանում։

Մի օր նա, հիվանդների ընդունելությունը վերջացրած, հանգստանում էր ննջարանում, երբ ծառան ներս մտավ և տվեց մի նամակ։ Դա մի երեկույթի սիրալիր հրավեր էր Ագամովների կողմից։ Այդ օրը տիկին և պարոն Ագամովների ամուսնության երեսնամյակը լրանում էր։ Դեռ առավոտյան բժիշկը շնորհավորել էր նրանց։ Տիկինը կարծելով, որ բերանացի հրավերը մոռացած կլինի, ստիպեց ամուսնուն նամակ ուղարկել։

— Ասա, որ կգամ,— պատվիրեց բժիշկը ծառային։

Վերջին ժամանակ նա այդ ընտանիքում ընդունվում էր գրկաբաց, նրան ցույց էին տալիս անսովոր հարգանք և բարեկամություն։ Տիկին Ագամովան արդեն նրան համարում էր յուր երկրորդ դստեր փեսացուն։

Այս մտքով նա արդեն մի թեթև լուր տարածել էր յուրայինների շրջանում գործին հիմք տալու համար։ Բժիշկը գիտեր, որ այդպիսի լուր կա, մինչև անգամ արհեստակիցներից մեկը շնորհավորել էր նրան։ Սակայն նա տակավեն զգույշ էր։ Աոաջին փորձից խրատված, նախ քան մի որոշ քայլ անելը, նա կամենում էր ճիշտ ուսումնասիրել հանգամանքները, ունի արդյոք օրիորդ Ագամովան այնքան, որքան ասում են։

Որոշյալ ժամանակից մի ժամ անցած, գալով երեկույթ, նա Ագամովների տանը տեսավ հրավիրվածների մի բավական մեծ բազմություն։ Նրան դիմավորեցին ուրախությամբ, կարծես, ամենքը նրան էին սպասում։ Այստեղ նա ծանոթացավ մի քանի ընտանիքների հետ։ Հասարակությունը բաղկացած էր տարբեր տարրերից. կային և՛ վաճառականներ, և՛ ծառայողներ, մեկ ինժեներ, երկու կապալառու, երեք գրագիր, մի պաշտոնաթող գեներալ, մի կոմիսիոներ, մի վաշխառու, երկու ռուս և այլն։

Երեկույթը սկսվեց մի թեթև կոնցերտով։ Գրագիրներից մեկը ջութակի լարերը անխնա խարտոցում էր։ Մի ինչ-որ տիկին եռանդով ջարդում էր դաշնամուրի կլավիշներր։ Կրտսեր օրիորդ Ագամովան յուր կատվի ձայնն էր բարձրացրել։

Վաճառականը, վաշխառուն և կոմիսիոները, մի անկյուն քաշված, խոսում էին իրանց գործերի մասին։ Պաշտոնաթող գեներալի մեջքին մի բարձ դրեցին, և նա իսկույն նիրհեց։ Պարոն Ագամովը ինժեների և ուրիշ երկու հյուրերի հետ նստեց թուղթ խաղալու։

Երիտասարդ զույգերը սկսեցին պարել։ Բժիշկը հերթով տանտիրուհու աղջկերանց հետ մի-մի անգամ պարելուց հետո, շինովի մելամաղձությունը երեսին, քաշվեց մի կողմ։ Տիկին Ագամովան աչքից բաց չէր թողնում նրան։

— Պարոն բժիշկ,— մոտեցավ նա յուր թանկագին հյուրին,— մեր տունը տխրող հյուրեր չէ սիրում։

— Ես տխուր չեմ։

— Լավ, լավ, ինչո՞ւ եք խաբում, խոմ ես ամեն բան գիտեմ։ Դուք և մենք մեղավոր չենք, որ աշխարհումս անամոթ մարդիկ կան։

Բժիշկը հասկացավ, թե տիկինը ինչ բան և ում է ակնարկում։

— Դեհ, թողեք ձեր դատարկ հոգսերը, զվարճացեք,— հրավիրեց տիկինը և, թևից բռնելով, մոտեցրեց կանանց, որոնց համար այդ պահին զվարճախոսում էր ռուս երիտասարդներից մեկը։

Մի քանի րոպե չանցած տիկինը նկատեց, որ բժիշկը սենյակի մի անկյունում առանձնացած ուրախ-ուրախ խոսում է հյուրերից մեկի հետ։ Դա վաճառական հյուրի միակ աղջիկն էր, մի դեղնադեմ օրիորդ, քսան տարեկան հասակից ոչ ավելի, որ գիտեր դաշնամուր ածել, լավ պարել, ռուսերեն մաքուր խոսել։

Բժիշկը վաղուց լսել էր նրա մասին, իմացել էր, որ հարսնացուների մեջ ամենայուղալի պատառներից մեկն է։

Տանտիկինը վախեցավ այդ վտանգավոր հարևանությունից, մեջ մտավ և հաջողեց բժշկին բաժանել օրիորդից:

Սկսեցին ընթրել։ Տանտիկինը բժշկին նստեցրեց յուր երկրորդ աղջկա — Վարինկա անվանվածի — մոտ և աչքը տնկեց նրա վրա։ Եվ ոչ միայն նա, այլ, նկատում էր բժիշկը, ամենքը նրանց էին նայում։ Ոմանք միմյանց բոթում էին, քչփչում և ժպտում։ Այս բոլորը կատարելապես համոզեցին բժշկին, որ ինքն արդեն Վարինկայի փեսացուն է համարվում։ Ավելի համոզվեց, երբ սեղանի կառավարիչը նրա կենացը առաջարկեց օրիորդի կենացի հետ միասին, խորհրդավոր եղանակով արտասանելով.

— Թող ձեր հարևանությունը բարեկամության սկիզբ լինի...

Սակայն բժշկի միտքը ավելի վաճառականի աղջկանով էր զբաղված։ Նա գաղտնի ուշադրությամբ դիտում էր օրիորդի կերպարանքը։ Մի թեթև համեմատություն անելով յուր մտքում, նա վերջինին գերադասեց յուր հարևանից, եթե ոչ դիրքով և դեմքով, գեթ օժիտով։

Երեկույթը վերջացավ։ Բժիշկը տուն վերադարձավ բավական զվարթ տրամադրությամբ։ Երկար ժամանակ այդ գիշեր նա մտածում էր յուր մասին։ Հանգամանքները միանգամայն նրան ուրախացնում էին։ Նա տեսնում էր, թե հասարակություն ասած բանը այնքան էլ սարսափելի դատավոր չէ, որքան կարծում էր, թե շատ-շատերը, որ կարծում էր խույս կտան, դեռ ձգտում են դեպի նա։ Նա վճռեց, թե հիմարություն է պատվի խնդրի վերաբերմամբ շատ էլ մանրակրկիտ և զգայուն լինելը, թե առհասարակ նուրբ պատվասիրությունը մի տեսակ տկարամտություն է։ Արժե՞ մտածել անցած բաների մասին, արժե՞ վշտանալ մի երիտասարդի տված թեթև վիրավորանքից, երբ հասարակությունը այդ վիրավորանքը անպատվաբեր չէ համարում...

Հետևյալ օրից նա արդեն նախկին Մելիք-Բարսեղյանն էր։ Չքացան մոտիկ անցյալի տխուր մտածումները։ Վերադարձավ կրկնակի ուժով նրա եռանդը։ Թեթև հուզմունքը տեղի տվեց բնական անհողդողդ սառնասրտությանը։ Եվ նրա կյանքը սկսեց ընթանալ սովորական շավղով։

Մնում էր իբրև միակ հոգս Հալաբյանի թշնամությունը: Բայց հեգ ամուրին այն դրության մեջ էր, որ բժշկին անգամ մոռացել էր։

Դարձյալ Հալաբյանի միտքը զբաղված էր Մարիամով, դարձյալ գիշեր ու ցերեկ նրա մասին էր մտածում և օրեցօր ավելի ու ավելի կապվում յուր ցնորքի հետ։

Այժմ նա անճանաչելի էր դարձել։ Չկար այլևս նրա ինքնավստահ քայլվածքը, չկար այն խրոխտ, ինքնագոհ հայացքը, որ աջ ու ձախ ձգում էր մարդկանց վրա։ Նա ավելի էր նիհարել, ավելի գունատվել, նրա բարձր ուսերը ցած էին թեքվել, նրա կուրծքը ներս էր ընկել, կարծես, մի ամսվա մեջ նա ապրել էր տասը տարի։

Եվ դեռ սպասում էր նա, դեռ հույս ուներ, որ արժանանալու է երազած երջանկությանը։ Բայց օրերն անցնում էին և ոչ մի դեպք, ոչ մի թույլ երևույթ չէր ցույց տալիս, թե նա կհասնի յուր նպատակին։ Վերջին ժամանակ նա փողոցում երբեմն պատահում էր Ռուբենին, և հանդիպում էր նույն սառնությանը, նույն անուշադրությանը։ Բայց նա դարձյալ չէր հուսահատվում։ Նա պատահեց մի քանի անգամ նույնպես և' Մարիամին, և ամեն անգամ Սաթենիկի հետ։ Մի օր օրիորդը վերջինի հետ ձիաքարշով անցնում էր։ Ամուրին, չնայելով անացնելի ցեխին և յուր պատկառելի տարիքին, վազեց, որ ձիաքարշ նստի, չհասավ, զրկվեց օրիորդին բարևելու հաճույքից և միայն աչքերով ուղեկցեց նրան։

Նրա ականջին ևս հասել էին Մելիք-Բարսեղյանի խորհրդավոր դարձվածի պես-պես մեկնությունները։ Բայց ոչ մի չար ենթադրություն, ոչ մի վիրավորական բամբասանք Մարիամի անարատության մասին հավատալի չէր թվում նրան, որ պաղեցներ նրա սիրտը, որ ստիպեր նրան սթափվել յուր դառն ցնորքից։ Նա համոզված էր, որ այդ բոլոր լուրերը չար մտքով են տարածված։ Նա կարծում էր, թե դա իշխան Սահարունիի գործն է, նա է հնարում այդ լուրերը։ Եվ Հալաբյանը վրդովված էր իշխանի դեմ։ Նրան տեսնելիս կամ երեսը հետ էր դարձնում, կամ փոխում էր ճանապարհը, որ չբարևի։ Նա դադարել էր և՛ Սադափյաններին այցելելուց, չէր էլ մտածում Նիկողայոսից ստանալիքի մասին։ Նա մոռացել էր և յուր մյուս գործնրը։ Նրան տիրել էր մի տեսակ թմրություն։ Ոչ մի բան նրան չէր հետաքրքրում, ոչ մի տխուր կամ ուրախալի երևույթ չէր շարժում նրա սիրտը։ Պատահում էր, մոսիո Վախվախյանը մտնում էր նրա մոտ հուզված, այլայլված և պատմվում էր սրտաշարժ նորություններ քաղաքային կյանքից։ Նա, որ առաջ սիրով և հետաքրքրությամբ էր լսում այդ նորությունները, ուրախանում էր — երբ հարկավոր էր, տխրում — երբ հարկավոր էր, այժմ մնում էր անտարբեր, լուռ, նրա դեմքի մկանունքն անգամ չէին շարժվում։

Եվ Վախվախյանր չգիտեր վշտանար, թե զարմանար յուր տեսածի վրա։ Ամեն օր նա վազում էր Ախշարումյանի մոտ և պատմում Հալաբյանի հոգեկան դրության մասին, ավելացնելով, որ օրեցօր ավելի վատանում է նա։ Մի քանի անգամ Ախշարումյանը ինքն այցելեց ամուրիին և տեսավ, որ, արդարև, ցավալի է նրա դրությունը։

— Գնանք արտասահման,— առաջարկեց նա մի անգամ Հալաբյանին։

— Ինչո՞ւ։

— Մի քիչ ման կգանք, ժամանակ կանցկացնենք։ Մի քաղաքում երկար ապրելը մարդուս բթացնում է։ Հալաբյանը գլուխը բացասաբար շարժեց, հառաչելով և տխուր ժպտալով։ Եվ այդ հառաչանքն ու ժպիտը այնքան սրտաշարժ էին, որ Ախշարումյանը, այն մարդը, որ միշտ ծաղրաբար էր վերաբերում դեպի յուր ընկերոջ զգացմունքը, սկսեց անկեղծ ցավակցել նրան։ Այդ օրը նա վճռեց օգնել Հալաբյանին՝ ազատել նրան յուր ծանր վշտից։

— Իշխան,— դարձավ նա մի օր Սահարունիին,— մեր Մեխակի դրությունը շատ ցավալի է, օրեցօր նա նիհարում խեղճանում ու պառավում։

— Լավ, ե՞ս ինչ անեմ։

— Դու և՛ ես նրա բարեկամներն ենք, ու պետք է խելք-խելքի տանք և նրա միտքը մի ուրիշ բանով զբաղեցնենք։ Ես համոզված եմ, եթե նա այդպես շարունակի, մի օր կխելագարվի։ Ափսոսում եմ, որ մինչև հիմա ես ծաղրաբար եմ վերաբերվել, մարդը, ոչ դես, ոչ դեն, սիրահարված է և շատ վատ է սիրահարված։

— Սիրահարվե՜լ, խելագարվե՜լ, — կրկնեց իշխանը, ցարձրաձայն ծիծաղելով,— նու, բարեկամ, ինչպես տեսնում եմ, դու նրանից պակաս խելոքը չես։ Դո՞ւ էլ սեր ես անվանում այդ։

— Բա՞ս։

— Ոչ, սիրելիս, այդ կիրք է, հասկանո՞ւմ ես, քառասուն ու երեք տարեկան կիսամաշ մարդու կիրք, վիրավորված ինքնասիրության հետ խառն։ Է՜էէ, երևակայիր գործ և զբաղմունք չունեցող մի հարուստ ամուրի, որ մի անգամ վճռել է ձեռք բերել մի սիրուն աղջկա, չէ կարողանում նպատակին հասնել և տանջվում է, պրծա՜վ գնաց։ Եթե ինձ ես հարցնում, թող տանջվի, նա խղճալու մարդ չի։ Նա հիմար է, այ մարդ, հիմար, ընկել է մի աղջկա հետևից, որի երեսի պատկառանքը… նու… մի ուրիշն է լիզել։

— Իշխա՞ն,— արտասանեց Ախշարումյանը զարմացած,— ի՞նչ ես դուրս տալիս, չէ՞ որ այդ աղջիկը ազգականդ է։

— Ազգակա՜ն, շատ հարկավո՞րս են այնպիսի ազգականները, որ ութ տարի քրոջս հաշվով ապրելուց հետո, հիմա քաղաքում լուր են տարածել, թե փեսաս նրանց զրկել է հոր ժառանգությունից։

— Միթե այդ ճշմարի՞տ չէ։

— Այնքան է ճշմարիտ, որքան այն, որ նրանց հայրը ժառանգություն է թողել։ Շանտաժ է, բարեկամս, անխիղճ շանտաժ, որի համար հիմա աստված պատժում է նրանց — քույր և եղբայր քաղցած զկրտում են։ Լսիր, եթե ընկեր ես, եթե ուզում ես Հալաբյանին օգնած լինել, համոզիր նրան, որ ձեռք վերցնի այդ աղջկանից, թե չէ կփոշմանի, շատ կփոշմանի։ Ասա այն հիմարին՝ խելքի գա և հասկանա, որ եթե մի անգամ վճռել է տխմարանալ, այսինքն ամուսնանալ, թող իմ առաջարկած աղջկան ձեռքից բաց չթողնի։

— Չլինի՞ քրոջդ աղջկա մասին է խոսքդ։

— Նու, հենց դիցուք նրա մասին է, չարժե՞ տասը Մարիամի։ Այդ հիմարը առաջ նրա հետևից էր ընկած, չեմ իմանում, ինչ պատահեց, թողեց հանկարծ ու կպավ մեկին, որին մարդիկ էլ մոռացել են, աստված էլ։ Տո', մեկ հարցրու նրանից, եթե այդ աղջիկը լավ պտուղ էր, ինչո՞ւ բժիշկ Մելիք-Բարսեղյանը թողեց նրան։ Ի՞նչ երևելի մարդ է այդ բժիշկը, հա՛ հա՛ հա՛։

— Այսուհետև շատ ուշ է փոխել Հալաբյանի միտքը։ Երկուսից մեկը — կամ պետք է մի կերպ անել, որ նա յուր նպատակին հասնի, կամ պետք է այս քաղաքից հեռացնել նրան։

— Եթե դու կօգնես կամ կցանկանաս, որ առաջինը լինի — ոչ իմ բարեկամս ես, ոչ Հալաբյանինը, լավ իմացիր,— ասաց իշխանը և հեռացավ։

Իշխանի այս ծայրահեղ գրգռման պատճառն այն էր, որ Հալաբյանի վարմունքը դեմ էր նրա շահերին։ Տիկին Սոփիոն բացարձակ խոստացել էր նրան՝ Նատալիայի բանը հաջողեցնելուց հետո, յուր ամուսնուն համոզել, որ սա երաշխավոր լինի իշխանի համար մուրհակով բանկից մի քանի հազար վերցնելու։ Այնինչ իշխանը, նայելով Հալաբյանի դրությանը, տեսնում էր, որ հազիվ երբևէ հաջողություն ունենա յուր շահավետ ձեռնարկությունը։ Այս էր պատճառը, որ նա վրդովված էր և՛ Մարիամի դեմ, որ, հարկավ, գլխավոր խոչընդոտն էր։

Մի անգամ իշխանը այս հուզված դրությամբ պատահեց Ռուբենին։ Նորին պայծառափայլությունը հարկավոր համարեց նախ նրա հետ խոսել իբրև ազգական, ապա սկսեց հանդիմանել նրան, անվանելով երախտամոռ յուր հորեղբոր ընտանիքի վերաբերմամբ։

— Դուք ինձ խրատո՞ւմ եք,— հարցրեց Ռուբենը հեգնաբար։

— Ես հիշեցնում եմ ձեզ ձեր բարոյական պարտքը,— գոչեց իշխանը, ավելի գրգռվելով,— որ դուք այնպես մոռացաք։

— Շատ պատասխանատու դեր եք կատարում, ձերդ պայծառափայլություն,— արտասանեց Ռուբենը վիրավորված։

— Ի՞նչ, չլինի թե դուք ինձ անընդունակ եք համարում խրատել մի թեթևամիտ պատանու և մի անփորձ աղջկա։

— Թե՛ պատանին և թե՛ աղջիկը կարոտ չեն ոչ ձեր և ոչ ուրիշների խրատներին։

Իշխանը կատաղեց, նայեց խորին արհամարհանքով երիտասարդին ոտից մինչև գլուխ և արտասանեց. — Սիրելիս, շատ ես քինթդ վեր ցցում, վաղո՞ւց է, որ այդքան մեծացել ես:

— Իշխան,— պատասխանեց Ռուբենը, մի կերպ զսպելով իրան,— ճիշտը չգիտեմ ինչ, բայց համոզված եմ, որ ազգակցական զգացմունքը չէ ձեզ իմ և քրոջս դեմ գրգռողը… Անշուշտ մի ուրիշ պատճառ ունեք: Ես ձեր մասին մի բան էլ լսել եմ, բայց չեմ ուզում հավատալ, այդ արդեն չափազանցություն կլիներ…

Մի քանի վայրկյան իշխանը աչքերը լայն բաց արած նայում էր Ռուբենի երեսին։

— Ի՞նչ եք լսել,— հարցրեց նա վերջապես։

Ռուբենը լուռ էր։ Իշխանը կրկնեց, երեքնեց յուր հարցը։

Այն ժամանակ Ռուբենը հուզված և վշտացած հայտնեց այն բանը, որին ինքն էլ արդարև չէր հավատում, որքան և վատ կարծիք ուներ իշխանի մասին։ Հայտնեց, թե լսել է, որ իշխանը կողմնակի կերպով ոմանց մոտ անվանարկել է Մարիամին։

— Կրկնում եմ, ես չեմ հավատում լսածիս, չեմ հավատում, որ դուք այդքան վատ եք։

Իշխանը փոքր-ինչ շփոթվեց, ամաչեց, զգալով, որ իրավ յուր լեզվին շատ է ազատություն տվել։ Նա հանձն չառավ, նա հետ կանգնեց յուր ասածից։ Եվ որպեսզի ավելի համոզի Ռուբենին, որ ինքը արդար է, ցույց տվեց անարդար մարդու կեղծ֊արդարացի կատաղություն։

— Կասկածել մի վայրկյան, որ ես, իշխան Սահարունիս,— գոչեց նա, աչքերը պսպղացնելով,— որ ես, իշխան Սահարունիս, ընդունակ եմ բամբասելու մի օրիորդի, լինի նա ազգականս, թե բոլորովին օտար, կրկնում եմ, կասկածել մի վայրկյան անգամ այդ մասին — կնշանակե ինձ անպատվել։ Ամոթ է ձեզ համար, Ռուբեն, ամոթ է, որ այդպես անպատվում եք ինձ։

Եվ յուր կեղծիքը թաքցնելու համար շտապեց հեռանալ: Սակայն Ռուբենը զգաց, որ իշխանը այդ բանում շատ էլ արդարացի չէ, որ անկասկած նա մասն ունի Մարիամի մասին տարածված տմարդի լուրերում։ Լուրեր, որ որքան և մութ և մեղմացրած կերպով էին հասնում սիրող եղբոր ականջին, բայց և այնպես պատճառում էին նրան մի ծանր վիշտ և ստիպում ավելի կատաղել այդ բոլորի սկզբնապատճառ — բժշկի դեմ։ Հարկավ, նա յուր լսածը չէր հաղորդում Մարիամին։ Բայց նրա դեմքից, նրա խոսակցության ձևից, քույրը կանացի բնազդմամբ մասամբ գուշակում էր նրա սրտի ճնշող գաղտնիքը։ Եվ նա յուր ցավի վրա ավելացնում էր յուր եղբոր ցավը։— Խղճի խայթոցի պես մի բան, թե ինչու յուր պատճառով պետք է բարոյապես տանջվի և՛ եղբայրը։ Դրդված դեպի Ռուբենը տածած փոխադարձ սիրուց, նա վերջին ժամանակ ամեն ջանք գործ էր դնում յուր վիշտը մոռանալ, կամ գոնե ուրախ լինել այն պահին, երբ Ռուբենը յուր մոտն էր։ Այս պատճառով նա խաբում էր եղբորը։ Նա՛, որ անտարբեր էր հոգով և սրտով դեպի բոլորը, մերթ գովում էր Ռուբենի մի ընկերոջը, մերթ մյուսին, ցույց տալու համար, թե դեռ կարող է սիրել մի ուրիշին։ Ազնիվ խաբեության միջոցը ճիշտ էր ընտրված, և Ռուբենը ուրախանում էր, որ Մարիամը դեռ գիտե հետաքրքրվել ուրիշ երիտասարդներով։

Մի օր, իրիկնադեմին, մասնավոր դասից տուն վերադառնալով, պատշգամբի վրա Ռուբենի ականջին յուր սենյակից հասավ մի ձայն, որ, կարծես, վաղուց, շատ վաղուց նա լսել էր։

Նա շտապեց ներս։

Մարիամի և Սաթենիկի հետ, նրա սեղանի մոտ, նստած էր մի անծանոթ մարդ, հասարակ սև հագուստով։ Դա բավական լայն թիկունքով, դեմքի խոշոր գծագրությամբ, թուխ աչքունքով և խիտ մորուքով մի երիտասարդ էր, որի երեսի կաշին կրում էր բաց օդի, արևի, քամու հետքը։

Տեսնելով Ռուբենին, անծանոթը ժպտալով, ծանրաբարո ոտքի կանգնեց, երևան հանելով յուր բարձր հասակը և ամուր կազմվածքը։ Մի քանի վայրկյան Ռուբենը զարմացած նայում էր նրա երեսին։ Հանկարծ նրա զարմանքը փոխվեց երկյուղի, և ակամա, մի քայլ հետ դնելով, բացականչեց.

— Բագրատյա՜ն...

— Նա ինքն է,— գոչեց անծանոթը և, յուր լայն թևերը բանալով, գրկեց Ռուբենին...

XV

Բագրատյանի երևալը Ռուբենին մի այնպիսի ցնցումն պատճառեց, որ երկար ժամանակ այլայլված նայում էր նորեկին ոտից մինչև գլուխ։

Նրա առաջ կանգնած էր յուր պատանեկան ընկերներից մեկը, որին մոտ ութ տարի չէր տեսել և որին երեք տարի մեռած, անհետացած էր համարում։

Երբ Ռուբենը գիմնազիստ էր, Բագրատյանը ուսանում էր ռեալական դպրոցում։ Մի օր նրանք ծանոթացան, և անմիջապես երկուսի մեջ հղացավ փոխադարձ համակրություն։

Բագրատյանը գյուղական հասարակ ընտանիքի զավակ էր, կրթություն էր ստանում մի բարեգործ ազգականի օժանդակությամբ։ Հասակով յուր հասակիցներից մեծ, ուսման մեջ շատերից հետ մնացած, այդ պատանին ուներ հատկություններ, որ առանձին դիրք էին տալիս նրան ընկերական շրջանում։ Մինչ դասակիցները զբաղված էին իրանց ուսումով, նրա ուղեղը ոգևորված էր այլ բաներով։ Տասնուչորս տարեկան հասակից սկսած նա պարապում էր մի շարք գրքերի ընթերցանությամբ, որ ոչինչ կապ չունեին դպրոցական ուսման հետ։ Եվ այդ գրքերի ազդեցության ներքո նրա մեջ պատրաստվում էին այն ձգտումները, որ ապագայում նրա բնորոշ հատկանիշներն էին կազմում։ Նկատելի էր, բնությունից առանց այն էլ սակավախոս պատանին օրեցօր ավելի լռիկ է դառնում, ավելի մտազբաղ և հետզհետե նրա պայծառ ճակատը սքողվում է մի մռայլ ստվերով։ Մի անգամ աշակերտներից մի քանիսը նրան տեսան ուսումնարանի հետևում մի պատի տակ նստած արտասվելիս։ Ոչ ոք չէր կարծում, թե նա այնքան փափկասիրտ է։ Հարցրին պատճառը։ Նա, հուզված, տվեց նրանց մի հայ լրագիր, ուր նկարագրված էր Տաճկական-Հայաստանում եղած հարստահարությունների մի դեպք։

Դեռ հինգերորդ դասատան աշակերտ էր, երբ մի օր հրավիրեց նա յուր աղքատիկ սենյակը ամենամոտիկ ընկերներին։ Այստեղ նա հաղորդեց նրանց այն, որ վաղուց նրա մտախոհության նյութն էր կազմում։ Հայտնվեց, որ մասամբ անընդունակ, մասամբ ծույլ համարված աշակերտի պատանեկան ուղեղը յուրացրել է և սիրտը ջերմ կերպով ընդունել մի ծանր գաղափար, որով պետք է նոր-նոր տոգորվեր ժամանակակից թարմ սերունդը։ Նրա միտքը հասկացան միայն հինգ-վեց հոգի, որոնց թվում և՛ Ռուբենը։ Բնականաբար կազմվեց համամիտ և համագաղափար ընկերների մի սուղ շրջան։

Բագրատյանն էր այդ շրջանին ուղղություն տվողը, ոգի ներշնչողը, պարագլուխը։

Ապագայում Ռուբենը հաճախ հիշում էր այն բարձրահասակ, կայտառ, սևաթույր աչքերով գյուղացի պատանուն, որ յուր զորեղ կամքով, կորովի բնավորությամբ բոլոր ընկերակիցներին հարգանք էր ներշնչում։ Հիշում էր, այդ պատանին ուներ յուր մեջ ինչ-որ մի դյութական ուժ, որ կամա-ակամա բոլորին հպատակեցնում էր։

Ոչ ոք չուներ շրջանի մեջ այնքան կշիռ, որքան նա, ոչ ոքի կարծիքը այնքան հեղինակություն, որքան նրանը։

Եվ ինքը՝ Բագրատյանը, զգում էր այդ։ Գուցե հենց դա էր պատճառը, որ օրեցօր նրա մեջ զարգանում էր մի տեսակ բռնակալական ձգտումն, ձգտում, որ հարգանքի հետ թույլերին ներշնչում էր և՛ ատելություն, և՛ նախանձ, որոնք սակայն բնավ բացարձակ կերպով չէին արտահայտվում։

Ավարտելով միջնակարգը, Բագրատյանը դիմեց բարձրագույն կրթության Ռուբենից երկու տարի առաջ։

Այնուհետև նրանք այլևս չտեսան միմյանց: Թե ինչ պատահեց Բագրատյանին հետո — ճիշտ չգիտեր Ռուբենը, նույնպես և ոչ ոք։ Հայտնի էր միայն, որ նա տարի ու կես Պետերբուրգի տեխնոլոգիական ճեմարանում ուսում առավ, հետո արտաքսվեց։ Այնուհետև նրա մասին եղած տեղեկությունները հակասում էին միմյանց...

Մի օր հանկարծ լուր տարածվեց, թե նա մեռել է օտար երկրի մի հետ ընկած ավանում և թաղվել օտար քահանայի ձեռքով։ Բոլորը հավատացին այդ լուրին։ Բագրատյանը մոռացվեց։ Ոչ ոք չէր հիշում նրա անունը և եթե հիշում էր, շատ թույլ, սառնարյուն կերպով, իբրև վաղուց չքացած մի բան։ Եվ հանկարծ մեռածը երևան է գալիս, անձամբ ներկայանում է յուր ընկերներից մեկին։

Դեպքը անսպասելի էր, ազդեցությունը ուժգին։

— Պատմի՛ր, որտե՞ղ էիր,— գոչեց Ռուբենը շնչասպառ հետաքրքրությամբ, երբ փոքր-ինչ սթափվեց ապշությունից։

Նորեկի վայրկենաբար պարզված դեմքը իսկույն քողարկվեց այն մթին ստվերով, որ, ըստ երևույթին, մշտական էր։

Մարիամը և Սաթենիկը տակավին չգիտեին Ռուբենի հանկարծակի և երկարատև այլայլման պատճառը։ Զարմացած մտիկ էին անում մերթ մեկի, մերթ մյուսի երեսին։

— Մեռած էիր և կենդանացա՞ր։ Եթե սնահավատ լինեի, երկյուղից պետք է խելագարվեի, կարծելով, որ իմ առաջ կանգնած է ուրվականդ։

Նորեկը նստեց, հրավիրելով Ռուբենին ևս նստել։ Նա տակավին լուռ Էր:

— Ութ տարի բարեկամներից և ընկերներից անհայտ ապրել մեր դարում, թույլ տալ, որ չար լեզուները չար լուրեր տարածեն, չհերքել այդ լուրերից ամենասարսափելին, չուրախացնել ընկերներիդ — ասա՛, ի՞նչ է նշանակում այդ գաղտնիքը։

— Նշանակում է,— խոսեց, վերջապես, Բագրատյանը, հառաչելով,— որ այդ բոլոր լուրերը անհիմն չէին, ես չէի կարող հերքել։

— Ի՞նչ, մի՞թե դու ինձ պետք է հավատացնես, թե երեք տարի մեռած էիր:

— Այո', մեռած էի, թեև շնչում էի…

Ռուբենը կարծեց, թե նա կշարունակե։ Բայց ոչ. նա կանգ առավ, նայեց Մարիամին և Սաթենիկին։ Պարզ էր. նա չէր կամենում օրիորդների ներկայությամբ խոսել։

Այնինչ Մարիամի և Սաթենիկի զարմանքը փոխվեց բուռն հետաքրքրության։ Նրանք անթարթ աչքերով նայում էին նորեկի բերանին։

Առանձին անհամբերություն էր արտահայտում Մարիամի դեմքը։ Եվ երբեք վերջին ժամանակ ոչ ոք չէր գրավել նրա ուշադրությունը այնպես, որպես այդ խորհրդավոր հյուրը։

Ռուբենը զսպեց յուր հետաքրքրությունը, թողեց յուր հարցուփորձը, տեսներով, որ Բագրատյանը ակամա է խոսում։ Այն ժամանակ նորեկը ինքը հետաքրքրվեց Ռուբենի ներկա կացությամբ և բավականացավ վերջինի համառոտ պատասխաններով։

— Ազատ ժամանակ ունե՞ս,— հարցրեց նա հանդարտ:

— Ունեմ։

— Գնանք մի քիչ զբոսնելու։

— Այս ցրտով և քամո՞վ։

— Փույթ չէ։

Ռուբենը դուրս եկավ նրա հետ։ Մարիամը և Սաթենիկը մնացին առանձին։ Քանի մի վայրկյան նրանք լուռ նայում էին նախ՝ պատուհանի միջով Բագրատյանի հետևից, մինչև աներևույթացավ վերջինի լայն թիկունքը իրիկնային կիսամթում, ապա՝ միմյանց երեսին։

— Ի՜նչ տարօրինակ մարդ էր,— արտասանեց վերջապես Սաթենիկը։

— Այո՛, տարօրինակ և երկյուղալի։

— Ես կարծում եմ, որ այդ մարդը մի հասարակ մարդ չէ, — սկսեց ենթադրություններ անել Սաթենիկը։ — Դու նկատեցի՞ր, նա ինչպես ակամա էր պատասխանում եղբորդ հարցերին։ Կտեսնես, այդ մարդու անցյալում մի բան կա, նա այժմ էլ մի շատ ծանր հոգս պետք է ունենա։ Ո՞վ պետք է լինի:

Մարիամը լուռ էր։ Անսպասելի հյուրը երկուսի վրա ևս խորին տպավորություն էր գործել։ Մեկը յուր տպավորությունը հաղորդում էր լսելի ձայնով, մյուսը լուռ խորհում էր մտքում։ Հարկավ, ոչ մեկը չկարողացավ գաղտնիքը հասկանալ։

Արդեն ուշ երեկո էր, երբ Ռուբենը տուն վերադարձավ: Երբեք նա այդպես ուշացած չէր դրսում, այն օրից, երբ քրոջ հետ առանձին էին ապրում։

Մարիամը միայնակ սպասում էր նրան անհամբեր և երկյուղով։ Նա ներս մտավ միանգամայն այլափոխված։ Նրա միագույն այտերի վրա երևում էր մի անսովոր կարմրություն, նրա աչքերի մեջ փայլում էր մի տեսակ կենդանացուցիչ հուր։ Նա նյարդային քայքայված դրության մեջ էր: Նա գլխարկը մի կողմ շպրտեց և նստեց սեղանի մոտ։

— Ո՞րտեղ էիր,— հարցրեց Մարիամը։

— Տեսա՞ր, տեսա՞ր այն մարդուն,— գոչեց Ռուբենը, տեր աստված, ինչ ուժ, ինչ կրակ, այդքան նեղություններ քաշել և այդչափ կենդանի հոգի ունենալ… Ի՞նչ եմ ես և ինձ նմանները այդ մարդու մոտ։

Արտասանելով այս խոսքերը ավելի ինքն յուր, քան Մարիամի համար, նա ոտքի կանգնեց և սկսեց շտապ֊շտապ անցուդարձ անել։

— Դու չես կարող երևակայել,— շարունակեց նա, դառնալով քրոջը,— այդ մարդը ինչքան է տանջվել յուր կյանքում։ Մազերս փշաքաղվում էին, երբ լսում էի նրա չոր ու ցամաք պատմությունը։

Վայրկյան առ վայրկյան Մարիամի հետաքրքրությունը բորբոքվում էր։ Նա ձգտում էր իմանալ Բագրատյանի կյանքի պատմությունը, նա փափագում էր լսել այն բոլոր նեղությունները, որոնց մասին այնպես հուզված խոսում էր Ռուբենը։ Սակայն հատուկտոր դարձվածներով Ռուբենը ավելի յուր ոգևորությունն էր արտահայտում, քան մի կանոնավոր բան պատմում։

Այսքանը պարզվեց նրա բոլոր ասածներից։— Տեխնոլոգիական ճեմարանից արտաքսվելուց հետո Բագրատյանր զրկվում է յուր բարեգործի օժանդակությունից։ Նա ընկնում է հետին աղքատության մեջ։

Ճարահատված նա շատ չափավոր ռոճիկով մտնում է մի կալվածատիրոջ մոտ կառավարչի պաշտոնով։ Բայց այստեղ ևս հանգամանքները դավաճանում են նրան։ Կալվածատերը կասկածում է նրա անցյալի մասին և քաղաքավարի կերպով հրաժարեցնում պաշտոնից։ Նա գաղթում է ուրիշ քաղաք…

— Ամեն տեղ կրել է քաղցածություն, ցուրտ, մերկություն։ Ամեն տեղ մարդկանց անտարբերությունը եղել է նրա ընկերը։ — Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով։

Ռուբենը տխուր ժպտաց։

— Իզուր, Մարո, իզուր,— արտասանեց նա հառաչելով,— և առանց որևէ հանցանքի։

Խորհրդավոր հյուրը այնքան գրավել էր Մարիամի միտքը, որ նույն գիշեր օրիորդը երկար ժամանակ նրա թողած տպավորության տակ էր։ Նրա աչքի առաջից չէր հեռանում մի տեսակ կիսաառասպելական մշուշով վարագուրված երիտասարդի կերպարանքը։ Ո՞վ է նա իսկապես, ինչո՞ւ է եկել, ո՞ւր պիտի գնա — տակավին չպարզված այս հարցերը ակամա հետաքրքրում էին նրան։ Ռուբենի ասածից իմացավ նա, ի միջի այլոց, որ այդ երիտասարդը նրա պատանեկան ընկերներից մեկն է եղել, բայց որքան աշխատեց, չկարողացավ մտաբերել` տեսե՞լ է արդյոք մի տեղ նրան, չհիշեց անգամ նրա ազգանունը։

Անցավ երկու օր։ Բագրատյանը կրկին երևեցավ։ Այս անգամ նրա դեմքը այնքան մռայլ և խոժոռված չթվաց Մարիամին, որքան առաջին օրը, երբ անծանոթը ներս մտավ, հարցրեց Ռուբենի տեղը և նստեց նրա վերադարձին սպասելու։

— Հաջողվե՞ց, — հարցրեց Ռուբենը խորհրդավոր եղանակով, հենց որ ներս մտավ Բագրատյանը։

— Հույս կա,— պատասխանեց նա։

Նրանք լռեցին։ Ռուբենի անհամբեր հարցը, Բագրատյանի կտրուկ պատասխանը ավելի գրգռեցին Մարիամի հետաքրքրությունը: Նա ենթադրեց, որ նրանց խոսքը անշուշտ մի շատ նշանավոր գործի մասին է։

Բագրատյանը հրավիրված էր ճաշի, Ներկա էր և՛ Սաթենիկը, որ դիտմամբ եկել էր յուր հետաքրքրությանը քիչ թե շատ գոհացումն տալու։ Սակայն այս անգամ ևս օրիորդները չիմացան ավելի, քան Ռուբենի պատմածը Մարիամին։ Ճաշի ժամանակ խոսակցությունը պտտում էր երկու երիտասարդների նախկին ընկերների մասին, Բագրատյանը հետաքրքրվում էր, Ռուբենը յուրաքանչյուրի մասին տեղեկություն էր տալիս։

— Իսկ ո՞րտեղ է Մելիք-Բարսեղյանը, — հարցրեց հանկարծ նորեկը,— հիշո՞ւմ ես, դու նրան միշտ պաշտպանում էիր ինձ մոտ։

Բարեբախտաբար այդ պահին Մարիամը անցել էր խոհանոց, ուր նա զբաղված էր համեստ սեղանի երկրորդ և վերջին համեստ կերակրի պատրաստությամբ։

— Նա այժմ բժիշկ է,— պատասխանեց Ռուբենը։

— Թիֆլիսո՞ւմն է։

— Այո։

— Փոխվե՞լ է, թե՞ նույն եսամոլն է մնացել, ինչ որ գիմնազիայում։

— Դու ինքդ կտեսնես և կիմանաս։ Ներս մտավ Մարիամը կերակուրի ամանը ձեռին։

Սաթենիկը վայրկյան առաջ կարողացավ մի միջանկյալ խոսքով բժշկի անունը դուրս հանել խոսակցությունից։

— Դուք երկա՞ր կմնաք Թիֆլիսում,— հարցրեց նա։

— Հայտնի չէ,— պատասխանեց հյուրը։

Նա լռեց։ Սաթենիկը փորձեց մի որևէ խոսակցությամբ զբաղեցնել նրան, աշխատելով, վերջապես, որ նա փոքր֊ինչ ազատություն տա յուր ժլատ լեզվին։ Սակայն Բագրատյանը ավելի ինքն էր հարցնում, քան իրան առաջարկած հարցերին պատասխանում և առհասարակ ավելի լսում էր, քան խոսում։

Ճաշից հետո, մի կես ժամ անցած, նա շտապեց հրաժեշտ տալ, դարձյալ Ռուբենին յուր հետ տանելով։

Այս անգամ Ռուբենը տուն վերադարձավ ավելի ուշ։ Հետևյալ օրը նա զարթնեց շատ վաղ, տնից դուրս գնաց սովորականից մի ժամ առաջ. տուն եկավ սովորականից մի ժամ ուշ։ Նկատելի էր, որ նա մի բանով զբաղված է, մի բանով, որ չէր կամենում ոչ ոքի հաղորդել։ Մարիամի հետաքրքրությունը փոխվեց երկյուղի։ Նա վախենում էր Ռուբենի մասին, նա զգում էր, որ եղբոր տարօրինակ տրամադրության պատճառը Բագրատյանն է։ Նա փորձեց խոսել Ռուբենի հետ այդ մասին, մի որոշ հետևանքի չհասավ։ Միևնույն ժամանակ, նա ցանկանում էր դարձյալ տեսնել Բագրատյանին, այնինչ վերջինը հինգ օր էր չէր երևում։ — Ինչո՞ւ նա դադարեց քեզ մոտ գալուց,— հարցրեց մի օր նա Ռուբենից։

— Այսօր կգա։

Մարիամը թեթև երկյուղի հետ զգաց և՛ մի անորոշ ուրախություն։

— Ռուբեն, ինչո՞ւ ինձանից թաքցնում ես, թե ինչ գործով է զբաղված այդ Բագրատյանը։

— Սիրելիս, — պատասխանեց եղբայրը, փոքր-ինչ ձանձրացած քրոջ անչափ հետաքրքրությամբ,— առայժմ չեմ կարող ասել։ Բայց կիմանաս, շուտով կիմանաս...

— Խոստովանում եմ, նրա լռությունը, նրա կերպարանքը ինձ վրա մի տեսակ երկյուղ է ազդում։ Եթե չլիներ նրա աչքերի խորշում մի բարի և ազնիվ փայլ, ես պետք է կասկածեի նրա մասին։

— Բարի և ազնիվ,— կրկնեց Ռուբենը զգացված,— ոչ ոք մեր ընկերներից Բագրատյանի չափ չի եղել և այժմ էլ չէ բարի և ազնիվ։ Բայց նա ունի մի ուրիշ հատկություն, որ շատ և շատ բարձր է այդ առօրյա առաքինություններից։ Մարո, նա հազվագյուտ մարդ է։

Ճաշից հետո եկավ Բագրատյանր։ Այս անգամ նա Ռուբենի հետ առանձնացավ վերջինի սենյակում և այնտեղ խորհրդակցում էին։

Հիվանդոտ հետաքրքրությունը հանգիստ չէր թողնում Մարիամին։ Նա չէր զգում, որ հետզհետե անգիտակցաբար մոռանում է յուր հոգսերը, յուր մտածությունները, և ավելի ու ավելի զբաղվում այդ երիտասարդով։ Նա չէր զգում, որ անսպասելի հյուրի զարթեցրած հետաքրքրության զգացումը այնքան զորեղ էր, որ նսեմացնում էր մի ուրիշ զորեղ զգացում — նրա սրտի ամենախորին վիշտը։

Ռուբենի սենյակի դռները բացվեցին, Մարիամը ներս հրավիրվեց։ Բագրատյանր նստած էր անշուք և փոքրիկ թախտի վրա, ոտը ոտի վրա ձգած, կռները կրծքին ծալած։ Ամբողջ նրա կերպարանքը այդ վայրկյանին արտահայտում էր մի անթափանցելի սառնություն։ Մարիամը զգաց մի ճնշումն, մի ծանր բան յուր սրտում: Այդ մարդու ներկայությունը մի անհասկանալի ուժով խլում էր նրա համարձակությունը և չէր թույլ տալիս նրան մինչև անգամ ազատ շրջել, ազատ խոսել նույնիսկ յուր եղբոր հետ։ Նա, կարծես, վախենում էր ուղիղ նայել հյուրի երեսին, բայց բոլոր ուշք ու միտքը կենտրոնացրած էր նրա վրա։

Տանտիրոջ պատանի ծառան, որ օգնում էր Մարիամին խոհանոցի գործերում, ներս բերեց սամովարը: Մարիամը թեյ պատրաստեց և առաջարկեց։ Բագրատյանը յուր կոշտացած ձեռքով վերցրեց մատուցարանի վրայից մի բաժակ, դրեց յուր մոտ։ Հոգով փափագում էր Մարիամը խոսել նրա հետ, բայց լեզուն չէր զորում։ Նա չգիտեր ինչի մասին խոսել և ինչպես սկսել։ Թվում էր նրան, որ այդ մարդուն զբաղեցնելը դժվար է, որ նա հասարակ խոսակցությունից կարող է ձանձրանալ։ Նրա առաջ նստած էին երկու կատարյալ հակատիպեր, մեկը — Ռուբենը, դարձյալ հուզված, վառված ինչ֊որ մտքերով, պատրաստ ամեն վայրկյան խոսելու, մյուսը — Բագրատյանը, սառն, հանդարտ, սակայն այդ սառնության և հանդարտության մեջ ավելի ազդու, անգամ երկյուղալի։

— Որքան հիշում եմ, օրիորդ, ես ձեզ առաջ տեսել եմ,— դարձավ Բագրատյանը Մարիամին, առաջին անգամ։

— Ի՞նձ,— կրկնեց Մարիամը, շփոթվելով,— ե՞րբ, ո՞րտեղ։

— Մոտ տասը տարի առաջ, Ռուբենի հետ, ձեր ազգականներից մեկի տանը։

Մարիամը մտքում հանդիմանեց իրեն, որ չէր հիշում Բագրատյանին։ Կարծես, այդ մի աններելի թուլություն էր նրա կողմից, կարծես, նա մի անգամ տեսնելով այդ կերպարանքը, չպիտի մոռանար հավիտյան։

— Ես էլ կարծում եմ… — արտասանեց նա։

Նա կամենում էր ուղղել յուր սխալը։ Բայց կանգ առավ, զգալով, որ անգիտակցաբար գրեթե սուտ ասաց։

Մեջ մտավ Ռուբենը և աշխատեց վերականգնեցնել Մարիամի հիշողության մեջ Բագրատյանին, թեև ինքն էլ համոզված չէր, թե երբևէ նրանք հանդիպած լինեին։

— Դուք ավարտեցի՞ք գիմնազիական ուսումը,— հարցրեց Բագրատյանը։ — Այո։

— Ուրեմն դուք ունեք շատ ընկերուհիներ կրթված օրիորդների մեջ։

— Թեև շատ չէ, բայց ունեմ։

Բագրատյանը մի քանի վայրկյան լռեց։ Ապա մի քիչ թեյ խմեց և շարունակեց.

— Այն ժամանակ, երբ ես դեռ գիմնազիստ էի, հայ օրիորդը չուներ մի որոշ իդեալ. նա բարձր չէր առօրյա չնչին հոգսերից։ Ցանկալի է իմանալ, նա նո՞ւյնն է և՛ այժմ, թե՞ ժամանակի հոսանքը կարողացել է նրա վրա ևս ազդել։

Այս խոսքերը Մարիամին նեղ դրության մեջ ձգեցին: Ի՞նչ պատասխաներ։

— Ահա մի շատ հետաքրքրելի խնդիր, — միջամտեց Ռուբենը, — որ, ճշմարիտ, արժե լուրջ մտածության։ Ինձ թվում է, — շարունակեց նա, մի քանի վայրկյան կանգ առնելուց հետո, — հայ կինը առանց իդեալի չէ. միայն պետք է ուսումնասիրել նրան։ Խոստովանում եմ, ես այդ մասին դեռ առիթ չեմ ունեցել խորհելու։

— Իմ կարծիքով,— վստահացավ, վերջապես, խոսել Մարիամը,— առաջ պետք է իմանալ հայ երիտասարդի իդեալը կնոջ մասին։ Օրինակ,— դարձավ նա Բագրատյանին այս անգամ բավական համարձակ,— ես կկամենայի իմանալ, թե դուք ինչ եք պահանջում կնոջից. նա ի՞նչ ձգտումներ պետք է ունենա։

Մի րոպե տիրեց լռություն։ Մարիամը անհամբեր սպասում էր Բագրատյանի պատասխանին։

— Օրիորդ, — ասաց վերջինը դրական եղանակով և հաստատ ձայնով, որի մեջ զգացվում էր նրա համոզմունքի ամրությունը,— այժմյան հայ կնոջ մեջ ես միայն մի բան կցանկանայի տեսնել։ Կցանկանայի տեսնել նրա մեջ մի ուժ, որով կարողանար տղամարդից անկախ կրել այն բոլոր նեղությունները, դիմանալ մեր կյանքի այն բոլոր փոթորիկներին, որոնց դեմ այժմ սկսել է կռվել հայ երիտասարդությունը։

— Դուք ուրեմն կնոջից պահանջում եք տղամարդին հավասար ուժ։ — Այո, և ոչ միայն բարոյական ուժ, այլև ֆիզիկական տոկունություն, այնչափ, որչափ, բնության սահմանած օրենքները թույլ են տալիս։ Հուսով եմ, իմ միտքս կարոտ չէ մանրամասն բացատրության։

— Միայն եթե բարեհաճեք բացատրել, թե որոնք են այն նեղությունները, կյանքի այն փոթորիկները, որոնց դեմ, ինչպես դուք ասում եք, սկսել է կռվել ժամանակակից երիտասարդությունը։

— Որո՜նք են, կրկնեց Բագրատյանը ներողամտաբար ժպտալով,— ես կարծում եմ, օրիորդ, այդ պարզ է հետաքրքրվողի համար։

— Պարզ է,— արտասանեց Մարիամը դառն հեգնությամբ,— այո, շատ պարզ է, այնքան, որքան բացատրում է տղամարդը, որքան նա ինքն օրինակ է դառնում օրիորդին…

Այդ խոսքերի մեջ զգացվող հեգնության միտքը անհասկանալի էր Բագրատյանին։ Նա կես-զարմացած նայեց օրիորդին։ Ռուբենը միայն հասկացավ քրոջ ակնարկությունը, ուստի սրտմտությամբ առաջ տարավ նրա խոսքը.

— Չի կարելի պահանջել հայ օրիորդից մի բարձր իդեալ, քանի որ մեր երիտասարդությունը, որից ավելի է պահանջելի, նեխված է անբարոյականության ցեխի մեջ։ Օ՜օօ, Բագրատյան, դու դարձյալ նույն իդեալիստն ես, ինչ որ էիր առաջ։ Դու գուցե զարմանաս, որ ես այսպես խիստ եմ խոսում, բայց եթե այդքան տարի հեռացած լինեիր մեզանից, շուտ պետք է հիասթափվեիր։ Մեր երիտասարդությունը — ես խոսում եմ կրթված երիտասարդության մասին — այժմ այնպիսի օրինակներ է տալիս, որ բարոյական ապականության կատարելատիպեր են…

Մարիամը շնորհակալությամբ լի մի մելամաղձիկ հայացք ձգեց Ռուբենի երեսին։ Եղբոր խոսքերը բխում էին քրոջ սրտից, որ այդ վայրկյանին դարձյալ լցվել էր դառնությամբ դեպի նա, որ Ռուբենի ակնարկած կատարելատիպն էր…

— Ցավալի է, եթե այդպես է,— ասաց Բագրատյանը, տակավին չզգալով Ռուբենի սրտմտության բուն շարժառիթը,— բայց այդ չպետք է երբեք հուսահատեցնի մեզ։ Տեսնել շատ քիչ, պահանջել և սպասել շատ ավելի — իմ կարծիքով, այս պետք է լինի նույնիսկ քեզ պես հիասթափված մարդու ցանկությունը։ Եթե երիտասարդությունը ապականված է, թող հայ կինը օրինակ լինի նրան։ Ներեցեք, օրիորդ, ես դարձյալ դառնում եմ մեր խոսակցության բնաբանին — հայ կնոջը։ Մեր պատգամախոսները ուզում են, որ կինը լինի միայն լավ տնտեսուհի և առաքինի մայր։ Ոչ. այդ չէ իմ ցանկացածը։ Ես աչքի առաջ ունեմ ուրիշ բան։ Ձգեցեք ձեր հայացքը ավելի հեռու ձեր արյունակից ժողովրդի այժմյան վիճակի վրա, մտածեցեք և կտեսնեք, որ կնոջ դերը չպիտի սահմանափակվի միայն հասարակ տնտեսուհու և քնքուշ մոր պաշտոնով։ Ինչպես մեր երիտասարդության, նույնպես և օրիորդների բոլոր ուժերը ներկա ժամանակ պետք է ուղղված լինեն դեպի մի կետ… պետք է ծառայեն ժողովրդի հասարակական վիճակի վերակենդանության գործին։ Ահա այս դերը կատարողից պահանջվում է անսահման սեր դեպի յուր հայրենիքը և այդ սիրո անունով անձնազոհ լինելու պատրաստականություն։ Ունե՞ արդյոք հայ օրիորդը այդ սերը։ Ունե՞ արդյոք նա յուր սրտում անձնազոհության կայծ — ահա ինչ եմ ուզում իմանալ։

Նա կանգ առավ և թուխ հոնքերի տակ տեղավորված կրակոտ աչքերը սևեռեց Մարիամի երեսին։ Դա մի այնպիսի թափանցող հայացք էր, որին չկարողացավ դիմանալ օրիորդը։ Նրան թվում էր, որ Բագրատյանը ձգտում էր կարդալ յուր սրտի ամենանվիրական գաղտնիքը։ Նա հասկացավ նրա խոսքերի միտքը։ Հասկացավ, թե այդ երիտասարդը ինչ է պահանջում հայ օրիորդից: Կարո՞ղ է, արդյոք, գեթ փոքր մասամբ համապատասխանել նրա կամեցածին։ Մտածե՞լ է արդյոք երբևէ այս ուղղությամբ:

Եվ զգում էր Մարիամը այդ մարդու առաջ մի անհաղթահարելի տկարություն, վայրկենաբար մի թռուցիկ հայացք ձգելով դեպի յուր անցյալը։ Այնտեղ նա տեսնում էո մի ամայություն։ Ի՞նչ է մտածել նա մինչև այսօր, կյանքի ո՞ր հոգսերն են եղել նրա ջերմ մտատանջության նյութը։ — Ոչ մեկը, որ հեռու լիներ նրա անձնականությունից, ոչ մեկը, որ անջատված լիներ նրա անհատական երջանկությունից։

— Չգիտեմ, կա՞ արդյոք ձեր ասածի նման մի օրիորդ, չգիտեմ:

Այս եղավ նրա պատասխանը — ուրիշ ոչինչ։ Եվ սրանով վերջացավ խոսակցությունը։ Բագրատյանը զգաց Մարիամի հոգեկան խռովությունը յուր խոսքերի ազդեցությունից։ Նա փոխեց խոսակցության նյութը։

Այդ օրից Մարիամի միտքը ավելի էր զբաղված նորեկի անձնավորությամբ…


XVI

Տիկին Սոփիոյի հույսերը խաբվեցին։ Նա կատաղած էը ոչ միայն Մարիամի, այլև Հալաբյանի դեմ։ Այժմ նա պախարակում էր ամուրիին, աշխատում էր փքել նրա ամեն մի թերությունը, մոռանալ բոլոր լավ հատկությունները։ Հալաբյանր ծեր է, տգեղ է, տգետ է, արժե՞ Նատալիայի մի մատին անգամ։ Երբեմն յուր սրտի թույնը տիկինը թափում էր իշխան Սահարունիի գլխին։

— Մեղավորը դու ես, եթե մեջտեղ չընկնեիր, ես նրա անունն էլ չէի տալ։ Նա ո՛վ է, ո՛ւմ որդին է, ի՞նչ մարդ է որ…

Իսկ իշխանը հասկանում էր քրոջ հոգին, գիտեր, նրա կատաղությունը ուրիշ ոչինչ է, եթե ոչ անաջողության արգասիք։ Նա ինքն էլ հուսահատված էր։ Այն օրից, երբ տեսավ, որ Հալաբյանին դժվար է փոխել, որ անկարելի է Նատալիային նրա վզին կապել, չէր իմանում ինչպես համոզեր քրոջը, որպեսզի նա յուր ամուսնուց մի բան պոկե։

Այլ էր եթե իշխանի անցյալ կյանքի փորձերից խրատված չլինեին թե՛ տիկին Սոփիոն և թե' Նիկողայոսը։ Բայց օրինակները պարզ էին, և Նիկողայոսը շատ լավ էր ճանաչում նրան։ Գիտեր, որ երաշխավոր լինել իշխան Սահարունիի համար, կնշանակե՝ նրա պարտքը անպայման յուր վրա վերցնել, զուտ փող տալ նրան՝ կնշանակե տվածից հավիտյան ձեռք վերցնել։ — Դրստիր բանս, եթե այս եղունգիս չափ սիրում ես ինձ, — անդադար հորդորում էր իշխանը յուր քրոջը։

— Չեմ կարող, չեմ կարող, չեմ կարող։ Նիկոն քեզ չի հավատում, ասում է՝ այնքանն էլ հերիք է, ինչքան տվել եմ, ստացածը հետ տվե՞լ է, որ նոր պարտք է ուզում։

— Ասա նրան, որ ինչ որ ինձ տվել է, տոկոսով հետ կստանա ժամանակին։ Իշխան Սահարունին քարվանսարի բազազ չի, որ սուտ կոտր ընկնի, ուրիշի փողերը կուլ տա։ Իմ անունս ու պատիվս միլիոններով չեմ ծախիլ… Հասկացրո՛ւ նրան, լսո՞ւմ ես։

— Եթե կարող ես, ինքդ հասկացրու, ես այսուհետև ձեր մեջ գործ չունեմ,— դրապես հրաժարվեց Սոփիոն։

Մի օր իշխանը փողի սաստիկ կարոտություն ուներ: Նա թղթախաղում տանուլ էր տվել մի բավական զգալի գումար։ Ինչ-ինչ այս տեսակ պարտքերը նա ճշտությամբ վճարում էր։ Փորձեց սրանից-նրանից խնդրել, ամենքը մերժեցին, ոչ ոք չէր հավատում նրա վարկին։ Մի առավոտ նա դարձյալ վազեց Սոփիոյի մոտ։ Նիկողայոսը տանը չէր։ Նա հրավիրեց քրոջը մի առանձին սենյակ և, գրպանից մի մուրհակ հանելով, դրեց նրա առաջ։

— Առանց այլևայլի, այս վեքսիլի տակ մարդուդ ստորագրել կտաս, — գոչեց նա հրամայողական ձայնով։

Սոփիոն վախեցավ նրա հուսահատությամբ լի կատաղի աչքերից։

— Որ չուզենա ստորագրել, ի՞նչ անեմ։

— Հրամայում եմ քեզ, որ ստիպես։ Այդ քո գործն է։

Տիկինը ավելի զարմացավ։

— Սրափիոն, ի՞նչ ես խոսում, հրամայելս ո՞րն է։

— Կարճ ասա, չե՞ս ուզում կատարել...

Սոփիոն մի քայլ հետ դրեց և լուռ նայեց եղբորը ոտից մինչև գլուխ։

— Չե՞ս ուզում,— կրկնեց իշխանը։

— Չէ։

— Լավ, — ասաց իշխանը և շինծու հանդարտությամբ, մուրհակը վերցնելով, դրեց գրպանը,— ուրեմն թող մարդդ պատրաստվի բերդը գնալու… Սոփիոն գունաթափվեց։

— Բե՞րդը…— արտասանեց նա, դողդողալով։

— Այո՛, բերդը։ Հերիք է, ինչքան ես նրան խնայեցի քո խաթրու, հերիք է, ինչքան թաքցրի նրա կեղտոտ բաները։ Այժմ ինձ համար դիփ մեկ է, եթե այս վեքսիլով փող չստանամ, այ, սրանով կյանքիս վերջ կտամ,— շարունակեց նա, սյուրտուկի ծոցի գրպանը բանալով և ցույց տալով ատրճանակի կոթը։— Ես կորչելու եմ, թող Նիկողայոսն էլ կորչի։ Այս րոպեիս կգնամ պոլիցիա և ինչ որ մարդուդ հետ միասին արել ենք, բոլորը կպատմեմ, հետո դու տես, թե ինչ կլինի։

Այս սպառնալիքը միանգամայն սարսափեցրեց Սոփիոյին, որ ապուշ դարձած լսում էր։

— Ի՞նչ ես խոսում, ի՞նչ եք արել միասին,— գոչեց նա, շունչը կտրված և ուժասպառ նստելով աթոռի վրա։

— Ի՞նչ ենք արե՜լ… Գողություն, ավազակություն, մարդասպանություն, կերել ենք, գռփել ենք, կողոպտել ենք խեղճերին, անտերներին։ Հերիք է, որ հարյուրից մեկը միայն մեկը բացվի, ես ու մարդդ Սիբիրում կլինենք…

Այլևս Սոփիոն չկարողացավ ուրիշ բան հարցնել։ Եղբոր խոսքերը ազդեցին նրա վրա անհաշիվ, անպայման։ Նա հավատաց լիովին, թե կա մի երկյուղալի գաղտնիք։

— Տուր ինձ, տուր ինձ, դու գժվել ես,— գոչեց նա, ձեռը եղբորը մեկնելով:

Իշխանը մուրհակը տվեց։

— Երեք օր ժամանակ եմ տալիս, ավելի չեմ կարող,— խստությամբ որոշեց նա։— Կա՛ց, վեքսիլը ստորագրել կտաս, բայց ինչ որ ասացի մեր արածների մասին, չես պատմիլ մարդուդ։ Հասկանո՞ւմ ես, մի խոսք էլ չես ասիլ, թե չէ՝ վատ կլինի ամենիդ համար։

Եվ երեք օր շարունակ տիկին Սոփիոն, բոլոր մյուս հոգսերը մի կողմ թողած, մուրհակը ձեռին չէր հեռանում ամուսնուց։ Ժամանակ-անժամանակ, առավոտ-երեկո, միշտ, երբ տանն էր Նիկողայոսը, նա միևնույնն էր կրկնում.

— Կամ ինձ սպանիր, կամ այս վեքսիլի տակ ձեռ քաշիր։ Անտանելի էր Նիկողայոսի դրությունը։ Ընտանեկան կյանքը նրա համար կատարյալ դժոխք դարձավ։ Նա հուզված էր, բարկանում էր, գոռում էր, հրում էր ձեռքով կնոջ կրծքին, բայց իզուր։ Ինչպես մի անխուսափելի չարիք, մի բնական պատիժ, Սոփիոն անգութ կերպով հալածում էր յուր ամուսնուն, ստվերի պես հետևելով նրան ամեն րոպե, ա մեն վայրկյան։ Մերթ նա գոռում էր, մերթ աղերսում և մերթ արտասվում, աշխատելով թունավորել մարդու հանգստությունը։

Ուրիշ ելք չկար։ Վերջապես Նիկողայոսը համաձայնեց, միանգամայն հաղթված համառ կնոջ անընդհատ հալածանքից։

— Բայց ասա եղբորդ, — պատվիրեց նա, մուրհակը ստորագրելիս, — այս վերջին անգամն է լինելու...

Իշխանը փողը ստացավ բանկից, և այնուհետև մոռացավ (գուցե առժամանակ) Նիկողայոսին էլ, Սոփիոյին էլ, բոլոր Սադափյաններին էլ։

Ձմեռվա ընթացքում Նիկողայոսի գործերը այնքան հաջող գնացին, որ կարողացավ յուր պարտքերից մի քանիսը վճարել։ Մնում էին մի քանի խոշոր պարտքեր, ի միջի այլոց, և Հալաբյանից վերցրածի մի մասը։ Մի օր հանդիպեց ամուրիին և խնդրեց մի քանի ամիս ևս համբերել։ Հալաբյանը անտարբեր կերպով գլուխը շարժեց, կարծես, միևնույնն էր, կստանա՞ր յուր փողերը, թե ոչ։

— Ես մինչև մահ չեմ մոռանալ, որ ձեզանով ոտքի կանգնեցի, — ասաց Նիկողայոսը երախտագիտաբար։

— Ոչի՜նչ չեմ արել ձեզ համար, որ ինձ չմոռանաք, — արտասանեց Հալաբյանը վհատված ձայնով։

— Փա՛հ, բաս ո՞վ է արել...

— Շնորհակալ եղեք ձեր եղբոր որդուց։

Նիկողայոսը զարմացավ։ Առաջին անգամն էր նա այդ լսում: Այն ժամանակ Հալաբյանը բացատրեց բանի էությունը, հայտնեց, թե լոկ Ռուբենի խնդրելովն է նրան օգնել։

— Ռուբե՞նը, Ռուբե՞նն է ինձ համար ձեզ խնդրել,— գոչեց Նիկողայոսը, չհավատալով յուր լսելիքին։ — Այո, Ռուբենը… բայց…— արտասանեց Հալաբյանր և, գլուխը երերելով, հեռացավ։

Անհասկանալի, նույնիսկ անբնական էր թվում Նիկողայոսին վեհանձնության մի այդպիսի օրինակ։ Ի՞նչպես, նա, որին զրկել է, որին յուր տնից համարյա թե արտաքսել է, հանկարծ մոռանում է ամեն ինչ և կողմնակի օգնո՞ւմ է յուր զրկողին, այն էլ գաղտնի՞ կերպով։ Ոչ, այդ անկարելի է, մեջտեղ մի բան կա։ Մարդ ասված արարածը երբեք չի կարող այդչափ վեհանձն լինել։

Նա պատմեց Հալաբյանից լսածը յուր ամուսնուն։ Տիկին Աոփիոն, լսելով Ռուբենի անունը, կատաղեց, փրփրեց։

— Այդ էր պակաս, համ ութ տարի մեր հացով ապրի, համ մեզ խայտառակ անի քաղաքում, համ էլ մեր բարերա՞րը լինի։ Չէ, Նիկո՛, մի' հավատալ, սուտ է, Ռուբենը այն պտուղը չէ…

Երբ նույն բանը լսեց յուր մորից Նատալիան, քահ-քահ ծիծաղելով ասաց.

— Եթե ուրիշին օգնել կարողանում է, ինչո՞ւ շվեյկա քրոջը չի օգնում։

Օրիորդ Նատալիան այժմ Մարիամի անունն անգամ լսել չէր ուզում, ուր մնաց նրա եղբոր բարեկամությունը ընդունել։ Այն երազը, որ նա հույս ուներ կատարված տեսնել, այն ճոխ ու փարթամ կյանքը, որ պետք է զարմացներ ամբողջ քաղաքին, մնաց երազ։ Նա թեև ձայնակցում էր մորը, երբ վերջինը անխնա պարսավում էր Հալաբյանին, բայց կորուստը զգալի էր և շատ զգալի։ Տարի ու կեսից ավելի էր, նա վճռել էր յուր կյանքը կապել Հալաբյանի կյանքի հետ, թեև մյուս կողմից նա պտրում էր ավելի արժանավորին։ Սակայն բոլոր յուր շրջապատողների մեջ չկար ավելի լավը և հույս էլ չուներ երբևէ գտնել մի այդպիսուն, ուստի Հալաբյանն էր մնում միայն։ Այժմ դուրս է գալիս մի ատելի աղջիկ և վերջնապես խորատակում է նրա հույսերը։

Ահա ինչու նա այնքան կատաղել էր, նրա խելքը կրքից այնքան խավարել էր, որ ոչ մի միջոց չէր խնայում Մարիամի պատիվը արատավորելու համար։ Ոչ ոք այնպես ջերմ չէր պաշտպանում բժիշկ Մելիք-Բարսեղյանին, որպես նա, ոչ ոք Մարիամի բարոյականությունը այնքան չէր զրպարտում, որքան այդ նախանձոտ աղջիկը։

Մի անգամ նա ոտով զբոսնում էր Գոլովինսկի պրոսպեկտի վրա, մի քանի կավալերներով շրջապատված։ Պատահաբար հանդիպեց Մարիամին, որ Սաթենիկի հետ գալիս էր դեմուդեմ։ Մի քանի քայլ մնացած նա ինչ-որ ասաց յուր ուղեկիցներին, բոլորը ուշադրություն դարձրին Մարիամի վրա, իսկ ինքը բարձրաձայն ծիծաղեց, համեստության սահմանից դուրս գալով։ Մոտովը անցնելիս նա մի այնպիսի կատաղի հայացք ձգեց Մարիամի վրա, որ, կարծես, պատրաստ էր հարձակվել և տեղն ու տեղը խեղդել նրան։

— Ֆո՛ւ, կատարյալ ֆուրիա է դառել այդ աղջիկը, — շշնջաց Սաթենիկը Մարիամի ականջին։

Մարիամը անուշադիր թողեց Նատալիայի ծիծաղը և կռվակոչ նայվածքը, անցավ։ Նա վերջին ժամանակ մոոացել էր յուր ակամա ոխը Նատալիայի և տիկին Սոփիոյի դեմ։ Եվ առհասարակ հետզհետե նրա սրտում մեղմանում էր ատելության զգացմունքը ոչ միայն դեպի յուր հեռավոր հակառակորդները, այլ անգամ դեպի նա, որ ավելի, քան ովևէ վայելում էր նրա կծու ատելությունը։ Թե ինչպես պատահեց այդ — նա չգիտեր և չէր զգում։ Չէր զգում, որ Բագրատյանի գաղտնախորհուրդ անձնավորությունը, մի անհասկանալի դյութական զորությամբ, հաղթում և նսեմացնում է ամեն բան նրա աչքում։ Տակավին այդ մարդը նրա համար մի տեսակ առեղծված էր, տակավին չէր հասկանում, թե ինչ է կատարվում յուր շուրջը, ինչ մի գաղտնի գործ է այն, որ այդքան զբաղեցնում է թե՛ Բագրատյանին և թե Ռուբենին։

Ամեն օր երկու երիտասարդները տեսակցում էին վերջինի սենյակում, խոսում էին, վիճում և շտապով միասին դուրս գալիս։ Ո՞ւր էին գնում, ինչո՞ւ — հայտնի չէր։ Սովորաբար պարզախոս Ռուբենը այժմ դառել էր գաղտնապահ, անհանգիստ, նյարդային։ Մերթ Մարիամը նրան տեսնում էր սեղանի մոտ նստած, ինչ-որ մի քարտեզ առաջը դրած, խորասուզված մտքով նայելիս, մերթ թղթի վրա ինչ-որ հաշիվներ անելիս։ Նա նկատում էր, որ եղբայրը այլևս չէր պարապվում յուր սովորական գործերով — չէ կարդում, չէ գրում։ Այս բոլորը ավելի ու ավելի սաստկացնում էր Մարիամի հիվանդոտ հետաքրքրությունը և դրդում նրան զանազան ենթադրություներ անել։

— Սաթենի՛կ, ինչ մարդ է այդ Բագրատյանը,— դառնում էր նա երբեմն յուր ընկերուհուն։

Սակայն Սաթենիկը նույնքան էր ճանաչում այդ մարդուն, որքան Մարիամը։ Մի անգամ վարժուհին ասաց, թե մի բան է լսել Բագրատյանի մասին, չգիտե որքան ճիշտ է:

— Ի՞նչ,— հարցրեց Մարիամը։

— Ասում են, նա եկել է այստեղ մի շատ կարևոր գործով և շուտով պետք է գնա։

— Ի՞նչ գործ է։

— Չգիտեմ։ Ինձ ասաց իմ ծանոթներից մեկը, Բագրատյանի ուսանողական ընկերն է եղել։ Եղբայրդ էլ այդ գործով է զբաղված։

Ավելի ոչինչ չգիտեր Սաթենիկը։

Մարիամի հետաքրքրությունը փոխվեց անհամբերության։ Ռուբենը նրան ոչինչ չէր ասում և եթե մի բան հարցնում էր Մարիամը, նա բարկանում էր։ Երբեմն Մարիամը փորձում էր Բագրատյանին խոսեցնել։ Բայց իզուր։ Այդ երիտասարդը ամեն բանի մասին խոսում էր նրա հետ հաճությամբ, բայց երբ հարց էր լինում յուր մասին, նա կամ խույս էր տալիս պատասխանից, կամ բավականանում էր անորոշ խոսքերից։ Այնինչ Մարիամի համար յուրաքանչյուր անգամ նրա բնավորության և մտքերի մեջ բացվում էր մի նոր խորություն։ Մերթ Բագրատյանը դանդաղախոս էր, մերթ պերճախոս, բայց և միշտ հավատ ներշնչող, ոգելից, ազդու, մանավանդ այն ժամանակ, երբ խոսում էր կնոջ հասարակական դերի մասին։

Հաճախ, երբ Մարիամը առանձնանում էր յուր սենյակում, նրա մտախոհության առարկան այդ երիտասարդն էր։ Եվ որքան մտածում էր, այնքան անթափանցելի էր դառնում այդ մարդը նրա համար։

Պատահում էր, որ նրա մեջ զանազան կասկածներ էին ծագում Բագրատյանի վերաբերմամբ։ Թվում էր նրան, թե դա բախտախնդիրների մեկն է, որ ով գիտե ինչ-որ ներքին ձգտումները քողարկում է արտաքին խորհրդավորությամբ, օրիգինալությամբ։ Այդ անցյալի դառն փորձից առաջացած մի զգացմունք էր։ Ահա ինչու, երբ Ռուբենը սկզբում մի քանի անգամ զգացված գովեց Բագրատյանին, առանց, սակայն, հայտնելու նրա նպատակը, Մարիամի դեմքի վրա սահում էր մի կասկածելի ժպիտ։— Ժպիտ, որ, կարծես, արտահայտում էր.

— Չե՞ս սխալվում արդյոք։ Դու այն մյուսին էլ գովում էիր...

Բայց ամեն անգամ, երբ օրիորդը երես առ երես հանդիպում էր Բագրատյանին, երբ լսում էր նրա առնական ազդու ձայնը, երբ նայում էր նրա աչքերի խորության մեջ թաքնված վշտախառն բարկությանը, երբ նրա սեղմված շրթունքների վրա տեսնում էր այն մշտական տխուր ժպիտը,— փարատվում էին նրա կասկածները, և նա դարձյալ ենթարկվում էր նրա ազդեցությանը։ Ո՛չ, այդ ազդեցությունը նման չէ այն մարդու ազդեցությանը, որ այնպես մոլորեցրեց Մարիամին։ Ո՛չ, այստեղ կա մի բնական զորություն։ Դա ոչ խելքի, ոչ պերճախոսության, ոչ գիտության ուժն է, դա մի ուրիշ բոլորովին ուրիշ բան է։

«Ի՞նչ է, տեր աստված, ի՞նչ է», հարցնում էր Մարիամը անդադար և ոչ մի տեղից պատասխան չէր ստանում։

Արդեն ձմեռը մոտենում էր յուր վերջին, եղանակը սկսել էր մեղմանալ: Մարիամը զգում էր, որ փոքր առ փոքր վերադառնում են յուր ուժերը և նա հետզհետե կազդուրվում է մարմնապես։ Միևնույն ժամանակ, նա հոգեպես ևս փոխվում էր: Այլևս նա չէր նստում առաջվա պես ամբողջ ժամեր և ծանր վշտից ճնշված մնում մի տեսակ թմրած դրության մեջ: Այլևս դեպի շրջապատող կյանքը չէր զգում խորին անտարբերություն, ինչպես առաջ։ Ամբողջ օրը նա աշխատում էր մի անսովոր եռանդով, խոսում ու վիճում էր Սաթենիկի հետ և ազատ ժամերը ինքը խնդրում Ռուբենին գնալ միասին զբոսնելու։ Այս բոլորը ուրախացնում էր Ռուբենին և հիացնում Սաթենիկին։

— Սիրելիս, ասաց մի օր վերջինը,— դու այժմ կատարյալ վարպետուհի ես դառել, առանց իմ օգնության կարող ես ինքնագլուխ աշխատել։

— Այո, կարող եմ և ուզում եմ աշխատել,— պատասխանեց Մարիամը եռանդագին։— Բայց, գիտես ինչ, կարուձևի գործը ինձ չէ բավականացնում։ Ես ուզում եմ մի ուրիշ աշխատանք, մի ավելի ծանր, դժվար գործ…

— Օրինակ, ի՞նչ գործ,— հարցրեց Սաթենիկը, զարմանալով։

— Ես ինքս էլ չեմ իմանում, բայց ինձ թվում է, որ կարուձևը դատարկ բան է, շատ դատարկ բան։

Սաթենիկը վիրավորվեց։ Մարիամը արհամարհում էր այն գործը, որին նա հոգով ու սրտով անձնատուր էր եղեք, և որի մեջ գտնում էր մի տեսակ երջանկություն։ Յուր ընկերուհու սրտին չկպչելու համար, նա բարվոք համարեց լռել, որպեսզի չարտահայտի յուր վիրավորանքը։ Սակայն Մարիամը զգաց յուր սխալը և շտապեց տպավորությունը մեղմացնել։

— Ես չեմ արհամարհում քո պարապմունքը,— ասաց նա, ընկերաբար ժպտալով,— բայց կարծում եմ, դու և ես ընդունակ ենք ուրիշ ավելի բարդ գործ կատարելու։

— Գիտես ինչ Մարո,— արտասանեց Սաթենիկը հանդարտ եղանակով,— ես տեսնում եմ, որ վերջին ժամանակ դու փոխվել ես։ Ասա ինձ ընկերաբար, արդյոք քեզ վրա մի նոր մարդ ազդեցություն չի՞ արել։

Այս անորոշ ակնարկությունը դուր չեկավ Մարիամին։ Նա հանդիմանաբար նայեց ընկերուհու երեսին։

— Ինձ վրա՞… ոչ ոք և ոչինչ չի ազդել։ Ես առաջ էլ այսպես էի, միայն ամաչում էի քեզ ասել, կարծում էի դու կվիրավորվես։ Ախ, Սաթենիկ, գոնե դու ինձ լավ ճանաչեիր, հավատացիր, ես միշտ դժգոհ եմ եղել ինքս ինձանից, միշտ կարծել եմ, ինձ մի բան պակասում է։ Բայց երբեք այդ դժգոհությոմնը այնպես սաստիկ չի եղել իմ մեջ, ինչպես այժմ։ Եթե դու այդ ես փոփոխություն համարում, իրավունք ունես։

Այս խոսակցությունից անցել էր մի ամիս։ Առաջին օրերն էին։ Օդի մեջ արդեն տիրում էր գարնանային բուրմունքը։ Հարավային ջինջ երկնքի կապտությունը, արևի տաք ճառագայթները, ծառերի նորաբողբոջ տերևները, ծիծեռնակների ուրախ ծլվլոցը մի ախորժելի ազդեցություն էին գործում մարդու հոգու վրա, սիրտը լցնում էին դուրեկան զգացմունքով։ Մարդ զգում էր ապրելու և անհուն, անսահման երջանկություն վայելելու մի անհաղթելի ցանկություն։

Մի սիրուն օր էր։ Ռուբենը առավոտյան առաջարկեց Մարիամին մինչև քաղաքից դուրս ոտով զբոսնելու։ Մարիամը իսկույն համաձայնվեց։ Սաթենիկին ևս խնդրեցին, ընկերացավ նրանց։ Ռուբենը առաջնորդեց նրանց նախ մի նեղ և հետ ընկած փողոց, որ ճանապարհի վրա էր։ Մի երկհարկանի տան առջև նա խնդրեց օրիորդներին սպասել, ինքը մտավ ներս։ Փոքր անցած նա դուրս եկավ, Բագրատյանի թևից բռնած, Մարիամը ակամա մի ուրախություն զգաց։

Նրանք ծանր քայլերով անցան մի քանի փողոց և հասան քաղաքի ծայրը։ Ոչ մեկը չէր զգում ճանապարհի երկարությունը, այնքան զբաղված էին խոսակցությամբ: Առանձին տրամադրության տակ էր երևում այդ օրը Բագրատյանը։ Մերթ նա պատմում էր, մերթ զվարճախոսում և մերթ մինչև անգամ կատակներ էր անում Ռուբենի հետ։ Եվ Մարիամը, որ սովոր էր նրան մռայլ տեսնել նույնիսկ գվարճախոսելիս, զարմացած նայում էր նրա պայծառ կերպարանքին։ Նա չէր զգում այլևս ճնշումն, նա վստահ և համարձակ էր այդ մարդու մոտ։

Նրանք արդեն քաղաքից դուրս էին եկել։ Բարձրանում էին ապառաժոտ զառիվայրով Բեթխայիմի մի լեռան լանջը։ Ուղին նեղ էր, աջ ու ձախ զարդարված նոր-նոր կանաչող թփերով։ Ռուբենը գնում էր Սաթենիկի հետ առաջից։ Բագրատյանը և Մարիամը նրանց հետևից բարձրանում էին դանդաղ քայլերով, մերթ ընդ մերթ կանգ առնելով և մտիկ անելով դեպի հետ։ Ստորև բացվել էր մի սիրուն տեսարան - ընդարձակ քաղաքը յուր խիտ ծառաստաններով, խայտաբղետ կտուրներով, յուր ուղղագիծ և ծուռումուռ փողոցներով, հիսուն-վաթսուն եկեղեցիների արծաթագույն գմբեթներով, շրջակա դաշտերով ու լեռներով։

Մարիամը դիտում էր այդ տեսարանը հիացած։ Վաղուցվա ծանոթ պատկերը այսօր մի առանձին գեղեցկություն էր ստացել նրա աչքում։ Եվ զգում էր նա այդ տեսարանի ազդեցության ներքո մի տեսակ անդորր զվարճություն, խառն անորոշ մելամաղձության հետ։ Արեգակի ախորժելի տաքությունը, բարեխառն օդի թեթև հոսանքը պարգևում էին նրա հոգնած ջղերին հանգստություն, կարծես, ներշնչելով մի նոր ուժ, նոր կենդանություն։ Նրա գունատ այտերի վրա երևան էր եկել մի նուրբ կարմրություն։ Նրա թախծալի աչքերը ժպտում էին, արտահայտելով մեղմ և անուշ տրամադրություն։

Հանկարծ մի տխուր ստվեր վարագուրեց նրա դեմքը: Հոնքերը սեղմվեցին, աչքերի կոպերը խոնարհվեցին։ Պարզ էր, նրա մեջ զարթնեց մի անախորժ զգացումն։ Նա երեսը հետ դարձրեց, հառաչեց և ճիգն արավ վանել անցյալի, տխուր անցյալի, հիշողությունները։

Բագրատյանը կանգնած էր թփերի մոտ և լուռ նայում էր դեպի ցած, յուր հաստ ձեռնափայտը կռնատակին դրած:

— Հավանո՞ւմ եք այդ տեսարանը,— հարցրեց Մարիամը, մի բան ասած լինելու համար, որպեսզի ընդհատի անհարմար լռությունը։

— Գեղեցիկ է,— արտասանեց Բագրատյանը սառն, հանդարտ և անտարբեր, հայացքը չհեռացնելով քաղաքից։

Նրանք դարձյալ լռեցին։ Մարիամը գաղտուկ նայում էր յուր ուղեկցի առնական կիսադեմքին։

— Երկու շաբաթից հետո,— շարունակեց նա,— տեսարանը ավելի կգեղեցկանա, երբ բոլոր ծառերը ծաղկած կլինին։

— Երկու շաբաթից հետո՞,— կրկնեց անգիտակցաբար Բագրատյանը և շարունակեց ընթանալ նրա հետ։

— Դուք, իհարկե, Թիֆլիսում կլինեք։

— Ոչ։

— Ուրեմն շուտով գնալո՞ւ եք։

— Տասն օրից հետո։

— Ո՞րտեղ։ — Օօ՜, նրանք ինչքա՜ն հեռացել են մեզանից, շտապենք հասնել, — ասաց Բագրատյանը, ցույց տալով դեպի առաջ, ուր հեռու թփերի հետևից երևում էին Սաթենիկի և Ռուբենի գլուխները։

Մարիամին վիրավորական չթվաց այդ տարօրինակ վարմունքը։ Սակայն նա ամաչեց և կարմրեց, զգալով, որ չափազանց է յուր հետաքրքրությունը, որ վայել չէ մանրամասն հարցերով հետամուտ լինել մի մարդու, որը չէ ուզում յուր մասին խոսել։

Երբ նրանք հասան, Սաթենիկը և Ռուբենը լուռ նստած էին ճանապարհի եզրին։ Նկատելի էր, որ վայրկյան առաջ ընդհատվել է նրանց մեջ մի ջերմ խոսակցություն։ Երկուսն էլ հուզված էին։ Ռուբենը ջղային աշխույժով կտրում էր կանաչ թփի փոքրիկ ճյուղը, մանրացնում և սփռում յուր առաջ։ Սաթենիկի շրթունքների վրա երևում էր մի անհանգիստ ժպիտ։ Նրա աչքերի անսովոր փայլը արտահայտում էր հոգեկան խռովություն։

— Մենք ձանձրացանք ձեզ սպասելուց, — ասաց նա, սպիտակ ճակատից հեռացնելով գանգուր և գեղեցիկ մազերը, որ դուրս էին սփռվել մեխակագույն գլխարկի տակից։

— Իսկ մենք շտապում էինք ձեզ հասնելու, — ասաց Մարիամը։

Երկու, ըստ երևույթին, աննշան դարձվածները, որ, սակայն, փոխադարձ պատասխան էին այն բնական կասկածին, որ միաժամանակ ծագեց երկու ընկերուհիների սրտերում...

Քառորդ ժամ հանգստանալուց հետո խումբը շարունակեց յուր ճանապարհը։ Հասնելով սարի գագաթը, որի մյուս կողմում, խոր ձորի մեջ, տարածված էր բուսաբանական այգին, նրանք դարձյալ կանգ առին։ Սաթենիկը առաջարկեց հետ դառնալ։

— Հոգնեցի՞ր,— հարցրեց Մարիամը։

— Ոչ, ես մի փոքր տկար եմ։

— Իսկ դու չե՞ս հոգնել, — հարցրեց Ռուբենը քրոջից։

— Ծաղրո՞ւմ ես ինձ, — արտասանեց Մարիամը, — ոչ, ես կարող եմ երեք այսքան էլ բարձրանալ: Արդարև, նա յուր մեջ զգում էր մի անասելի ուժ. թեթև զբոսանքը նրան մանկական խաղ էր թվում։

Զիջանելով Սաթենիկի խնդրին, խումբը հետ դարձավ նույն զառիվայրով։ Այս անգամ Բագրատյանը և Մարիամն էին առաջ գնում։ Նրանք լուռ էին։ Երբեմն զառիվայրի դժվար տեղերում Բագրատյանը կամ առաջարկում էր Մարիամին յուր թևը, կամ խնդրում էր զգույշ ցած իջնել։ Օրիորդը ուշադրություն չէր դարձնում, անվախ գնում էր առաջ, մերթ ուղիով, մերթ շեղվելով մի կողմ՝ ճանապարհը կարճելու համար։ Մի տեղ նա քիչ էր մնում ընկնի, բայց կարողացավ կանգ առնել։ Միայն մի անգամ ժայռի բնական սանդուղքով իջնելիս, նա թույլ տվեց Բագրատյանին, բռնել յուր ձեռը։

— Շնորհակալ եմ,— ասաց նա, ժպտալով։

Նրանք կանգ առան, սպասեցին ընկերներին։

— Ի՞նչ է պատահել քեզ, որ այդքան եռանդ ես ստացել,— ասաց Ռուբենը մոտենալով,— ես երբեք քեզ այդպես չեմ տեսել։

Մարիամը, կարծես, շփոթվեց։ Նա դարձյալ առաջ ընկավ։

— Ես չէի կարծում, որ օրիորդը այդքան աշխույժ է,— դարձավ Բագրատյանը Ռուբենին։

— Մանավանդ, որ վերջին ժամանակ նա հիվանդ է եղել։

Խումբը հասավ քաղաք, մտավ նեղ փողոցները։ Արդեն կեսօր էր. Մարիամը մտաբերեց, թե ճաշ պիտի պատրաստի։ Նա շտապեց տուն։ Բագրատյանը և Սաթենիկը հրաժեշտ տվեցին։

Առաջին անգամ այդ օրը Մարիամը զգաց մի տեսակ ատելություն դեպի տնային տնտեսությունը։ Մտնել խոհանոց, զբաղվել մանր-մունր խոհարարական գործերով — նրան վիրավորական թվաց։ Նա ամբողջ օրը աշխատում էր ակամա, մերթ ընդ մերթ ինքն իրան տրտնջալով։

Իրիկնադեմին նա ավելի հանգիստ էր։ Ստեպ-ստեպ մոտենում էր և նստում եղբոր մոտ։ Նկատելի էր, որ նա կամենում էր մի բանի մասին խոսել և… չէր վստահանում։ Հետևյալ օրը նա գնաց Սաթենիկի մոտ։

Այստեղ վիճակված էր նրան մի ուրիշ, ոչ պակաս կարևոր, նորություն ևս իմանալ։

Վարժուհին միայնակ նստած էր յուր սենյակում անգործ: Տեսնելով ընկերուհուն, նա արագությամբ ոտքի կանգնեց և, առաջ վազելով, մի անսովոր աշխույժով գրկեց նրան։ Նա հուզված էր։ Աչքերը ժպտում էին ուրախ-ուրախ, կուրծքը բաբախում էր։ Պարզ էր, որ մի արտաքո կարգի բան է պատահել նրան։

— Գիտե՞ս, — գոչեց նա, ազատելով ընկերուհուն յուր գրկից, — ես այսօր տրամադրված չեմ գործելու։ Նստիր, նստի՛ր, շատ ուրախ եմ, որ եկար։

Մարիամը զարմացած նայում էր յուր այլափոխված ընկերուհու վրա, չկարողանալով տակավին հասկանալ նրա հուզման պատճառը։

— Դու հանդիպեցի՞ր Ռուբենին, — հարցրեց Սաթենիկը, ուժով նստեցնելով Մարիամին յուր քով։

— Ոչ:

— Հենց նոր դուրս եկավ այստեղից։ Դու զարմանո՞ւմ ես, որ նա ինձ մոտ էր... իրավունք ունես... Մարիամ, հոգիս ես քեզանից ոչինչ, ոչինչ չեմ ուզում թաքցնել այսուհետև։ Ասա՛, չե՞ս բարկանալ, չե՞ս ծաղրիլ, եթե պատմեմ, ամեն ինչ...

Եվ նա հափշտակված փաթաթվեց յուր ընկերուհու պարանոցին, գլուխը դրեց նրա ուսի վրա։ Մարիամը զգում էր նրա կրծքի ուժգին բաբախումը։ Նա ապշած էր, նա դեռ ոչինչ չգիտեր։ Գուշակում էր միայն, թե դեպքը, անշուշտ, շատ նշանավոր է, որ այնքան այլափոխել է այդ մշտական հանգիստ, մշտական անվրդով աղջկան։

Անցավ քառորդ ժամի չափ, մինչև Սաթենիկը փոքր-ինչ հանդարտվեց։ Այն ժամանակ պարզվեց բանի էությունը։ Պարզվեց այն, ինչ որ վերջին ժամանակ մասամբ զգում էր Մարիամը և ինչ որ նույն րոպեին նա միանգամայն մոռացել էր: Արդեն նա նկատել էր, որ Ռուբենի և Սաթենիկի հարաբերությունները այլ կերպարանք են ստանում, որ քանի գնում, այնքան նրանց մեջ զարգանում է փոխադարձ համակրությունը։

Եվ ամեն ինչ պատմեց Սաթենիկը, բոլոր մանրամասները, առանց մի կետ անգամ թաքցնելու։

— Ես նրան սիրեցի հենց այն օրից, երբ դու ինձ ծանոթացրիր նրա հետ։ Բայց ես ինձ զսպում էի, և ի՛նչ իրավունք ունեի նրա մասին մտածել անգամ, եե՜ս… Ախ, դու ծաղրում ես ինձ, Մարո, այնպես չէ՞, դու մտքումդ անիծում ես ինձ, դու պախարակում ես եղբորդ ճաշակը…

— Ես այդ գուշակում էի…

— Ի՞նչ, իմ և Ռուբենի մասին, մի՞թե կարծում էիր, որ իրավունք ունեմ, ե՞ս, ե՞ս տգեղ, այլանդակված արարածս։

— Լռի՛ր,— ընդհատեց Մարիամը սաստողաբար,— Լռիր, եթե չես ուզում ինձ վիրավորել։ Նախ և առաջ քո հոգու գեղեցկությունը բավական էր, որ արժանանայիր Ռուբենի սիրույն։ Երկրորդ, ինչո՞ւ դու քեզ վրա այդպիսի վատ կարծիք ունես։ Մի՞թե կարծում ես, ծաղկի մի քանի աննշան հետքերը փչացրել են քո գեղեցիկ դեմքը։ Ոչ, դու այնքան համակրելի ես արտաքուստ, որքան և հոգով ու սրտով… Ռուբենը պետք է քեզանով պարծենա…

Անկեղծ սրտից բխած այդ խոսքերը կրկին ոգևորեցին Սաթենիկին, և կրկին նա փաթաթվեց յուր ընկերուհու պարանոցին։

— Հիշո՞ւմ ես առաջվա Սաթենիկին, հիշո՞ւմ ես, ինչպես էի ծաղրում սեր ասած բանը։ Ես չգիտեի, որ նա այդպիսի բան է։ Ա՜խ, ինչպես փոխվել եմ ես, կարծես, խելքս թռել է գլխիցս… Ոչ, ես չէի հավատում, չէի հավատում, որ մի օր պետք է այս դրության հասնեմ…

Վերջապես, անցան հուզման րոպեները, և Սաթենիկը շարունակեց ավելի հանգիստ խոսակցել Մարիամի հետ։ Սակայն ամբողջ երկու ժամ նրա խոսակցության առարկան միմիայն Ռուբենն էր։

— Ա՜խ, մոռացա ասելու,— գոչեց նա, երբ Մարիամը, վերջապես, խոսք բաց արավ Բագրատյանի մասին,— նա առաջիկա շաբաթ գնում է, Ռուբենը շատ տխուր է նրա պատճառով։ — Ինչո՞ւ։

— Ի՞նչ, միթե չե՞ս լսել, Ռուբենը չէ՞ պատմել քեզ։

— Ռուբենը Բագրատյանի մասին չի խոսում ինձ հետ:

— Ուրեմն կարող ես ինձ նախանձել։ Բայց, գիտե՛ս, մինչև հիմա ինձանից էլ թաքցնում էր գաղտնիքը, այսօր միայն հայտնեց։

Մի քանի խոսք ևս Սաթենիկի կողմից, և... վարագույրը ընկավ Մարիամի աչքերից, այլևս ամեն ինչ պարզվեց նրա համար։ Բագրատյանր պատկերացավ նրա առաջ իսկական դիրքով, սակայն ավելի զորավոր, ավելի ազդու։

Որպեսզի միանգամայն չպարզի յուր հոգեկան գաղտնիքը, կարծես, ինքն իրանից ամաչելով, Մարիամը շտապեց հրաժեշտ տալ յուր ընկերուհուն։

Նա վերադարձավ տուն խռովված հոգով և առանձնացավ յուր սենյակում։

Օրերը անցնում էին։ Բագրատյանի բաժանման ժամը մոտենում էր, և Մարիամի մտատանջությունը ավելի ու ավելի զարգանում...


XVII

Վերջին ժամանակ Հալաբյանը բոլորովին հեռացել էր մարդկանցից և տանը նստած, յուր օրերը անց էր կացնում տխուր մենության մեջ։

Թաթոսը, նրա վաղեմի հավատարիմ Թաթոսն էր միայն օրվա ընթացքում մի քանի անգամ ընդհատում նրա լռությունը։ Մյուս ծառաները նրա երեսը չէին տեսնում։ Այլևս նա տնային գործերով չէր զբաղվում, չէր էլ հետաքրքրվում անգամ։ Մոսիո Վախվախյանը փորձեց տնտեսական գերիշխանությունը յուր ձեռքն առնել, բայց Թաթոսը մի այնպիսի համառ ընդդիմություն ցույց տվեց, որ նա ստիպվեց հետ քաշվել։

Երբեմն Հալաբյանը ճաշում էր միայնակ, երբեմն նրան ընկերանում էր մոսիո Վախվախյանր առանց հրավերի։ Գալիս էր հաճախ և Ախշարումյանը, միշտ աշխատում էր ցրել նրա տրտմությունը, և միշտ ապարդյուն էր մնում նրա ջանքը: Մի անգամ նա փորձեց Ռուբենի խիղճը գրգռել Հալաբյանի վերաբերմամբ։ Սակայն, երբ խոսք բաց արավ, Ռուբենը քաղաքավարի և դրական եղանակով առաջարկեց նրան մի բառ անգամ չարտասանել այդ մասին։

Այն ժամանակ Ախշարումյանը բոլորովին համոզվեց, որ իրավ անիրագործելի են Հալաբյանի հույսերը։ Բայց նա երդվել էր վերջ տալ յուր ընկերոջ հուսահատ կամ, ինչպես ինքն էր ասում, «հիմար» դրությանը։ Վաղուց Հալաբյանը գանգատվում էր, թե տկար է, ոսկորները, կարծես, ջադված են։ Ախշարումյանը հորդորում էր, դիմել բժշկին, նա չէր համաձայնում։

— Ինչ կլինի, կլինի,— ասում էր վհատված ձայնով։

Մի օր Ախշարումյանը եկավ նրա մոտ քաղաքի հայտնի բժիշկներից մեկի հետ, որին վաղուց ծանոթ էր Հալաբյանը։ Ճանապարհին որկրամոլը սովորեցրել էր բժշկին, որ նա, որքան կարելի է վախեցնի ամուրիին, նկարագրելով նրա հիվանդությունը ամենախիստ գույներով։ Միևնույն ժամանակ, խնդրել էր, որ խորհուրդ տա նրան անպատճառ ուղևորվել արտասահման և այնտեղ բժշկվել։

— Այստեղից հեռանալը շատ անհրաժեշտ է նրա համար, գիտե՞ք, շա՜տ,— կրկնում էր Ախշարումյանը բժշկին։

Որքան ևս ձանձրացած լիներ կյանքից, Հալաբյանի վրա ազդեց բժշկի գիտնական բացատրությունը, որից նա ոչինչ չհասկացավ, բացի մեկ բանից, թե իբր յուր հիվանդությունը վտանգավոր է։ Տաղտկալի կյանքը դարձյալ ավելի քաղցր թվաց, քան մահը։

Ամուրին վախեցավ։

Այդ օրվանից Ախշարումյանը հանգիստ չէր թողնում նրան և միշտ կրկնում էր արտասահման գնալու անհրաժեշտությունը։ Վերջապես, նրա հորդորը ազդեց։ Մի առավոտ ամուրին ինքը խոսք բաց արավ արտասահմանի վերաբերմամբ։ Նույն պահին եկավ և մոսիո Վախվախյանը։ Սկսեցին խորհրդակցել` ո՞ւր գնալ։ Մոսիոն, կլիմայական և բժշկական հանգամանքները արհամարհելով, մի բերան պաշտպանում էր Փարիզ գնալու միտքը։

— Աշխարհիս դրախտն է, այնտեղի Պեր-լա-Շեզում թաղվելը ուրիշ քաղաքներում ապրելուց լավ է,— գովում էր նա համաշխարհային մայրաքաղաքը, որի բուլվարներում չորս տարի շարունակ թափառել էր։

Հալաբյանը հակումն չուներ դեպի մեծ կենտրոնները։ Նա եղել էր Փարիզում, այժմ տհաճությամբ էր հիշում նրա աղմկալից կյանքը, նրա բազմամարդ փողոցները։

— Վիսբադեն կամ Կարլսբադ,— պնդում էր Ախշարումյանը։

— Եղել եմ բարեկամս, այն տեղումն էլ եղել եմ,— դարձյալ մեջ մտավ մոսիո Վախվախյանը, որ, այսպես թե այնպես, հույս ուներ ուղեկցել ամուրիին, հարկավ, նրա ծախքով։

Հալաբյանը ընդունեց Ախշարումյանի խորհուրդը։ Այդ օրվանից իսկ նա սկսեց ճանապարհի պատրաստություններ տեսնել։ Այն գործերը, որ կարելի էր շուտով վերջացնել, ինքը վերջացրեց, իսկ մյուսները հանձնեց Ախշարումյանին, որ ամառը Թիֆլիսումն էր մնալու։

— Ձեզ էլ խնդրում եմ, — դարձավ նա մոսիո Վախվախյանին մի օր,— վերահասու լինել տանս։ Ծառաներին ես կարձակեմ։ Եթե ուզող լինի այս կահ-կարասիքը, բոլորը կծախեք, փողը կտաք Ախշարումյանին։

— Ո՞նց, ուրեմն էլ հետ չե՞ք գալու,— գոչեց մոսիոն զարմացած։

— Է՛հ, չեմ իմանում...

Մոսիո Վախվախյանը բոլորովին հիասթափվեց։ Բավական չէր, որ Հալաբյանը չէր ուզում նրան արտասահման տանել, յուր վերադառնալն էլ դեռ անհայտ էր թողնում։

— Աչքիս վրա — հանձն առավ նա ամուրիի պատվերը, գլուխը խեղճաբար թեքելով ուսին։

Պակաս քան տասն օրվա ընթացքում Հալաբյանը, Ախշարումյանի օգնությամբ, վերջացրեց յուր գործերը և պատրաստվեց ճանապարհի համար։ Այժմ նա անհամբեր սպասում էր Թիֆլիսից հեռանալու րոպեին։ Նրա վշտացած սիրտը ձգտում էր ժամ առաջ ազատվել յուր մշտական շրջանից, թողնել հեռանալ այն բոլոր տեղերից, որ հիշեցնում էին նրա դառն ցնորքը։ Մի առավոտ Ախշարումյանը ասաց նրան, որ Մարիամին նախընթաց օրը հանդիպել է փողոցում ինչ֊որ մի նոր երիտասարդի հետ զբոսնելիս։ Դիտմամբ հայտնված այդ լուրը ունեցավ ցանկալի ազդեցություն Հալաբյանի վրա։ Նա խղճալի դեմքով նայեց ընկերոջ երեսին և ընկճված եղանակով արտասանեց.

— Ի՜նչ անեմ…

Արդեն ամեն ինչ նա վերջացած էր համարում, ամեն հույս խորտակված։

Հասավ այն երեկոն, որի հետևյալ առավոտը Հալաբյանը պետք է ուղևորվեր։ Նա նստած էր Ախշարումյանի հետ հյուրասենյակում, և խոսակցում էին առաջիկա ճանապարհորդության մասին։ Կանթեղի պայծառ լույսը լուսավորում էր նրա ոսկրոտ դեմքը, խոշորացած աչքերը։ Մի վայրկյան Ախշարումյանը սոսկաց, ուշադիր դիտելով նրա կերպարանքը. այնքա՜ն փոխվել էր ամուրին նույնիսկ այն մարդու աչքում, որ այնպես հաճախ տեսնում էր նրան։

— Այդպես, ուրեմն, դու բոլորովին միայնա՞կ ես գնում,— ասում էր Ախշարումյանը։

— Միայնա՛կ։

— Վատ չէր լինիլ, եթե հետդ ընկեր լիներ, ժամանակդ ուրախ կանցներ։

— Ոչ ոքի երեսը չեմ ուզում տեսնել, ոչ ոքի,— ասաց Հալաբյանը վճռապես:

— Էհ, դո՛ւ գիտես,— շարունակեց Ախշարումյանը,— բայց լսիր ինչ եմ ասում։ Ամառը անց կկացնես որտեղ որ ուզում ես, Կարլսբադ թե Վիսբադեն, միևնույն է։ Բայց աշնանը դու իմն ես։ Սեպտեմբերին գործերս վերջացրած ետ կգամ Վիեննա, դու էլ կգաս այնտեղ, լսո՛ւմ ես, մի երկու ամիս միասին քեֆ կքաշենք… քեֆ եմ ասում, հասկանո՞ւմ ես… վը՜վվվ, Մահամմեդի հյուրիների շրջանում։ Նո՛ւ, լավ, մի՛ բարկանալ, կատակ եմ անում։ Հետո, Վիեննայից ուղիղ կճանապարհվենք Փարիզ։ Այդտեղ ամբողջ ձմեռը մարդավարի կապրենք… Լսո՞ւմ ես, հրաշալի պրոեկտ է, չէ…

Ներս մտավ մոսիո Վախվախյանը և հայտնեց, թե իսկույն փողոցում հանդիպել է Սահարունիին։

— Նորին պայծառափայլությունը խիստ զարմացավ հենց որ ասացի, թե գնում եք։ Շուտով ինքն էլ այստեղ կյինի։

Արդարև, կես ժամ չանցած, ներս մտավ իշխանը։

— Ներել չեմ կարող, — գոչեց նա խորին հանդիմանությամբ, — մեզանից հեռանում ես ու ինձ ոչինչ չե՞ս ասում։

Մուրհակը Նիկողայոսին ստորագրել տալուց հետո իշխանը դարձյալ բարեկամացել էր Հալաբյանի հետ։ Նա նպատակ ուներ այժմ հարստահարել ամուրիին, ահա ինչու նա դժգոհ էր, որ վերջինը հեռանում էր Թիֆլիսից:

Այդ երեկո վերջին անգամ չորս ամուրիները ընթրեցին միասին։ Ամենից տխուրն էր մոսիո Վախվախյանր, ամենից ուրախը Ախշարումյանը։ Ընթրիքի միջոցին և հետո երկար ժամանակ նրանց խոսակցության գլխավոր նյութն էր, հարկավ, Հալաբյանի ճանապարհորդությունը։ Մոսիո Վախվախյանի սիրտն էր թնդում, լսելով այն ամենամեծ քաղաքների, այն հրապուրիչ տեղերի անունները, որ թվում էր Ախշարումյանը, հորդորելով Հալաբյանին այցելել մի առ մի։

Արդեն ուշ գիշեր էր, երբ ամուրիները բաժանվեցին։ Իշխան Սահարունին համբուրվեց Հալաբյանի հետ, ներողություն խնդրելով, որ չէր կարող առավոտյան ճանապարհ գցելու գալ։

— Տես, — ասաց նա Ախշարումյանին փողոցում, — աշխատիր, որ այդ մունդռեկը շուտ վերադառնա, նա մեզ հարկավոր մարդ է։

Մոսիո Վախվախյանր չկամեցավ բաժանվել Հալաբյանից, գիշերեց նրա մոտ։

Օրը լուսացավ։ Հալբայանը, վաղ զարթնելով, սկսեց արագ-արագ շորերը հագնել։ Մոսիո Վախվախյանր, արտասահման չգնալու հոգսից, ամբողջ գիշեր անքուն էր անցկացրել։

Ներս մտավ Թաթոսը տխուր ու տրտում։ Տասնուհինգ տարի շարունակ ծառայելով, նա այնքան ընտելացել էր յուր տիրոջը, որ նրանից բաժանվելը կատարյալ դժբախտություն էր համարում։

Անչափ էր նրա վիշտը այն օրը, երբ Հալաբյանը հայտնեց յուր գնալու լուրը և պատվիրեց նրան ուրիշ պաշտոն գտնել։ Նա չկամեցավ մի այլ մարդու ծառայել։ Հալաբյանը զգացվեց, տվեց նրան մի թեթև ապահովություն։ Թաթոսը վճռեց հեռանալ յուր հայրենի գյուղաքաղաքը։

— Գնա՛, երկու կառք կանչիր,— պատվիրեց Հալաբյանը։

Ծառան, հառաչելով, դուրս եկավ։

Գարնանային մի հրաշալի առավոտ էր։ Հալաբյանի կառքը անցնում էր Գոլովինսկի պրոսպեկտով, դիմելով դեպի երկաթուղու կայարանը։ Նա լուռ լսում էր յուր հետ նստած Ախշարումյանի, այդ փորձառու ճանապարհորդի, վերջին խորհուրդները և յուր առաջ նստած մոսիո Վախվախյանի տխուր հառաչանքները։ Հետզհետե նրա աչքից հեռանում էին այն ծանոթ փողոցները և տները, որ այնքան ձանձրացրել էին նրան և որոնցից բաժանվելը այժմ մի տեսակ թախիծ էր պատճառում նրան։

Հանկարծ նրա դեմքը ժպտաց։ Նա հրամայեց կառապանին կառքը պահել, ցած իջավ։ Փողոցի մայթով դեմուդեմ գալիս էր Ռուբենը։ Հալաբյանը մոտեցավ նրան։ Ռուբենը զարմացած կանգ առավ։

— Մնացեք բարև, ես գնում եմ,— ասաց Հալաբյանը, գդակը վերցնելով և ձեռք մեկնելով։

— Ո՞ւր։

— Արտասահման։

— Բարի ճանապարհ,— մաղթեց Ռուբենը քաղաքավարի, սառն և անտարբեր։

Նա չհարցրեց, թե արդյոք ինչու է գնում, չհարցրեց անգամ, թե երբ կվերադառնա։ Այնինչ Հալաբյանը սպասում էր… ավելի ջերմ վերաբերության։ Դա եղավ վերջին հարվածը ամուրիի համար նա շուտով կառք նստեց. հրամայեց կառապանին շտապել։ Ժողովարանի ամառային շինության մոտով անցնելիս նա երեսը մի կողմ դարձրեց ատելությամբ… Այստեղ էր առաջին անգամ հղացել նրա մեջ այն զգացմունքը, որ այսօր այնպես դժբախտացրել էր նրան։ Նա հասավ կայարան։ Մոսիո Վախվախյանը, նրա պատվերով, վարձեց առաջին կարգի կուպեներից մեկը։

Ամուրին ճանապարհին ևս ուզում էր մենակ լինել:

Հասավ բաժանման րոպեն։ Ախշարումյանը համբուրվեց։ Մոսիո Վախվախյանը վստահացավ նույնն անել, ավելի ամուր հպելով յուր շրթունքները Հալաբյանի բերնին։

Արդեն երկրորդ զանգը տվել էին։ Ուղևորը, կուպեի փոքրիկ պատուհանի վրա արմունկները հենած, խոսում էր յուր վաղեմի ընկերակիցների հետ, որ կանգնած էին պլատֆորմի վրա։ Զանգակը երրորդ անգամ հնչեց, լսվեց շոգենավի սուր ձայնը, գնացքը շարժվեց։ Նույն վայրկյանին, երբ Ախշարումյանը և մոսիո Վախվախյանը գդակները բարձրացրին իրանց վերջին բարևները տալու, նույն վայրկյանին նրանք Հալաբյանի աչքերի մեջ նկատեցին արտասուքի նշույլներ։ Այո, թշվառ ամուրին լալիս էր, ինչպես մի թույլ արարած։

Ախշարումյանը և մոսիո Վախվախյանը հետ դարձրին իրանց երեսները և տեսան կայարանի պատի տակ կանգնած, երեխայի պես հեկեկում էր հավատարիմ Թաթոսը։ Գուցե դա միակ մարդն էր ամբողջ աշխարհի երեսին, որ անկեղծ ցավում էր Հալաբյանի համար։

— Իսկ ես հույս ունեի, — դարձավ մոսիո Վախվախյանր Ախշարումյանին, կրծքի խորքից մի ծանր հոգոց արձակելով, — որ Հալաբյանը ինձ վերջը մի մարդ կշինի... մնացի էլի առաջվա քաղցած, անփող, անտուն ու անտեր Վախվախյանը։

— Այսօր եկ ինձ մոտ ճաշելու։

Մոսիո Վախվախյանը գլուխը թախծորեն շարժեց, Ախշարումյանի հրավերը ընդունեց։


Ռուբենը նույն պահին գնում էր ուսումնարան, երբ Հալաբյանին հանդիպեց։ Տուն վերադառնալով, նա հայտնեց Մարիամին ամուրիի գնալը։ Ինչպես Հալաբյանի առաջարկության լուրն էր Ռուբենից ընդունել սառն և անտարբեր, նույնպես և ավելի անխռով ընդունեց նրա ուղևորության լուրը։ Միայն նա նկատեց. — Ասում են, վերջին ժամանակ նա սաստիկ հիվանդ է եղել, երևի գնում է բժշկվելու։

— Հիվանդ լինելը չեմ իմանում, բայց այսօր աչքիս մեռելի էր նմանվում… Գիտե՜ս, Մարո, ես այժմ հոգով խղճում եմ նրան, ճշմարիտ, վատ մարդ չէր…

Մարիամը ոչինչ չասաց, և ասելու ոչինչ չուներ։ Նա արտակարգ խռովության մեջ էր մի այնպիսի պատճառով, որից դուրս նույն րոպեին ոչ մի բան չէր հետաքրքրում նրան։ Դա Բագրատյանի ուղևորությունն էր, նրա խորհրդավոր նպատակը։ Ինչ֊ինչ պատճառներով այդ ուղևորությունը հետաձգվել էր մի քանի օրով։ Եվ այդ մի քանի օրվա ընթացքում Մարիամը նկատում էր Բագրատյանի մեջ մի տեսակ փոփոխություն։ Նա այժմ տխուր և մտախոհ էր ավելի, քան երբևէ տեսել էր նրան օրիորդը։ Օրական մի երկու անգամ նա գալիս էր Ռուբենի մոտ։ Գալիս էին երբեմն և՛ մի քանի անծանոթ երիտասարդներ։ Ոմանց բարբառից երևում էր, ռուսահայեր չեն։ Ամենի հետ Բագրատյանը խոսում էր մի տեսակ հրամայողական եղանակով։ Թվում էր, որ բոլորը հպատակվում են նրա, իբրև մի տեսակ գլխավորի, խոսքին։ Եվ ո՛րքան համապատասխանում էր նրա լուրջ կերպարանքին պարագլխի դերը։

Պատահում էր, որ Մարիամը ներկա էր լինում նրանց պայմանավոր խոսակցությանը յուր ընկերների հետ։ Շատ բան այդ խոսակցությունից նա չէր հասկանում և չէր էլ ուզում հասկանալ։ Բավական էր այնքանն էլ, որ այդ բոլոր խոսակցությունների նպատակը դիտեր։ Այդ էր գլխավոր և հետաքրքրական կետը, մանրամասները երկրորդական նշանակություն ունեին նրա աչքում։

Բագրատյանը գիտեր, որ այժմ գործի էությունը հայտնի է Մարիամին, ուստի այլևս առաջվա պես գաղտնապահ չէր և միշտ Ռուբենի հետ խոսում էր նրա ներկայությամբ։ Բայց մյուս կողմից Մարիամը նկատում էր, որ Բագրատյանը անձնապես խուսափում է նրա հետ առանձին մնալուց և գալիս է միայն այն ժամանակ, երբ Ռուբենը տանն է լինում։ Կանացի բնազդմամբ նա զգում էր, միևնույն ժամանակ որ նրա խույս տալը արհամարհանքի արգասիք չէ, այլ ընդհակառակը...

Ռուբենը ասել էր նրան, որ արդեն Բագրատյանին հայտնի է բժիշկ Մելիք-Բարսեղյանի վարմունքը։ Ինքը Ռուբենն էր պատմել նրան տխուր եղելությունը։ Եվ Բագրատյանի վրա խորին տպավորություն էր գործել այն մարդու տմարդի արարքը, որի մասին նա երբեք լավ կարծիք չէր ունեցել։ Նա գրգռված էր բժշկի դեմ և հաճախ Ռուբենին ասում էր, թե պատահած ժամանակ պատրաստ է ուղղակի թքել նրա երեսին։

— Այդպիսիներին երբեք չպիտի խնայել, պետք է պատմել ամեն քայլում... Ում մեջ մեռած չէ ազնվության զգացմունքը, նա պետք է Կայենի կնիքը դրոշմի այդ մարդկանց անամոթ ճակատին։

Եվ այդ ասում էր նա, ատամները կատաղաբար կրճտելով և բռունցքը ամուր սեղմելով։ Զգում էր Ռուբենը, որ, արդարև, եթե պատահի բժիշկ Մելիք֊Բարսեղյանին, առանց երկար մտածելու յուր սպառնալիքը կգործադրե։

Մի անգամ Բագրատյանը եկավ սովորականից վաղ։ Ռուբենը դեռ չէր վերադարձել ուսումնարանից։ Մարիամը միայնակ զբաղված էր խոհանոցում։ Նա անմիջապես լվացվեց շտապեց յուր սենյակը, փոխեց վերնազգեստը և դուրս եկավ նրան դիմավորելու։

— Ներեցեք, ես կարծում էի Ռուբենը տանն է, — ասաց Բագրատյանը, գլուխ տալով։

— Կես ժամից հետո կվերադառնա։

Նրանք նստեցին՝ Բագրատյանը Ռուբենի սեղանի մոտ, Մարիամը փոքրիկ թախտի վրա։ Բավական ժամանակ նրանք լուռ էին։ Մարիամը չէր վստահում առաջինը ընդհատել լռությունը, կաշկանդված մի ինչ-որ անհաղթելի զորությունից։ Նա չէր համարձակփում անգամ նայել նրա կողմ։

Դա երրորդ անգամն էր, որ նրանք դեմառդեմ գտնվում էին առանձին։

Բագրատյանը մատիտը վերցրեց և սկսեց խազխզել սեղանի վրա դրած մի կտոր թուղթ։ Նրա ձեռները նշմարելի կերպով դողում էին, նա հուզված էր երևում։ Վերջապես, նա նայեց Մարիամի կողմը, Մարիամն էլ գլուխը բարձրացրեց, և նրանց աչքերը հանդիպեցին միմյանց։ Ինչ-որ մի տարօրինակ երկյուղի զգացում զարթնեց օրիորդի սրտում, մի զգացում, որի նմանը նա երբեք չէր կրել։ Թվում էր նրան, որ այնտեղ, մի քանի քայլ հեռու, բազմած է մի գերբնական զորություն, որի դեմ պետք է նա մաքառեր, բայց տկար էր և անզոր էր զգում իրան։

— Ա՜հ, ի՜նչ ուշանում է,— արտասանեց Բագրատյանը, շտապով նայելով ժամացույցին։

— Իսկույն կգա։

Դարձյալ լռեցին, դարձյալ չէին նայում միմյանց վրա։ Այդ րոպեին Բագրատյանի ճակատը, հոնքերի մեջտեղում, մերթ սեղմվում էր, մերթ բացվում։ Երբեմն նա, կարծես, ցնցվում էր, գլուխը բարձրացնում և պատուհանի միջով նայում դեպի դուրս։ Ոչ, այդ հասարակ սպասող մարդու նայվածք չէր…

Եվ ինչպե՜ս գունատ էր թվում նրա դեմքը Մարիամին պատուհանից ներս տարածվող պայծառ լուսո ներքո։

— Ոչ, ես չեմ կարող համբերել…

Այս դարձվածը դուրս թռավ հանկարծ նրա բերանից, կարծես, ինքնըստինքյան։ Նա ոտքի կանգնեց։

— Ես հետո կգամ,— ասաց նա, գլուխ տվեց Մարիամին և շուտով դուրս եկավ։

Մարիամը մնաց ապշած, նրա հետևից նայելով։ Միևնույն ժամանակ, ինչ-որ մի հեռավոր, մութ, անորոշ միտք ծագեց նրա գլխում, հիշելով այն տարօրինակ հայացքը, որ ձգեց նրա վրա Բագրատյանը։ Այժմ և միայն այժմ այդ հայացքի մեջ պատկերացավ նրան մի խորին հոգեկան պատերազմ։ Ճի՞շտ է, որ այդ երիտասարդին տանջում էր մի նոր միտք։ Ի՞նչ է արդյոք այդ։ Ինչո՞ւ նա չմնաց, ինչո՞ւ այդպես շտապեց հեռանալ, ինչո՞ւ չկարողացավ «համբերել»…

Քառորդ ժամ չանցած նա կրկին երևեցավ Ռուբենի հետ։ Նրանք փակվեցին վերջինի սենյակում և մի ամբողջ ժամ այնտեղ էին։ Երբ դռները բացվեցին, Բագրատյանը յուր լայնեզր գլխարկը մի ձեռին բռնած, մյուս ձեռը հենած սեղանի ծայրին, նայում էր մռայլ հայացքով դեպի դուրս... հեռու ու հեռու։ Ռուբենը մտիկ էր անում նրա երեսին, նույնչափ զարմացած, որչափ և Մարիամը։

Հանկարծ Բագրատյանը ձեռքով ինչ-որ վճռական շարժումն գործեց, սեղմեց Ռուբենի ձեռը, խոնարհ գլուխ տվեց Մարիամին, առանց նրա երեսին նայելու, և արագ քայլերով դուրս գնաց։

— Ինչո՞ւ չհրավիրեցիր ճաշի, — հարցրեց Մարիամը եղբորից։

— Չնկատեցի՞ր միթե, — պատասխանեց Ռուբենը, սթափվելով, — այն դրության մեջ էր, որ մոռացա էլ հրավիրելու։ Ես երբեք նրան այդպես չեմ տեսել... Քեզ արդեն հայտնի է, թե նա որտեղ է գնում։ Մինչև այսօր նրա ամեն մի քայլը վճռական էր, իսկ այժմ, երբ պետք է ուղևորվի, սկսել է տատանվել։ Մահվան մասին խոսում էր սառն, անվրդով, այժմ, կարծես, վախենում է մահից... և ի՞նչ ծայրահեղ մտատանջության մեջ է։ Ի՞նչ է պատահել այդ մարդուն, տեր աստված, — ավելացրեց նա յուրովի և սկսեց անցուդարձ անել սենյակում:

— Ե՞րբ է գնում, — հարցրեց Մարիամը։

— Բոլոր ընկերները վճռել են վաղը ուղևորվել, նրան են սպասում, իսկ նա...

— Վա՞ղը, — ընդհատեց Մարիամը, հազիվ կարողանալով յուր շփոթությունը քողարկել։

Նույն օրը երեկոյան Ռուբենը գնաց Բագրատյանի մոտ և տուն եկավ բավական ուշ։ Մարիամը անհամբեր սպասում էր նրա վերադարձին։

— Այժմ դարձյալ փոխվել է, վաղը անպատճառ գնում է, — պատասխանեց Ռուբենը նրա շտապ հարցին։

— Անպատճա՞ռ։

— Անպատճառ:

Մարիամը գունաթափվեց։

— Մարո, ի՞նչ պատահեց, ինչո՞ւ այդպես փոխվեցիր:

— Վաղը նա կգա՞ այստեղ, — հարցրեց Մարիամը դողդոջուն ձայնով։ — Ոչ։

Մարիամը թուլացած նստեց աթոռի վրա և ձեռները ամուր սեղմեց ճակատին։

— Հասկացա,— ասաց Ռուբենը,— դու նրան խղճում ես, այո, նա կզոհվի յուր հանդուգն ձեռնարկությանը:

Այդպես հասկացավ եղբայրը քրոջ այլայլման պատճառը, և քույրը չցրեց նրա մոլորությունը։

Հետևյալ առավոտ Մարիամը թախանձեց Ռուբենին, որ իրան տանի Բագրատյանի մոտ երեկոյան, երբ պետք է վերջինը ուղևորվեր։

— Ի՞նչ գործ ունես նրա մոտ,— հարցրեց Ռուբենը զարմացած։

— Ուզում եմ նրան բարի ճանապարհ մաղթել։

— Ոչ, չեմ կարող քեզ տանել։ Նա կբարկանա ինձ վրա։ Երեկ նա ակնարկեց, թե չէ ուզում կանանց երես տեսնվել։ Ինչո՞ւ — չեմ իմանում… Նա կանանց մեջ ուրիշ ծանոթներ էլ չունի, բացի քեզանից…

Բայց Մարիամը շարունակեց յուր թախանձանքը ամբողջ օրը: Բարկացավ, հանդիմանեց Ռուբենը, բայց վերջապես համաձայնեց։

Բագրատյանը բնակվում էր մի պառավ կնոջից վարձած մի ոչ այնքան ընդարձակ անշուք սենյակում։ Երեկոյան ինն ժամն էր, երբ Մարիամը Ռուբենի հետ եկավ նրա մոտ։ Առաջ ներս մտավ Ռուբենը, նրա հետևից Մարիամը։ Կանթեղի աղոտ լուսավորությունը մի քանի վայրկյան չթույլ տվեց տեսնել, թե ինչ է կատարվում սենյակում։ Ապա նրանց աչքերը ընտելացան կիսախավար մթնոլորտին, և պարզվեց հետևյալը։— Սենյակում հավաքված էին այն անծանոթ երիտասարդները, որ վերջին օրերը երբեմն երևում էին և' Ռուբենի մոտ։ Ամենը հագած էին ճանապարհային հագուստ,— երկար կոշիկներ, կարճ բաճկոններ։ Ամենի աչքերը կրակոտ էին, դեմքերը վառված, եռանդոտ։ Հատակի վրա սփռված էին զանազան փոքրիկ կապոցներ, սեղանի վրա դրած էին մի ատրճանակ և մի կարճ սուր։ Երիտասարդները, չնայելով իրանց հուզված դրությանը, խոսում էին առանց աղմուկի, գրեթե շշնջյունով։ Բագրատյանը յուր շորերն էր կապկպում։ Սրան օգնում էին երկու երիտասարդներ։ Նա այնքան զբաղված էր գործով, որ մի քանի վայրկյան չնկատեց Մարիամին, որ մի անկյունում կանգնած լուռ և հոգեզմայլված դիտում էր... երիտասարդներին։ Հանկարծ նա նկատեց օրիորդին, և նույն վայրկյանին նրա ձեռները թուլացան։ Բաց թողնելով ճանապարհային «խուրջինի» թոկերը նա հանդիմանաբար նայեց Ռուբենի երեսին:

— Հավատացիր, որ ես շատ ընդդիմացա, բայց ի՞նչ անեմ, համառեց, — ասաց Ռուբենը։

Մարիամը շփոթված և լուռ կանգնած էր։ Նա ժպտաց, առաջ դիմեց և, ձեռը մեկնելով Բագրատյանին, արտասանեց.

— Կամեցա վերջին անգամ սեղմել այն ձեռքը, որ պետք է գործե...

Նա չավարտեց յուր ասելիքը։ Նա անչափ զգացված էր, ձայնը դավաճանեց նրան։ Նա նայեց ուղիղ Բագրատյանի աչքերին։ Րոպեաբար հաղթվելով այդ քնքուշ, սիրալիր և զգացմունքով լի հայացքից, երիտասարդը կրկին ճիգն արավ իրան զսպելու և, արտասանելով «շնորհակալ եմ», վճռական շարժվածքով շարունակեց յուր գործը։ Նա սեղանի վրա դրած սուրը տվեց ընկերներից մեկին, ատրճանակը դրեց յուր գրպանը։ Մյուս երիտասարդները զարմացած նայում էին Մարիամին։ Բարեկազմ, գեղեցկադեմ, գունատ, խոշոր և խելացի աչքերով օրիորդի երևույթը այդ ուշ երեկոյին, այդ կիսախավար անշուք պատերի մեջ, կարծես, նրանց թվում էր մի երկնային խրախուսանք... Նրանց դեմքերը ժպտացին, նրանց աչքերի մեջ փայլեց մռայլ ուրախության նշույլը։

— Պարոններ, — դարձավ Մարիամը նրանց, — թույլ տվեք ձեր գաղափարը պաշտող մի հայ օրիորդի սեղմել ձեր ազնիվ ձեռքը... Ես ինձ բախտավոր եմ համարում, գոնե մի քանի րոպե ձեր շրջանումն եմ...

— Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, — արտասանեցին գրեթե բոլորը միաբերան։

Եվ Մարիամը սեղմեց յոթ երիտասարդական առողջ և կոշտ ձեռներ։ — Ես պատրաստ եմ արդեն,— լսվեց Բագրատյանի անհողդողդ ձայնը։

Յոթ երիտասարդներ միաժամանակ շտապեցին վերցնել նրա իրերը, միմյանց հրելով և միմյանց ձեռքից խլելով։

— Սպասեցե՛ք,— զոչեց Բագրատյանը,— համբուրվենք մեր ընկերական ուխտը վառ պահելու համար։

Տեսարանը սրտաշարժ էր։ Անկեղծ սրտով, մաքուր զգացմունքներով, յոթ երիտասարդները հերթով համբուրվում էին իրեն՝ Բագրատյանի հետ։ Եվ այդ անկեղծ ընկերական համբույրների մեջ զգացվում էին նրանց սրտի փափկությունը, գաղափարի վսեմությունը և հոգու անվեհերությունը։ Զգացված Մարիամը ջանք էր անում զսպելու յուր կանացի տկարությունը։ Սակայն իզուր։ Արցունքը սրտի ամենախորին թելերի շարժումից առաջացած մաքուր արցունքը դուրս ձգտեցին։ Նա թաշկինակը սեղմեց աչքերին։ Այդ այն վայրկյանն էր, երբ Բագրատյանը համբուրվում էր նրա եղբոր հետ…

— Մնացեք բարև,— հնչեց նրա ականջին այն ձայնը, որ հենց առաջին օրից այնպես ազդել էր նրա վրա։

Նա թաշկինակը հեռացրեց աչքերից։ Ինչպես ոգևորիչ հրեշտակ, նա այժմ կանգնած էր սենյակի մեջտեղում կարմրած և վառվռուն աչքերով, ոգևորված դեմքով։ Նրա շուրջը կանգնած էին յոթ երիտասարդները և հիացմունքով նայում էին։ Նրա աջ կողմում կանգնած էր Ռուբենը, սղմված, փոքրացած, կարծես, յուր ոչնչությունը զգալով մյուսների մոտ։ Իսկ դեմուդեմ կանգնած էր Բագրատյանը, զորավոր և հաղթական պարագլուխը, յուր հսկայական ուժեղ ձեռը առաջ տարածած։ Մարիամը յուր աջը դրեց նրա ափի մեջ և զգաց մի անասելի ցնցումն ամբողջ մարմնի մեջ։

— Լավ պաշտպանիր քրոջդ, նա հազվագյուտ սիրտ ունե,— լսեց Ռուբենը։

Ճի՞շտ է արդյոք, իրա՞վ Բագրատյանն էր այդ խոսքերի արտասանողը, թե՞ Մարիամին այդպես թվաց։ Նրա գլուխը պտտեց, աչքերը մթնեցին։ Երազի նման նրա առաջից հերթով անցնում էին ուղևոր երիտասարդները։ Վերջինը Բագրատյանն էր։

— Եթե վերադառնամ, կտեսնվենք, — այս խոսքերը լսեց Մարիամը։

Նա փոքր-ինչ սթափվեց, նայեց յուր շուրջը։ Ոչ ոք չէր մնացել սենյակում, բացի Ռուբենից։ Սա ևս արտասվում էր...


XVIII

Օրեցօր բժիշկ Մելիք-Բարսեղյանի ասպարեզը ընդարձակվում էր։ Ձմեռվա ընթացքում ձեռք բերած ծանոթները, ուժեղներին և իրավատերերին դուր գալու ձիրքը, վերին աստիճանի փափուկ և սիրալիր վարվողությունը,— այս բոլորը և ուրիշ շատ առավելություններ նպաստում էին նրան։

Այլևս նա կարիք չուներ Գոլովինսկի պրոսպեկտով օրական մի քանի անգամ կառքով անցնելու արտաքին ցույցի համար։ Կարիք չուներ նույնպես հիվանդանոցներում ձրի հիվանդներ ընդունելու։ Այժմ նրա յուրաքանչյուր ժամը փող էր։ Ամբողջ օրը կառքը նրան պտտեցնում էր քաղաքի մի ծայրից մյուսը, մեկ հիվանդից մյուսի մոտ, և ամեն օր նրա ընդունարանը լիքն էր հիվանդներով։

Արհեստակիցները նախանձում էին նրան, հասարակությունը զարմացած էր նրա արագ հառաջադիմությանը։ Ոմանք նրա հաջողությունը վերագրում էին մի քանի անհուսալի հիվանդների առողջացնելուն և հիշում էին այս կամ այն մարդուն, որին նա «ազատել էր մահից»։ Իսկ թե քանիսին էր «կյանքից ազատել», այս մասին մարդկանց հիշողությունը թույլ էր, քանի որ հասարակության մեջ արդեն կազմվել էր այն կարծիքը, թե Մելիք-Բարսեղյանը լավ բժիշկ է: Միջին և ստորին դասակարգերր նրա մասին ասում էին «որ ձեռքը թեթև է», բարձր դասակարգը՝ лечит симпатиею: Այո՛, այժմ ամենքը նրան «սիմպատիչնի» երիտասարդ էին համարում, որովհետև ամենքի սիրտը այս կամ այն կերպ կարողացել էր հրապուրել։

Կային միայն մի քանի տաքգլուխներ, որ չէին ենթարկվում ընդհանուրի կարծիքին և համառ կերպով պնդում էին, թե Մելիք-Բարսեղյանր «ճարպիկ շառլատան էր», ուրիշ ոչինչ։ Այդպիսիներն էին նրա նախկին ընկերներից ոմանք, որոնք մի առանձին դիրք և ձայն չունեին հասարակության խավերում, ուստի և նրանց խոսքը ազդեցություն չէր անում լսողների վրա։ Ինքը Մելիք-Բարսեղյանն էլ մի առանձին ուշադրություն չէր դարձնում այդպիսիների կարծիքին։ Սակայն հարմար դեպքում չէր մոռանում նրանց սիրտն ևս շահել, զգալով, որ, է՛հ, ինչևէ, դարձյալ ավելի լավ է նրանց ևս բարեկամ ունենալ, քան չարակամ։

Եվ քանի՜-քանիսն էին պարծենում նրա ծանոթությամբ, քանի՜-քանիսն էին պատիվ համարում նրա հետ բարեկամանալ։

— Ախ, ներիր, հոգյակս, երեկ չկարողացա քեզ մոտ զալ, դոկտոր Մելիք֊Բարսեղյանը մեր տանը հյուր էր։

— Ես պարել չեմ սիրում, բայց անցյալ օրը Մայկոյի երեկույթում դոկտոր Մելիք-Բարսեղյանը այնքան զոռեց, որ էլ չկարողացա ձեռքից ազատվել։

— Այսօր դոկտոր Մելիք֊Բարսեղյանը մեր տանն էր։

Պարծությամբ արտասանված այս դարձվածքներն էին պտտում տիկինների և օրիորդների մեջ։ Խնջույք, մեծարանք, երեկույթ, ամեն տեղ և ամեն կողմից նա հրավիրվում էր և հազիվ ժամանակ էր գտնում հնգից մեկի տունը գնալու։ Իսկ երբ գնում էր, ստեպ֊ստեպ նայում էր ժամացույցին և հանկարծ վեր թռչում տեղից, սովորաբար ուղղելով տանտիրուհուն միևնույն փքուն դարձվածքը։

— Արհեստիս ծանր պարտականությունը ստիպում է ինձ զրկվել ձեր հյուրասիրությունը վայելելու քաղցր զվարճությունից։ Մինչդեռ բժշկի գործերը այնպես հաջող էին ընթանում, նրա վրա աչք ունեցող մայրերի և հարսնացուների թիվն էլ օրեցօր ավելանում էր։ Բայց նա տակավին հետամուտ էր երկուսին — օրիորդ Վարինկա Ագամովային և այն վաճառականի աղջկանը, որի հետ ծանոթացել էր Ագամովների տանը։

Առաջինը նշանավոր ազգականների, երկրորդը օժիտի քանակությամբ գերազանցում էին բոլոր մյուսներից։ Եվ բժիշկը տատանվում էր, չգիտեր որին ընտրել և որից հրաժարվել: Սակայն, երբ ձեռք բերեց ծանոթների մեծ շրջան, հետզհետե սկսեց թեքվել վաճառականի աղջկա կողմը։ Նա վճռեց, վերջապես, լուրջ կերպով հետամուտ լինել վերջինին։ Փոքր առ փոքր գրավեց նրա ծնողների սիրտը, բարեկամացավ, և ստեպ-ստեպ այցելում էր նրանց։ Սկզբում, նա օրիորդի կողմից հանդիպեց սառնության, ապա նկատեց, որ այդ սառնությունը արվեստական է և օրիորդը սրտում իսկապես համակրում է։

Ավելի ի՞նչ էր մնում անելու, եթե ոչ ուղղակի առաջարկություն։ Բայց տակավին նա զգույշ էր վարվում, չէր շտապում։ Նա տեղեկացել էր, որ օրիորդի հայրը ահագին կարողություն ունե և աղջկա համար նշանակած օժիտը այդ կարողության համեմատ շատ չնչին է։

Քաղաքում սկսվեց հռչակվել այժմ, որ դոկտոր Մելիք-Բարսեղյանը ամուսնանում է վաճառական Մեհրաբովի աղջկա հետ։ Լուրը հասավ և՛ Ագամովներին։ Տիկին Ագամովան զայրացավ, օրիորդ Վարինկան վիրավորվեց, տխրեց։

Դարձյալ Մելիք-Բարսեղյանի անունը ընկավ հասարակության բերանը, դարձյալ սկսվեցին թեր ու դեմ խոսակցությունները։ Ոմանք պնդում էին, թե հարցը դեռ վճռված չէ, բժիշկը դեռ չի կապել յուր պայմանագրությունը օրիորդի ծնողների հետ։ Ասում էին, թե նա Մեհրաբովից պահանջում է, որ տասնուհինգ հազար ռուբլի էլ ավելացնի յուր աղջկա օժիտի վրա և, բացի դրանից, պարտավորվի մի քանի հազար էլ տալ՝ պսակվելուց հետո արտասահմանում ճանապարհորդելու։

Այդ լուրերը, հարկավ, զբաղեցնում էին և տիկին ու օրիորդ Սադափյաններին։ Վերջին ժամանակ, երր տիկին Սոփիոյի հույսերը Հալաբյանի վերաբերմամբ խորտակվեցին, նա սկսել էր ուշադրություն դարձնել բժիշկ Մելիք-Բարսեղյանի վրա, որ երբեմն այցելում էր նրանց։ Սկզբում երիտասարդ բժիշկը բոլորովին մի արժանավոր փեսացու չէր թվում նրան, ո՛չ դիրք ուներ, ո՛չ փող, ո՛չ անուն։ Բայց երբ հասարակության մեջ նա հարգանք ձեռք բերեց, երբ մայրերը ընկան նրա հետևից, փոխվեց հետզհետե տիկնոջ կարծիքը։ Նա տեսավ, որ շատ էլ չի կարելի արհամարհել այդպիսի մեկին, թեկուզ Հալաբյանից հետո:

Նույն կարծիքի էր և օրիորդ Նատալիան, որի աշխարհայեցողությունը գրեթե ոչնչով չէր տարբերվում մոր աշխարհայեցողությունից։ Մայր և աղջիկ ավելի սիրալիր հարաբերություն սկսեցին բժշկի հետ։ Սակայն երբ լսեցինք որ նա արդեն ընտրություն արել է, օրիորդը դադարեց անունը հիշելուց, մայրը — անզուսպ տիկին Սոփիոն — շտապեց կազմել բժշկի թերությունների ցանկը և տարածել յուր ծանոթների շրջանում։

Մի օր բժիշկը եկավ այցելության, օրիորդ Նատալիան չդուրս եկավ սենյակից նրան հանդիպելու։ Տիկին Սոփիոն սառն ընդունեց և ուղղակի շնորհավորեց։

Բժիշկը շփոթվեց։

— Թիֆլիսի հասարակությունը զարմանալի է,— ասաց նա վիրավորված մարդու եղանակով,— բավական է, որ մեկի տունը մի քանի անգամ գնում ես, իսկույն սկսում են բամբասել։

— Բայց այդ բամբասանք չէ, ասում են, նշանվել եք, ինչո՞ւ եք թաքցնում,— գրգռվեց համառ տիկինը։

Բժիշկը, շրթունքը կծելով, լռեց։

Ճշմարիտն այն էր, որ օրիորդ Մեհրաբովայի ծնողները ընդունել էին նրա պայմանները։ Բայց նա դարձյալ տատանվում էր։ Այժմ նա ափսոսում էր, որ ավելի մեծ պայմաններ չառաջարկեց, քանի որ առևտուրը այնպես հաջողվում էր։ Բայց կար մի հանգամանք, որի վրա սկզբում նա ուշադրություն չէր դարձրել և որ հետո դրեց նրան նեղ դրության մեջ և ստիպեց վճռական քայլ անել։ Բանն այն է, նա նկատում էր, որ, լուրը տարածվելուց հետո, շատ ընտանիքներում սառն են ընդունում իրան։ Սադափյանների և Ագամովների տանը այդ սառնությունը արտահայտվում էր խիստ կերպով։ Մյուս ընտանիներում ևս չէր վայելում առաջվա հարգանքն և հյուրասիրությունը։

Երկդիմի դրությունը նրան վտանգավոր թվաց ոչ միայն բարոյական, այլև նյութական տեսակետից։ Այսպես թե այնպես, «արկածախնդիր» մարդու հռչակ վայելելու միտքը սարսափեցրեց նրան։ Նա վճռեց, վերջապես, պսակվել... օրիորդ Մեհրաբովայի հետ։

Նշանդրությունը կատարվեց զատկի երկրորդ օրը։ Պսակը տեղի ունեցավ յոթ շաբաթ անցած։ Օրիորդի ծնողները մի շռայլ հարսանիք տվեցին իրանց միակ դստեր համար։ Նրանք հրավիրել էին քաղաքի ամեն դասակարգի մարդիկ — վաճառականներ, չինովնիկներ, բանկիրներ, կապալառուներ, օֆիցերներ, իրավաբաններ, մի քանի վրացի իշխաններ և այլն։ Բժիշկը յուր կողմից հրավիրել էր յուր արհեստակիցներից ոմանց, մի քանի հասարակական գործիչներ, երկու հեղինակ, երկու հայ խմբագիր, մի ռուս խմբագիր, չորս ուսանող, մի քանի ուսուցիչներ...

Հանդեսը բազմամարդ էր, ճոխ և շռայլ։ Հարսանիքը կատարվում էր աղջկա ծնողների տանը, որ գտնվում էր քաղաքի կենտրոնում։ Ամբողջ փողոցի բնակիչները իրարանցման մեջ էին։ Պատուհանները և պատշգամբները լիքն էին հետաքրքիր հանդիսասերներով։ Եկեղեցու բակում խռնվել էր ահագին բազմություն։ Եկեղեցու մեջ ասեղ գցելու տեղ չկար։ Տիրում էր մի անասելի աղմուկ։ «Դեդիները» և պառաված ու պառավող օրիորդները, միմյանց հրելով, առաջ էին ձգտում, որ տեսնեն նորահարսը ինչպե՞ս է զուգվել, նորափեսան ի՞նչ կերպարանք ունե, խաչեղբայրը ո՞վ է և այլն, և այլն։ Պսակ կատարող քահանան, մի քանի անգամ ընդհատելով պսակի խորհուրդը, ամբոխին հրավիրեց խաղաղ կենալ։ Բայց նրան լսող չկար։

Փառահեղ պսակադրությունր վերջացավ։ Նորապսակները շքեղ կառքով վերադարձան տուն։ Ուղիղ մի ժամ ու կես նրանք կանգնած շնորհավորություններ էին ընդունում, այնքա՜ն մեծ էր հանդիսականների բազմությունը։ Միմյանց հետևից, թնդալով, բացվում էին շամպանիայի շշերը։ Երաժշտությունը դղրդեցնում էր վաճառականի փարթամ դահլիճը։ Նորապսակները զգացված էին։ Բազմաթիվ ճրագները լուսավորում էին նրանց ուրախ դեմքերը։ Բժիշկը մի քիչ գունատված էր, նորահարսի դեմքը վարդի պես կարմրած։ Ընթրիքը սկսվեց գիշերվա երկու ժամին, վերջացավ լուսաբացին։

Նույն օրը երեկոյան նորապսակները ուղևորվեցին արտասահման։

Այլևս չքացան հետամուտ եղող մայրերի հույսերը բժիշկ Մելիք-Բարսեղյանի վերաբերմամբ…

Ամառն էր։ Քաղաքի բնակիչները ցրվում էին ամառանոցները։ Հետզհետե դատարկվում էր Սոլոլակը, ուր այնպես տարածվել էր բժիշկ Մելիք-Բարսեղյանի անունը, ուր ամեն ընտանիք խոսում էր նրա մասին։

Տիկին Սոփիոն, տխուր սրտով, իզուր անցած հույսերով, յուր կիսաթառամ աղջկա հետ, ուղևորվեց Բորժոմ, և այնտեղ շարունակում էր պարսավել բոլոր փեսացուներին…


Արտասահման ուղևորվելուց մի ամիս անցած Ախշարումյանը Հալաբյանից ստացավ մի նամակ։ Ամուրին յուր մասին մի քանի համառոտ տեղեկություններ տալուց հետո խնդրում էր ընկերոջը՝ հաղորդել իրեն հանձնված գործերի դրությունը։

Ախշարումյանն արդեն կատարել էր նրա պատվերները, բացի մի քանիսից։ Նա դիմել էր և՛ Նիկողայոս Սադափյանին, առաջարկելով վճարել յուր պարտքը Հալաբյանին։ Բայց Նիկողայոսը խնդրում էր դարձյալ հետաձգել։

— Գործերս հաջող են, բայց փողի պակասություն ունեմ,— ասում էր նա։

Ախշարումյանը հաղորդեց Հալաբյանին, ի միջի այլոց, և' այդ բանը։ Ամուրին իսկույն պատասխանեց, թե Սադափյանի պարտքը հետաձգել չի կարող և խնդրում է Ախշարումյանին յուր պարտապանի հետ վարվել ամենայն խստությամբ։ Առհասարակ նրա նամակը տոգորված էր դեպի Սադափյանները ատելությամբ և ամեն տեղ վրդովմունքով էր հիշում այդ ազգանունը։ Ախշարումյանը ստիպված եղավ կրկին և կրկին անգամ դիմել Նիկողայոսին և վերջը մի օր սպառնաց դատաստանի անունով։ Մեջտեղ ընկավ իշխան Սահարունին, հեռագրով խնդրեց Հալաբյանին համբերել։ Պատասխանը եղավ «չեմ կարող», և մի շաբաթ անցած իշխանը ստացավ մի կոշտ նամակ, ուր Հալաբյանը արտահայտում էր մի տեսակ արհամարհանք նորին պայծառափայլությանը։

Վերջապես, Նիկողայոսը ստիպվեց Հալաբյանի պարտքը վճարել Ախշարումյանին։ Իսկ իշխան Սահարանին յուր կողմից մի գոռոզ և վիրավորական նամակ ուղարկեց Կարլսբադ ամուրիին։ Եվ այսպես ընդհատվեց նրանց բարեկամությունը հավիտյան...

Աշնան սկզբին Ախշարումյանը, վերջացնելով յուր և Հալաբյանի գործերը, ինչպես խոստացել էր, ուղևորվեց Վիեննա։ Այնուհետև Հալաբյանի մասին Թիֆլիսում այլևս ոչ ոք տեղեկություն չէր ստանում և ոչ ոք էլ չէր մտածում նրա վրա։ Միայն նրա քրոջ որդիները, որոնց հետ նա ոչինչ հարաբերություն չուներ, երբեմն հիշում էին, որ արտասահմանում մի հարուստ քեռի ունեն։ Եվ հիշում էին այն մտքով, որ գուցե մի օր կարողանան տիրանալ նրա ժառանգությանը։ Սակայն նրանց հույսերն էլ խաբվեցին։ Քաղաքում մի օր լուր տարածվեց, թե Հալաբյանը այլևս մտադիր չէ յուր հայրենիքը վերադառնալու։ Նա վճռել է մնալ արտասահմանում և մտադիր է յուր բոլոր կարողությունը կտակել ազգին։

Լուրը քաղված էր Ախշարումյանի մի նամակից, և սխալ չէր...


Մարիամը նստած էր դեպի փողոց նայող սենյակի պատուհանի մոտ և նայում էր դուրս։ Հոկտեմբերի խոնավ և ցուրտ օրերից մեկն էր, երկինքը հետզհետե մթնում էր միմյանց վրա կուտակվող խիտ-խիտ ամպերից։ Երբեմն նա վեր էր կենում տեղից, քայլում էր սենյակում և կրկին նստում, կրկին հայացքը ուղղում դեպի փողոց։

Անձրևը սկսեց թեթև շաղել, կառքերը անցնում էին բաց ծածկոցներով, մարդիկ նույնպես, Մարիամը թույլ, մոլոր քայլերով շարունակում էր անցուդարձ անել, ձեռները կրծքին ծալած։ Երբեմն նա ցնցվում էր, կանգ էր առնում, նայում յուր շուրջը։ Կարծես ալքերով որոնում էր մի բան, որով կարողանար թեթևացնել յուր սրտի ճնշող ծանրությունը։

Վեց ամիս է անցել Բագրատյանի գնալուց, և նրա մասին ոչ մի տեղեկություն չկար։ Միայն առաջին ամիս Ռուբենը ստացավ նրանից մի նամակ, որով հայտնում էր, թե յուր ընկերների հետ հասել է ճանապարհորդության կետին… Ուրիշ ոչինչ։

Արդյոք ի՞նչ պատահեց նրան, արդյոք կենդանի՞ է, թե՞ արդեն զոհ է դարձել յուր վտանգավոր ձեռնարկությանը։ Այս էր մտածում Մարիամը, և եղանակի վատությունն ավելի ծանրացնում էր նրա սրտի վիշտը։

Նախընթաց օրը նա թախանձել էր Ռուբենին հայտնել ճիշտը՝ ո՞րտեղ է գտնվում Բագրատյանը։ Բայց Ռուբենը ինքն էլ չգիտեր նրա տեղը, և աշխատում էր մի կերպ իմանալ։ Այսօր մեկը խոստացել էր ճիշտ տեղեկություն տալ նրան։ Նա գնացել էր, և այժմ Մարիամը նրան էր սպասում անհամբեր։

Այլևս Մարիամը չէր թաքցնում ոչ Ռուբենից, ոչ Սաթենիկից յուր զգացմունքը։ Հայտնի էր Բագրատյանի նրա սրտում զարթեցրած խորին, անհաղթելի զգացմունքը, որին ոչ նրա բացակայությունը և ոչ ժամանակի ընթացքը չէին մեղմացնում, այլ ընդհակառակը…

Այն օրից, երբ Բագրատյանը հեռացել էր, այն օրից Մարիամի դեմքի վրա մի ժպիտ չէր երևում, այն օրից չուներ մի րոպե հանգստություն։ Ժամերով նստում էր նա անգործ, լուռ, մտազբաղ, ոչ մի բան նրան չէր զբաղեցնում, ոչ մի բան չէր շարժում նրա հետաքրքրությունը։ Նրան տիրել էր մի տեսակ ծուլություն։ Կարուձևով նա համարյա այլևս չէր պարապում, և եթե երբեմն յուր ձեռքն էր առնում կարի մեքենան, լոկ Սաթենիկի թախանձանքից ստիպված և Ռուբենից ամաչելով։ Իսկ տնային գործերը կատարում էր ռուս աղախինը, որին երկու ամիս էր արդեն վարձել էին։

Այժմ Ռուբենի նյութական դրությունը համեմատաբար ապահով էր։ Սեպտեմբերի մեկից նրան տվել էին նույն ուսումնարանում ուսուցչի լի պաշտոն։ Նա ստանում էր այնքան վարձ, որ կարող էր միջակ ապրուստ վարել։ Բագրատյանի գնալուց հետո նա դարձյալ փոխվել էր, պարապվում էր յուր սովորական խաղաղ գործերով։ Նա զբաղված էր այն գիտական գրավոր աշխատությամբ, որ սկսել էր մի տարի առաջ։

Նա արդեն վճռել էր ձմեռը ամուսնանալ Սաթենիկի հետ։ Սկզբում երկուսն էլ մտադիր էին հետաձգել մի տարով։ Բայց Մարիամի համառ թախանձանքը փութացրել էր վճիռը։ Նա ցանկանում էր օր առաջ տեսնել յուր սիրելի եղբոր և ընկերուհու բախտը ընտանեկան խաղաղ կյանքում։ Նրա խռովված հոգին և փոթորկալից սիրտը ձգտում էին մտերիմների փոխադարձ երջանկության մեջ գտնել մեղմ մխիթարություն։

Արդեն սկզբնական պատրաստությունները տեսնվել էխն։ Ռուբենի այժմյան բնակարանը նոր էր վարձված։ Այն սենյակը, ուր այնպես հանգիստ անցուդարձ էր անում Մարիամը, բավական ընդարձակ էր։ Կահ-կարասին նոր էր. յուր առաջին ամսվա ռոճիկը Ռուբենը այդ բանին էր հատկացրել։ Պատի տակ դրված էր ծաղկանկար բարձերով և մութաքաներով զարդարված թախտը։ Մի անկյունում երևում էր մի սևագույն փոքրիկ պահարան, որի հարկերի վրա կանոնավոր դարսված էին երկու տասնյակ կազմած գրքեր։ Մյուս անկյունում դրված էր մի գահավորակ, երեք թերբազկաթոռներ, որոնց մուգ-մոխրագույն ասվյա ծածկոցը համագույն էր պատերի պաստառին։

Այս բոլորը դասավորված էին մեծ խնամքով։ Մարիամի ճաշակն էր երևում ամեն տեղ, նա էր ղեկավարել աղախնի գործը։ Մաքրությունը օրինակելի էր, ոչ մի տեղ, ոչ մի անկյունում չէր երևում ավելորդ կամ անկանոն ձգված բան։ Սեղանները՝ իրանց վրա դրած պարագաներով, աթոռները, հատակը, նույնիսկ դռները փայլում էին իստակությունից։ Պատուհանների ապակիների վրա չէր երևում մի փոքրիկ արատ, և ցերեկվա լույսը ներս էր տարածվում անխափան։ Ամեն ինչ այստեղ տրամադրում էր ընտանեկան խաղաղ կյանքի։ Միայն Մարիամի հոգու խռովութունը այդ բոլորի հակապատկերն էր արտահայտում նրա դեմքի վրա։ «Եթե վերադառնամ, կտեսնվենք», կրկնում էր նա մտքում Բագրատյանի վերջին խոսքը: Եվ նա հուսով էր, որ կվերադառնա, ապրում էր ու շնչում այդ հույսով։ Անշուշտ կվերադառնա և անշուշտ կկամենա տեսնել Մարիամին։ Նա զգում էր Բագրատյանի այդ խոսքի բուն միտքը, և ճիշտ էր զգում…

Դռները բացվեցին։ Նա ցնցվելով հետ նայեց Ռուբենն էր ներս մտնողը։

— Լուր կա՞,— եղավ Մարիամի առաջին հարցը։

— Կա,— պատասխանեց Ռուբենը և, գրպանից մի կեղտոտված ու սևացած նամակ հանելով, տվեց քրոջը։

Մարիամը շտապով բաց արավ նամակը։ Նրա ձեռները դողում էին անհամբերությունից։ Հասցեն Ռուբենի անունով էր գրված։ Կարդալով երեք էջերից բաղկացած նամակը, Մարիամի դեմքը մերթ մռայլվում էր ավելի, մերթ պայծառանում և փայլում ներքին գոհունակությունից։

Բագրատյանը տեղեկություն էր տալիս յուր մասին, նկարագրում էր յուր ձեռնարկության դժվարությունը։

«Հեռվից ավելի դյուրին էր թվում ինձ, բայց այն չէ, ինչ որ կարծում էի,— գրում էր նա:— Առայժմ ես բավականանում եմ խոսքով, մինչև որ գործը հիմք ստանա։ Շատ հավանական է, որ հանկարծ վրա հասնի վճռական քայլ անելու ժամը, որովհետև մեր կամքը մեզանից չէ կախված, այլ… Հակառակ կողմը կարող է ինքը առիթ տալ խոսքից գործին դիմելու… Այն ժամանակ… մնացեք բարև… իմ վերադարձը ցնորք է…»։

Մարիամը գունաթափվեց, կանգ առավ, նայեց Ռուբենի երեսին։

Այնուհետև Բագրատյանը գրում էր մասնավոր բաների մասին։

Մարիամը որոնում էր յուր անունը, և գտավ նամակի վերջում. ստորագրությունից հետո, երկու տողի մեջ։

«Բարևիր օրիորդ Մարիամին և ասա, որ աղոթե մեր գործի հաջողության համար…»։

Մարիամը թուլացած նստեց թախտի վրա, նամակը ձեռում ամուր սեղմած, կարծես, վախենալով, մի գուցե խլեն նրանից։

— Դժվար, շատ դժվար դեր է հանձն առել, — ասաց Ռուբենր։

— Նա կկատարե, նա կարող է կատարել, — գոչեց Մարիամը վրդովվելով յուր եղբոր հուսահատության դեմ։

— Կկատարե, բայց յուր կյանքի գնով...

Մարիամը մի ծանր հայացք ձգեց եղբոր վրա: Մի հայացք, որ արտահայտում էր և՛ կծու հանդիմանություն, և՛ վիշտ, և՛ հուսալու, անպայման հուսալու բուռն կարոտ։ Ռուբենը զգաց այդ և շտապեց յուր սխալն ուղղել։ Մարիամը լուռ լսում էր նրա հուսադրական խոսքերը, աշխատելով հավատալ՝ յուր ալեկոծված հոգուն սակավ ինչ հանգստություն տալու համար։

Օր օրի վրա անցնում էր, Մարիամն ավելի ու ավելի անհանգիստ ու նյարդային էր դառնում։ Ամեն օր նա գնում էր Սաթենիկի մոտ յուր տխրությունը փարատելու համար։ Ամբողջ ժամերով նստում էր ընկերուհու մոտ, և նրա խոսակցության միակ նյութը Բագրատյանն էր, նրա ասածները, նրա բնավորությունը և գաղափարները, որոնց անձնատուր էր եղել այդ մարդը...

Սաթենիկն երբեմն լսում էր սիրով, երբեմն ձանձրանում էր մտքում, բայց և երբեք դժկամություն չէր արտահայտում։ Նրա անդորր բնավորությանը և մեղմ ձգտումներին չէր համապատասխանում Մարիամի հոգեկան տրամադրությունը և այսպիսով ընկերուհիների հայացքների տարբերությունը քանի գնում, այնքան ավելի խստանում էր։ Սակայն երկուսն էլ փոխադարձաբար հարգում էին իրարու գաղափարները։ Հաճախ Սաթենիկը խոսք էր բաց անում Ռուբենի մասին, և միշտ նրա ասածների մեջ զգացվում էր հոգու բուռն ձգտումը` օր առաջ արժանանալ ամուսնական կյանքի երջանկությանը։

Տեսնելով այդ, Մարիամր մտքում վճռեց առժամանակ մի կերպ զսպել յուր մտադրությունը և զբաղվել այլ խնդիրներով։ Այս պատճառով նա աշխատում էր Ռուբենի և Սաթենիկի առջև ուրախ ձևանալ։ Վերջապես նրա թախանձանքով ամուսնության օրը որոշվեց։ Երկար հետաձգելու կարիք չկար — մի ձեռք պսակադրության զգեստ Սաթենիկի համար և մի նոր հագուստ Ռուբենի համար — ահա ինչ էր մնում անելու։ Սաթենիկն ինքը ձևեց և կարեց իր զգեստը Մարիամի օգնությամբ։

Հասավ որոշված օրը։

Ռուբենը հրավիրեց յուր նախկին ու նոր ընկերներից ոմանց և մի քանիսին իր պաշտոնակիցներից։ Սաթենիկը հրավիրեց յուր ընկերուհիներին և մի քանի ազգականներ։

Երիտասարդ հանդիսականների ընկերության զվարթ շրջանում համեստ հարսանիքն անցավ շատ ուրախ։ Ուրախ ու զվարթ էր այդ երեկո և Մարիամը։

Դեկտեմբերի վերջն էր։ Մի սառը և քամի օր։ Հարսանիքից անցել էր ամիս ու կես։ Այն սենյակում, ուր երկու ամիս առաջ Մարիամը կարդացել էր Բագրատյանի մռայլ նամակը, նստած էր Սաթենիկը և անհամբերությամբ նայում էր դեպի դուրս։ Կեսօրից հետո էր. արդեն երկու ժամ էր, որ նա սպասում էր Ռուբենին, և վերջինը չէր երևում։

Ներս մտավ տասը տարեկան մի գեղեցկադեմ աղջիկ սևահեր և սևաչյա։

— Ի՞նչ ես ուզում, Անահիտ,— հարցրեց Սաթենիկը բարկացոտ ձայնով։

— Գրքերս բերե՞մ։

— Ոչ, այսօր չեմ կարող քեզ հետ պարապել։

Աղջիկն ուրախացավ։

— Մարիամն էլ չի ուզում պարապել Վարդուհու հետ, այսօր մեզ համար տոն է,— գոչեց փոքրիկը և թռչկոտելով դուրս վազեց։

Անահիտն ու Վարդուհին Սաթենիկի փոքրիկ քույրերն էին, որ այժմ ապրում էին իրանց ավագ քրոջ հետ և նրա հովանավորության տակ։

Սաթենիկը դարձյալ մենակ էր և դարձյալ անհամբեր նայում էր պատուհանով դեպի փողոց։ «Ուշացավ, շատ ուշացավ, երևի, չի կարողանում գտնել ճիշտ տեղեկանք», ասում էր նա մտքում անդադար։

Արդեն օրը մթնում էր, երբ, վերջապես, Ռուբենը եկավ ոտքից մինչև գլուխ թրջված ձյունախառն անձրևից։ Նա գունատ էր, աչքերի մեջ երևում էր արցունքի հետքը։

— Վերջապես,— գոչեց Սաթենիկը, ընդառաջ վազելով:

Նա մի քանի քայլ մնացած կանգ առավ և սարսափած նայեց ամուսնու այլայլված երեսին։

— Ուրեմն ճի՞շտ է։

— Ճիշտ է, — պատասխանեց Ռուբենը և հոգնած ու շնչասպառ նստեց թախտի վրա։

— Դժբա՜խտ Բագրատյան, — արտասանեց Սաթենիկը խորին դառնությամբ։

— Դժբախտ, բայց նախանձելի...

— Ի՞նչպես է պատահել սպանությունը և ո՞րտեղ:

— Մի լեռնային կիրճում նա անցնելիս է եղել յուր յոթ ընկերներից չորսի հետ։ Հանկարծ առաջ է դուրս եկել կիրճի խորքից մի ստվար խումբ։ Ուժերը եղել են անհավասար: Բագրատյանը սպանել է երկուսին, չորս ընկերները նույնպես մի քանիսին։ Հինգ հոգուց ընկել են երեքը, որոնց թվում է Բագրատյանը։

— Ո՞վ պատմեց քեզ։

— Նրա դիակը իր աչքով տեսնողներից մեկը։

— Խե՜ղճ Մարիամ, — ասաց Սաթենիկը և հեկեկաց, — ի՜նչպես պիտի հայտնենք նրան։

— Ո՞րտեղ է նա։

— Յուր սենյակում։

— Նախազգո՞ւմ է մի բան։

— Ինձ թվում է, այո, երբեք նրան այսօրվա պես անհանգիստ չեմ տեսել։ Ահ, ի՜նչպես նա սիրում է Բագրատյանին, ի՜նչպես, այդ միայն ես գիտեմ...

— Լռի՛ր, կարծեմ, նա գալիս է։

Դռների հետևից լսվում էր հետզհետե մոտեցող քայլերի ձայնը։

Ռուբենն ու Սաթենիկը ճիգն արին իրանց հուզումը թաքցնելու։ Մարիամը ներս մտավ հուշիկ քայլերով և նայեց յուր շուրջը:

— Ո՞րտեղ էիր այս վատ եղանակին,— դարձավ նա Ռուբենին։

Վայրկենաբար քույր ու եղբոր հայացքները խաչաձևվեցին, և Մարիամը անմիջապես գուշակեց գուժաբեր լուրը։ Նա ցնցվեց, կանգնեց եղբոր առջև և, բռնելով նրա ձեռը, գոչեց.

— Անխի՜ղճ, ինչո՞ւ ես լռել, ասա՛։

Սաթենիկը հեկեկաց և գրկեց նրան։

Մարիամի երեսը թղթի գույն էր ստացել։ Նրա դեմքի մկանունքները, կարծես, քարացել էին, նրա բարակ շրթունքները սառել կպել էին ատամներին…

Հանկարծ այդ քարացած դեմքը փայլեց ինչ-որ ներքին լույսից, և աչքերը վառվեցին…

— Նա սպանվել է, ես էլ պիտի զոհվեմ նրա գաղափարներին…

Ասաց Մարիամը, և նրա ուժերը սպառվեցին վերջին բառի հետ։ Նրա գլուխը թուլացավ, թեքվեց կրծքին։ Ուշքը կորցնելով, նա ընկավ Ռուբենի և Սաթենիկի գիրկը: