Jump to content

Էլի մեկ զոհ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ»

Կոմեդիա երեք արարվածով և հինգ պատկերով, հեղինակություն պ. Գ. Սունդուկյանցի

Թիֆլիսի ամառային թատրոնում մայիսի 16-ին ներկայացրին պ. Սունդուկյանցի «Էլի մեկ զոհ» կոմեդիան:

Այս կոմեդիայի մեջ հանդես են գալիս երեք ընտանիքներ, որոնք պատկանում են ժողովրդի զանազան դասակարգերին` Սուրաթովի ընտանիքը, որ է չքավոր ազնվական, Բրիլիանտովի ընտանիքը, որ է շատ հարուստ վաճառական և Թորոսի որդի Սարգսի ընտանիքը, որ ստոր ծագումից և աղքատությունից միջակ հարստության հասած վաճառական է: Տիպերը, որ դուրս են բերած յուրաքանչյուր ընտանիքի մեջ, են հին և նոր սերունդի ներկայացուցիչներ:

Հին սերունդի հերոսներն են Սարգիսը և Սալոմեն, իսկ նոր սերունդի հերոսները — Միքայելը և Անանին: Մնացյալ տիպերը համարյա թե կորչում են դրանց ստվերի տակ:

Քննենք յուրաքանչյուր տիպերն առանձին:

Միքայելը Սարգսի որդին է, մի ուսումնական երիտասարդ, որ սիրահարված է Սուրաթովի աղջկա` Անանու վերա. վերջինը նույնպես ուսում ստացած օրիորդ է և երկուսն ուխտել են միմյանց սեր, որ պետք է պսակվեր ամուսնական կապով: Անանին և Միքայելը սիրում են միմյանց ջերմ և անկեղծ սրտով, սիրում են, որպես կսիրե կրթված և զարգացած մարդը, որ հասկանում է նրա բարձր և վսեմ նշանակությունը:

Բայց Անանին չքավոր ծնողաց դուստր է. նրա հայրը` Յագոր Սիմոնիչը, մի հին աստիճանավոր, պահում է ընտանիքը մասնավոր ռոճիկով, որ կախված է յուր մեծավորի կամայականությունից. մի անզգուշություն, մի անհաճո վարմունք մեծավորի դեմ, բավական էր զրկել Յագոր Սիմոնիչի ընտանիքը օրական հացից: Ուրեմն, Անանին փող, բաժինք, օժիտ, ոչինչ չունի, միակ կապիտալը, որ նա նվիրելու է փեսային, է նրա սերը և յուր մաքուր սիրտը: Իսկ Միքայելը գոհ է միայն դրանով: Նա չէ ցանկանում պսակվել փողի վերա. նա որոնում է կյանքի ընկեր, հավատարիմ ամուսին, և նրա գտածը — Անանին է:

Սովրած լինելով ազնիվ և տոկուն աշխատության, Միքայելը և Անանին չեն համարում փողը որպես կենդանի կապիտալ, որպես միակ միջոցը մարդկային ապրուստի: Նրանք նայում են փողի վերա, որպես մի անտևողական առարկայի վերա, որ այսօր կա, իսկ էգուց կարող էր անհետանալ: Փողը Միքայելի և Անանու համար հարստություն չէ: Հարստություն համարում են նրանք իրանց ձեռքի վաստակը, որ արդյունաբերվում էր եռանդոտ ջանքերով և սեփական քրտինքով: Աշխատությունը համարում են նրանք ապրուստի հաստատուն աղբյուր, որ նույնքան տևողական է ու բեղմնավոր, որքան մարդը սովոր և ընդունակ է գործելու: Ամուսնական կապը, դարբնած ոսկու շղթաներով, համարում են նրանք խիստ թույլ և դյուրին կերպով խորտակելի:

Այսպես չեն մտածում հին սերունդի հերոսները` Սարգիսը — Միքայելի հայրը և Սալոմեն — Անանու մայրը:

Սարգիսը և Սալոմեն, համարում են փողը ոչ միայն իբրև միջոց մարդկային ապրուստի, այլ իբրև միակ նպատակ կյանքի: Փողը Սարգսի և Սալոմեի համար մի աստվածություն է, որ բովանդակում է յուր մեջ բոլոր հրաշալի զորությունները և միակ գործիչ ուժը մարդկային կենցաղավարության մեջ:

Ամեն գործողություն, որքան բարբարոսական լիներ նա, ամեն գործողություն, որքան թաթախված լիներ անբարոյականության կեղտերի մեջ, որքան ներկված լիներ նա արյունով և արտասուքով, — սուրբ է Սարգսի և Սալոմեի համար, երբ նա ուներ շահասիրական նպատակներ: Փողի սնդուկը մաքրության ավազան է Սարգսի և Սալոմեի համար, ուր սրբագործվում է մարդը յուր բոլոր կեղտոտություններից: Փողն այն կախարդական զգեստն է, որ ծածկում է պատվի քողով մարդու անազնվությունը, նրա անբարոյականությունը, նրա հիմարությունները, մի խոսքով ամեն ինչ, որ կարող էր բիծ դնել օրինավոր մարդու վերա:

Փողը բովանդակում է յուր մեջ ամեն ինչ: Ով որ փող ունե, ամեն ինչ ունե. — ահա Սարգսի և Սալոմեի վարդապետությունը:

Սարգիսը և Սալոմեն հայերի մեջ ճիշտ կատարելատիպ են: Մեկը, որպես գերդաստանի հայր, մյուսը որպես գերդաստանի մայր, նրանք պարունակում են իրանց անձնավորության մեջ մարմնացած հարստահարությունը յուր բոլոր սարսափելի կերպարանքներով:

Սարգիսը և Սալոմեն փչացած հասարակության հարազատ զավակներն են:

Ինչպե՞ս է ծնում հասարակությունը այդպիսի հրեշավոր որդիք:

Սարգիսը վաճառական է: Նրա արհեստի բնավորությունն ունի այն հատկությունները, ինչ որ ուներ մի ժամանակ վաճառականության աստվածը — Հերմեսը, որ պաշտվում էր Հունաստանի տաճարներում: Հերմեսը միևնույն ժամանակ և վաճառականության, և ավազակության, և խաբեբայության աստվածն էր: Վաճառականը քաղաքավարի ավազակ է, իսկ նրա զենքը — հարստահարությունը և խաբեությունը:

Որքան հասարակությունը զարգացման ստոր աստիճանի վերա է կանգնած, որքան նրա մեջ տարածված չէ կրթությունը, այնքան հաճախ վաճառականությունը միանում է խաբեության և ավազակության հետ, այնքան ավելի զորություն է ստանում հարստահարությունը:

Սարգիսը վաճառական է:

Ամեն առարկայի վերա նայում է նա, որպես առևտրական մթերքի վերա: Նրա ընտանիքը յուր համար նույնպես մթերք է, որպես յուր խանութում դարսած ապրանքները: Երկուսի հետ ևս վարվում է նա միօրինակ կերպով: Յուր ապրանքների ծախելում Սարգիսը գործ է դնում ամեն միջոցներ, որքան կարելի է, ճարպիկ կերպով կողոպտել գնողին: Ստախոսությունը, խորամանկությունը և անխիղճ հարստահարությունը նրա գլխավոր զենքերն են. նույնը նա չէ խնայում և յուր ընտանիքի վերաբերությամբ:

Սարգիսն այն մարդերիցն է, որ ամեն առարկայի վերա նայում է շահասիրական կետից. ոչ մի գործողություն նրան չէ գրավում, երբ նա կապված չէր նյութական օգուտների հետ: Բարոյական բավականություն նրա համար չկա: Սարգիսը նյութապաշտ է:

Մի այսպիսի մարդը չէր կարող համբերել յուր որդու` Միքայելի ամուսնությանը աղքատ Անանու հետ, որ «փող ու բաժինք» չուներ: Սարգիսը պետք է օգուտ քաղեր որդու ամուսնությունից. իսկ նա պսակվում էր առանց փողի: Ահա երկպառության պատճառը, որ հարուցանում է անբավականություն հոր և որդու մեջ:

Սալոմեն նույն է յուր դստեր` Անանու վերաբերությամբ, ինչ որ Սարգիսը Միքայելի վերաբերությամբ: Մեկը հարստահարող հայր է, մյուսը հարստահարող մայր: Երկու բռնակալ ծնողքներ ճնշում են իրանց որդիների կամքը և ազատությունը: Երկուսն էլ ունեն իրանց առանձին նպատակները: Սարգիսը աշխատում է յուր որդու Միքայելի համար նրա սիրած Անանու փոխարեն հարուստ աղջիկ բերել, իսկ Սալոմեն աշխատում է Անանուն զրկել յուր Միքայելից և հարուստ փեսայի տալ: Որդիքը ընդդիմանում են ծնողաց կամքին և պաշտպանում են իրանց ընտրածը:

Խորտակել գերդաստանի հոր և գերդաստանի մոր իշխանությունը, ոչնչացնել նրանց ամենահին դարերից ժառանգած իրավունքը, չէր կարող անցնել առանց պատերազմի, հին և նոր սերունդի մեջ: Այդպես էլ եղավ:

Որը՞ կհաղթե:

Պետք է կշռել հակառակ կողմերի ուժերը:

Սարգիսը և Սալոմեն, իբրև հին և փորձված զինվորներ, համարձակ կռվողներ են: Նրանց բոլոր պատերազմական տնօրինությունները` յուր խորամանկություններով, յուր նենգությունով և յուր արյունով` նրանց մոտ նախապատրաստված են: Ընտանեկան պատերազմի մեջ նրանք կռվում են ոչ իբրև ազնիվ և մեծահոգի հերոսներ, այլ իբրև քուրմ կամ մարգարե: Մարգարեն պատերազմում է ուղղության և ճշմարտության անունով: Նա յուր քարոզները առաջնորդում է սրով: Բայց պատահած ժամանակ նա գիտե նենգել, գիտե խաբել: Երբ իրան թույլ է զգում, նա գիտե կեղծավորել: Երբ երկրային զենքերն անզոր մնացին, երկյուղ է գցում հակառակորդի վերա երկնքի սպառնալիքներով, անեծքներով: Իսկ երբ հաղթեց, նա անգութ է որպես գազան յուր զոհի վերաբերությամբ:

Այդպես են վարվում Սարգիսը և Սալոմեն իրանց կռիվի մեջ նոր սերունդի դեմ:

Սարգիսը և Սալոմեն, որպես ընտանիքի պատրիարքներ, որպես ծնողքներ, քաղցր խրատներ են կարդում, երբ որդին ցույց է տալիս սաստիկ ընդդիմադրություն: Նրանք ճնշում են, ոտնակոխ են անում որդուն, երբ նա խոնարհվում է: Մայրական-հայրական գութը, անեծքը, արտասուքը և սպառնալիքը խառնում են միմյանց, ազդելու որդու մեջ խոնարհություն և պատկառանք դեպի ծնողաց եսը:

Ինչպե՞ս են վարվում նոր սերունդի ներկայացուցիչները իրանց կռիվի մեջ հների դեմ:

Նրանք պարզ և անկեղծ կռվողներ են, նրանք դեռ վարժված չեն պատերազմական նենգությունների մեջ: Միքայելի և Անանու կռիվը ծնողաց դեմ` ստրուկների կռիվ է իրանց տիրոջ դեմ, որոնք հաշտվում են, երբ տերը դադարում է բռնաբարել: Միքայելը և Անանին տիրելու կամ իշխելու նպատակ չունեն. նրանք խնդրում են ազատություն: Իսկ Սարգիսը և Սալոմեն ձգտում են տիրելու և իշխելու: Նրանք բռնակալներ են:

Որպես նոր, որպես դեռ յուր սաղմական դրության մեջ, Միքայելի և Անանու բոլոր հոգեկան ուժերը, բոլոր ձգտողությունները դեպի բարին և դեպի ճշմարտությունը, դեռ գտնվում են իրանց գոյության խառն, երերյալ և տկար վիճակի մեջ: Նրանք դեռ չեն ստացել հասուն, կատարելագործված ձև ու կերպարանք: Միքայելը և Անանին ունեն համոզմունք, իսկ նա վճռական չէ. նրանք ունեն բարի ցանկություններ, ազնիվ նպատակներ, բայց որպիսի՞ ուղղություն տան իրանց ընթացքին, որ հասնեն նրանց, իրանք չգիտեն: Եվ նրանց խոսակցությունը, և նրանց դարձվածները, և նրանց ձայնը մինչև անգամ արտահայտություն է սրտի և հոգու անհաստատ տրամադրության:

Ընդհակառակն, Սարգսի և Սալոմեի մեջ ամեն ինչ վճռված է նախքան նրա գործադրությունը: Նրանց մեջ կա կամքի հաստատություն, նրանք ունեն երկաթի պնդությամբ համոզմունքներ, և նրանց գործադրության մեջ ոչ միայն համարձակ են, այլ հանդուգն են և աներկյուղ: Սարգսի և Սալոմեի խոսքերն ուժ ունեն, հնչում են ինքնահավան կերպով, արտաշնչում են հեգնության, արհամարհանքի և երգիծանության բոլոր զորությամբ: Նրանց բերանից թափվում են ամբողջ հեղեղներ ազդու և ներգործող մոնոլոգների, որոնք բխում են սրտի խորքից: Իսկ Միքայելը և Անանին, կարծես, վախում են իրանց խոսքերից, կարծես, իրանք էլ երկբայության մեջ են նրա մասին, որ խոսում են, նրա մասին, որ գործում են:

Սարգիսը և Սալոմեն հանդիսանում են որպես հաղթողներ: Թե՛ Սարգիսը և թե՛ Սալոմեն իրանց նպատակների իրագործումը գտնում են մեկ տան մեջ, — դա է Ստեփան Դանիելիչ Բրիլիանտովի, ամենահարուստ, միլիոնատեր վաճառականի ընտանիքը: Այնտեղ կան մի օրիորդ և մի պատանի — Նատոն և Վանոն, մեկը Բրիլիանտովի աղջիկն է, մյուսը` տղան, մեկին ուզում են Միքայելի համար կին բերել, մյուսին Անանու համար ամուսին առնել:

Բրիլիանտովը նույնպես վաճառական է, և որպես հայ վաճառական, ամենակեղտոտ ճանապարհներով բարձրացած յուր ոսկու ամբարդակի վերա: Նա զանազանվում է Սարգիսից նորանով, որ հազարավոր խեղճերի արյունով և արտասուքով դիզած յուր հարստությունը ներկել է ազնվության ներկով, և բարձր կանգնած է յուր փառքի զենիթի վերա:

Թե ի՞նչ միջոցներով էր հարստացել Բրիլիանտովը, դա երրորդական բան էր Սարգսի և Սալոմեի համար. միայն նրանք գոհ էին նրանով, որ իրանց որդիքը — Միքայելը և Անանին — կարող են բախտավորություն գտնել Բրիլիանտովի ոսկիների մեջ, մեկը` նրա փեսա դառնալով, մյուսը` նրա հարսը լինելով:

Նատոն և Վանոն — Միքայելի և Անանու նշանակված ամուսնացուքը — նույնպես պատկանում են նոր սերնդին, այսպիսի տիպերն երիտասարդության մեջ բազմություն են կազմում: Նրանք թեթևամիտ և փչացած արարածներ են: Նատոն և Վանոն ստացել են վայրիվերո կրթություն, կուրորեն հետևում են նոր ձևերին և սովորություններին, կոտրատում են հայերենի հետ խառն հատուկոտոր ռուսերեն և ֆրանսերեն բառեր: Նրանց խոսակցության առարկան է` մոդան, զանազան զվարճության տեղերը, պարահանդեսները և այն անկյունիկները, որոնք թափ են տալիս մարդու քսակից առատ արծաթ, բավականություն տալով նրա անբարոյական հաճույքներին... Վանոյի մտերիմ բարեկամը և խորհրդակիցն է Օսեփը` յուր խորամանկ սպասավորը, որ ծածուկ Վանոյի սիրուհի Կարոլինին նամակներ է տանում ու բերում: Իսկ Նատոյի մտերիմը, սատանան գիտե թե ո՞վ...

Այսպիսի որդիքը, ինչպես Վանոն և Նատոն, Բրիլիանտովի նման հարուստների տան ցեցն են, աստուծո պատիժն են, Բրիլիանտովները, որոնք չեն մտածում որդիների օրինավոր կրթության մասին, որոնք իրանց խելքը և միտքը տված են միայն փող դիզելու, նույն փողը բաց է անում որդիների դեմ շռայլության և անբարոյականության լայն ուղին: Ահա գլխավոր պատճառը, որ հայ մեծատունների մեջ հարստությունը չէ անցնում մինչև մի քանի սերունդներ: Ինչ որ յուր անազնվությամբ դիզել էր ժլատ հայրը, յուր շռայլությամբ ոչնչացնում է անբարոյական որդին:

Վանոն և Նատոն այս տեսակ որդիներից էին և խիստ հավատարիմ իրանց կոչմանը, և դրանց հետ պետք է կապվեր Անանու և Միքայելի կյանքը...

Անանին ստիպված է լինում թողնել Միքայելին և ընդունել յուր մոր Սալոմեի առաջարկությունը, թեթևամիտ Վանոյի կին դառնալով: Միքայելը այնքան ընդունակություն չէ ունենում ազատելու թշվառ զոհը...

Դրանով վերջանում է նրանց պատերազմը ծնողքների դեմ, դրանով է քանդվում կապը, որ պետք է զուգեր երկու սիրողներին — Անանուն և Միքայելին:

Պիեսայի մեջ մնացյալ տիպերն աննշան են: Բարբարեն` Սարգսի ամուսինը, մի բարեսիրտ կին է. նա սիրում է յուր որդուն` Միքայելին, պաշտպանում է նրան, համակրում է նրա ցանկությունները, բայց շարժված ավելի մայրական գութից, քան գիտակցական համոզմունքից: Բարբարեն ստրկացած հայ կնոջ տիպն է, որ յուր բողոքը ամուսնի բռնակալության դեմ կարող է հայտնել միայն լուռ արտասուքներով:

Յագոր Սիմոնիչ Սուրաթովը — Սալոմեի այրը` Անանու հայրը, հին աստիճանավոր է, որ որպես ծառայող, նա սովորել է դրսում կույր հնազանդությամբ թեքվել յուր մեծավորի առջև, իսկ տանը կնոջ «կոշիկների տակ»: Յագոր Սիմոնիչը նույնպես բարի մարդ է, բայց որպես ծառայող նա խոնարհվում է այնտեղ, որտեղ ուժ է տեսնում: Ահա պատճառը, որ Սալոմեն տիրում է նրա վերա: Նա իբրև հայր լավ սիրտ ունի, հասկանում է յուր դստեր` Անանու, անբախտությունը, Վանոյի կին դառնալով, ճանաչում է Միքայելի արժանավորությունները, գիտե, որ յուր աղջիկը Միքայելի ամուսինը դառնալով, կարող էր ավելի երջանիկ լինել, քան Բրիլիանտովի ոսկիների մեջ. բայց այնքան քաջություն չունի ընդդիմանալ յուր կնոջ կամքին, մանավանդ հակառակ կողմում ուժ է տեսնում — հարստություն — նրա առջև ևս պետք է թեքվի հին ծառայողը...

Մենք քննեցինք պ. Սունդուկյանցի կոմեդիայի միայն տիպերը, իսկ նրա բովանդակությանը մանրամասնաբար չդիպանք:

Իսկ ինչ վերաբերում է պիեսայի արհեստական նշանակությանը, մենք այսքան կասենք` «Էլի մեկ զոհը» թեև լրացրած գործ չէ, թեև նա չէ հասցնում գործողությունները իրանց վերջնական կետին, այսուամենայնիվ, հեղինակը ցույց է տվել յուր տաղանդը, որ իրան հանդիսականին մտածել է տալիս կոմեդիայի վախճանը, երևակայել այն, ինչ որ նա պետք է տեսներ բեմի վրա:

Որպես պ. Սունդուկյանցի մյուս պիեսներում և «Էլի մեկ զոհի» մեջ ավելի ճիշտ և գեղագրական կերպով նկարված է հին սերունդը, մանավանդ վաճառական դասը: Նոր սերունդի մեջ Վանոն և Նատոն երևում են իրանց իսկական պատկերներով, նրանք կատարելատիպ են թեթևամիտ երիտասարդության:

Բայց Միքայելը և Անանին նոր պատերազմողներ են, նրանք պետք է ընկնեին, որովհետև կանգնած էին կռվողների առաջին շարքում: Իսկ նրանց դիակների վերայից կանցնեն նոր հերոսներ, որոնք առաջ կտանեն հաղթության դրոշակը...