Էջ:«Armenia og armenierne.» (Bodil Biørn okt. 1944).pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանը և հայերը

Հայաստանը տեղակայված է Փոքր Ասիայի հյուսիսարևելյան անկյունում՝ դեպի Կովկաս։ Լեռնային երկիր է՝ հզոր լեռնազանգվածներով և բարձր լեռնագագաթներով, որոնցից է փառահեղ Արարատը, որը վեր է խոյանում ծովի մակարդակից 5000 մ բարձրության վրա։ Հայաստանը զարմանալիորեն գեղեցիկ և արգասաբեր երկիր է․ զգում ես, որ դրախտի այգին այստեղ է եղել։ Եփրատն ու Տիգրիսը սկիզբ են առնում Հայաստանի լեռներում․ Եփրատն իր վտակներով հոսում է երկրի միջով։ Արաքսը՝ Հայաստանի մայր գետը, նույնպես սկիզբ է առնում այդ լեռներից։

Մի քանի մեծ լճեր կան, որոնցից ամենամեծերը Ուրմիան ու Վանն են։ Վանա լիճը շատ գեղեցիկ է իր կապույտ ջրերով։ Հայաստանը հարուստ է աղբյուրներով, որոնք ամենուրեք են լեռներում։ Լեռների արանքում մեծ, պտղաբեր դաշտավայրեր են, որտեղ աճում է հացահատիկ, ծխախոտ, մրգատու ծառեր, սեխ, խաղող և այլն։

Հայաստանը գրեթե Նորվեգիայի չափ էր, նախքան բաժանվելը, բայց այն կիսվեց Թուրքիայի, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, և թուրքերը զբաղեցրին երկրի ամենամեծ և արգասաբեր հատվածը։ Հին ժամանակներից Հայաստանը պատմական մեծ իրադարձությունների կիզակետում է եղել․ Ասիայի շատ ժողովուրդներ են թափառել երկրով։

Հայերը երկրագնդի ամենահին ժողովուրդներից են։ Մ․թ․ա․ մոտ 600 թվականին, շատերի կարծիքով նույնիսկ դրանից էլ վաղ, նրանք բնակություն են հաստատել Արարատի շրջակայքում և մեծ թագավորություն հիմնել։

Նրանց նախնին Հայկն էր, ում անունով էլ հայերն իրենց երկիրը կոչել են Հայաստան, բայց հարևաններն այն անվանում են Արմենիա՝ մեծ հայ թագավոր Արամի անունով։ Հայաստանը նախկինում թագավորություն է եղել, որն ամենամեծն է եղել Տիգրան Մեծի օրոք։ Նա հիմնել է Տիգրանակերտը (Դիարբեքիր) և կառավարել ավելի քան 30 մլն բնակչության։

Հայաստանի՝ մեծ տերությունների մեջ կենտրոնական դիրք զբաղեցնելը, նրան կռվախնձոր է դարձրել․ հաճախ կործանիչ պատերազմի զոհ է դարձել։ Կիլիկիայում նաև Փոքր Հայաստան կար, որը վերջին հայկական պետությունն էր։ 1375 թվականին թուրքերը գրավեցին այն, իսկ նրանց վերջին թագավոր՝ Լևոն VI-ը, գերեվարվեց և գահընկեց արվեց։ Այս տարածքն էր, որ հայերը հույս ունեին վերադարձնել Համաշխարհային պատերազմից հետո, բայց մեծ տերությունները չպահեցին իրենց խոստումը։

Հայերը խելացի, աշխատասեր և համեստ ժողովուրդ են, որոնք համառորեն կանգուն մնացին՝ չնայած սարսափելի դժվարություններին, դառնությանը և հալածանքին։ Նրանց 80%-ը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, բայց շատ են նաև կրթվածները։ Հավանաբար ոչ մի հայ գոյություն չէր ունենա, եթե քրիստոնեությունն այդքան վաղ արմատ չգցեր այստեղ։

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները եկել են Հայաստան քարոզելու և այդ ժամանակվանից էլ քրիստոնեական եկեղեցիներ են կառուցվել այստեղ։ Ենթադրաբար երկու առաքյալներն էլ նահատակվել են այստեղ։

Հայաստանի իսկական առաքյալը Գրիգոր Լուսավորիչն է․ լուսավորիչ, քանի որ նա Հայաստան է բերել քարոզի լույսը։ Հրաշագեղ հանգամանքներում Աստված նրան հռչակել է հայ առաքյալ։ Տրդատ արքայի հետ, որը կառավարում էր Հայաստանը և Գրիգորի միջոցով դարձել էր քրիստոնյա, շրջում էր երկրով մեկ, ինչպես Օլավ II Սուրբը Նորվեգիայում։ Հեթանոսական խորաններն ու զոհասեղանները ոչնչացվեցին, իսկ նրանց փոխարեն կառուցվեցին եկեղեցիներ և վանքեր։ Գրիգոր Լուսավորիչը հիասքանչ տեսիլք է ունեցել, թե ինչպես է Փրկիչն իջնում և նրան ցույց տալիս՝ ինչպես պետք է կառուցվի առաջին եկեղեցին Հայաստանում, և այդ վայրում էլ կառուցվում է Էջմիածնի տաճարը՝ «իջավ միածինը», որը նայում է դեպի