Jump to content

Էդ էլ քեզ կրիտիկա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԴ ԷԼ ՔԵԶ ԿՐԻՏԻԿԱ

«Արարատ» ամսագրի անցյալ տարվա ժա. և ժբ.-երորդ համարներում կարդացի, «Թե ո՞ւր են Ավարայր և Տղմուտ» վերնագրով պ. Գալուստ Շերմազանյանի մի երկար և ձիգ քննադատությունը պարոն Րաֆֆիի Պարսկաստանի ուղևորության երկրորդ նամակումը հայտնած մի կարծիքի դեմ, որով պարոն ճանապարհորդը հիշում է մի քանի ժողովրդական ավանդություններ Վարդանի, նորա պատերազմի և Ավարայրի դաշտի մասին:

Պարոն կրիտիկոսը յուր միտքը հաստատելու համար, անխտիր կերպով յուր քննադատության մեջն է կոխում բոլոր ուսած և սերտած խոսքերը Խորենացիեն, Ղազար Փարպեցուց, Ինճիճյանից, Եղիշեից, Այսմավուրքից, Չամչյանից և այլ պատմագրություններից:

Հիշյալ պատմագրություններից բերած վկայությունները այնքան խառնիխուռն և միմյանց հակասական են, որքան չէ վերաբերում և ոչինչ կապ չունի նորա քննադատության հետ պարոն կրիտիկոսի կյանքի ամբողջ պատմությունը, այսինքն 1865 թվի Թիֆլիսի անկարգությունը, Մագվա Ալիխանի որդվո հարսանիքը, յուր որսորդությունը խանի որդվո հետ, Զավոյի և Գասպարի վիրավորվիլը, պար եկող Մութրուֆի սպանվիլը, Սեմեոն վարդապետի հեքիաթները, Ռուսաց և Պարսից պատերազմը... և այլն, և այլն... պարոնը դեռևս շատ բաներ է ունեցել գրելու, ափսոս, որ շատն մոռացած է եղել...

Իսկ մեք կբավականամք այնքանով միայն, որքան պարոն կրիտիկոսը կարողացել է գրել, թեև նորա գրվածքի խաոսի մեջ ոչ միայն շփոթվիլ կարող է ամեն մի ընթերցողը, առանց մի որոշակի գաղափարի ամբողջություն դուրս բերելու նորա խոսքերեն, այլ շփոթվում է ինքը գրողը, երբ նկատում ենք, որ նա շատ տեղերում ինքն հակառակում է յուրյան, որը կաշխատենք ցուցանել մեր ընթերցողներին:

Միայն պետք է խոստովանած, թե մեք շատ հեռու ենք այն նպատակից, որ աշխատենք ապացուցանել, թե որքան ուղիղ, կամ սխալ է պարոն Րաֆֆին յուր կարծիքի մեջ, Ավարայրի դաշտի Խոյ քաղաքի, այսինքն` Դուզլաղի մոտ լինելու մասին: Որովհետև ինքը ճանապարհորդը վճռողականապես չէ հիմնվում յուր կարծիքի վերա, այլ նա հայտնում է մի քանի կենդանի ավանդություններ, ասելով. «Ես նայեցա», խիստ հավանական է մտածել, թե Վարդանանց պատերազմը, կամ սրբույն Վարդանա նահատակվիլը եղել է վերոհիշյալ մատուռի մոտակայքում, այսինքն` Ղոթուր գետի ափերու մոտ, որ կարծվում է պատմական Տղմուտը: Թեպետ հայերի շատերի կարծիքն այդ է, պատերազմի Մագվա դաշտերում լինելը, բայց այդ կարծիքը տարակուսական է: Որովհետև այնտեղ ոչ մի ընդարձակ դաշտ չէ հիշեցնում մեզ Ավարայրին և ոչ մի գետ` Տղմուտը: Բայց առավել հավանական է, թե գլխավոր պատերազմը եղել է Դուզլաղի հարավային կողմում, այն նվիրական աղբյուրների և այն ըստ ավանդության նետերով ծակծկոտյալ քարաժայռի մոտակայքում, ուր փոքր-ինչ Ղոթուր գետը յուր պղտոր ջրով, լիլային և ցեխոտ հատակով, ձևացնում է մի հեղեղատ, որին այլ անուն անհարմար էր տալ, քան անունս Տղմուտ: Եվ ընդարձակ դաշտը, այնպես ցամաք և անապատ, հիշեցնում է ողբալի Ավարայրը...:

Պարոն Շերմազանյանը, վերոհիշյալ խոսքերի ճշմարտությունը հերքելու համար, թափ տալով ամբողջ հայ պատմագրությունը, դուրս է բերում զանազան վկայություններ, իբր թե յուր միտքը հաստատելու Ավարայրի դաշտի պարոն Րաֆֆիի ցույց տված տեղում չլինելու մասին, չնայելով, որ նույնիսկ վկայություններով նա հաստատում է պարոն Րաֆֆիի կարծիքը:

Պ. Շերմազանյանը հիմնվելով Ղազար Փարպեցու (երես 8) և Չամչյանի (հատ. բ. երես 67) խոսքերի վերա, ասում է. «Մեր պատմիչներն հայտնի ասում են, թե Պենտեկոստեի մեծ տոնի ուրբաթ օրը Արտաշատ քաղաքեն, այսինքն Խորվիրաբեն սուրբ Վարդանը վեր առավ հայերի գունդն և հասավ Արտազ գավառի Ավարայր գյուղը կամ դաշտը, և շաբաթ օրը պատերազմը արին, այսինքն մին օրվան ճանապարհ»:

Ընդունելով առժամանակ հիշյալ խոսքերը իբրև ճշմարտություն մեք հասանում ենք մի այդպիսի եզրակացության, թե պ. կրիտիկոսը հայոց բանակի արշավանքի երկու ծայրերը դնում է Արտաշատեն կամ Խորվիրապեն սկսյալ մի օրվա ճանապարհի հեռավորությամբ մինչև Արտազ գավառի Ավարայր գյուղը, որ համարում է վերջին կետը, ուր վերջացած է պատերազմը:

Այժմ հարցը նորանումն է, թե Խորվիրապի մոտեն ճանապարհ ընկնելով հայոց բանակը նույն ուղղությամբ, որով տանում է նորանց պ. Շերմազանյանը, մի օրվա մեջ մինչև ո՞ւր կարող էին հասնել:

Երկաթուղու գաղափարն անգամ այդ դարումը ծանոթ չէր հայերին: Եթե ընդունեմք հայոց բանակը մի օրվա մեջ անդադար առաջ տանելու լիներ յուր արշավանքը, նա կհասներ միայն մինչև Մասիս լեռան արևելյան ստորոտը, այսինքն այժմյան Մագվա դաշտին: Ուրեմն պարոն Շերմազանյանի խոսքերից եզրափակելով, այստեղ պետք է համարել Արտազը կամ Ավարայրին:

Բայց Մագվա դաշտը, ասում է պարոն կրիտիկոսը, չէ Արտազը և ոչ Ավարայրին, այլ նորան կոչում է պատմական Գերատա դաշտը:

Եվ այդպես շեղվելով յուր հիմնական փաստից, պարոն Շերմազանյանը թողում է այժմյան Մագուն (Արտազը) անցնում է մինչև Ղարա-Զիադին (սխալմամբ կոչելով նորան Ղարա-Չիադին) գյուղը, և այնտեղ Չորսի դաշտը ցույց է տալիս պատմական Ավարայրի դաշտի լինելը, որը Խորվիրապից ոչ թե մի օրվա, այլ երեք օրվա ճանապարհորդության հեռավորություն ունի:

Մեր ընթերցողներին ցույց տալու համար, թե պարոն Շերմազանյանը ինքն չգիտե, թե ի՞նչ է գրում, այլ միմիայն լոկ անուններ է շարում միմյանց պոչից, և պատմական խառնիխուռն, անկապ վկայություններ է թափ տալիս, ավելորդ չեմք համարում հիշել նորա խոսքերից մինը, որ ոչ միայն հակառակում է յուրյան, այլ բոլորովին հաստատում է պարոն Րաֆֆիի կարծիքը:

Պարոն Շերմազանյանը բոլորովին շփոթելով յուր երկար և անկապ դրվածքի խաոսի մեջ, և մոռանալով յուր մի անգամ, Ավարայրի դաշտի Խորվիրապից մի օրվա ճանապարհի հեռավորությամբ ցույց տալը, Ղարա-Զիադինի մոտ Չորսի դաշտումը ցույց տալը, — ասում է. «Որպեսզի ընթերցողներին ավելի շուտով կարողանամ հասկացնել, հարմար եմ համարում սկսել ուղևորությունը Խորվիրապեն դեպի Հեր և Զարևանդ գավառն, որոց մեջին պետք է որոնած Ավարայրը և Տղմուտը»:

Հիմնվելով պարոնի վերջին խոսքերի վերա, պետք է վճռել, թե Ավարայրը և Տղմուտը գտնվում են Հերի և Զարևանդի մեջտեղում:

Շատ լավ.

Համարելով Հերը` այժմյան Խոյը, Զարևանդը` այժմյան Սալմաստը (որոց մասին պարոն Րաֆֆին և պարոն Շերմազանյանը համաձայն են միմյանց հետ) — ուրեմն Ավարայրին և Տղմուտը պետք է որոնել, ոչ թե Ղարա-Զիադինի կամ Չորսի դաշտերումը, այլ այդ երկու մահալների, այսինքն Խոյի և Սալմաստա մեջտեղում:

Գալով մի այդպիսի եզրակացության, ստիպվում ենք հարցնել պարոն Շերմազանյանին, — մի՞թե պարոն Րաֆֆիի ցույց տված տեղը Խոյի և Սալմաստա մեջտեղումը չէ:

Մենք չեմք կարծում, որ պարոնը չհամաձայնի մեզ հետ, երբ ինքը խոստովանում է պարոն Րաֆֆիի ցույց տված տեղերի Խոյի և Սալմաստա մեջտեղում լինելը2:

Ուրեմն պարոն Րաֆֆին ինչո՞վ է սխալ յուր կարծիքի մեջ:

Վերջին հարցը թողնում ենք նորից մտածել պարոն Շերմազանյանին...

Միայն կավելացնենք այդքանը, որ պարոն կրիտիկոսը ցանկացել է յուրյան ցույց տալ ոչ միայն հմուտ հայոց պատմագրության, այլև, պարսից և արաբացվոց: Պ. Րաֆֆիի Ղազանֆարի հիշատակարանի մասին նա ասում է, իբր թե արաբացի Մահամադ Հանըֆին է պատկանում և ոչ Ղազանֆարին: Պարոնը «լսել է զանգի ձայն, բայց չգիտե ուր է այն»:

Մահմադ Հանըֆի հիշատակարանը գտանվում է ոչ թե Խոյի մոտ, այլ Ուրմիո և Սալմաստա մեջտեղում, Իսի-Սու կոչված գյուղի հանքային տաք ջրերի մոտի գերեզմանատնում, ուր տեղային սունիների ուխտատեղին է:

Իսկ պարոն Րաֆֆին այդ տեղի մասին ոչինչ չէ գրել:

Ա՛խ, ես մոռացա ասել, որ պարոն Շերմազանյանը յուր քննադատությունը, այնքան բազմամասնյա նյութերից խառնած, թեև կատարյալ թուրքի հարիսա է շինել, այսուամենայնիվ պետք է խոստովանած, որ նա մի նշանավոր բնագիտական գյուտ է արած, որն է արդյունք նորա երկարամյա Պարսկաստանի աշխարհի հետազոտությանը, — այն է անուշահոտ մշկի յուր ցույց տված Ավարայրի դաշտումը արածող այծյամների պորտի վերա գոյանալն:

Եթե լուսավոր Եվրոպան յուրյան թույլ կտար հավատալ այդպիսի առասպելին, մեք խորհուրդ կտայինք պարոնին յուր արած գյուտը Լոնդոնի արքունական երևելի բնագիտական ակադեմիային հայտնել, ի փառս գիտության: