Եվ սերըն անգամ, սերս կենսատու
Վաղուց հանգել է իմ սառած սրտում.
Օ, շտապի՛ր, կաթի՛լ, շո՛ւտ արա և դո՛ւ
Ընկերներիդ պես չքացիր օդում…
1889. 19 օգոստոսի
♦
Որպես երբեմն գիշերվա ժամին
Լուսնի ջինջ շողքը դողում է ջըրում,
Իսկ լուսինն ինքը երկնի երեսին
Հանգի՜ստ ու վսե՜մ առաջ է սահում,
Այդպես իմ առջև և՛ դու, նազելի,
Հանգիստ, սիգաճեմ քայլ էիր փոխում,
Եվ քո պատկերը չքնաղ, պաշտելի
Անդրադառնում էր սրտիս խորքերում…
1889. 9 հունվարի
♦
(Նմանողություն)
Այս աշխարհին՝ ո՛վ նազելիս՝ դու մի՛ հավատար,
Նորա բոլոր խորհուրդները խարդախ են ու չար.
Նա ծաղրում է քո կուսական պատկերը սիրուն,
Պարսավում է մատաղ սըրտիդ թելերն զգայուն։
Այս աշխարհը, իմ աննմա՜ն, կույր է ու անմիտ,
Նա չէ կարող գնահատել քո լացն ու ժպիտ.
Նա ի՞նչ գիտե, քո մի քնքուշ, ջերմ համբույրի մեջ
Որքա՜ն սիրո հուր է եռում—հուր պայծառ, անշեջ։