Միտինգի մասնակից թուրքերի (ընդհանրապես Անդրկովկասի թուրքերի) այս սպառնալիքը միանգամայն հիմնավորված էր: Նրանք այդպես էին վարվել նախկինում և վարվեցին նաև դրանից հետո…
Ինչպես վերևում տեսան, քաղաքի պաշարումը վերացվել էր, սակայն թուրք զինյալները զենքը վայր չէին դրել և տենդորեն շարունակում էին զորավարժություններն ու զինվելը: Նրանք Ածղուրի մոտ փակել էին Ախալցխա-Բորժոմի ճանապարհը և դրանով կտրել Թիֆլիսի՝ երկրամասի սրտի, հետ կապող գլխավոր զարկերակը, Ասպինձայի մոտ փակել էին Ախալցխայի գավառը՝ Մեսխեթը, և առանձնապես Ախալցխա քաղաքը ավանդաբար հացով և այլ սննդամթերքներով մատակարարող Ախալքալաքի գավառի (Ջավախքի) հետ կապող մայրուղին, փակել էին Աբասթումանի ճանապարհը…
Այս նշածս կետերում հարյուրավոր զինված թուրքեր խուզարկում էին քրիստոնյա անցորդներին (հայ, վրացի, ռուս և այլք), խլում նրանց զենքը, թալանում, վիրավորում նրանց կրոնական, ազգային ու մարդկային արժանապատվությունը:
Եվ այն ահն ու սարսափը, որ 1917-ի դեկտեմբերի 27—30-ը Ախալցխայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տարածվել էր ինչպես Ախալցխայի գավառում, այնպես էլ՝ հարևան գավառներում (Գորի, Ախալքալաք և այլն), շարունակվում էր նաև 1918-ին:
1918-ի հունվարի 8-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին հղած Ախալցխայի քաղաքագլխի օգնական Միքայել Մյվազյանի զեկուցագրից իմանում ենք, որ Ախալցխայից դուրս եկավ ռուս զինվորների վերջին խումբը, որի հետևանքով կայազորը մնում էր առանց զինվորների: Թուրքերը, որ պահանջում էին 116-րդ գունդը համալրել թուրքերով (թուրքացնել), դեռ սպասում էին Կոմիսարիատի պատասխանին: Վրացական զորամասը դեռևս չէր կազմավորվել, այն կազմավորման գործընթացի մեջ էր:
Չնայած այն հանգամանքին, որ կայազորի պետը՝