Երկրի երեսին,
Երբ մութ է իջնում,
Քե՛զ է նա նորից
Լեռան հետևից
«Մնա՜ս բարև» ասում.
Քե՛զ է համբուրում,
Քո դեմքը շոյում
Յուր հեզիկ շնչով
Զեփյուռն հովասուն,
Քե՛զ է կախարդում
Քո ուշքը խըլում
Անուշ կարկաչով
Անհանգիստ առուն.
Գետակը ձորում.
Թռչունը օդում —
Բոլո՜րն էլ սիրով
Քե՛զ են ողջունում,
Քո վաստակն օրհնում
Ներդաշնակ ձայնով…
Քո սերն է երգում,
Անխո՛նջ սերմնացան,
Եվ իմ հեզ մուսան
Յուր անկեղծ երգով.
Քե՛զ եմ կյանք հայցում,
Քեզ կյանք բարելից
Գըթոտ երկնքից
Սրտիս աղոթքով.
Ես աղոթում եմ,
Որ միշտ լի՜ սիրով
Քեզ ժպտա երկինք
Քո վսեմ գործում.
Որ միշտ երկնառատ
Արև-անձրևով
Ծաղկի քո վաստակ
Հայրենի երկրում…