Միջկուսակցական հակասություններն, ազգի համար բախտորոշ նշանակություն ունեցող այս հարցում, վերացել էին: Ազգի շահերը բարձր էին ամեն ինչից…
Օրինակ, փետրվարի 11-ին կիրակի օրը բոլշևիկյան կազմակերպության Կարապետյան դպրոցի բակում կազմակերպված միտինգում հնչում էին բոլշևիկների ղեկավարների` Համազասպ Ինճիկյանի, Հրաչյա Ղազազյանի, Հ. Խաչատրյանի և այլոց, քննադատության խոսքերը` ուղղված էսէոների, մենշևիկների, ինչպես և Անդրկովկասյան կոմիսարիատի հասցեին, և տեղում նրանք անմիջապես ստանում էին հակահարված քննադատության ենթարկված կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես և դաշնակցականների կողմից[1]: Սակայն դա բոլորովին էլ չէր խանգարում, որ բոլոր հակամարտ կուսակցությունները ինքնապաշտպանության հարցում ցուցաբերեին միասնություն և համախմբվածություն:
Ի դեպ, այս երևույթը տիրապետող էր նաև քաղաքային դումայում, որի կազմը ինչպես բազմազգ էր, այնպես էլ բազմակուսակցական: Այստեղ նույնպես ազգամիջյան և միջկուսակցական բոլոր հակասությունները (պարզ է, առանց հակասությունների ոչինչ գոյություն չունի) մղված էին հետին պլան: Այստեղ նույնպես իշխում էր հասարակական շահը, ինքնապաշտպանության շահը պաշարվածներին (հայեր, վրացիներ, հրեաներ, ռուսներ) փրկության գաղափարը: Տիրում էր համերաշխություն:
Ժողովը վերջում որոշեց նաև ընտրել ազգամիջյան մի մարմին` խորհուրդ, լիազորելով լայն իրավունքներով, որը պետք է վերացներ ստեղծված ծանր իրավիճակը և կանխեր նոր անակնկալները[2]:
Շրջապատման հետևանքով կենտրոնից ուղարկված սննդամթերքը տեղ չէր հասնում կամ հասնում էր աննշան մասը: Պարենավորման կոմիտեն հոգ էր տանում քաղաքում եղած սննդամթերքներր ճիշտ բաշխելու համար` նկատի