Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՅ ՔԱՀԱՆԱ

 
Մանրավաճառի նա խանութ բացեց,
Ծախում էր կոճակ, ասեղ ու մաստակ,
Բայց առուտուրին խելքը չըպատեց.
Փակեց խանութը, չունեցավ վաստակ։

Նա շա՜տ թափառեց, դես ու դեն ընկավ,
Որ կյանքում իրան մի ապրուստ ճարի,
Բայց իզո՜ւր… ո՛չ մի բանի պետք չեկավ,
Ջուխտ էշին բաժնել չէր կարող գարի…

Վերջը ճարահատ, երբ տեսավ որ էլ
Մարդ չի դառնալու, հույսն էլ է կորել,
Հայոց «այբուբենն» նա անգիր արավ
Եվ ազգի գըլխին քահանա դառավ…

[1898]


ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ

Մեղքից փրկվելու կա հեշտ ճանապարհ.
Շատե՜րն են կանգնած այդ ճանապարհում –
Աջ ձեռքով նըրանք քանդում են աշխարհ,
Ձախ ձեռքով ժամում մոմեր են վառում…


ԱՂՄՈՒԿ

Ուզում ես անուն, որ հասնի երկինք,
Խոսի՛ր բարձրաձայն, հանի՛ր մեծ աղմուկ,
Եվ երբ պահանջեն քեզնից գործ, քըրտինք
Կոկորդիլոսի՜ թափիր արտասուք…

Հայ արտում ո՛վ լուռ քրտինք է թափում,
Բախտը նըրան է չարաչա՜ր խաբում…