Jump to content

Էմիլե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԷՄԻԼԵ
Ամերիկացի միսիոնարուհիի տիպար մը

Ամերիկացի օրիորդ մըն է, ամերիկյան բարքով և միսիոնար աղջկան մը իսկատիպ դաստիարակությամբ։ Կիրակի օրեր, կաշիե փոքրիկ պայուսակ մը ձեռքը, տուն–տուն կպտտի, ուր եթե պատուհաններուն մեջ չտեսնվիր սիրուն գլխարկը ճակտին վրա բերած, ձայնը անտարակույս կրնա լսվիլ, որ կամ ճչող սուր երգ մըն է, բարակ երգարանեն բացված կամ մեծաշառաչ քրքիջ մը։

Ծիծաղ, զվարճություն սա ամերիկյան քաղքենիներուն դեմքին ու շրթունքին վրա, մեր գավառացիներուն համար հիմարական բաներ կթվին։ «Ինչո՜ւ ուշացար մեզի գալու, քո՛ւյր Եղիսաբեթ» — «Հյուր ունեի, բամբիշ»,— կպատասխանե Հռութի ընկերութենեն հայ հարսնուկ մը, որ իր ձեռքին տակ կազմված միության մեկ գործոն անդամուհին է։ Էմիլե անոր պատասխանին բառերուն առաջին վանկը, տակավին առաջին ձայնը չըմբռնած՝ քահքահն արձակած է, քսան, երեսուն հոգիներով միացած խնդուք մը, տեսակ մը դաշն ժխոր։ Բայց դուք ըսեք, թե անակնկալ ի՞նչ կար կնոջ ըսածին, ըսելու ոճին մեջ։

Կիրակի օրերը շարունակ կպտտի, բողոքական տուներեն զատ կայցելե նաև այն լուսավորչական ընտանիքներն, որոնց հերիք է մէկ պառավին հանդիպեր է. այդ տեղերն ալ ահա բացած է պզտիկ ու ոսկեզօծիկ Ս․ Գիրքն ու երգարանը, որ շատ ավելի իր գեղեցիկ պայուսակին զարդն ըլլալու հարմարած են, քան իր տաշեղե ձեռքին և որթի ճյուղի նմանող մատներուն։ Կերգե ու կկարդա շեշտելով ուժգնապես այնպիսի բառեր, որ պետք չունին շեշտի, հին Կտակարանեն այն տեսակ հատվածներ, որ ընտանյաց մեծին ու պզտիկին ականջեն կախվելու երբեք հարմարություն չունին. սակայն Էմիլեի համար այդ դիրքերուն կողքին տակ ծալված անսուրբ թերթ չկա բնավ։

Ուր նստի, հոն ժամեն պակաս չի մնար, ընթերցումներեն ու աղոթքներեն հետո երբ տակավին քանի մը վայրկյան կրնա հաշվել կիրակնօրյա դասերուն հասնելու, այդ քանի մը րոպեներն ալ կգործածե իր ունկնդիրներուն պատմելով Ամերիկայի պատմություններ, իր եղբորը տաղանդին կամ իր փեսին արժանիքներուն վրա։

25-30 տարիներե ի վեր միևնույն քաղաքին մեջ ապրելով՝ անծանոթ չեն մնացեր իրեն տեղային բարքերը։ Հայերեն սորված է գրքերու վրա, պոլսեցի հայուն ու Խարբերդցի ասորիին հայերենը հավասարապես կրնա հասկնալ, բայց մեր աշխարհաբարին չի հավնիր։ Կատուն կուտե մուկը, երկու գոյականներուն վրա ալ հոդ կա եղեր, ինչպե՞ս հասկցվի, թե ո՞վ զո՛վ կուտե, պիտի ըսեք, թե օ՞ր մըն ալ չանցաք մտքեն թե անգլերենի դասին ինքն ալ այդ ճիշտ, այդ անպիտան հոդը կգործածե՞, երբ պետք կըլլա իրեն ըսել տհի քեդ իդս տհի մաուս։ Իր Լոնկֆելլոն տարբեր պիտի գործածեր։

Տարի՞քը.— ատոր վրա որոշ բան չեմ գիտեր։ Առաջատամներեն, որ փիղի ժանիքներեն ալ երկար են, թիաձև, անջատ բան չէ կարելի ենթադրել։ Ճակտին գծերուն, պաղ կապույտ աչքերուն նայելով 35-40-ը հավանականություն մըն է։

Ո՛րչափ ալ քարոզչուհի մըն է և ուսուցչուհի՝ աղջկանց վարժարանին մեջ, Էմիլե ալ վերջապես աղջիկ մըն է։ Բոլորովին անհրապույր չպիտի գտնենք զինքը, եթե գիտնանք, որ ամիսն անգամ մը, անտարակույս՝ նորաձևության մեկ սուղ նշույլը ունի վրան։ Գլխարկը, շրջազգեստը շարունակ կփոխվին, առուծախին մարդ չի խառնվիր, մեծկակ գումար մը ամսական կընդունի իր հորմեն։

Էմիլե այդ ճոխ հանդերձեղեններուն մեջ պարուրված՝ կերևի միշտ պատուհաններուն փեղկերուն ետև, փողոցին լայնքն ու նեղքը ոտքին տակ կմաշին, քալելու ատեն նազուն սիգանք մը ունի զոր, կըսեն աջ ոտքին կաղության կպարտի, ու սոթթված քունքերեն ու ծոծրակեն կերևցնե այն չափ մաս միայն, որ ինքն ալ հայելիին աոջև շատ աղեկ հասկցած է, թե դեռ շատ հրայրքներ կբռնկցնե սրտերու մեջ։

Չկարծեիք սակայն, թե անտուն կկու մըն է ինքը։ Ո՛չ։ Իր հորը բնակարանին մեջ ամերիկյան ճաշակով կահավորված սենյակ մըն ալ ունի։ Այդ սենյակն է, որ ամենեն խորհրդավոր երևույթը կներկայացնե, երկինքն աշխարհի վրա, կույսը պառավին մոտ, գանկ մը գլխարկի մը հետ, որու ի տես իր իսկ ամենեն մտերիմն ալ կվարանի եղեր անուն մը տալ սա աղջկան, որ դուրսը հանրային հարաբերությանց ու քարոզներուն մեջ երիտասարդությունը չար հասակ մը նկատել տալու փողար եղած է, ինք սակայն գերեզմաններեն հանված երիտասարդի գանկեր ձեռք ձգելով անբացատրելի գորովով մը իր գրասեղանին թանկագին զարդը կպահե, ու անոնց կից դրված է միևնույն գրասեղանին վրա իր ծաղկազարդ գլխարկներեն ամենեն սուղն ու սիրունը։

Աշակերտուհիներ, զորս իբրև մեղավոր արձանագրել տված է իր սիրական Շնորհումին, որուն միայն հավատացած է կյանքին գաղտնիքները, այս սենյակն առաջնորդելով՝ ծնկաչոք աղոթել կուտա անոնց, վարագույրները վար առնված՝ դուրսեն լույսի փշուր մը չերևցնելու հոգածությամբ, ապա ինքն ալ երկար աղոթքով մը կարձակե այդ անհարկի մեղավորները իրենց կապանքներեն և անոնց կպատվիրե, որ երթան ու պատմեն ինչ որ տեսան վարժուհիին սենյակը։

Գացեք, կըսե, դուք ալ ձեր ընկերներուն հասկցուցեք, որ վարժուհին ստույգ և ստույգ ս. հոգիին ընկերությունը կվայելե, գիշերները ցայգ անոր հետ կլուսցնե, մեղավոր աշակերտուհիներու դարձին համար անոր շնորհքը կխնդրե ու վերջապես ապահով է, թե պիտի կրնա խոսք հասկցնել։

Վարժուհին այդ պահուն ցույց կուտա իր բարձն ու անկողինը, որ ամբողջովին ջուր կտրած են։ Շատ լաց լացեր է, շատ առատ արցունք թափեր է Լուսնթագին ու Արյուսակին համար, գիշերը վերջապես պատասխանն ընդունած է աղոթքն, ու ըսած է Շնորհումին, որ այլևս մեղավորներուն ցանկեն ջնջե անոնց անունը։ Շնորհում վարժուհի իր ներքին գրագիրն է. պարտի-պահանջեի ահագին գումար մը այս աղջիկը առտու իրիկուն անութին տակ հետը կպտտցնե, պարտքի սյունակին մեջ մեղավորը նշանակված է, պահանջեին մեջ գրված են աղոթել սկսողներու անունները։ Ի՞նչ խորհիլ ստուգիվ սա արտակեդրոն բնավորության համար մարդ կհավատա, թե՝ այս ամերիկուհին եթե խարուկահանդեսներու օրերուն մեջ ծնած ըլլար, մեծ գործեր պիտի տեսներ ապահովապես։ Հիմակ ալ, մեղքը ըսողին վիզը, անլուր պատիժներ կգործադրե այն աղջկանց վրա, որ կամ աղոթելու ատեն աչվընին բաց պահած են կամ նորեն աղոթելու ժամուն գլուխնին պետք եղածին չափ վար չեն խոնարհած։

Հայ վարժուհիներուն վրա բարձրեն կնայի, նույնիսկ իր հայրենակից պաշտոնակցուհիներուն հետ այնպես կվարվի, ինչպես բամբիշը աղախինին հետ։

Կպատվիրե աղջիկներուն չամուսնանալ բնավ. եթե ամուսնանալ հարկ էր, քրիստոնյա երիտասարդներուն, բողոքական տղայոց հետ։ Եվ մեր վերջին խոսքը հիմակ սաչափ հարցում է, թե գրասեղանի գանկոսկրը, որուն հետ իր գլխարկը պսակած կթողու գիշեր և ցորեկ, ամուսնության մը քարոզ ըսել չէ՞ր միթե. խե՜ղճ աղջիկ, գերեզմանին մեջ վարուժան կփնտրե, միևնույն ատեն տունմնա աղջկան մը կատաղի հուսահատությամբ՝ ամուսնանալու հուրը պահողին սրտին մեջ եղյամ կցանե։

1893