Բերավ նա թույն — խեժ մահաբեր
Եվ ոստ՝ չորցած տերևներով.
Նորա ճակտից մահու քըրտինք
Թափվում էր սառն կաթիլներով։
Բերա՜վ… դողա՜ց… և թուլացած
Երեսն ի վար ընկավ գետին,
Զոհվե՜ց ըստրուկ, անզոր գերին
Յուր զորավոր, քաջուժ պետին։
Իսկ պետն անհաղթ՝ բերած թույնով
Յուր հընազանդ զենքը սըրեց.
Եվ այդ զենքով մահ սփռելով,
Շա՜տ աշխարհներ առավ, տիրեց…
ԲԱՂՁԱՆՔ
Դանդաղ սահում են կյանքիս հեգ օրեր,
Եվ ամեն վայրկյանն իմ թոշնած սըրտում
Լըցնում է դըժբախտ և՛ սիրո ցավեր,
Ե՛վ անմտությամբ խելքըս վրդովում։
Բայց ես անտրտունջ լալիս եմ լըռիկ…
Լացն ավելի՛ է ինձ մըխիթարում
Հոգիս պաշարած վըշտի փոթորիկ,
Լացի մեջ նա դառն հըրճվանք է զգում։
Օ՛, կյանքի երա՛զ. դու պատրուն տեսի՛լ,
Քեզ չե՛մ ափսոսում. չըքացիր շուտով.
Թա՜նկ է ինձ համար սիրել ու տանջվիլ…
Հո՛գ չէ, թո՛ղ մեռնիմ… միայն սիրելո՜վ։
ԿՈՎԿԱՍ
Ահա՛ Կովկասն իմ ոտքի տակ։ Ես մեն մենակ վերևում
Սպիտակափառ լեռան լանջին լուռ կանգնած եմ ու նայում.
Ինձ պես բարձր, արծիվն հեռվում, դեպի եթեր վերացած՝