Jump to content

Էլեգիա, գրված Վենետիկում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էլեգիա, գրված Վենետիկում

I

Տեսի երկիրը ես Իտալիո,
Եվ Վենետիկը, և գոնդոլներ...
Այնտեղ շրջում է պոետը մեր
Երազային իր տարտամ քայլով։

Չշլացած այն փարթամ փայլով,
Գեղեցկությամբ այն հեքիաթային,
Նա օրորում էր երգով մի հին
Իր սիրտը, սիրտը դեռ դայլայլող։
Այնտեղ արևը քնքուշ բույրով
Ցողում էր ծովը այնպե՜ս հեշտին,
Իսկ նա հիվանդ էր հին մի վշտից,
Հին մորմոքից՝ իր սիրտը այրող։
Նա իր սրտով հին, հին քնարով
Եվ մատներով իր՝ արդեն անուժ՝
Դեռ գուրգուրում էր հեռու մի հուշ—
Եվ այնպե՜ս, այնպե՜ս, այնպե՜ս անուշ
Նա փաղաքշում էր հուշը այդ ուշ,
Եվ ի՞նչ էր հուշը.— մշուշ ու մուժ։—

II

Նա երազում էր Արփաչայը
Եվ հին Գյումրին իր հեռավոր—
Եվ այն, ինչ հին էր, հուշ էր, այլ էր—
Նրան թվում էր առավոտ։
Նա ինձ ասում էր.— հեռվում հեռու,
Ուր դա՛շտն է, դա՛շտն է Շիրակի,
Կա հին խրճիթ մի, մի տուն խարխուլ,
Որ ազատվել է կրակից։
Այնտեղ հոսում է մի հաշտ առու
Եվ բարդիները երկնասլաց
Հիմա հիշում են երգը իրա
Եվ գլուխները թափահարում։
Նրանք թափում են թերթերը չոր,
Ծածկում խրճիթը հնամյա այն,
Ինչպես երգերը մահամնա[1],
Որ հեծկլտում են համր լացով։
Այն իր խրճի՛թն է.— Այնտե՛ղ է նա
Հյուսել երգերն իր ու երազել։
Այնտեղ վարդե՜ր կան, թերթեր դեղնած,
Այնտեղ երազ կա, ու երգ, ու սեր։—

III

Նա դեգերել էր, եղել էր նա
Շատ ծովերում ու ցամաքներում
Եվ ամենո՛ւր նա, օ ամենո՛ւր
Տեսել էր նույնը։— Քաղաքներում
Գործարաններ էր տեսել նա բյուր,
Ու գործավորներ՝ համր ու հլու,
Ու գործավորներ՝ ինչպես թաբուն[2]։
Եվ ամեհի այդ քաղաքներում,
Օծված ցնորքով ու վաստակով՝
Նա ամբոխներ էր տեսել հլու
Եվ տերեր՝ շռայլ ու հաստափոր։
Կյանքում տեսել էր նա լոկ տերեր
Եվ բազմություններ կամակատար,
Որ ընդունակ են կյանքը կրել,
Ինչպես օրենք մի հավերժական։
Եվ նա ատել էր այդ տերերին,
Բայց ավելի՝ այդ թաբուննե՛րը,
Նրանց, ում կյանքը անիծել է
Եվ դարձրել է ճորտ ու գերի։
Եվ նա ասում էր։— Երկրի վրա
Գազա՛ն է, գա՛յլ է մարդը մարդուն։
Կյանքի օրենքն է հավերժական,
Որ մեկը լաթ է, մեկը՝ արդուկ։—
Եվ նա ասում էր՝ նո՛ւյնն է մարդը
Եվ միշտ էլ նույնը կմնա,
Մինչև ցնդի այս ակնթարթը,
Որ ընթանում է դեպի մահ։
Ամբողջ կյանքում նա ու աշխարհում
Միայն այս բանն էր հասկացել—
Եվ պատրանքին այս, ստին հլու՝
Նա երազել էր ու լացել։

IV

Եվ թափառում էր նա, որբ ու ծեր,
Քաղաքներում այդ բազմաժխոր,
Որ ողողված են երկաթաշեն
Գործարանների թանձր ծխով։
Չտեսնված մի, քանդող խանդով
Շաչում էր շուրջը մի գոռ պայքար.
Ամեն վայրկյանը— մի գործադուլ,
Անդուլ կռիվ մի հերոսական...
Սակայն հոգին իր՝ հավիտյան խուլ
Խոլ պայքարին այդ աշխարհաշեն՝
Քաշվում էր մեջն իր, ինչպես խխունջ,
Կամ օրորվում էր, ինչպես տաշեղ։
Ուրի՜շ երազ էր նրան հուզել,
Ուրիշ ցնորք մի, սեր հնագույն—
Եվ հարազատ էր նրա հոգուն
Միայն այդ հինը։— Օ, նա կուզեր
Հեռու տնակն իր վերադառնալ,
Գտնել առվակը կրկին այն հին,
Ուր իր երգերը կարկաչեին
Երազային ու տխրաբարբառ։—
Սակայն մեր կյանքը սավետական
Նրան թվում էր անթով ու սուտ.
Նրա աղմուկը խորթ էր նրան
Եվ անհաղորդ էր նրա լեզուն։
Նրան թվում էր մեր լույսը՝ ցուրտ,
Մեր արեգակը՝ գիշերային,
Մեր քաղաքները՝ ահով լեցուն,
Եվ մեր դաշտերը՝ ամայի...
Նրա աչքին մեր Հոկտեմբերը
Ըմբոստ մի բունտ էր անիմաստ,
Որի ձգտումն էր ա՛յն բերելը,
Որ լոկ ցնորք է ու երազ։
Եվ մեր հորձանքը՝ երկրում ելած,
Մեր աշխատանքը դյուցազնական,
Նրան թվում էր սին մի երազ,
Որ ցնդելու է՝ ծանր ու դանդաղ։
Նրան թվում էր մանկան մի խաղ
Մեր ընդվզումը, պայքարը թեժ—
Եվ ուր որ կյանք են կերտում հիմա—
Նա լոկ տեսնում էր մահ ու աղետ։
Եվ ո՛ւժը, ո՛ւժը մեր՝ նոր ծագող,
Մեր հորձանուտը՝ կյանքում հորդած՝
Նրան թվում էր մութ մի հորդա՝
Ու ավերող լոկ ու կործանող։
Եվ աշխարհում մեր նաիրական
Մեր մենամարտը ընդդեմ հնի—
Նրան թվում էր անիրական,
Ինչպես տարտամ մի, խառը վայրկյան,
Երբ արթնանում ես ծանր քնից։
Եվ նա ասում էր.— Մինչև շիրիմ
Պիտի նույն հուշը նա օրորե,
Եվ չե՜ն գա, չե՜ն գա պայծառ օրեր
Ո՛չ ծեր սրտին իր, ո՛չ աշխարհին։
Անցածը հուշ էր չնաշխարհիկ
Նրա սրտի՛ն ծեր, գալիքը— սուտ,
Եվ օրորուն այս հին երազով՝
Իրեն կարծում էր նոր մի Նազոն,
Որ հայրենի իր երկրից անդին
Շրջում է որբ ու վտարանդի։—

V

Ես լսում էի նրան հանգիստ
Եվ փակում էի աչքերս երբ—
Թվում էր մեկը երգում է երգ,
Որ հին է, հին է, ինչպես զանգի
Տխուր ղողանջը օրերում այն,
Երբ նաիրյան մի եկեղեցի
Շռայլ՝ փռում էր երկրի վրա
Իր «օրհնությունը» և «եղիցին...»։
Բացվում էր դեմս մի մութ կամար,
Ուր արեգակը՝ թելից կախած՝
Լուսավորում էր քաղաքներ մառ
Ու գյուղեր՝ ծխոտ ու խեղդամահ։
Թախիծ էր, թույն էր այն աշխարհում,
Այնտեղ մամուռ էր միայն աճում.
Այնտեղ տերտերն էր ու վաշխառուն
Ու խարազա՛նն էր այնտեղ շաչում։
Եվ հաշտ առուն այն, հեքիաթ-առուն,
Որ երազում էր կարոտով նա—
Այն արոտնե՛րն էր միայն ջրում,
Որոնց տիրում էր մի ռես Հովնան։
Մյուս դաշտերը— չլուտ ու չոր,
Ու դաշտերում այն— գրաստ-ապին,
Հագին նեխած մի, ցեխոտ շապիկ,
Հոգին միշտ համր, հրատոչոր։
Եվ ժամը, ժամը գյուղամիջում՝
Կյանքի վրա այդ նստած թուխսի,
Եվ քահանան ծեր ու ծեր մուխսին,
Եվ աղոթքները Եղսան բաջու։
Իսկ քաղաքնե՞րը... Այստեղ արդեն,
Որպես առանցքը ամբողջ կյանքի—
Բարսեղ աղա մի, կամ մի Արսեն՝
Կիսաչարչի ու կիսաբանկիր։
Ահա իմ դե՛մն է, դե՛մն է իմ նա.
Տեսնում եմ դեմքը նրա ճարպոտ.
Խոզի մռութ մի, ուռած մի փոր.
Նա ուղարկում է որդուն գիմնազ,
Ունի տներ ու խանութներ մեծ,
Գիտե ուտել կուշտ, չափով խմել,
Սակայն սիրում է անչափ, անչափ
Ծծել քրտինքը բազմաչարչար
Բանակների այն, որ աշխարհում
Միայն հոգնում են ու աշխատում։
Ահա՛ առանցքը։— Շուրջը սակայն.
Ինչպես լուսինը շուրջը հողի—
Դառնում է կյանքը նաիրական
Ու լիանում է նրա շողից...
Հլու ու համր նրա խոսքին
Ու շարժումին մի նրա մատի—
Ջրօրհնեքից[3], օ, մինչև զատիկ—
Դառնում է շուրջը կյանքը «ազգի»։
Դառնում են շուրջը գրքեր, թերթեր,
Դպրոց, թատրոն ու եկեղեցի,
Տներ, կառքեր բյուր, օթո ու ձի,
Հոգաբարձու[4] ու վարձու տերտեր։
Դառնում են շուրջը վարժապետներ,
Որ ըստ տեղի ու ժամանակի՝
Թե՛ փաստաբան են, գրող են թե՛,
Թե՛ խմբապետ են, թե՛ խմբագիր։
Նրանք են ուղը[5], աղը կյանքի,
Նրանք են փայլը աշխարհի այն,
Ուր արևում է վերից մի «հայ»
Կիսաչարչի ու կիսաբանկիր։
Նա վե՛րն է, վե՛րն է, ինչպես արև,
Փառաբանում են նրանք նրան,
Եվ նա թափում է նրանց վրա
Իր բարությունը՝ փայլը հրե։
Եվ նա թվում է նրանց օրենք,
Ինչպես արևը հավերժական,
Որ պարգևում է պայծառ օրեր
Եվ շնորհում է թե՛ լույս, թե՛ կյանք։—
Ահա՛ ցնորքը, բախտը բուրյան,
Որ երազում էր նրա հոգին.
Թեկուզ այս կյանքը մթին էր «քիչ»,
Բայց... «հարազատ էր ու նաիրյան»։
Այս կյանքը փառք էր թվում նրան,
Անհուն դրախտ մի՝ հուշով նախշուն։
Եվ ա՛յս էր, ա՛յս էր, ա՛յս էր, որ նա
Չնաշխարհիկ մի բախտ էր հաշվում...

VI

...Ես պատմում էի նրան, թե մեր
Երկիրը ի՜նչ է հիմա դառնում
Եվ ի՜նչ ուժեր են հիմա հառնում
Իր երազած այն աշխարհի դե՛մ։
Ես պատմում էի այգը մեր մեծ
Եվ առավոտը մեր իրական
Եվ այն, որ սիրտս թինդով երգեց,
Եվ այն, որ նոր է ու պիտի գա։
Ես ասում էի.— երկրում հեռու,
Ուր մեր աշխարհն է սավետական,
Հիմա ելնում է ուրի՜շ մի կյանք
Եվ ա՛յլ պայքար է հիմա եռում։
Որ այն, ինչ մութ էր, հնին անտես,
Որ խորշերում էր, ներսում, միգում—
Հիմա դառել է հրե մի գունդ
Եվ բորբոքում է կյանքը այնտեղ։
Որ ոնց գարնանը հեղեղը գա
Եվ կապանքները ձմռան քանդե—
Այդպես մրրիկը այն հեռակա
Խուլ աշխարհում մեր արձագանքեց։
Ինչպես հանքում հին, երբ վերևի
Շերտերը ծուխ են արդեն դառնում—
Ուրիշ ուժեր են վարից հառնում
Ու բարձրանում են վեր՝ արևին,—
Այդպես մրրիկը այն կարմրակեզ,
Որ Հոկտեմբեր է հիմա կոչվում—
Բերեց երկրին մեր նո՛ր մի աճում
Եվ աշխարհնե՛ր նոր հանեց հանդես։
Եվ այդ աշխարհը, ուժը այդ մեր—
Օ, ա՜յլ է, ա՜յլ է, չեղած երբեք.
Որպեսզի գար նա, կյանքում հորդեր—
Դեռ հարկավոր էր հինը սրբել։
Այդ ուժը նո՛ր է, ձերին օտար,
Ձերին ներհա՛կ միշտ ու հակադիր,
Ինչպես փայտի՛ դեմ— հալած մետաղ,
Ինչպես ջրի՛ դեմ— հրի հատիկ։
Դա մեր բանակն է, ելած վարի՛ց,
Խուլ խավարի՛ց ձեր աշխարհի այն,
Որ մեր քրտինքը փոխում քարի՝
Եվ մեզ թողնում էր արյուն միայն։
Մեր կյանքը մութ էր ձեր աշխարհում,
Անդուռ նկուղ էր, անանց ձմեռ.
Եկավ պայքարը, ցուրտը ցրեց—
Եվ ձմեռի՛ տեղ— տեսանք գարուն։
Մենք մեր օրերը, այգը դարու
Հոկտեմբերից ենք հիմա հաշվում
Եվ անհաջող մի, հիմար սիրուց
Դեպի լեռները մենք չե՛նք քաշվում։
Եվ սրտերում մեր— տրտունջ չկա.
Մենք հավատում ենք հիմա կյանքին.
Մեզ հմայում են գործ ու պայքար
Եվ հոգնությունը աշխատանքի։
Քո ճանապարհը աշխարհում այն
Դու գնացել ես մեն ու մենակ—
Իսկ մենք անթիվ ենք, անհուն բանակ
Եվ կառուցում ենք հիմա անահ
Մեր նոր աշխարհը՝ պայծառ ու լայն։
Եվ մենք ասում ենք.— Մե՛նք ենք հիմքը
Ամբողջ կյանքի ու մարդկության.
Ամբողջ աշխարհը հայրենիք է
Եվ աշխատանքը ու քրտինքը
Օ, նո՜ր աշխարհ մի պիտի տան—
Նրանց, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մերկ է ու անտուն,
Բայց պայքարում են հիմա անդուլ
Եվ աշխատում են ստեղծել
Նոր մարդկություն մի՝ անցավ, անցեց...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Մեր երգը— սա՛ է։ Եվ մենք հիմա
Խուլ աշխարհում մեր նաիրական
Բերել ենք ուժ նոր, ու թա՛փ, ու կա՛մք,
Որպեսզի կյանքը աշխարհի ա՛յն,
Որ դուք քանդել եք ու կործանել—
Վերաշինենք ու վերածնենք։—
Եվ մենք անթիվ ենք ու անհաշիվ,
Մենք մեր երկրում ենք ու ամենուր—
Եվ անհաջող մի, հիմար սիրուց
Դեպի լեռները մենք չենք քաշվի։—
Հիմա ելնում ենք մենք մեր կաշվից,
Հիմա հոգնում ենք, տքնում անքուն,
Որ մեր զնգուն այն, հիմար Զանգուն
Քիլովատներ ու վոյլտեր հաշվի։
Ուր անապատ էր, դաշտ էր ամա,
Ուր լոկ երաշտ էր ու մահ բոցե—
Մենք ջրանցքներ ենք շինել հիմա
Եվ մեր դաշտերը ոսկեզօծել։
Այնտեղ, ուր հովն էր քո կարկաչում,
Ուր կուզեիր որ Զարոդ ապրի—
Հիմա դրել ենք երկաթ ֆաբրիկ
Եվ մեքենան է այնտեղ շաչում։
Եվ քիլովատը յուրաքանչյուր,
Ամեն մի վոյլտը այնտեղ հաշված—
Օ, ա՜յլ վոյլտեր է կյանքի կանչում
Եվ քիլովատներ հանում աշխարհ։
Օ, դաշտերում այն մեր անջրդի,
Ուր կառքը փառք էր, եթե գնար—
Մեր նոր բանա՛կն է ելնում բանտից,
Այնտեղ զնգում է երբ մեքենան։
Երբ ծխնելույզն է ծխում այնտեղ
Եվ հիդրոշենը փռում կայծեր—
Դա թա՛թն է, թա՛թն է մեր երկաթե
Քանդում աշխարհը հնամյա ձեր...
Այնտեղ մեր շուրջը ծփում է դեռ
Ճղճիմ ճահիճը ձեր ծանրանիստ—
Եվ տարիներ դեռ քանի՜, քանի՜
Պիտի նա թափը մեր կաշկանդե։
Կարծում ես հինը չկա՞ այնտեղ,
Քո երազածը՝ հուշով նախշած։—
Օ, ո՛չ.— կանգնած ենք դեռ դեմառդե՛մ
Երկրում մեր և՛ս— երկու աշխարհ։
Եվ ձե՛րը, ծե՛րը — ճնշող է դեռ։
Քո ներբողածը— դեռ կա՛, դեռ կա՛.
Եվ կլինի՛ նա երկա՜ր, երկա՜ր,
Քանի դեռ հինը մենք չենք քանդել։
Կապրի՛, կապրի՛ դեռ շունչդ այնտե՛ղ,
Կերգեն երգերը դեռ քո թողած,
Քանի կյանքում մեր կանգուն է դեռ
Ցնորք — բոստանը քո ներբողած։
Եվ դա՛ է, դա՛ է, դա՛ է արդեն,
Քո այդ բոստանն է ու զույգ բարդին
Եվ մեքենա՛ն մեր, որ դեմառդեմ
Հիմա ելել են մենամարտի։
Եվ այս պայքարը համր, լռին,
Այս մենամարտը մեր առօրյա—
Օ, ավելի՛ է տագնապալի,
Քան բարիկադը հոկտեմբերյան...
Օ, ձեր աշխարհը— դեռ կա՜, դեռ կա՜,
Նա դեռ նստած է, հաստանստուկ,
Եվ քո երգերը երեկ երգած
Դեռ շատերի՛ն են այնտեղ ազդում։
Բայց դա աշխարհն է մահապարտված,
Կյանքի մամուռը, տիղմը անհուն,
Որ բոստանի՛ն քո, առվին կառչած՝
Ե՛վ համառում է, և՛ հեռանում։
Եվ խուղերի երբ անդուլ մթում
Վառվում է լամպը էլեկտրական—
Դա մեր պայքա՛րն է ընդդեմ անդուռ
Խուլ աշխարհի ձեր նաիրական։
Եվ մեր քլունգը՝ լեռը քանդող՝
Երբ թունելներ է ձգում երկար—
Դա ո՛չ թե լեռն է քանդում անդուլ,
Այլ ձեր աշխարհը սարսափահար։
Քանդում, քանդում է նա անհանգիստ,
Քարե բերդերը շպրտում դեն
Եվ նո՜ր շերտեր է կանչում կյանքի
Եվ բանակնե՛ր նոր հանում հանդես։
Ելնո՜ւմ, ելնո՜ւմ են նրանք արդեն,
Ստվարանում են օրը օրին,
Ինչպես մետաղը երկրի խորից,
Ինչպես գարնանը հեղեղ հորդե։
— Դա հորձանուտն է բանվորական,
Հորդել — գալիս է ահագնորեն,
Որ ծանրությունը պայքարի այս
Լայն ուսերով իր էգուց կրե։
Գալի՜ս, գալի՜ս են նրանք ահա,
Լցնում երկիրը շառաչով զիլ,
Եվ մեր երգերը է՛լ ավելի
Հնչում են բարձր ու խանդավառ։
Դողում է հողը այդ ընթացքից
Եվ եռանդից այդ, խանդից անծայր,
Եվ մեր գալիքը՝ այնքա՜ն պայծառ
Ահա բացվում է իմ հայացքին...

VII

Այնքան պայծա՜ռ է այդ ապագան...
Տեսնում եմ՝ վա՛ղը, շաղոտ
Երկրի վրա մեր սավետական
Ահա բացվում է մի առավոտ։
Ահա գյուղեր ու քաղաքներ նոր՝
Երկաթ ցանցով մի իրար կապված,
Եվ առօրյա՛ն մեր ահա վաղվա՝
Լցված խինդով նոր ու աղմուկով։
Ահա շենքեր նոր, զվաթ տներ,
Ուր լո՜ւյս կա, լո՜ւյս կա, լո՜ւյս կա այնքան...
Չկան խուղերը նաիրական,
Ուր լույսը փառք էր, եթե լիներ։
Ու դարեր անթիվ ու տարիներ
Ապրում էր մարդը ինչպես միջատ,
Ու չար աստված մի՝ երկնից իջած՝
Օրհնում էր կյանքը այն մոխիրե...
Ելել է կյանքը, քնից զարթնել,
Դողում է հողը բեղուն բերքից.
Ու շո՜ւրջը, շո՜ւրջը, շո՜ւրջը երկրի—
Աշխարհը լա՜յն է ու անպատնեշ։
Աշխարհը դաշտ է մի համերաշխ,
Երկիրը ո՜նց է, ո՜նց է քրտնել...
Ապրում են շուրջը ժողովուրդներ՝
Եղբայրական ու հավիտյան հաշտ։
Եվ մա՛րդը, մա՛րդը ահա վաղվա՝
Հարվածներից հին մեջքը շտկած.
Ահա հայացքը, սիրտը իր պարզ
Եվ աշխարհում— իր քայլքը վստահ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ահա՛ ցնորքը մեր անսահման,
Մեր երազանքը, վարպե՛տ։— Սակայն
Սա երազանք է մի այնպիսի,
Որ չի՛ տրվի մեզ խոսքերով սին,
Որի համար— օ, դարե՜ր, դարե՜ր—
Մենք պայքարել ենք ու պայքարել։
Ու պայքարում ենք։— Իհա՛րկե դու
Մեր երազին այս չե՛ս հավատում։
Դու երազում ես, այստեղ նստած,
Մարմանդ առու մի, մի խուլ բոստան
Եվ հեզ զառնուկ մի, որ բառաչե—
Սակայն այդ երգը— մեր երգը չէ՛...

VIII

Եվ լսի՛ր, լսի՛ր, լսի՛ր, վարպե՛տ,—
Իզուր ես հինը դու երազում
Եվ զո՛ւր է, զո՛ւր է սիրտդ հարբել
Անմխիթար այդ, սին երազով։
Իզուր է սիրտը քո գազազում
Երկրի հանդեպ մեր վերածնվող.
Ո՛չ մեր երկիրն է շվայտ Հռոմ
Եվ ո՛չ էլ ինքդ— նոր մի Նազոն։
Իզուր ստին այդ, մթին գերի՝
Դու անիծում ես ուժը մեր նոր.—
Դու այդ ուժի՛ց ես փախել ելնող
Եվ ո՛չ թե, ո՛չ թե արքաներից։
Եվ գաս եթե դու երկիրը մեր
Եվ նույնը, նույնը, նույնը մնաս —
Մեր նոր արևը չի՛ գուրգուրե
Քո այդ երգերը մահամնա։
Քեզ կընդունե այն աշխարհը հին,
Որ դեռ ծամում է մամուռ ու ցեց,
Բայց այդ արևը ձմեռային
Դժվա՛ր թե սիրտդ տաքացնե։
Եվ կմնաս դու տխուր ու ծեր,
Այդ նո՛ւյն ձմեռը քո ցուրտ հոգում,—
Եվ հուսահատ ու որբ կլինես
Ինչպես հեռու այս Վենետիկում...

1925, հունվար
Վենետիկ
1927


  1. մահամնա — հետմահու. մահվանից հետո գոյություն ունեցող, մահվանից հետո եկող` գալիք կամ հարատևող:
  2. թաբուն — ժղ. ձիերի երամակ. մարդկանց խուռներամ բազմություն:
  3. ջրօրհնեք — եկեղ. ջուրը օրհնելու եկեղեցական կարգ` արարողություն. եկեղ. Քրիստոսի ծննդյան ու հարության տոնը, որի ժամանակ ջուրը օրհնում էին և խաչը ջուրը գցում:
  4. հոգաբարձու — հոգ` խնամք տանող, հոգածու, խնամակալ. ընտրովի անձ, որին հանձնվում է հասարակական որևէ հաստատության տեսչական, հաճախ նաև վարչական հսկողություն:
  5. ուղ — հին բնստ. ուղի, ճանապարհ. ուղեղ: