Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բայց զինված իմ դեմ իմ մերձավորներ,
Մոլեգին վերաս նետեցին քարեր։

Մոխիր ցանեցի գըլխիս — ու աղքատ
Ես քաղաքներից փախա անապատ.
Այնտեղ ապրում եմ գոհունակ կյանքով,
Որպես թըռչուններ — տիրոջ բարիքով։

Այնտեղ բարձրյալի պատվերը պահած,
Ինձ խոնարհվում է ամեն արարած.
Այնտեղ և՛ աստղեր եթերի միջից
Խնդագին փայլով ունկնդիր են ինձ։

Բայց երբ անցնում եմ արագ քայլերով
Ես աղմըկալից քաղաքի միջով,
Ցույց տալով վերաս՝ ինքնասեր, սիգանձ
Ժպտում են ծերերն ու ասում մանկանց.

«Նայեցե՛ք, ահա ձեզ լավ օրինակ,
Գոռո՜զ էր. մեզ հետ չըվարեց հաշտ կյանք
Անմիտն ուզում էր համոզել մարդկանց,
Որ նորա լեզվով խոսում է աստված։

Նայեցե՛ք, որդիք, դուք նորա վերա,
Ի՛նչպես և՛ մռա՜յլ, և գունա՜տ է նա,
Ի՛նչպես նիհար է, մե՜րկ, անօգնակա՜ն,
Ի՛նչպես ամենքն էլ ատո՜ւմ են նորան»։


ԾՈՎԱՐՔԱՅԻ ԱՂՋԻԿԸ

Արքայորդին ծովի ջըրում նըժույգ-ձին է լողացնում,
«Արքայորդի՛, նայի՛ր վերաս» — հանկարծ մի ձայն է լըսում։

Փընչում է ձին, ականջ սրում, գանգուր բաշը շարժելով,
Հառաջ լողում, ծովը ճեղքում, ջըրի ցոլքեր շաղ տալով։