Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«ՍԻՐԵՑԵ՛Ք ՄԻՄՅԱՆՑ»
Ես տաճար մտա... «Սիրեցե՛ք միմյանց»
Լսվում էր բեմից քարոզ փրկչավանդ,
Եվ ստվար շարքեր բարեպաշտ մարդկանց
Աղոթում էին այնտեղ ջերմեռանդ։
«Սիրեցե՛ք միմյանց»... Օ ՛, վսե՜մ ուսմունք
Որ միշտ կրկնվում ես միայն տաճարում.
Եվ միայն այնտեղ անչար զգացմունք.
Գուցե, զարթնեցնում մարդկանց սրտերում...
Շա՜տ եմ փափագած, որ լսեմ ես քեզ
Ե՛վ կյանքում — հեռու տաճարի բեմից,
Բայց իզո՛ւր փափագ... դու հալածված ես
Ե՛վ մարդկանց սրտից, և՛ կյանքի շեմից...
|
|
ԵՐԱԶ
Ես երազ տեսա... Արյունով ներկված
Հայրենի երկիրն նորից կյանք առած,
Դարևոր ահեղ, համառ կռվից հետ,
Նա ողջունում էր գարուն լուսավետ։
Եվ հնչում էին այնտեղ ոգելից
Ազատ երգ ու տաղ ազատ սրտերից.
Այնտեղ շրջում էր դափնիներ ձեռին
Սուրբ ազատության չքնաղ դիցուհին։
Շրջում էր սար, ձոր, մտնում գյուղ, քաղաք,
Ամեն տեղ երգում գարնան հաղթանակ.
Եվ լսում էի ես նորա թովիչ,
Քաղցրալուր ձայնը «Լսի՛ր, ո՛վ երգիչ.
Աշխարհ եմ եկել, բայց ոչ երկնքից.
Ծնվել եմ ազգիդ արնաներկ կրծքից.
|
|