Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իր ճառով թուրքերի ներկայացրած պահանջների կապակցությամբ բացատրություն է տալիս ներքին գործերի կոմիսարիատի ներկայացուցիչ Կարցիվաձեն: Նա գտնում է, որ առաջին պահանջը կկատարվի, երբ Անդրկովկասում մտցվի զեմստվո, իսկ վերջինը (երրորդը)՝ պետք է լուծվի Անդրկովկասի բարձրագույն իշխանությունների կողմից միայն: Այնուհետև ելույթներ ունեցան քաղաքական կուսակցությունների և դեմոկրատական կազմակերպությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության վերջում ստեղծվեցին հանձնաժողովներ՝

ա) հարուցված մանր գանգատներն ու վեճերը քննելու համար.

բ) սպանությունների գործը քննելու համար:

Որոշեցին՝ քաղաքի պաշարումը վերացնելու համար հաջորդ օրը թուրքերի ներկայացուցիչները իշխանության ներկայացուցիչների հետ միասին գնան պաշարող թուրքերի մոտ և նրանց բացատրելով իրերի դրությունը, ուղարկեն իրենց տները:

Ճիշտ է, թուրքերը ժամանակավորապես վերացրին քաղաքի պաշարումը, բայց չզինաթափվեցին և իրենց գյուղերում զբաղված էին զորավարժություններով:

Քաղաքացիներին շատ էր մտահոգում ռուս զինվորների քաղաքից հեռանալու հարցը և դրա համար էլ քաղաքի ներկայացուցիչները 1918-ի հունվարի 1-ի երեկոյան որոշեցին այդ հարցով հանդիպել դեռևս քաղաքում գտնվող կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Առաջարկվեցին մի շարք ժամանակավոր միջոցառումներ:

Թուրք ներկայացուցիչները գտան, որ իրենք դեմ չեն լինի, եթե ռուսական կայազորի փոխարեն քաղաք հայկական զորամաս գա: Սակայն քաղաքի ղեկավարները ճիշտ հասկանալով թուրքերի այս «նվիրատվության» իսկական նպատակը (թուրքերը դրանով ուզում էին առճակատում ստեղծել հայերի և վրացիների միջև)՝ չընդունեցին այն, հայտարարելով, որ գերադասելի է չեզոք զորքը…

1918-ի հունվարի 2-ին կենտրոնական իշխանության և ազգային խորհուրդների ներկայացուցիչները վերադարձան Թիֆլիս: Նրանց հետ միասին գնացին նաև գավառի թուրքերի