Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳՐՉԻ ՀԱՆԱՔՆԵՐ
Գնա՛, իմ գրքո՛ւյկ, ա՛յ գրչիս հանաք,
Խոսի՛ր մարդկանց հետ դու հանաքներով.
Շատերի սըրտին կըլինես դանակ…
Շատերն էլ, գուցե, կընդունեն սիրով։
|
|
ՄԵՂԱ՜ ՔԵԶ, ԱՍՏՎԱԾ…
(Շատերից մեկի խոստովանանքը)
Կուշտ եմ և առողջ, կյանքից բավական,
Սեղանըս առատ, ճաշըս պատվական,
Բայց թե ի՞նչպես եմ այդ կյանքին հասած
Այդ մեր մեջ մընա… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։
Շատ կարճ միջոցում ես հարուստ դառա,
Հողեր, կալվածներ, կառք ու ձի առա,
Բայց ի՜նչ փողերով, ի՞նչպես վաստակած –
Այդ մեր մեջ մընա… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։
Տըներ շինեցի շքեղ, փառավոր,
Ապրում եմ մեջը, ինչպես թագավոր։
Բայց քանի՜ մարդու ես տուն եմ քանդած
Այդ մի՜ հարցնեք… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։
Խանութ բաց արի, գործ սկսեցի.
Կարճ ժամանակում մեծ գանձ դիզեցի,
|
|