Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փետրալից մահճում, թաղված մետաքսում,
Այնտեղ Թամարն էր հյուրին սպասում,
Վերան ակ, գոհար- և գինով լըցրած
Երկու հատ գավաթ առջևը դըրված։
Եվ փարում էին ձեռքեր ջերմագին,
Հըպվում վառվռուն շըրթունք շըրթունքին.
Եվ ախտաբորբոք, վայրախինդ ձայներ
Դադա՜ր չունեին այնտեղ ողջ գիշեր։
Ասես, դըղյակում այն լուռ, ամայի
Հարյուրով վառսիրտ աղջիկ, պատանի
Եկած լինեին հարսանյաց հանդես,
Կամ հարուստ թաղման կատարում մի ծես։
Բայց հենց որ լույսը վաղ առավոտյան
Սփռում էր շողեր լեռների վերան,
Մութն ու լըռություն պատում էր կըրկին
Մի ակնթարթում մըռայլ դըղյակին։
Միայն Թերեքն էր Դարյալի խորքում
Անդորրությունը խըռովում, աղմըկում,
Ալիքի ետքից ալիքն էր վազում,
Ալիքն ալիքի հասնել էր ուզում։
Եվ տանում էին իրանց հետ արագ
Նոքա ողբալով անմռունչ դիակ.
Եվ մեկն այդ ժամին սպիտակին տալով՝
Կանչում էր հեռվից. «Ա՜խ, մընա՜ս բարով»։
Եվ ժամն անջատման ա՜յնքան էր քընքուշ,
Եվ ձայնն էր հընչում ա՜յնքան մեղմ, անուշ,
Որ կարծես կըրկի՛ն խոստանում լիներ
Նո՛ր տեսակցության հիացմո՜ւնք ու սե՜ր…
|
|