Jump to content

Զվարթնոց, Գագկաշեն/Խմբագրի կողմից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խմբագրի կողմից

ԽՄԲԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

Հայ ճարտարապետության գիտական ոաումնասիրության ռահվիրա Թորոս Թորամանյանը թողել է հարուստ ժառանգություն։ Դրա զգալի մասը լույս է տեսել նախասովետական շրջանում՝ գերազանցապես ցրված պարբերական մամուլի էջերում։ Գիտնականի աշխատությունների հիմնական մասը երկու ստվարածավալ հատորներով լույս տեսավ նրա մահից հետո (1942 և 1948 թվականներին)՝ «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» խորագրով։ Հրատարակված են նաև Թորամանյանի նամակների ժողովածուն (1968 թ.), Զվարթնոցի տաճարին վերաբերող աշխատություններից քաղվածքներ առանձին գրքով (1978 թ.), գիտնականի գործունեությունը և գիտական ժառանգությունը լուսաբանող գրքույկներ, հոդվածներ, հիշողություններ։

Այդ ամենով հանդերձ, Թորամանյանի գիտական ժառանգության հրատարակումը և պրոպագանդումը դեռևս բավարար ուշադրության չեն արժանացել (Թորամանյանի ծավալուն ժողովածուն՝ «Նյութերը», հրատարակված լինելով շուրջ 40 տարի առաջ՝ I հատորը ընդամենը 1500, 11-ը` 3000 տպաքանակով, ներկայումս քչերին է մատչելի)։ Այդ բացը գոնե մասամբ լրացնելու է ներկա հրատարակությունը։

Բացի զուտ գիտական հետազոտությունների օբյեկտ լինելուց, Զվարթնոցն իր անանց գեղարվեստական արժեքով, խիզախ ու աննախադեպ հորինվածքի առանձնահատկություններով դարձել է մասսայական հետաքրքրության և ուշադրության առարկա, զարդարում է հանրապետական տուրիստական երթուղիները։ Այդ հանգամանքը, ինչպես նաև Գագկաշենի անմատչելի լինելը դիտարկումների և ոաումնասիրությունների համար մեծապես կարևորում են ժողովածուն։

Զվարթնոցի և զվարթնոցատիպ տաճարների (Գագկաշեն, Բանակ և այլն) ուսումնասիրությունը կազմել է Թորամանյանի գիտահետազոտական գործունեության կարևոր մասը։ Զվարթնոցի հետ է կապված նրա առաջին գիտական մկրտությունը. երբ սրանից ուղիղ ութսուն տարի առաջ հենց Թորամանյանի ջանքերով հողի թանձր շերտի տակից ազատված բեկորների հիման վրա ճարտարապետը կազմեց երբեմնի վեհաշուք տաճարի վերակազմության նախագիծը, մանրամասն հիմնավորելով այն «Զվարթնոց եկեղեցին» աշխատությունում (առաջին անգամ հրատարակվել է 1905 թ. «Մուրճ» ամսագրում)։ Դրանից հետո էլ գիտնականը քանիցս անդրադարձել է Զվարթնոցին, քննության առել նրա հետ կապված կարևոր շատ հարցեր (հիմնադրման և ավարտման ժամանակը, հայ ճարտարապետության մեջ գրաված տեղը, վարպետաց նշանները, հարակից շինությունների բնույթը, Ներսես Շինող կաթողիկոսի գործունեությունը և այլն):

Թորամանյանից բացի Զվարթնոցին անդրադարձել են նաև ուրիշները՝ հաստատելով կամ վիճարկելով մեծ ճարտարապետի վերակազմությունը։ Ի պատիվ Թորամանյանի պետք է ասել, որ նրա վերակազմությունը ինչպես հենց ծնունդի ժամանակ, այնպես էլ հետագայում բռնել է փայլուն քննություն։

Սույն ժողովածուն ընդգրկում է Զվարթնոցի և Գագկաշենի վերաբերյալ Թորամանյանի տարբեր տարիներին գրած աշխատությունները, որոնք արժանի տեղ են գրավում նրա գիտական ժառանգության մեջ։ Դրանք բոլորն էլ՝ բացի «Հայաստանի քաղաքական կացությունը V, VI և VII դդ.» աշխատությունից, այս կամ այն ծավալով լույս են տեսել նախկինում։ Այստեղ այդ աշխատություններն «առաջին անգամ ներկայացվում են համահավաք և ամբողջական ձևով, գրեթե առանց կրճատումների, անհամեմատ հարուստ գրաֆիկական և լուսանկարչական նյութերով։ Նաև կցված են Թորամանյանի տպագիր կամ ձեռագիր այլ աշխատություններից քաղվածքներ, որոնք անմիջականորեն առնչվում են Զվարթնոցին կամ Գագկաշենին։

Պատահական չէ այդ երկու հուշարձաններին նվիրված Թորամանյանի աշխատությունների միատեղ հրատարակումը։ Դրանք թեպետ ժամանակով տարբեր են, սակայն պատկանում են միևնույն՝ ուղղաձիգ առանցքի շուրջ համախմբված, եռաստիճան նվազող ծավալներով կենտրոնագմբեթ հորինվածքային տիպին (Գագկաշենի տաճարի մանրակերտն էր, գտնված Անիում 1906 թ. ակադ. Ն. Մառի պեղումներով, որ, ունենալով Զվարթնոցի ճիշտ Թորամանյանի վերակազմած ծավալատարածական հորինվածքը, փարատեց վերջինիս շուրջ եղած վեճերն ու տարակուսանքները)։ Ուշագրավ է, որ միջնադարյան հայ ճարտարապետության տարբեր փուլերին պատկանող այդ երկու տաճարների հորինվածքային ընդհանրության մեջ ակնհայտորեն դրսևորվում է հայ ճարտարապետության զարգացման կենսահաստատ սկզբունքներից մեկը՝ հորինվածքային ձևերի ժառանգորդական, հաջորդակցական փոխանցումը։