Jump to content

Զվարթնոց, Գագկաշեն/Բաց նամակ արժանապատիվ Մեսրոպ վարդապետին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բաց նամակ արժանապատիվ Մեսրոպ վարդապետին

ՀԱՎԵԼՎԱԾ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ

(Որոշ կրճատումներով)[1]

Ներկա 1909 տարվա «Արարատ» ամսագրի հունվար ամսաթվի մեջ պատասխանելով հարգելի գիտնական պրոֆ. Մառի «Շարք Անւոյ» № 2 գրքույկի միջոցով Ձեզ ուղղված մեկ հարցումին[2], համոզում կհայտնեք, որ պրոֆ. Մառ, մեքենաբար ենթարկվելով ազդեցություններով փսփսուքներու, և որ ավելին է՝ իմ հեղինակությանս պաշտպանության համար, զՁեզ վիրավորեր է։ Որպես թե պրոֆ. Մառ այնքան միամիտ և դյուրահավատ մարդ է, որ աոանց որևէ գործնական փաստերու ընդունակ է մեղադրանքներ թափելու ուրիշների վրա։

Ձեր շոշափած խնդիրներուն մի առ մի պատասխանելե աрաջ, հարկ կը տեսնեմ շատ համառոտ կերպով պատմել մի իրողություն, որուն միակ վկան Դուք եք և Ձեր վկայությունները՝ մասամբ հրատարակված «Ազգագրական հանդեսի» 1907, XV գրքի մեջ։

1904 թվականի աշնան, հոկտեմբեր ամսո մեջ, Անիեն դարձիս՝ երբ գնացի Էջմիածին դարմանվելու, նույն ատեն եկավ նաև ճարտարապետ պ. Տեր-Սարգսյանն ալ։ Ի սկզբան ես, ծանոթ չըլլալով այդ ճարտարապետին հետ, Ձեր միջոցավ իմացա, որ նա ևս եկած է Զվարթնոցով զբաղվելու և թե՝ չէ ընդունում՝ իմ կարծիքները Զվարթնոցի վերակազմության մասին։

Քանի մը օր հետո, երբ ես Հանգուցյալ Հաջիի սենյակը կգտնվեի, եկավ Ձեր ծառան, զիս կանչեց՝ «Վարպետ, հայր սուրբը քեզ կանչում է» ըսելով։ Շտապեցի անմիջապես գալ և Ձեր սենյակին մեջ գտա նաև ճարտարապետ պ. Տեր-Սարգսյանին, որուն հետ զիս ծանոթացնելու փութացիք։

Ընդհանրապես, սովորական դարձած քանի մը քաղաքավարական խոսակցություններե հետո, երկուքդ մեկանց չուշացաք նաև Զվարթնոցի կազմության մասին իմ կարծիքս հարցնելու, որն որ արդեն ըստ իմ հայեցողության ամբողջովին վերակազմեր էի նույն տարվան գարնան մեջ։ Բայց որովհետև այդ վերակազմության պատկերները Խաչիկ վարդապետ ամիսներ առաջ միասին տարած էր Ռուսաստան, ստիպված եղա բերանացի բացատրել, որ չափ որ հնար էր։ Երբ պարզեցի տեսություններս՝ հենվելով իմ գտած փաստերու վրա, թե ինչպես արտաքին պատերու զուգահեռական ուղղությամբ ձգված էին ութ աղեղներ, որոնց մեկ–մեկ ծայրերը հանգչած էին մույթերու ետև գտնված արծվաքանդակ կրող սյուներու խոյակաց վրա, և մյուս ծայրերը իրենց հենակետ ունեցած էին միջին կիսաբոլորակ թևերու մեջտեղի երկու սյուները իրարու միացնող փոքր աղեղները, որով հնարավոր եղեր էր արտաքին պատերու զուգահեռական կլորությամբ խարիսխ մը ստեղծել ներքին խաչաձևի և արտաքին պատերու միջև գտնված շուրջանակի միջոցը ծածկելու սահմանված կամարին համար,և այսպիսով նաև միկախյալ հարկ կազմված էր բոլորովին անկախ մույթերու վրա հանգչող գմբեթեն։

Հազիվ վերջացած էր բացատրությունս, պ. Տեր-Սարգսյան շտապեց Ձեզ հայտնած կարծիքը ինձի ալ կրկնելու, թե միանգամայն գիտության անհամապատասխան է տված բացատրությունս և մինչև իսկ անկարելի։ Սակայն, երբ ես պնդեցի իմ համոզմանս վրա, պ. Տեր-Սարգսան ավելի սուր շեշտերով պատասխանեց ինձ հետևյալ խոսքերով. «Ինձի նայեցեք, պարոն, ես Պետերբուրգ եմ ուսել, արտասահման եմ եղել, գիտությունը չի ընդունի այդպես բան, չէ կարող լինել»։

Այս խոսքին մեջ անմիջապես զգացի այն սուր հեգնություններու արմատը, որ հետզհետե մեծանալով պիտի փոխվեր երկար ժամանակ կրած կարգ մը ստորացուցիչ պատվանուններուս։ Ուստի ես ալ վիրավորված պատասխանեցի. «Պարոն, վրաս ալյուրոտ տեսնելով զիս ջաղացպան մի կարծեք, թերևս ես ալ ունենամ Ձեզ պես պարծենալու առիթներ։ Բայց պահ մը ենթադրենք, որ ես ոչ ուսում ստացած եմ և ոչ ալ արտասահման տեսած։ Երբ տեղին վրա գոյություն ունին իրական փաստեր և ըսածներս ապացուցանող որոշ բեկորներ, ինչպե՞ս կարող եմ Ձեր ուզածին պես մտածել։ Ես ալ Ձեզ նման գուցե չհավատայի, եթե երկար ատեն Զվարթնոցի ավերակները ուսումնասիրելես առաջ մեկը պատմեր ինձի այս տարօրինակ իրողությունը, ես ոչ թե ենթադրության, այլ իրողութան առջև ստիպված եմ խոնարհիլ»։

Այս միջոցին, Դուք, տեսնելով մեր սուր վեճի կերպարանք ստանալու սպառնացող խոսակցությունը, միջամտեցիք՝ ըսելով. «Եղբայր, ինչի՞ եք միմյանց վիրավորում, լավ չէ՞ որ շուտով մի կառք կանչենք, գնանք Զվարթնոց, այնտեղ ցույց տվեք Ձեր փաստերը»։

Այդպես ալ եղավ. հրամայեցիք, կառքը եկավ, և չորս հոգի (դժբախտաբար չեմ հիշեր, թե ո՞վ էր մեր չորրորդ ընկերը) գնացինք Զվարթնոցի ավերակները։ Այնտեղ Ձեր ներկայության նախ ցույց տվի պ. Տեր-Սարգսյանի անկարելի համարած կոր աղեղներու մնացորդները։

Պերճախոս իրականության առջև պ. Տեր–Սարգսյան ոչ միայն զարմացմամբ ընդունեց այս հետաքրքրական իրողությունը, այլև վաղածանոթ բարեկամի մը նման թևս մտած խնդրեց ինձի ցույց տալ իրեն այն բոլոր մասերը, որոնք ավերակի վերակազմության լրացուցիչները կկազմեին։ Ես սիրով կատարեցի անոր անկեղծ ցանկությունը ոչ միայն նույն օրը, այլև հետևյալ օրն ալ, ցույց տալով բոլոր կարևոր բեկորներն ու քարերը և անոնց պատկանած տեղերը, որչափ որ կարողացած էի ճշտել գարնան չորս ամսվան հետազոտությանս միջոցին։


Չմոռանամ ըսելու, որ պ. Տեր-Սարգսյան, լիովին ընդունելով ներքին հարկերու վերաբերյալ բոլոր ցուցմունքներս՝ միայն անհամաձայն մնաց ինձ հետ գմբեթի կազմության մասին։

Այս պատմության ճշտությանը գրեթե կետ առ կետ հաստատություն կուտաք, երբ «Ազգագրական հանդեսի» 1907 թ<վականին>, XVI գրքի, 132-րդ երեսի վրա, հիմնվելով իմ վկայության վրա՝ կնկարագրեք մանրամասնորեն Զվարթնոցի կանգուն վիճակը։ Ես չեմ կարծեր, որ Տեր-Սարգսյան ալ, իբրև պատվազգաց մարդ, զիջանի այլ կերպ պատմելու այս իրողությունները։

Ուրեմն հիմա հայտնի է, որ դեռ պ. Տեր-Սարգսյան Զվարթնոցի ավերակները չտեսած, ես արդեն հատակագծի և առաջին հարկի բոլոր մասերը ամբողջացնելով՝ անվիճելի կերպով կազմեր էի։

Արդ, երբ դուք կգրեք, թե «ճարտարապետ պ. Քրիստափոր Տեր-Սարգսյանը պատրաստեց բուն եկեղեցու մանրազնին հատակագիծը»[3], ով որ ալ ըլլա ընթերցող այդ տողերուն՝ ուրիշ կերպ չէ կարող հասկնալ, բայց եթե այդ աշխատության բոլոր մանրամասնությունը պ. Քրիստափոր Տեր-Սարգսյանին նվիրված, քանի որ բարեխղճորեն բացատրված և զանազանված չէ յուրաքանչյուրիս կողմանե եղած աշխատանքին տեսակները, ուստի բնական էր, որ այդ անորոշ գրվածքը տեղի տար թյուրիմացություններու և ծնունդ՝ ծանոթ հարցումին։

Հիմա, իհարկե, պարզ կտեսնեք, թե պրոֆ. Մառի հարցման գլխավոր շեշտը կկայանա ոչ թե համալսարանական ճարտարապետի մը հատակագիծ կազմելու կարողության կամ անկարողության վրա, այլ Ձեր մանրազնին բառին վրա, որուն միմիայն իմ արդար սեփականությունս ըլլալուն, բացի Ձեզմե՝ ուրիշ շատ վկաներ ալ կան։

Ինչպես ինձմե առաջ աշխատողներու, նույնպես ալ պ. Տեր-Սարգսյանի կազմած հատակագծի արտաքին բոլորակ պատը սև շրջանակ մը միայն կներկայացներ վրան՝ բացված դռներով և ներքին բարակ որմասյուներով։ 1904 թվականին մարտ ամիսեն մինչև հունիսի վերջը իմ աշխատանքի գլխավոր մասերեն մեկը եղավ՝ առաջին անգամ դասավորել արտաքին որմասյուները և պատուհանները, որոնց ճիշտ դասավորության համոզվիլ ուզողները թող տեսնեն Անիի գագկաշեն ս. Գրիգորը և Զվարթնոցի իսկական պատկեր՝ Բանակի եկեղեցին։

Ուստի, երբ պ. Տեր–Սարգսյանի հետ գնացինք Զվարթնոց, Ձեր ներկայության ցույց տվի նաև սյուներուն և պատուհաններուն դասավորությունները, որն որ ընդունելի համարվելով նույն ճարտարապետին կողմանե, ավելցվեցան Ձեզ համար նորոգ կազմված հատակագծին վրա, ինչպես ութ կոր կամարներու շրջագիծը ներկայացնող բոլորակները արծվաքանդակ կրող սյուներու վրայեն անցած։

Այլևս կասկած չի մնար կարծեմ պ. Տեր–Սարգսյանի ինձմե օգտված ըլլալուն և մանրազնին բառին իմ աշխատությանս վերաբերվելուն. ուստի ավելի ուղիղ կըլլար, որ փոխանակ գրելու՝ «երբեմն խոսակցելով նրա հետ՝ գուցե սրա մտքերից ընդունել կամ յուրացրել է»[4] գրեիք առանց «գուցե»–ի։ Իսկ գալով «յուրացրել» բառին, Ձեզի կվերադարձնեմ, անոր պարզապես գրգռիչ իմաստ պարունակելուն համար, որովհետև մինչև այսօր պ. Տեր-Սարգսյան, պաշտոնական շրջանակի մեջ կամ մամուլի միջոցով, փաստացի կերպով դեռ ձեոնամուխ չէ եղած իմ սեփականություններուս Ձեր գրվածքներն են միայն հրապարակի վրա և անոնց մեջ շփոթված միույն կամ մյուսին իրավունքները։

Ուրեմն եզրակացությունը պարզ է, որ ես եմ մանրազնին հատակագիծը պատրաստողը և Տեր-Սարգսյան ինձմե ընդօրինակող եղած է տեղին վրա անհետացած մասերու, նաև՝ բացի հատակագծեն, առաջին հարկի ամբողջ բարձրության մեջ։ Իսկ ինչ կվերաբերի գմբեթի կազմության մասին ինձմե տարբեր կարծիք ունենալուն, ցանկալի էր, որ մինչև այսօր իր կարծիքը հրապարակի վրա դրված ըլլար և ենթարկվեր կարող մասնագետ ներդ անաչառ քննադատության։

«Ենթադրյալ գաղտնիքների մեջ ի՞նչ մասնակցություն կարող էի և պետք է ունենայի» խոսքերնիդ անարդար խուսափում մը ցույց կուտա. ընդհակառակը, Դուք իրավամբ պետք է պարծենաք, որ եթե օր մը Զվարթնոց եկեղեվո վերակազմության խնդիրը իր ցանկալի լուծումը ստանա, այն ալ Ձեր ջանքերուն պիտի պարտինք, որովհետև միայն դուք եք ի սկզբանե այդ խնդիրը հուզող, անոր մասին վիճող և զանազան կարող ճարտարապետներու քննության ենթարկողը։ Կհավատամ նաև, որ մինչև վերջը պիտի տանիք, ինչո՞ւ ուրեմն խույս տալ այդ արդար փառասիրութենեն։ Միայն կցավիմ, որ հաճախ պատահեր եմ էջմիածին, երբ Դուք կարող ճարտարապետներու ընկերակցությամբ գնացեր եք Զվարթնոցը ուսումնասիրելու և չեք բարեհաճեր զիս այ անոնց մեջ տեսնել՝ կարծիքներու փոխանակության համար, և կամ գոնե այդ գործին վրա իբրև ամենեն շատ աշխատող մարդ ուսումնասիրությանց դյուրություն տալու համար։ Չգիտեմ իմ վարպետի աստիճանս էր արգելք, թե մի ուրիշ ավելի զորեղ պատճառ՝ այդ պատիվեն զրկվելուս։ Ձեզ միայն հայտնի է։

Կամա թե ակամա կրկնակի սխալեցաք այն ատեն, երբ Ձեր ներկայացուցած հատակագիծը ճարտարապետ պ. Տեր-Սարգսյանի անվան հետ կապելով հանդերձ, բացի ուրիշ անկանոնություններե, փոխանակ հինգ դռան՝ երեք դռնով հրապարակ հանեցիք, որուն մասին պ. Տեր-Սարգսյան, իբրև համալսարանական ճարտարապետ, իրավունք ուներ բողոքելու, քանի որ համալսարանական արվեստագետի մը անունով եղած գործը «ճեմարանի աշակերտի մը» գործեն ավելի ստորին աստիճանի վրա կմնար։ Գոնե ծանոթություն ալ չավելցուցիք այդ մասին արվեստագետին պատիվը խնայած ըլլալու համար։ Ոչ միայն այդ բանը չըրիք, այլև չորս տարի հետո նույն աններելի վարմունքը կրկնեցիք «Ազգագրական հանդեսի» մեջ, տպելով միևնույն հատակագծերը՝ աննշմարելի կերպով քերթված պակաս դրանց տեղերը[5]։

Ոչ ոք պատասխանատու չէ կարծեմ Ձեր դժբախտ կլիշեի գլխեն անցած արկածալից պատմություններուն, և ոչ ոք ալ մեղավոր՝ Ձեր անճշտություններուն համար զՁեզ քննադատելով. փաստը վերին աստիճանի տգեղ և աններելի է գիտնականի մը պատվույն։ Արդարանալու համար բավական չէ մեղքը Պետերբուրգի ճարտարապետ պ. Թամանյանի վիզը փաթաթելը[6] . ենթադրենք, որ պ. Թամանյան իբրև մարդ սխալվեցավ և մոռացավ երկու դռները, միթե՞ ներելի էր Ձեզ՝ ըսել թե «խուսափել էր իմ ուշադրությունից»։ Պ. Թամանյան, եթե մի սխալ հատակագիծ տվավ, իր դիմաց ուներ անհատ մը միայն, իսկ ինչ եղավ Ձեր գիտակցության, որ չքննեցիք մանրամասն կերպով, քանի որ Դուք այև սխալը պիտի ներկայացնեիք ամբողջ գիտական աշխարհին և պիտի հավերժացնեիք պատմության մեջ։ Ընդունենք, որ իբրև մարդ Դուք ալ սխալեցիք 1904 թվականին, չէ՞ր կարելի արդյոք նորը պատրաստել տալ 1907 թվին՝ «Ազգագրական հանդեսի» համար, փոխանակ կլիշեին վրա քերթելու։

Բավական չէ մարդու մը համար ամեն տեսակ մասնագիտության մեջ հմտություն ունեցած ըլլալու, նախանձելի ձգտումը, պետք է մի քիչ ալ մշակված ըլլալ այն մասնագիտության մեջ, որուն մասին մեկը ցույց տալ կուզե իր հմտությունը։ Ահա այս իրավացի պատճառով է, որ շփոթություններու և հակասություններու մեջ կգլորվիք, երբ Ձեր մասնագիտութենեն դուրս ալ քննադատության մեջ կմտնիք։ Արդար չէ՞ արդյոք այստեղ հիշել «կոշկակարն մինչև ցկոշիկ» առածը։

ճարտարապետական գծերու և անոնց պաշտոններու մասին Ձեր բոլորովին անտեղյակ ըլլալն է, որ մտքերնուդ մեջ կարգ մը երևակայական սխալներ ստեղծեր եք իմ հատակագծիս վրա, և Ձեր ներկայացուցածը անհամեմատ առավելություններով օժտված։

Երբ ես արվեստով ճարտարապետ ըլլալով, իմ կազմած հատակագիծս քննադատության ենթարկվի աստվածաբան վարդապետի մը կողմանե, որչափ ավելի կասկածելի պետք է որ համարվի աստվածաբան վարդապետի մը ներկայացուցած ճարտարապետական հատակագիծը, որուն սխալները կրկնված են, բացի Զվարթնոցեն, նաև ուրիշ հատակագծերու մեջ ալ: «Էջմիածին և հայոց հնագույն եկեղեցիներ» 11 երեսի վրա Ձեր ներկայացուցած էջմիածնի հատակագիծը, եթե բաղդատենք իսկականին հետ, անմիջապես կհամոզվիք ըսածիս ճշմարտության։ Այդ հատակագծին վրա որտեղե՞ն է առաջ եկած ներքին կողմեն, հյուսիս և հարավ կողմի abside-ներեն (խորան) մինչև արևելյան ավանդատուները եղած միջոցին մեկ մետրեն ավելի երկայնությունը, քան հակառակ կողմը, մինչդեռ իրականության մեջ՝ ընդհակառակը, Ձեր հատակագծի վրա երկայն եղող մասերը քանի մը սանտիմով ալ ավելի կարճ են, քան abside-ներեն մինչև արևմտյան պատը գտնված երկայնությունը։ Ավելորդ համարելով ուրիշ մասերու վրա խոսիլ առայժմ, կվերադառնամ նյութիս։ Պատասխանատվության ամեն տեսակ ծանրություններ հանձն առնելով, վստահ կերպով հրապարակավ կհայտարարեմ, թե իմ Զվարթնոցի հատակագիծս միանգամայն ճիշտ է և իրականին լիովին համապատասխան, և պատրաստ եմ Ձեր իսկ ընտրած մասնագետներու ներկայության փորձի ենթարկել, երբ կկամենաք։ Այն սխալները, որոնք ցույց կտրվին իմ հատակագծիս վրա Ձեր կողմանե, խծբծանքե ավելի նշանակություն չունին[7]։

ա) Եկեղեցու շուրջ բոլոր տարածված աստիճանները բուն եկեղեցվո մաս չեն կազմեր, ամեն մարդ ազատ է զանոնք ներկայացնել կամ ոչ։ Արդարև ներկայացնելով՝ առավելություն մը տրված կհամարվի, բայց չներկայացննելով ալ եկեղեցվո հատակագիծը իր ամբողջութենեն ոչինչ չի կորսնցներ։

բ) Գլխավոր սեղանի աջ կողմի մասանց գզրոցը շենք կամ շինության մաս չէ. «գզրոց» անունը բավական է ապացուցանելու, որ նա կահկարասիքի արժեք միայն ունի։

գ) Սեղանից դեպի ներքև իջնող երկու աստիճանները[8] բոլորովին ճիշտ են, տարաբախտաբար Դուք եք սխալած և չեք կարողացած հասկնալ, որ այդ եկեղեցիի նախկին սեղանն է, ո- րուն մասին խոսեր եք «Ազգագրական հանդեսի» XVI գիրք, 137 երեսի վրա. յուրաքանչյուր կողմի զույգ սանդուղքներուն մեկը վար իջնելու կծառայե և մյուսը՝ սեղան բարձրանալու։ 1904 թվականին ես նույն ձևը մասնավորապես գծեր եմ նաև Պետերբուրգի կայսերական հնագիտական մասնաժողովի համար ևս, որն որ խրկվեցավ Խաչիկ վարդապետի ձեռքով։

դ) Պիլաստրների—եկեղեցու ներսից—հատակում շուրջ բոլոր տարածված մայթ անվանածնիդ մայթ չէ, այլ մի ուրիշ նշանակություն ունեցող գիծ, որն որ ըստ ինքյան շատ հետաքրքրական երևույթ է հայ ճարտարապետության մեջ, ինչպես նաև Ձեր քիչ մը վարը՝ «երկրորդ շրջագիծ միացնում են բոլոր սյուները» ըսածը, որ գրեթե նույնն է Ձեր մայթ անվանածին հետ։ Ես նպատակավոր կերպով լռության տված էի այդ մասերուն վրա բացատրություն տալ՝ առանձին հոդվածով խոսելու համար, բայց եթե կփափագիք, մասնագիտական ժողովի մը առջև պատրաստ եմ բացատրելու այդ Ձեզ համար անհասկանալի գծերուն նշանակությունը։

«Չունի՝ արևելյան քառանկյունի շինության արտաքին կողմի երեք աստիճանները» ըսածնիդ ալ դարձյալ արդյունք է Ձեր անուշադրության. եթե անգամ մը ևս երթաք տեղին վրա մասնավորապես քննելու համար, պիտի տեսնեք, որ ունի այդ երեք աստիճանները։

Իսկ գալով ամենագլխավոր հարցին, Ձեր հատակագծի առավելություններուն և անոր իմ հատակագծես ունեցած կարծեցյալ տարբերություններուն, զարմանքնիդ շատ բնական պիտի ըլլար, եթե Դուք կարողանայիք բացատրել ինձի Ձեր ցույց տված առավելություններուն իրականին մեջ ինչ ներկայացնելը։

Գմբեթի մասին խոսած ատեննիդ, «կրկնակի քառակուսի գիծ» ըսելով ի՞նչ ըսել ուզեր եք և ի՞նչ եք հասկցեր այդ քառակուսի գծերեն։ Իմ հատակագծես զանազանվող այդ քառակուսի գծերուն դեպի սյունազարդ թևերուն կողմը եղած (Ձեր հատակագծի մեջ) երրորդ սուր գծին իրականին մեջ գոյության ի՞նչ ապացույց ունիք։ Ես պարզապես կմերժեմ այդ գծի գոյությունը։

Ինչո՞ւ համար Ձեր շուրջ բոլոր աստիճանները եկեղեցին ամեն կողմեն շըրաջապատած են, քանի որ իրականության մեջ՝ սկսյալ արևմտյան դռնեն ամբողջ հարավային կողմը՝ բնավ գոյություն չունի։ Ի՞նչ ապացույց գոնե ի հնումն անոր գոյության, երբ Դուք պատմության միջոցավ ալ գիտեք, թե «եկեղեցուց առաջ Ներսեսը հիմք ձգեց» կաթողիկոսարանին[9], և աստիճաններու ընդհատումն ալ հառաջ եկած է կաթողիկոսական շինությանց տաճարին անմիջապես մոտը գտնվելուն պատճառով[10]։

  1. «Մշակ», 1909, Մ. 52—54, 57—60, Թորամանյան Թ., Նյութեր..., հ. 2, էջ 283—286։ «Նամակներ», էջ 122—129։
  2. Այդ հարցումը հետևյալն է. «Но разве О. Месропу неизвестно, что архитектор Тораманян не только нарисовал общий план всех построек, но первый разгадал своеобразную структуру круглого храма бдящих сил, первый же составил соответственно подробный, притом мотивированный план этой «главный»(բուն) церкви?, и Т. Тораманян давно уже напечатал... Многоуважаемый О. Месроп, надеюсь, после сих моих строк найдет целесообразным заблаговременно высказаться в печати как вполне сведущее в данном пункте лицо, насколько это замечательное совпадение возникло зависимо или , наоборот, независимо от реконструкции архитектора Тороса Тораманяна» Ն. Մառ, «Անվո շարք» № 2, 1908, Ս.Պետերբուրգ:
  3. «Ազգագրական հանդես», XV գիրք, 1907, էջ 90, Թիֆլիս։
  4. Տեր-Սարգսյան, Ակամա պատասխան, «Արարատ», 1909, № 1, էջ 66
  5. «Ազգագրական հանդես» XV գիրք, էջ 128, XVI գիրք, էջ 131:
  6. Թ. Թորամանյանի ակնարկը ուղղված է Մեսրոպ վարդապետի «Ակամա պատասխան» հոդվածի («Արարատ», № 1, 1909, էջ 71) հետևյալ տողերին. «Մնում է բացատրել «երկու դռների գաղտնիքը... Տեր Սարգսյանի լուսանկարը բավական էր, լավագույն կլիշեի համար իմ խնդրանոք Պետերբուրգում ճարտարապետ Թամանյանը թանաքով վերանկարեց, և նա էր մոռացել այդ «երկու դռները» նկարում. նույնը խուսափել էր իմ ուշադրությունից, որ փորձեցի սրբագրել, հին կլիշեում փորփրելով համապատասխան պատուհանները»
  7. «Արագած», 1909, հունվար, էջ 69:
  8. «Մուրճ», № 5, 1405, պատկ. Դ. 1
  9. «Ազգագրական հանդես», XV գիրք, 1907, էջ 105: Հետագայում գրած մի աշխատության մեջ Թորամանյանը հանգել է հակառակ եզրակացության (կազմողներ):
  10. «Ազգագրական հանդես», XVI գիրք, 1907, էջ 152։