Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. Ս. ՊՈՒՇԿԻՆ
ՀՐԵՇՏԱԿ
Քնքուշ հրեշտակը գլուխ խոնարհած՝
Համեստ շողում էր եդեմի դըռան.
Իսկ մըռայլ դևը թռչում վըրդովված՝
Մութ, դժոխային անդունդի վերան։
Եվ չար, կասկածոտ ոգին ուրացման
Անթարթ նայում էր մաքրափայլ ոգուն,
Եվ զգում յուր մեջ, ակամա զըղջման
Մի նոր ու անհայտ քաղցըր ջերմություն։
Ների՛ր, ասում էր, որ տեսա ես քեզ,
Օ՜, ինձ քո պատկերն իզուր չըշողաց.
Դեռ կյանքից իսպառ չե՜մ դարձրել երես,
Դեռ ողջ աշխարհը չե՜մ արհամարհած։
|
|
ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԷԻ…
Ես կարծում էի. սիրտըս մոռացավ
Սիրո տառապանքն — էլ չի տանջվելու.
Ես ասում էի. «Ի՛նչ կար ու անցավ,
Էլ չի՛ կրկնվելու, էլ չի՛ կրկնվելու»։
Անցավ սիրո վիշտ, անցավ լուռ թախիծ,
Խաղաղ նիրհեցին և՛ մեղմ անուրջներ…
Բայց ահա նոքա հուզվում են նորից
Քո ուժն զգալով, ո՛վ հաղթական սեր…
|
|