Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թո՛ղ այժմ, եղբա՛յր դու տգետ, խղճուկ, տանջվես անպաշտպան,
Քո այդ ստրկական, անզոր վիճակում.
Խորին հավատով երջանիկ օրիդ, գալիք փրկության
Ես հավատում եմ և չեմ վրդովվում…
1880, 13 հոկտեմբերի


ԳԵՏԱԿ

Քի՛չ էլ լացիր, գետա՛կ վճիտ, կարկաչուն,
Անկյանք ձըմռան ցուրտ կապանքը կըրելով.
Քի՛չ էլ սգա… և ուր որ է քեզ գարուն
Նոր կյանք կըտա՝ քո լաց-սուգին վերջ տալով։

Եվ ազատված սառցե մաշող կապանքից,
Նորից, գետա՛կ, կը թըռչկոտես համարձակ,
Եվ կարկաչըդ՝ ազատ ելած քո կըրծքից՝
Խոր անտառում կառնե ազատ արձագանք։

Քեզ վերևից կըփայփայե ժպտալով
Գարնան անամպ պարզ երկինքը կապուտակ.
Եվ դյութական հըրապուրիչ գույներով
Քո ջըրերում կըշողշողա արեգակ։

Եվ վաղորդյան հով զեփյուռը գարնային
Մեղմ կըհուզե մաքուր կուրծքդ կուսական.
Դալար ափիդ պարզ ժըպիտը երեսին,
Քեզ ամոթխած կ՚ողջունե հեզ շուշան։

Քի՛չ էլ լացիր, գետա՛կ վճիտ, կարկաչուն,
Դաժան ձըմռան ցուրտ կապանքը կըրելով.
Քի՜չ էլ, քի՜չ էլ… և ուր որ է վառ գարուն
Նոր կյանք կըտա՝ քո լաց-սուգին վերջ տալով…
1890, 10 նոյեմբերի