Յուր ճոխ գանձերից և հեգ թշվառին
Ջերմ կարեկցությամբ միշտ հանե բաժին։
Ողորմա՜ծ եղեք։ Ահա՛ գործ վսեմ…
Երբ անտեր մի որբ կամ ծեր մուրացկան
Ձեր դըռան առաջ ահով, տխրադեմ,
Լուռ սպասում է ձեր ողորմության,
Եվ դուք մնում եք անհոգ, անտարբեր—
Դուք տիրոջ սիրտն եք խոցում, հարուստնե՛ր։
Ողորմա՜ծ եղեք, որ հզոր աստված
Զեզ և ձեր որդոց լինի պահապան,
Որ ձեր ամբարներ ցորենով լցված՝
Նրա օրհնությամբ անսպառ մընան.
Ողորմե՜ք… և ձեզ ամենայն գիշեր
Կայցելեն պայծառ, սիրուն երազներ…
Ողորմա՜ծ եղեք, որ մահվան ժամին,
Որբին, անճարին ձեր տված տուրքից
Հանդերձյալ աշխարհ դուք տանեք բաժին.
Որ նա, ում այստեղ կյանքն էր ողբալից,
Նա՛ կարողանա ձեր դըռան մոտով
Անցնել աննախանձ ու խաղաղ հոգով։
Ողորմա՜ծ եղեք, որ ապրեք զվարթ,
Որ տիրոջ սիրուն լինեք արժանի.
Ողորմե՜ք անվերջ, ողորմե՜ք առատ…
Ջերմ աղոթքները տառապյալների
Թռչում են այնտե՜ղ, ա՜յն սուրբ օթևան,
Ուր աղքատությամբ հզոր ենք միայն…