Տըխո՜ւր եմ, տըրտո՜ւմ և չը կա ոչ ոք, որին ձեռք պարզեմ Կյանքիս խռովահույզ, դառնաղետ ժամում.
Իղձե՜ր… Բայց, ավա՜ղ, անվերջ իղձերով սիրտըս ինչ հուզեմ, Երբ վառ տարիքս էլ գընո՜ւմ են, սահո՜ւմ…
Սիրե՜լ… Սակայն ո՞ւմ… սիրել կարճատև. չարժե բընավին. Իսկ անվերջ սիրել — ո՜հ, չէ կարելի.
Սըրտիս եմ նայում — այնտեղ և՛ հրճվանք, և՛ վիշտն է չնչին, Այնտեղ հետք անգամ չըկա անցյալի։
Կըրքե՜ր… Բայց չէ՞ որ կըրքերն էլ վաղ-ուշ իրենց հուզմունքով Անհետ զոհ կերթան բանականության.
Եվ կյանքը, օ՜, երբ նայում եմ իմ շուրջ սառըն հայացքով — Ի՜նչ փուչ ու անմիտ կատակ է միայն…
ՔԵ՜Զ ԷԻ ՊԱՏՄՈՒՄ…
Քեզ էի պատմում ես մի ժամանակ,
Ալեհույզ սըրտիս երազներն, հոգյա՛կ.
Ես աղքատ էի — դու այդ գիտեիր,
Բայց դու աղքատիս մենակ չըթողիր։
Եվ դու հաշտեցրիր վիճակս ու հոգիս.
Ես խոնարհվեցա հուզվող կըրքերիս
Քեզանով միայն, ընկե՛ր սիրելի,
Դարձյալ ա՛յն եղա, ինչ առաջ էի։
Եվ ոգևորիչ իմ մուսան նորից
Լըսեց իմ աղերսն, իջավ սուրբ սարից.
Բայց, օ՜, հավատա՛, քո՜նն են, իմ անգին,
Ե՛վ նորա պարգևն, և՛ նորա դափնին։