Էմալե պրոֆիլը Ձեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սոնետ

Եղիշե Չարենց


Էմալե պրոֆիլը Ձեր


Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ։
Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր։
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ[1] աչքերը բիլ։



  1. հակինթ — կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, շափյուղա. փխբ. հակինթի փայլը: