Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թո՛ղ քո առաջ կյանքը բանա հըրապուրիչ մի աշխարհ.
Ուր վայելես դու լիառատ օրեր անվիշտ ու պայծառ.
Թո՛ղ կախարդե նա քո ուշքը երջանկության տաղերով,
Թո՛ղ խոստանա նա հարատև քեզ մի վիճակ անվրդով...

Դու մի՛ խաբվիր, մի՛ հավատար այդ վայելքին հեշտությամբ,
Եվ կա՛ց զինված միշտ կյանքի մեջ հոգույդ բոլոր զորությամբ.
Զինվի՛ր տոկուն կամքի ուժով, զինվի՛ր սրտով քաջահաղթ,
Որ և՛ կյանքի փոթորկի դեմ դու մարտնչես անվհատ։

Դու շատ անգամ հոգս ու վշտից ուժասպառ և վաստակած
Կյանքի ծոցում քեզ կը գտնես անդորրություն քո փնտրած.
Սակայն երբեք մի՛ մոռանար, որ այդ հանգիստը կյանքի
Յուր մեջ գաղտուկ պահած ունի և՛ փոթորիկ տանջանքի...

Այդպես երբեմն և՛ լողորդին խաղաղ ծովը ժպտելով,
Խոստանում է նորան հասցնել նավահանգիստն անխռով.
Սակայն որքա՛ն գոռ ալիքներ մրրկածո՜ւփ, փրփրադե՜զ
Լուռ պահում է նա յուր կրծքում աչքից ծածուկ ու անտես...

1890, 10 հունիսի


ՄԱՅՐ

          

(Որբի հիշատակարանից)

1


Մայր ունեի, մայր նազելի —
Մի փափկասիրտ արարած.
Բուռն սիրով նորան էի
Սիրտս ու հոգիս նվիրած։

Նա էր միակ իմ պաշտելին,
Միակ ծաղիկն իմ հոգույս.
Նա էր իմ թույլ, մանուկ կյանքին
Միակ նեցուկ, միակ հույս...

Նա էր աղբյուր իմ խնդության,
Աղբյուր առատ, անսպառ.